ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏՎԱԾ ՀԵՏԱՔՐՔՐՎԱ՞Ծ Է ՔԵԶՆՈՎ
Աստված կարող է մխիթարել քեզ
«Աստված, որը մխիթարում է վհատվածներին, մխիթարեց մեզ» (2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 7:6)։
ԻՆՉՈՒ ՈՄԱՆՔ ԿԱՍԿԱԾՆԵՐ ՈՒՆԵՆ։ Որոշ մարդիկ, նույնիսկ երբ անչափ շատ մխիթարության կարիք ունեն, կարծում են, որ եսասիրություն կլինի Աստծուն խնդրել, որ միջամտի ու օգնի իրենց հաղթահարելու խնդիրները։ «Երբ մտածում եմ, թե որքան մարդ կա աշխարհում, ու թե ինչ լուրջ խնդիրների են նրանք բախվում,— ասում է Ռաքել անունով մի կին,— իմ մտահոգությունները այնքան աննշան են թվում, որ վարանում եմ Աստծուց օգնություն խնդրել»։
ԻՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ։ Աստված արդեն նշանակալից կերպով միջամտել է, որ օգնի ու մխիթարի մարդկանց։ Երկրի վրա յուրաքանչյուր ոք ժառանգել է մեղք՝ Աստծու պահանջներին երբևէ կատարելապես համապատասխանելու անկարողություն։ Սակայն Աստված «սիրեց մեզ և իր Որդուն [Հիսուս Քրիստոսին] ուղարկեց որպես հաշտության զոհ մեր մեղքերի համար» (1 Հովհաննես 4:10)։ Հիսուսի զոհաբերական մահվան միջոցով Աստված հնարավոր է դարձրել, որ մենք մեղքերի ներում ստանանք, ունենանք մաքուր խիղճ ու հավիտենական կյանքի հույս խաղաղ նոր աշխարհում *։ Բայց արդյոք այդ զոհաբերությունը միայն մարդկային ցեղի համար է ընդհանո՞ւր առմամբ, թե՞ այն արտացոլում է Աստծու հետաքրքրվածությունը անձամբ քո հանդեպ։
Ուշադրություն դարձնենք Պողոս առաքյալի օրինակին։ Հիսուսի զոհը այնպես էր ազդել նրա վրա, որ նա գրեց. «[Ես] ապրում եմ այն հավատով, որ ունեմ Աստծու Որդու հանդեպ, որը սիրեց ինձ և իր անձը տվեց ինձ համար» (Գաղատացիներ 2:20)։ Ճիշտ է, Հիսուսը մահացել էր նախքան Պողոսի քրիստոնյա դառնալը, սակայն այդ զոհը առաքյալը համարում էր որպես Աստծու պարգև՝ տրված անձամբ իր համար։
Հիսուսի զոհաբերական մահը Աստծու պարգևն է նաև անձամբ քեզ համար։ Այդ պարգևը փաստում է, թե որքան թանկ է Աստված քեզ համարում։ Այն կարող է քեզ «հավիտենական մխիթարություն ու հիանալի հույս» տալ և այդպիսով «հաստատել քեզ ամեն բարի գործում և խոսքում» (2 Թեսաղոնիկեցիներ 2:16, 17)։
Բայց չէ՞ որ Հիսուսը իր կյանքը զոհաբերել է գրեթե 2000 տարի առաջ։ Ի՞նչ փաստ կա, որ Աստված ուզում է քեզ հետ փոխհարաբերություն հաստատել այսօր։
^ պարբ. 5 Հիսուսի զոհաբերության մասին ավելի շատ բան իմանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 5-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։