ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՈՒՆԵ՞ՆՔ ԱՍՏԾՈՒ ԿԱՐԻՔԸ
Ինչո՞ւ Աստծու կարիքն ունենք
Հոգեբանները ասում են, որ երջանիկ լինելու համար մարդը պետք է բավարարի իր հոգևոր կարիքները։ Դա երևում է այն բանից, որ մարդիկ իրենց առջև դնում են նպատակներ ու ձգտում են հասնել դրանց կամ էլ իրենց կյանքը նվիրում են ինչ-որ մեկին կամ որևէ վեհ գործի։ Ոմանք էլ իրենց ազատ ժամանակը տրամադրում են արվեստին ու երաժշտությանը կամ բնությունը ուսումնասիրելուն։ Սակայն շատերը այդպես էլ իրենց լիարժեքորեն բավարարված չեն զգում։
Աստված ցանկանում է, որ մարդիկ երջանիկ ապրեն թե՛ այսօր, թե՛ հավիտյան
Այն, որ մարդն ի ծնե հոգևոր կարիքներ ունի, զարմանալի չէ Աստվածաշունչ ընթերցողների համար։ «Ծննդոց» գրքի առաջին գլուխները ցույց են տալիս, որ առաջին մարդկային զույգին ստեղծելուց հետո Աստված կանոնավորաբար հաղորդակցվում էր նրանց հետ (Ծննդոց 3։8–10)։ Աստված չի ստեղծել մարդուն, որ իրենից անկախ ապրի։ Դա է պատճառը, որ մարդը կարիք ունի հաղորդակցվելու իր Արարչի հետ։ Աստվածաշունչը հաճախ է այդ մասին խոսում։
Օրինակ՝ Հիսուսն ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։ Այս խոսքերից կարող ենք եզրակացնել, որ երջանիկ ու իմաստալից կյանք ունենալու համար պետք է բավարարել հոգևոր կարիքները։ Ինչպե՞ս կարող ենք անել դա։ Հիսուսը նշեց. «Մարդ պետք է ոչ միայն հացով ապրի, այլև Եհովայի բերանից դուրս եկող ամեն խոսքով» (Մատթեոս 4։4)։ Իսկ ինչպե՞ս կարող են Աստծու խոսքերը և նրա առաջնորդությունը օգնել լինելու երջանիկ։
Մենք կարիք ունենք լավ առաջնորդության
Այսօր բազմաթիվ մասնագետներ խորհուրդներ են տալիս տարբեր հարցերի, օրինակ՝ սիրո, փոխհարաբերությունների, ընտանեկան կյանքի, վեճերի լուծման, երջանկության հասնելու և կյանքի իմաստի վերաբերյալ։ Սակայն ո՞վ կարող է Ստեղծչից՝ Եհովա Աստծուց, ավելի լավ առաջնորդություն տալ։
Օրինակ՝ երբ մի նոր սարք ենք գնում՝ տեսախցիկ կամ համակարգիչ, ակնկալում ենք, որ կունենա ուղեցույց, որտեղ գրված կլինի, թե ինչպես կարելի է այն օգտագործել։ Մեր՝ մարդկանց, ուղեցույցն էլ Աստվածաշունչն է, որը Ստեղծիչը տվել է մեզ։ Այնտեղ ասվում է, թե ինչպես պետք է ապրենք, որ երջանիկ լինենք։
Ինչպես որ ուղեցույցի մեջ գրված են լինում օգտագործման հետ կապված տարբեր մանրամասնություններ, այնպես էլ Աստվածաշնչում է գրված, թե մեր կյանքը պահպանելու համար ինչից պետք է հեռու մնանք։ Գուցե ոմանք «ուղեցույցից» դուրս խորհուրդներ տան, որոնց հետևելը թերևս հեշտ թվա, բայց մի՞թե հաջողության հասնելու և խնդիրներից խուսափելու համար ավելի տրամաբանական չէ հետևել Աստծու առաջնորդությանը, նրա, ով ստեղծել է մեզ։
«Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ, Նա, ով օգտակար բաներ է սովորեցնում քեզ, տանում է այն ճանապարհով, որով դու պիտի գնաս։ Օ՜, եթե միայն ուշադրություն դարձնեիր իմ պատվիրաններին. այդ ժամանակ քո խաղաղությունը գետի պես, ու քո արդարությունը ծովի ալիքների պես կլիներ» (Եսայիա 48։17, 18)
Եհովա Աստված չի ստիպում հետևել իր առաջնորդությանը, նա հորդորում է դա անել, քանի որ սիրում է մեզ և ցանկանում է օգնել. «Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ, Նա, ով օգտակար բաներ է սովորեցնում քեզ, տանում է այն ճանապարհով, որով դու պիտի գնաս։ Օ՜, եթե միայն ուշադրություն դարձնեիր իմ պատվիրաններին. այդ ժամանակ քո խաղաղությունը գետի պես, ու քո արդարությունը ծովի ալիքների պես կլիներ» (Եսայիա 48։17, 18)։ Եթե հետևենք Աստծու առաջնորդությանը, երջանիկ կլինենք։ Այո՛, մենք ունենք Աստծու կարիքը։
Մենք կարիք ունենք իմանալու կարևոր հարցերի պատասխաններ
Ոմանք ասում են, թե չունեն Աստծու կարիքը՝ մտածելով, որ եթե Աստված սիրեր մարդկանց, թույլ չէր տա, որ կյանքն այսպիսին լիներ։ Օրինակ՝ շատերը մտածում են. «Ինչո՞ւ են լավ մարդիկ տառապում, ինչո՞ւ են երեխաները հիվանդ ծնվում, ինչո՞ւ է կյանքը այսքան անարդար»։ Սրանք իսկապես կարևոր հարցեր են, և դրանց պատասխաններն իմանալը կարող է մեծապես ազդել մեր կյանքի վրա։ Փոխանակ անմիջապես Աստծուն մեղադրելու՝ տեսնենք, թե ինչպես է Աստվածաշունչը պատասխանում այս հարցերին։
«Ծննդոց» գրքի 3-րդ գլխում կարդում ենք Սատանայի մասին, որը, օձի միջոցով խոսելով, դրդեց առաջին մարդկային զույգին չհնազանդվելու Եհովա Աստծու պատվերին և ուտելու «բարին ու չարը գիտենալու ծառից»։ Սատանան Եվային ասաց. «Դուք, անշուշտ, չեք մեռնի։ Քանի որ Աստված գիտի, որ հենց այն օրը, երբ ուտեք դրանից, ձեր աչքերը կբացվեն, և դուք Աստծու պես կլինեք՝ բարին ու չարը իմացող» (Ծննդոց 2։16, 17; 3։4, 5)։
Այս խոսքերով Սատանան ոչ միայն պնդեց, թե Աստված ստախոս է, այլև որ նա անարդար կերպով է իշխում։ Նա նաև ասաց, որ եթե մարդիկ իրեն հնազանդվեն, ավելի լավ կյանքով կապրեն։ Ինչպե՞ս վարվեց Աստված։ Նա ժամանակ տվեց, որ Սատանան ապացուցի իր մեղադրանքները։ Այդպիսով բոլորը հնարավորություն կունենային տեսնելու, թե արդյոք մարդիկ կարող են երջանիկ ապրել առանց Աստծու։
Ըստ քեզ՝ Սատանային հաջողվե՞լ է փաստել իր պնդումները։ Տառապանքը, անարդարությունը, հիվանդությունը, մահը, հանցագործությունը, անբարոյությունը, պատերազմները, ցեղասպանությունը և այլ դաժանություններ, որ դարեր շարունակ տեսնում է մարդկությունը, անառարկելի վկայությունն են այն բանի, որ Աստծուց անկախ մարդը չի կարող ապրել։ Աստվածաշնչում չի ասվում, որ Աստված է մարդկանց տառապանքի պատճառը, այնտեղ նշվում է. «Մարդը մարդու վրա իշխում է նրա վնասի համար» (Ժողովող 8։9)։
Այս ամենից պարզ է դառնում, որ ոչ միայն մեզ հուզող հարցերի պատասխանները, այլև մեր բոլոր խնդիրների լուծումը գտնելու համար մենք պետք է Աստծուն դիմենք։ Իսկ ի՞նչ է նա անելու։
Մենք կարիք ունենք Աստծու աջակցության
Վաղուց ի վեր մարդիկ փափագում են ազատվել հիվանդությունից, ծերությունից և մահից։ Դրա համար նրանք շատ ժամանակ ու միջոցներ են ծախսել, ջանքեր ներդրել, սակայն մեծ հաջողությունների չեն հասել։ Ոմանք նույնիսկ հույս են ունեցել, որ հրաշք կենսահեղուկի կամ գիտության շնորհիվ միշտ երիտասարդ կմնան։ Սակայն նրանց երազանքները այդպես էլ չեն իրականացել։
Աստված ցանկանում է, որ մարդիկ ուրախ ու երջանիկ կյանքով ապրեն։ Դա էր նրա սկզբնական նպատակը, և այն չի փոխվել (Ծննդոց 1։27, 28; Եսայիա 45։18)։ Եհովա Աստված վստահեցնում է մեզ, որ ինչ նպատակադրում է, իրականացնում է (Եսայիա 55։10, 11)։ Աստվածաշունչն ասում է, որ Եհովա Աստված երկրի վրա վերականգնելու է այն Դրախտը, որ կորցրել են Ադամն ու Եվան։ Հայտնություն 21։4-ում կարդում ենք. «Նա [Աստված] կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան»։ Ինչպե՞ս է Աստված հաստատելու այս պայմանները, և ի՞նչ օգուտներ կարող ենք մենք քաղել նրա խոստումից։
Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, սովորեցրեց իր հետևորդներին աղոթել Աստծու կամքը կատարվելու մասին։ Այդ աղոթքը հայտնի է «Տերունական աղոթք» անունով, որը շատերը գիտեն և նույնիսկ հաճախ կրկնում են։ Այնտեղ ասվում է. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը։ Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։9, 10)։ Եհովա Աստված իր Թագավորության միջոցով է մաքրելու մարդկային կառավարման դառը հետևանքները և հաստատելու խոստացած արդար նոր աշխարհը * (Դանիել 2։44; 2 Պետրոս 3։13)։ Իսկ ի՞նչ պետք է անենք, որ տեսնենք Աստծու խոստումները կատարված։
Հիսուս Քրիստոսը նշել է, թե ինչ է պահանջվում մեզանից. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3)։ Միայն Աստծու օգնությամբ է հնարավոր հավիտենական կյանք ստանալ նոր աշխարհում։ Մի՞թե սա չի խոսում այն մասին, որ մենք իրոք Աստծու կարիքն ունենք։
Այժմ մտածիր
Երկու հազար տարի առաջ Արեոպագոսում Պողոս առաքյալը աթենացիներին Աստծու մասին հետևյալն ասաց. «Նա ինքն է բոլոր մարդկանց տալիս կյանք, շունչ և ամեն բան։ Նրանով ենք մենք ապրում, շարժվում և գոյություն ունենք, ինչպես որ ձեր բանաստեղծներից ոմանք են ասել. «Մենք բոլորս նրա զավակներն ենք»» (Գործեր 17։25, 28)։
Այն, ինչ Պողոսն ասաց աթենացիներին, ճշմարտություն է։ Մեր Ստեղծիչը տալիս է մեզ օդ, ջուր, ուտելիք, առանց որոնց մեր կյանքը անհնար կլիներ։ Իսկ ինչո՞ւ է Աստված այդ ամենը շարունակ տալիս բոլոր մարդկանց, անկախ նրանից՝ նրանք հավատում են իրեն, թե ոչ։ Պողոս առաքյալն ասում է. «Որպեսզի փնտրեն Աստծուն, այո՛, միգուցե նույնիսկ խարխափելով գտնեն նրան, թեպետ իրականում նա մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործեր 17։27)։
Եթե ցանկանում եք ավելին իմանալ Աստծու, նրա նպատակների և այն մասին, թե ինչ է հարկավոր անել այսօր իսկ երջանիկ լինելու և ապագայում հավիտյան ապրելու համար, կարող եք կապ հաստատել Եհովայի վկաների հետ։ Նրանք ուրախությամբ կօգնեն ձեզ։
^ պարբ. 20 Ավելի շատ տեղեկություն այն մասին, թե ինչպես է Թագավորությունը Աստծու կամքը հաստատելու երկրի վրա, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 8-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Գիրքը առկա է օնլայն, այն կարող եք բեռնել www.pr418.com վեբ կայքից։