Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Կոռուպցիա. համաշխարհային չարիք

Կոռուպցիա. համաշխարհային չարիք

Կոռուպցիան իշխանության չարաշահումն է հօգուտ սեփական շահի։ Այս երևույթը սկիզբ է առել դեռ շատ վաղուց։ Օրինակ՝ Աստվածաշնչում կա օրենք, ըստ որի՝ արգելվում է կաշառք տալ ու վերցնել դատական գործերի ժամանակ, ինչը ցույց է տալիս, որ այդ սովորությունը արդեն լայնորեն տարածված է եղել ավելի քան 3500 տարի առաջ (Ելք 23։8)։ Ինչ խոսք, կոռուպցիան ավելին է, քան պարզապես կաշառք վերցնելը։ Կոռումպացված պետական պաշտոնյաները երբեմն յուրացնում են ապրանքներ, օգտվում են այնպիսի ծառայություններից, որոնցից իրավունք չունեն օգտվելու, և անգամ գողանում են դրամական միջոցներ։ Նրանք նաև հաճախ օգտվում են իրենց դիրքից՝ ընկերներին ու բարեկամներին ապօրինի ձևով օգնելու համար։

Թեև կոռուպցիան կարող է գոյություն ունենալ ցանկացած կառույցում, սակայն պետական համակարգի կոռուպցիան, կարելի է ասել, ամենատարածվածն է։ «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կողմից հրատարակված 2013թ. «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի» հաշվետվության համաձայն՝ մարդկանց կարծիքով՝ հինգ ամենակոռումպացված մարմիններն են քաղաքական կուսակցությունները, ոստիկանությունը, պետական պաշտոնյաները, օրենսդրությունը և դատական համակարգը։ Նկատի առնենք ընդամենը մի քանի տվյալներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ մասշտաբների է հասնում այս չարիքը։

  • ԱՖՐԻԿԱ։ 2013թ.-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում մոտ 22000 պետական պաշտոնյաներ մեղադրվել են հակաիրավական վարքագծի մեջ՝ կոռուպցիոն գործունեություն ծավալելու համար։

  • ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ։ 2012թ.-ին Բրազիլիայում 25 հոգի դատապարտվել է այն բանի համար, որ պետական միջոցներն օգտագործել է քաղաքական աջակցություն «գնելու» համար։ Դատապարտվածների թվում էր նախկին նախագահի աշխատակազմի ղեկավարը, որը պետության մեջ երկրորդ ազդեցիկ անձնավորությունն էր։

  • ԱՍԻԱ։ 1995թ.-ին Սեուլում (Հարավային Կորեա) փլուզվեց մի առևտրի կենտրոն, ինչի հետևանքով մահացավ 502 մարդ։ Գործի քննության արդյունքում պարզ դարձավ, որ քաղաքի պաշտոնյաներին կաշառել էին, որպեսզի նրանք թույլ տային շինարարական կազմակերպություններին օգտագործել ցածրորակ բետոն և խախտել անվտանգության կանոնները։

  • ԵՎՐՈՊԱ։ «Այս խնդիրը [կոռուպցիան Եվրոպայում] ցնցող մասշտաբների է հասնում»,— նշում է Եվրոպական Միության ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը։ Նա նաև ավելացնում է, որ «ըստ ամենայնի, չկա կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամք»։

Պետական համակարգի կոռուպցիան խոր արմատներ ունի։ Հակակոռուպցիոն ռազմավարության փորձագետ, պրոֆեսոր Սյուզան Ռոուզ-Ակերմանը գրել է, որ բարեփոխումներ անելու համար անհրաժեշտ է «հիմնովին փոխել կառավարության գործելակերպը»։ Թեև իրավիճակը գուցե անհուսալի թվա, սակայն Աստվածաշունչը հավաստիացնում է, որ այդ փոփոխությունները ոչ միայն հնարավոր են, այլև անպայման տեղի կունենան։