Ի՞նչ է իրականում «Հուդայի ավետարանը»
ԵՐԿՈՒ հազար վեց թվականի ապրիլին աշխարհով մեկ թերթերում ցնցող լուրեր հրապարակվեցին, որ մի խումբ գիտնականներ լույս են ընծայել նոր հայտնաբերված հին ձեռագիր՝ «Հուդայի ավետարանը»։ Գիտնականներն այն կարծիքին էին, որ այդ ձեռագիրը արմատապես կփոխի Հուդայի մասին մարդկանց ունեցած պատկերացումը։ Ըստ նրանց՝ Հուդան ոչ թե մատնիչ է, այլ դրական կերպար, առաքյալ, որը բոլորից լավ է հասկացել Հիսուսին և նրա իսկ խնդրանքով է մահվան մատնել նրան։
Վավերակա՞ն է այս ձեռագիրը։ Եթե այո, ապա արդյո՞ք այն բացահայտում է թաքցված տեղեկություններ այնպիսի պատմական անձանց մասին, ինչպիսիք են Հուդա Իսկարիովտացին, Հիսուս Քրիստոսը և առաջին դարի քրիստոնյաները։ Ինչպե՞ս պետք է այն անդրադառնա քրիստոնեության վերաբերյալ մեր հասկացողության վրա։
«ՀՈՒԴԱՅԻ ԱՎԵՏԱՐԱՆԻ» ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ
Թե ինչպես է հայտնաբերվել «Հուդայի ավետարանը», ստույգ հայտնի չէ։ Սովորաբար նման գտածոները հայտնաբերվում և վավերացվում են հնագետների կողմից, սակայն այս մեկը 1970-ականների վերջից 1980-ականների սկիզբն ընկած ժամանակահատվածում ուղղակի հայտնվեց աշխարհի անտիկ իրերի շուկայում։ Այս ձեռագիրը հավանաբար գտնվել է 1978թ.-ին Եգիպտոսում՝ քարայրում փորված դատարկ գերեզմանում։ Այն չորս մասից բաղկացած ձեռագիր մատյանի մի մասն էր՝ գրված ղպտիերենով (հին եգիպտական լեզու)։
Դարեր շարունակ Եգիպտոսի չոր կլիմայում պահպանված կաշվեպատ այս ձեռագիր մատյանը սկսել էր արագ քայքայվել։ 1983-ին ձեռագիրը ցույց տրվեց որոշ գիտնականների, սակայն պահանջվող մեծ գումարի պատճառով վաճառք տեղի չունեցավ։ Հաջորդող տարիներին անուշադրության մատնվելու և սխալ պահվելու պատճառով ձեռագիրը սկսեց ավելի արագ քայքայվել։ 2000թ.-ին այն գնեց անտիկ իրերի առք ու վաճառքով զբաղվող մի շվեյցարացի կին և հանձնեց մի խումբ միջազգային փորձագետների, ովքեր Նեշնլ ջիոգրաֆիք և Անտիկ արվեստների մեկենաս ընկերությունների (National Geographic Society, Maecenas Foundation for Ancient Art) հովանավորությամբ ձեռնամուխ եղան ձեռագրի վերականգնման դժվարին աշխատանքին, որը
քայքայվելով վերածվել էր փոքր պատառիկների։ Փորձագետների այդ խումբը պետք է նաև որոշեր ձեռագրի տարիքը, թարգմաներ ու մեկներ դրա բովանդակությունը։Ռադիոածխածնային քննությամբ պարզ դարձավ, որ ձեռագիրը թվագրվում է մ.թ. 3-րդ կամ 4-րդ դարով։ Սակայն գիտնականները ենթադրում են, որ «Հուդայի ավետարանի» ղպտիերեն տեքստը թարգմանվել է հունարեն բնօրինակից, որը ավելի վաղ ժամանակների աշխատություն է։ Իսկ ե՞րբ և ինչպիսի՞ ժամանակներում է գրվել «Հուդայի ավետարանը»։
ԳՆՈՍՏԻԿԱԿԱՆ ԱՎԵՏԱՐԱՆ
«Հուդայի ավետարանը» առաջին անգամ հիշատակվում է մ.թ. 2-րդ դարի գրող եպիսկոպոս Իրենեոս Լիոնացու աշխատություններում։ «Ընդդէմ հերձուածոց» աշխատության մեջ Իրենեոսը խոսում է մի խմբի մասին, որի ուսմունքներին դեմ էր։ Նա գրում է. «Նրանք ասում են, որ մատնիչ Հուդան.... միայն ինքը իմանալով ճշմարտությունը այնպես, ինչպես ոչ ոք, իրագործեց մատնության խորհուրդը։ Նրա միջոցով թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա ամեն ինչ խառնվեց։ Նրանք նման պատմություն են հնարում և կոչում են այն «Հուդայի ավետարան»» (Against Heresies)։
«Ավետարանը չի գրվել Հուդայի ապրած ժամանակաշրջանում նրան ճանաչող որևէ մեկի կողմից»
Իրենեոսը վճռականորեն հերքում էր գնոստիկ քրիստոնյաների ուսմունքները, որոնք պնդում էին, թե իրենք առանձնահատուկ իմացություն ունեն։ Կային գնոստիկական մի շարք խմբեր, որոնցից յուրաքանչյուրը յուրովի էր հասկանում և մեկնաբանում քրիստոնեական ճշմարտությունը։ Գնոստիկները առաջ քաշեցին իրենց իսկ գրվածքների վրա հիմնված ուսմունքները, որոնք լայն տարածում գտան մ.թ. 2-րդ դարի ընթացքում։
Այսպիսի գնոստիկական ավետարաններում հաճախ նշվում էր այն մասին, որ Հիսուսի հայտնի առաքյալները ճիշտ չէին հասկանում նրա ուսուցանածը և որ նա հայտնել է գաղտնիքներ, որոնք հասկացել են միայն մի քանի ընտրյալներ *։ Գնոստիկներից ոմանք հավատում էին, որ ֆիզիկական աշխարհը մարդկանց հոգիների բանտ է։ Ըստ նրանց՝ Եբրայերեն Գրություններում նշված «ստեղծիչ աստվածը» իրենց կատարյալ աստվածներից ստորադաս էր և դեմ էր նրանց։ Ով ուներ ճշմարիտ «իմացություն», հասկանում էր այս «գաղտնիքը» և ձգտում էր ազատվել ֆիզիկական մարմնից։
«Հուդայի ավետարանում» նույնպես այս միտքն է ընդգծվում։ Այն սկսվում է հետևյալ խոսքերով. «Գաղտնի խոսքերը, որ Հիսուսն ասաց Հուդա Իսկարիովտացուն ութ օրերի ընթացքում՝ Պասեքը տոնելուց երեք օր առաջ»։
Արդյոք Իրենեոսը իր աշխատության մեջ այս ձեռագիր մատյանի մասի՞ն է հիշատակել, որը դարեր շարունակ կորած է եղել։ Մարվին Մեյերը, որը մասնակցել է այս ձեռագիր մատյանի ուսումնասիրության ու թարգմանության գործին, ասում է, որ Իրենեոսի բերած «հակիրճ նկարագրությունը համապատասխանում է այս ղպտիերեն տեքստին, որը կոչվում է «Հուդայի ավետարան»»։
ՀՈՒԴԱՅԻ ԿԵՐՊԱՐԸ ԱՅՍ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ
«Հուդայի ավետարանում» Հիսուսը ծաղրում է իր աշակերտներին իրենց տգիտության համար։ Հուդան 12 առաքյալների մեջ միակն է, ով հասկանում է Հիսուսի էությունը։ Այդ իսկ պատճառով Հիսուսը նրան է հաղորդակից դարձնում «թագավորության գաղտնիքներին»։
Այս ավետարանի վերաբերյալ Իրենեոսի նկարագրությունը մեծ ազդեցություն է ունեցել այն գիտնականների վրա, ովքեր թարգմանել են տեքստը։ Ըստ նրանց թարգմանության՝ Հիսուսի համար Հուդան միակն էր, ով հասկանալու էր գաղտնիքները ու «հասնելու էր» «թագավորությանը»։ Մոլորված առաքյալները նշանակելու էին Հուդային փոխարինող, բայց նա դառնալու էր «տասներեքերոդ ոգին», որը «գերազանցելու էր բոլորին [մյուս աշակերտներին]», քանի որ Հիսուսն ասաց. «Դու պետք է զոհաբերես այն մարդուն [մարմինը], որը հագել եմ ես»։
Բեսթսելերների հեղինակներից Բարտ Էհրմանը և Իլան Փագելզը, ովքեր վաղ քրիստոնեության և գնոստիցիզմի ականավոր գիտնականներ էին, իսկույն
հրատարակեցին իրենց ուսումնասիրությունների արդյունքները, որոնք համընկնում էին արդեն իսկ արված թարգմանությանը։ Սակայն դրանից կարճ ժամանակ անց ուրիշ գիտնականներ, ինչպիսիք են Էփրիլ Դըկոնիկը և Բիրյեր Փիրսոնը, արտահայտեցին իրենց վրդովմունքը։ Նրանք պնդեցին, որ զանգվածային լրատվական միջոցների ուշադրությունը հնարավորինս շուտ գրավելու համար «Նեշնլ ջիոգրաֆիք» ընկերությունը շտապեցրել է տեքստի հրատարակությունը։ Եվ քանի որ պահանջվել է ստորագրել գաղտնապահության պայմանագիր, թարգմանող անձնակազմը շրջանցել է ուսումնասիրության բնականոն գործընթացը և տեքստը չի ստուգվել ուրիշ գիտնականների կողմից։Այս տեքստը ուսումնասիրած գիտնականներից ոչ ոք չի պնդում, որ այն պարունակում է պատմական ճշգրիտ տեղեկություններ
Դըկոնիկը և Փիրսոնը, առանձին աշխատելով, երկուսն էլ եկան այն եզրակացության, որ ձեռագիր մատյանի որոշ կարևոր հատվածներ սխալ են թարգմանվել։ Ըստ Դըկոնիկի՝ Հիսուսը Հուդային անվանում է «տասներեքերորդ դև», ոչ թե «տասներեքերորդ ոգի» *։ Հիսուսը նաև պարզ ասում է Հուդային, որ նա բնավ չի հասնելու «թագավորությանը»։ Նա Հուդային ոչ թե ասում է, որ գերազանցելու է մյուս աշակերտներին, այլ նշում է. «Դու բոլորից ավելի վատ բան կանես։ Քանի որ այն մարդուն, ում հագել եմ ես, դու կզոհես»։ Դըկոնիկի կարծիքով՝ «Հուդայի ավետարանը» հին գնոստիկական պարոդիա է, որը ծաղրում է բոլոր առաքյալներին։ Դըկոնիկի և Փիրսոնի վերջնական եզրակացությունն այն էր, որ «Հուդայի ավետարանում» Հուդան ամենևին էլ դրական կերպար չէ։
ԻՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ «ՀՈՒԴԱՅԻ ԱՎԵՏԱՐԱՆԻՑ»
Անկախ նրանից՝ գիտնականներն այս ավետարանում Հուդային դրական կերպար են համարում թե դև, նրանցից ոչ ոք, ով ուսումնասիրել է այս տեքստը, չի պնդում, որ այն պարունակում է պատմական ճշգրիտ տեղեկություններ։ Բարտ Էհրմանը բացատրում է. «Այս ավետարանը չի գրվել Հուդայի կողմից, այնտեղ այդ մասին նույնիսկ ակնարկ չկա.... Ավետարանը չի գրվել Հուդայի ապրած ժամանակաշրջանում նրան ճանաչող որևէ մեկի կողմից.... Ուստի այն չի կարող լրացուցիչ տեղեկություն տալ մեզ այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Հիսուսի կյանքում»։
«Հուդայի ավետարանը» գնոստիկական գրվածք է, որը հավանաբար գրվել է հունարենով 2-րդ դարում։ Գիտնականները մինչ օրս համոզված չեն, որ այս գտնված ձեռագիրը հենց այն աշխատությունն է, որի մասին նշել է Իրենեոսը։ «Հուդայի ավետարանը» փաստում է, որ եղել է ժամանակաշրջան, երբ քրիստոնեության մեջ բաժանումներ են եղել ու առաջ են եկել տարբեր աղանդներ և ուսմունքներ։ Այն ոչ թե հերքում է Աստվածաշնչի ճշգրտությունը, այլ ընդհակառակը՝ հաստատում է առաքյալների նախազգուշացումները, օրինակ, Պողոսի խոսքերը՝ գրված Գործեր 20։29, 30 համարներում. «Գիտեմ, որ իմ հեռանալուց հետո.... ձեր միջից մարդիկ կելնեն և ծուռումուռ բաներ կխոսեն աշակերտներին իրենց հետևից քաշելու համար»։
^ պարբ. 11 Այս ավետարանները հաճախ կոչվել են այն մարդկանց անուններով, ովքեր իբրև թե ավելի լավ են հասկացել Հիսուսի ճշմարիտ ուսմունքները։ Դրանցից են «Թովմասի ավետարանը» և «Մարիամ Մագդաղենացու ավետարանը»։ Ընդհանուր առմամբ մոտավորապես 30 այսպիսի հին գրվածքներ կան։
^ պարբ. 18 Գիտնականները, ովքեր ընդունում են, որ այդ ձեռագիր մատյանում Հուդան դև է, որը մյուս բոլոր աշակերտներից ավելի լավ էր հասկանում Հիսուսի էությունը, նմանություն են տեսնում նրա և Աստվածաշնչի Ավետարաններում արձանագրված այն դևերի միջև, որոնք հայտնում էին Հիսուսի ով լինելը (Մարկոս 3։11; 5։7)։