Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիսուս. ինչն էր նրա կյանքը իմաստալից դարձնում

Հիսուս. ինչն էր նրա կյանքը իմաստալից դարձնում

ԻՄԱՍՏԱԼԻ՞Ց էր Հիսուսի կյանքը։ Նա մեծացել էր համեստ միջոցներ ունեցող ընտանիքում և շատ նյութական բաներ չուներ։ Իրականում, նա նույնիսկ «տեղ չուներ, որ գլուխը դներ» (Ղուկաս 9։57, 58)։ Բացի այդ, նրան ատեցին, զրպարտեցին և ի վերջո թշնամիները մահապատժի ենթարկեցին։

Թերևս մտածես. «Մի՞թե այդպիսի կյանքը իմաստալից է»։ Տեսնենք, թե ինչն էր իրականում Հիսուսի կյանքը իմաստալից դարձնում։

1. ՀԻՍՈՒՍԻ ՆՊԱՏԱԿՆ ԷՐ ԱՍՏԾՈՒ ԿԱՄՔԸ ԿԱՏԱՐԵԼԸ

«Իմ կերակուրն այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ» (Հովհաննես 4։34

Իր խոսքերով և գործերով Հիսուսը ձգտում էր կատարել իր երկնային Հոր՝ Եհովայի * կամքը։ Նա մեծ ուրախություն էր ստանում դրանից։ Հիսուսը Աստծու կամքը կատարելը համեմատեց կերակուրի հետ։ Քննենք, թե ինչ իրավիճակում նա արեց այդ համեմատությունը։

Հիսուսը վերոնշյալ խոսքերն ասաց կեսօրին (Հովհաննես 4։6)։ Ողջ առավոտ նա անցել էր Սամարիայի բլրաշատ տարածքով, ուստի քաղցած էր։ Նրա աշակերտներն ասացին նրան. «Ռաբբի՛, հա՛ց կեր» (Հովհաննես 4։31)։ Հիսուսն իր պատասխանով ցույց տվեց, որ Աստծու գործը կատարելով՝ նա իրեն արդեն զորացած է զգում։ Հովհաննես 4։34-ում գրված նրա խոսքերը փաստում են, որ նա իսկապես իմաստալից կյանքով էր ապրում։

2. ՀԻՍՈՒՍԸ ՄԵԾ ՍԵՐ ՈՒՆԵՐ ԻՐ ՀՈՐ ՀԱՆԴԵՊ

«Ես սիրում եմ Հորը» (Հովհաննես 14։31

Հիսուսը երկնքում մտերիմ փոխհարաբերություններ ուներ իր Հոր հետ։ Նրա հանդեպ խոր սերը մղում էր Հիսուսին ճանաչեցնելու Հորը՝ մարդկանց հայտնելու նրա անունը, նպատակները և հատկությունների մասին։ Խոսքով, գործով և մտածելակերպով Որդին կատարելապես արտացոլեց իր Հորը։ Երբ կարդում ենք նրա մասին, կարծես նրա Հոր մասին ենք կարդում։ Դա է պատճառը, որ երբ Փիլիպոսը ասաց Հիսուսին՝ «ցույց տուր մեզ Հորը», Հիսուսը պատասխանեց. «Ով ինձ տեսավ, Հորը տեսավ» (Հովհաննես 14։8, 9

Հիսուսն այնքան էր սիրում իր Հորը, որ պատրաստ էր մինչև մահ հնազանդվելու նրան (Փիլիպպեցիներ 2։7, 8; 1 Հովհաննես 5։3)։ Աստծու հանդեպ ուժգին սերը նրա կյանքը իմաստով լցրեց։

 3. ՀԻՍՈՒՍԸ ՍԻՐՈՒՄ ԷՐ ՄԱՐԴԿԱՆՑ

«Ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի, քան այն մեկը, որն իր հոգին տալիս է իր ընկերների համար» (Հովհաննես 15։13

Անկատար մարդկանց ապագայի հեռանկարը, ինչ խոսք, մռայլ է։ Աստվածաշունչն ասում է. «Մեկ մարդու [Ադամի] միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին» (Հռոմեացիներ 5։12)։ Մենք ի զորու չենք խուսափելու մեղքի հետևանքից՝ մահից (Հռոմեացիներ 6։23

Սակայն Եհովան մարդկությանը հնարավորություն տվեց դուրս գալու այդ իրավիճակից։ Նա թույլ տվեց, որ իր կատարյալ ու անմեղ Որդին տառապի ու մահանա և իր կյանքը որպես փրկանք տա մեղքի ու մահվան գերությունից մարդկանց ազատելու համար։ Հիսուսը, Հոր և մարդկանց հանդեպ սիրուց մղված, հոժարակամորեն իր կատարյալ կյանքը տվեց մեզ համար (Հռոմեացիներ 5։6–8)։ Անձնազոհ սերը իմաստալից դարձրեց նրա կյանքը *։

4. ՀԻՍՈՒՍԸ ԳԻՏԵՐ, ՈՐ ՀԱՅՐԸ ՍԻՐՈՒՄ ՈՒ ՀԱՎԱՆՈՒՄ Է ԻՐԵՆ

«Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ» (Մատթեոս 3։17

Եհովան երկնքից ասաց այս խոսքերը, երբ Հիսուսը մկրտվեց։ Այդպիսով նա բացահայտորեն իր սերն ու հավանությունը արտահայտեց Որդու հանդեպ։ Ուստի զարմանալի չէ, որ Հիսուսը վստահությամբ ասաց. «Հայրը սիրում է ինձ» (Հովհաննես 10։17)։ Քանի որ Հիսուսը գիտեր, որ իր Հայրը սիրում ու հավանում է իրեն, կարողացավ քաջությամբ դիմանալ հակառակությանն ու քննադատությանը։ Դա օգնեց նրան էմոցիոնալ հավասարակշռվածությամբ դիմավորելու նույնիսկ իր մահը (Հովհաննես 10։18)։ Այո՛, Հոր սերը մեծ իմաստով էր լցրել նրա կյանքը։

Հիսուսը, անկասկած, իմաստալից կյանքով էր ապրում։ Այս հարցում մենք նրանից շատ բան կարող ենք սովորել։ Հաջորդ հոդվածում կիմանանք, թե այդ մասին ինչ խորհուրդներ տվեց Հիսուսն իր հետևորդներին։

^ պարբ. 6 «Եհովան» Աստծու անունն է, որ գրված է Աստվածաշնչում։

^ պարբ. 15 Հիսուսի փրկանքի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 5-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։