ՄՈՏԵՑԵՔ ԱՍՏԾՈՒՆ
Եհովան գնահատո՞ւմ է քեզ
«Աստծուն մոտենալու համար ինձ ամենաշատը անարժեքության զգացումն է խանգարում»,— ասում է մի կին, որը դժվարանում է հավատալ, որ Եհովայի աչքում արժեք ունի։ Դո՞ւ էլ նման զգացումներ ունես։ Եթե այո, ապա գուցե քեզ հետաքրքրում է, թե արդյոք Եհովան գնահատում է իր երկրպագուներին։ Կարող ենք վստահ լինել, որ գնահատում է, քանի որ դա են փաստում Հիսուսի խոսքերը (կարդա՛ Հովհաննես 6։44)։
Ի՞նչ ասաց Հիսուսը, որը ամենից լավ է ճանաչում Եհովային և գիտի, թե որն է նրա կամքը (Ղուկաս 10։22)։ Կարդում ենք. «Ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, մինչև որ Հայրը, որն ուղարկեց ինձ, չձգի նրան»։ Սա նշանակում է, որ մենք չենք կարող դառնալ Քրիստոսի հետևորդը և մեր երկնային Հոր՝ Եհովայի երկրպագուն, եթե նա չձգի մեզ դեպի իրեն (2 Թեսաղոնիկեցիներ 2։13)։ Երբ խորությամբ ըմբռնում ենք Հիսուսի խոսքերի իմաստը, կասկած չի մնում, որ թանկ ենք Եհովայի աչքում։
Ի՞նչ է նշանակում այն, որ Եհովան ձգում է մեզ։ Հունարեն այս բայը նաև ձկով լի ուռկանը քաշելու իմաստ ունի (Հովհաննես 21։6, 11)։ Բայց արդյո՞ք Եհովան ձգում է մեզ մեր կամքին հակառակ՝ ստիպելով ծառայել իրեն։ Ո՛չ։ Նա մեզ ազատ կամք է տվել, ուստի չի ստիպում, որ մեր սիրտը բացենք իր առաջ (2 Օրենք 30։19, 20)։ Մի աստվածաշնչագետ բացատրում է. «Ոչ ոք չի կարող բացել մարդու սրտի դուռը, եթե նա ինքը չբացի այն»։ Եհովան միլիարդավոր մարդկանց մեջ փնտրում է այնպիսի սրտեր, որոնք ճիշտ տրամադրվածություն ունեն իր հանդեպ (1 Տարեգրություն 28։9)։ Իսկ ի՞նչ է անում նա, երբ այդպիսի սիրտ է գտնում։
Եհովան քնքշությամբ գերում, կամ՝ ձգում է այն անհատին, որի սիրտը «ճիշտ է տրամադրված» (Գործեր 13։48)։ Նա անում է դա երկու կերպերով՝ բարի լուրի քարոզչության և իր սուրբ ոգու միջոցով։ Երբ Եհովան նկատում է մեկին, ով արձագանքում է աստվածաշնչյան ճշմարտությանը, իր սուրբ ոգու միջոցով օգնում է նրան ըմբռնելու այն և կիրառելու (1 Կորնթացիներ 2։11, 12)։ Առանց Եհովայի օգնության՝ մենք երբեք չէինք կարողանա դառնալ նրա նվիրված երկրպագուն և Հիսուսի հետևորդը։
«Ոչ ոք չի կարող բացել մարդու սրտի դուռը, եթե նա ինքը չբացի այն»
Իսկ ի՞նչ ենք սովորում Եհովայի մասին Հովհաննես 6։44-ում արձանագրված Հիսուսի խոսքերից։ Եհովան ձգում է մարդուն, քանի որ լավ բան է տեսնում նրա սրտում և արժեքավոր է համարում նրան։ Այն կինը, որի մասին խոսվեց հոդվածի սկզբում, հասկանալով այս ճշմարտությունը, անչափ քաջալերվեց։ Նա ասում է. «Եհովայի ծառա լինելը ամենամեծ պատիվն է։ Եթե Եհովան ընտրել է ինձ, որ ծառայեմ նրան, նշանակում է՝ թանկ եմ նրա համար»։ Իսկ դո՞ւ ինչ ես մտածում։ Մի՞թե այն բանի գիտակցումը, որ Աստված թանկ է գնահատում քեզ, չի մղում բացելու սրտիդ դուռը նրա առաջ։
Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր մայիս ամսվա համար