Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

«Սկսեցի լրջորեն մտածել, թե որն է կյանքիս իմաստը»

«Սկսեցի լրջորեն մտածել, թե որն է կյանքիս իմաստը»
  • ԾՆՎԵԼ Է՝ 1941 թ.

  • ԵՐԿԻՐԸ՝ ԱՎՏՐԱԼԻԱ

  • ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԾԽՈՂ, ՀԱՐԲԵՑՈՂ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։

Ծնվել եմ Նոր Հարավային Ուելսի Վարիալդա գյուղաքաղաքում։ Այստեղ մարդիկ պահում են մանր և խոշոր եղջերավոր անասուններ, աճեցնում են հացահատիկ և տարբեր բանջարեղեններ։ Քաղաքը մաքուր է, հանցագործություն քիչ կա։

Լինելով տասը երեխաներից մեծը՝ ես 13 տարեկանում սկսեցի աշխատել, որպեսզի օգնեմ ծնողներիս հոգալու մեր ընտանիքի կարիքները։ Քանի որ կրթությունս թերի էր, աշխատում էի ֆերմաներում։ 15 տարեկանում վայրի ձիեր էի սանձում։

Ֆերմաներում աշխատելը թե՛ դրական, թե՛ բացասական ազդեցություն ունեցավ ինձ վրա։ Ես հաճույք էի ստանում իմ աշխատանքից և շրջապատող բնությունից։ Գիշերները նստում էի խարույկի մոտ և նայում լուսնին ու աստղազարդ երկնքին։ Երեկոյան մեղմ քամին շրջակայքը լցնում էր ծաղիկների ու թփերի անուշ բույրով։ Այդ պահերին մտածում էի, որ ինչ-որ մեկը պետք է որ ստեղծած լինի այս ամենը։ Սակայն ֆերմերները վատ ազդեցություն էին ունենում ինձ վրա. հաճախ էի հայհոյանքներ լսում։ Շուտով ծխախոտն ու հայհոյանքը դարձան կյանքիս անբաժանելի ուղեկիցները։

18 տարեկանում տեղափոխվեցի Սիդնեյ։ Փորձեցի բանակում ծառայության անցնել, սակայն թերի կրթության պատճառով ինձ մերժեցին։ Սիդնեյում աշխատանքի ընդունվեցի և մեկ տարի մնացի այնտեղ։ Հենց այդ ժամանակ էր, որ առաջին անգամ հանդիպեցի Եհովայի վկաներին։ Ընդունեցի ժողովի հանդիպման մասնակցելու նրանց հրավերը, ու երբ գնացի, անմիջապես հասկացա, որ նրանց սովորեցրածը ճշմարտություն է։

Շատ չանցած՝ որոշեցի նորից գյուղում ապրել։ Հաստատվեցի Գունդիվինդի գյուղում (Քվինսլենդ)։ Աշխատանք գտա, ամուսնացա, բայց սկսեցի չափից շատ ալկոհոլ օգտագործել։

Մենք երկու երեխա ունեցանք։ Մեր որդիների ծնվելուց հետո սկսեցի լրջորեն մտածել, թե որն է կյանքիս իմաստը։ Հիշեցի՝ ինչ էի լսել Սիդնեյում Եհովայի վկաների ժողովի հանդիպման ժամանակ, ուստի որոշեցի քայլեր ձեռնարկել, որպեսզի նորից հանդիպեմ նրանց։

Ես գտա «Դիտարան» ամսագրի մի հին թողարկում, որտեղ գրված էր Ավստրալիայի Եհովայի վկաների մասնաճյուղի հասցեն։ Նամակ ուղարկեցի այդ հասցեով և խնդրեցի, որ ինձ այցելեն։ Որոշ ժամանակ անց մի բարի ու սիրալիր Վկա այցելեց ինձ, և ես սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։

Երբ ես սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել, հասկացա, որ մեծ փոփոխություններ պետք է անեմ։ Ինձ վրա մեծ ազդեցություն թողեց հատկապես 2 Կորնթացիներ 7։1-ին համարը։ Այնտեղ ասվում է, որ մենք պետք է «մաքրենք մեզ մարմնի.... ամեն պղծությունից»։

Որոշեցի թողնել ծխելը և հրաժարվել հարբեցողությունից։ Հեշտ չէր փոփոխություններ անել, քանի որ այդ սովորությունները երկար ժամանակ էր, ինչ կյանքիս մի մասն էին դարձել։ Սակայն վճռել էի ապրել Աստծուն հաճելի կյանքով։ Ինձ հատկապես օգնեց Հռոմեացիներ 12։2-րդ համարի սկզբունքը կիրառելը։ Այնտեղ ասվում է. «Մի՛ ընդունեք այս աշխարհի կերպարանքը, այլ վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը»։ Հասկացա, որ սովորություններս փոխելու համար նախևառաջ պետք է միտքս վերափոխեմ և դրանց Աստծու տեսանկյունից նայեմ, իսկ նա այդ սովորությունները վնասակար է համարում։ Աստծու օգնությամբ ինձ հաջողվեց փոփոխություններ անել։

«Հասկացա, որ սովորություններս փոխելու համար նախևառաջ պետք է միտքս վերափոխեմ»

Ինձ համար ամենադժվարը չհայհոյելն էր։ Գիտեի Եփեսացիներ 4։29-րդ համարում գրված խորհուրդը. «Թող ոչ մի նեխած խոսք դուրս չգա ձեր բերանից»։ Սակայն, միևնույնն է, չէի կարողանում մաքրել լեզուս։ Ինձ անչափ օգնեցին Եսայիա 40։26-ում գրված խոսքերը։ Այնտեղ ասվում է. «Բարձրացրեք ձեր աչքերն ու նայեք։ Ո՞վ է ստեղծել այս ամենը։ Նա, ով աստղերի զորքը թվով է դուրս բերում և նույնիսկ անունով է կանչում նրանց բոլորին։ Նրա անսպառ հզոր ուժի և սաստիկ զորության շնորհիվ նրանցից ոչ մեկը չի կորչում»։ Մտածեցի, որ եթե Աստված այնքան զորություն ունի, որ արարել է անսահման տիեզերքը, ապա կարող է նաև ինձ ուժ տալ, որպեսզի փոփոխություններ անեմ նրա հավանությունը ստանալու համար։ Շատ աղոթելուց և ջանքեր գործադրելուց հետո ի վերջո կարողացա մաքուր լեզու ունենալ։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։

Երբ ֆերմաներում էի աշխատում, հնարավորություն չունեի շատ մարդկանց հետ շփվելու։ Սակայն Եհովայի վկաների ժողովի հանդիպումների շնորհիվ սովորեցի մարդկանց հետ հաղորդակցվել, ինչպես նաև խոսել ուրիշների հետ Թագավորության բարի լուրի մասին (Մատթեոս 6։9, 10; 24։14

Վերջին տարիներին ժողովում ծառայում եմ որպես երեց։ Ինձ համար մեծ պատիվ է ամեն բան անել հավատակիցներիս օգնելու համար։ Ես մեծապես օրհնվել եմ, քանի որ իմ սիրելի ու հավատարիմ կնոջ և հրաշալի երեխաներիս հետ միասնաբար ծառայում եմ Եհովային։

Շնորհակալ եմ Աստծուն, որ իմ նման մարդուն, ով թերի կրթություն ունի, սովորեցրեց ճշմարտությունը (Եսայիա 54։13)։ Միանգամայն համաձայն եմ Առակներ 10։22-ում գրված խոսքերին՝ «Եհովայի օրհնությունն է հարստացնում»։ Ես ու ընտանիքս անհամբերությամբ սպասում ենք այն ժամանակներին, երբ ավելի շատ բան կսովորենք Եհովայի մասին և կծառայենք նրան հավիտյան։