ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՀԻՍՈՒՍԸ ՓՐԿՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ. ԻՆՉԻ՞Ց
Ինչու փրկության կարիք ունենք
«Կնոջից ծնված մարդու կյանքը կարճատև է ու տագնապներով լի։ Ծաղկի պես այն ծլում է ու կտրվում։ Նա ստվերի պես փախչում է և դադարում գոյություն ունենալուց» (Հոբ 14։1, 2)։
Վաղուց ի վեր մարդիկ երազել են լինել երիտասարդ, առողջ և ապրել հավիտյան։ Սակայն, ցավոք, իրականությունն այլ է. բոլորս մահանում ենք։ Հոբի՝ վերը նշված խոսքերը, որոնք ասվել են ավելի քան 3000 տարի առաջ, մինչ օրս ճշմարիտ են։
Բոլորն էլ հավիտյան ապրելու ցանկություն ունեն։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված մեր սրտում դրել է հավիտյան ապրելու փափագ, ինչպես նաև հավիտենությունը հասկանալու ցանկություն (Ժողովող 3։11)։ Մի՞թե տրամաբանական է, որ սիրառատ Աստված մեր մեջ դներ մի ցանկություն, որը երբեք չէր իրականանալու։ Հավանաբար կհամաձայնվեք, որ դա տրամաբանական չէ։ Աստծու Խոսքում մահը թշնամի է կոչվում, և այնտեղ գրված է, որ այն «պետք է ոչնչացվի» (1 Կորնթացիներ 15։26)։
Անկասկած, մահը թշնամի է։ Առողջ դատողություն ունեցող ոչ մի մարդ չի ուզում մահանալ։ Օրինակ՝ երբ ինչ-որ վտանգ է սպառնում, մենք փորձում ենք ամեն գնով խուսափել, թաքնվել կամ փախչել դրանից։ Իսկ երբ հիվանդանում ենք, ամեն ինչ անում ենք, որ շուտ ապաքինվենք։ Նաև խուսափում ենք այն ամենից, ինչը կարող է մահվան պատճառ դառնալ։
Արդյոք հիմք ունե՞նք հավատալու, որ մահը՝ այս դարավոր թշնամին, մեկընդմիշտ կվերանա։ Այո՛։ Եհովա Աստված՝ մեր Արարիչը, չի ստեղծել մարդկանց, որ նրանք ապրեն ընդամենը մի քանի տարի և հետո մահանան։ Մահը չի եղել Աստծու սկզբնական նպատակների մեջ։ Աստված նպատակադրել էր, որ մարդիկ հավիտյան ապրեն երկրի վրա, և նա միշտ իրականացնում է իր նպատակները (Եսայիա 55։11)։
Իսկ ինչպե՞ս է մահը ոչնչանալու։ Դարեր շարունակ մարդիկ ամեն ջանք թափել են, որ մահից ազատվելու միջոց գտնեն, բայց ապարդյուն։ Այդ որոնումները շարունակվում են մինչ օրս։ Գիտնականները ստեղծել են տարբեր պատվաստանյութեր և դեղամիջոցներ, որոնց օգնությամբ հնարավոր է բուժել որոշ հիվանդություններ։ Նրանք նույնիսկ ուսումնասիրել են կենդանի օրգանիզմների գենետիկական կառուցվածքը։ Նաև այսօր որոշ վայրերում մարդիկ միջին հաշվով ավելի երկար են ապրում, քան մեկ դար առաջ։ Սակայն ոչ ոք այդպես էլ չի կարողացել հաղթել մահին։ Աստվածաշունչն ասում է. «Բոլորը դեպի հողն են վերադառնում» (Ժողովող 3։20)։
Բայց մխիթարական է իմանալ, որ Եհովա Աստված արդեն իսկ քայլեր է ձեռնարկել, որ փրկի մեզ մահից, և այդ հարցում առանցքային դեր ունի Հիսուս Քրիստոսը։