Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հույս մահացածների համար. հարություն

Հույս մահացածների համար. հարություն

Հավատո՞ւմ ես հարության վերաբերյալ Աստվածաշնչի խոստմանը *։ Մեր մահացած հարազատներին կրկին տեսնելու հեռանկարը անչափ մխիթարական է։ Սակայն իրակա՞ն է արդյոք այդ հույսը։ Այս հարցին պատասխանելու համար քննենք Հիսուսի առաքյալների օրինակը։

Առաքյալները խորապես հավատում էին մահացածների հարությանը։ Ինչո՞ւ։ Նրանք դրա համար առնվազն երկու պատճառ ունեին։ Առաջին՝ նրանց հույսը գլխավորաբար հիմնված էր այն բանի վրա, որ Հիսուսն էլ հարություն էր առել։ Առաքյալները և «ավելի քան հինգ հարյուր եղբայրներ» տեսել էին հարություն առած Հիսուսին (1 Կորնթացիներ 15։6)։ Բացի այդ, Հիսուսի հարության մասին շատերն էին վկայում և ընդունում այդ փաստը, ինչպես ցույց են տալիս չորս Ավետարանները (Մատթեոս 27։62–28։20; Մարկոս 16։1–8; Ղուկաս 24։1–53; Հովհաննես 20։1–21։25

Երկրորդ՝ առաքյալները ականատես էին եղել Հիսուսի կողմից կատարված առնվազն երեք հարության դեպքերի. նախ՝ Նայինում, ապա՝ Կափառնայումում, այնուհետև՝ Բեթանիայում (Ղուկաս 7։ 11–17; 8։49–56; Հովհաննես 11։1–44)։ Նշված դեպքերից վերջինը, որի մասին խոսվել է այս ամսագրի հոդվածներից մեկում, վերաբերում է մի ընտանիքի, որը շատ մտերիմ էր Հիսուսի հետ։ Եկեք ավելի մանրամասն քննենք այդ դեպքը։

«ԵՍ ԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

«Քո եղբայրը հարություն կառնի»։ Այս խոսքերը Հիսուսն ասաց Մարթային, որի եղբայրը՝ Ղազարոսը, չորս օր էր, ինչ մահացել էր։ Սկզբում Մարթան չհասկացավ Հիսուսի խոսքերի իմաստը։ «Գիտեմ, որ.... հարություն կառնի»,— ասաց նա։ Բայց Մարթան մտածում էր, որ դա լինելու էր ապագայում։ Պատկերացրու նրա զարմանքը, երբ նա լսեց Հիսուսի խոսքերը՝ «ես եմ հարությունը և կյանքը», և տեսավ, թե ինչպես նա հարություն տվեց իր եղբորը (Հովհաննես 11։23–25

Որտե՞ղ էր Ղազարոսը այդ չորս օրերի ընթացքում։ Ղազարոսը չասաց, թե կենդանի էր և գտնվում էր ինչ-որ վայրում։ Նա չուներ անմահ հոգի, որը երկինք էր գնացել։ Հարություն տալով Ղազարոսին՝ Հիսուսը նրան երկնային երանությունից չվերադարձրեց երկիր։ Այդ դեպքում որտե՞ղ էր գտնվում Ղազարոսը այդ չորս օրերի ընթացքում։ Իրականում նա ննջել էր գերեզմանում (Ժողովող 9։5, 10

Ինչպես հիշում ենք, Հիսուսը մահը համեմատեց քնի հետ, որից հնարավոր է անհատին արթնացնել հարության միջոցով։ Կարդում ենք. ««Մեր ընկեր Ղազարոսը քնել է, բայց ես գնամ արթնացնեմ  նրան»։ Աշակերտներն ասացին. «Տե՛ր, եթե քնել է, կառողջանա»։ Սակայն Հիսուսը խոսում էր նրա մահվան մասին։ Իսկ նրանք կարծում էին, թե նա սովորական քնի մասին է խոսում։ Այդ ժամանակ Հիսուսը նրանց պարզ ասաց. «Ղազարոսը մեռավ»» (Հովհաննես 11։11–14)։ Հարություն տալով Ղազարոսին՝ Հիսուսը նրան կյանքի վերադարձրեց, և նա կրկին իր հարազատների հետ էր։ Ի՜նչ մեծ հրաշք կատարեց Հիսուսը այդ ընտանիքի համար։

Հարության դեպքերը, որ Հիսուսը կատարեց երկրի վրա, նախաշուքն էին այն ամենի, ինչ նա անելու է ապագայում՝ որպես Աստծու Թագավորության երկնային Թագավոր *։ Այդ ժամանակ Հիսուսը հարություն կտա նրանց, ովքեր ննջած են մարդկության համընդհանուր գերեզմանում։ Ահա թե ինչու նա ասաց. «Ես եմ հարությունը»։ Միայն պատկերացրու, թե ինչ ուրախություն կապրես, երբ կրկին տեսնես քո մահացած հարազատներին։ Իսկ որքա՜ն երջանիկ կլինեն հարություն առածները (Ղուկաս 8։56

Պատկերացրու, թե ինչ ուրախություն կապրես, երբ կրկին տեսնես քո մահացած հարազատներին

ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ՀԱՎԱՏ

Հիսուսն ասաց Մարթային. «Նա, ով հավատում է ինձ, նույնիսկ եթե մահանա, կկենդանանա։ Եվ ամեն ոք, ով ողջ է ու հավատում է ինձ, երբեք չի մահանա» (Հովհաննես 11։25, 26)։ Մարդիկ, ում Հիսուսը հարություն կտա իր հազարամյա իշխանության ընթացքում, հավիտյան ապրելու հեռանկար կունենան։ Դա հնարավոր կլինի, եթե իսկապես հավատ դրսևորեն նրա հանդեպ։

«Նա, ով հավատում է ինձ, նույնիսկ եթե մահանա, կկենդանանա» (Հովհաննես 11։25)

Հարության մասին այդ կարևոր խոսքերն ասելուց հետո Հիսուսը հարցրեց Մարթային. «Հավատո՞ւմ ես դրան»։ Նա պատասխանեց. «Այո՛, Տե՛ր, հավատում եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին» (Հովհաննես 11։26, 27)։ Իսկ դու կցանկանայի՞ր, Մարթայի պես, ամուր հավատ ունենալ հարության հույսի հանդեպ։ Դրա համար նախևառաջ պետք է խոր գիտելիքներ ձեռք բերես մարդկության առնչությամբ Աստծու նպատակի վերաբերյալ (Հովհաննես 17։3; 1 Տիմոթեոս 2։4)։ Այդպիսով ամուր հավատ կունենաս։ Կարող ես դիմել Եհովայի վկաներին, և նրանք սիրով ցույց կտան քեզ, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը այս հրաշալի հույսի՝ հարության մասին։

^ պարբ. 2 Տե՛ս 6-րդ էջում գտնվող հոդվածը՝ «Մահով ամեն բան չի ավարտվում» վերնագրով։

^ պարբ. 9 Հարության հույսի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 7-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։