ՄՈՏԵՑԵՔ ԱՍՏԾՈՒՆ
«Ո՞րն է բոլոր պատվիրաններից առաջինը»
Ի՞նչ է հարկավոր անել Աստծուն հաճելի լինելու համար։ Արդյո՞ք ակնկալվում է հետևել անթիվ-անհամար օրենքների։ Իհա՛րկե ոչ։ Ըստ Աստծու Որդու՝ Հիսուս Քրիստոսի խոսքերի՝ Աստծու պահանջները կարելի է ամփոփել մեկ բառով (կարդա՛ Մարկոս 12։28–31)։
Տեսնենք, թե ինչ իրավիճակում Հիսուսն ասաց այդ խոսքերը։ Իր մահից մի քանի օր առաջ՝ Նիսանի 11-ին, երբ նա սովորեցնում էր տաճարում, նրա թշնամիները փորձեցին նրան խոսքով ծուղակը գցել՝ վիճելի հարցեր տալով։ Ամեն անգամ Հիսուսը լռեցնում էր նրանց իր պատասխաններով։ Նրան հարցրին. «Ո՞րն է բոլոր պատվիրաններից առաջինը» (համար 28)։
Որոշ հրեաներ տարակարծիք էին այն հարցում, թե ավելի քան 600 օրենքներից որն է առաջինը կամ ամենակարևորը Մովսիսական օրենքում։ Ուրիշներն էլ պնդում էին, որ բոլոր օրենքները հավասարապես կարևոր են, և սխալ է օրենքներից որևէ մեկը մյուսից ավելի կարևոր համարել։ Ինչպե՞ս կպատասխաներ Հիսուսն այս հարցին։
Ի պատասխան՝ Հիսուսը նշեց երկու պատվիրան։ Նախ՝ նա ասաց. «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ ուժով» (համար 30; 2 Օրենք 6։5)։ «Սիրտ», «միտք», «հոգի» և «ուժ» բառերը փոխկապակցված են, այսինքն՝ մարդը պետք է Եհովային սիրի իր ողջ էությամբ՝ գործի դնելով իր ընդունակություններն ու միջոցները *։ Աստվածաշնչյան մի աշխատության մեջ հետևյալն է ասվում. «Աստծուն պետք է սիրել անմնացորդ, լիարժեքորեն»։ Եթե այսպես սիրես Եհովային, ապա ամեն օր այնպես կապրես, որ արժանանաս նրա հավանությանը (1 Հովհաննես 5։3)։
Ապա Հիսուսն ասաց. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես» (համար 31; Ղևտական 19։18)։ Աստծու և մերձավորի հանդեպ սիրո միջև սերտ կապ կա։ Մերձավորի հանդեպ սերը բխում է Աստծու հանդեպ սիրուց (1 Հովհաննես 4։20, 21)։ Եթե սիրում ենք մեր մերձավորներին մեր անձի պես, ապա նրանց հետ կվարվենք այնպես, ինչպես կցանկանանք, որ մեզ հետ վարվեն (Մատթեոս 7։12)։ Այդպիսով ցույց կտանք, որ սիրում ենք Աստծուն, ով ստեղծել է մեզ և մյուս մարդկանց իր պատկերով (Ծննդոց 1։26)։
Այն, ինչ Եհովան ակնկալում է իր երկրպագուներից, կարելի է ամփոփել մեկ բառով՝ սեր
Որքա՞ն կարևոր է Աստծուն և մերձավորին սիրելու վերաբերյալ պատվիրանը։ Հիսուսն ասաց. «Սրանցից ավելի մեծ պատվիրան չկա» (համար 31)։ Զուգահեռ համարում Հիսուսը նշեց, որ մնացած բոլոր օրենքները հիմնված են այս երկու պատվիրանների վրա (Մատթեոս 22։40)։
Աստծուն դժվար չէ հաճեցնել։ Այն, ինչ նա ակնկալում է մեզանից, կարելի է ամփոփել մեկ բառով՝ սեր։ Սերը եղել է և միշտ կլինի ճշմարիտ երկրպագության հիմքը։ Այն արտահայտվում է ոչ միայն խոսքերով կամ զգացմունքներով, այլև գործերով (1 Հովհաննես 3։18)։ Մի՞թե չարժե իմանալ, թե ինչպես կարող ենք սեր զարգացնել և դրսևորել Եհովայի նկատմամբ, այն Աստծու, ով «սեր է» (1 Հովհաննես 4։8)։
Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր մարտ ամսվա համար
^ պարբ. 6 Աստվածաշնչում «հոգի» բառը վերաբերում է մարդու էությանը։ Այն կարող է ընդգրկել սիրտը, միտքը և ուժը։