Ինչպե՞ս պետք է խրատես երեխաներիդ
«Ես անհամբերությամբ ականջ էի դնում ամեն անցնող մեքենայի ձայնին։ Արդեն երրորդ անգամն էր, որ Ջորդանը խախտում էր տուն վերադառնալու նշանակված ժամը։ Մտածում էի. «Որտե՞ղ է նա։ Փորձանքի մե՞ջ է ընկել։ Գոնե հասկանո՞ւմ է, որ մենք անհանգստանում ենք»։ Երբ տուն հասավ, քիչ էր մնում պոռթկայի» (ՋՈՐՋ)։
«Աղջիկս այնպես ճչաց, որ ամբողջ մարմնով սարսռացի։ Երբ շրջվեցի, տեսա, որ բռնել է գլուխը և լաց է լինում. չորս տարեկան որդիս խփել էր նրան» (ՆԻԿՈԼ)։
««Ես չեմ գողացել մատանին։ Ես գտել եմ դա»,— ասաց Նատալին՝ մեր վեց տարեկան աղջիկը՝ իր մեծ կապույտ աչքերի անմեղ հայացքով մեզ վրա նայելով։ Նա համառորեն իր ասածն էր պնդում։ Դա մեզ այնքան մեծ ցավ պատճառեց, որ լաց եղանք. մենք գիտեինք, որ նա ստում է» (ՍՏԻՎԵՆ)։
ԵԹԵ ծնող ես, քեզ ծանո՞թ են վերոհիշյալ մարդկանց զգացումները։ Երբ նման իրավիճակներում ես հայտնվում, անհանգստանո՞ւմ ես, թե ինչպես պետք է խրատես երեխայիդ, կամ գուցե նույնիսկ մտածում ես, թե արդյոք պետք է խրատ տաս։ Սխա՞լ է երեխաներին խրատելը։
Ի՞ՆՉ Է ԽՐԱՏԸ
Աստվածաշնչում «խրատ» թարգմանված բառը չի օգտագործվում միայն որպես պատիժ բառի հոմանիշ։ Խրատը առաջին հերթին կապ ունի դաստիարակության, ուսուցման և շտկելու հետ։ Այն ոչ մի առնչություն չունի դաժան ու վիրավորական վերաբերմունքի հետ (Առակներ 4։1, 2)։
Ծնողի տված խրատը կարելի է նմանեցնել այգեգործության։ Այգեգործը մշակում է հողը, ջրում է բույսը, պարարտանյութ տալիս, պաշտպանում է պարազիտներից և քաղհանում է մոլախոտերը։ Մինչ բույսն աճում է, թերևս կարիք լինի, որ այգեգործը էտի այն, որպեսզի ճիշտ ուղղությամբ աճի։ Այգեգործը հասկանում է, որ տարբեր մեթոդների համակցումը կնպաստի, որ պտուղը առողջ լինի։ Նմանապես, ծնողները հոգ են տանում իրենց երեխաների մասին տարբեր ձևերով։ Բայց ժամանակ առ ժամանակ նրանք պետք է խրատեն երեխաներին, ինչը նման է էտելուն, որպեսզի վաղօրոք շտկեն նրանց սխալ հակումները և օգնեն մեծանալու ճիշտ ուղղությամբ։ Սակայն էտելու գործողությունը պետք է շատ զգուշորեն արվի, այլապես կարելի է մեկընդմիշտ վնասել բույսը։ Նույնպես էլ ծնողի խրատը պետք է սիրով ու հոգատարությամբ տրվի։
Աստվածաշնչի Հեղինակը՝ Եհովա Աստված, այս հարցում հրաշալի օրինակ է ծնողների համար։ Խրատը, որ նա տալիս է իր հնազանդ երկրային ծառաներին, այնքան արդյունավետ է և ցանկալի, որ նրանք սկսում են սիրել այն (Առակներ 12։1)։ Նրանք «ամուր բռնում են խրատը» և բաց չեն թողնում (Առակներ 4։13)։ Դու կարող ես օգնել երեխայիդ ընդունելու խրատը՝ ընդօրինակելով այն երեք գլխավոր կերպերը, որոնցով Աստված խրատում է։ Նա խրատում է 1) սիրով, 2) ողջամտությամբ և 3) հետևողականորեն։
ԽՐԱՏԵԼ ՍԻՐՈՎ
Սերը Աստծու խրատի հիմքն է և մղիչ ուժը։ Աստվածաշունչն ասում է. «Ում Եհովան սիրում է, նրան հանդիմանում է, ինչպես հայրն է հանդիմանում իր սիրելի որդուն» (Առակներ 3։12)։ Ավելին, Եհովան «ողորմած ու գթառատ Աստված է, բարկանալու մեջ դանդաղ» (Ելք 34։6)։ Ուստի նա երբեք դաժան ու վիրավորական վերաբերմունք չի դրսևորում, կոպիտ բառեր չի օգտագործում, անընդհատ չի քննադատում և սուր սարկազմի չի ենթարկում, բաներ, որոնցով կարելի է «սրի պես խոցելով» վնասել (Առակներ 12։18)։
Ինչ խոսք, հնարավոր չէ, որ ծնողները լիովին կարողանան ընդօրինակել Աստծու կատարյալ օրինակը ինքնատիրապետում դրսևորելու հարցում։ Երբեմն համբերությանդ բաժակը լցվում է։ Բայց հատկապես դժվարին պահերին միշտ հիշիր, որ բարկությամբ տրված պատիժը սովորաբար ճնշող է, չափից շատ խիստ է և հակառակ արդյունքն է բերում։ Ավելին, պատիժը, որի պատճառը բարկությունն է կամ հիասթափությունը, բոլորովին էլ խրատ չէ։ Դա պարզապես ինքնատիրապետման կորուստ է։
Մյուս կողմից՝ եթե խրատես սիրով ու ինքնատիրապետում դրսևորելով՝ թերևս ավելի լավ արդյունքների հասնես։ Ուշադրություն դարձրու, թե Ջորջն ու Նիկոլը, որոնց մասին խոսեցինք սկզբում, ինչպես վարվեցին ստեղծված իրավիճակներում։
«Երբ Ջորդանը ի վերջո տուն եկավ, թեև ես ու կինս շատ բարկացած էինք, բայց տիրապետեցինք մեզ, մինչ լսում էինք նրա բացատրությունները։ Քանի որ շատ ուշ էր, որոշեցինք հարցը քննարկել առավոտյան։ Բոլորս միասին աղոթեցինք և գնացինք քնելու։ Հաջորդ օրը ավելի լավ էինք տրամադրված իրավիճակը հանդարտությամբ քննարկելու և մեր որդու սրտին հասնելու համար։ Նա ընդունեց իր սխալը և համաձայնվեց մեր դրած սահմանափակումների հետ։ Ի՜նչ լավ է, որ գիտակցեցինք, որ բարկացած ժամանակ արագ արձագանքելը հակառակ արդյունքն է բերում։ Երբ առաջին հերթին լսում էինք նրան, սովորաբար ամեն բան լավ էր ավարտվում» (Ջորջ)։
«Ես շատ զայրացա, երբ տեսա, թե ինչպես տղաս ցավեցրեց քրոջը։ Անմիջապես արձագանքելու փոխարեն՝ նրան իր սենյակ ուղարկեցի, քանի որ այնքան բարկացած էի, որ ռացիոնալ որոշում չէի կարող կայացնել։ Հետո, երբ հանդարտվեցի, խստորեն ասացի նրան, որ բռնությունը ընդունելի չէ, և ցույց տվեցի, թե ինչպես էր վնասել քույրիկին։ Այս մոտեցումը ազդեց որդուս վրա։ Նա ներողություն խնդրեց քրոջից ու գրկեց նրան» (Նիկոլ)։
Այո՛, տեղին խրատը, նույնիսկ երբ այն պատիժ է ներառում, միշտ սիրուց մղված է տրվում։
ԽՐԱՏԵԼ ՈՂՋԱՄՏՈՒԹՅԱՄԲ
Եհովան միշտ «չափավորությամբ» է խրատում (Երեմիա 30։11; 46։28)։ Նա հաշվի է առնում բոլոր հանգամանքները, այդ թվում այն, ինչը ակնհայտ չէ։ Ինչպե՞ս կարող են ծնողները նույնն անել։ Ստիվենը, որի մասին խոսեցինք նախաբանում, բացատրում է. «Թեև մենք մեծ ցավ էինք ապրում և չէինք կարողանում հասկանալ, թե ինչու է Նատալին համառորեն հերքում, որ վերցրել է մատանին, փորձում էինք հաշվի առնել նրա տարիքը և հասունության աստիճանը»։
Նիկոլի ամուսինը՝ Ռոբերտը, նույնպես փորձում է հաշվի առնել բոլոր հանգամանքները։ Երբ երեխաները իրենց վատ են պահում, նա անընդհատ հարցնում է իրեն. «Սա առաջի՞ն անգամն է, թե՞ այս բացասական վարքագիծը արդեն մի քանի անգամ կրկնվում է։ Գուցե երեխան հոգնա՞ծ է կամ լավ չի՞ զգում։ Հնարավո՞ր է, որ նրա պահվածքը ուրիշ խնդրի նշան լինի»։
Ողջամիտ ծնողները նաև հիշում են, որ երեխաները փոքրիկ չափահասներ չեն։ Պողոս առաքյալը գիտակցում էր այդ փաստը։ Նա գրեց. «Երբ մանուկ էի, մանկան պես էի խոսում, մանկան պես էի մտածում» (1 Կորնթացիներ 13։11)։ Ռոբերտն ասում է. «Երբ հիշում եմ, թե ե՛ս ինչ էի անում, երբ փոքր էի, դա օգնում է ինձ, որ օբյեկտիվ լինեմ և չափազանց սուր չարձագանքեմ»։
Շատ կարևոր է, որ իրատես լինես քո ակնկալիքներում և միևնույն ժամանակ չարդարացնես սխալ վարքը կամ վերաբերմունքը և մատների արանքով չնայես դրան։ Հաշվի առնելով երեխայիդ ունակությունները, սահմանափակումներն ու այլ հանգամանքներ՝ դու հավասարակշռված և ողջամիտ խրատ կտաս։
ԽՐԱՏԵԼ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ
«Ես Եհովան եմ, ես չեմ փոխվում»,— ասվում է Մաղաքիա 3։6-ում։ Աստծու ծառաները վստահում են այս ճշմարտությանը և դա իմանալով՝ իրենց ապահով են զգում։ Երեխան նույնպես ունի այն պատվարի կարիքը, որը հետևողական խրատի արդյունքն է։ Եթե քո չափանիշները փոխվում են՝ կախված քո տրամադրությունից, երեխադ կշփոթվի ու կվհատվի։
Հիշիր, որ Հիսուսն ասաց. «Թող ձեր «այո»-ն այո լինի, և «ոչ»-ը՝ ոչ»։ Այս խոսքերը տեղին են ծնողների պարագայում (Մատթեոս 5։37)։ Լավ մտածիր նախքան այնպիսի վերջնագիր տալը, որը մտադրված չես իրագործելու։ Եթե զգուշացրել ես երեխայիդ, որ երբ իրեն վատ պահի, ապա այս կամ այն կերպ կխրատվի, վարվիր ասածիդ համաձայն։
Ծնողների միջև լավ հաղորդակցությունը կարևոր է երեխային հետևողականորեն խրատելու հարցում։ Ռոբերտը բացատրում է. «Եթե երեխաներս փորձում են ինձ համոզել, որ իմ համաձայնությունը տամ ինչ-որ բան անելու համար, ինչը կինս թույլ չի տվել, ու ես իմանում եմ այդ մասին, փոխում եմ որոշումս, որ թիկունք կանգնեմ կնոջս»։ Եթե ծնողները համաձայնության չեն գալիս, թե ինչպես վարվել տվյալ իրավիճակում, ապա լավ կլինի, որ տարակարծությունները քննարկեն առանձին և մեկ հայտարարի գան։
ԽՐԱՏԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
Եթե ընդօրինակում ես Եհովային և խրատում ես սիրով, ողջամտությամբ ու հետևողականորեն, ապա կարող ես վստահ լինել, որ քո ջանքերը օգուտ կբերեն երեխայիդ։ Սիրով տրված քո առաջնորդությունը գուցե օգնի նրան դառնալու հասուն, պատասխանատվության զգացում ունեցող և հավասարակշռված մարդ։ Աստվածաշունչն ասում է. «Կրթիր երեխային ճիշտ ճանապարհի համաձայն. նույնիսկ երբ նա ծերանա, չի շեղվի դրանից» (Առակներ 22։6)։