Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

«Երազում էի քահանա դառնալ»

«Երազում էի քահանա դառնալ»
  • ԾՆՎԵԼ Է՝ 1957 թ.

  • ԵՐԿԻՐԸ՝ ՄԵՔՍԻԿԱ

  • ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՍԵՄԻՆԱՐԻԱՅԻ ՈՒՍԱՆՈՂ, ԲՌՆԻ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։

Ծնվել եմ Տեքսկոկո փոքրիկ քաղաքում։ Այդ տարիներին ճանապարհները հիմնականում ասֆալտապատ չէին ու փոշոտ էին։ Հաճախ հարևան գյուղերից մարդիկ, իրենց էշերի վրա տարբեր ապրանքներ բեռնած, գալիս էին մեր քաղաք՝ վաճառելու։ Մեր ընտանիքը շատ աղքատ էր։ Ես ինը երեխաներից յոթերորդն եմ։ Հայրս սանդալներ էր վերանորոգում, որպեսզի հոգար մեր ընտանիքի կարիքները։ Նա մահացավ, երբ ես յոթ տարեկան էի։ Այդ ժամանակվանից մայրս սկսեց տքնաջան աշխատել օրվա հացը հայթայթելու համար։

Պապիկս ջութակահար էր։ Նա մի նվագախումբ էր ղեկավարում, որը մասնագիտացած էր դասական կրոնական երաժշտության ժանրում։ Իմ ընտանիքի գրեթե բոլոր անդամները երաժշտական որևէ գործիք էին նվագում։ Մայրս եկեղեցու երգչախմբում էր երգում, իսկ քեռիս օպերային երգիչ էր ու դաշնակահար։ Մենք մոլի կաթոլիկներ էինք։ Ես ծառայություն էի կատարում եկեղեցում և երազում էի կաթոլիկ միսիոներ դառնալ։ Այդ ժամանակ ինձ շատ էին դուր գալիս կարատե մարզաձև պարունակող ֆիլմերը։ Որքան շատ էի այդ ֆիլմերը նայում, այնքան ավելի բռնի անձնավորություն էի դառնում։

Պուեբլա քաղաքում ընդունվեցի կրոնական դպրոց՝ սեմինարիա։ Ուզում էի կաթոլիկ քահանա դառնալ։ Սակայն ուսման վերջին տարիներին հիասթափվեցի կաթոլիկ եկեղեցուց։ Մի անգամ երիտասարդ միանձնուհիներից մեկը առաջարկեց ինձ սեռական հարաբերություն ունենալ իր հետ, սակայն ես դիմադրեցի այդ գայթակղությանը։ Դրանից հետո իմ մեջ ամուսնանալու ցանկություն առաջացավ։ Նկատում էի, որ քահանաներից  մի քանիսը երկակի կյանքով են ապրում։ Ի վերջո, ես հրաժարվեցի քահանա դառնալու իմ նպատակից։

Ես ծառայություն էի կատարում եկեղեցում ու երազում էի կաթոլիկ միսիոներ դառնալ, սակայն ինձ շատ էին դուր գալիս կարատե մարզաձև պարունակող ֆիլմերը։ Ես դարձա բռնի անձնավորություն

Որոշեցի ընդունվել Մեքսիկայի ազգային երաժշտական կոնսերվատորիա։ Ուսումս ավարտելուց հետո ամուսնացա։ Մենք չորս երեխա ունեցանք։ Ընտանիքիս կարիքները հոգում էի կաթոլիկ եկեղեցու պատարագներին երգելով։

Հենց սկզբից ընտանեկան կյանքս լի էր խնդիրներով։ Ես ու կինս շատ կոպիտ էինք իրար հետ, չափից շատ խանդոտ էինք։ Սկզբում միայն խոսքով էինք վիրավորում իրար, հետո գործի դրեցինք բռունցքները։ 13 տարի անց մենք բաժանվեցինք։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։

Առաջին անգամ Եհովայի վկաներին հանդիպեցի նախքան կնոջիցս բաժանվելը։ Երկու Վկա թակեցին մեր դուռը և առաջարկեցին ինձ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Կարծում էի, որ շատ բան գիտեմ կրոնի մասին, ուստի ուզում էի ապացուցել, որ նրանք սխալ են։ Դժվար հարցեր էի տալիս ու համոզված էի, որ չեն պատասխանի դրանց։ Բայց ի զարմանս ինձ՝ նրանք Աստվածաշնչի վրա հիմնված հստակ պատասխաններ էին տալիս։ Ամեն անգամ համոզվում էի, որ քիչ բան գիտեմ Աստծու Խոսքից։ Սակայն քանի որ կինս վատ էր վերաբերվում Վկաներին, իսկ ես ժամանակ չունեի նրանց տրամադրելու, նրանք դադարեցին մեր տուն գալուց։

Հինգ տարի անց, երբ կրկին հանդիպեցի Եհովայի վկաներին, ապրում էի ուրիշ կնոջ՝ Էլվիրայի հետ։ Նա չէր հակառակվում Վկաներին, ուստի ինձ համար հեշտ դարձավ կանոնավորաբար ուսումնասիրել Աստվածաշունչը։ Չնայած դրան՝ մի քանի տարի պահանջվեց, որ փոխեմ ապրելակերպս։

Հասկացա, որ եթե ցանկանում եմ ամբողջ սրտով երկրպագել Եհովային, պետք է մեծ փոփոխություններ կատարեմ՝ նախ հրաժարվեմ կաթոլիկ եկեղեցում պատարագներին երգելուց։ Դա նշանակում էր, որ պետք է նոր աշխատանք փնտրեի (Հայտնություն 18։4)։ Անհրաժեշտ էր նաև օրինականացնել Էլվիրայի հետ մեր ամուսնությունը։

Սակայն ամենադժվարը բռնի վարքս փոխելն էր։ Ինձ հատկապես օգնեցին աստվածաշնչյան երկու համարներ. Սաղմոս 11։5-ը, որտեղ ասվում է, որ Եհովան ատում է բռնությունը, և 1 Պետրոս 3։7-ը, որը օգնեց ինձ հասկանալու, որ եթե ուզում եմ՝ Եհովան լսի իմ աղոթքները, պետք է հարգանքով վերաբերվեմ կնոջս։ Խորհելով այս համարների շուրջ և աղոթելով Եհովային օգնության համար՝ աստիճանաբար փոխվեցի։

Աստվածաշնչից հասկացա, որ եթե ուզում եմ՝ Եհովան լսի իմ աղոթքները, պետք է հարգանքով վերաբերվեմ կնոջս

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։

Այսօր ես երջանիկ ընտանեկան կյանքով եմ ապրում։ Փորձում եմ վերականգնել իմ փոխհարաբերությունները առաջին ամուսնությունից ծնված տղաներիս հետ և օգնել իմ ներկայիս ընտանիքին ամուր մնալու հավատի մեջ։

Երբ երեխա էի, երազում էի քահանա դառնալ և օգնել մարդկանց։ Հիմա կարող եմ ասել, որ գտել եմ կյանքիս իրական իմաստը։ Երաժշտություն դասավանդելով՝ հոգում եմ ընտանիքիս կարիքները։ Այնքա՜ն շնորհակալ եմ Եհովային, որ համբերատար եղավ իմ հանդեպ՝ հնարավորություն տալով ինձ փոխվելու և լավ անձնավորություն դառնալու։