Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հաճույքով ժամանակ եմ անցկացնում մեր ժողովի պատանիների հետ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

Բեյսբոլն իմ կյանքն էր

Բեյսբոլն իմ կյանքն էր
  • ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ՝ 1928

  • ԵՐԿԻՐԸ՝ ԿՈՍՏԱ ՌԻԿԱ

  • ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՍՊՈՐՏՈՎ ԵՎ ՄՈԼԵԽԱՂԵՐՈՎ ՏԱՐՎԱԾ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ

Մեծացել եմ Կոստա Ռիկայի արևելյան ափին գտնվող Պուերտո Լիմոն կոչվող նավահանգստային քաղաքի մերձակայքում։ Մեր ընտանիքում ութ երեխա կար։ Ես յոթերորդն էի։ Հայրս մահացավ, երբ դեռ ութ տարեկան էի։ Դրանից հետո մայրս միայնակ է մեծացրել մեզ։

Բեյսբոլը միշտ եղել է իմ կյանքի մի մասը։ Ես դեռ մանկուց սիրում էի այդ սպորտաձևը։ Պատանեկան տարիքում դարձա մի սիրողական ակումբի անդամ։ Սիրողական մրցախաղերից մեկի ժամանակ ինձ մի սկաուտ (ակումբի համար խաղացողներ փնտրող գործակալ) մոտեցավ և առաջարկեց խաղալ Նիկարագուայի պրոֆեսիոնալ ակումբներից մեկում։ Բայց ես այդ ժամանակ խնամում էի մորս, որը վատառողջ էր, և չէի կարող տեղափոխվել Նիկարագուա, ուստի հրաժարվեցի այդ առաջարկից։ Այդ ժամանակ 20-ն անց էի։ Դրանից մի որոշ ժամանակ հետո մեկ ուրիշ սկաուտ ինձ հրավիրեց խաղալու Կոստա Ռիկայի բեյսբոլի ազգային հավաքականում, որը կազմված էր սիրողական թիմերից ընտրված խաղացողներից։ Այս անգամ ընդունեցի առաջարկը։ 1949–1952 թթ.-ին խաղացի ազգային հավաքականում և մասնակցեցի մի շարք մրցաշարերի Կուբայում, Մեքսիկայում և Նիկարագուայում։ Ես 2-րդ և 3-րդ հենակետերի պաշտպան էի և լավ էի խաղում։ Նույնիսկ 17 խաղ անընդմեջ խաղացել եմ առանց որևիցե սխալի։ Ինձ դուր էր գալիս, երբ լսում էի, թե ինչպես է ամբոխը բղավում իմ անունը։

Ցավով պետք է նշեմ, որ այդ ժամանակ անբարո կյանքով էի ապրում։ Չնայած որ ընկերուհի ունեի, բայց միշտ կապեր էի ունենում նաև ուրիշ կանանց հետ։ Բացի այդ՝ շատ էի խմում։ Մի անգամ այնքան էի հարբել, որ հաջորդ օրը, երբ արթնացա, չէի հիշում, թե ինչպես եմ վերադարձել տուն։ Նաև գումարի վրա դոմինո էի խաղում և տարված էի վիճակախաղով։

Այդ ընթացքում մայրս դարձավ Եհովայի վկա։ Նա փորձում էր իմ մեջ հետաքրքրություն առաջացնել իր նոր հավատի հանդեպ, բայց սկզբում դա նրան չէր հաջողվում, քանի որ ես ամբողջովին տարված էի սպորտով։ Լինում էին օրեր, որ նույնիսկ ընդմիջման ժամերին էի պարապում և քաղց չէի զգում։ Միտքս լրիվ կենտրոնացած էր խաղի վրա։ Բեյսբոլն իմ կյանքն էր։

29 տարեկանում խաղի ժամանակ լուրջ վնասվածք ստացա՝ փորձելով բռնել գնդակը։ Ապաքինվելուց հետո այլևս չէի զբաղվում պրոֆեսիոնալ սպորտով։ Այդուհանդերձ, ես չթողեցի բեյսբոլը և մեր տնից ոչ հեռու մարզումներ էի անցկացնում սիրողական մի թիմի խաղացողների համար։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ

1957 թ.-ին համաձայնվեցի ներկա լինել Եհովայի վկաների մի համաժողովի, որը տեղի էր ունենալու այն նույն մարզադաշտում, որտեղ նախկինում բեյսբոլ էի խաղացել։ Այնտեղ ես նկատեցի, թե ինչ մեծ տարբերություն կար Վկաների հարգալից վերաբերմունքի և բեյսբոլի խաղերի ժամանակ հավաքված խառնամբոխի սանձարձակ պահվածքի միջև։ Դա մղեց ինձ, որ սկսեմ Վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել և հաճախել նրանց հանդիպումներին։

Այն, ինչ սովորում էի Աստվածաշնչից, ինձ շատ էր տպավորում։ Օրինակ՝ իմացա, որ Հիսուսն ասել էր, որ իր աշակերտները Աստծու Թագավորության մասին բարի լուրը քարոզելու էին ամբողջ աշխարհով մեկ (Մատթեոս 24։14)։ Ես նաև իմացա, որ ճշմարիտ քրիստոնյաները իրենց ծառայությունը ֆինանսական շահի համար չեն անում։ Հիսուսն ասել է. «Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք» (Մատթեոս 10։8

Իմ ուսումնասիրության ընթացքում Եհովայի վկաների վարքն ու գործերը համեմատում էի Աստվածաշնչում գրվածի հետ։ Ինձ հիացնում էր այն, որ նրանք մեծ ջանքեր են թափում Աստծու Թագավորության մասին բարի լուրը ամբողջ աշխարհով մեկ տարածելու համար։ Ես տեսնում էի, որ նրանք ցուցաբերում են անձնազոհ ոգի, ինչը Հիսուսն էր պատվիրել ցուցաբերել։ Եվ երբ կարդացի Մարկոս 10։21-ը, որտեղ գրված էր Հիսուսի՝ «եկ ու իմ հետևորդը դարձիր» հրավերը, ցանկացա դառնալ Եհովայի վկա։

Սակայն ինձնից որոշակի ժամանակ պահանջվեց, որպեսզի կարողանամ անել բոլոր անհրաժեշտ փոփոխությունները։ Օրինակ՝ տարիներ շարունակ ամեն շաբաթ մասնակցում էի պետական վիճակախաղին և «հաջողակ» թիվ ունեի։ Սակայն Աստվածաշնչից իմացա, որ Աստված դատապարտում է «Բախտի աստծուն» երկրպագողներին, ինչպեսև ագահ մարդկանց (Եսայիա 65։11; Կողոսացիներ 3։5)։ Այդ պատճառով որոշեցի վերջ տալ խաղամոլությանս։ Երբ դադարեցի վիճակախաղին մասնակցելուց, հենց այդ նույն շաբաթվա մեջ իմ «հաջողակ» թիվը շահեց։ Մարդիկ ծաղրում էին ինձ, որ չեմ խաղացել այդ շաբաթ, և ճնշում էին բանեցնում ինձ վրա, որ նորից սկսեմ խաղալ։ Բայց ես չփոխեցի որոշումս և մինչ օրս էլ չեմ մասնակցում մոլեխաղերի։

Այն օրը, երբ համաժողովում մկրտվեցի և դարձա Եհովայի վկա, կանգնեցի մեկ ուրիշ փորձության առաջ, որից պարզ դարձավ՝ իսկապես «հագել եմ նոր անձնավորությունը», թե ոչ (Եփեսացիներ 4։24)։ Այդ երեկո, երբ վերադարձա հյուրանոց, հանդիպեցի նախկին ընկերուհուս, որն ինձ էր սպասում իմ սենյակի դռան մոտ։ Նա ասաց. «Արի Սեմի, արի լավ ժամանակ անցկացնենք»։ Բայց ես անմիջապես ասացի՝ «ո՛չ», և նրան բացատրեցի, որ սկսել եմ ապրել Աստվածաշնչի բարոյական չափանիշներով (1 Կորնթացիներ 6։18)։ «Ի՞նչ»,— զարմացած բացականչեց նա։ Հետո սկսեց նսեմացնել Աստվածաշնչի չափանիշները և համոզել, որ վերականգնենք մեր հարաբերությունները։ Բայց ես առանց որևիցե խոսք ասելու մտա իմ սենյակ և դուռը հետևիցս փակեցի։ 1958 թ.- ին Եհովայի վկա դառնալուց հետո հավատարիմ եմ մնացել Աստվածաշնչում գրված չափանիշներին և շատ ուրախ եմ, որ մինչ օրս այդպես եմ վարվում։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ

Աստվածաշնչի տված առաջնորդությանը հետևելով՝ այնքան օրհնություններ եմ ստացել, որ կարող եմ դրանց մասին գիրք գրել։ Հիմա ես ունեմ բազմաթիվ լավ ընկերներ, իմաստալից կյանք և իսկական երջանկություն։

Ես հիմա էլ եմ սիրում բեյսբոլը, բայց այժմ ուրիշ առաջնահերթություններ ունեմ։ Երբ պրոֆեսիոնալ սպորտով էի զբաղվում, փառք ու փող ունեի, սակայն դրանք անցողիկ բաներ են։ Իսկ Աստծու հետ ունեցած փոխհարաբերությունները և համաշխարհային եղբայրությունը, որի մաս եմ կազմում, մնալու են հավիտյան։ Աստվածաշնչում ասվում է. «Աշխարհն անցնում է, և նրա ցանկությունն էլ, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան» (1 Հովհաննես 2։17)։ Հիմա ես ամեն բանից առավել սիրում եմ Եհովային ու նրա ժողովրդին։