ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ
Ես չէի ուզում մեռնել
-
ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ՝ 1964
-
ԵՐԿԻՐԸ՝ ԱՆԳԼԻԱ
-
ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔՈՒՄ ՄԱՅՐ ԴԱՐՁԱԾ ԸՄԲՈՍՏ ԱՂՋԻԿ
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ
Ես ծնվել եմ Փադինգտոնում՝ Լոնդոն քաղաքի (Անգլիա) խիտ բնակեցված թաղամասերից մեկում։ Ապրում էի մորս ու երեք ավագ քույրերիս հետ։ Հայրս հարբեցող էր և միշտ չէ, որ մեզ հետ էր ապրում։
Երբ երեխա էի, մայրս սովորեցրեց ինձ ամեն գիշեր աղոթել։ Մի փոքրիկ Աստվածաշունչ ունեի, որը պարունակում էր միայն «Սաղմոսներ» գիրքը։ Դրանք երգելու համար մեղեդիներ հորինեցի։ Հիշում եմ՝ մի օր գիրք էի կարդում, և ինձ շատ տպավորեց հետևյալ արտահայտությունը. «Մի օր վաղը չի լինի»։ Այս խոսքերը չէին թողնում, որ քնեմ. գիշերները մտածում էի ապագայի մասին. «Կյանքը հաստատ այսքանով չի սահմանափակվում։ Բայց ո՞րն է իմ կյանքի իմաստը»։ Ես չէի ուզում մեռնել։
Սկսեցի հետաքրքրվել ոգեհարցությամբ։ Փորձում էի խոսել մահացածների հետ, դպրոցական ընկերներիս հետ գնում էի գերեզմանոցներ, նաև նրանց հետ սարսափ ֆիլմեր էի դիտում։ Մեզ համար դա գրավիչ էր և միևնույն ժամանակ վախազդու։
Տասը տարեկանում ըմբոստ ոգի դրսևորելով՝ սկսեցի ծխել և շատ արագ կախվածության մեջ ընկա։ Հետո սկսեցի մարիխուանա օգտագործել, իսկ 11 տարեկանում՝ խմիչք։ Ու թեև ալկոհոլի համը չէի սիրում, բայց դրա թողած ազդեցությունը ինձ դուր էր գալիս։ Նաև սիրում էի երաժշտություն լսել ու պարել։ Ուստի, երբ հնարավոր էր լինում, գնում էի հավաքույթների կամ այցելում էի գիշերային ակումբներ։ Գիշերով ծլկում էի տնից և մինչև լուսաբաց թաքուն վերադառնում։ Հաջորդ օրը հոգնած էի լինում, այդ պատճառով հաճախ բացակայում էի դասերից։ Իսկ երբ գնում էի դպրոց, դասամիջոցներին ալկոհոլ էի օգտագործում։
Վերջին ուսումնական տարում շատ ցածր գնահատականներ ունեի։ Մայրս մինչ այդ չգիտեր, թե ըմբոստ վարք դրսևորելով՝ ինչքան հեռու էի գնացել։ Երբ իմացավ, շատ բարկացավ և հիասթափություն ապրեց։ Մենք վիճեցինք, ու ես հեռացա տնից։ Որոշ ժամանակ ապրեցի ընկերոջս՝ Թոնիի հետ, որը ռաստաման էր (ռաստաֆարական կրոնի հետևորդ)։ Նա ներգրավված էր մանր հանցագործությունների մեջ, թմրադեղեր էր վաճառում և չափազանց բռնի մարդու համբավ ուներ։ Շուտով ես հղիացա։ 16 տարեկան էի, երբ ծնվեց մեր տղան։
ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ
Երբ առաջին անգամ հանդիպեցի Եհովայի վկաներին, ապրում էի միայնակ մայրերի ու նրանց երեխաների համար նախատեսված հանրակացարանում։ Տեղի իշխանությունները ինձ մի սենյակ էին հատկացրել։ Երկու Վկա կանայք կանոնավորաբար այցելում էին այդտեղ ապրող մի քանի երիտասարդ մայրերի։ Մի օր ես էլ միացա նրանց զրույցին։ Ուզում էի ապացուցել, որ Վկաները սխալ են։ Բայց նրանք Աստվածաշնչի օգնությամբ մեղմորեն պատասխանեցին իմ բոլոր հարցերին։ Նրանք շատ բարի էին ու նրբանկատ, և դա գրավեց ինձ։ Ուստի երբ առաջարկեցին Աստվածաշունչ ուսումնասիրել, ես համաձայնվեցի։
Շուտով Աստվածաշնչից իմացա այն, ինչը փոխեց իմ կյանքը։ Դեռ փոքրուց վախենում էի մահից։ Բայց շատ ուրախացա՝ իմանալով, թե Հիսուսն ինչ է սովորեցրել հարության վերաբերյալ (Հովհաննես 5։28, 29)։ Նաև հասկացա, որ Աստված հոգ է տանում իմ մասին (1 Պետրոս 5։7)։ Ինձ հատկապես տպավորեցին Երեմիա 29։11-ում գրված խոսքերը. «Ես գիտեմ, թե ինչ եմ մտադրել ձեզ համար,— ասում է Եհովան։— Խաղաղություն եմ մտադրել և ոչ աղետ, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ»։ Ես հույսով ու հավատով լցվեցի, որ կարող եմ հավիտյան ապրել դրախտ-երկրի վրա (Սաղմոս 37։29)։
Եհովայի վկաները անկեղծ սեր դրսևորեցին իմ հանդեպ։ Երբ առաջին անգամ ներկա եղա նրանց ժողովի հանդիպումներից մեկին, նկատեցի, որ այնտեղ ջերմ ու հաճելի մթնոլորտ էր տիրում, և բոլորը շատ բարեհամբույր էին (Հովհաննես 13։34, 35)։ Դա շատ էր տարբերվում այն վերաբերմունքից, որ իմ հանդեպ ցույց էին տվել տեղի եկեղեցում։ Չնայած ես սխալ ապրելակերպ ունեի, Վկաները ինձ լավ վերաբերվեցին։ Նրանք ինձ ժամանակ էին տրամադրում, հոգատար էին և ուշադիր, ինչպես նաև գործնական օգնություն էին ցուցաբերում։ Ես ինձ մի մեծ ընտանիքի անդամ էի զգում, որտեղ սեր էր տիրում։
Աստվածաշունչն ուսումնասիրելով՝ հասկացա, որ պետք է փոխեմ կյանքս, որպեսզի ապրեմ Աստծու սահմանած բարձր բարոյական չափանիշների համաձայն։ Ինձ համար դժվար էր թողնել ծխելը։ Նաև նկատեցի, որ իմ լսած որոշ երգեր սաստկացնում են մարիխուանա ծխելու իմ ցանկությունը։ Ուստի դադարեցի դրանք լսելուց։ Քանի որ չէի ուզում հարբել, որոշեցի հավաքույթների չգնալ և գիշերային ակումբներ չայցելել, որտեղ հարբելու գայթակղությունը մեծ էր։ Սկսեցի նոր ընկերներ փնտրել, որոնք ինձ վրա դրական ազդեցություն կթողնեին և ինձ կօգնեին ընթանալու կյանքիս նոր ուղով (Առակներ 13։20)։
Այդ ընթացքում Թոնին նույնպես սկսեց Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նրանք Սուրբ Գրքով պատասխանում էին նրա հարցերին։ Արդյունքում նա նույնպես համոզվեց, որ իր սովորածը ճշմարտություն է։ Թոնին հիմնովին փոխեց իր կյանքը. դադարեց իր բռնի ընկերների հետ շփվելուց, հրաժարվեց հանցավոր գործունեությունից և մարիխուանա ծխելուց։ Մենք ուզում էինք լիովին հաճեցնել Եհովային, և հասկացանք, որ դա անելու համար չպետք է անբարո կյանքով ապրենք և պետք է մեր տղայի համար կայուն ընտանեկան միջավայր ստեղծենք։ Ուստի 1982 թ.-ին ամուսնացանք։
«Այլևս անքուն գիշերներ չեմ անցկացնում՝ անհանգստանալով, թե ինչպիսին կլինի իմ ապագան, կամ մտածելով մահվան մասին»
Հիշում եմ, որ «Դիտարան» և «Արթնացե՛ք» * ամսագրերում փնտրում էի այն մարդկանց կենսագրությունները, ովքեր իրենց կյանքում այնպիսի փոփոխություններ էին արել, ինչպիսիք ես էի ուզում անել։ Այդ պատմությունները ինձ քաջալերում էին, ուժ էին տալիս և օգնում էին չհանձնվել։ Միշտ աղոթում էի Եհովային, որ շարունակի աջակցել ինձ։ 1982 թ. հուլիսին ես ու Թոնին մկրտվեցինք և դարձանք Եհովայի վկաներ։
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ
Այն, որ Եհովա Աստծու հետ սկսեցի մտերիմ փոխհարաբերություններ զարգացնել, փրկեց իմ կյանքը։ Ես ու Թոնին դժվարությունների ժամանակ զգացել ենք Եհովայի աջակցությունը։ Մենք սովորել ենք ապավինել նրան։ Նա միշտ օգնում է և աջակցում մեր ընտանիքին (Սաղմոս 55։22)։
Որքա՜ն ուրախ եմ, որ կարողացել եմ մեր տղային և աղջկան օգնել ճանաչելու Եհովային։ Եվ հիմա էլ ուրախանում եմ՝ տեսնելով, որ նրանց երեխաները նույնպես սովորում են Եհովայի մասին։
Այլևս անքուն գիշերներ չեմ անցկացնում՝ անհանգստանալով, թե ինչպիսին կլինի իմ ապագան, կամ մտածելով մահվան մասին։ Այժմ ես ու Թոնին ամեն շաբաթ այցելում ենք Եհովայի վկաների տարբեր ժողովներ՝ մեր հավատակիցներին քաջալերելու համար։ Ժողովի անդամների հետ համագործակցելով՝ մենք ուրիշներին սովորեցնում ենք, որ եթե հավատ դրսևորեն Հիսուսի հանդեպ, նրանք նույնպես հավիտյան ապրելու հույս կունենան։
^ պարբ. 17 Հրատարակվում է Եհովայի վկաների կողմից։