ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մտահոգություն փողի մասին
Երկու երեխաների հայր Փոլը պատմում է. «Ինֆլյացիայի պատճառով երկրում մթերքը ոչ միայն թանկացավ, այլև քչացավ։ Ժամերով հերթ էինք կանգնում, բայց հաճախ մինչև մեր հերթը հասնելը մթերքը վերջանում էր։ Մարդիկ սովի պատճառով հյուծվել էին և այնքան էին թուլացել, որ ընկնում էին փողոցներում։ Անհրաժեշտ ապրանքների գները հասան միլիոնների, իսկ ավելի ուշ՝ միլիարդների։ Դրամը արժեզրկվեց։ Ես կորցրեցի բանկային հաշիվս, ապահովագրական ու կենսաթոշակային ֆոնդում ունեցած գումարս»։
Փոլը գիտեր, որ ընտանիքի գոյատևման համար պետք է «իմաստություն» դրսևորեր (Առակներ 3։21)։ Նա պատմում է. «Ես էլեկտրիկ եմ, բայց անում էի ցանկացած գործ, որ գտնում էի, ու սովորականից ցածր գնով էի վարձատրվում։ Ոմանք փողի փոխարեն մթերք կամ տնտեսական ապրանքներ էին տալիս։ Օրինակ՝ եթե ինձ չորս օճառ էին տալիս, երկուսն օգտագործում էինք, իսկ մյուս երկուսը վաճառում էի։ Մի անգամ 40 հավի ճուտ տվեցին։ Երբ ճուտիկները մեծացան, վաճառեցի ու գնեցի ևս 300 ճուտ։ Հետագայում 50 հավը փոխանակեցի 50 կիլոգրամ եգիպտացորենի ալյուրի հետ։ Այդպես կարողացա երկար ժամանակ կերակրով ապահովել ինչպես իմ, այնպես էլ ուրիշ շատ ընտանիքների»։
Փոլը նաև գիտեր, որ ամենագործնական քայլերից մեկը Աստծուն վստահելն է։ Երբ կատարում ենք Աստծու պահանջները, նա օգնում է մեզ։ Կյանքի համար անհրաժեշտ բաները ձեռք բերելու վերաբերյալ Հիսուսն ասաց. «Մի՛ մտատանջվեք, քանի որ.... ձեր Հայրը գիտի, որ դրանք անհրաժեշտ են ձեզ» (Ղուկաս 12։29–31)։
Ցավոք, Աստծու գլխավոր թշնամին՝ Սատանան, մարդկանց ուշադրությունը կենտրոնացրել է կյանքի հոգսերի վրա։ Մարդիկ չափից շատ են անհանգստանում իրենց կարիքների մասին և ամեն գնով ձգտում են ձեռք բերել իրեր, որոնք անհրաժեշտ չեն իրենց։ Շատերը պարտքերի մեջ են խրվում և դառը փորձով համոզվում, որ «պարտք վերցնողը պարտք տվողին ծառա է» (Առակներ 22։7)։
Շատ մարդիկ կայացնում են վտանգավոր որոշումներ։ Փոլն ասում է. «Իմ հարևաններից շատերը թողեցին իրենց ընտանիքներին ու ընկերներին և գնացին արտասահման ավելի լավ կյանք փնտրելու։ Ոմանք մեկնեցին առանց անհրաժեշտ փաստաթղթերի, ինչի պատճառով չկարողացան աշխատանք գտնել։ Արդյունքում նրանք հաճախ քնում էին փողոցներում և թաքնվում էին ոստիկաններից։ Նրանք հնարավորություն չտվեցին Աստծուն օգնելու իրենց։ Սակայն մենք որոշեցինք մեր ընտանիքի ֆինանսական խնդիրները դիմագրավել Աստծու օգնությամբ»։
ՀԵՏԵՎԵՆՔ ՀԻՍՈՒՍԻ ԽՈՐՀՐԴԻՆ
Փոլը շարունակում է. «Հիսուսն ասաց. «Երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին, որովհետև վաղվա օրը կունենա իր մտահոգությունները։ Ամեն օրվա համար բավական է ի՛ր նեղությունը»։ Ուստի ամեն օր խնդրում էի Աստծուն, որ մեզ տա մեր օրվա հացը, որպեսզի կարողանանք գոյատևել»։ Ինչպես Հիսուսը խոստացել էր, Աստված օգնեց մեզ։ Միշտ չէ, որ հենց մեր ուզածն էինք ունենում։ Մի անգամ հերթի մեջ սպասում էի ու չգիտեի, թե ինչ է վաճառվում։ Երբ հերթս հասավ, տեսա, որ մածուն է, իսկ ես մածուն չեմ սիրում։ Այդուհանդերձ, այդ օրը մածուն կերանք։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որ այդ ընթացքում ընտանիքս երբեք սոված չի քնել»։ *
Աստված խոստացել է. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի» (Եբրայեցիներ 13։5)
Փոլը ավելացնում է. «Այսօր այդ ամենը անցյալում է, սակայն մենք սովորեցինք, որ մտահոգությունների դեմ պայքարելու լավագույն կերպը Աստծուն վստահելն է։ Եհովան * միշտ կօգնի մեզ, եթե շարունակենք կատարել նրա կամքը։ Մենք համոզվեցինք Սաղմոս 34։8 համարի ճշմարտացիության մեջ. «Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի է, երջանիկ է այն մարդը, ով նրա մոտ է ապաստան գտնում»։ Մենք այլևս չենք վախենում կրկին ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնվելուց»։
«Այժմ գիտենք, որ մարդուն ոչ թե փող կամ աշխատանք է անհրաժեշտ գոյատևելու համար, այլ սնունդ։ Մենք անհամբերությամբ սպասում ենք այն ժամանակին, երբ Աստծու խոստումը կիրականանա, և «ցորենի առատություն կլինի երկրի վրա»։ Իսկ մինչ այդ, «եթե ուտելիք, հագուստ և ծածկ ունենք, դրանցով կբավարարվենք»։ Մենք մեծ զորություն ենք ստացել Աստվածաշնչի հետևյալ խոսքերից. «Ձեր կյանքում փողասիրությունը թող տեղ չունենա։ Բավարարվեք եղածով, քանի որ նա ասաց. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի»։ Այնպես որ քաջությամբ ենք լցված և ասում ենք. «Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա»»»,— ասում է Փոլը։ *
Հավատ է անհրաժեշտ «Աստծու հետ քայլելու» համար, ինչպես որ Փոլն ու նրա ընտանիքն են անում (Ծննդոց 6։9)։ Անկախ նրանից՝ այսօր ենք լուրջ ֆինանսական ճգնաժամի դեմ պայքարում, թե ապագայում կլինի նման բան, հավատ և իմաստություն դրսևորելու հարցում Փոլի օրինակից մեծ օգուտներ ենք քաղում։
Իսկ ինչպե՞ս վարվել, եթե մեզ մտահոգում են ընտանեկան խնդիրները։
^ պարբ. 9 Տե՛ս Մատթեոս 6։11, 34։
^ պարբ. 10 Աստծու անունը Եհովա է, ինչպես որ գրված է Աստվածաշնչում։