ԳԼՈՒԽ 6
«Թող արդարությունը հորդի»
1. Ինչո՞ւ են մարդիկ օժտված արդարության զգացումով։
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ընթացքում բազմաթիվ մարդիկ պայքար են մղել հանուն արդարության։ Իսկ ինչո՞ւ են մարդիկ արդարության ծարավ։ Նրանք ստեղծված են Աստծու պատկերով։ Դու օժտված ես արդարության զգացումով և ակնկալում ես, որ ուրիշները քեզ հետ արդարությամբ վարվեն։ Այո՛, պատճառն այն է, որ ստեղծված ես Եհովայի պատկերով, որն «ուրախություն է գտնում» արդարության մեջ (Երեմիա 9։24; Ծննդոց 1։27; Եսայիա 40։14)։
2, 3. Եհովայի արդարությունը հասկանալու համար ինչո՞ւ պետք է քննենք 12 մարգարեների գրքերը։
2 Աստվածաշնչի տարբեր գրքերից կարելի է իմանալ, թե Աստված ինչպես է արդարություն դրսևորել։ Բայց այդ հարցում առավել հետաքրքիր են 12 մարգարեների գրքերը։ Արդարության թեման այնքան է շեշտվում այս գրքերում, որ աստվածաշնչյան մի ընկերություն «Օսեե», «Ամոս» և «Միքիա» գրքերի ժողովածուն անվանել է «Կեցցե՜ արդարությունը»։ Ահա թե ինչ կոչ արեց Ամոս մարգարեն. «Թող արդարությունը հորդի ջրերի պես, և արդարադատությունը՝ անդադար հոսող գետի պես»։ Ուշադրություն դարձրու, թե Աստծու ծառայի պարտականությունների մասին խոսելիս Միքիան ինչը առաջին տեղում դրեց. «Մի՞թե Եհովան, բացի արդարություն գործադրելուց, բարություն սիրելուց և քո Աստծու հետ համեստությամբ քայլելուց, ուրիշ որևէ բան է պահանջում քեզանից» (Ամոս 5։24; Միքիա 6։8)։
3 Փաստորեն, Եհովային ավելի լավ ճանաչելու համար մենք պետք է հասկանանք նրա արդարությունը, ինչն էլ կօգնի մեզ ընդօրինակելու նրան։ Արդարությունը Եհովայի գլխավոր հատկություններից մեկն է։ Ուստի չենք կարող ասել, որ ճանաչում ենք նրան, եթե չենք գնահատում նրա արդարությունը։ Անգամ նրա վաղեմի ծառաները գիտեին, որ «Եհովան սիրում է արդարությունը» (Սաղմոս 33։5; 37։28)։
4. Բացատրիր, թե ինչու 12 մարգարեների գրքերը կարող են ամրացնել մեր վստահությունը Աստծու արդարության հանդեպ։
4 Երուսաղեմի վրա Եհովայի դատավճիռը իրագործվելուց որոշ ժամանակ առաջ Ամբակում մարգարեն հարցրեց. «Ո՛վ Եհովա, ինչքա՞ն պիտի աղերսեմ օգնության համար.... օրենքը կորցրել է իր ուժը, ու երբեք արդարություն գործի չի դրվում։ Քանի որ ամբարիշտը շրջապատել է արդարին, արդարությունն աղավաղվում է» (Ամբակում 1։2, 4)։ Հավատարիմ Ամբակումը ճանաչել էր Եհովային այդ ժամանակ առկա Սուրբ Գրքերի միջոցով, բացի այդ, մտերիմ փոխհարաբերություններ ուներ նրա հետ։ Այդ պատճառով վստահ էր, որ Աստված թե՛ արդարության ջատագով է, թե՛ ուրիշներից է ակնկալում այդպիսին լինել։ Սակայն մարգարեին անհանգստացնում էր այն, թե ինչու է Եհովան չարություն և անարդարություն թույլ տալիս։ Աստված հավաստիացրեց Ամբակումին, որ արդարի հետ արդարացիորեն կվարվի (Ամբակում 2։4)։ Եթե Ամբակումը և ուրիշները կասկածներ չունեին այս առումով, ապա դու ավելի մեծ պատճառ ունես վստահելու Եհովային։ Ինչո՞ւ։ Այսօր մատչելի է ամբողջական Աստվածաշունչը, ինչի շնորհիվ մենք ավելի լայն պատկերացում ունենք Եհովայի ճանապարհների, վարվելակերպի, հատկությունների դրսևորման, նաև նրա արդարության վերաբերյալ։ Ուստի կարողանում ենք ավելի լավ ճանաչել Եհովային ու կասկած անգամ չունենք, որ նրա արդարությունը կատարյալ է։
5. Մարգարեներն ի՞նչ կոչ են արել, և ի՞նչ ենք քննելու այժմ։
5 Իր մարգարեներին իսրայելացիների մոտ ուղարկելիս Եհովան միշտ ընդգծել է արդարությամբ վարվելու կարևորությունը (Եսայիա 1։17; 10։1, 2; Երեմիա 7։5–7; Եզեկիել 45։9)։ Արդարության թեման կարմիր թելի պես անցնում է բոլոր 12 գրքերով (Ամոս 5։7, 12; Միքիա 3։9; Զաքարիա 8։16, 17)։ Այս գրքերն ընթերցելիս անհնար է չնկատել առօրյա գործերում արդարությամբ վարվելու կարևորությունը։ Դա են կոչ արել մարգարեները։ 12 մարգարեների գրքերից բազմաթիվ դասեր ենք սովորում, որ կարող ենք կիրառել կյանքի տարբեր բնագավառներում։ Քննենք երկու ոլորտ և տեսնենք, թե ինչպես են մարգարեներն ընդգծել արդարություն դրսևորելու կարևորությունը, ու ինչպես կարող ենք գործնականում կիրառել այդ գիտելիքները։
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՈՒՄ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ
6, 7. Գործարքներում ու ֆինանսական հարցերում արդարություն դրսևորելը ինչո՞ւ պետք է կարևոր լինի մեզ համար։
6 Մի առիթով Հիսուսն ասաց. «Մարդ միայն հացով չէ, որ պետք է ապրի» (Ղուկաս 4։4; 2 Օրենք 8։3)։ Նա չէր հերքում, որ մենք հացի կարիք ունենք, քանի որ անհնար է ապրել առանց հացի։ Հակառակը՝ դա հաճախ նշանակում է, որ ընտանիքում ինչ-որ մեկը պետք է աշխատի, որ սեղանին հաց լինի։ Այդպես է եղել նաև Աստծու վաղեմի ծառաների պարագայում։ Ոմանք ունեին իրենց սեփական բիզնեսը. գյուղատնտեսությամբ էին զբաղվում, հագուստներ էին կարում, կահույք կամ խոհանոցի պարագաներ էին պատրաստում։ Մյուսներն աշխատում էին ուրիշների ձեռքի տակ. բերք էին հավաքում, ալյուր, ձիթապտղի յուղ կամ գինի էին պատրաստում։ Ուրիշներն էլ առևտրով էին զբաղվում. ապրանք էին գնում ու վաճառում։ Կային մարդիկ էլ, որ տարբեր ծառայություններ էին կատարում, օրինակ՝ կտուր էին վերանորոգում, երաժշտական գործիք էին նվագում (Ելք 35։35; 2 Օրենք 24։14, 15; 2 Թագավորներ 3։15; 22։6; Մատթեոս 20։1–8; Ղուկաս 15։25)։
7 Կարո՞ղ ես նմանություններ տեսնել քո ապրելակերպի, ինչպես նաև ընկերներիդ կամ բարեկամներիդ ապրելակերպի մեջ։ Ինչ խոսք, թեև այսօր աշխատանքային մեթոդները տարբերվում են, բայց կհամաձայնես, որ գործարքային հարաբերություններում Աստծու տեսակետը արդարության վերաբերյալ չի փոխվել։ 12 մարգարեների միջոցով Եհովան ցույց է տալիս, որ իր ծառաներից ակնկալում է աշխատանքի հետ կապված հարցերում արդարություն գործադրել։ Այժմ քննենք մի քանի օրինակ, որոնք կօգնեն քեզ մտածելու, թե ինչպես կարող ես աստվածահաճո արդարություն դրսևորել (Սաղմոս 25։4, 5)։
8, 9. ա) Ինչո՞ւ պետք է լրջորեն վերաբերվենք Մաղաքիա 3։5-ում գրված դատապարտությանը։ բ) Աշխատանքի հարցում Աստվածաշունչը ի՞նչ հավասարակշռված տեսակետ է քաջալերում ունենալ։
8 Մաղաքիայի միջոցով Աստված ազդարարեց. «Ես կգամ ձեզ մոտ, որ դատեմ ձեզ, և պատրաստակամորեն վկայություն կտամ կախարդների, շնացողների, սուտ երդում տվողների դեմ, նաև նրանց դեմ, ովքեր խարդախում են վարձու աշխատողի վարձը տալիս.... չվախենալով ինձանից» (Մաղաքիա 3։5)։ Այո՛, Եհովան դատապարտեց նրանց, ովքեր անարդարացիորեն էին վարվում իրենց վարձու աշխատողների հետ։ Որքանո՞վ էր լուրջ նրանց մեղքը։ Աշխատողներին շահագործելը կամ նրանց հետ անազնվորեն վարվելը դասվում էր կախարդության, շնության և ստի շարքում։ Իսկ մենք՝ քրիստոնյաներս, գիտենք, թե Աստված ինչպես է դատելու պոռնիկներին, ոգեհարցներին և բոլոր ստախոսներին (Հայտնություն 21։8)։
9 Աշխատավայրում պետք է կարևորվեին ոչ միայն մարդկային արժեքները, այլև Եհովայի արդար չափանիշները։ Նա ասել էր, որ գալու է դատելու նրանց, ովքեր «խարդախում են վարձու աշխատողի վարձը տալիս»։ Ինչ խոսք, Աստված չէր պահանջում, որ գործատերը իր աշխատողների քմահաճույքով շարժվեր։ Խաղողի այգում աշխատողների մասին Հիսուսի պատմած առակից տեսնում ենք, որ գործատերը իրավունք ուներ որոշելու աշխատանքի դիմաց վճարվող վարձի չափը, ինչպես նաև աշխատանքային պայմաններ դնելու (Մատթեոս 20։1–7, 13–15)։ Ուշագրավ է, որ Հիսուսի առակում բոլոր աշխատողներին էլ մեկ դինար վճարվեց օրվա համար, անկախ այն բանից՝ նրանք մեկ օր աշխատեցին, թե կես օր։ Նկատում ենք նաև, որ գործատերը անազնվորեն չվարվեց՝ փորձելով շահագործել վարձու աշխատողներին (Երեմիա 22։13)։
10. Ինչո՞ւ պետք է մեզ հետաքրքրի, թե ինչպես ենք վարվում մեր ենթակայության տակ աշխատող մարդկանց հետ։
10 Եթե բիզնես կամ վարձու աշխատողներ ունես, վարվո՞ւմ ես Մաղաքիա 3։5-ի ոգու համաձայն՝ հաշվի առնելով աշխատավարձի չափը, աշխատողների կողմից արվող առաջարկները կամ ֆինանսական այլ հարցեր։ Լավ կլինի մտածել այս մասին, քանի որ աշխատողների հանդեպ անարդար վերաբերմունք դրսևորելու մասին ընդգծվում է նաև Քրիստոնեական Հունարեն Գրություններում։ Նրանց, ովքեր անարդար են նման հարցերում, Քրիստոսի աշակերտ Հակոբոսը հարցրեց. «Մի՞թե [Եհովան] չի հակառակվում ձեզ» (Հակոբոս 5։1, 4, 6)։ Ուստի կարող ենք հետևյալ եզրակացությունն անել. նրանք, ովքեր «խարդախում են վարձու աշխատողի վարձը տալիս», իրականում չեն ճանաչում Եհովային, քանի որ չեն ընդօրինակում նրա արդարությունը։
11, 12. ա) Անազնվության ինչպիսի՞ դրսևորման մասին է նշվում Օսեե 5։10-ում։ բ) Ինչպե՞ս կարող ենք կիրառել Օսեե 5։10-ի սկզբունքը։
11 Այժմ կարդանք այն մասին, թե ինչու Եհովան դատապարտեց Օսեեի օրերում ապրող որոշ ազդեցիկ մարդկանց. «Հուդայի իշխանները սահմաններ փոխողների պես են դարձել։ Իմ բարկությունը ջրի պես նրանց վրա պիտի թափեմ» (Օսեե 5։10)։ Ինչո՞ւմ էին նրանք մեղադրվում։ Հուդայում հողատարածքի սահմանները եզրագծվում էին քարերով կամ ցցերով, և այդ հողից ստացված բերքը հողագործի ապրուստի միջոցն էր։ «Սահմաններ փոխել» նշանակում էր փոքրացնել հողատարածքը և զրկել անհատին ապրուստի միջոցից, ինչը հավասար էր գողություն անելուն։ Օսեեն Հուդայի իշխաններին, որոնք պետք է արդարության ջատագով լինեին, նմանեցնում էր այդ սահմանները փոխող մարդկանց (2 Օրենք 19։14; 27։17; Հոբ 24։2; Առակներ 22։28)։
12 Այսօր նրանց համար, ովքեր անշարժ գույքի առք ու վաճառքով են զբաղվում, գուցե գայթակղություն առաջանա «սահմանները փոխել» գնորդներին խաբելու համար։ Սկզբունքը նույնն է նաև առևտրականների, ձեռնարկատերերի, աշխատողների կամ հաճախորդների համար։ Ինչպես հայտնի է, բիզնեսի աշխարհում բոլորը չէ, որ գրավոր պայմանագրեր են կնքում՝ մտածելով, որ այդպես իրենց կհաջողվի պահանջվածից քիչ անել կամ նոր պահանջներ դնել։ Ոմանք էլ թեև գրավոր պայմանագիր են կնքում, սակայն ենթակետերը մանր տառերով են տպում՝ հիմնական տեքստը ի շահ իրենց աղավաղելով, ինչի արդյունքում տուժում է հակառակ կողմը։ Քո կարծիքով՝ այսպես վարվողը՝ լինի նա առևտրական, հաճախորդ, գործատեր կամ աշխատող, իրականում ճանաչո՞ւմ է արդար չափանիշների տեր Աստծուն։ Իր Խոսքում Եհովան ասել է. «Տեղից մի՛ շարժիր [որբերի] վաղեմի սահմանագիծը.... որովհետև նրանց Փրկիչը զորեղ է. նա ինքը կմիջամտի նրանց դատական գործին ընդդեմ քեզ» (Առակներ 23։10, 11; Ամբակում 2։9)։
13. Միքիայի օրերում ի՞նչ անարդարություններ էին տեղի ունենում Աստծու ժողովրդի մեջ։
13 Միքիա 6։10–12 համարները արդարության վերաբերյալ ավելի շատ տեղեկություն են հայտնում. «Ամբարշտի տանը դեռ կա՞ն ամբարշտության գանձեր և պակասեցրած արդու, ինչը դատապարտելի է։ Մի՞թե կարող եմ մաքուր լինել անարդար կշեռքով և խարդախ կշռաքարերով լցված պայուսակով.... նրա բնակիչները սուտ են խոսում, և նրանց բերանում նենգ լեզու կա»։ Թեև այսօր մթերքի չափման միավորներն են գրամը, կիլոգրամը և լիտրը, այդուհանդերձ հասկանում ենք, թե ինչ էր ուզում ասել Միքիան։ Նրա օրերում առևտրականներն ու գործարար մարդիկ խաբեբաներ էին։ Օգտագործելով խարդախ կշռաքարեր ու անարդար կշեռք՝ նրանք անարդարացիորեն էին վարվում մարդկանց հետ։ Նրանց, ովքեր «նենգ լեզու» ունեին և գործարքներում անազնիվ էին, Աստված «ամբարիշտ» էր համարում (2 Օրենք 25։13–16; Առակներ 20։10; Ամոս 8։5)։
14. Այսօր տարածում գտած անարդարության ինչպիսի՞ ձևերից պետք է խուսափենք՝ հաշվի առնելով Միքիայի նախազգուշացումը։
14 Հիշո՞ւմ ես Միքիայի խոսքերը անարդար կշեռքի և խարդախ կշռաքարերի մասին քո աշխատավայրում, անկախ այն բանից՝ գործատեր ես, թե աշխատող։ Արժե մտածել այդ խոսքերի շուրջ, քանի որ այսօր անթիվ-անհամար հաճախորդների ու գնորդների են խաբում։ Օրինակ՝ որոշ անազնիվ շինարարներ շաղախի մեջ չեն լցնում այնքան ցեմենտ, որքան պահանջվում է։ Կամ չերևացող տեղերում վարպետը կարող է օգտագործել էժանագին նյութեր և չգնել այն նյութերը, որի համար նրան վճարել են։ Որոշ առևտրականներ էլ օգտագործված ապրանքը ներկայացնում են որպես նոր։ Հավանաբար լսել ես նաև այլ խորամանկ հնարքների մասին, որոնք մեկ նպատակ ունեն՝ ավելացնել եկամուտը։ Գայթակղի՞չ են դրանք քեզ համար։ Վերջերս հրատարակված մի գրքում նշվում էր, որ Եհովայի վկաները «հավատում են, որ Ստեղծիչը տեսնում է իրենց, ուստի ավելի լավ է մահանալ, քան գողություն անել»։ Գրքում նաև ասվում էր. «Որտեղ մեծ գումարների հետ կապված գործեր կան, որպես աշխատող Վկաներ են պահանջվում»։ Ինչո՞ւ։ Պատճառն այն է, որ ճշմարիտ քրիստոնյաները գիտեն, որ Եհովան պահանջում է «արդարություն գործադրել» բոլոր հարցերում, այդ թվում նաև գործարքային և ֆինանսական (Միքիա 6։8)։
«ԻՇԽԱՆՆԵՐԸ ԿԻՇԽԵՆ ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ»
15, 16. Միքիայի օրերում իշխաններն ինչպե՞ս էին վարվում Աստծու ժողովրդի հետ։
15 12 մարգարեների գրքերից իմանում ենք, որ եղել են ժամանակներ, երբ անարդարությունը գլուխ է բարձրացրել։ Իշխանություն ունեցող մարդիկ արդարություն գործադրելու հարցում պետք է օրինակ լինեին, մինչդեռ հակառակն էին անում (Ելք 18։21; 23։6–8; 2 Օրենք 1։17; 16։18)։ Միքիան աղերսում էր. «Լսեցե՛ք, խնդրեմ, ո՛վ Հակոբի գլխավորներ ու Իսրայելի տան իշխաններ։ Չէ՞ որ դո՛ւք պետք է իմանաք, թե ինչ է արդարությունը։ Ո՛վ բարին ատողներ ու չարը սիրողներ, որ մաշկում եք մարդկանց և պոկում եք միսը նրանց ոսկորներից» (Միքիա 3։1–3; Եսայիա 1։17)։
16 Միքիայի խոսքերը հավանաբար ցնցեցին նրանց, ովքեր ծանոթ էին գյուղական կյանքին։ Հովիվը հոգ էր տանում գառների մասին ու պաշտպանում էր նրանց։ Նա ժամանակ առ ժամանակ նաև խուզում էր նրանց (Ծննդոց 38։12, 13; 1 Սամուել )։ Սակայն «Իսրայելի տան իշխանները», ովքեր պետք է «իմանային, թե ինչ է արդարությունը», ասես մաշկում էին մարդկանց և պոկում միսը ոսկորներից՝ նրանց ի շահ իրենց օգտագործելով ( 25։4Սաղմոս 95։7)։ Միքիան ևս մեկ համեմատություն է բերում։ Իշխանները, «ովքեր դատում են վարձատրության դիմաց», նման են փշի կամ փշոտ ցանկապատի (Միքիա 7։3, 4)։ Նման ցանկապատի կողքով անցնելիս փշերը հավանաբար հագուստդ կճղեն կամ կճանկռեն քեզ։ Այս համեմատությունը օգնում է հասկանալու, թե իշխանները ինչպես էին վերաբերվում Աստծու ժողովրդին։ Իրենց եղբայրների նկատմամբ արդարություն դրսևորելու փոխարեն՝ նրանք նենգաբար էին վարվում (Միքիա 3։9, 11)։
17. Սոփոնիա 3։3-ի համաձայն՝ ինչպիսի՞ն էին իշխաններն ու դատավորները։
17 Նմանատիպ միտք է արտահայտել նաև Սոփոնիան. «Նրա մեջ նրա իշխանները մռնչող առյուծներ էին, դատավորները՝ երեկոյան գայլեր, որոնք մինչև առավոտ կրծելու ոչինչ չէին թողնում» (Սոփոնիա 3։3)։ Միայն պատկերացրու. Աստծու ժողովրդի իշխանները նման էին գիշատիչ առյուծների, որոնք աղավաղում էին արդարությունը, իսկ դատավորները՝ անկուշտ գայլերի, որոնք ագահաբար լափում էին ամեն բան այն աստիճան, որ առավոտը զոհից միայն ոսկորներն էին մնում։ Ո՜ւր էր կորել արդարությունը։ Մարդկանց առաջնորդելու և հոգ տանելու փոխարեն՝ իշխաններն ասես որսում էին նրանց՝ «կտոր-կտոր» անելով արդարությունը։
18. Իսրայելում դատավորներն ինչպե՞ս պետք է վերաբերվեին Աստծու ժողովրդին։
18 Հստակ է, որ Աստծուն նվիրված ազգի առաջնորդները չէին ճանաչում Եհովային, այլապես կհետևեին Զաքարիա 8։16-ում գրված խոսքերին. «Սրանք են այն բաները, որ դուք պիտի անեք. ճշմարտությունն ասեք իրար, ճշմարտությամբ ու խաղաղություն բերող դատաստանով դատեք ձեր քաղաքների դարպասների մոտ»։ Իսրայելում երեցները պետք է հանդիպեին քաղաքի դարպասների մոտ և դատական գործեր քննեին՝ առաջնորդվելով Աստծու տեսակետով և ոչ թե առաջին տպավորությամբ կամ անձնական դատողությամբ (2 Օրենք 22։15)։ Բացի այդ, Եհովան նախազգուշացրել էր կողմնապահությամբ չվարվելու մասին, օրինակ՝ հարուստ կամ ազդեցիկ մարդկանց գործը քննելիս (Ղևտական 19։15; 2 Օրենք 1։16, 17)։ Դատավորներից պահանջվում էր խաղաղություն վերականգնել վիճող կողմերի միջև և դատել «խաղաղություն բերող դատաստանով»։
19, 20. ա) Ի՞նչ կարող են երեցները սովորել 12 մարգարեներից։ բ) Ինչպե՞ս կարող են երեցները ցույց տալ, որ ճանաչում են Եհովային և գնահատում են նրա արդարությունը։
19 Պողոս առաքյալը քրիստոնյաներին գրելիս մեջբերեց Զաքարիա 8։16-ի խոսքերը (Եփեսացիներ 4։15, 25)։ Ուստի արդարության մասին 12 մարգարեների զգուշացումներն ու խորհուրդները կարող են վերաբերել նաև ներկայիս քրիստոնեական ժողովին։ Երեցները, կամ՝ վերակացուները պետք է լավ ճանաչեն Եհովային և արտացոլեն նրա արդարությունը՝ օրինակ թողնելով ուրիշներին։ Եսայիա 32։1-ը նշում է, որ նրանք «կիշխեն հանուն արդարության»։ Ի՜նչ քաջալերական միտք։ Իսկ ի՞նչ գործնական մտքեր են պարունակում 12 մարգարեների նախազգուշացումներն ու հորդորները երեցների համար։
20 Քրիստոնյա երեցները պետք է առաջնորդվեն աստվածաշնչյան ճշմարտությամբ և հիշեն, թե որն է Եհովայի տեսակետը այս կամ այն հարցի վերաբերյալ։ Նրանք չպետք է իրենց որոշումները հիմնեն իրենց կարծիքի կամ ներքին զգացողության վրա։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ դժվար գործեր կատարելիս, օրինակ՝ իրավական հարցեր քննելիս, երեցները պետք է լրացուցիչ ժամանակ տրամադրեն պատրաստվելուն և Աստվածաշնչից, ինչպես նաև հավատարիմ և իմաստուն ծառայի խորհուրդները պարունակող հրատարակություններից փնտրտուքներ անելուն (Ելք 18։26; Մատթեոս 24։45)։ Երբ երեցները այսպիսի ջանքեր են թափում, նրանց համար հեշտ է լինում ատել այն, ինչ Եհովան է ատում, և սիրել այն, ինչ Եհովան է սիրում։ Դա կօգնի նրանց «դարպասի մոտ տե՛ղ տալու արդարությանը», որպեսզի «դատեն ճշմարիտ արդարության համաձայն» (Ամոս 5։15; Զաքարիա 7։9)։
21. Ի՞նչը կարող է դրդել երեցին կողմնապահ լինելու, սակայն ինչո՞ւ նա չպետք է կողմնապահություն անի։
21 Անգամ նա, ով աստվածաշնչյան խոր գիտելիքներ է ձեռք բերել և իշխանություն ունի դատելու, հնարավոր է՝ որոշ չափով կողմնապահություն դրսևորի։ Մաղաքիան մեծ ցավ էր զգում, որ քահանաները, ովքեր պետք է գիտելիքների աղբյուր լինեին, «օրենքի մեջ կողմնապահություն էին անում» (Մաղաքիա 2։7–9)։ Ինչպե՞ս կարող էր նման բան պատահել։ Միքիայի խոսքերի համաձայն՝ որոշ գլխավորներ «կաշառքով էին դատում», իսկ քահանաները «վարձով էին սովորեցնում» (Միքիա 3։11)։ Հնարավո՞ր է արդյոք, որ այսօր երեցը նման մտածելակերպ ունենա։ Օրինակ՝ գուցե այն անհատը, ում հետ երեցը այժմ գործ ունի, նախկինում բարություն է դրսևորել իր հանդեպ, կամ երեցը գիտի, որ ապագայում այդ անհատից կարող է ինչ-որ օգուտ ստանալ։ Գուցե հարցը վերաբերում է երեցի ազգակցին կամ կնոջ մտերիմ բարեկամին։ Ի՞նչը դեր կունենա նման դեպքում՝ ընտանեկան կապե՞րը, թե՞ աստվածաշնչյան սկզբունքները։ Երեցի անկողմնապահությունը կարող է փորձվել նաև այն ժամանակ, երբ նա քննում է որևէ մեկի սխալ արարքը, կամ երբ որոշում է, թե արդյոք անհատը համապատասխանում է ժողովում լրացուցիչ առանձնաշնորհումներ ունենալու պահանջներին (1 Սամուել 2։22–25, 33; Գործեր 8։18–20; 1 Պետրոս 5։2)։
22. ա) Երեցներն ի՞նչ պատասխանատվություն ունեն արդարություն դրսևորելու հետ կապված։ բ) Աստվածահաճո ի՞նչ հատկություններ պետք է երեցները դրսևորեն մեղք գործած անհատի հանդեպ։
22 Երբ ժողովում ինչ-որ մեկը լուրջ մեղք է գործում, հոգևոր հովիվները քայլեր են ձեռնարկում պաշտպանելու ժողովը ցանկացած վտանգից և բացասական ազդեցությունից (Գործեր 20։28–30; Տիտոս 3։10, 11)։ Եթե մեղք գործողը անկեղծորեն զղջում է, երեցներն «ուղղում են այդպիսի մարդուն մեղմության ոգով» (Գաղատացիներ 6։1)։ Նրանք սառնասրտություն չեն դրսևորում, այլ հետևում են այս պատվերին. «Դատեք ճշմարիտ արդարության համաձայն, իրար հանդեպ սիրառատ բարություն ու ողորմություն ցույց տվեք» (Զաքարիա 7։9)։ Իրավական գործերը քննելու վերաբերյալ Հին Իսրայելին տված Եհովայի կանոնները ընդգծում են նրա արդարությունն ու ողորմությունը։ Շատ դեպքերում որոշում կայացնելիս դատավորներին որոշակի ազատություն էր տրված. նրանք կարող էին ողորմություն դրսևորել՝ կախված հանգամանքներից և սխալ գործողի վերաբերմունքից։ Քրիստոնյա երեցները նույնպես պետք է ձգտեն դատել «ճշմարիտ արդարության համաձայն» և ցույց տալ «սիրառատ բարություն ու ողորմություն»՝ այդպիսով փաստելով, որ իրոք ճանաչում են Եհովային։
23, 24. ա) Ինչպե՞ս կարող են երեցները «խաղաղություն բերող դատաստանով դատել»։ բ) Արդարության առնչությամբ 12 մարգարեները ի՞նչ օգնեցին քեզ հասկանալու։
23 Հիշենք Զաքարիա 8։16-ում նշված խոսքերը. «Ճշմարտությամբ ու խաղաղություն բերող դատաստանով դատեք ձեր քաղաքների դարպասների մոտ»։ Փաստորեն, ի՞նչը պետք է լինի երեցների նպատակը։ «Խաղաղություն բերող դատաստանով դատելը»։ Դեռ առաքյալների օրերում քրիստոնյաների միջև տարաձայնություններ ու վեճեր էին լինում։ Ինչպես Պողոսը օգնեց Եվոդիային և Սյունտիքին, այնպես էլ այսօր երեցները պետք է օգնեն ու աջակցեն իրենց հավատակիցներին (Փիլիպպեցիներ 4։2, 3)։ Նրանք պետք է ձգտեն «խաղաղություն բերող դատաստանով դատել»՝ հաշտեցնելով վիճող կողմերին։ Աստվածաշնչյան խորհուրդները, որ տալիս են նրանք, և այն, թե ինչպես են դրանք տալիս, պետք է նպաստեն, որ խաղաղություն լինի ինչպես ժողովում, այնպես էլ Աստծու հետ փոխհարաբերություններում։ Այդպես վարվելով՝ երեցները ցույց կտան, որ իսկապես ճանաչում են Եհովային և կարևորում են նրա արդարությունը։
24 Մենք քննեցինք երկու ոլորտ ու տեսանք, թե որքան կարևոր է մեր ամենօրյա կյանքում հետևել արդարության վերաբերյալ խորհուրդներին, որ գրի են առել 12 մարգարեները։ Ի՜նչ մեծ օրհնություն է, երբ մենք ու մեր մտերիմները ապրում ենք այս սկզբունքի համաձայն՝ «թող արդարությունը հորդի»։