Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 3

Եհովայի օրը. կարևոր թեմա

Եհովայի օրը. կարևոր թեմա

1, 2. ա) Ի՞նչ կարևոր թեմայի մասին են խոսել 12 մարգարեները։ բ) Ինչպե՞ս են 12 մարգարեներից մի քանիսը ուղղակիորեն նշել Եհովայի օրվա մասին։

 «ՄՈՏ է Եհովայի մեծ օրը, մոտ է ու շատ շտապում է» (Սոփոնիա 1։14)։ Աստծու մարգարեները մեկ անգամ չէ, որ զգուշացրել են Եհովայի մոտալուտ օրվա մասին։ Միևնույն ժամանակ նրանք ընդգծել են, թե այդ օրվա մոտ լինելը ինչ ազդեցություն պետք է թողնի մարդկանց առօրյա կյանքի ու վարքի վրա։ Նրանք միշտ ընդգծել են հրատապությամբ գործելու կարևորությունը։ Եթե անձամբ լսեիր նրանց պատգամները, ինչպե՞ս կարձագանքեիր։

2 Ընթերցելով 12 մարգարեների գրքերը՝ կնկատես, որ բոլորն էլ ուղղակի թե անուղղակի կերպով խոսել են Եհովայի օրվա մասին a։ Հաջորդ գլուխներում կքննենք այս մարգարեների հաղորդած կարևոր տեղեկությունը։ Սակայն մինչ այդ ուշադրություն դարձնենք այն կարևոր թեմային, որը կարմիր թելի պես անցնում է նրանց գրքերով՝ Եհովայի օրը։ 12 մարգարեներից վեցը ուղղակիորեն օգտագործել են այս և նմանատիպ այլ արտահայտություններ։ Օրինակ՝ Հովելը վառ կերպով նկարագրեց «Եհովայի մեծ ու ահազդու օրը» (Հովել 1։15; 2։1, 2, 30–32)։ Ամոսը պատվիրեց իսրայելացիներին պատրաստ լինել դիմավորելու իրենց Աստծուն, քանի որ Եհովայի օրը խավար է լինելու (Ամոս 4։12; 5։18)։ Ավելի ուշ Սոփոնիան ասաց այն խոսքերը, որ մեջբերված են առաջին պարբերության մեջ։ Իսկ Աբդիան Երուսաղեմի կործանումից առաջ զգուշացրեց. «Մոտ է Եհովայի օրը, երբ նա դուրս կգա բոլոր ազգերի դեմ» (Աբդիա 15

«Եհովայի մեծ օրը մոտ է»։ Այն նման է մոտեցող փոթորկի

3. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ այն մարգարեները, ովքեր ծառայել են բաբելոնյան գերությունից հետո, նույնպես խոսել են Եհովայի օրվա մասին։

3 Կտեսնես նաև, որ երկու մարգարեներ, ովքեր ուղարկվեցին գերությունից վերադարձած հրեաների մոտ, նույնպես օգտագործել են նմանատիպ արտահայտություններ։ Զաքարիան նշեց, որ այն օրը, երբ բոլոր ազգերը դուրս գան Երուսաղեմի դեմ, կկործանվեն։ Նա վառ կերպով նկարագրեց, թե ինչ է տեղի ունենալու այն օրը, որը «կճանաչվի որպես Եհովայի օր» (Զաքարիա 12։9; 14։7, 12–15)։ Մաղաքիան նույնպես զգուշացրեց Աստծու ժողովրդին Եհովայի մոտալուտ «մեծ ու ահազդու օրվա» մասին (Մաղաքիա 4։1–5

4. Եհովայի օրվա մասին ի՞նչ է հիշատակվում 12 մարգարեներից մի քանիսի գրքերում։

4 Թեև 12 մարգարեներից մի քանիսը չեն օգտագործել «Եհովայի օրը» արտահայտությունը, սակայն նրանք անուղղակիորեն խոսել են այդ օրվա մասին։ Օրինակ՝ Օսեեն նշեց, որ Եհովան հաշիվ կպահանջի Իսրայելից, իսկ ավելի ուշ՝ Հուդայից (Օսեե 8։13, 14; 9։9; 12։2)։ Հաճախ նրանց խոսքերը վերաբերել են հենց այդ ժամանակ տեղի ունեցող իրադարձություններին։ Օրինակ՝ Հովնանը ազդարարեց Աստծու դատավճիռը Նինվեի դեմ, իսկ Միքիան նկարագրեց, թե ինչ է լինելու, երբ Աստված գործի ըմբոստ ազգերի դեմ (Հովնան 3։4; Միքիա 1։2–5)։ Նաումը խոստացավ, որ Եհովան վրեժ կառնի իր հակառակորդներից (Նաում 1։2, 3)։ Ամբակումը աղաղակեց արդարության համար ու նկարագրեց «նեղության օրը» (Ամբակում 1։1–4, 7; 3։16)։ Բացի այդ, այս գրքերում արձանագրված մարգարեություններից մի քանիսը հստակ մատնացույց են արել այն իրադարձությունները, որոնք առնչվելու էին ճշմարիտ քրիստոնյաներին։ Օրինակ՝ Անգեն, որը ծառայել է բաբելոնյան գերությունից հետո, կանխագուշակեց այն մասին, որ ազգերը պետք է ցնցվեն (Անգե 2։6, 7)։ Պողոս առաքյալը մեջբերեց Անգե 2։6 համարը՝ հորդորելով քրիստոնյաներին ընդունելի կերպով ծառայել Աստծուն ու պատրաստ լինել այն օրվան, երբ Աստված կվերացնի փոխաբերական չար երկինքը (Եբրայեցիներ 12։25–29; Հայտնություն 21։1

Ի՞ՆՉ Է ԵՀՈՎԱՅԻ ՕՐԸ

5, 6. Մարգարեների նկարագրության համաձայն՝ ինչպիսի՞ն է լինելու Եհովայի օրը։

5 Անշուշտ, բոլոր պատճառներն ունենք հետաքրքրվելու, թե ինչպիսին կլինի Եհովայի օրը։ Գուցե հարցնես. «Ինչպե՞ս կարող է Եհովայի օրը անդրադառնալ իմ կյանքի վրա այսօր և ապագայում»։ Ինչպես մարգարեներն են ցույց տվել, Եհովայի օրը մի ժամանակահատված է, երբ Աստված գործելու է իր թշնամիների դեմ՝ ի կատար ածելով իր դատավճիռները։ Դա լինելու է պատերազմի օր։ Այդ ահազդու օրը երկնքում արտասովոր բաներ են լինելու. «Արևն ու լուսինը կխավարեն, աստղերը կկորցնեն իրենց փայլը» (Հովել 2։2, 11, 30, 31; 3։15; Ամոս 5։18; 8։9)։ Իսկ ի՞նչ է տեղի ունենալու երկրի վրա։ Միքիան գրել է. «Լեռները կհալվեն [Եհովայի] տակ, հարթավայրերը կճեղքվեն, ինչպես մոմը կրակից, ինչպես ջուրը, որ թափվում է զառիվայրից» (Միքիա 1։4)։ Այս պատկերավոր նկարագրությունից կարող ենք եզրակացնել, որ Աստծու գործողությունները երկրի և նրա բնակիչների համար աղետալի հետևանքներ են ունենալու, սակայն ոչ բոլորի համար է այդ օրը աղետալի լինելու։ Այս երեք մարգարեները նաև առատ օրհնություններ են կանխագուշակել նրանց համար, ովքեր «բարին կփնտրեն» ու այդպիսով ողջ կմնան (Ամոս 5։14; Հովել 3։17, 18; Միքիա 4։3, 4

6 12 մարգարեներից մյուսները ավելի պատկերավոր կերպով են նկարագրել Եհովայի օրը։ Օրինակ՝ Ամբակումը գրել է, թե ինչպես է Եհովան ջարդուփշուր անելու «հավերժական լեռները» և հողին հավասարեցնելու «դարավոր բլուրները», որոնք տեղին կերպով խորհրդանշում են մարդկային կազմակերպությունները, որոնք թվում է, թե անսասան են (Ամբակում 3։6–12)։ Այո՛, Եհովայի օրը «ցասման օր է.... նեղության ու տառապանքի օր, փոթորկի ու ավերման օր, մթության ու խավարի օր, ամպերի ու թանձր խավարի օր» (Սոփոնիա 1։14–17

7. Ի՞նչ է սպասում նրանց, ովքեր կպատերազմեն Աստծու դեմ, և ինչպե՞ս է այդ մարգարեությունը կատարվելու։

7 Միայն պատկերացրու, թե ինչ պատժի են արժանանալու նրանք, ովքեր կպատերազմեն Աստծու դեմ։ «Մարդու միսը պիտի փտի ոտքերի վրա կանգնած ժամանակ, աչքերը պիտի փտեն իրենց խոռոչներում, և լեզուն պիտի փտի բերանում» (Զաքարիա 14։12)։ Անկախ այն բանից՝ տեսիլքը բառացի կատարում կունենա, թե ոչ, մի բան հստակ է. շատերի համար այն ողբերգական է լինելու։ Ամեն դեպքում Աստծու թշնամիների լեզուները կփտեն այն իմաստով, որ նրանք կպապանձվեն ու այլևս հանդգնորեն չեն խոսի։ Անգամ եթե նրանք մտովի պատկերացնեն, որ հարձակվում են Աստծու ժողովրդի վրա, միևնույնն է, նրանք իրենց ծրագրերն իրագործված չեն տեսնի, դրանք կխափանվեն։

ԻՆՉՈ՞Ւ Է ՍԻՐՈ ԱՍՏՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

8, 9. ա) Ի՞նչը կօգնի քեզ հասկանալու, թե ինչու է Եհովան գործելու ամբարիշտների դեմ։ բ) Առօրյա կյանքում դրսևորած քո նվիրվածությունը ի՞նչ կապ ունի Եհովայի ապագա գործողությունների հետ։

8 Գուցե լսել ես, որ մարդիկ այսպիսի հարցեր են տալիս. «Ինչպե՞ս կարող է սիրառատ Աստված նման աղետ բերել իր թշնամիների վրա։ Ինչո՞ւ նա պետք է ավերի երկիրը։ Մի՞թե Հիսուսը չհորդորեց շարունակել սիրել թշնամիներին, որպեսզի լինենք մեր երկնային Հոր որդիները» (Մատթեոս 5։44, 45)։ Պատասխանները գտնելու համար վերադառնանք մարդկության պատմության սկիզբը։ Աստված առաջին մարդկային զույգին ստեղծել էր իր պատկերով ու նմանությամբ, նրանք կատարյալ էին։ Սակայն դիրք բռնեցին Սատանայի կողմը, երբ ողջ տիեզերքին առնչվող վիճաբանական հարց բարձրացավ այն մասին, թե ով իշխելու իրավունք ունի։ Արդյունքում նրանք մեղք ու մահ փոխանցեցին մարդկային ողջ ցեղին (Ծննդոց 1։26; 3։1–19)։ Դարերի ընթացքում Սատանան փորձել է ապացուցել, որ մարդիկ Եհովային ծառայում են միայն այն ժամանակ, երբ դա ձեռնտու է իրենց։ Բայց հավանաբար տեղյակ ես, որ դա նրան չի հաջողվել։ Հիսուս Քրիստոսը և շատ ուրիշ ծառաներ պահպանել են իրենց անարատությունը Աստծու առաջ և ապացուցել, որ Եհովային ծառայում են սիրուց մղված (Եբրայեցիներ 12։1–3)։ Դու էլ ակներևաբար անձամբ ճանաչում ես շատերին, ովքեր հավատարմորեն ծառայում են Աստծուն։

9 Վերացնելով չարությունը՝ Եհովան մեկընդմիշտ լուծում կտա վիճաբանական հարցին, որի մեջ ընդգրկված ես նաև դու։ Ընթերցելով այս 12 գրքերը՝ կնկատես, որ մարգարեներից մի քանիսը ցանկանում էին օգնել ու խրատել նրանց, ովքեր ապրում էին ցոփ ու շվայտ կյանքով ու անտեսում իրենց երկրպագությունը։ Մարգարեները կոչ էին անում Աստծու ժողովրդին. «Ուշադրություն դարձրեք ձեր ճանապարհներին» (Անգե 1։2–5; 2։15, 18; Ամոս 3։14, 15; 5։4–6)։ Այո՛, նրանք ընդգծում էին, թե ինչպես է պետք ապրել։ Ովքեր ընդունեցին այդ հորդորը, ցույց տվեցին, որ Եհովան իրենց Գերիշխանն է, իսկ Սատանան՝ ստախոս։ Կասկած չկա, որ իր թշնամիներին կործանելիս Եհովան կփաստի, որ նվիրված է այդպիսի մարդկանց (2 Սամուել 22։26

10. Ուրիշ ի՞նչ պատճառ կա, որը կմղի Եհովային գործելու։

10 Կա ևս մեկ պատճառ, թե ինչու է Աստված պատերազմելու։ Մտքով տեղափոխվենք մ.թ.ա. 8-րդ դար, երբ Հուդայում մարգարե էր Միքիան։ Նկարագրելով իր օրերի դրությունը, ինչպես նաև խոսելով իր մասին որպես ամբողջ ժողովրդի՝ Միքիան Հուդան համեմատեց խաղողի այգու և պտղատու այգու հետ, որտեղ ճռաքաղից ու պտղաքաղից հետո ո՛չ ողկույզ է մնացել, ո՛չ թուզ։ Հենց այսպիսին էր իրավիճակը Հուդայում, որտեղ դժվար թե կարողանայիր արդարամիտ մարդ գտնել։ Իսրայելացիները իրենց ազգակիցներին որսում էին արյուն թափելու համար։ Նրանց առաջնորդներն ու դատավորները շահի հետևից էին ընկած (Միքիա 7։1–4)։ Եթե ապրեիր այսպիսի հանգամանքներում, ի՞նչ կզգայիր։ Հավանաբար կկարեկցեիր անմեղ զոհ դարձած մարդկանց։ Ուրեմն որքա՜ն ավելի մեծ կարեկցանք է Եհովան զգում ճնշված ու կեղեքված մարդկանց նկատմամբ։ Այսօր Եհովան ուշադրությամբ հետևում է մարդկանց։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ է նա տեսնում։ Նենգ ու դաժանաբարո մարդիկ ապրում են ուրիշների հաշվին և վայրագորեն են վերաբերվում իրենց մերձավորներին։ Իսկ նրանք, ովքեր նվիրված են Աստծուն, աշխարհում փոքրամասնություն են կազմում։ Սակայն մենք չպետք է վհատվենք։ Եհովան անպայման արդարություն կհաստատի, քանի որ սիրում է նրանց, ովքեր տառապում են անարդարության պատճառով (Եզեկիել 9։4–7

11. ա) Ի՞նչ կնշանակի Եհովայի օրը նրա աստվածավախ ծառաների համար։ բ) Ի՞նչ ազդեցություն ունեցավ Հովնանի նախազգուշական լուրը նինվեցիների վրա։

11 Հստակ է, որ Եհովայի օրը թշնամիները կկործանվեն, իսկ նրա աստվածավախ ծառաները կփրկվեն b։ Միքիան կանխագուշակել է, որ ազգերը կհորդեն դեպի Եհովայի տան լեռը, ինչի արդյունքում ի վերջո բոլոր ազգերի միջև խաղաղություն ու միասնություն կհաստատվի (Միքիա 4։1–4)։ Իսկ կարո՞ղ ենք ասել, որ հնում Եհովայի օրվա վերաբերյալ մարգարեների ազդարարությունները ինչ-որ կերպ անդրադարձել են մարդկանց ապրելակերպի վրա։ Հիշենք, որ երբ Հովնանը նինվեցիներին ազդարարեց Աստծու դատավճիռը, այդ քաղաքի դաժան և չար մարդիկ «հավատ ընծայեցին Աստծուն» ու «հետ դարձան իրենց չար ճանապարհից»։ Ուստի այդ ժամանակ Եհովան աղետ չբերեց նրանց վրա (Հովնան 3։5, 10)։ Այո՛, Եհովայի դատաստանի օրվա մասին լուրը ազդեց նինվեցիների վրա։

Ինչո՞ւ է մեզ համար քաջալերական, թե ինչպես արձագանքեցին նինվեցիները Հովնանի լուրին

Ի՞ՆՉ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԱՅԴ ՕՐԸ ՔԵԶ ՀԵՏ

12, 13. ա) 12 մարգարեները ո՞ւմ մասին էին մարգարեացել։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ 12 մարգարեների խոսքերը վերաբերում էին նաև հեռավոր ապագային։

12 Ոմանք գուցե առարկեն՝ ասելով. «Այդ մարգարեներն ապրել են դարեր առաջ։ Նրանց գրած տեղեկությունն ի՞նչ օգուտ կարող է ինձ տալ»։ Նշենք, որ այս մարգարեները ապրել են նույնիսկ Հիսուսի ծնունդից դարեր առաջ, այդուհանդերձ տեղին է քննել, թե ինչ կապ ունեն Եհովայի օրվա մասին նրանց գրի առած մարգարեությունները 21-րդ դարի հետ։ Ի՞նչ գործնական դասեր կարող ենք սովորել Եհովայի օրվա հետ կապված նրանց արձանագրություններից։ Սա հասկանալու համար հարկավոր է հաշվի առնել հետևյալը. այդ մարգարեները նախազգուշացրել էին, որ Եհովայի օրը Հուդայի, Իսրայելի ու շրջակա ազգերի, ինչպես նաև որոշ աշխարհակալ ուժերի համար աղետաբեր է լինելու c։ Այդ մարգարեությունները կատարվեցին. Ասորեստանը նվաճեց Սամարիան, մ.թ.ա. 607 թ.-ին կործանվեց Հուդան, իսկ շատ չանցած՝ աղետը հասավ նաև թշնամի ազգերին։ Ժամանակի ընթացքում ընկան նաև ասորեստանյան և բաբելոնյան աշխարհակալ ուժերը, ինչի մասին մանրամասնորեն մարգարեացվել էր։

Մ.թ. 33 թ. Պենտեկոստեին Պետրոսը ցույց տվեց, որ կատարվեց Հովելի մարգարեությունը։ Այն կատարվում է նաև մեր օրերում

13 Իսկ այժմ մտովի տեղափոխվենք մ.թ. 33 թ. Պենտեկոստեի օրը։ Երկար տարիներ էին անցել այն ժամանակվանից, երբ առաջին անգամ կատարվեցին վերը նշված մարգարեություններից շատերը։ Այդ օրը Պետրոս առաքյալը բացատրեց, որ Աստծու սուրբ ոգու թափվելով կատարվեց Հովելի մարգարեությունը։ Հետո նա «Հովել» գրքից մեջբերեց հետևյալ խոսքերը. «Նախքան Եհովայի մեծ ու փառահեղ օրվա գալը արևը խավարի կվերածվի, իսկ լուսինը՝ արյան» (Գործեր 2։20)։ Սա ցույց է տալիս, որ Եհովայի օրվա մասին մարգարեությունների այլ կատարումներ էլ էին լինելու։ Ինչ վերաբերում է Հովելի մարգարեության երկրորդ կատարմանը, ապա դա տեղի ունեցավ մ.թ. 70 թ.-ին, երբ հռոմեական զորքը կործանեց Երուսաղեմը։ Այդ ժամանակ իրոք որ խավարի ու արյան օր էր։

14, 15. ա) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովայի օրվա մասին մարգարեությունները վերաբերում են մեզ։ բ) Ե՞րբ կարող ենք ակնկալել, որ կսկսվի Եհովայի օրը։

14 Այդուհանդերձ, Եհովայի օրվա վերաբերյալ Հովելի և մյուս մարգարեների մարգարեությունները դեռ չեն ունեցել իրենց վերջնական կատարումը, իսկ դա, անշուշտ, վերաբերում է մեզ՝ 21-րդ դարում ապրողներիս։ Ինչպե՞ս։ Պետրոսը հորդորեց քրիստոնյաներին «մտքում վառ պահել Եհովայի օրվա ներկայությունը»։ Ապա առաքյալը շարունակեց. «Նրա խոստման համաձայն՝ մենք նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, և նրանցում արդարություն է բնակվելու» (2 Պետրոս 3։12, 13)։ Մ.թ. 70 թ. Երուսաղեմի կործանումից հետո չհաստատվեց նոր երկինք (նոր աստվածապետական կառավարություն) և նոր երկիր (այդ կառավարության ներքո արդար մարդկային հասարակություն)։ Հետևաբար, Եհովայի օրվա մասին մարգարեական խոսքերը դեռ պետք է կատարվեն։ Այո՛, դրանք վերաբերում են մեզ՝ «չափազանց դժվար ժամանակներում» ապրողներիս (2 Տիմոթեոս 3։1

15 Աստվածաշնչի այս 12 գրքերում Եհովայի օրվա նկարագրությունը մեզ հիշեցնում է Հիսուս Քրիստոսի խոսքերը. «Այդ ժամանակ մեծ նեղություն է լինելու, որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա և ոչ էլ երբևէ կլինի»։ Նա նշեց, որ մեծ նեղությունը սկսվելուց «անմիջապես հետո արևը կխավարի, լուսինը իր լույսը չի տա, աստղերը կընկնեն երկնքից, և երկնքի զորությունները կշարժվեն» (Մատթեոս 24։21, 29)։ Դա օգնում է մեզ կողմնորոշվելու, թե երբ պետք է ակնկալել, որ Եհովայի օրը կգա։ Այն շատ մոտ է։ Աստվածաշունչը նշում է, որ մեծ նեղության ժամանակ կործանվելու է «Մեծ Բաբելոնը»՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը։ Այնուհետև երկրի երեսից վերանալու են Աստծու թշնամիները, ինչը լինելու է մեծ նեղության գագաթնակետը (Հայտնություն 17։5, 12–18; 19։11–21

16. Եհովայի օրվա մասին մարգարեությունները ինչպե՞ս կկատարվեն ավելի մեծ մասշտաբով։

16 Եհովայի վկաները հասկացել են Եհովայի օրվա մասին մարգարեությունների բուն էությունը և գիտեն, որ դրանք մի քանի կատարում ունեն։ Հավատուրաց Երուսաղեմը, անհավատարիմ Սամարիան, թշնամի եդոմացիները, դաժան ու վայրագ ասորեստանցիները, ինչպես նաև բաբելոնացիները հաճախ նախապատկերել են կեղծ կրոնը, որը մեծ նեղության սկզբնական փուլում կոչնչացվի։ Այնուհետև «Եհովայի մեծ ու ահազդու օրը» կոչնչացվեն նաև նրա քաղաքական և կոմերցիոն սիրեկանները (Հովել 2։31; Հայտնություն 17։2

ՊԱՏՐԱՍՏ ԵՂԻՐ

17, 18. ա) Ինչո՞ւ էր Ամոսն ասում. «Վա՜յ Եհովայի օրը ցանկացողներին»։ բ) Ի՞նչ կպատահի նրանց, ովքեր պատրաստ չեն լինի Եհովայի օրվան։

17 Քանի որ Աստծու դատավճիռները գլխավորապես վերաբերում են կեղծ կրոնին, որոշ քրիստոնյաներ գուցե մտածեն, որ այդ մարգարեությունների կատարումը իրենց չի առնչվում։ Սակայն այն, ինչ Ամոսն ասաց իսրայելացիներին, վերաբերում է բոլորիս. «Վա՜յ Եհովայի օրը ցանկացողներին»։ Նրա օրերում որոշ իսրայելացիներ կարծում էին, որ Եհովայի օրը միայն օրհնություններ է բերելու իրենց։ Նրանք հավատում էին, որ դա այն օրն է, երբ Աստված գործելու է հանուն իր ժողովրդի բարօրության։ Նրանք անգամ ցանկանում էին, որ այդ օրը գա։ Սակայն Ամոսի խոսքերի համաձայն՝ եսակենտրոն մարդկանց համար Եհովայի օրը «խավար էր լինելու և ոչ թե լույս»։ Այո՛, ինքնագոհ իսրայելացիները Եհովայի բարկությունը իրենց կաշվի վրա էին զգալու (Ամոս 5։18

18 Այնուհետև Ամոսը նկարագրեց, թե ինչ էր լինելու նրանց, ովքեր ցանկանում էին, որ գա Եհովայի օրը։ Պատկերացրու՝ մի մարդու, ով փախչում է առյուծից, բայց արջի է հանդիպում։ Հետո արջից փախչելով՝ ապաստան է գտնում մի տան մեջ։ Հևալով իր հետևից փակում է դուռը ու հենվում պատին, և նրան օձն է կծում։ Ինչ-որ իմաստով այսպիսին է լինելու այն մարդկանց վերջը, ովքեր պատրաստ չեն լինի Եհովայի օրվան (Ամոս 5։19

Միքիայի նման՝ համբերատարությամբ սպասիր փրկության Աստծուն

19. Գործնականում ինչպե՞ս կարող ենք պատրաստվել Եհովայի օրվան։

19 Քո կարծիքով՝ այս համարները որևէ գործնական արժեք ունե՞ն քեզ համար։ Հիշիր, որ Ամոսը իր խոսքերն ուղղեց մի ժողովրդի, որը նվիրված էր Աստծուն։ Բայցևայնպես, կարիք կար ինչ-որ բան շտկելու մտածելակերպի և արարքների մեջ։ Իսկ ի՞նչ կարելի է ասել քո ապրելակերպի մասին։ Պատրա՞ստ ես այդ կարևոր օրվան, թե՞ որոշ փոփոխություններ անելու կարիք ունես։ Ինչպե՞ս կարող ես իմանալ, թե արդյոք պատրաստ ես։ Ինչ խոսք, պատրաստ լինել չի նշանակում ապաստան կառուցել, սննդի պաշար հավաքել, սովորել, թե ինչպես ջուր թորել, կամ փող հավաքել։ Սոփոնիան գրեց. «Ո՛չ նրանց արծաթը և ո՛չ էլ նրանց ոսկին չեն կարողանա ազատել նրանց Եհովայի ցասման օրը»։ Ուստի Աստծու օրվան պատրաստ լինել չի նշանակում նյութական պաշար հավաքել (Սոփոնիա 1։18; Առակներ 11։4; Եզեկիել 7։19)։ Պատրաստ լինել նշանակում է զգոն լինել հոգևոր առումով։ Մեր ապրած ամեն մի օրը պետք է ցույց տա, որ այդ օրվան սպասում ենք վաղը։ Հարկավոր է ճիշտ տրամադրվածություն ունենալ ու համապատասխան գործեր անել։ Միքիան ասաց. «Ես արթնությամբ կսպասեմ Եհովային։ Ես համբերությամբ կսպասեմ իմ փրկության Աստծուն» (Միքիա 7։7

20. Ի՞նչ գործոններ չպետք է ազդեն համբերատարությամբ սպասելու մեր տրամադրվածության վրա։

20 Համբերատարությամբ սպասելը հոգևոր արթնության նշան է, Եհովայի օրվան պատրաստ լինելու ցուցանիշ։ Նման տրամադրվածություն ունեցող անհատը չի անհանգստանա՝ մտածելով, թե երբ կգա այդ օրը, ու չի մտահոգվի, թե որքան պետք է սպասի։ Այդ օրվան վերաբերող բոլոր մարգարեությունները կկատարվեն Եհովայի նշանակած ժամանակին՝ առանց հետաձգման։ Եհովան Ամբակումին ասաց. «Տեսիլքը պետք է կատարվի նշանակված ժամանակին. այն շտապում է իր ավարտին և չի ստի։ Եթե հապաղի էլ, սպասի՛ր նրան, որովհետև անպատճառ պիտի կատարվի, այն չի ուշանա [Եհովայի տեսանկյունից]» (Ամբակում 2։3

21. Այս գրքի հաջորդ գլուխներից ի՞նչ օգտակար մտքեր կգտնես քեզ համար։

21 Այս գրքից դու կիմանաս, թե ինչպես կարող ես սպասել փրկության Աստծուն։ Ի՞նչ արժեքավոր ու օգտակար մտքեր կարող ես գտնել քեզ համար։ Հնարավոր է՝ այդքան լավ ծանոթ չես 12 մարգարեներին, ուստի գրքում գլխավորապես ուշադրություն կդարձվի Աստվածաշնչի հենց այդ հատվածին։ Դու, ինչ խոսք, կհանդիպես մտածելու տեղիք տվող մի շարք մտքերի։ Օրինակ՝ 2-րդ բաժնից կիմանաս, թե ողջ մնալու համար ինչպես է պետք «փնտրել Եհովային» (Ամոս 5։4, 6)։ 12 գրքերը կօգնեն քեզ ավելի լավ ճանաչելու Եհովային։ Դու ավելի լավ կպատկերացնես, թե որքան կարևոր է ծառայել նրան և հնարավորության սահմաններում ընդլայնել ծառայությունը։ Այս մարգարեների օգնությամբ, անխոս, խորապես կհասկանաս Եհովայի էությունը։ 3-րդ բաժնից հստակ կտեսնես, թե ինչ է Եհովան ակնկալում քեզնից ընտանիքիդ և ուրիշների հետ ունեցած փոխհարաբերությունների առնչությամբ։ Դա կօգնի քեզ պատրաստ լինելու նրա մեծ օրվան։ Իսկ 4-րդ բաժնում մանրամասնորեն խոսվում է մարգարեների տված խորհուրդների մասին այն առնչությամբ, թե ինչ տրամադրվածություն է պետք պահպանել, մինչ մոտենում է Եհովայի օրը։ Դու կիմանաս նաև, թե ինչպես են այդ խորհուրդները վերաբերում քո քրիստոնեական ծառայությանը։ Կասկած չկա, որ քեզ կոգևորեն ապագայի վերաբերյալ մարգարեների նկարագրությունները, ինչը առնչվում է նաև քո ապագային։

22. Ինչպե՞ս կարձագանքես 12 մարգարեների խորհուրդներին։

22 Հիշո՞ւմ ես այս գլխի սկզբում մեջբերված Սոփոնիայի խոսքերը, որոնք հրատապություն են ներշնչում (Սոփոնիա 1։14)։ Նրա մարգարեությունը մեծ ազդեցություն թողեց երիտասարդ Հովսիա թագավորի վրա։ Նա սկսեց փնտրել Եհովային, երբ ընդամենը 16 տարեկան էր։ Իսկ 20 տարեկանում նա կռապաշտության դեմ մեծ արշավ ձեռնարկեց, ինչը և կոչ էր անում Սոփոնիան Հուդային ու Երուսաղեմին (2 Տարեգրություն 34։1–8; Սոփոնիա 1։3–6)։ Հովսիայի նման՝ արձագանքո՞ւմ ես Եհովայի օրվա մասին նախազգուշացմանը։ Ակնհա՞յտ է դա քո ապրելակերպից։ Տեսնենք, թե ինչպես կարող են 12 մարգարեները օգնել մեզնից յուրաքանչյուրին։

a Թե՛ Եսայիան՝ 12 մարգարեների առաջին խմբի ժամանակակիցը, թե՛ Եզեկիելը՝ երկրորդ խմբի ժամանակակիցը, նույնպես նախազգուշացրել են Եհովայի օրվա մասին (Եսայիա 13։6, 9; Եզեկիել 7։19; 13։5; տե՛ս այս գրքի երկրորդ գլուխը, պարբ. 4–6

b Մարգարեական պատգամների դրական կողմերի մասին կարդա՛ Օսեե 6։1; Հովել 2։32; Աբդիա 17; Նաում 1։15; Ամբակում 3։18, 19; Սոփոնիա 2։2, 3; Անգե 2։7; Զաքարիա 12։8, 9 և Մաղաքիա 4։2 համարներում։

c 12 մարգարեներից մի քանիսը մարգարեացել են ոչ միայն մեկ, այլև մի քանի ազգերի մասին։