Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 1

Եհովայի պատգամները անցյալում և այսօր

Եհովայի պատգամները անցյալում և այսօր

1, 2. Ինչպե՞ս են մարդիկ գանձեր փնտրել, իսկ ի՞նչը կօգնի քեզ բարելավելու կյանքդ։

 ԲՈԼՈՐ ժամանակներում մարդիկ երազել են գանձեր գտնել։ Երբևէ ընթերցե՞լ ես ճանապարհորդների կամ ոսկի որոնողների մասին։ Գուցե դու երբևիցե գանձեր չես որոնել, այնուհանդերձ պատկերացրու, որ գանձ ես գտել։ Չէի՞ր ուրախանա։ Դա լավ հնարավորություն կլիներ կյանքդ բարելավելու։

2 Այսօր քչերն են ճանապարհորդում գանձեր փնտրելու համար, սակայն շատ-շատերն են երջանկություն փնտրում փողի, լավ առողջության, հաջող ամուսնության մեջ, գանձեր, որոնք պահված չեն հողի մեջ։ Գոյություն չունի նաև քարտեզ, որը ցույց կտա դեպի երջանկություն տանող ուղին։ Այս գանձերը ձեռք բերելու համար ջանքեր են անհրաժեշտ։ Այդ պատճառով շատ մարդիկ թանկ են գնահատում այն իմաստուն խորհուրդները, որոնք օգնում են հասնելու որոշակի նպատակների և բարելավելու կյանքը։

3, 4. Որտե՞ղ կարող ենք գործնական խորհուրդներ գտնել։

3 Իրականում, այն օգտակար խորհուրդները, որոնք օգնել են շատերին երջանկություն գտնելու, հասանելի են։ Այդ մարդիկ իրենց փորձով են համոզվել, որ Աստվածաշունչը կյանքի լավագույն ուղեցույցն է։ Անգլիացի գրող Չառլզ Դիքենսը Աստվածաշնչի մասին ասել է. «Այն բոլոր գրքերից լավագույնն է, որ երբևէ հայտնի է եղել աշխարհում կամ կլինի հայտնի.... քանի որ այս գիրքը սովորեցնում է ամենաօգտակար դասերը, որոնք կարող են առաջնորդություն լինել մարդու համար»։

4 Այս խոսքերը չեն զարմացնում նրանց, ովքեր Աստվածաշունչը համարում են Աստծուց ներշնչված գիրք։ Թերևս դու էլ ես համաձայն այն խոսքերին, որոնք գրված են 2 Տիմոթեոս 3։16-ում. «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարությամբ խրատելու համար»։ Այլ կերպ ասած՝ Աստվածաշունչը պարունակում է այնպիսի օգտակար տեղեկություն, որն օգնում է հաղթահարելու կյանքի բարդ խնդիրները։ Նրանք, ովքեր իրենց քայլերն ուղղում են՝ առաջնորդվելով Աստվածաշնչի սկզբունքներով, իսկական երջանկություն են վայելում։

5–7. Աստվածաշնչի ո՞ր գրքերը կարող են գործնական առաջնորդություն տալ քեզ։

5 Քո կարծիքով՝ Աստվածաշնչի ո՞ր գրքերում կարելի է գործնական խորհուրդներ գտնել։ Ոմանք գուցե մտաբերեն Լեռան քարոզը, երբ Հիսուսը կյանքի տարբեր բնագավառներին վերաբերող խորհուրդներ տվեց։ Մյուսները գուցե նշեն Պողոս առաքյալի նամակները, և, ինչ խոսք, իմաստուն խորհուրդներ կարելի է գտնել նաև «Սաղմոսներ» ու «Առակներ» գրքերում։ Իրականում, Աստվածաշնչի ցանկացած գիրք, նույնիսկ պատմական բովանդակություն ունեցող «Հեսու» գրքից մինչև «Եսթեր» գիրքը, կարող է օգտակար լինել քեզ համար, կախված այն բանից, թե ինչ հանգամանքներում ես կամ ինչ դժվարությունների ես բախվում։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են ուրախությամբ ծառայել Աստծուն, կարող են մեծ օգուտներ քաղել այդ գրքերում արձանագրված նախազգուշական օրինակներից (1 Կորնթացիներ 10։11)։ Այո,՛ դրանք պարունակում են խորհուրդներ, որոնք կառաջնորդեն քո քայլերը և կօգնեն քեզ ուրախություն ստանալու կյանքից։ Հիշենք մի ճշմարտություն. «Ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար գրվեց, որպեսզի մեր տոկունությամբ և Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ հույս ունենանք» (Հռոմեացիներ 15։4; Հեսու 1։8; 1 Տարեգրություն 28։8, 9

6 Այդուհանդերձ, Աստվածաշնչում կա անգին գանձեր պարունակող մի հատված, որը շատերի համար մնում է չբացահայտված։ Խոսքը Եբրայերեն Գրությունների վերջին 12 գրքերի մասին է, որոնք ընդունված է անվանել «փոքր մարգարեներ»։ (Շատ Աստվածաշնչերում այս 12 գրքերը բաշխված են այսպիսի հերթականությամբ՝ «Օսեե», «Հովել», «Ամոս», «Աբդիա», «Հովնան», «Միքիա», «Նաում», «Ամբակում», «Սոփոնիա», «Անգե», «Զաքարիա» և «Մաղաքիա»)։ Ինչպես իմացանք, Աստվածաշունչը ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու և առաջնորդություն տալու համար։ Արդյոք այս միտքը վերաբերո՞ւմ է վերոնշյալ գրքերին։

7 Անկասկա՛ծ։ «Փոքր մարգարեներ» կոչվող այս գրքերում հոգևոր անգին գանձեր կան, որոնք շատ արժեքավոր կարող են լինել այսօրվա կյանքում։ Սակայն ոմանք թերագնահատում են այս 12 գրքերը։ Ինչո՞ւ։ Պատճառը կարող ենք հասկանալ, եթե ուշադրություն դարձնենք, թե ինչպես են դրանք կոչվում՝ «փոքր մարգարեներ»։ Իսկ հնարավո՞ր է՝ այդ տեսակետն ազդել է նաև քեզ վրա։

ԱՐԴՅՈՔ «ՓՈՔՐ ՄԱՐԳԱՐԵՆԵՐԸ» ՓՈ՞ՔՐ ԵՆ

8. ա) Ինչպե՞ս է Աստված հնում առաջնորդություն տվել։ բ) Արդյոք 12 գրքերը պակա՞ս կարևոր են իրենց նշանակությամբ։

8 Պողոս առաքյալը եբրայեցիներին ուղղված իր նամակը սկսում է այսպես. «Աստված, որը վաղուց ի վեր բազում առիթներով և բազմաթիվ կերպերով խոսեց մեր նախահայրերի հետ մարգարեների միջոցով, այս օրերի վերջում մեզ հետ խոսեց Որդու միջոցով» (Եբրայեցիներ 1։1, 2)։ Քանի որ Աստված իր պատգամները մարգարեների միջոցով էր հայտնում, հիմքեր չունենք այդ մարդկանցից որևէ մեկին «փոքր» համարելու կամ էլ «փոքր» անվանելու այն, ինչ նրանք գրի են առել։ Այդուհանդերձ, «փոքր մարգարեներ» անվանումը ոմանց մեջ այն կարծիքն է ձևավորել, որ այդ գրքերի բովանդակությունը այնքան էլ կարևոր չէ։ Իսկ ուրիշները եկել են այն եզրակացության, որ գրվածը, Աստվածաշնչի մյուս գրքերի համեմատությամբ, այնքան էլ հեղինակավոր չէ։ Սակայն «փոքր մարգարեներ» անվանումը, որն օգտագործվում է շատ լեզուներում, ընդամենը խոսում է այն մասին, որ այս 12 գրքերը փոքր են իրենց ծավալով a։

9. Ինչո՞ւ գրքի մասին չենք կարող դատողություն անել՝ ելնելով նրա ծավալից։

9 Այն, որ աստվածաշնչյան գիրքը փոքր է ծավալով, բոլորովին էլ չի նշանակում, որ փոքր է իր կարևորությամբ։ Օրինակ՝ «Հռութ» գիրքը փոքր է, սակայն որքա՜ն հուզիչ է ու սիրտ ջերմացնող. այն ընդգծում է, որ Աստված բարձր է գնահատում կանանց, և որ մենք պետք է նվիրված լինենք ճշմարիտ երկրպագությանը։ Դրանից բացի, գիրքը կարևոր մանրամասներ է պարունակում Հիսուս Քրիստոսի տոհմաբանության վերաբերյալ (Հռութ 4։17–22)։ Նմանատիպ մեկ ուրիշ գիրք է «Հուդա» նամակը։ Այն շատ փոքր է և որոշ Աստվածաշնչերում նույնիսկ մեկ էջ էլ չի զբաղեցնում։ Բայց ի՜նչ կարևոր տեղեկություն և հուսալի առաջնորդություն է պարունակում. Աստծու դատաստանը չար հրեշտակների նկատմամբ, նախազգուշացումներ այլասերված մարդկանց մասին, ովքեր ժողով են սողոսկում, և հորդոր, որ համառորեն պայքարենք մեր հավատի համար։ Նույնը կարելի է ասել «փոքր մարգարեներ» կոչվող գրքերի մասին։ Թեև դրանք փոքր են ծավալով, սակայն նշանակությամբ շատ արժեքավոր են ու գործնական մեզ համար։

ՄԱՐԳԱՐԵԱԿԱՆ. Ի՞ՆՉ ԻՄԱՍՏՈՎ

10, 11. ա) Ի՞նչ կարծիք ունեն ոմանք «մարգարե» բառի վերաբերյալ։ բ) Ըստ Աստվածաշնչի՝ ո՞ւմ էին կոչում մարգարե։

10 Տեղին է նաև հաշվի առնել «մարգարե» և «մարգարեական» բառերի նշանակությունը։ Այս բառերը մեր միտքն են բերում կանխագուշակություններ կամ կանխատեսումներ ապագայի մասին։ Շատերի կարծիքով՝ մարգարեն նա է, ով կանխագուշակում է գալիք իրադարձություններ, միևնույն ժամանակ առեղծվածային խոսքեր է ասում, որոնք կարելի է տարբեր կերպերով բացատրել։ Նման պատկերացումը նույնպես ազդում է 12 գրքերի վերաբերյալ ունեցած որոշ մարդկանց տեսակետի վրա։

11 Իսկապես, երբ սկսում ես կարդալ այս 12 գրքերը, անմիջապես կանխագուշակությունների ես հանդիպում, որոնցից շատերը վերաբերում են Եհովայի՝ գալիք մեծ օրվան։ Եվ այս առանձնահատկությունը չի զարմացնում մեզ, եթե հաշվի ենք առնում «մարգարե» բառի հիմնական նշանակությունը։ Մարգարե են կոչել նրան, ով մտերիմ փոխհարաբերություններ է ունեցել Աստծու հետ, և ում միջոցով Աստված հայտնել է, թե ինչ է լինելու ապագայում։ Իրականում, Ենոքից սկսած՝ աստվածաշնչյան շատ մարգարեներ են կանխագուշակել ապագան (1 Սամուել 3։1, 11–14; 1 Թագավորներ 17։1; Երեմիա 23։18; Գործեր 3։18; Հուդա 14, 15

12. Ինչպե՞ս կբացատրես, որ մարգարե լինել չի նշանակում միայն կանխագուշակություններ անել։

12 Պետք է հիշել, սակայն, որ Եհովայի մարգարեների դերը չէր սահմանափակվում միայն Աստծու կանխագուշակությունները հայտնելով։ Աստված հաճախ իր մարգարեների միջոցով հայտնում էր նաև իր կամքը։ Օրինակ՝ դժվար թե Աբրահամին, Իսահակին և Հակոբին հիշենք որպես այնպիսի մարդկանց, ովքեր ապագա իրադարձություններ են կանխագուշակել, սակայն Սաղմոս 105։9–15 համարներում նրանց մասին խոսվում է որպես մարգարեների։ Երբեմն Աստված նրանց միջոցով բացահայտում էր, թե ինչ է լինելու ապագայում։ Օրինակ՝ հիշենք այն դեպքը, երբ Հակոբը օրհնում էր իր որդիներին։ Բայց այս նահապետները մարգարե են եղել նաև այն իմաստով, որ իրենց ընտանիքներին փոխանցել են Եհովայի խոսքը այն մասին, թե վերջիններս ինչ դեր ունեն Աստծու նպատակներում (Ծննդոց 20։7; 49։1–28)։ «Մարգարե» բառի ավելի լայն նշանակության մասին է վկայում նաև այն, որ Ահարոնը ծառայում էր որպես Մովսեսի մարգարե։ Ահարոնը կատարում էր մարգարեի դեր՝ լինելով Մովսեսի խոսնակը, կամ՝ «բերանը» (Ելք 4։16; 7։1, 2; Ղուկաս 1։17, 76

13, 14. ա) Օրինակով բացատրիր, թե ապագան կանխագուշակելուց բացի, ուրիշ ի՞նչ դեր ունեին մարգարեները։ բ) Ինչո՞ւ է օգտակար իմանալ, որ մարգարեները միայն ապագայի վերաբերյալ տեղեկություններ չեն հայտնել։

13 Հիշենք նաև Սամուել և Նաթան մարգարեներին (2 Սամուել 12։25; Գործեր 3։24; 13։20)։ Նրանց միջոցով Եհովան տեղեկացրեց, թե ինչ է լինելու ապագայում, սակայն նրանք մարգարե են եղել նաև այլ իմաստով։ Որպես մարգարե՝ Սամուելը իսրայելացիներին հորդորեց թողնել կեղծ երկրպագությունը և վերադառնալ դեպի մաքուր երկրպագություն։ Նա նաև հայտարարեց Աստծու դատավճիռը Սավուղ թագավորին։ Այս պատմությունից սովորում ենք, որ Եհովան հնազանդությունը զոհերից ավելի թանկ է գնահատում։ Ուստի լինելով մարգարե՝ Սամուելը ցույց տվեց, թե Աստված ինչպիսի ապրելակերպն է ընդունելի համարում (1 Սամուել 7։3, 4; 15։22)։ Իսկ Նաթան մարգարեն կանխագուշակեց, որ Սողոմոնն է կառուցելու տաճարը, և որ նրա թագավորությունը դարեդար կանգուն է լինելու (2 Սամուել 7։2, 11–16)։ Նա նաև գործեց որպես մարգարե, երբ Դավթի ուշադրությունը հրավիրեց նրա գործած մեղքի վրա. վերջինս շնություն էր գործել Բերսաբեի հետ՝ այդպիսով մեղք գործելով նաև Ուրիայի դեմ։ Հնարավոր չէ մոռանալ, թե ինչպես Նաթանը քողազերծեց Դավթին՝ պատմելով մի առակ հարուստ մարդու մասին, որը աղքատ մարդուց խլեց նրա միակ գառնուկին։ Բացի այդ, Նաթանը մասնակցեց Աստծու սրբարանում ճշմարիտ երկրպագության հաստատմանը (2 Սամուել 12։1–7; 2 Տարեգրություն 29։25

14 Փաստորեն, մարգարեական այս գրքերը միայն կանխագուշակություններ չեն պարունակում։ Դրանցում խոսվում է նաև Աստծուց ներշնչված շատ ուրիշ թեմաների մասին։ Օրինակ՝ այս գրքերն ընթերցելով՝ շատ բան ենք իմանում այն մասին, թե ինչպես պետք է այն ժամանակ ապրեր Աստծու ժողովուրդը, և ինչպիսի ապրելակերպ պետք է ունենանք մենք այսօր։ Այո՛, Աստվածաշնչի բոլոր գրքերը, այդ թվում նաև այս 12-ը օգտակար են ու գործնական, քանի որ օգնում են մարդկանց գտնելու կյանքի լավագույն ուղին։ Դրանք արժեքավոր առաջնորդություն են տալիս մեզ, ինչի շնորհիվ կարող ենք «այս աշխարհում ապրել ողջամտությամբ, արդարությամբ ու Աստծու հանդեպ նվիրվածությամբ» (Տիտոս 2։12

ԻՆՉՈՎ ԵՆ ՕԳՏԱԿԱՐ

15, 16. ա) Ի՞նչ նկարագրություններ կան «փոքր մարգարեներ» կոչվող գրքերում։ բ) Ի՞նչ մարգարեական պատկերներ կան այս գրքերում։

15 Աստծու ներշնչված Խոսքն ընթերցելով՝ բազում օգուտներ կքաղենք։ Աստվածաշնչի որոշ գրքեր պատմողական ոճով են գրված, մյուսները՝ բանաստեղծական ոճով։ Յուրաքանչյուրը արժեքավոր է յուրովի։ Որոշ գրքեր աչքի են ընկնում պատկերավոր նկարագրություններով, ինչը ակնհայտ է նաև 12 գրքերում։ Օրինակ՝ Հիսուսը «Հովնան» գրքում նշված դեպքերը նկատի ուներ, երբ ասաց. «Չար և շնացող սերունդը շարունակ նշան է փնտրում, սակայն բացի Հովնան մարգարեի նշանից, ուրիշ ոչ մի նշան չի տրվի նրան։ Ինչպես Հովնանը երեք օր ու երեք գիշեր մնաց մեծ ձկան փորում, այնպես էլ մարդու Որդին երեք օր ու երեք գիշեր կլինի երկրի սրտում։ Նինվեի մարդիկ դատաստանի ժամանակ հարություն կառնեն այս սերնդի հետ և կդատապարտեն նրան, որովհետև երբ Հովնանը քարոզեց նրանց, զղջացին։ Բայց ահա Հովնանից էլ մեծն է այստեղ» (Մատթեոս 12։39–41

16 Հստակ է, որ Հիսուսը «Հովնան» գիրքը չէր համարում պարզապես մի պատմություն մարգարեի կյանքի մասին. ինչպես Աստված վերաբերվեց Հովնանին, ինչպես մարգարեն քարոզեց Նինվե քաղաքում, և թե ինչ արդյունքներ եղան, երբ նա Աստծու նախազգուշական խոսքերը հայտնեց։ Հիսուսը գիտեր, որ Հովնան մարգարեն նախապատկերում էր իրեն այն իմաստով, որ ինքը մահանալու էր և երրորդ օրը հարություն էր առնելու։ Նաև նինվեցիների արձագանքը հակադրվում է նրան, թե ինչպես հրեաների մեծ մասն արձագանքեց Հիսուսի քարոզին և գործերին (Մատթեոս 16։4)։ Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ 12 գրքերը պարունակում են մարգարեական պատկերներ, որոնց օգնությամբ հասկանում ենք, թե ինչ վերաբերմունք ունի Աստված իր ժողովրդի հանդեպ այսօր։ Դրանք ուսումնասիրելը ոգևորությամբ կլցնի մեզ և մեծ օգուտներ կտա b։

17. Քննելով 12 գրքերը՝ ինչի՞ վրա ենք ուշադրություն դարձնելու։

17 Սակայն այս գրքի նպատակն այն չէ, որ մենք մանրամասնորեն ուսումնասիրենք «Հովնան» գրքի և մյուս 11 գրքերի խորհրդանշական իմաստները։ Նաև դրանք չենք քննարկի համար առ համար։ Փոխարենը՝ գլխավորապես ուշադրություն կդարձնենք, թե առօրյա կյանքի համար ինչ գործնական տեղեկություններ են հայտնում այդ գրքերը։ Հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ օգտակար խորհուրդներ և առաջնորդություն է ինձ տալիս Եհովան 12 գրքերի միջոցով։ Ինչպե՞ս կարող են այդ գրքերն օգնել ինձ «այս աշխարհում ապրելու ողջամտությամբ, արդարությամբ ու Աստծու հանդեպ նվիրվածությամբ»։ Ի՞նչ են դրանք հայտնում այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն քրիստոնյայի վարքը, բարոյական չափանիշները, ընտանեկան կյանքը և հայացքները այս չափազանց դժվար ժամանակներում, «որովհետև Եհովայի օրը գալիս է, մոտ է այն»» (Տիտոս 2։12; Հովել 2։1; 2 Տիմոթեոս 3։1)։ Գոհացուցիչ պատասխաններ փնտրելով՝ դու թերևս կգտնես այնպիսի համարներ, որոնք անչափ արժեքավոր կլինեն քեզ համար, և որոնք նախկինում չես օգտագործել ուրիշների հետ զրուցելիս։ Դրա շնորհիվ աստվածաշնչյան համարների քո գանձարանը կլցվի մեծ հարստությամբ (Ղուկաս 24։45

18. Ինչպե՞ս է կազմված այս հրատարակությունը, և ինչպե՞ս կարող ես օգուտներ քաղել դրանից։

18 Այս հրատարակությունը բաղկացած է չորս բաժնից։ Գլուխներն ընթերցելուց առաջ աչքի անցկացրու ամբողջ բաժինը։ Բացի առաջին գլխից, հաջորդ 13 գլուխներից յուրաքանչյուրում երկու շրջանակ կտեսնես, որոնք կօգնեն քեզ մտապահելու նյութը, ինչպես նաև խորհրդածելու կարդացածի շուրջ և մտածելու, թե ինչպես կարող ես կիրառել կարդացածդ։ Առաջին շրջանակը գտնվում է մոտավորապես գլխի մեջտեղում։ Երբ հասնես այդտեղ, մտածիր նշված հարցերի մասին։ Դա կօգնի քեզ մտքումդ ամրացնելու այն, ինչ քիչ առաջ կարդացիր (Մատթեոս 13։8, 9, 23; 15։10; Ղուկաս 2։19; 8։15)։ Երկրորդ շրջանակը կօգնի քեզ մտածելու գլխի վերջում կարդացած նյութի շուրջ և այն պահպանելու գիտելիքների քո շտեմարանում։ Ուստի ժամանակ տրամադրիր, որ ուսումնասիրես այդ շրջանակները։ Դրանց օգնությամբ կհասկանաս նյութի գործնական արժեքը։

19. Նախևառաջ ի՞նչ է հարկավոր իմանալ 12 գրքերի մասին։

19 Այս 12 գրքերի ուսումնասիրությանը տրամադրվելու համար հարցրու ինքդ քեզ, թե ինչ գիտես դրանց բովանդակության մասին։ Ո՞ւմ միջոցով է Աստված հայտնել իր պատգամները։ Ովքե՞ր են նրանք։ Ի՞նչ ժամանակներում են ապրել և ի՞նչ իրավիճակում են ծառայել Աստծուն։ (Քեզ համար օգտակար կլինի 20-րդ և 21-րդ էջերում գտնվող ժամանակագրական աղյուսակը։ Հաճախակի օգտվիր դրանից)։ Մարգարեների պատգամները նախևառաջ ինչի՞ն են վերաբերել, և ինչպե՞ս դա իմանալը կօգնի քեզ ավելի լավ հասկանալու կարդացածդ։ Հաջորդ գլուխը կօգնի գտնելու այս հարցերի պատասխանները։

a «Հրեական հանրագիտարանում» նշվում է, որ այս արտահայտությունը «ակներևաբար առաջ է եկել լատիներեն բառից, որն օգտագործվում է «Վուլգատայում» (Prophetae Minores)։ «Փոքր» ածականը մատնացույց չի անում այն, որ գրքերի տեղեկությունը փոքր նշանակություն ունի՝ համեմատած «Եսայիա», «Երեմիա» կամ «Եզեկիել» գրքերի հետ, այլ ցույց է տալիս, որ այդ 12 գրքերը իրենց մեծությամբ չեն հասնում այս մեծ գրքերին» (Encyclopaedia Judaica)։

b Օրինակ՝ Անգեի մարգարեության մասին կարող ես կարդալ «Դիտարանի» 1997 թ. հունվարի 1-ի համարում, էջ 6–22, իսկ Զաքարիայի մարգարեության մասին՝ «Դիտարանի» 1996 թ. հունվարի 1-ի համարում, էջ 8–22 (անգլ., ռուս.)։