Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 8

Ի՞նչ է Եհովան պահանջում քեզանից

Ի՞նչ է Եհովան պահանջում քեզանից

1, 2. Ինչո՞ւ է քաջալերական իմանալ, թե ինչպես է Եհովան վերաբերվել իր ժողովրդի բարոյական անկմանը։

 ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ հետևյալ տեսարանը. դուռը թակում են, աղջիկը տագնապի ու վախի մեջ է։ Նա կարծում է՝ դռան հետևում կանգնած է խաբեբա առևտրականը, որին իր ընտանիքը փող է պարտք։ Այդ մարդը շատերին է խաբել՝ խարդախ կշռաքարեր օգտագործելով և ապօրինի տոկոսներ կորզելով։ Պատժից խուսափելու համար այդ առևտրականը կաշառել է քաղաքի իշխանավորներին, որոնք անտեսում են զոհերի աղաղակը։ Աղջկա հայրը լքել է ընտանիքը մի երիտասարդ կնոջ պատճառով, և իրեն ու մորը կարող են ստրկության վաճառել։ Աղջիկն իրեն այնքան անօգնական է զգում։

2 Այս տեսարանը նկարագրում է այն, ինչ տեղի էր ունենում 12 մարգարեների օրերում (Ամոս 5։12; 8։4–6; Միքիա 6։10–12; Սոփոնիա 3։3; Մաղաքիա 2։13–16; 3։5)։ Եթե ապրեիր այն ժամանակներում, ի՞նչ կզգայիր։ Թեև պատկերը մռայլ է, բայց իր ժողովրդի օգտին Եհովայի կատարած քայլերը հույս և լավատեսություն են ներշնչում մեզ։ Ինչպես ցույց են տալիս 12 գրքերը, Աստված ցանկանում է, որ մարդիկ դրական հատկություններ և ճիշտ վերաբերմունք դրսևորեն։ Նրա քաջալերական խոսքերը կամրացնեն բարոյական չափանիշներից կառչած մնալու քո վճռականությունը ու կհորդորեն քեզ բարի գործեր անել և փառաբանել նրան։ Եհովայի օրը արագորեն մոտենում է, ուստի հիմա՛ է ճիշտ ժամանակը ականջ դնելու այս գրքերում գրի առնված ոգևորիչ խոսքերին։ Դա կօգնի քեզ ավելի լավ հասկանալու, թե ինչ է Աստված պահանջում քեզանից։ Այժմ մտովի տեղափոխվենք մ.թ.ա. 8-րդ դար, երբ ապրել է Միքիա մարգարեն։

Եհովան աչք չի փակում անարդարության և այլասերվածության վրա

Ի՞ՆՉ Է ԵՀՈՎԱՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՔԵԶԱՆԻՑ

3, 4. ա) «Միքիա» գիրքը ի՞նչ ջերմ խնդրանք է պարունակում։ բ)Միքիա 6։8-ում գրված հարցը ի՞նչ ազդեցություն է թողնում անձամբ քեզ վրա։

3 Միքիայի գիրքն ընթերցելիս սկզբում գուցե թվա, թե այն ըմբոստ իսրայելացիների դեմ ուղղված մեղադրանքների շարան է։ Այո՛, Եհովան աչք չէր փակում իրեն նվիրված ժողովրդի բարոյապես քայքայված վիճակի վրա և տեսնում էր, թե ինչ են անում «բարին ատողները ու չարը սիրողները» (Միքիա 3։2; 6։12)։ Սակայն մեղադրանքների հետ մեկտեղ այս գիրքը պարունակում է Աստվածաշնչի ամենաոգևորիչ ու գործերի մղող հորդորներից մեկը։ Ուշադրություն հրավիրելով Նրա վրա, ով արդար չափանիշներ է հաստատում՝ Միքիան մտածելու տեղիք տվող հարց է տալիս. «Մի՞թե Եհովան, բացի արդարություն գործադրելուց, բարություն սիրելուց և քո Աստծու հետ համեստությամբ քայլելուց, ուրիշ որևէ բան է պահանջում քեզանից» (Միքիա 6։8

4 Ինչպիսի՜ ջերմագին խնդրանք Աստծու կողմից։ Եհովան սիրով հիշեցնում է մեզ, որ մենք կարող ենք դրական տրամադրվածություն զարգացնել և հեռու մնալ ամենուրեք տարածված չարության ազդեցությունից։ Նա գիտի, որ, լինելով նվիրված ծառաներ, մենք ուզում ենք աստվածահաճո հատկություններ զարգացնել։ Եհովան չի կորցնում իր վստահությունը մեր հանդեպ։ Իսկ ինչպե՞ս կարձագանքեիր, եթե վերոնշյալ հարցը ուղղված լիներ քեզ։ Նկատո՞ւմ ես, թե որ ոլորտներում է քեզ հաջողվում առաջնորդվել Աստծու բարոյական չափանիշներով և որ ոլորտներում պետք է փոփոխություններ անես։ Եթե շարունակ հետևես Աստծու հաստատած չափանիշներին, նրա հետ քո փոխհարաբերությունները և առհասարակ քո ապրելակերպը նկատելիորեն կբարելավվեն։ Այսօր, երբ կանգնած ենք նոր աշխարհի շեմին, քեզ կարող են անչափ զորացնել հետևյալ խոսքերը. «Ձեզ համար արդարությամբ սերմեք և սիրառատ բարությամբ հնձեք։ Ձեզ համար վարելահող հերկեք, քանի դեռ ժամանակ կա Եհովային փնտրելու, մինչև որ նա կգա ու ձեզ արդարություն կսովորեցնի» (Օսեե 10։12)։ Այժմ քննենք Միքիա 6։8 համարում ամփոփված գլխավոր մտքերը։

ՀԱՄԵՍՏՈՒԹՅԱՄԲ ՔԱՅԼԻՐ

5. Ինչո՞ւ է կարևոր «Աստծու հետ համեստությամբ քայլել»։

5 Միքիայի խոսքերի համաձայն՝ Եհովան մեզանից պահանջում է, որ իր հետ «համեստությամբ քայլենք»։ Համեստ լինելը միայն օգուտ է բերում մեզ, քանի որ «իմաստությունը համեստների հետ է» (Առակներ 11։2)։ Համեստ լինել նշանակում է գիտակցել, որ ադամական մեղքի պատճառով մեր հնարավորությունները սահմանափակ են։ Այն բանի գիտակցումը, որ մենք ծնված օրվանից մեղավոր ենք, կօգնի մեզ խուսափելու գիտակցաբար մեղք գործելուց (Հռոմեացիներ 7։24, 25

6. Ինչո՞ւ է խելամիտ լինել համեստ ու գիտակցել, որ մեղքը կարող է դառը հետևանքներ ունենալ։

6 Գիտակցաբար մեղք չգործելու համար ինչո՞ւ է անհրաժեշտ համեստ և խոնարհ լինել։ Համեստ անձնավորությունը ընդունում է, որ մեղքը մեծ զորություն ունի (Սաղմոս 51։3)։ Օսեեի խոսքերից տեսնում ենք, որ մեղքը կարող է հրապուրիչ լինել, սակայն արդյունքում միշտ աղետալի հետևանքներ են լինում։ Օրինակ՝ Եհովան խոստացավ, որ իր անհնազանդ ժողովրդին «պատասխանատվության պիտի կանչի»։ Կարո՞ղ էին այդ մարդիկ, ովքեր մոռացել էին համեստության մասին ու մեղք էին գործում, լիովին խուսափել իրենց արարքների հետևանքներից։ Հնարավոր է՝ նրանք այդպիսի հույսեր էին փայփայում, քանի որ մեղքը հաճախ խաբում է ու գերում իր զոհին։ Բայց ամենավատն այն է, որ մեղքը անդունդ է ստեղծում մեղավորի և Աստծու միջև։ Արդյունքում անհատը կարող է այն աստիճան թաղվել մեղքի մեջ, որ իր «գործերը թույլ չտան հետ դառնալ իր Աստծու մոտ»։ Գիտակցաբար գործված մեղքը քայքայում է մեղք գործողի բարոյականությունը և նրան դարձնում «չարիք գործող»։ Բացի այդ, մեղք գործողը իմաստազրկում է իր կյանքը։ Ճիշտ է, գուցե մի որոշ ժամանակ թվա, թե հաջողությունը ժպտում է նրան, սակայն իրականում դա այդպես չէ. նա, ով մեղք է գործում և չի զղջում, չի կարող ակնկալել, որ Աստծու հավանությունը կունենա (Օսեե 1։4; 4։11–13; 5։4; 6։8

7. Ինչպե՞ս են համեստ մարդիկ արձագանքում Եհովայի առաջնորդությանը։

7 Համեստ մարդիկ գիտակցում են, որ Աստծու առաջնորդության կարիքն ունեն մեղքի վատ հետևանքներից խուսափելու համար։ Միքիան կանխագուշակեց, որ կգա ժամանակ, երբ շատերը անկեղծորեն կցանկանան «սովորել [Եհովայի] ճանապարհները և քայլել նրա ուղիներով»։ Այդպիսի խոնարհ անհատները փնտրում են «օրենքը» և «Եհովայի խոսքը»։ Թերևս ուրախ ես, որ այնպիսի մարդկանց մեջ ես, ովքեր ցանկանում են «Եհովայի անունով քայլել»՝ անելով այն, ինչ նա է պահանջում։ Սակայն գուցե Միքիայի պես՝ դու էլ ես ուզում իմանալ, թե ուրիշ ինչ կերպերով է հնարավոր բարոյապես մաքուր մնալ (Միքիա 4։1–5; 6։11)։ Դու կարող ես մաքուր մնալ, եթե համեստորեն շարունակես անել այն, ինչ Եհովան է պահանջում քեզանից։

ԱՊՐԻՐ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ

8. Ի՞նչ կարելի է ասել այսօրվա աշխարհի բարոյականության մասին։

8 Հետաքրքրված լինելով մեր հոգևոր և ֆիզիկական բարօրությամբ՝ Եհովան պահանջում է, որ մենք, չնայած այս աշխարհի ապականիչ ազդեցությանը, բարոյապես մաքուր լինենք (Մաղաքիա 2։15)։ Մեզ վրա անընդհատ անվայել բովանդակությամբ ինֆորմացիայի հեղեղ է թափվում։ Շատերի կարծիքով՝ նորմալ է պոռնկագրական նկարներ և ֆիլմեր դիտելը, անվայել սեռային արարքների մասին պատմություններ կարդալը և այնպիսի երգեր լսելը, որոնց բովանդակությունը կարող է անպարկեշտ մտքեր առաջացնել։ Ավելին, կան մարդիկ, ովքեր չեն հարգում կանանց՝ նրանց համարելով պարզապես սեռական հաճույքների առարկա։ Դպրոցում պատանիները իրենց զրույցներում անպարկեշտ կատակներ և սեքսի մասին ակնարկներ են անում։ Ինչպե՞ս կարող ես դիմակայել նման ապականիչ ազդեցությանը։

9. Ինչպիսի՞ն էր մարդկանց բարոյական վիճակը 12 մարգարեների օրերում։

9 12 մարգարեների գրքերում անգին խորհուրդներ կան։ Ճիշտ է, նրանց օրերում չկային կինոթատրոններ և խանութներ, որտեղ վաճառում են տեսաֆիլմեր։ Սակայն կային, օրինակ, սեռական օրգանի խորհրդանիշներ, մեծ տարածում ուներ այսպես կոչված սրբազան պոռնկությունը և սեռական սանձարձակությունը (1 Թագավորներ 14։24; Եսայիա 57։3, 4; Ամբակում 2։15)։ Դրանց մասին մարգարեները գրել են. «Տղամարդիկ էլ են առանձնանում պոռնիկների հետ և տաճարի մարմնավաճառ կանանց հետ զոհ են մատուցում»։ «Տղամարդն ու իր հայրը նույն աղջկա մոտ են գնում, որ պղծեն իմ սուրբ անունը»։ Ոմանք կանոնավորաբար «վարձ [էին տալիս] մարմնավաճառության» համար՝ մասնակցելով պտղաբերության ծեսերի a։ Դավաճանությունը սովորական բան էր դարձել. անհավատարիմ կողակիցները իրենց «սիրեկանների հետևից էին գնում» (Օսեե 2։13; 4։2, 13, 14; Ամոս 2։7; Միքիա 1։7

10. ա) Ի՞նչն է ընկած անբարո վարքի հիմքում։ բ) Աստծու ժողովուրդը ինչպե՞ս մեղավոր դարձավ հոգևոր պոռնկության մեջ։

10 Թերևս համամիտ ես, որ անհատի անբարո ապրելակերպը շատ բան է հայտնում նրա մտավիճակի ու մղումների մասին (Մարկոս 7։20–22)։ Բարոյապես քայքայված իր ժողովրդի մասին Եհովան ասաց, որ «պոռնկության ոգին մոլորեցրել է նրանց» և «ամեն օր պիղծ գործեր են անում» (Օսեե 4։12; 6։9) b։ Իսկ Զաքարիան նշեց, որ «անմաքրության ոգի» է տիրում (Զաքարիա 13։2)։ Ժողովուրդը կորցրել էր ամոթը և հանդուգն վերաբերմունք էր դրսևորում Եհովայի չափանիշների ու նրա իշխանության հանդեպ։ Ի՞նչ հետևություն կարող ենք անել. մղումները ուղղելու համար անհատը պետք է արմատական փոփոխություններ անի իր սրտի ու մտածելակերպի մեջ։ Այս բանի գիտակցումը պետք է մղի քրիստոնյային առավել շնորհակալ լինելու այն խորհուրդների համար, որոնք օգնում են խուսափելու անբարոյությունից և դրա աղետալի հետևանքներից։

ԱՆԱՐԱՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԻՐ

11. Որո՞նք են անբարոյության հետևանքներից մի քանիսը։

11 Դու, ինչ խոսք, գիտես, որ անբարոյության հետևանքով ընտանիքներ են քայքայվում, երեխաները զրկվում են ծնողական սիրուց ու խնամքից, սոսկալի հիվանդություններ են ձեռք բերվում, աբորտի պատճառով նոր սկիզբ դրված կյանքեր են ընդհատվում։ Բոլոր նրանք, ովքեր անտեսում են բարոյականության վերաբերյալ Արարչի օրենքները, հաճախ ֆիզիկական և էմոցիոնալ վնասներ են կրում։ Միքիան գրում է. «Անմաքրության պատճառով [անհատը] կործանվում է, և այդ կործանումը ցավ է պատճառում» (Միքիա 2։10)։ Սակայն Աստծու ծառաները լի են իրենց անարատությունը պահելու վճռականությամբ։ Նրանք չեն ուզում ապականել իրենց սիրտն ու միտքը, ուստի խուսափում են անմաքուր բաների մասին մտածելուց (Մատթեոս 12։34; 15։18

12. Ի՞նչ օգուտներ ենք ստանում, երբ բարոյականությանը վերաբերող հարցերում առաջնորդվում ենք Եհովայի տեսակետով։

12 Քրիստոնյաները խուսափում են անբարոյությունից ոչ միայն այն պատճառով, որ վախենում են հիվանդություններ ձեռք բերելուց կամ անցանկալի հղիությունից։ Նրանք հասկանում են, որ շատ ավելի կարևոր է Աստծու օրենքների հանդեպ սեր զարգացնելը և բարոյականության վերաբերյալ նրա տեսակետը ունենալը։ Ընտանիք կազմելու և սեռական հարաբերություն ունենալու ցանկությունը բնական է, քանի որ Եհովան է մեզ այդպիսի կարիքներով ստեղծել։ Դա նրա սկզբնական նպատակի մի մասն էր։ Ամուսնության շրջանակներում սեռական հարաբերությունը հաճելի բան է, քանի որ ամրացնում է տղամարդու և կնոջ միջև կապը, ինչպես նաև նոր կյանքի ծնունդ տալիս։ Սակայն ամուսնությունից դուրս սեռական հարաբերությունները աղետալի հետևանքներ են ունենում, ինչի մասին նշում են նաև 12 մարգարեները։ Նրանց օրերում անբարոյության պատճառով մարդիկ կորցրին Աստծու հավանությունը։ Այսօր էլ նրանք, ովքեր անտեսում են Աստծու բարոյական օրենքները, նույն գինն են վճարում։

13. Ինչպե՞ս կարող ենք մեզնից հեռացնել պոռնկությունը և խուսափել այնպիսի իրավիճակներից, որոնցում հայտնվելիս գուցե մեղք գործելու գայթակղության առաջ կանգնենք։

13 Օսեեն իր ժամանակակիցներին կոչ արեց իրենցից հեռացնել պոռնկությունը՝ ի մտի ունենալով, որ նրանք վճռական քայլեր կձեռնարկեն իրենց անբարոյությունից պաշտպանելու համար (Օսեե 2։2)։ Մեր պարագայում իմաստուն կլինի, որ խուսափենք այնպիսի իրավիճակներից, որոնցում հայտնվելիս գուցե մեղք գործելու գայթակղության առաջ կանգնենք։ Ենթադրենք՝ սովորում ես դպրոցում և անընդհատ բախվում ես փորձության։ Գուցե հնարավորություն չկա մեկ ուրիշ դպրոց տեղափոխվելու, սակայն քեզնից կախված ամեն բան կարող ես անել, որ չհայտնվես վտանգավոր իրավիճակում՝ այդպիսով քեզնից հեռացնելով պոռնկությունը։ Թող բոլորն իմանան, որ դու Եհովայի վկա ես և ապրում ես քրիստոնեական չափանիշներով։ Հստակ և հարգալից կերպով բացատրիր քո համոզմունքները։ Բոլորին հայտնի դարձրու, որ վճռական ես տրամադրված Եհովայի բարոյական բարձր չափանիշներին հետևելու հարցում (Ամոս 5։15)։ Պոռնկությունը քեզնից հեռացնելու մեկ այլ ձև է պոռնկագրությունից և զվարճության կասկածելի ձևերից խուսափելը։ Դա կարող է նշանակել, որ անբարո բովանդակություն պարունակող որևէ ամսագիր դեն նետես կամ նոր ընկերներ փնտրես, ովքեր սիրում են Եհովային և կօգնեն քեզ պահելու քո վճռականությունը (Միքիա 7։5)։ Այո՛, Եհովայի օգնությամբ դու կարող ես բարոյապես մաքուր մնալ անգամ այս ապականված աշխարհում։

Քրիստոնեական համոզմունքներդ հայտնի դարձնելը կպաշտպանի քեզ

ՍԻՐԻՐ ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ

14, 15. ա) Ի՞նչ է նշանակում սիրել բարությունը։ բ) Ինչպե՞ս է բարությունը սիրելը օգնում մեզ անարատ մնալու։

14 Միքիան շեշտում է նաև, որ Եհովան պահանջում է սիրել բարությունը։ Դա նշանակում է բարիք գործել, ոչ թե չարիք։ Բարությունը սերտ կապ ունի առաքինության և բարձր բարոյականության հետ։ Բարի անձնավորությունը ազնիվ է ու արդար թե՛ կյանքի բոլոր ոլորտներում, թե՛ ուրիշների հետ փոխհարաբերություններում։ Այս գրքի 6-րդ գլխում քննեցինք գործարքային և ֆինանսական որոշ ոլորտներ ու տեսանք, որ շատ կարևոր է արդարություն և ազնվություն դրսևորել։ Սակայն ազնիվ ու արդար հարկավոր է լինել նաև կյանքի մյուս ոլորտներում։

15 Նրանք, ովքեր բարություն են սիրում և իրենց շրջապատի մարդկանց բարիք են ցանկանում, ձգտում են լինել անարատ ու անբիծ։ Իրենց պարտականությունները անտեսող իսրայելացիներին Եհովան ասաց. «Դուք կողոպտում եք ինձ» (Մաղաքիա 3։8)։ Իսկ ինչպե՞ս կարող է այսօր անհատը «կողոպտել» Աստծուն։ Ենթադրենք՝ քրիստոնյան պատասխանատվություն ունի հոգ տանել Թագավորության շահերի համար նվիրաբերվող գումարի մասին։ Ո՞ւմ փողերն են դրանք։ Այդ փողերը Եհովային են պատկանում, քանի որ նվիրաբերվել են ճշմարիտ երկրպագության համար (2 Կորնթացիներ 9։7)։ Ճի՞շտ է արդյոք մտածել, որ ծայրահեղ դեպքում կարելի է «պարտքով վերցնել» այդ գումարից կամ օգտագործել այլ նպատակով՝ առանց թույլտվության։ Ո՛չ։ Դա կնշանակի կողոպտել Աստծուն։ Այդպիսի արարքը բարության և արդարության դրսևորում չի լինի նրանց նկատմամբ, ովքեր նվիրաբերել են այդ գումարը Թագավորության գործի համար (Առակներ 6։30, 31; Զաքարիա 5։3

16, 17. ա) Ամոսի և Միքիայի օրերում ինչպե՞ս էին մարդիկ ագահություն դրսևորում։ բ) Ո՞րն է Աստծու տեսակետը ագահության վերաբերյալ։

16 Բարությունն ու առաքինությունը նաև մղում են քրիստոնյային խուսափելու ագահությունից։ Ամոսի օրերում ագահությունը մեծ տարածում էր գտել։ Իսրայելացիների մեջ կային անկուշտ գիշատիչներ, որոնք պատրաստ էին «արդարին [իրենց ազգակցին] ծախելու արծաթի դիմաց» (Ամոս 2։6)։ Այդպես էր նաև Միքիայի օրերում, երբ Հուդայի հարուստ ու ագահ մարդիկ զավթում էին անպաշտպան մարդկանց ունեցվածքը՝ երբեմն ուժով վերցնելով այն (Միքիա 2։2; 3։10)։ Իրենց ազգակցի ձեռքից խլելով հողը՝ այդ ագահ մարդիկ ոտնահարում էին Եհովայի Օրենքը՝ Տասը պատվիրաններից վերջինը, ինչպես նաև երկիրը վաճառելու արգելքը (Ելք 20։13, 15, 17; Ղևտական 25։23–28

17 Այսօր ստրկությունը և մարդկանց առևտրով զբաղվելը գուցե այնքան էլ տարածված չէ, որքան տարածված էր մարգարեների օրերում։ Իսկ ի՞նչ կարելի է ասել ուրիշներին շահագործելու կամ նրանց հաշվին ապրելու մասին։ Բարությունը սիրող քրիստոնյան երբեք չի շահագործի իր հավատակիցներին։ Օրինակ՝ նա կհասկանա, որ ճիշտ չէ բիզնես սկսել կամ ներդրումներ անել՝ նպատակ ունենալով, որ իր հիմնական հաճախորդները հավատակիցները լինեն։ Հավատակիցների հաշվին հարստանալու ծրագրերը ագահության նշան են, ինչի մասին Աստվածաշունչը նախազգուշացումներ է տալիս քրիստոնյաներին (Եփեսացիներ 5։3; Կողոսացիներ 3։5; Հակոբոս 4։1–5)։ Ագահությունը կարող է տարբեր կերպերով դրսևորվել՝ փողասիրությամբ, իշխանատենչությամբ, շահամոլությամբ, անգամ որկրամոլությամբ և ցանկասիրությամբ։ Միքիան գրում է, որ եսասեր և ագահ մարդիկ «կուտեն, բայց չեն կշտանա»։ Դա այդպես է նաև այսօր (Միքիա 6։14

Շատ քրիստոնյաներ հոգ են տանում օտարերկրացիների հոգևոր կարիքների մասին

18, 19. ա) 12 մարգարեների գրքերում ինչպե՞ս է նկարագրվում Եհովայի հոգատարությունը «պանդուխտի» հանդեպ։ բ) Ուրիշների հանդեպ հոգատարություն դրսևորելը ինչպե՞ս կարող է բարելավել քո տարածքում ապրող մարդկանց հետ փոխհարաբերությունները։

18 Եհովան պատվիրել էր իր ժողովրդին «չխաբել պանդուխտին»։ Մաղաքիա մարգարեի միջոցով Աստված նախազգուշացրեց. «Ես կգամ ձեզ մոտ, որ դատեմ ձեզ.... նրանց, ովքեր ոտնակոխ են անում պանդուխտի իրավունքները» (Զաքարիա 7։10; Մաղաքիա 3։5)։ Քո երկրում փոխվե՞լ է կյանքը ներգաղթյալների, տարբեր ազգի, ռասայի և մշակույթի մարդկանց ներհոսքի պատճառով։ Գուցե նրանք եկել են ապահովություն, աշխատանք կամ լավ կենսապայմաններ գտնելու նպատակով։ Ինչպե՞ս ես վերաբերվում այն մարդկանց, ովքեր խոսում են այլ լեզվով կամ ունեն ուրիշ ապրելակերպ։ Ունե՞ս նախատրամադրվածություն։ Եթե այո, ապա դա կխանգարի բարություն դրսևորել։

19 Մտածիր, թե մարդիկ ինչպես կարձագանքեն, եթե ցույց տաս, որ տարբեր ազգերի և մշակույթի մարդիկ արժանի են լսելու աստվածաշնչյան ճշմարտությունը, ինչպես բոլորը։ Եթե բարի ենք, չենք մտածի, որ ներգաղթյալները չարաշահում են Թագավորության սրահից կամ կազմակերպության տրամադրած այլ միջոցներից օգտվելու իրավունքը։ Առաջին դարի որոշ հրեա քրիստոնյաների, ովքեր կանխակալ կարծիք ունեին ոչ հրեաների նկատմամբ, Պողոս առաքյալը հիշեցրեց, որ իրականում ոչ ոք արժանի չէ փրկության. ցանկացած մարդ կարող է փրկություն ստանալ Աստծու «անզուգական բարության» շնորհիվ միայն (Հռոմեացիներ 3։9–12, 23, 24)։ Բարությունը կմղի մեզ ուրախանալու, որ Աստծու սերը տարածվում է շատ մարդկանց վրա, ովքեր նախկինում հնարավորություն չեն ունեցել լսելու բարի լուրը (1 Տիմոթեոս 2։4)։ Տարբեր երկրների և մշակույթի մարդիկ հաճախ դժվարություններ են ունենում և զրկանքներ կրում, ուստի մեզանից ակնկալվում է նրանց հանդեպ ուշադիր ու բարի լինել՝ վերջիններիս ընդունելով «բնիկի պես» (Ղևտական 19։34

ՔԱՅԼԵԼ ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ

20. Ո՞ւմ էին դիմել որոշ իսրայելացիներ օգնության համար։

20 Միքիա մարգարեն խոսեց նաև Աստծու հետ քայլելու, նրան որպես ճշմարիտ Աստված ընդունելու և նրա առաջնորդությունը փնտրելու մասին (Առակներ 3։5, 6; Օսեե 7։10)։ Երբ հրեաները վերադարձան գերությունից, նրանցից ոմանք դիմեցին գուշակների, ոգեհարցների և կեղծ աստվածների՝ թերևս երաշտի ժամանակ օգնություն ստանալու համար։ Իրականում, նրանք դիմում էին չար ոգեղեն ուժերի, ինչը Եհովան դատապարտում է (2 Օրենք 18։9–14; Միքիա 3։6, 11; 5։12; Անգե 1։10, 11; Զաքարիա 10։1, 2)։ Մի պահ մտածիր. այդ հրեաները հաղորդակցվում էին ճշմարիտ Աստծու թշնամիների հետ։

21, 22. ա) Քո բնակավայրում ոգեհարցության ի՞նչ ձևեր են տարածված։ բ) Ինչո՞ւ Եհովայի ծառաները չեն զբաղվում ոգեհարցությամբ։

21 Այսօր շատերը կարծում են, որ չար ոգիները, որոնց մասին խոսում է Աստվածաշունչը, պարզապես չարության խորհրդանիշ են։ Սակայն Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ իրականում գոյություն ունեն դևեր, և որ աստղագուշակության, կախարդության ու մոգության այլ ձևերի հետևում հենց նրանք են կանգնած (Գործեր 16։16–18; 2 Պետրոս 2։4; Հուդա 6)։ Մեր օրերում ոգեհարցությունը նույնքան վտանգավոր է, որքան անցյալում է եղել։ Շատ երկրներում մարդիկ դիմում են վհուկների, շամանների, կամ՝ հեքիմների, որոնք պնդում են, թե գերբնական ուժ ունեն։ Մյուսներն էլ հորոսկոպների են դիմում, տարո քարտեր են գցում, ոգի են կանչում և բյուրեղյա գնդով են գուշակություն անում։ Շատերն էլ փորձում են հաղորդակցվել մահացածների հոգիների հետ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ կան քաղաքական գործիչներ, ովքեր որոշում կայացնելու համար դիմում են աստղագուշակների կամ ոգեհարցների օգնությանը։ Այս ամենը ակնհայտորեն հակասում է ճշմարիտ Աստծու հետ քայլելու և նրա առաջնորդությանը հետևելու Միքիայի հորդորին։

22 Ինչ խոսք, որպես ճշմարիտ Աստծու ծառա՝ դու պետք է խուսափես նմանատիպ գործերից։ Կարող ես համոզված լինել, որ Եհովան չի գործում կախարդների միջոցով և իր կամքը չի հայտնում գուշակներին՝ նրանց միջոցով ցույց տալով իր զորությունը։ Ճշմարտությունն այն է, որ, ինչպես Ամոս 3։7-ն է հավաստիացնում, Եհովան «իր գաղտնիքը հայտնում է իր ծառաներին՝ մարգարեներին»։ Ավելին, գուշակությամբ զբաղվող մարդը կարող է հայտնվել դևերի իշխանի՝ Սատանայի ազդեցության տակ, որը ստախոս է և որի նպատակն է խաբել մարդկանց։ Սատանան և նրա դևերը միշտ դաժանորեն են վերաբերվում ու նույնիսկ սպանում են մարդկանց (Հոբ 1։7–19; 2։7; Մարկոս 5։5)։ Ուստի զարմանալի չէ, թե ինչու Միքիան դատապարտեց գուշակությունն ու կախարդությունը, երբ հորդորեց քայլել ճշմարիտ Աստծու հետ։

Աստծու ծառաները պետք է հեռու մնան ոգեհարցությունից

23. Միայն ո՞վ կարող է բավարարել մեր տեղին խնդրանքները։

23 Հոգևոր և բարոյական հարցերում միայն Եհովան է տալիս ճիշտ առաջնորդություն, և այն կարող ենք գտնել միմիայն մաքուր երկրպագության մեջ (Հովհաննես 4։24)։ Զաքարիա մարգարեն գրեց. «Եհովայից.... խնդրեք» (Զաքարիա 10։1)։ Նույնիսկ եթե չար ոգիները հարձակում են գործում քեզ վրա կամ գայթակղում են քեզ, հիշիր, որ «ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի» (Հովել 2։32)։ Այս հավաստիացումը զորացնում է մեզ, մինչ մեր մտքում պահում ենք Եհովայի մեծ օրը։

24. Ի՞նչ օգտակար դասեր քաղեցիր Միքիա 6։8-ից։

24 Որքա՜ն արժեքավոր մտքեր գտանք Միքիա 6։8 համարի քննարկումից, որոնք մղեցին մեզ լրջորեն մտածելու։ Բարոյական բարձր չափանիշներից կառչած մնալու համար մենք պետք է ճիշտ մղումներ ունենանք և աստվածահաճո հատկություններ զարգացնենք։ Օսեեն քաջալերական խոսքեր գրեց «վերջին օրերում» ապրողների համար։ Նա նշեց, որ մեր օրերում աստվածավախ մարդիկ կփնտրեն Եհովայի բարությունը (Օսեե 3։5)։ Ամոսը նույնպես գրեց, որ Աստված հենց դա է ակնկալում մեզնից. «Բարի՛ն փնտրեք.... որ ողջ մնաք»։ Մեզ նաև կոչ է արվում. «Սիրե՛ք բարին» (Ամոս 5։14, 15)։ Եթե ուշադրություն դարձնենք այս խոսքերին, թարմություն կստանանք՝ անելով այն, ինչ Եհովան պահանջում է մեզնից։

a Աստվածաշնչի թարգմանիչ Ջոզեֆ Ռոդերհամը գրում է, որ իսրայելացիները որդեգրել են Քանանի ազգերի վարքագիծը. «Նրանց պաշտամունքը ամբողջովին թաթախված էր ցանկասիրության և ծայրաստիճան դաժանության մեջ։ Կանայք աստվածների պատվին զոհում էին իրենց կուսությունը։ Նրանց սուրբ վայրերը հասարակաց տներ էին։ Վերարտադրողական օրգանները բացահայտորեն ներկայացվում էին զզվելի խորհրդանիշների տեսքով։ Այդ ազգերը ունեին սուրբ պոռնիկներ, ինչպես տղամարդ, այնպես էլ կին»։

b Աստծու ժողովուրդը մեղավոր դարձավ նաև հոգևոր պոռնկության մեջ։ Իսրայելացիները մտերմություն էին անում հեթանոս ազգերի հետ և ճշմարիտ երկրպագությանը միախառնում էին Բահաղի պաշտամունքը։