Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կեղծավորություն. երբևէ այն վերջ կգտնի՞

Կեղծավորություն. երբևէ այն վերջ կգտնի՞

ՊԱՆԱՅՈՏԱՆ մեծացել է Միջերկրական ծովի կղզիներից մեկում։ Պատանեկան տարիքում նա ակտիվորեն հետաքրքրվել է քաղաքականությամբ։ Հետագայում նա իրենց գյուղում աշխատել է որպես քաղաքական մի կուսակցության քարտուղարուհի։ Նա նույնիսկ գնում էր տնից տուն՝ կուսակցության համար դրամական միջոցներ հավաքելու։ Սակայն ժամանակի ընթացքում Պանայոտան խորապես հիասթափվեց։ Չնայած կուսակցության անդամները միմյանց «ընկեր» էին կոչում, սակայն դրսևորում էին կողմնապահություն, փառասիրություն, նախանձ, և նրանց միջև մշտապես բախումներ էին լինում։

Դենիելը, որն Իռլանդիայից է, մեծացել է խիստ կրոնասեր ընտանիքում։ Սակայն նրա հիշողության մեջ վառ է մնացել այն կեղծավոր վարքը, որ դրսևորել են քահանաները։ Նրանք զբաղվում էին հարբեցողությամբ, մոլեխաղերով, գողանում էին հանգանակության արկղից, իսկ ամբիոնից քարոզում էին, թե մեղք գործողները կայրվեն դժոխքի կրակներում։

Ջեֆրին երկար տարիներ աշխատել է մարկետինգի և առևտրի բնագավառում՝ միջազգային նավատիրական ընկերություններում, որոնց կենտրոնները գտնվում էին Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում։ Նա պատմում է, որ հաճախորդները և մրցակից ընկերությունները պետական պաշտոնյաների հետ բանակցելիս շատ հաճախ դիմում էին խաբեության։ Գործարք կնքելու համար նրանք պատրաստ էին կեղծավորաբար ասելու գրեթե ամեն բան։

Ցավոք, սրանք բացառիկ դեպքեր չեն։ Կեղծավորությունը տարածված է մարդկային գործունեության գրեթե ամեն բնագավառում՝ քաղաքական, կրոնական և առևտրային։ Ուշագրավ է, որ որոշ լեզուներում «կեղծավոր» բառը ծագել է հունարեն «հիպոկրիտես» բառից, որը նշանակում է հռետոր կամ թատրոնի դերասան, որը հաճախ դիմակ է կրում։ Ժամանակի ընթացքում բառիմաստի ընդլայնում է տեղի ունեցել, և այդ բառը սկսել է վերաբերել ցանկացած մարդու, ով իրեն այլ անձնավորություն է ձևացնում ուրիշներին խաբելու և իր եսասիրական նպատակներն իրականացնելու համար։

Կեղծավորության զոհ դարձած մարդկանց մեջ հաճախ բացասական հույզեր են արթնանում՝ դառնություն, վրդովմունք, վիրավորվածության զգացում։ Նման մարդիկ գուցե հարցնեն. «Կեղծավորությունը մի օր վերջ կգտնի՞»։ Աստծու Խոսքը վստահեցնում է, որ այդ արատավոր երևույթը մեկընդմիշտ կվերանա։ Այն նաև ցույց է տալիս, թե ինչ հիմքեր ունենք հավատալու, որ այդպես կլինի։

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱՍՏՎԱԾ ՈՒ ՆՐԱ ՈՐԴԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԿԵՂԾԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ

Աստվածաշունչը հայտնում է, որ կեղծավորությունը սկիզբ է առել ոչ թե մարդկանց մեջ, այլ մի անտեսանելի ոգեղեն արարածի։ Մարդկության պատմության վաղ շրջանում Բանսարկու Սատանան, օձին որպես «դիմակ» օգտագործելով, խոսեց առաջին կնոջ՝ Եվայի հետ և նրան խաբելու համար ներկայացավ որպես բարերար (Ծննդոց 3։1–5)։ Այդ ժամանակվանից ի վեր շատ մարդիկ նույնպես ձևացրել են, թե այլ անձնավորություն են, և թաքցրել են իրենց իսկական էությունը՝ ուրիշներին խաբելու կամ իրենց եսասիրական նպատակներին հասնելու համար։

Երբ հնում ապրած Իսրայել ազգը ընկավ կեղծ երկրպագության թակարդը և սկսեց կեղծավոր սրտով երկրպագել Եհովա Աստծուն, Աստված նրանց բազմիցս զգուշացրեց, որ այդ ամենը վատ հետևանքներ կբերի։ Եսայիա մարգարեի միջոցով Եհովան ասաց. «Այս ժողովուրդը իր բերանով է մոտենում ինձ և միայն իր շուրթերով է փառաբանում ինձ, բայց իր սիրտը հեռացրել է ինձնից» (Եսայիա 29։13)։ Իսրայել ազգը չփոխեց իր սխալ ընթացքը, ուստի Աստված թույլ տվեց, որ ուրիշ ազգերը կործանեն Իսրայելի կրոնական կենտրոնը՝ Երուսաղեմը՝ իր տաճարով հանդերձ։ Առաջին անգամ այն ավերեցին բաբելոնացիները մ.թ.ա. 607-ին, իսկ հետո՝ հռոմեական զորքերը մ.թ. 70-ին։ Հստակ է, որ Աստված անվերջ չի հանդուրժում կեղծավորությունը։

Մինչդեռ անկեղծ ու ազնիվ մարդիկ շատ թանկ են Աստծու ու նրա Որդու համար։ Օրինակ՝ Հիսուսի ծառայության վաղ շրջանում նրան մոտեցավ Նաթանայել անունով մի մարդ։ Նրան տեսնելուն պես Հիսուսն ասաց. «Ահա իսկական իսրայելացի, որի մեջ նենգություն չկա» (Հովհաննես 1։47)։ Ավելի ուշ Նաթանայելը, որին նաև Բարթողոմեոս են անվանում, դարձավ Հիսուսի 12 առաքյալներից մեկը (Ղուկաս 6։13–16

Հիսուսը շատ ժամանակ էր անցկացնում իր հետևորդների հետ և նրանց մեջ սերմանում էր Աստծու մտածելակերպը։ Հիսուսը սովորեցնում էր, որ նրանց մեջ չպետք է լինի կեղծավորություն։ Նա նաև խստորեն դատապարտում էր այդ ժամանակվա կրոնական առաջնորդների կեղծավոր վարքը։ Նկատի առնենք, թե ինչպես էր դրսևորվում այդ կրոնական առաջնորդների կեղծավորությունը։

Կրոնական առաջնորդները ի ցույց էին դնում իրենց «արդարությունը»։ Հիսուսը մի առիթով իր ունկնդիրներին ասաց. «Զգո՛ւյշ եղեք, որ ձեր արդարությունը մարդկանց առաջ ցույց չտաք նրանց կողմից նկատվելու համար.... ինչպես որ կեղծավորներն են անում»։ Նա նաև պատվիրեց նրանց, որ ողորմության նվերներ տան «ծածուկ», կամ՝ աննկատ կերպով։ Աղոթելիս էլ նրանք պետք է անեին դա առանձին, ոչ թե այնպես, որ բոլորը տեսնեին։ Այդ դեպքում նրանց երկրպագությունը կլիներ անկեղծ և հաճելի կլիներ Աստծուն (Մատթեոս 6։1–6

Կրոնական առաջնորդները ուրիշներին քննադատելու սովորություն ունեին։ Դրա մասին խոսելով՝ Հիսուսն ասաց. «Կեղծավո՛ր, նախ քո աչքի միջի գերանը հանիր և հետո պարզ կտեսնես, թե ինչպես կարելի է եղբորդ աչքի միջից շյուղը հանել» (Մատթեոս 7։5)։ Երբ մարդը, ավելի մեծ թերություններ ունենալով հանդերձ, կենտրոնանում է ուրիշների սխալների ու թերությունների վրա, կարելի է ասել, որ նա իրեն ներկայացնում է որպես այնպիսի մեկը, ինչպիսին իրականում չկա, քանի որ իրականում, ինչպես Աստվածաշունչն է ասում, «բոլորը մեղք գործեցին ու չհասան Աստծու փառքին» (Հռոմեացիներ 3։23

Կրոնական առաջնորդները նենգ մղումներ ունեին։ Մի առիթով փարիսեցիների աշակերտները և Հերովդեսի կողմնակիցները մոտեցան Հիսուսին, որ գլխահարկի հետ կապված հարց տան նրան։ Նրանք շողոքորթաբար ասացին. «Ուսուցի՛չ, գիտենք, որ դու ճշմարտախոս ես, Աստծու ճանապարհը ճշմարտությամբ ես սովորեցնում»։ Հետո ցանկանալով ծուղակը գցել նրան՝ հարցրին. «Օրենքով թույլատրելի՞ է կայսրին գլխահարկ տալ, թե՞ ոչ»։ Ի պատասխան՝ Հիսուսն ասաց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում, կեղծավորնե՛ր»։ Հիսուսը նրանց կեղծավորներ անվանեց, քանի որ իրականում նրանց բոլորովին էլ չէր հետաքրքրում այդ հարցի պատասխանը, այլ նրանք մտադիր էին Հիսուսին «իր իսկ խոսքերով ծուղակը գցել» (Մատթեոս 22։15–22

Ճշմարիտ քրիստոնյաները դրսևորում են այնպիսի «սեր, որ բխում է անարատ սրտից, մաքուր խղճից և կեղծավորությունից զերծ հավատից» (1 ՏԻՄՈԹԵՈՍ 1։5

Երբ մ.թ. 33-ի Պենտեկոստեին հիմնվեց քրիստոնեական ժողովը, ստեղծվեց մի միջավայր, որտեղ ծաղկում էին ճշմարտությունն ու ազնվությունը։ Ճշմարիտ քրիստոնյաները ամեն ջանք թափում էին, որ իրենց միջից արմատախիլ անեն կեղծավորության ամեն նշույլ։ Օրինակ՝ Պետրոսը՝ Հիսուսի 12 առաքյալներից մեկը, քրիստոնյաներին հորդորում էր, որ «ճշմարտությանը հնազանդվելով»՝ դրսևորեն «կեղծավորությունից զերծ եղբայրասիրություն» (1 Պետրոս 1։22)։ Իսկ Պողոս առաքյալը իր համագործակիցներին հորդորում էր ունենալ այնպիսի «սեր, որ բխում է անարատ սրտից, մաքուր խղճից և կեղծավորությունից զերծ հավատից» (1 Տիմոթեոս 1։5

ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Հիսուսի և նրա առաքյալների սովորեցրած ճշմարտությունները, որ գրված են Աստվածաշնչում, այսօր էլ նույնքան զորավոր են, որքան առաջին դարում։ Դրա վերաբերյալ Պողոս առաքյալը գրել է. «Աստծու խոսքը կենդանի է ու զորեղ և ավելի սուր է, քան ցանկացած երկսայրի սուր. այն ներթափանցում է նույնիսկ մինչև հոգու և ոգու, ինչպես նաև հոդերի ու դրանց ոսկրածուծի բաժանումը և կարող է քննել սրտի մտքերն ու մտադրությունները» (Եբրայեցիներ 4։12)։ Շատ մարդիկ, ովքեր սովորել են Աստվածաշնչում գրված ճշմարտությունները և ձգտել են ապրել դրանց ներդաշնակ, կարողացել են ձերբազատվել կեղծավոր հակումներից ու դրսևորել ազնվություն և անկեղծություն։ Նկատի առնենք այն երեք մարդկանց օրինակները, ում մասին նշվեց հոդվածի սկզբում։

«Մարդիկ իսկական սեր և անկեղծ հետաքրքրություն էին դրսևորում միմյանց նկատմամբ» (ՊԱՆԱՅՈՏԱ)։

Պանայոտայի կյանքում շրջադարձային եղավ այն օրը, երբ նա, ընդունելով իրեն տրված հրավերը, ներկա եղավ Եհովայի վկաների հանդիպմանը նրանց Թագավորության սրահում։ Այնտեղ նա տեսավ, որ ոչ ոք չի փորձում ի ցույց դնել իր արդարությունը՝ ուրիշներին տպավորելու համար։ Նա պատմում է. «Այնտեղ մարդիկ իսկական սեր և անկեղծ հետաքրքրություն էին դրսևորում միմյանց նկատմամբ, մի բան որ ես երբեք չէի տեսել այն բոլոր տարիների ընթացքում, երբ զբաղվում էի քաղաքականությամբ»։

Պանայոտան սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և հոգևորապես առաջադիմելով՝ մկրտվեց։ Դա 30 տարի առաջ էր։ Այժմ նա ասում է. «Կյանքի իսկական իմաստը ես գտա ոչ թե այն ժամանակ, երբ գնում էի տնից տուն՝ իմ քաղաքական կուսակցության շահերն առաջ տանելու համար, այլ երբ սկսեցի քարոզել Աստծու Թագավորության մասին, որը արդար աշխարհ հաստատելու միակ միջոցն է»։

«Չէի ուզում, որ հավատակիցներս իմ մասին ունենային այնպիսի կարծիք, որը չէր համապատասխանում իրականությանը» (ԴԵՆԻԵԼ)։

Դենիելը նույնպես ուսումնասիրեց Աստվածաշունչը և դարձավ Եհովայի վկա։ Նա հոգևորապես առաջադիմեց և որոշ պատասխանատվություններ ստացավ քրիստոնեական ժողովում։ Տարիներ անց նա մի սխալ արեց, և նրա խիղճը սկսեց տանջել նրան։ Նա պատմում է. «Իմ մտքում դեռ վառ էր մնացել եկեղեցիներում տարիներ շարունակ տեսած կեղծավորությունը։ Ես հասկանում էի, որ չեմ կարող ինքս էլ կեղծավորաբար վարվել և պետք է թողնեմ ժողովում ունեցած իմ առանձնաշնորհումները։ Չէի ուզում, որ հավատակիցներս իմ մասին ունենային այնպիսի կարծիք, որը չէր համապատասխանում իրականությանը»։

Անցավ որոշ ժամանակ, և Դենիելը կրկին կարողացավ մաքուր խղճով ստանձնել իր ունեցած պատասխանատվությունները։ Այսպիսի ազնվությունը բնորոշ է նրանց, ովքեր ծառայում են Աստծուն առանց կեղծավորության։ Նրանք սովորում են նախ իրենց «աչքի միջի գերանը հանել» և հետո միայն օգնել իրենց եղբորը՝ նրա աչքի միջի «շյուղը հանելու»։

«Հասկացա, որ չեմ կարող մնալ նույն խորամանկ, պերճախոս առևտրականը» (ՋԵՖՐԻ)։

Ջեֆրին, որն իր կյանքի մեծ մասն անցկացրել էր բիզնեսի աշխարհում, ասում է. «Երբ ես սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել ու հետզհետե ավելի շատ բան սովորեցի, հասկացա, որ չեմ կարող մնալ նույն խորամանկ, պերճախոս առևտրականը, որը պատրաստ է ասելու ամեն բան, միայն թե գործարք կնքի։ Ինձ վրա մեծ ազդեցություն գործեցին այնպիսի աստվածաշնչյան համարներ, ինչպիսին Առակներ 11։1-ն է, որտեղ ասվում է, որ «խարդախ կշեռքը գարշելի է Եհովայի համար»»։ Այո՛, ի տարբերություն գլխահարկի մասին Հիսուսին հարց ուղղած մարդկանց՝ Ջեֆրին սովորեց ազնիվ մղումներով վարվել թե՛ իր հավատակիցների, թե՛ մյուս մարդկանց հետ։

Աշխարհում ապրող միլիոնավոր Եհովայի վկաներ ջանում են կիրառել այն ամենը, ինչ սովորում են Աստվածաշնչից։ Նրանք շարունակ ջանքեր են գործադրում, որ «հագնեն նոր անձնավորությունը, որը ստեղծվել է Աստծու կամքի համաձայն՝ ճշմարիտ արդարությամբ ու նվիրվածությամբ» (Եփեսացիներ 4։24)։ Մենք հորդորում ենք ձեզ անձամբ տեղեկանալու՝ ովքեր են Եհովայի վկաները և ինչին են հավատում։ Նրանք նաև կարող են օգնել ձեզ տեղեկություններ ձեռք բերելու Աստծու խոստացած նոր աշխարհի մասին։ Այդ նոր աշխարհում «արդարություն է բնակվելու», և այլևս կեղծավորություն չի լինելու (2 Պետրոս 3։13