ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ
Պոռնկագրություն. անվնաս զբաղմո՞ւնք
Այսօր աշխարհը հեղեղված է պոռնկագրությամբ a։ Այն առկա է ամենուրեք՝ գովազդներում, նորաձևության մեջ, ֆիլմերում, ամսագրերում, հեռուստատեսության մեջ, վեբ կայքերում, տեսախաղերում։ Շատերի համար պոռնկագրություն դիտելը սովորական է և ընդունելի։ Պոռնկագրությունը մեր օրերում ավելի քան երբևէ մեծ պահանջարկ է ձեռք բերել (տե՛ս «Վիճակագրական տվյալներ» շրջանակը)։
Ժամանակի ընթացքում պոռնկագրության բնույթը փոխվում է։ Պրոֆեսոր Գեյլ Դայնսը գրում է. «Այսօր այնպիսի ծայրահեղ բացահայտ տեսարաններ են ցուցադրվում, որ այն, ինչը մի ժամանակ համարվում էր հարդքոր պոռնկագրություն (բացահայտ տեսարաններով), հիմա սովորական բան է դարձել»։
Ինչպե՞ս ես դու վերաբերվում այս ամենին։ Համարում ես պոռնկագրությունը անվնաս զբաղմո՞ւնք, թե՞ մահաբեր թույն։ Հիսուսն ասել է. «Ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ ամեն փտած ծառ անպետք պտուղ է տալիս» (Մատթեոս 7։17)։ Ինչպիսի՞ պտուղներ է տալիս պոռնկագրությունը։ Պատասխանն իմանալու համար քննենք մի քանի հիմնական հարցեր։
Ինչպե՞ս է պոռնկագրությունը ազդում մարդկանց վրա
ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ։ Պոռնկագրությունը կախման մեջ է գցում մարդուն։ Որոշ մասնագետներ այն նույնիսկ նմանեցնում են թմրանյութի։
Բրայենը b, որը տարված էր ինտերնետային պոռնկագրությամբ, պատմում է. «Ոչինչ չէր կարող կանգնեցնել ինձ։ Ես կարծես տրանսի մեջ լինեի։ Մարմինս դողում էր և ուժեղ գլխացավ էր սկսվում։ Փորձում էի ազատվել այդ կախվածությունից, բայց տարիներ շարունակ դա ինձ չէր հաջողվում»։
Մարդիկ սովորաբար գաղտնի են պոռնկագրություն դիտում։ Նրանք թաքցնում են իրենց այդ սովորությունը և հաճախ սուտ են խոսում։ Այդ պատճառով նման մարդիկ մեկուսանում են, լինում են անհանգիստ, նյարդային ու զայրացկոտ։ Ոմանք անգամ ինքնասպան լինելու ցանկություն են ունենում։ «Ես գլուխս կորցրել էի, դարձել էի ինքնամփոփ,— ասում է Սերգեյ անունով մի տղամարդ, որը գրեթե ամեն օր պոռնկագրական նյութեր էր բեռնում իր հեռախոսի մեջ։— Ինձ անարժեք, մեղավոր ու միայնակ էի զգում, ասես ծուղակի մեջ լինեի։ Ամաչում էի օգնություն խնդրելուց»։
Նույնիսկ մի ակնթարթ պոռնկագրություն դիտելը կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Առաջատար մասնագետ բժիշկ Ջուդիթ Ռեյսմանը ԱՄՆ-ի սենատի հանձնաժողովի առաջ նշեց. «Պոռնկագրական պատկերները դրոշմվում են ուղեղում և այն կենսաքիմիական փոփոխության ենթարկում. դրանք առաջացնում են ակնթարթային, պատահական, բայցև հարատև հիշողություններ, որը դժվար է և նույնիսկ անհնար է ջնջել»։ 19 տարեկան Սյուզընը, որը փոքր տարիքում պատահաբար ինտերնետում պոռնկագրական պատկերներ է տեսել, պատմում է. «Պատկերները դաջվել են իմ ուղեղում և անսպասելիորեն հայտնվում են աչքիս առաջ։ Թվում է, թե երբեք չեմ կարողանա ամբողջովին ազատվել դրանցից»։
ԱՄՓՈՓՈՒՄ։ Պոռնկագրությունը ստրկացնում ու կործանում է իր զոհին (2 Պետրոս 2։19)։
Ինչպե՞ս է պոռնկագրություն դիտելը ազդում ընտանիքի վրա
ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ։ «Պոռնկագրության պատճառով ընտանիքներ են փլուզվում» («The Porn Trap», by Wendy and Larry Maltz)։
Պոռնկագրություն դիտելու հետևանքով
-
թուլանում է կողակիցների միջև վստահությունը, մտերմությունը և սերը (Առակներ 2։12–17)։
-
անհատը դառնում է եսասեր, անտարբեր և կորցնում է հետաքրքրությունը իր կողակցի հանդեպ (Եփեսացիներ 5։28, 29)։
-
առաջ են գալիս անառողջ սեռական ֆանտազիաներ ու ցանկություններ (2 Պետրոս 2։14)։
-
անհատը փորձում է իր գարշելի ֆանտազիաները իրականացնել կողակցի նկատմամբ (Եփեսացիներ 5։3, 4)։
-
անհատը թե՛ ֆիզիկապես և թե՛ զգացապես անհավատարիմ է լինում իր կողակցի հանդեպ (Մատթեոս 5։28)։
Աստվածաշունչը ասում է, որ կողակիցները չպետք է անհավատարիմ լինեն իրար հանդեպ (Մաղաքիա 2։16)։ Անհավատարմությունը կարող է քայքայել ընտանիքը և կողակիցներին դրդել ամուսնալուծության, ինչն էլ իր հերթին ցավ կպատճառի նաև երեխաներին։
Պոռնկագրությունը կարող է նաև անմիջականորեն ազդել երեխաների վրա։ Բրայենը ասում է. «Երբ ես տասը տարեկան էի, պահմտոցի խաղալու ժամանակ պատահաբար գտա հորս պոռնկագրական ամսագրերը։ Սկսեցի թաքուն նայել՝ առանց հասկանալու, թե ինչու են դրանք գրավում ինձ։ Այդ գարշելի սովորությունից չէի կարողանում ազատվել նույնիսկ չափահաս տարիքում»։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պոռնկագրությունը կարող է դրդել դեռահասներին լինելու սեռական առումով ակտիվ, այլասերված, բռնի, ինչպես նաև զգացապես և հոգեպես անհավասարակշիռ։
ԱՄՓՈՓՈՒՄ։ Պոռնկագրությունը թունավորում է ընտանիքում մտերիմ փոխհարաբերությունները և ցավ պատճառում (Առակներ 6։27)։
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը պոռնկագրության մասին
ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔՆ ԱՍՈՒՄ Է. «Սպանեք ձեր մարմնի անդամները.... կապված պոռնկության, անմաքրության, սեռական կրքերի, վնասակար ցանկությունների և ագահության հետ, որը կռապաշտություն է» (Կողոսացիներ 3։5)։
Եհովա c Աստված ատում է պոռնկագրությունը։ Նա ամոթ չի համարում խոսել սեռական հարաբերությունների մասին։ Աստված սեռական ցանկություններ է դրել մարդու մեջ, որպեսզի կողակիցները հաճույք պատճառեն իրար, զգացապես մտերմանան և տեսնեն երեխաներ լույս աշխարհ բերելու հրաշքը (Հակոբոս 1։17)։
Ինչո՞ւ ենք վստահ, որ Եհովան ատում է պոռնկագրությունը։ Քննենք մի քանի պատճառ։
-
Աստված գիտի, որ պոռնկագրությունը կարող է խորտակել մարդկանց կյանքերը (Եփեսացիներ 4։17–19)։
-
Նա սիրում է մեզ և ցանկանում է պաշտպանել վտանգներից (Եսայիա 48։17, 18)։
-
Եհովան ուզում է պաշտպանել ընտանիքները (Մատթեոս 19։4–6)։
-
Նա ցանկանում է, որ մենք բարոյապես մաքուր լինենք և հարգենք ուրիշների իրավունքները (1 Թեսաղոնիկեցիներ 4։3–6)։
-
Նա ուզում է, որ մենք պատշաճ վերաբերմունք ունենանք մեր վերարտադրողական օրգանների նկատմամբ և ճիշտ օգտագործենք դրանք (Եբրայեցիներ 13։4)։
-
Եհովան գիտի, որ պոռնկագրությունը արտացոլում է սեքսի նկատմամբ աղավաղված, եսասիրական ու դիվական տեսակետ (Ծննդոց 6։2; Հուդա 6, 7)։
ԱՄՓՈՓՈՒՄ։ Պոռնկագրությունը վնասում է անհատի փոխհարաբերությունները Աստծու հետ (Հռոմեացիներ 1։24)։
Եհովան կարեկցում է այն մարդկանց, ովքեր ցանկանում են ազատվել պոռնկագրության թակարդից։ Աստվածաշնչում գրված է. «Եհովան բարեգութ է և ողորմած, դանդաղ է բարկանալու մեջ և լի է սիրառատ բարությամբ.... որովհետև նա լավ գիտի մեր կազմությունը, հիշում է, որ հող ենք մենք» (Սաղմոս 103։8, 14)։ Նա խոնարհ մարդկանց հրավիրում է մոտենալու իրեն, որպեսզի «ողորմություն և անզուգական բարություն ցուցաբերի, երբ մենք օգնության կարիք ունենանք» (Եբրայեցիներ 4։16, տե՛ս «Ինչպես ազատվել պոռնկագրության թակարդից» շրջանակը)։
Բազմաթիվ մարդիկ ընդունել են Աստծու օգնությունը։ Իսկ ի՞նչ արդյունքներ է դա տվել։ Նկատի առնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը որոշ մարդկանց մասին, ովքեր կարողացան ազատվել վատ սովորություններից. «Դուք լվացվեցիք, սրբացվեցիք և արդար հայտարարվեցիք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով ու մեր Աստծու ոգով» (1 Կորնթացիներ 6։11)։ Պողոս առաքյալի պես՝ այդպիսի անհատները կարող են ասել. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպպեցիներ 4։13)։
Սյուզընը, որը կարողացավ ձերբազատվել պոռնկագրություն դիտելու կախվածությունից, ասում է. «Եհովան միակ անձնավորությունն է, որը կարող է օգնել քեզ ոտքի կանգնելու։ Եթե օգնության ու առաջնորդության համար դիմես նրան, կարող ես լավ փոխհարաբերություններ հաստատել նրա հետ։ Եհովան միշտ պատրաստ է օգնելու քեզ»։
a Պոռնկագրական են համարվում սեքսուալ բնույթի նյութերը, որոնց նպատակն է սեռական կրքեր արթնացնել այն անհատի մեջ, ով նայում, կարդում կամ լսում է դրանք։ Այդ նյութերը կարող են լինել նկարներ, տեքստեր կամ ձայներիզներ։
b Այս հոդվածում անունները փոխված են։
c «Եհովան» Աստծու անունն է, որ գրված է Աստվածաշնչում։