ԳԼՈՒԽ 11
Եհովան ուզում է, որ մարդիկ ապրեն, իսկ դո՞ւ
1, 2. ա) Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչպես արձագանքեց Հովնանը, երբ Եհովան որոշեց խնայել նինվեցիներին։ բ) Ինչո՞ւ պետք է քննենք, թե ինչպես է Աստված ողորմություն դրսևորում և թե ինչ տեսակետ ունի կյանքի վերաբերյալ։
ԵՀՈՎԱՆ ուրախացավ, իսկ մարգարեն տխրեց։ Աստված ողորմություն դրսևորեց՝ խնայելով հազարավոր մարդկանց կյանքերը, մինչդեռ Հովնանն ուզում էր, որ նրանք կործանվեն։ Եհովան որոշել էր ներել և պահպանել իր ժողովրդի թշնամիների կյանքը։
2 Հովնանի օրինակից տեսնում ենք, որ երբեմն մարդկանց համար դժվար է ըմբռնել, թե որքան խորն է Աստծու համբերատարությունը, և հասկանալ, թե որքան թանկ է նա գնահատում մարդու կյանքը։ Հովնանին «ընդհանրապես դուր չեկավ» այն, որ Եհովան որոշեց խնայել նինվեցիներին, այդ պատճառով «նա խիստ վրդովվեց»։ Նրան գուցե ավելի շատ մտահոգում էր ոչ թե ուրիշների բարօրությունն ու փրկությունը, ինչպես նաև ողորմություն դրսևորելը, այլ իր զգացմունքները։ Հովնանը, ըստ երևույթին, մտածեց, որ եթե Եհովան խնայի նինվեցիների կյանքը, ապա ինքը՝ որպես մարգարե, կհեղինակազրկվի (Հովնան 4։1, 10, 11)։ Այժմ, երբ Եհովայի օրը արագորեն մոտենում է, կարող ես հարցնել ինքդ քեզ. «Ինչպե՞ս կարող եմ ավելի շատ գնահատել այն, որ Եհովան պատրաստ է ներելու, և ինչպե՞ս կարող եմ օգնել նրանց, ովքեր հեռացել են, սակայն հետո զղջացել և ընդունել են Աստծու ջերմ հոգատարությունը։ Ինչպե՞ս կարող եմ ընդօրինակել Աստծուն, որն ուզում է, որ բոլոր մարդիկ ապրեն»։
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՓՐԿՈՒԹՅԱՆ
3. Կա՞ արդյոք հակասություն Աստծու արդարության և նրա ողորմության միջև։ Բացատրիր։
3 Ոմանք ասում են, որ 12 մարգարեական գրքերում էջ առ էջ խոսվում է միայն այն մասին, թե ինչպես է Աստված պատժում մարդկանց, իր բարկությունը թափում նրանց վրա և արդար դատավճիռներ իրագործում։ Այդ մարդիկ գուցե հարցնեն. «Իսկ ո՞ւր մնաց Աստծու ողորմությունը։ Արդյոք թա՞նկ է նրա համար մարդու կյանքը»։ Իրականում, Եհովայի արդարությունն ու ողորմությունը ոչ թե հակասում, այլ լրացնում են իրար ու դրսևորվում են միաժամանակ՝ այդպիսով հնարավորություն տալով անհատին ապրելու։ Արդարությունն ու ողորմությունը Աստծու կատարյալ էության երկու անբաժան երեսակներից են (Սաղմոս 103։6; 112։4; 116։5)։ Նա ողորմած է արդարների հանդեպ և վերացնում է այն վնասը, որ ամբարիշտները պատճառում են նրանց։ Հենց այսպես է դրսևորվում նրա կատարյալ արդարությունը։ Լինելով լիակատար արդար՝ Եհովան ողորմածաբար հաշվի է առնում անկատար մարդկանց սահմանափակումները։ Նա գործում է հետևյալ սկզբունքի համաձայն. պատիժ, երբ անհրաժեշտ է, ողորմություն, երբ հնարավոր է։ Մարգարեական գրքերում կարող ես բազում հատվածներ գտնել, որոնք վկայում են այս երկու հատկությունների ներդաշնակության մասին և ցույց են տալիս, որ Աստված ուզում է, որ մարդիկ ապրեն։ Քննենք այդ հատվածները մանրամասնորեն և տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել ու կիրառել մեր կյանքում։
4. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Աստված ուզում է, որ մարդիկ ապրեն։
4 Աստծու դատավճիռներն ազդարարելով՝ Հովել մարգարեն հավաստիացրեց նաև, որ Աստված «գթառատ ու ողորմած է, չի շտապում բարկանալ և լի է սիրառատ բարությամբ» (Հովել 2։13)։ Մոտ հարյուր տարի անց՝ մ.թ.ա. 8-րդ դարում, Միքիա մարգարեն ընդգծեց, որ մարդիկ Եհովայի ներողամտության կարիքն ունեն։ Նա հարցրեց. «Ո՞վ է Աստված քեզ նման»։ Այնուհետև Եհովայի մասին ասաց. «Դու հավիտյան չես բարկանում, քանի որ քեզ հաճելի է սիրառատ բարություն դրսևորելը։ Դու կրկին ողորմած կլինես մեր հանդեպ» (Միքիա 7։18, 19)։ Ինչպես տեսնում ենք նինվեցիների դեպքից, Աստված պատրաստ է վերանայելու իր որոշումը և հետ պահելու իր բարկությունը մեղավորներից, եթե վերջիններս զղջում են և համապատասխան փոփոխություններ անում։
5. Ի՞նչն է քեզ ամենից շատ տպավորում Աստծու ողորմության և մարդկանց կյանքերը փրկելու առնչությամբ (տե՛ս նաև « Նրանք պատրաստ էին ծառայելու Եհովային» շրջանակը)։
5 Թեև չենք ապրում 12 մարգարեների ժամանակներում, այդուհանդերձ մեզ տպավորում են Եհովայի ողորմության ու մարդկանց հանդեպ նրա հոգատարության վերաբերյալ նրանց գրի առած արձանագրությունները։ Եհովայի հանդեպ երախտագիտությունը կօգնի մեզ մտերմանալու նրա հետ և ավելի մեծ ոգևորությամբ մասնակցելու կյանքեր փրկող գործին։ Այսօր շատերը կործանարար ճանապարհով են քայլում, բայց մեզ հավաստիացում է տրվում. «[Աստված] չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ որ բոլորը զղջան» (2 Պետրոս 3։9)։ Այդ մասին են վկայում նաև այն ջերմ խոսքերը, որ Օսեեն ասաց պոռնկություն գործած իր կնոջը, որը վերադարձել էր իր մոտ։ Ողորմություն դրսևորելով մեղք գործած իր ժողովրդի հանդեպ՝ Եհովան «խոսեց նրա սրտի հետ»։ Աստված պարտավոր չէր ներելու նրանց, բայց «հոժար կամքով» ներեց (Օսեե 1։2; 2։13, 14; 3։1–5; 14։4)։ Ինչո՞ւ է կարևոր իմանալ, թե ինչպես Աստված ներեց նրանց, և ինչ էր նա զգում այդպես վարվելիս. խոսքը մարդկանց կյանքի մասին է։ Աստծու ողորմությունը և մարդկանց կյանքը փրկելու նրա ցանկությունը ակնհայտ է քրիստոնեական ժողովում, որի մեջ ներգրավված ես նաև դու։
ՕԳՆԵՆՔ ՄԱՐԴԿԱՆՑ ՓՐԿՎԵԼՈՒ
6. Ինչպե՞ս է Աստված ցույց տալիս, որ չի ցանկանում, որ մարդիկ կործանվեն։
6 Ինչո՞ւ ես մասնակցում քարոզչությանը։ Գլխավորապես այն պատճառով, որ ուզում ես օգնել մարդկանց ճանաչելու ճշմարիտ Աստծուն։ Այս առումով անչափ կարևոր է հիշել մի բան. նախքան պատժելը Եհովան հստակ նախազգուշացումներ է տալիս։ Դա ապացույցն է այն բանի, որ Եհովան մարդկանց հանդեպ ողորմած ու հոգատար է և չի ուզում, որ մարդիկ կործանվեն։ 12 մարգարեները հիշեցնում էին ամբարիշտներին, որ Եհովան հնարավորություն է տալիս փրկվելու և խուսափելու իր արդար բարկությունից։ Այսօր մենք էլ ենք այդպիսի աշխատանք կատարում։ Որպես քրիստոնյաներ՝ մեզ համար մեծ պատիվ է մարդկանց ազդարարել Աստծու վրեժխնդրության մոտալուտ օրվա մասին։ Սակայն այս նախազգուշական աշխատանքին մասնակցելիս հարկավոր է խուսափել ոխակալությունից։ Տեղին չէ, որ ցանկանանք այն մարդկանց մահը, ովքեր չեն լսում բարի լուրը՝ մտածելով, որ նրանք պետք է ստանան իրենց արժանի պատիժը։ Ինքդ քեզ հիշեցրու, որ քարոզում ես այն նպատակով, որ օգնես մարդկանց կանգնելու հավիտենական կյանքի տանող ճանապարհին (Հովել 3։9–12; Սոփոնիա 2։3; Մատթեոս 7։13, 14)։
7. ա) Ինչո՞ւ է քարոզչական գործին մասնակցելը անչափ կարևոր։ բ) Եհովայի վերաբերմունքի մասին խորհրդածելը ինչպե՞ս կօգնի մեզ անտարբերության բախվելիս։
7 Ամեն անգամ, երբ հայտնում ես աստվածաշնչյան ճշմարտությունների մասին՝ քարոզելով տնետուն, դպրոցում, աշխատավայրում կամ այլուր, դու օգնություն ես առաջարկում մարդկանց, ովքեր Աստծու ողորմության և ներողամտության կարիքն ունեն (Օսեե 11։3, 4)։ Ինչ խոսք, հնարավոր է՝ հանդիպես անտարբերության։ Սակայն հաստատակամ մնալով՝ դու կընդօրինակես ողորմած Աստծուն, որը ճիշտ ճանապարհից շեղված իր ժողովրդին Զաքարիայի միջոցով ասաց. «Հե՛տ դարձեք, խնդրում եմ, ձեր չար ճանապարհներից և ձեր չար գործերից» (Զաքարիա 1։4)։ Ո՞վ գիտի, թե քանի հոգի կարձագանքի, երբ հայտնես Աստծու ողորմության մասին և ցույց տաս կյանքի առաջնորդող ճանապարհը։ Ուրեմն մի՛ մոռացիր, թե ինչու ես քարոզում. Եհովան ուզում է, որ մարդիկ փրկվեն։ Դա նաև քո ցանկությունն է։
8. Ինչո՞ւ է քաջալերական հիշել, թե ինչպես են ոմանք արձագանքել Աստծու ողորմությանը։
8 Անչափ քաջալերական է հիշել, որ գրեթե միշտ եղել են մարդիկ, ովքեր արձագանքել են Աստծու խոսքին։ Օրինակ՝ Օսեեն խոսել է այն մարդկանց մասին, ովքեր ընդունել են, որ «Եհովայի ճանապարհներն ուղիղ են»։ Մարգարեն նաև նշում է, որ «արդարները կքայլեն դրանցով» (Օսեե 14։9)։ Դարերի ընթացքում ազնվասիրտ շատ մարդիկ դրական են արձագանքել Աստծու հետևյալ հրավերին. «Վերադարձեք ինձ մոտ ամբողջ սրտով» (Հովել 2։12)։ Ճիշտ է, այս խոսքերը ուղղված են եղել Եհովային ճանաչող մարդկանց, սակայն դրանք արտացոլում են նաև Աստծու հոգատարությունը նրանց հանդեպ, ովքեր նոր են սկսում գիտելիքներ ստանալ նրա մասին։ Այո՛, Աստված վստահ է, որ մարդիկ կարող են ափսոսանք զգալ անցյալում գործած մեղքերի համար, զղջալ և դարձի գալ՝ անելով այն, ինչ ճիշտ է։ Այդպես վարվելով՝ նրանք կկարողանան փրկվել (1 Տիմոթեոս 4։16)։
9. Ի՞նչ պետք է անեին նինվեցիները, որ Աստված ներեր իրենց, և ի՞նչ ենք սովորում դրանից։
9 Անդրադառնանք այն բանին, թե ինչու Եհովան ներեց նինվեցիներին։ Աստվածաշնչում կարդում ենք, որ նրանք լրջորեն վերաբերվեցին Աստծու դատաստանի մասին նախազգուշացմանը և «հավատ ընծայեցին Աստծուն» (Հովնան 3։5)։ Իրենց կյանքը փրկելու համար անհրաժեշտ էր, որ նրանք ոչ թե զուտ վախենային Աստծու պատժից, այլ հավատ դրսևորեին։ Աստված ուզում է, որ մարդիկ զղջան և հավատով գործեն, այդ պատճառով նա մեզ հանձնարարել է քարոզել ու օգնել մարդկանց ընտրություն կատարելու։ Իսկ ի՞նչ է լինում, երբ մարդիկ դրական են արձագանքում։ Ահա թե ինչ է ասվում նինվեցիների մասին. «Ճշմարիտ Աստված տեսավ նրանց գործերը, տեսավ, որ նրանք հետ էին դարձել իրենց չար ճանապարհից, և ճշմարիտ Աստված ափսոսաց, որ մտադրվել էր աղետ բերել նրանց վրա և չբերեց» (Հովնան 3։10)։ Եհովային հնարավոր չէ խաբել խոսքերով կամ ցուցադրական գործերով։ Նինվեցիներն ակներևաբար անկեղծ զղջացին և դա փաստեցին իրենց գործերով։ Աստված տեսավ, որ նրանք փոխվեցին. անկեղծ զղջացին ու հավատ դրսևորեցին։
10. Նշիր դեպքեր, երբ Եհովան փրկվելու հնարավորություն է տվել մարդկանց։
10 Նինվեցիներին խնայելը միակ դեպքը չէ, որ ցույց է տալիս, որ Աստված ուզում է փրկել մարդկանց։ Մ.թ.ա. 607 թ. Երուսաղեմի կործանման ժամանակ (Աբդիայի, Նաումի և Ամբակումի ծառայությունից հետո) Եհովան փրկեց հնազանդություն ցույց տված Երեմիային ու նրա հավատարիմ ընկերներին (Երեմիա 39։16–18)։ Աստծու մարգարեները կանխագուշակել էին նաև, որ հրեաների զղջացող մնացորդը վերադառնալու է Բաբելոնից և վերականգնելու է մաքուր երկրպագությունը (Միքիա 7։8–10; Սոփոնիա 3։10–20)։ Այդ մարգարեությունները զարմանալիորեն կատարվում են նաև մեր օրերում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո օծյալ քրիստոնյաները, որոնցից շատերը կորցրել էին իրենց եռանդը ճշմարիտ երկրպագության հանդեպ, կրկին սկսեցին ակտիվորեն ծառայել Եհովային, ստացան նրա հավանությունը և բոցավառեցին հավիտենական կյանքի հույսը։ Այսօր նույնպես «շատ ազգեր միանում են Եհովային» (Զաքարիա 2։11)։ Նրանք հնարավորություն ունեն վերապրելու այս աշխարհի կործանումից։ Ուստի քարոզելով՝ դու ոչ միայն հնազանդվում ես քրիստոնյաներին տրված պատվերին և մասնակցում մարգարեության կատարմանը, այլև ամենակարևորը, օգնում ես մարդկանց գիտելիքներ ձեռք բերելու Եհովայի մասին, հավատ զարգացնելու և հավիտենական կյանքի հույս փայփայելու (Մատթեոս 24։14; 28։19, 20)։
ՎԵՐԱԴԱՐՁ ԵՎ ԿՅԱՆՔ
11, 12. Աստծու ողորմությունից ի՞նչ օգուտներ կարող են քաղել նրանք, ովքեր մի ժամանակ ծառայել են նրան։
11 Թեև Եհովան ուզում է, որ մարդիկ ճանաչեն իրեն ու կյանք ստանան, նա չի մոռանում նաև նրանց, ովքեր արդեն ծառայում են իրեն։ Մենք էլ պետք է հետաքրքրվենք մեր հավատակիցներով և օգնենք նրանց մնալու կյանքի տանող ճանապարհին։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ հետաքրքրված ենք նրանցով։
12 Գուցե ճանաչում ես մեկին, ով լսել է Եհովայի մասին, հավատ է զարգացրել նրա հանդեպ և դարձել եռանդուն քարոզիչ, սակայն այժմ չի ծառայում Աստծուն։ 12 մարգարեների արձանագրությունները ցույց են տալիս, որ Աստված պատրաստ էր ողորմելու նրանց, ովքեր մի ժամանակ եղել էին իր ժողովրդի մեջ, բայց հետագայում թողել ճշմարիտ երկրպագությունը։ Այսօր նույնպես Եհովան պատրաստ է հետ ընդունելու նրանց, ովքեր «ճանապարհից շեղվել են», «հեռացել են», և ովքեր մեղք են գործել ու պետք է զղջան (Եբրայեցիներ 2։1; 3։12)։ Նրանք թերևս ուրախ չեն, որ հեռացել են Եհովայից, բայցև դժվարանում են վերադառնալ։ Ուստի Աստված նրանց է դիմում. «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Դեպի ինձ դարձեք,— ասում է Զորքերի Տեր Եհովան,— և ես կդառնամ դեպի ձեզ»» (Զաքարիա 1։3)։ Անչափ մխիթարական են նաև Օսեեի խոսքերը. «Վերադարձի՛ր, ո՛վ Իսրայել, դեպի քո Աստված Եհովան, քանի որ դու սայթաքեցիր քո մեղքի պատճառով։ Վերադարձե՛ք դեպի Եհովան զղջման խոսքերով։ Բոլորդ ասացե՛ք նրան. «Ներիր մեր մեղքերը, ընդունիր այն, ինչը բարի է»»։ Այո՛, անգամ լուրջ մեղքեր գործած անհատները, ովքեր զղջացել էին ու վերադարձել Աստծու մոտ, կարող էին ներում ստանալ և հոգևորապես լիովին վերականգնվել (Օսեե 6։1; 14։1, 2; Սաղմոս 103։8–10)։ Այս առնչությամբ մարգարեների օրերից առայսօր ոչինչ չի փոխվել։
13. Ինչո՞ւ պետք է ողորմած լինենք նրանց հանդեպ, ում Աստված ներել է։
13 Իսկ ի՞նչ են սովորում Եհովայի ներողամտությունից հավատարիմ քրիստոնյաները, ովքեր շարունակում են քայլել կյանքի ճանապարհով։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ մարդկանց վերաբերյալ ունենք Եհովայի տեսակետը։ Եհովան ակնկալում է, որ մենք ողորմած լինենք ոչ միայն նորեկների հանդեպ, այլև նրանց, ովքեր հեռացել են ճշմարտությունից։ Օսեեի միջոցով Աստված մեզ հայտնում է իր կամքը. «Ինձ սիրառատ բարությունն է հաճելի, ոչ թե զոհերը»։ Այս մտքին ներդաշնակ են Հիսուս Քրիստոսի հետևյալ խոսքերը. «Գնացեք և սովորեք, թե ինչ է նշանակում՝ «ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ»» (Օսեե 6։6; Մատթեոս 9։13)։ Աստծու հետ լավ փոխհարաբերություններ պահպանելու համար անչափ կարևոր է ողորմած լինել։ Պողոս առաքյալը նշեց, թե ինչ սերտ կապ գոյություն ունի ուրիշներին ներելու և Աստծուն ընդօրինակելու միջև. «Դուք իրար հանդեպ եղեք բարի և կարեկից՝ մեծահոգաբար ներելով իրար, ինչպես որ Աստված Քրիստոսի միջոցով մեծահոգաբար ներեց ձեզ։ Եվ այսպես՝ ընդօրինակեք Աստծուն սիրելի զավակների պես և շարունակեք քայլել սիրո մեջ» (Եփեսացիներ 4։32–5։2)։ Կարողանո՞ւմ ես ընդօրինակել Աստծուն՝ լինելով ողորմած ու ներողամիտ։
14, 15. Ներելու հարցում Եհովային ընդօրինակելու մեր պատրաստակամությունը ո՞ր հանգամանքներում գուցե փորձության ենթարկվի։
14 Ինչպե՞ս վարվել, երբ եղբայրը լուրջ մեղք է գործում, չի զղջում և արդյունքում զրկվում է ընկերակցությունից։ Նման բան տեղի ունեցավ առաջին դարում։ Այն քրիստոնյաները, ովքեր մեղք էին գործում և չէին զղջում, վտարվում էին ժողովից։ Եթե նման բան եղել է այն ժամանակ, երբ Հիսուսի առաքյալները դեռ կենդանի էին, ապա զարմանալի չէ, որ մեր օրերում էլ ժամանակ առ ժամանակ նման բաներ կլինեն։ Այսպիսի դեպքերում Աստծուն նվիրված քրիստոնյաները հետևում են աստվածաշնչյան առաջնորդությանը և չեն շփվում ընկերակցությունից զրկված անհատի հետ։ Եհովայի հանդեպ մեր նվիրվածությունը մեղք գործած անհատին կարող է օգնել տեսնելու իր սխալի լրջությունը և զղջալու։ Աստվածաշնչում կարդում ենք Կորնթոսում ապրող մի տղամարդու մասին, որը զրկվեց ժողովի ընկերակցությունից, սակայն հետագայում զղջաց ու վերականգնվեց (1 Կորնթացիներ 5։11–13; 2 Կորնթացիներ 2։5–8)։ Ինչպե՞ս ես արձագանքում, երբ այսօր նման բան է լինում։ Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում ես, որ ուրիշները կյանք ձեռք բերեն։
15 Մեղք գործած անհատը, ով զղջացել է, գուցե ամոթ զգա ու վհատվի։ Ինչ խոսք, նա կարիք ունի հավաստիանալու, որ Աստված և իր հավատակիցները սիրում են իրեն և ուզում են, որ ինքը ապրի։ Ուշադրություն դարձրու, թե Աստված ինչ քնքշությամբ էր զղջացող իսրայելացիներին հավաստիացնում իր սիրո մեջ. «Քեզ պիտի նշանեմ ինձ հետ հավատարմությամբ, և դու կճանաչես Եհովային» (Օսեե 2։20)։ Շատ կարևոր է գործերով ցույց տալ, որ զղջացող անհատի հանդեպ ունենք այն նույն զգացմունքները, որ Աստված ունի, նա, ով ողորմություն է ցույց տալիս (Զաքարիա 10։6)։
16. Ինչպե՞ս պետք է արձագանքենք, երբ որևէ մեկը վերականգնվում է։
16 Աստված ուզում է, որ մարդիկ կյանք ստանան, ուստի ուրախանում է, երբ մեղավորները զղջում են, կամ ոչ ակտիվ քարոզիչը վերականգնում է իր նախկին եռանդը (Ղուկաս 5։32) a։ Իսկ ինչ վերաբերում է վերոհիշյալ կորնթացի տղամարդուն, ապա Պողոս առաքյալը ժողովին հորդորեց ներել ու քաջալերել նրան, ինչպես նաև հավաստիացնել սիրո մեջ. «Մեծամասնության կողմից տրված խրատը բավական է այդ մարդու համար, այնպես որ.... դուք պետք է մեծահոգաբար ներեք ու մխիթարեք նրան, որ չլինի թե նա կուլ գնա իր ծայրահեղ տրտմությանը։ Ուստի հորդորում եմ ձեզ, որ հավաստիացնեք նրան ձեր սիրո մեջ» (2 Կորնթացիներ 2։6–8)։ Այն մարդկանց, ովքեր նախկինում մեղք էին գործել, Օսեե մարգարեն Եհովայի անունից ասաց. «Նրանց անհավատարմությունը ես կբուժեմ, իմ հոժար կամքով կսիրեմ նրանց» (Օսեե 14։4)։ Կընդօրինակե՞նք Եհովային՝ ուրախությամբ օգնելով այդպիսի մարդկանց ապաքինվելու և արդյունքում հավիտենական կյանք ստանալու։
17, 18. Ինչպե՞ս կարող ենք սիրով աջակցել նրանց, ովքեր վերադարձել են Եհովայի մոտ, կամ նրանց, ում ընտանիքի անդամը զրկվել է ընկերակցությունից։
17 Հստակ է, որ Եհովան հարգում է նրանց արժանապատվությունը, ովքեր վերադառնում են իր մոտ, և մեծահոգաբար ընդունում է նրանց ու իր սերն է արտահայտում նրանց հանդեպ։ Օսեեն նման ձևով վարվեց, երբ պատրաստակամորեն ընդունեց նախկինում անհավատարիմ իր կնոջը։ Ուշադրություն դարձրու, թե ինչպես է Եհովան վերաբերվում իր ծառաներին. «Ես նրանց համար իրենց պարանոցներից լուծը հանողների պես եղա և նրանցից ամեն մեկին քնքշորեն կերակրեցի» (Օսեե 11։4)։ Որքա՜ն քաջալերական է իմանալ, որ Եհովան քնքշորեն հոգ է տանում իր մոտ վերադարձած անհատների մասին։ Ընդօրինակելով Աստծուն՝ մենք ջերմություն և հոգատարություն ցույց կտանք նրանց հանդեպ, ովքեր աստվածահաճո տրտմություն են զգացել և անկեղծորեն զղջացել են։ Երբ այդպիսի անհատը վերադառնում է ժողով, ոխակալ լինելու կամ նրա նախկին արարքների հանդեպ բացասական զգացմունքներ պահելու փոխարեն՝ մենք պետք է սփոփենք նրան (1 Թեսաղոնիկեցիներ 5։14)։
18 Ուրիշ ի՞նչ կերպերով կարելի է ընդօրինակել Եհովային, երբ որևէ մեկը զրկվում է ժողովի ընկերակցությունից։ Կարո՞ղ ենք աջակցել այդ անհատի ընտանիքի անդամներին, օրինակ՝ նրա կողակցին, որը շարունակում է հավատարիմ մնալ, կամ երեխաներին։ Նրանք գուցե պայքարում են ժողովի հանդիպման գնալու և ծառայելու համար։ Նրանց անհրաժեշտ օգնությունը ցույց կտա՞նք։ Բացի այդ, կարող ենք ողորմած լինել՝ «բարի ու մխիթարական խոսքեր» ասելով նրանց (Զաքարիա 1։13)։ Դա կարելի է անել ժողովի հանդիպումից առաջ և հետո, ծառայության ժամանակ կամ այլ հարմար առիթի դեպքում։ Մեր սիրելի ծառայակիցները անչափ թանկ են ժողովի համար։ Նրանք չպետք է իրենց լքված ու միայնակ զգան։ Որոշ դեպքերում ընկերակցությունից զրկվում են ծնողները, իսկ երեխաները շարունակում են ծառայել Եհովային։ Մենք սրտանց ուզում ենք, որ նրանք հավիտենական կյանքի հեռանկար ունենան։ Ինչպե՞ս դա կարող ենք ցույց տալ։
«ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ ԵՍ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՈՐԲԻՆ»
19. Սոփոնիան ի՞նչ հոգևոր օգնություն ցույց տվեց երիտասարդ թագավորին, որն առանց հայր էր մնացել։
19 Սոփոնիայի ծառայությունը, որն ապրել է մ.թ.ա. 7-րդ դարի կեսերին, օգնում է մեզ տեսնելու, թե ինչպես կարող ենք օգնություն ցույց տալ մեր հավատակիցներին։ Նա հավանաբար Հուդայի թագավորական տնից էր՝ Հովսիա թագավորի հեռավոր բարեկամը։ Հովսիայի հայրը սպանվել էր, և հանգամանքները ստիպեցին ութամյա տղային գահ բարձրանալ։ Նրա ուսերին ծանր հանձնարարություն էր դրված. հոգևորապես մաքրել իսրայելացիներին, որոնք թաղված էին կռապաշտության մեջ և գարշելի բաներ էին անում (Սոփոնիա 3։1–7)։ Այդպիսի անհնազանդ ժողովրդին ղեկավարելու համար պատանի Հովսիան, որը անհայր էր մնացել, հմուտ առաջնորդության և վստահելի խորհուրդների կարիք ուներ։ Նման առաջնորդություն Եհովան տվեց նրան Սոփոնիայի և այլ մարգարեների միջոցով, ինչի մասին նշվում է այս գրքի նախորդ գլուխներում։ Հետաքրքիր է, որ երբ Եհովան իր մարգարեի միջոցով դատապարտում էր Հուդայի իշխաններին, նա մեղադրական ոչ մի խոսք չասաց Հովսիա թագավորի մասին։ Դրանից կարող ենք եզրակացնել, որ Հովսիան մաքուր երկրպագության կողմն էր (Սոփոնիա 1։8; 3։3)։ Մարգարեի հորդորները, անշուշտ, զորացրել էին Հովսիային և նրան վճռականությամբ լցրել՝ Հուդան կեղծ պաշտամունքից մաքրելու համար։
20. Ինչպե՞ս կարող է հոգևոր դաստիարակությունը օգնել ժողովի «որբերին»։
20 Սոփոնիայի ցուցաբերած հետաքրքրությունը Հովսիայի հանդեպ ցույց է տալիս, որ Եհովան հոգ է տանում անօգնական և խոցելի երեխաների մասին, որոնց ծնողները գուցե զրկվել են ընկերակցությունից։ Այս առնչությամբ Օսեեն գրում է. «[Աստված] ողորմություն է ցույց տալիս որբին» (Օսեե 14։3)։ Ճանաչո՞ւմ ես որբ տղաների կամ աղջիկների, ովքեր հոգևոր դաստիարակության և գործնական խորհուրդների կարիք ունեն։ Նրանք կարող են լինել նաև հոգևոր առումով որբեր՝ երեխաներ, որոնք մեկ ծնող ունեն, կամ ովքեր ընտանիքում մենակ են ծառայում Եհովային։ Իսկ թե որքան ամուր կկառչեն ժողովից կամ հոգևորապես կաճեն, հաճախ կախված է այն բանից, թե ով է հոգ տանում նրանց հոգևոր կարիքների մասին։ Այսպիսի երեխաներից շատերը մեծացել ու դարձել են հավասարակշռված, հոգևոր մարդիկ այն բանի շնորհիվ, որ ժողովի հասուն քրիստոնյաները ջերմ հոգատարություն են դրսևորել նրանց նկատմամբ (Սաղմոս 82։3)։
21. Հասուն քրիստոնյաները ի՞նչ աջակցություն կարող են ցույց տալ պատանիներին։
21 Հասուն քրիստոնյաները կարող են օգնել միայնակ մորը՝ հետաքրքրություն ցույց տալով նրա երեխաների նկատմամբ (Հակոբոս 1։27)։ Ժողովի վերակացուները և մյուս քրիստոնյաները նման ընտանիքների անդամներին հոգևորապես աջակցելիս չպետք է մոռանան, որ հարկավոր է հարգանք դրսևորել գլխավորության սկզբունքի հանդեպ ու լինել նրբանկատ։ Հավանաբար դու կողակցիդ կամ ամբողջ ընտանիքիդ հետ կարող ես ժամանակ անցկացնել հայր չունեցող տղայի կամ աղջկա հետ։ Կարո՞ղ ես ուշադիր լինել երեխայի նկատմամբ, որը պայքարում է միայնության դեմ։ Գուցե նա կարեկցանքի կամ որևէ մեկին իր խորին զգացմունքներն արտահայտելու կարիք ունի, իսկ ծառայությունը հիանալի առիթ է այդ կարիքը գոհացնելու համար։ Անկասկած, դու շատ զբաղված գրաֆիկ ունես, ուստի կանոնավորաբար այսպիսի երեխային օգնություն ցույց տալը կարող է «ստուգել քո սիրո անկեղծությունը» (2 Կորնթացիներ 8։8)։ Քո ջանքերը ցույց կտան, որ իսկապես ուզում ես, որ ուրիշներն ապրեն։
22. Ի՞նչ ես զգում՝ իմանալով, որ Եհովան ցանկանում է մարդկանց կյանք պարգևել։
22 Որքա՜ն քաջալերական է խորհրդածել այն մասին, որ Աստված գնահատում է մարդկանց և ուզում է, որ նրանք հավիտյան ապրեն։ Եհովան ուրախանում է, երբ ջերմ զգացմունքներ է տածում իրեն սիրող արդար մարդկանց հանդեպ։ Նա ուզում է նրանց առաջնորդել հավիտենական կյանքի։ Սակայն Եհովային չեն ուրախացնում նրանք, ովքեր չեն ուզում ուղղվել, ուստիև արժանի չեն հավիտյան ապրելու։ Թող որ օգնենք մարդկանց կանգնելու կյանքի ճանապարհին՝ ընդօրինակելով Աստծուն, մինչ անհամբերությամբ սպասում ենք նրա օրվան։
a Հիսուսի պատմած առակները՝ կորած ոչխարի, դրախմայի և անառակ որդու մասին ցույց են տալիս, թե որքան խորն է Աստծու մտահոգությունը այն մարդկանց մասին, ովքեր հեռացել են իրենից (Ղուկաս 15։2–32)։