Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 4

Եհովա. Աստված, որը և՛ կանխագուշակում է, և՛ իրագործում

Եհովա. Աստված, որը և՛ կանխագուշակում է, և՛ իրագործում

1, 2. ա) Ինչո՞ւ գուցե թվա, թե ոչ ոք չի տիրապետում աշխարհի իրավիճակին։ բ) Ի՞նչ են հայտնում 12 մարգարեները Եհովայի էության մասին։

 ՇԱՏԵՐՆ այսօր չեն կարողանում վերահսկել իրենց կյանքը։ Իսկ նորություններն ասես չարիք են գուժում. ողջ մարդկությունը դեպի անդունդ է գլորվում։ Թվում է, թե աշխարհի խնդիրները լուծելու փորձերը ավելի են բարդացնում առանց այդ էլ անհույս իրավիճակը։ Ուշագրավ է, որ 12 մարգարեներից ոմանք նման անհանգստություններ են ունեցել և գրի են առել հուսալի պատգամներ, որոնք քաջալերում են մեզ և օգնում մխիթարելու ուրիշներին (Միքիա 3։1–3; Ամբակում 1։1–4

2 Այս մարգարեական գրքերում կարևոր մտքերից մեկն այն է, որ Եհովան՝ Տիեզերքի Գերիշխանը, լիովին տիրապետում է իրավիճակին և խորապես հետաքրքրված է մեր բարօրությամբ։ Իրականում, մեզնից յուրաքանչյուրը կարող է ասել. «Աստված հետաքրքրված է իմ բարօրությամբ»։ 12 մարգարեները վառ կերպով նկարագրել են, թե ինչ գրավիչ հատկություններ ունի «Զորքերի Տեր Եհովան»։ Օրինակ՝ թեև Աստծու հպումից երկիրը կարող է հալվել, բայց միևնույն ժամանակ Եհովան իր ժողովրդին հավաստիացնում է. «Ձեզ դիպչողը իմ աչքի բիբին է դիպչում» (Զաքարիա 2։8; Ամոս 4։13; 9։5)։ Մի՞թե սիրտդ չի ջերմանում, երբ կարդում ես աստվածաշնչյան այն հատվածները, որոնք ցույց են տալիս, որ Աստված գործում է սիրուց մղված, որ նա ողորմած է ու պատրաստ ներելու (Օսեե 6։1–3; Հովել 2։12–14)։ Ինչ խոսք, այս մարգարեների գրքերում ամփոփված չէ Աստծու ողջ էությունը։ Եհովայի էության բոլոր կողմերի մասին պատկերացում ունենալու համար հարկավոր է քննել Աստվածաշնչի բոլոր 66 գրքերը։ Բայցևայնպես, 12 մարգարեները հստակ ցույց են տալիս, թե ինչ հրաշալի հատկություններ ունի Աստված և ինչպես է վարվում մարդկանց հետ։

3. Ինչպե՞ս են 12 մարգարեները ցույց տալիս, որ Եհովան իր նպատակները իրագործող Աստված է։

3 12 մարգարեների գրքերը ամրացնում են մեր համոզվածությունն այն բանում, որ Եհովան կարող է ճշգրտորեն կանխագուշակել ապագան ու միշտ իրագործել իր նպատակները։ Այս գրքերը նաև հաստատում են, որ նա անպայման դրախտային պայմաններ կստեղծի երկրի վրա (Միքիա 4։1–4)։ Մարգարեներից մի քանիսը նկարագրում են, թե ինչպես է Եհովան ճանապարհ հարթել Մեսիայի համար, որն իր կյանքը որպես փրկանք էր տալու մարդկությանը մեղքից ու մահից ազատելու համար (Մաղաքիա 3։1; 4։5)։ Իսկ ինչո՞ւ է կարևոր իմանալ այս ամենը։

ԳԵՐԻՇԽԱՆ ԵՀՈՎԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԱՄԵՆ ԲԱՆ

4, 5. ա) Աստծու մասին ի՞նչ հիմնարար ճշմարտություն են ընդգծել 12 մարգարեները։ բ) Եհովայի ամենակարող լինելու մասին խորհրդածելը ի՞նչ ազդեցություն կարող է թողնել քեզ վրա։

4 Հիշո՞ւմ ես, թե ինչ մարտահրավեր նետվեց Աստծուն նրա իշխելու իրավունքի առնչությամբ։ Այդ մասին խոսվեց նախորդ գլխում։ Եհովայի իշխանության դեմ բարձրացված ըմբոստությունը և նրա մղումների հանդեպ կասկածները դրդեցին երկնային արարածներից ոմանց չհնազանդվելու Աստծուն ու պատճառ եղան, որ երկրի վրա քաոսային իրավիճակ ստեղծվի։ Հստակ է, ուրեմն, որ տիեզերքում ու մարդկանց միջև լիակատար ներդաշնակություն պահպանելու համար հարկավոր է, որ բոլոր բանական արարածները հարգեն Եհովայի գերիշխանությունը և հնազանդվեն նրան։ Ուստի զարմանալի չէ, որ Եհովան վճռեց արդարացնել իր գերիշխանությունը։ Տեսնենք, թե ինչպես են 12 մարգարեական գրքերը օգնում մեզ պարզորոշ հասկանալու այս կարևոր ճշմարտությունը։

5 Որպես Աստծու պատգամաբերներ՝ մարգարեները բազմիցս ընդգծել են նրա վեհ դիրքը։ Օրինակ՝ մեծարելով Ամենակարողի անունն ու գերիշխանությունը՝ Ամոսը 21 անգամ օգտագործել է «Գերիշխան Տեր» արտահայտությունը։ Սա ցույց է տալիս, որ ճշմարիտ Աստված անսահման մեծ է, և ամեն ինչ նրա ենթակայության տակ է (Ամոս 9։2–5; տե՛ս նաև « Եհովան Ամենակարողն է» շրջանակը)։ Եհովան իրավացիորեն Տիեզերքի միակ Գերիշխանն է։ Նա անհամեմատ բարձր է անկենդան կուռքերից (Միքիա 1։7; Ամբակում 2։18–20; Սոփոնիա 2։11)։ Լինելով Ստեղծիչ՝ Եհովան օրինական իրավունք ունի բացարձակ և գերագույն իշխանություն գործադրելու ողջ տիեզերքում (Ամոս 4։13; 5։8, 9; 9։6)։ Իսկ ի՞նչ առնչություն ունի սա քեզ հետ։

6. Ինչպե՞ս կարող է յուրաքանչյուր մարդ ընդգրկված լինել Աստծու նպատակների իրագործման մեջ։

6 Եթե երբևէ խտրականության, անարդարության կամ կանխակալ վերաբերմունքի զոհ ես դարձել, ապա քեզ համար մխիթարական կլինի իմանալ, որ սիրառատ Գերիշխանը հոգ է տանում բոլոր մարդկանց մասին։ Եհովան առանձնահատուկ փոխհարաբերություններ ուներ մի հին ազգի հետ, սակայն նա հայտարարեց, որ գործելու է հանուն բոլոր ազգերի մարդկանց բարօրության։ Նա է «ողջ երկրի ճշմարիտ Տերը» (Միքիա 4։13)։ Աստված խոստացավ, որ իր անունը «մեծ կլինի ազգերի մեջ» (Մաղաքիա 1։11)։ Մեր երկնային Հայրը անկողմնապահորեն հայտնում է իր մասին բոլորին։ Դա է պատճառը, որ «բոլոր ազգերից տարբեր լեզուներով խոսող» մարդիկ ուրախությամբ ընդունում են նրա հրավերը և դառնում նրա ծառաները (Զաքարիա 8։23

7. Ինչո՞ւ է Եհովայի անվան նշանակությունը կարևոր։

7 Աստծու անվան նշանակությունն իմանալը կօգնի մեզ խորապես հասկանալու, թե ինչ հատկություններ ունի Աստված և ինչ է իրագործելու (Սաղմոս 9։10)։ Միքիայի օրերում Եհովայի անունը անարգվում էր, քանի որ նրա անունը կրող մարդկանցից շատերը ծայրաստիճան անհնազանդություն էին դրսևորում։ Սուրբ ոգուց ներշնչված՝ մարգարեն ընդգծեց «Եհովայի անվան մեծափառությունը» և նշեց, որ «իմաստություն ունեցողը կվախենա [Աստծու] անունից» (Միքիա 5։4; 6։9)։ Ինչո՞ւ։ Բանն այն է, որ ապագայի հաստատուն հույսը կապ ունի նրա անվան խոր նշանակության հետ՝ «նա դարձնում է»։ Կարդա Հովել 2։26-ը և մտածիր, թե ինչ մեծ ուրախություն է կրել Եհովայի անունը ու մարդկանց պատմել այն միակ ճշմարիտ Աստծու մասին, որը հանուն իր բոլոր բանական արարածների կարող է դառնալ այն, ինչ անհրաժեշտ է։ Աստված փաստել է, որ անսահման կարողություն ունի։ Դրա վառ ապացույցն է 12 մարգարեների գրի առած մարգարեությունների կատարումը։

8. Ի՞նչ ազդեցություն է թողնում քեզ վրա Եհովայի անվան նշանակությունը իմանալը։

8 Միլիոնավոր մարդկանց կյանքերի վրա դրական ազդեցություն է թողել Եհովայի անվան նշանակությունն իմանալը, այն, որ նա կարող է դարձնել կամ իրականացնել ցանկացած բան, որ ուզում է։ Այդ մասին նշել է Հովելը, ինչը հաճախ է մեջբերվել Քրիստոնեական Հունարեն Գրություններում. «Ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի» (Հովել 2։32; Գործեր 2։21; Հռոմեացիներ 10։13)։ Ուստի մենք էլ ենք միանում Միքիային, որն ասաց. «Մենք մեր Աստված Եհովայի անունով կքայլենք դարեդար, հավիտյան» (Միքիա 4։5)։ Այո՛, հալածանքի կամ անձնական խնդիրների բախվելիս մենք կարող ենք կասկած չունենալ, որ «Եհովայի անունը ապաստան կլինի» մեզ համար (Սոփոնիա 3։9, 12; Նաում 1։7

9. Ի՞նչ իշխանություն ունի Աստված երկրի կառավարիչների վրա։

9 Մարգարեական այս գրքերի ընթերցանությունը կամրացնի քո համոզվածությունն այն բանում, որ Եհովան իշխանություն ունի երկրային կառավարիչների և ազդեցիկ անհատների վրա։ Նա կարող է նրանց սիրտն ուղղել այնպես, որ նրանք գործեն իր կամքի համաձայն (Առակներ 21։1)։ Նկատի առնենք Պարսից թագավոր Դարեհի օրինակը։ Նրա օգնությամբ ճշմարիտ երկրպագության թշնամիներն ուզում էին դադարեցնել Եհովայի տաճարի վերակառուցումը Երուսաղեմում։ Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Մ.թ.ա. մոտ 520 թ.-ին Դարեհը, գտնելով Կյուրոսի արձակած հրամանագիրը, հաստատեց այն և ազատեց հրեաներին թշնամիների ճնշումներից՝ այդպիսով աջակցելով շինարարական աշխատանքներին։ Երբ նոր խոչընդոտներ առաջ եկան, հրեա կառավարիչ Զորաբաբելը Աստծուց այսպիսի հավաստիացում ստացավ. ««Ոչ թե զորքով և ոչ թե ուժով, այլ իմ ոգով»,— ասում է Զորքերի Տեր Եհովան։ Ո՞վ ես դու, ո՛վ մեծ լեռ։ Զորաբաբելի առաջ դու հարթավայր կդառնաս» (Զաքարիա 4։6, 7)։ Ոչ մի բան չի կարող խոչընդոտել Եհովային կործանելու այս անարդար համակարգը և հնարավորություն տալու իր ծառաներին վայելելու դրախտային օրհնությունները (Եսայիա 65։21–23

10. Ուրիշ ի՞նչ է Աստված իր հսկողության տակ պահում, և ինչո՞ւ է կարևոր դա իմանալը։

10 Տեղին է հիշել, որ Եհովայի հսկողության տակ են նաև բնության ուժերը, որոնք, եթե նա կամենա, կարող է օգտագործել իր թշնամիներին կործանելու համար (Նաում 1։3–6)։ Զաքարիան պատկերավոր խոսքերով նկարագրում է, թե ինչպես Եհովան կարող է պաշտպանել իր ժողովրդին. «Եհովան պիտի երևա նրանց վրա, և նրա նետը կայծակի պես դուրս պիտի թռչի։ Գերիշխան Տեր Եհովան փող պիտի հնչեցնի ու պիտի գնա հարավային մրրիկների հետ» (Զաքարիա 9։14)։ Մի՞թե դժվար կլինի Աստծու համար իր գերագույն իշխանությունը գործի դնել անաստված ազգերի վրա մեր օրերում։ Ամենևի՛ն (Ամոս 1։3–5; 2։1–3

ԵՀՈՎԱՆ ՄԻՇՏ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԻՐ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

11, 12. ա) Ինչո՞ւ էր Նինվեն անպարտելի համարվում։ բ) Ի՞նչ եղավ Նինվեին՝ Աստծու խոսքի համաձայն։

11 Պատկերացրու՝ ապրում ես մ.թ.ա. 9-րդ դարում այն տարածքում, որն այսօր հայտնի է որպես Մերձավոր Արևելք։ Այդ դեպքում դու, անշուշտ, լսած կլինեիր Նինվե քաղաքի մասին։ Այն Ասորեստանի հզոր քաղաքներից մեկն էր ու գտնվում էր Տիգրիս գետի արևելյան ափին՝ Երուսաղեմից մոտ 900 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Դու կիմանայիր, որ այն հսկայական տարածք է զբաղեցնում՝ մոտ 100 կիլոմետր շրջագծով։ Նրանք, ովքեր տեսել են Նինվեն, ասում են, որ այն իր շքեղությամբ չէր զիջում Բաբելոնին։ Այս մեծ փառք վայելող քաղաքը հայտնի էր իր արքայական պալատներով, տաճարներով, լայն փողոցներով, պարտեզներով և շատ տպավորիչ մի գրադարանով։ Իսկ ռազմագետները նշում են, որ այն արտաքին ու ներքին հսկայական պարիսպներ ուներ։

12 Անպարտելի՜։ Թերևս շատերն են այս բառով նկարագրել Նինվե քաղաքը։ Մինչդեռ փոքրաթիվ հրեա ազգի մարգարեները հաստատակամորեն ազդարարել են, որ Եհովան այդ «արյունահեղ քաղաքը» կործանման է դատապարտել։ Այն ժամանակ, երբ Նինվեի բնակիչները ականջ դրեցին Հովնանի լուրին, Աստված քաղաքի վրա աղետ չբերեց։ Սակայն ժամանակի ընթացքում նինվեցիները վերադարձան իրենց հին ընթացքին։ Ուստի Նաումը կանխագուշակեց. «Նինվե.... սուրը բնաջինջ կանի.... քեզ.... Քո աղետին ամոքում չկա» (Նաում 3։1, 7, 15, 19; Հովնան 3։5–10)։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում Աստված Սոփոնիայի միջոցով նախագուշակեց, որ Նինվեն ամայանալու է (Սոփոնիա 2։13)։ Կտապալվե՞ր արդյոք այդ հզոր քաղաքական ուժը՝ Եհովայի խոսքի համաձայն։ Դա պարզ դարձավ մ.թ.ա. մոտ 632 թ.-ին, երբ բաբելոնացիները, սկյութները և մարերը պաշարեցին Նինվեն։ Անսպասելի հեղեղները հողին հավասարեցրին անառիկ պարիսպները, իսկ պաշտպանական համակարգը անզոր գտնվեց դիմակայելու նվաճողների հարձակմանը (Նաում 2։6–8)։ Երբեմնի հզոր քաղաքը ավերակների կույտի վերածվեց և մինչ օրս ամայացած է a։ «Ցնծացող քաղաքը» չկարողացավ դեմ կանգնել Աստծու խոսքին. այն ամբողջությամբ կատարվե՛ց (Սոփոնիա 2։15

13. Կատարված մարգարեությունների ի՞նչ օրինակներ կարող ես նշել 12 մարգարեների գրքերից։

13 Նինվեի հետ տեղի ունեցածը մարգարեության կատարման ընդամենը մեկ օրինակ է։ Վերցրու Մերձավոր և Միջին Արևելքի ժամանակակից քարտեզը։ Կարո՞ղ ես գտնել Ամմոնը, Ասորեստանը, Եդոմը, Բաբելոնը կամ Մովաբը։ Դժվար թե։ Թեև մի ժամանակ այս ազգերը եղել են հզոր, բայց 12 մարգարեները կանխագուշակել են նրանց կործանումը (Ամոս 2։1–3; Աբդիա 1, 8; Նաում 3։18; Սոփոնիա 2։8–11; Զաքարիա 2։7–9)։ Այս ազգերը մեկը մյուսի հետևից վերացան։ Եհովան ասել էր, որ դրանք անհետանալու են, ու հենց այդպես էլ եղավ։ Կատարվեց նաև մարգարեների կանխագուշակումը այն մասին, որ հրեաների մնացորդը հայրենիք է վերադառնալու Բաբելոնի գերությունից։

14. Ինչո՞ւ կարող ես կյանքդ կառուցել Եհովայի խոստումների շուրջ։

14 Ապագան կանխագուշակելու Եհովայի կարողությունը ի՞նչ ազդեցություն է թողնում նրա հանդեպ քո վստահության վրա։ Դու կարող ես կասկած անգամ չունենալ, որ Եհովան կկատարի իր խոստումները, չէ՞ որ նա «չի կարող ստել» (Տիտոս 1։2)։ Ավելին, իր Խոսքի միջոցով Աստված տեղեկացնում է մեզ այն ամենը, ինչ պետք է իմանանք։ Դու չես ափսոսա, եթե կյանքդ կառուցես Եհովայի խոստումների շուրջ ու նրա կամքը կատարես, քանի որ նրա մարգարեական խոսքերը անպայման իրականանալու են։ 12 գրքերում արձանագրված մարգարեությունները պարզապես անցյալում կատարված կանխագուշակումների օրինակներ չեն։ Դրանցից շատերը կատարվում են այսօր կամ կկատարվեն մոտ ապագայում։ Հետևաբար, 12 գրքերը կարող են զորացնել քո հավատը այն բանի հանդեպ, որ մեր օրերին, ինչպես նաև ապագային վերաբերող մարգարեությունները հաստատ կիրականանան։ Ուստի լրջորեն վերաբերվիր դրանց։

Ինչպե՞ս կատարվեց Եհովայի մարգարեությունը, չնայած թվում էր, թե Նինվեն անպարտելի է

ՀՈԳԱՏԱՐ ՀԱՅՐ

15. Ինչպե՞ս կարող է Միքիայի օրինակը օգնել քեզ, երբ դժվարությունների ես բախվում։

15 Վստահության արժանի Աստծու խոսքերը չեն վերաբերում միայն այն բանին, թե ինչ է սպասում ազգերին, կամ ինչ իրադարձություններ են ծավալվելու աշխարհում։ Մարգարեությունների կատարումը անմիջական կապ ունի քեզ հետ։ Երբ խնդիրների ես բախվում, հասկանում ես, որ կարիք ունես ոչ միայն այնպիսի մեկի, ով կհասկանա քեզ, այլ նրա, ով կկարողանա քեզ օգնել։ Մ.թ.ա. 8-րդ դարում Միքիան հավանաբար իրեն մենակ էր զգում Հուդայի հպարտ ու ամբարտավան մարդկանց մեջ։ Հնարավոր է՝ նրան թվում էր, թե աշխարհում միայն ինքն է մնացել Աստծուն հավատարիմ և որ չի կարող վստահել անգամ իր ընտանիքի անդամներին։ Նրան շրջապատող մարդիկ արյունախում, նենգ և այլասերված էին։ Այդուհանդերձ, Միքիան զորանում էր այն հավաստիացումից, որ Աստված հոգ է տանում իր հավատարիմ ծառաների մասին, անկախ այն բանից, թե ինչպես են ուրիշները վարվում։ Այս միտքը քեզ նույնպես կարող է մխիթարել, հատկապես եթե Եհովային ծառայում ես փոքրամասնություն կազմող մարդկանց հետ կամ լրիվ մենակ՝ ապրելով նրանց մեջ, ովքեր չեն պատվում Աստծուն (Միքիա 7։2–9

16. Ինչո՞ւ կարող ես վստահ լինել, որ Եհովան տեսնում է ապականությունն ու կեղեքումը և կազատի արդարին։

16 Ինչպես այսօր, այնպես էլ այն ժամանակ Հուդայի և Իսրայելի հարուստ և ազդեցիկ մարդիկ դարձել էին ագահ ու անարդար։ Բարձր տուրքերը և արտեր զավթելը հանգեցրել էր անօրինական ստրկության։ Աղքատ մարդկանց վերաբերվում էին անտարբերությամբ, անգամ դաժանությամբ (Ամոս 2։6; 5։11, 12; Միքիա 2։1, 2; 3։9–12; Ամբակում 1։4)։ Իր պատգամաբերների միջոցով Աստված հստակ նշեց, որ չի հանդուրժելու ապականությունն ու կեղեքումը և պատժելու է բոլոր նրանց, ովքեր շարունակում են չարիք գործել (Ամբակում 2։3, 6–16)։ Եհովան կանխագուշակեց, որ «ամեն ինչ կշտկի հօգուտ հեռվում գտնվող զորավոր ազգերի», և որ իր հաճությունն ունեցող ծառաներից «ամեն մեկը կնստի իր որթատունկի ու թզենու տակ, և ոչ ոք նրանց չի վախեցնի» (Միքիա 4։3, 4)։ Ինչպիսի՜ թեթևացում։ Աստված կանխագուշակել և հետո իրականացրել է շատ ուրիշ մարգարեություններ ևս։ Մի՞թե հիմքեր կան կասկածելու, որ Եհովան չի կատարի այս խոստումը։

17, 18. ա) Ի՞նչն է մղում Աստծուն հույս տալու իր ժողովրդին։ բ) Ինչպե՞ս պետք է վերաբերվենք Եհովայի կողմից եկող խրատին։

17 Եհովան իր խոստումները չի իրագործում զուտ կանխագուշակություններ անելու իր կարողությունն ի ցույց դնելու կամ մարդկանց տպավորելու համար։ Նա գործում է սիրուց մղված, չէ՞ որ «Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8)։ Հիշիր Օսեեին, որն ապրել է մ.թ.ա. 8-րդ դարում։ Ինչպես որ նրա կինն էր անհավատարիմ իրեն, այնպես էլ իսրայելացիներն էին անհավատարիմ Եհովային։ Կռապաշտությամբ զբաղվելը նույնն էր, ինչ շնություն անելը։ Եվ դա դեռ բավական չէր, նրանք մաքուր երկրպագությանը միախառնել էին Բահաղի երկրպագությունը։ Բացի այդ, նրանք «պոռնկություն գործեցին» Ասորեստանի և Եգիպտոսի հետ։ Ի՞նչ էր Եհովան պատրաստվում անել։ Կնոջը հետ բերելու համար Օսեեն պետք է որոներ նրան։ Սիրուց մղված՝ Եհովան արեց ամեն բան, որ գտնի ու վերադարձնի իր ժողովրդին։ «Ես քաշում էի նրանց մարդկային բարության պարաններով՝ սիրո լարերով.... նրանցից ամեն մեկին քնքշորեն կերակրեցի» (Օսեե 2։5; 11։4)։ Եթե արձագանքեին ու զղջային, Եհովան կներեր նրանց, ու նրանք կրկին ջերմ փոխհարաբերություններ կունենային նրա հետ (Օսեե 1։3, 4; 2։16, 23; 6։1–3; 14։4)։ Մի՞թե չես տպավորվում սիրո նման դրսևորումից։ Հարցրու ինքդ քեզ. «Եթե Եհովան նման սեր է դրսևորել անցյալում, չե՞մ կարող արդյոք վստահ լինել, որ այսօր էլ նա այդպիսի քնքուշ, նվիրված, անփոփոխ ու անմար սեր կդրսևորի իմ հանդեպ» (Օսեե 11։8

18 Մարգարեական 12 գրքերը նաև օգնում են տեսնելու, որ Եհովայի սերը երբեմն դրսևորվում է խրատի միջոցով։ Ճանապարհից շեղված իր ժողովրդին նա հավաստիացրեց, որ «ամբողջովին չի ոչնչացնի» (Ամոս 9։8)։ Երբ անհրաժեշտ էր լինում խրատել ու պատժել, Աստված հետ չէր պահում այն։ Բայց անչափ մխիթարական էր իմանալ, որ նրա պատիժը ժամանակավոր էր լինելու։ Մաղաքիա 1։6-ում Եհովան նմանեցվում է սիրող հոր։ Ինչպես հայտնի է, հայրը պատժում է իր սիրելի երեխաներին՝ նրանց ուղղելու համար (Նաում 1։3; Եբրայեցիներ 12։6)։ Սակայն մեր երկնային Հոր սերը մղում է նրան դանդաղ լինելու բարկանալու մեջ։ Ավելին, Մաղաքիա 3։10, 16 համարները վստահեցնում են մեզ, որ նա առատորեն վարձատրելու է իր ծառաներին։

19. Ի՞նչ ինքնաքննություն պետք է անի մեզնից յուրաքանչյուրը։

19 Մաղաքիան իր գիրքը սկսում է Եհովայի հավաստիացմամբ. «Ես սիրել եմ ձեզ» (Մաղաքիա 1։2)։ Իսրայելին ուղղված այս խոսքերի շուրջ խորհրդածելով՝ հարցրու ինքդ քեզ. «Չե՞մ անում արդյոք այնպիսի բան, ինչը Աստծուն հետ կպահի իմ հանդեպ իր սերը ցուցաբերելուց։ Ի՞նչը կօգնի ինձ խորապես հասկանալու Աստծու սիրո երեսակները»։ Տեսնելով Աստծու սիրո դրսևորումները՝ քո վստահությունը նրա հանդեպ էլ ավելի կմեծանա, ու դու երբեք չես կասկածի, որ Եհովան միշտ կսիրի քեզ։

ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԲԱՑՈՒՄ

20. Ինչպե՞ս է Աստծու ներողամտությունը փրկության ճանապարհ բացում։

20 Այս մարգարեական գրքերը կարդալով՝ կտեսնես, որ Եհովան երբեմն աղետներ է կանխագուշակել։ Ինչո՞ւ։ Հաճախ այն պատճառով, որ մղի իր ժողովրդին զղջալու։ Դա էր պատճառը, որ նա թույլ տվեց օտարերկրացիներին մ.թ.ա. 740 թ.-ին կործանել Սամարիան, իսկ մ.թ.ա. 607 թ.-ին՝ Երուսաղեմը։ Այն, ինչ Աստված ասել էր, կատարվեց, սակայն հետագայում նա թույլ տվեց, որ զղջացողները վերադառնան հայրենիք։ Այո՛, այս գրքերն ընդգծում են այն միտքը, որ Եհովան մեծահոգաբար ներում է նրանց, ովքեր դադարում են մեղք գործելուց, և պատրաստ է վերականգնելու նրանց հետ ունեցած իր նախկին փոխհարաբերությունները (Ամբակում 3։13; Սոփոնիա 2։2, 3)։ Միքիան մղվեց փառաբանելու. «Ո՞վ է Աստված քեզ նման, որը ներում է հանցանքը և անցնում իր ժառանգության մնացորդի անօրենության կողքով։ Դու հավիտյան չես բարկանում, քանի որ քեզ հաճելի է սիրառատ բարություն դրսևորելը» (Միքիա 7։18; Հովել 2։13; Զաքարիա 1։4)։ Կատարված մարգարեությունները հաստատում են այս միտքը։

21. ա) Մեսիայի մասին ի՞նչ են տեղեկացրել 12 մարգարեները։ բ) Մեսիական ո՞ր մարգարեություններն են քեզ համար առավել հետաքրքիր։

21 Եհովան կանխագուշակել էր Մեսիայի գալստյան մասին, որը զոհելու էր իր մարդկային կյանքը որպես «համապատասխան փրկանք» մեղավոր մարդկանց համար և այդպիսով մեկընդմիշտ օրինական հիմք էր ստեղծելու մեղքերի ներման համար (1 Տիմոթեոս 2։6)։ Ամոսը խոսեց վերականգնման մասին, որը բերելու էր Մեսիան՝ Դավթի որդին (Ամոս 9։11, 12; Գործեր 15։15–19)։ Միքիան նույնիսկ մատնանշեց Հիսուսի ծննդյան վայրը, նրա, ով կենսական օրհնություններ էր բերելու բոլոր նրանց, ովքեր հավատ կընծայեին իր քավիչ զոհին (Միքիա 5։2)։ Իսկ Զաքարիան խոսեց «Ընձյուղի»՝ Հիսուսի մասին, որը «կնստի իր գահին ու կիշխի» (Զաքարիա 3։8; 6։12, 13; Ղուկաս 1։32, 33)։ Մեսիայի մասին այլ մարգարեություններ քննելով՝ դու, անկասկած, կամրացնես հավատդ (տե՛ս « Մարգարեություններ Մեսիայի մասին» շրջանակը)։

22. Ինչպե՞ս են 12 մարգարեների պատգամները ամրացնում քո վստահությունը Եհովայի հանդեպ։

22 12 մարգարեների պատգամները կարդալով՝ քո վստահությունը Աստծու վերջնական հաղթանակի հանդեպ ավելի կմեծանա։ Եհովան՝ մեր Պաշտպանը, իսկական արդարություն կհաստատի։ Աստծու խոսքը մնում է հավիտյան։ Նա հիշում է իր ժողովրդի հետ հաստատած ուխտերը, հոգ է տանում իր ծառաների մասին և ազատում է նրանց բոլոր կեղեքիչներից (Միքիա 7։8–10; Սոփոնիա 2։6, 7)։ Եհովան չի փոխվում (Մաղաքիա 3։6)։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ գոյություն չունի որևէ դժվարություն կամ խոչընդոտ, որը կխանգարի Եհովային իրականացնելու իր մտադրությունը։ Երբ նա ասում է, որ դատաստանի օրը կգա, ուրեմն այդ օրը կգա։ Ուստի արթուն մնա՝ սպասելով Աստծու մեծ օրվան։ «Եհովան թագավոր կդառնա ամբողջ երկրի վրա։ Այդ օրը Եհովան մեկ կլինի, և նրա անունն էլ մեկ կլինի» (Զաքարիա 14։9 Նա՛ է կանխագուշակել սա, և նա՛ էլ կկատարի։

a 2002 թ. նոյեմբերին՝ նախքան Իրաքի պատերազմը, այս տարածք այցելեց պրոֆեսոր Դան Քրիքշենկը։ Նա Բի-բի-սի հեռուստաընկերությանը հայտնեց. «Մոսուլ քաղաքի ծայրին գտնվում են Նինվե քաղաքի ավերակները, որոնք, ինչպեսև Նիմրուդ քաղաքը բրիտանացի հնագետները մեծ ոգևորությամբ պեղում էին՝ սկսած 1840-ականներից.... Պեղումների ժամանակ հայտնաբերվեց վաղուց արդեն անհայտ կորած, գրեթե առասպել դարձած մի քաղաքակրթություն, որի մասին լոկ կարճ, առեղծվածային և ոչ այդքան էլ դրական լույսի ներքո ներկայացված տեղեկություններ կան Աստվածաշնչում»։