ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ
Ինչպե՞ս էին հրեաները առաջին դարում մահացածի մարմինը նախապատրաստում թաղման
Հրեաները մահացածի մարմինը թաղում էին անմիջապես մարդու մահանալուց հետո, սովորաբար նույն օրը։ Նրանք այդպես էին անում երկու պատճառով։ Նախ՝ Մերձավոր Արևելքի շոգ կլիմայի պատճառով մարմինը արագ էր քայքայվում։ Երկրորդ՝ ըստ այդ ժամանակներում տարածված տեսակետի՝ մահացածի մարմինը օրերով չթաղելը անպատվություն էր մահացածի և նրա ընտանիքի համար։
Ավետարաններում և «Գործեր» գրքում այդպիսի չորս դեպք կա, երբ մարդուն թաղել են հենց մահվան օրը (Մատթեոս 27։57–60; Գործեր 5։5–10; 7։60–8։2)։ Դարեր առաջ, երբ Հակոբի սիրելի կին Ռաքելը մահացավ, նրանք ընտանիքով «Բեթլեհեմի ճանապարհին» էին։ Հակոբը հետ չդարձավ, որ կնոջը թաղի ընտանեկան գերեզմանում, այլ թաղեց այնտեղ մի գերեզմանում (Ծննդոց 35։19, 20, 27–29)։
Թաղման վերաբերյալ աստվածաշնչյան արձանագրություններից երևում է, որ հրեաները մեծ կարևորություն էին տալիս մարմինը թաղմանը նախապատրաստելուն։ Ընտանիքի անդամներն ու ընկերները լվանում էին մահացածի մարմինը և հոտավետ խոտերով ու յուղերով մշակում այն ու պատանքով փաթաթում (Հովհաննես 19։39, 40; Գործեր 9։36–41)։ Հարևանները և ուրիշ մարդիկ գալիս էին ցավակցելու և մխիթարելու ընտանիքի անդամներին (Մարկոս 5։38, 39)։
Արդյո՞ք Հիսուսին թաղել են հրեական սովորության համաձայն
Հրեական շատ ընտանիքներ, հետևելով իրենց նախահայրերի օրինակին, մահացած հարազատներին թաղում էին Իսրայելի տարբեր մասերում գտնվող ժայռափոր գերեզմաններում և քարայրներում։ Օրինակ՝ Աբրահամը, Սառան, Իսահակը, Հակոբը և ուրիշներ թաղվել են Քեբրոնի մոտ՝ Մաքփելայի քարայրում (Ծննդոց 23։19; 25։8, 9; 49։29–31; 50։13)։
Հիսուսին թաղեցին ժայռի մեջ փորված գերեզմանում (Մարկոս 15։46)։ Այսպիսի գերեզմանները սովորաբար ունենում էին նեղ մուտք։ Ներսում որմնախորշեր էին փորվում, որտեղ դրվում էին ընտանիքի անդամների դիերը։ Երբ մարմինը քայքայվում էր, ոսկորները հավաքում էին ու դնում քարե աճյունատուփերում, ինչպես ընդունված էր Հիսուսի օրերում։ Այդպիսով գերեզմանում տեղ էր լինում հետագայում մեռնողների համար։
Մովսիսական Օրենքով արգելվում էր շաբաթ օրը թաղում անել։ Քանի որ Հիսուսը մահացավ Շաբաթը սկսվելուց երեք ժամ առաջ, արիմաթեացի Հովսեփը և ուրիշներ թաղեցին նրան՝ առանց մարմինը թաղմանը լիովին նախապատրաստելու (Ղուկաս 23։50–56)։ Այդ պատճառով Հիսուսի ընկերներից մի քանիսը գերեզման գնացին Շաբաթից հետո՝ կատարելու այդ արարողությունը (Մարկոս 16։1; Ղուկաս 24։1)։