ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ
«Վերջապես իսկական ազատություն եմ գտել»
- ԾՆՎԵԼ Է՝ 1981 թ.
- ԵՐԿԻՐԸ՝ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
- ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԱՆԱՌԱԿ ՈՐԴԻ
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։
Ծնվել եմ Մաունդսվիլ քաղաքում, որը գտնվում է Օհայո գետի ափին՝ Արևմտյան Վիրջինիայի հյուսիսային մասում (ԱՄՆ)։ Ընտանիքում չորս երեխաներից (3 տղա, 1 աղջիկ) երկրորդն եմ։ Տղաներով ապահովում էինք տան «ուրախ տրամադրությունը»։ Ծնողներս աշխատասեր, ազնիվ ու անկեղծ մարդիկ էին։ Թեպետ մենք հարուստ չենք եղել, բայց միշտ ունեցել ենք մեզ անհրաժեշտ բաները։ Լինելով Եհովայի վկաներ՝ ծնողներս իրենց լավագույնն են արել աստվածաշնչյան սկզբունքները մեր մեջ դեռ մանկուց սերմանելու համար։
Սակայն պատանեկության տարիներին սիրտս սկսել էր շեղվել ճշմարիտ ուղուց։ Մտածում էի, որ աստվածաշնչյան սկզբունքներով ապրելը դժվար թե կյանքս իմաստալից դարձնի։ Ինձ թվում էր, որ երջանիկ կլինեմ միայն այն դեպքում, եթե բացարձակ ազատություն ունենամ։ Շուտով դադարեցի ժողովի հանդիպումներին հաճախելուց։ Քույրս ու մի եղբայրս հետևեցին իմ օրինակին՝ բռնելով ըմբոստ ուղի։ Ծնողներս ամեն ինչ անում էին մեզ օգնելու համար, բայց մենք հրաժարվում էինք նրանց օգնությունից։
Այդ ժամանակ չէի հասկանում, որ իմ երազած ազատ կյանքը ինձ կործանարար ուղով կտանի։ Մի օր դպրոցից տուն վերադառնալիս ընկերներիցս մեկը ծխախոտ առաջարկեց, ու ես վերցրի։ Այդ օրվանից սկսեցի տարբեր վատ գործերով զբաղվել։ Որոշ ժամանակ անց արդեն չարաշահում էի ոգելից խմիչքը, թմրադեղեր էի օգտագործում և անբարո կյանքով ապրում։ Իսկ մի քանի տարի հետո սկսեցի նույնիսկ ավելի ուժեղ թմրադեղեր փորձել և դրանց գերին դարձա։ Ավելի ու ավելի մխրճվելով այդ ճահճի մեջ՝ սկսեցի ապրուստ վաստակելու համար թմրադեղեր վաճառել։
Թեև փորձում էի լռեցնել խղճիս ձայնը, սակայն, միևնույնն է, այն հիշեցնում էր ինձ, որ ապրելակերպս սխալ է։ Կարծում էի, որ արդեն ուշ է և վերադարձի ճանապարհ չկա։ Թեև հաճախ էի քեֆերի ու համերգների գնում և միշտ շրջապատված էի մարդկանցով, սակայն ինձ միայնակ ու ընկճված էի զգում։ Երբ հիշում էի ծնողներիս, թե ինչ պարկեշտ ու լավ մարդիկ են, հասկանում էի, թե ինչքան խորն եմ մխրճվել ճահճի մեջ։
ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։
Թեև ինձ արդեն կործանված մարդ էի համարում, սակայն ծնողներս իրենց հույսը չէին կտրել։ 2000թ.-ին նրանք հրավիրեցին ինձ Եհովայի վկաների մարզային համաժողովին։ Ես դժկամորեն գնացի։ Ի զարմանս ինձ՝ քույրս ու եղբայրս նույնպես եկան։
Համաժողովի ժամանակ հիշեցի, որ մեկ տարի առաջ այս նույն վայրում ռոք համերգի էի եկել։ Բայց այն, ինչ տեսնում էի այժմ, լրիվ հակառակն էր։ Համերգի ժամանակ տարածքը լիքն էր աղբով, և ամենուրեք ծխախոտի ծուխ էր։ Մարդիկ անբարեհամբույր էին, երաժշտությունը՝ ճնշող։ Իսկ համաժողովին ներկա էին անկեղծ և ուրախ մարդիկ, որոնք ջերմորեն ողջունում էին ինձ, թեև երկար տարիներ չէինք տեսել իրար։ Տարածքը մաքուր էր, ելույթները՝ անչափ թարմացնող։ Տեսնում էի, թե ինչ դրական ազդեցություն է թողնում Աստվածաշունչը մարդկանց վրա, և ափսոսում, որ հեռացել եմ այդ ուղուց (Եսայիա 48։17, 18)։
«Աստվածաշնչի օգնությամբ դադարեցի թմրադեղեր օգտագործելուց ու վաճառելուց և նոր անձնավորություն դարձա»
Համաժողովին ներկա լինելուց հետո որոշեցի վերադառնալ ժողով։ Քույրս ու եղբայրս նույնպես անչափ տպավորված էին համաժողովից. նրանք էլ որոշեցին վերադառնալ։ Երեքս էլ սկսեցինք Աստվածաշունչ ուսումնասիրել։
Հակոբոս 4։8 խոսքերը մեծ ազդեցություն թողեցին ինձ վրա։ Այնտեղ ասվում է. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ»։ Հասկացա, որ եթե ուզում եմ մոտենալ Աստծուն, պետք է փոխեմ ապրելակերպս՝ ծխելը, թմրադեղեր օգտագործելը և ոգելից խմիչքը չարաշահելը (2 Կորնթացիներ 7։1)։
Ես հրաժարվեցի իմ հին ընկերներից և նոր ընկերներ ձեռք բերեցի Եհովայի երկրպագուների մեջ։ Ժողովի երեցներից մեկը, որն ինձ հետ Աստվածաշունչ էր ուսումնասիրում, անչափ օգնեց ինձ։ Նա կանոնավորաբար զանգահարում էր և այցելում՝ իմանալու, թե ինչպես եմ։ Մինչ օրս նա իմ ամենամտերիմ ընկերն է։
2001թ. գարնանը ես, քույրս ու եղբայրս մկրտվեցինք։ Ծնողներս ու փոքր եղբայրս ուրախությունից ցնծում էին՝ տեսնելով, որ մեր ընտանիքը միավորված ծառայում է Եհովային։
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։
Ես կարծում էի, որ աստվածաշնչյան սկզբունքները սահմանափակում են իմ ազատությունը, բայց այսօր դրանք անգնահատելի պաշտպանություն եմ համարում։ Աստվածաշնչի օգնությամբ դադարեցի թմրադեղեր օգտագործելուց ու վաճառելուց և նոր անձնավորություն դարձա։
Պատիվ ունեմ լինելու Եհովային երկրպագող համաշխարհային եղբայրության մի անդամը։ Այստեղ մարդիկ անկեղծ սեր են տածում իրար հանդեպ և միասնաբար ծառայում են Աստծուն (Հովհաննես 13։34, 35)։ Եհովայից ես նաև մի թանկ պարգև ստացա՝ իմ կնոջը՝ Էդրիանին, որին անչափ սիրում ու գնահատում եմ։ Մենք մեծ ուրախություն ենք ստանում միասին ծառայելով մեր Արարչին։
Փոխանակ եսասիրական նպատակներ հետապնդելու՝ ծառայում եմ լիաժամ և օգնում եմ մարդկանց հասկանալու, թե ինչպես նրանք էլ կարող են օգուտներ ստանալ Աստծու Խոսքից։ Դա ինձ մեծ ուրախություն է պատճառում։ Կարող եմ ամենայն համոզվածությամբ ասել, որ Աստվածաշունչը իսկապես փոխել է իմ կյանքը։ Ես վերջապես իսկական ազատություն եմ գտել։