Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ՀԱՍԿԱՆԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Գիրք, որը կարող ենք հասկանալ

Գիրք, որը կարող ենք հասկանալ

Աստվածաշունչը շատ հին գիրք է։ Աստվածաշնչի առաջին գրքերը սկսել են գրվել մոտ 3500 տարի առաջ Մերձավոր Արևելքում։ Համեմատության համար նշենք, որ դա Հնդկաստանում բուդդայականության ծագումից մոտ տասը դար առաջ էր՝ այն ժամանակաշրջանում, երբ Չինաստանում իշխում էր պատմության մեջ հայտնի ամենահին չինական դինաստիան (տե՛ս « Տեղեկություններ Աստվածաշնչի մասին» շրջանակը)։

Աստվածաշունչը տալիս է կյանքին առնչվող ամենակարևոր հարցերի պատասխանները

Որպեսզի գիրքը մարդկանց օգուտ բերի և նրանց ճիշտ առաջնորդություն տա, այն պետք է հասկանալի և գործնական լինի։ Աստվածաշունչը հենց այդպիսի գիրք է։ Այն տալիս է կյանքին առնչվող ամենակարևոր հարցերի պատասխանները։

Օրինակ՝ հավանաբար մտածել եք հետևյալ հարցի շուրջ. «Ինչո՞ւ ենք ապրում»։ Մարդիկ հազարավոր տարիներ փնտրել են և մինչ օրս փնտրում են այս հարցի պատասխանը։ Մինչդեռ պատասխանը գտնվում է Աստվածաշնչի «Ծննդոց» գրքի առաջին երկու գլուխներում։ Աստվածաշնչի այս արձանագրության մեջ խոսվում է այն մասին, թե «սկզբում»՝ միլիարդավոր տարիներ առաջ, ինչպես է ստեղծվել մեր տիեզերքը, այդ թվում գալակտիկաները, աստղերը և երկրագունդը (Ծննդոց 1։1)։ Այնուհետև հերթականությամբ նկարագրվում է, թե ինչպես է մեր մոլորակը բնակելի դարձել, ինչպես են ստեղծվել կենդանի օրգանիզմների տարբեր տեսակները և մարդ արարածը, նաև նշվում է, թե որն է այդ ամենի ստեղծման նպատակը։

ԳՐՎԱԾ Է ԱՅՆՊԵՍ, ՈՐ ՀԱՍԿԱՆԱՆՔ

Աստվածաշունչը պարունակում է գործնական խորհուրդներ, որոնք կարող են օգնել մեզ լուծելու առօրյա խնդիրները։ Այդ խորհուրդները հեշտ է հասկանալ շնորհիվ աստվածաշնչյան արձանագրության երկու առանձնահատկության։

Նախևառաջ Աստվածաշունչը գրված է պարզ, հասկանալի և ազդեցիկ լեզվով։ Աստվածաշնչի բնագրում հիմնականում օգտագործվում են ոչ թե վերացական կամ խորհրդավոր բառեր և արտահայտություններ, այլ այնպիսի բառեր, որոնք առնչվում են շրջակա աշխարհում գոյություն ունեցող նյութական բաներին, և որոնք մեր մտքում պատկերներ են ստեղծում։ Բարդ մտքերը շարադրված են պարզ, հասարակ բառերով, որոնք հաճախ են գործածվում առօրյա կյանքում։

Օրինակ՝ մարդկանց կարևոր դասեր սովորեցնելու և նրանց սրտին հասնելու համար Հիսուսը օգտագործում էր նրանց առօրյա կյանքից վերցված պարզ օրինակներ։ Այդպիսի շատ օրինակներ կան Հիսուսի հայտնի Լեռան քարոզում, որը արձանագրված է Աստվածաշնչի «Մատթեոս» գրքի 5-ից 7-րդ գլուխներում։ Աստվածաշնչի մի մեկնաբան, այդ քարոզն անվանելով «գործնական ելույթ», նշում է, որ դրա նպատակը ոչ թե «պարզապես ինչ-որ տեղեկություն հաղորդելն է, այլ գործնական առաջնորդություն տալը և մեր վարքը ուղղելը»։ Աստվածաշնչի այդ գլուխները կարող եք կարդալ թերևս 15–20 րոպեում։ Գուցե զարմանաք՝ տեսնելով, թե որքան պարզ, սակայն միևնույն ժամանակ ազդեցիկ են Հիսուսի խոսքերը։

Մյուս առանձնահատկությունը, որի շնորհիվ Աստվածաշունչը հեշտ է հասկանալ, դրա բովանդակությունն է։ Այն առասպելների ու հեքիաթների գիրք չէ։ Ինչպես նշվում է «Ուորլդ բուք» հանրագիտարանում, Աստվածաշունչը հիմնականում «և՛ նշանավոր, և՛ հասարակ մարդկանց մասին է», ինչպես նաև նրանց «մաքառումների, հույսերի, ձախողումների և հաջողությունների մասին»։ Մենք կարող ենք հեշտությամբ հասկանալ իրական մարդկանց և դեպքերի մասին այդ պատմությունները և այն կարևոր դասերը, որ պարունակում են այդ պատմությունները (Հռոմեացիներ 15։4

ՄԱՏՉԵԼԻ Է ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Որպեսզի կարողանանք հասկանալ որևիցե գիրք, այն պետք է գրված լինի մեզ հասկանալի լեզվով։ Աստվածաշունչը ակներևաբար առկա է այն լեզվով, որը դուք կարող եք հասկանալ, անկախ նրանից, թե որտեղ եք ապրում և ինչ ազգության եք պատկանում։ Տեսնենք, թե ինչի շնորհիվ է դա հնարավոր դարձել։

Թարգմանություն։ Աստվածաշունչը գրվել է եբրայերենով, արամերենով և հունարենով։ Հետևաբար, այն կարող էին կարդալ միայն սահմանափակ թվով մարդիկ։ Շատ ազնվասիրտ թարգմանիչներ մեծ ջանքեր են ներդրել, որպեսզի Աստվածաշունչը մատչելի դառնա նաև այլ լեզուներով։ Նրանց ջանքերի շնորհիվ ներկայումս Աստվածաշունչը ամբողջությամբ կամ մասամբ մատչելի է մոտ 2700 լեզվով։ Սա նշանակում է, որ երկրագնդի բնակչության ավելի քան 90 տոկոսը կարող է իր մայրենի լեզվով կարդալ ամբողջ Աստվածաշունչը կամ առնվազն դրա մի մասը։

Տպագրություն։ Սկզբում Աստվածաշունչը գրվել է հեշտ քայքայվող նյութերի վրա, ինչպիսիք են մագաղաթը և պապիրուսը։ Որպեսզի Աստվածաշնչի տեղեկությունը պահպանվեր ու փոխանցվեր հաջորդ սերունդներին, անհրաժեշտ էր այդ տեքստը պարբերաբար արտագրել ամենայն զգուշությամբ և ուշադրությամբ։ Այդ ձեռագրերը շատ թանկ էին և շատ քիչ մարդիկ կարող էին ձեռք բերել դրանք։ Սակայն ավելի քան 550 տարի առաջ Գուտենբերգը ստեղծեց տպագրահաստոցը, և դրա շնորհիվ Աստվածաշունչը լայն տարածում գտավ։ Մի հաշվետվության համաձայն՝ Աստվածաշնչի կամ նրա որոշ հատվածների ավելի քան հինգ միլիարդ օրինակ է տարածվել։

Ոչ մի ուրիշ կրոնական գիրք այս առումներով չի կարող համեմատվել Աստվածաշնչի հետ։ Իրոք, Աստվածաշունչը մի գիրք է, որը գրված է այնպես, որ մարդիկ հասկանան այն։ Այդուհանդերձ, այն հասկանալը այդքան էլ հեշտ չէ։ Բայց այդ հարցում կարող եք օգնություն ստանալ։ Իսկ որտեղի՞ց կարող եք ստանալ նման օգնություն և ի՞նչ կարող եք անել այն ստանալու համար։ Այս հարցերի պատասխանները կտրվեն հաջորդ հոդվածում։