Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ

Ինչպիսի՞ մարդիկ են Եհովայի վկաները

Ինչպիսի՞ մարդիկ են Եհովայի վկաները

Մենք՝ Եհովայի վկաներս, միջազգային կազմակերպություն ենք, որն առնչություն չունի այլ կրոնական ուղղությունների կամ խմբերի հետ։ Թեև մեր գլխավոր վարչությունը գտնվում է Միացյալ Նահանգներում, սակայն Եհովայի վկաների ճնշող մեծամասնությունը ապրում է այլ երկրներում։ Եհովայի վկաները, որոնց թիվը հասնում է մոտ ութ միլիոնի, մարդկանց հայտնում են աստվածաշնչյան ճշմարտությունները ավելի քան 230 երկրներում՝ վարվելով Հիսուսի հետևյալ խոսքերին ներդաշնակ. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար» (Մատթեոս 24։14

Անկախ նրանից, թե որ երկրում ենք ապրում, մենք բարեխղճորեն հնազանդվում ենք պետական օրենքներին, սակայն չեզոք ենք մնում քաղաքական հարցերում։ Հիսուսն ինքն է պատվիրել, որ քրիստոնյաները չլինեն «աշխարհի մի մասը»։ Այդ պատճառով մենք չենք մասնակցում քաղաքականությանը, քաղաքական թեմաներով բանավեճերի և որևէ կերպ չենք աջակցում պատերազմներին (Հովհաննես 15։19; 17։16)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եհովայի վկաները բանտարկվել են, տանջանքների են ենթարկվել և անգամ սպանվել են իրենց չեզոքության համար։ Գերմանացի նախկին մի եպիսկոպոս գրեց. «Իրավամբ կարելի է ասել, որ նրանք միակ խումբն են, որ կրոնական համոզմունքների հիման վրա հրաժարվել են զինծառայությունից Երրորդ ռայխում»։

«[Եհովայի վկաները] բարոյական մեծ ուժ ունեն։ Մենք կարող էինք այս անշահախնդիր մարդկանց վստահել քաղաքական բարձր պաշտոններ, բայց նրանք երբեք չեն համաձայնվի.... Նրանք հարգում են պետական իշխանությունը, բայց հավատում են, որ միայն Աստծու Թագավորությունը կարող է լուծել մարդկության բոլոր խնդիրները» («Nová Svoboda» թերթ, Չեխիայի Հանրապետություն)։

Սակայն մենք մարդկանցից չենք մեկուսանում։ Իր հետևորդների մասին Հիսուսն աղոթեց Աստծուն. «Խնդրում եմ քեզ, որ ոչ թե նրանց վերցնես աշխարհից, այլ որ պահպանես նրանց Չարից» (Հովհաննես 17։15)։ Հետևաբար մենք, մյուս մարդկանց նման, ապրում ենք սովորական կյանքով. աշխատում ենք, գնումներ ենք անում, իսկ մեր երեխաները, մյուս երեխաների պես, դպրոց են գնում։