Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Աստծու Թագավորություն. կոռուպցիայից զերծ կառավարություն

Աստծու Թագավորություն. կոռուպցիայից զերծ կառավարություն

«Պետական պաշտոնյաները, ի վերջո, նույնպես քաղաքացիներ են, և եթե այն հասարակությունը, որի մաս են կազմում նրանք, կոռումպացված է, ուրեմն նրանք նույնպես կոռումպացված են»։ Այս խոսքերն ասաց Նիկարագուայի կառավարության վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, երբ բացատրում էր, թե ինչու է կարծում, որ անհնար է վերացնել պետական համակարգի կոռուպցիան։

Անշուշտ կհամաձայնեք, որ եթե մարդկային հասարակությունը կոռումպացված է, ապա այդ հասարակության մաս կազմող ցանկացած կառավարություն, անկասկած, կոռումպացված կլինի։ Եթե այդպես է, ուրեմն որպեսզի կառավարությունը զերծ լինի կոռուպցիայից, այն չպետք է լինի մարդկային հասարակության մի մաս։ Աստվածաշնչում հենց այդպիսի կառավարության մասին է խոսվում։ Դա Աստծու Թագավորությունն է, որի մասին Հիսուսն իր հետևորդներին սովորեցրեց աղոթել (Մատթեոս 6։9, 10

Աստծու Թագավորությունը իրական կառավարություն է, որն իշխում է երկնքից։ Այն փոխարինելու է բոլոր մարդկային կառավարություններին (Սաղմոս 2։8, 9; Հայտնություն 16։14; 19։19–21)։ Այդ Թագավորությունը շատ օրհնություններ է բերելու։ Օրինակ՝ այն արմատապես վերացնելու է կոռուպցիան։ Քննենք այդ Թագավորության վեց առանձնահատկություններ, որոնք կօգնեն մեզ համոզվելու, որ այդ խոստումները կիրականանան։

1. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

ԽՆԴԻՐ։ Մարդկային կառավարությունները ֆինանսավորվում են իրենց քաղաքացիների կողմից հիմնականում հարկերի և տուրքերի միջոցով։ Տեսնելով դրամական միջոցների առատությունը՝ որոշ պաշտոնյաներ գայթակղվելով սկսում են գողանալ դրանք։ Իսկ որոշ պաշտոնյաներ էլ կաշառք են վերցնում այն մարդկանցից, ովքեր դիմում են իրենց՝ խնդրելով նվազեցնել հարկերը կամ պետական այլ վճարումներ։ Արդյունքում ձևավորվում է մի արատավոր փակ շրջան. կառավարությունը բարձրացնում է հարկերը՝ այդ պակասորդը լրացնելու համար, իսկ դա իր հերթին նպաստում է կոռուպցիայի աճին։ Նման հանգամանքներում սովորաբար ավելի շատ տուժում են ազնիվ մարդիկ։

ԼՈՒԾՈՒՄ։ Աստծու Թագավորությունը իշխելու իրավունքը ստացել է անձամբ Ամենակարող Աստծուց՝ Եհովայից * (Հայտնություն 11։15)։ Այդ կառավարությունը կարիք չունի հարկեր հավաքելու իր գործունեությունը ֆինանսավորելու համար։ Աստված «անսպառ հզոր ուժ» ունի և առատաձեռն է, ուստի դա երաշխիք է, որ նրա Թագավորության ներքո բոլոր հպատակները առատորեն կունենան այն ամենը, ինչի կարիքը ունեն (Եսայիա 40։26; Սաղմոս 145։16

2. ՂԵԿԱՎԱՐ

ԽՆԴԻՐ։ Կոռուպցիայի դեմ պայքարը «պետք է սկսել «վերևից»», ինչպես նշում է Սյուզան Ռոուզ-Ակերմանը, որի խոսքերը մեջբերվել են նախորդ հոդվածում։ Կառավարությունները կորցնում են մարդկանց վստահությունը, քանի որ փորձում են վերացնել կոռուպցիան ոստիկանության և մաքսատան ծառայողների շրջանում, մինչդեռ աչք են փակում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում եղած կոռուպցիայի վրա։ Բացի այդ, նույնիսկ բարձր բարոյական հատկանիշներ ունեցող ղեկավարը, միևնույնն է, անկատար է։ Աստվածաշունչն ասում է. «Երկրի վրա ոչ մի արդար մարդ չկա, որ միայն բարիք անի» (Ժողովող 7։20

Հիսուսը մերժեց երբևէ առաջարկված ամենամեծ կաշառքը

ԼՈՒԾՈՒՄ։ Ի տարբերություն անկատար մարդկանց՝ Հիսուս Քրիստոսը, որին Աստված ընտրել է որպես իր Թագավորության Ղեկավար, երբեք սխալ բան չի անի, անգամ եթե գայթակղության առաջ կանգնի։ Հիսուսը փաստեց դա՝ մերժելով երբևէ առաջարկված ամենամեծ կաշառքը՝ «աշխարհի բոլոր թագավորություններն ու նրանց փառքը»։ Այս աշխարհի իշխանը՝ Սատանան, խոստացավ այդ ամենը տալ Հիսուսին, եթե նա գոնե մեկ անգամ երկրպագի իրեն (Մատթեոս 4։8–10; Հովհաննես 14։30)։ Հիսուսն այնքան վճռակամ էր իր անարատությունը պահելու հարցում, որ նույնիսկ ծանր տանջանքներ կրելիս մերժեց իրեն առաջարկված մի դեղամիջոց, որը, ճիշտ է, կարող էր մեղմել իր ցավը, բայց կթուլացներ իր սթափ դատողությունը (Մատթեոս 27։34)։ Հիսուսը, որին Աստված երկնային կյանքի հարություն է տվել, լիովին փաստել է, որ արժանի է լինելու Աստծու Թագավորության Թագավորը (Փիլիպպեցիներ 2։8–11

3. ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

ԽՆԴԻՐ։ Շատ երկրներում պարբերաբար ընտրություններ են անցկացվում, ինչը, ըստ էության, մարդկանց հնարավորություն է տալիս կոռումպացված պաշտոնյաների փոխարեն ընտրելու ուրիշներին։ Սակայն ընտրարշավները և ընտրությունները նույնպես զերծ չեն կոռուպցիայից, անգամ, այսպես կոչված, զարգացած երկրներում։ Ընտրարշավների համար կատարվող նվիրատվությունների միջոցով և այլ կերպերով հարուստները սովորաբար շատ մեծ ազդեցություն են ունենում գործող պաշտոնյաների վրա, ինչպես նաև այն բանի վրա, թե ապագայում ով կընտրվի այս կամ այն պաշտոնում։

ԱՄՆ-ի գերագույն դատարանի դատավոր Ջոն Փոլ Ստիվենսը նշել է, որ նման ազդեցության պատճառով ոչ միայն հարցականի տակ է դրվում «կառավարության օրինավորությունն ու արդյունավետությունը, այլև նվազում է ժողովրդի վստահությունը կառավարության հանդեպ»։ Ուստի զարմանալի չէ, թե ինչու են շատերը մտածում, որ քաղաքական կուսակցությունները ամենակոռումպացված մարմիններն են։

ԼՈՒԾՈՒՄ։ Աստծու Թագավորությունը լինելու է մնայուն և անփոփոխ կառավարություն։ Նրա իշխանության ներքո չեն լինելու ընտրարշավներ, ընտրություններ և դրանց հետ կապված խարդախություններ (Դանիել 7։13, 14)։ Քանի որ Աստծու Թագավորության Ղեկավարին արդեն ընտրել է Աստված, մարդիկ չեն կարող ընտրությունների միջոցով իրենց ձայնը տալ այդ ղեկավարին կամ տապալել նրա իշխանությունը։ Այն փաստը, որ այդ կառավարությունը լինելու է մնայուն ու անփոփոխ, վստահեցնում է մեզ, որ նրա ձեռնարկած բոլոր քայլերը հարատև օգուտներ կբերեն նրա հպատակներին։

4. ՕՐԵՆՔՆԵՐ

Աստծու Թագավորությունը իրական կառավարություն է, որն իշխում է երկնքից

ԽՆԴԻՐ։ Գուցե մտածեք, որ եթե նոր օրենքներ սահմանվեն, իրավիճակը կբարելավվի։ Սակայն մասնագետները պարզել են, որ շատ դեպքերում, երբ նոր օրենքներ են ավելանում, դրանք պարզապես կոռուպցիայի նոր հնարավորություններ են ստեղծում։ Բացի այդ, թեև հակակոռուպցիոն օրենքները գործի դնելու համար մեծ գումարներ են ծախսվում, բայց դրանք շատ քիչ արդյունքներ են տալիս։

ԼՈՒԾՈՒՄ։ Աստծու Թագավորության օրենքները անհամեմատ բարձր են մարդկային կառավարությունների ստեղծած օրենքներից։ Օրինակ՝ «կարելի»-ների և «չի կարելի»-ների երկար ցուցակ կազմելու փոխարեն՝ Հիսուսը սովորեցրեց մի սկզբունք, որը հայտնի է որպես Ոսկե կանոն։ Նա ասաց. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթեոս 7։12)։ Կարևոր է նաև այն, որ Աստծու Թագավորության օրենքները օգնում են, որ մարդիկ ուշադրություն դարձնեն ոչ միայն իրենց արարքներին, այլև մղումներին։ Հիսուսն ասաց. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես» (Մատթեոս 22։39)։ Աստված, անկասկած, կարող էր նման պատվիրաններ տալ ու հետևել դրանց կատարմանը, քանի որ նա կարողանում է կարդալ մարդկանց սրտերը (1 Սամուել 16։7

5. ՄՂՈՒՄՆԵՐ

ԽՆԴԻՐ։ Կոռուպցիայի հիմնական պատճառները ագահությունն ու եսասիրությունն են։ Պետական պաշտոնյաներն ու քաղաքացիները հաճախ դրսևորում են այդ հատկությունները։ Նկատի առնենք, օրինակ, Սեուլում առևտրի կենտրոնի փլուզման դեպքը, որի մասին խոսվեց նախորդ հոդվածում. պետական պաշտոնյաները կաշառք էին վերցրել շինարարական կազմակերպություններից, որոնց ղեկավարները մտածում էին, որ կաշառք տալով ավելի քիչ գումար կծախսեն, քան հարկ եղած շինանյութերն ու տեխնոլոգիան օգտագործելով։

Ուստի կոռուպցիան վերացնելու համար անհրաժեշտ է մարդկանց սովորեցնել ձերբազատվել այնպիսի արմատացած հատկություններից, ինչպիսիք են ագահությունն ու եսասիրությունը։ Սակայն մարդկային կառավարությունները չեն կարող և չեն էլ ցանկանում իրականացնել այդպիսի կրթական ծրագիր։

ԼՈՒԾՈՒՄ։ Աստծու Թագավորությունը վերացնելու է կոռուպցիայի արմատները՝ սովորեցնելով մարդկանց ձերբազատվել սխալ մղումներից ու հատկություններից *։ Այդ կրթությունը օգնում է մարդկանց «նորոգելու.... [իրենց] միտքը խթանող ուժը» (Եփեսացիներ 4։23)։ Նրանք սովորում են լինել գոհունակ ու մտածել ուրիշների շահերի մասին (Փիլիպպեցիներ 2։4; 1 Տիմոթեոս 6։6

6. ՀՊԱՏԱԿՆԵՐ

ԽՆԴԻՐ։ Անգամ եթե մարդիկ ապրեն հիանալի միջավայրում և ստանան բարոյական չափանիշների վերաբերյալ լավագույն կրթությունը, միևնույնն է, կլինեն ոմանք, ովքեր չեն ցանկանա լինել ազնիվ ու անխարդախ։ Մասնագետները նշում են, որ դա է պատճառը, որ մարդկային կառավարությունները չեն կարող վերացնել կոռուպցիան։ Կառավարությունները, լավագույն դեպքում, գուցե միայն կարողանան նվազեցնել կոռուպցիայի մասշտաբներն ու դրա կործանարար հետևանքները։

ԼՈՒԾՈՒՄ։ Միավորված ազգերի կազմակերպության՝ Կոռուպցիայի դեմ կոնվենցիայում նշվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար կառավարությունները պետք է խրախուսեն «անկաշառություն, ազնվություն և պատասխանատվություն»։ Ինչ խոսք, սա վեհ նպատակ է։ Սակայն Աստծու Թագավորությունը ավելին է անում. այն ոչ միայն խրախուսում է, այլև պահանջում է, որ իր հպատակները դրսևորեն այդ հատկությունները։ Աստվածաշունչն ասում է, որ ագահ ու ստախոս մարդիկ չեն ժառանգելու Աստծու Թագավորությունը (1 Կորնթացիներ 6։9–11; Հայտնություն 21։8

Մարդիկ, անշուշտ, կարող են սովորել պահել այս բարոյական բարձր չափանիշները, ինչը երևում է առաջին դարի քրիստոնյաների օրինակից։ Երբ Սիմոն անունով մի աշակերտ առաքյալներին փող առաջարկեց՝ փորձելով ձեռք բերել սուրբ ոգին փոխանցելու պարգևը, նրանք հրաժարվեցին կաշառք վերցնելուց և ասացին. «Զղջա քո այս չարության համար»։ Սիմոնը հասկացավ, որ իր այդ ցանկությունը շատ վտանգավոր է, և առաքյալներին խնդրեց աղոթել իր համար, որ կարողանա ձերբազատվել դրանից (Գործեր 8։18–24

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ԴԱՌՆԱԼ ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀՊԱՏԱԿ

Բոլորը, անկախ իրենց ազգային պատկանելությունից, հնարավորություն ունեն դառնալու Աստծու Թագավորության հպատակ (Գործեր 10։34, 35)։ Ներկայումս ամբողջ աշխարհում իրականացվում է այդ Թագավորության կրթական ծրագիրը, որն օգնում է մարդկանց իմանալու, թե ինչպես կարող են դառնալ դրա հպատակը։ Եհովայի Վկաները հաճույքով ցույց կտան, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի տնային անվճար ուսումնասիրությունը։ Այն կարող է տևել մոտ տասը րոպե և անցկացվել շաբաթը մեկ անգամ։ Դուք Աստվածաշնչից կարևոր տեղեկություններ կստանաք, նաև շատ բան կիմանաք «Աստծու թագավորության բարի լուրի» մասին և այն մասին, թե այդ թագավորությունը ինչպես կվերացնի կոռուպցիան (Ղուկաս 4։43)։ Ավելին իմանալու համար կարող եք դիմել ձեր տարածքում ապրող Վկաներին կամ այցելել jw.org/hy-armn վեբ կայք։

Կցանկանա՞ք, որ ձեզ հետ Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն անցկացնեն

^ պարբ. 8 Համաձայն Աստվածաշնչի՝ Եհովան Աստծու անունն է։

^ պարբ. 22 Օրինակ՝ տե՛ս «Հնարավո՞ր է լինել ազնիվ այս անազնիվ աշխարհում» վերնագրով հոդվածը («Դիտարան», 2012թ., հոկտեմբերի 1)։