Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԶՐՈՒՅՑ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԹԵՄԱՅԻ ՇՈՒՐՋ

Ինչո՞ւ պետք է նշել Հիսուսի մահը

Ինչո՞ւ պետք է նշել Հիսուսի մահը

Ներկայացնում ենք մի զրույց, որը տեղի է ունենում Եհովայի վկայի և մեկ ուրիշ կնոջ միջև։ Վկան, որին կանվանենք Մերի, հանդիպել է Սյուզի անունով մի կնոջ։

«ՍԱ ԱՐԵՔ ԻՆՁ ՀԻՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Մերի — Բա՛րև, Սյո՛ւզի։ Շատ հաճելի էր տեսնել ձեզ անցյալ շաբաթ՝ Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյին։ * Ձեզ դուր եկա՞վ միջոցառումը։

Սյուզի — Այո՛, շատ հետաքրքիր էր, բայց անկեղծ ասած՝ ելույթի ոչ բոլոր մտքերն եմ հասկացել։ Օրինակ՝ ես գիտեի, որ մարդիկ նշում են Հիսուսի ծնունդը Սուրբ Ծննդյան օրը, նաև նշում են նրա հարությունը Զատիկին, բայց երբեք չեմ լսել, որ ինչ-որ մեկը նշի նրա մահը։

Մերի — Ճիշտ եք, Սուրբ Ծնունդն ու Զատիկը ամբողջ աշխարհում շատ հայտնի տոներ են։ Բայց Եհովայի վկաները կարծում են, որ կարևոր է նշել Հիսուսի մահը։ Եթե դուք մի քանի րոպե ունեք, ես կարող եմ բացատրել, թե ինչու են նրանք այդպես մտածում։

Սյուզի — Լավ, ես մի քիչ ժամանակ ունեմ։

Մերի — Գլխավոր պատճառը, թե ինչու են Եհովայի վկաները նշում Հիսուսի մահը, այն է, որ հենց ինքը Հիսուսն է դա պատվիրել։ Տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ Հիսուսի մահվանը նախորդող գիշերը։ Լսե՞լ եք հատուկ ընթրիքի մասին, որ Հիսուսը կազմակերպել էր իր աշակերտների համար։

Սյուզի — Նկատի ունեք Վերջին ընթրի՞քը։

Մերի — Այո՛, այն նաև անվանում են Տիրոջ ընթրիք։ Այդ ընթրիքի ժամանակ Հիսուսը հստակ հրահանգներ տվեց իր աշակերտներին։ Դրա մասին գրված է Ղուկաս 22։19-ում։ Կկարդա՞ք այս համարը։

Սյուզի — Իհա՛րկե։ «Հետո վերցրեց հացը, շնորհակալություն հայտնեց, կոտրեց այն, տվեց նրանց ու ասաց. «Սա խորհրդանշում է իմ մարմինը, որը տրվելու է ձեզ համար։ Սա արեք ինձ հիշելու համար»»։

Մերի — Շնորհակալություն։ Նկատեցի՞ք ինչ պատվիրեց Հիսուսը։ Նա ասաց. «Սա արեք ինձ հիշելու համար»։ Սակայն դա ասելուց առաջ Հիսուսը հստակ նշեց, թե ինչը պետք է հիշեն իր աշակերտները։ Նա ասաց, որ իր կյանքը պետք է տա իր հետևորդների համար։ Նույն միտքը Հիսուսը նշեց նաև Մատթեոս 20։28-ում, որտեղ գրված է. «Մարդու Որդին եկավ, որ ոչ թե իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի և իր կյանքը փրկանք տա շատերի փոխարեն»։ Փաստորեն, Եհովայի վկաները ամեն տարի Հիսուսի մահվան օրը հավաքվում են, որպեսզի հիշեն այն զոհաբերությունը, որ Հիսուսը արել է մարդկության համար։ Նրա մահվան շնորհիվ բոլոր հնազանդ մարդիկ կարող են հավիտենական կյանք ունենալ։

ԻՆՉՈ՞Ւ ՓՐԿԱՆՔԻ ԿԱՐԻՔ ԿԱՐ

Սյուզի — Մարդիկ հաճախ են ասում, որ Հիսուսը մահացել է, որպեսզի մենք կյանք ունենանք։ Բայց, անկեղծ ասած, չեմ հասկանում՝ ինչպես է դա հնարավոր։

Մերի — Գիտեք, Հիսուսի քավիչ զոհի թեման իրոք շատ խոր թեմա է։ Այն աստվածաշնչյան ամենակարևոր ճշմարտություններից մեկն է։ Եթե ևս մի քանի րոպե ունեք, կարող ենք խոսել այդ մասին։

Սյուզի — Այո՛, ունեմ։

Մերի — Շատ լավ։ Վերջերս փրկանքի մասին հոդվածներ եմ կարդացել և հիմա կփորձեմ այդ թեման հնարավորինս պարզ բացատրել ձեզ։

Սյուզի — Լավ։

Մերի — Որպեսզի իմանանք, թե ինչ է փրկանքը, նախևառաջ պետք է հասկանանք, թե ինչ իրավիճակում հայտնվեցին Ադամն ու Եվան, երբ Եդեմի պարտեզում մեղք գործեցին։ Դա հասկանալու համար կարդանք Հռոմեացիներ 6։23-ը։ Կկարդա՞ք։

Սյուզի — Իհա՛րկե։ «Մեղքի տված վարձը մահն է, բայց Աստծու տված պարգևը՝ հավիտենական կյանք մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով»։

Մերի — Շնորհակալություն։ Եկեք վերլուծենք այս խոսքերը։ Նախ ուշադրություն դարձրեք առաջին մասին՝ «մեղքի տված վարձը մահն է»։ Սա մի հստակ սկզբունք է, որ Աստված սահմանեց այն ժամանակ, երբ ստեղծեց առաջին մարդուն։ Այսինքն՝ մեղքի պատիժը մահն է։ Ինչ խոսք, սկզբում ոչ ոք մեղք չէր գործել։ Ադամն ու Եվան կատարյալ էին ստեղծվել, և նրանց երեխաները նույնպես պետք է կատարյալ ծնվեին։ Ուստի ոչ ոք չպետք է մահանար։ Ադամն ու Եվան, ինչպես նաև նրանց բոլոր սերունդները ունեին հավիտենական կյանքի հրաշալի հեռանկար։ Սակայն, ինչպես գիտենք, ամեն բան փոխվեց։ Հիշո՞ւմ եք՝ ինչ եղավ։

Սյուզի — Այո՛, Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը։

Մերի — Շատ ճիշտ եք։ Պտուղն ուտելով՝ նրանք անհնազանդություն դրսևորեցին Աստծու հանդեպ, այսինքն՝ մեղք գործեցին։ Այդպիսով՝ իրենց այդ որոշմամբ նրանք դարձան անկատար ու մեղավոր։ Ադամի ու Եվայի ընտրությունը աղետալի հետևանքներ բերեց ոչ միայն իրենց, այլև իրենց բոլոր սերունդներին։

Սյուզի — Ի՞նչ նկատի ունեք։

Մերի — Որպեսզի ավելի պարզ լինի, մի օրինակ բերեմ։ Դուք խմորեղեն կամ հաց թխել սիրո՞ւմ եք։

Սյուզի — Շատ եմ սիրում։

Մերի — Պատկերացնենք դուք ունեք հաց թխելու մի նոր կաթսա։ Սակայն նախքան դրանով որևէ բան կպատրաստեք, այն ընկնում է գետին ու նրա վրա փոս է առաջանում։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ տեսք կունենան դրա մեջ պատրաստված հացերը։ Երևի կհամաձայնվեք, որ բոլոր հացերի վրա փոս կլինի։

Սյուզի — Տրամաբանական է։

Մերի — Նմանապես, երբ Ադամն ու Եվան անհնազանդություն դրսևորեցին Աստծու հանդեպ, նրանց վրա «փոս առաջացավ»՝ նրանք ձեռք բերեցին մեղք ու անկատարություն։ Եվ քանի որ նրանք մեղավոր դարձան նախքան երեխաներ ունենալը, նրանց բոլոր երեխաները հետագայում այդ «փոսով»՝ մեղքով ծնվեցին։ Աստվածաշնչում «մեղք» բառը վերաբերում է ոչ միայն որևէ արարքի, այլև այն մեղավոր վիճակին։ Ու թեև մենք ոչ մի կապ չունենք Ադամի ու Եվայի գործած սխալի հետ և այդ ժամանակ նույնիսկ չէինք ծնվել, սակայն Ադամն ու Եվան իրենց բոլոր ապագա սերունդներին, այդ թվում նաև մեզ փոխանցել են անկատարություն և մեղք, ինչի հետևանքով բոլորս էլ մահանում ենք։ Ինչպես ասվում է Հռոմեացիներ 6։23-ում, «մեղքի տված վարձը մահն է»։

Սյուզի — Բայց ինձ թվում է, որ դա արդար չէ։ Ինչո՞ւ բոլոր մարդիկ պետք է շարունակ տառապեն Ադամի ու Եվայի գործած սխալի պատճառով։

Մերի — Ճիշտ եք, դա գուցե անարդար թվա։ Սակայն գիտեք, Աստված, կատարյալ արդարություն դրսևորելով, վճռեց, որ Ադամն ու Եվան պետք է մահանան իրենց գործած մեղքի պատճառով, բայց նրանց սերունդներին նա մի հրաշալի հույս տվեց։ Աստված տվեց մի միջոց, որով կկարողանայինք դուրս գալ մեղքի ու մահվան դատապարտությունից։ Այդ միջոցը Հիսուսի քավիչ զոհն է։ Կրկին ուշադրություն դարձնենք Հռոմեացիներ 6։23-ին։ «Մեղքի տված վարձը մահն է» արտահայտությունից հետո գրված է. «Բայց Աստծու տված պարգևը՝ հավիտենական կյանք մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով»։ Փաստորեն, Հիսուսի մահվան շնորհիվ է, որ կարող ենք ազատվել մեղքի ու մահվան ճիրաններից։ *

ՓՐԿԱՆՔ. ԱՍՏԾՈՒ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՊԱՐԳԵՎԸ

Մերի — Այս համարում նշվում է մեկ մանրամասնություն ևս, որի վրա կցանկանայի ուշադրություն դարձնեք։

Սյուզի — Ի՞նչ մանրամասնություն։

Մերի — Տեսեք, համարում ասվում է. «Աստծու տված պարգևը՝ հավիտենական կյանք մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով»։ Եթե Հիսուսն է մահացել և նա է իր կյանքը տվել մեզ համար, այդ դեպքում ինչո՞ւ է փրկանքի մասին ասվում, որ այն «Աստծու տված պարգևն է»։ Ինչո՞ւ չի ասվում՝ «Հիսուսի տված պարգևը»։ *

Սյուզի — Չգիտեմ։

Մերի — Աստված է ստեղծել Ադամին ու Եվային, և նրանք հենց Աստծու դեմ մեղք գործեցին, երբ Եդեմի պարտեզում անհնազանդ գտնվեցին։ Աստված, հավանաբար, խոր ցավ զգաց, երբ նրա առաջին երկու երեխաները ըմբոստացան իր դեմ։ Սակայն Եհովա Աստված անմիջապես քայլեր ձեռնարկեց։ * Նա նպատակադրեց, որ իր ոգեղեն որդիներից մեկը երկիր գա, ապրի որպես կատարյալ մարդ և իր կյանքը զոհաբերի որպես փրկանք։ Փաստորեն, փրկանքը Աստծու կողմից տրված պարգև է։ Սակայն կա մեկ պատճառ ևս, թե ինչու ենք ասում, որ փրկանքը Աստծու կողմից տրված պարգև է։ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ էր զգում Աստված, երբ Հիսուսին մահվան դատապարտեցին։

Սյուզի — Ճիշտն ասած, չեմ մտածել։

Մերի — Ձեր բակում խաղալիքներ եմ տեսնում, երևի երեխաներ ունեք։

Սյուզի — Այո՛, մի տղա և մի աղջիկ։

Մերի — Լինելով ծնող՝ թերևս կպատկերացնեք, թե ինչ զգացումներ ուներ Հիսուսի հայրը՝ Եհովա Աստված, այն օրը, երբ իր որդին մահացավ։ Ի՞նչ էր նա զգում, երբ իր սիրելի Որդուն ձերբակալեցին, ծաղրեցին և հարվածեցին։ Ի՞նչ էր զգում, երբ իր Որդուն գամեցին փայտե ցցին և հետո թողեցին, որ տանջալից մահով մահանա։

Սյուզի — Ը՜մ, երևի սարսափելի ցավ էր զգում։ Դրա մասին երբեք չէի մտածել։

Մերի — Իհա՛րկե, անհնար է ստույգ ասել, թե այդ օրը ինչ էր զգում Աստված։ Բայց մենք մի բան հաստատ գիտենք, որ նա ունի զգացմունքներ։ Նաև գիտենք, թե ինչու է Աստված թույլ տվել, որ այդ ամենը տեղի ունենա։ Դրա մասին գրված է Հովհաննես 3։16-ում։ Կկարդա՞ք այս խոսքերը։

Սյուզի — Այո՛։ «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա»։

Փրկանքը Աստծու սիրո մեծագույն դրսևորումն է

Մերի — Շնորհակալություն։ Ուշադրություն դարձնենք համարի առաջին մասին՝ «Աստված այնքան շատ սիրեց»։ Այո՛, գլխավոր պատճառը սերն է, որը մղեց Աստծուն երկիր ուղարկելու իր Որդուն, որպեսզի նա մահանա մեզ համար։ Իսկապես, փրկանքը Աստծու սիրո մեծագույն դրսևորումն է։ Հենց դա է պատճառը, որ Եհովայի վկաները ամեն տարի հավաքվում են նշելու Հիսուսի մահը։ Մեր զրույցը որոշ չափով օգնե՞ց ձեզ ավելի լավ հասկանալու այս թեման։

Սյուզի — Շատ օգնեց։ Շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք այդ թեման բացատրելու համար։

Հավանաբար ունեք այնպիսի աստվածաշնչյան հարց, որի պատասխանն ուզում եք իմանալ։ Կամ գուցե ցանկանում եք տեղեկանալ Եհովայի վկաների հավատալիքներին և գործունեությանը։ Երբ հաջորդ անգամ հանդիպեք Վկաներին, մի՛ վարանեք խոսել նրանց հետ։ Նրանք հաճույքով կպատասխանեն ձեր հարցերին։

^ պարբ. 5 Ամեն տարի Հիսուսի մահվան օրը Եհովայի վկաները հավաքվում են՝ հիշելու այն զոհաբերությունը, որ նա արել է մեզ համար։

^ պարբ. 32 Հաջորդ թողարկումներից մեկում կխոսվի այն մասին, թե ինչպես է Հիսուսի քավիչ զոհը հնարավորություն տալիս ազատվելու մեղքից։ Նաև կիմանանք, թե ինչ պետք է անենք, որպեսզի այդ զոհից օգուտներ ստանանք։

^ պարբ. 36 Համաձայն Աստվածաշնչի՝ Աստված և Հիսուսը երկու տարբեր անձնավորություններ են։ Ավելի շատ տեղեկություններ գտնելու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 4-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։