ԳԼՈՒԽ 7
Ծառայիր Եհովային՝ նրա բարձր չափանիշների համաձայն
1. Սոփոնիայի օրերում մարդիկ ինչպե՞ս էին վերաբերվում Եհովայի չափանիշներին։
«ԵՀՈՎԱՆ ո՛չ բարիք է անում, ո՛չ չարիք»։ Այսպես էին մտածում Սոփոնիայի օրերում ապրող Երուսաղեմի բնակիչները։ Նրանք կարծում էին, որ Եհովան նրանցից չի պահանջում որևէ չափանիշով ապրել։ Սոփոնիան ասաց, որ նրանք «գինու պես նստել են իրենց մրուրի վրա», նստվածք, որը սովորաբար առաջանում է գինով լի տակառի մեջ։ Այս օրինակի իմաստն այն է, որ մարդիկ ցանկանում էին հարմարավետ կյանքով ապրել։ Նրանք չէին ցանկանում, որ իրենց անհանգստացնեն այն լուրերով, որ Աստված շուտով միջամտելու է իրենց գործերին։ Բայց Աստված այդ հրեաներին զգուշացրեց, որ «ճրագներ կվերցնի ու կխուզարկի Երուսաղեմը» և «ուշադրություն կդարձնի» այն մարդկանց, որոնք ոտնահարում են իր չափանիշները։ Այո՛, Եհովան ունի չափանիշներ և նրա համար միևնույն չէ, թե իր ժողովուրդը ինչպես է վերաբերվում դրանց (Սոփոնիա 1։12)։
2. Քո շրջապատի մարդիկ ինչպե՞ս են վերաբերվում չափանիշներով ապրելուն։
2 Այսօր նույնպես չափանիշներով ապրելու միտքը տհաճ է շատերին։ Հաճախ կարելի է լսել այսպիսի արտահայտություն. «Արա ինչ ուզում ես»։ Ոմանք էլ մտածում են, որ ցանկությունները կարելի է և պետք է բավարարել ամեն գնով։ Մարդկանց այդքան էլ չի հետաքրքրում, թե ինչ է զգում Աստված կամ ինչ է պահանջում իրենցից։ Իսկ դո՞ւ ինչպես ես վերաբերվում Աստծու սահմանած չափանիշներին։
3, 4. Ինչո՞ւ ես կարևոր համարում չափանիշներով առաջնորդվելը։
3 Հետաքրքիր է, որ շատերը, ովքեր չեն ուզում ապրել Աստծու չափանիշներով, հետևում են մարդկանց կողմից հաստատված չափանիշների։ Նկատի առնենք մի օրինակ։ Շատ երկրներում կառավարությունը չափանիշներ է հաստատում ջրի որակի համար։ Իսկ ի՞նչ կլինի, եթե այդ չափանիշները չափազանց ցածր լինեն։ Արդյունքում կարող է առաջ գալ լուծ կամ այլ տեսակի հիվանդություններ, որ ձեռք են բերվում աղտոտված ջրից։ Նման դեպքերում առավել խոցելի են երեխաները։ Սակայն ամենայն հավանականությամբ կառավարությունը հոգ է տանում, որ դու բարձր որակի ջուր խմես։ Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը տեղեկացնում է. «Եթե հաստատված չափանիշներ չլինեին, ապա հետևանքներն անմիջապես ի հայտ կգային։ Որպես կանոն՝ մենք անտեղյակ ենք, թե որքան կարևոր դեր են խաղում չափանիշները որակի բարելավման, անվտանգության, հուսալիության, արդյունավետության և փոխադարձ փոխարինելիության, ինչպես նաև համեմատաբար ոչ բարձր արժողության կենսական միջոցների ապահովման հարցում»։
4 Եթե կարևոր ես համարում կյանքի տարբեր ոլորտներում հաստատված չափանիշներով առաջնորդվելը, ապա տրամաբանական չէ՞, որ Աստված նույնպես պետք է բարձր չափանիշներ սահմաներ իր անունը կրող ժողովրդի համար (Գործեր 15։14)։
ԽԵԼԱՄԻ՞Տ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԱՍՏԾՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
5. Ամոսի միջոցով Եհովան ինչպե՞ս ցույց տվեց, որ կարևոր է իր չափանիշներին համապատասխանելը։
5 Տուն կառուցելիս հարկավոր է հետևել որոշ չափանիշների։ Եթե պատերից մեկն անգամ ուղիղ չէ, ապա ողջ շինությունը կարող է թեքվել։ Դրա հետևանքով պատերի միջև մեծ ճեղքեր կառաջանան, և տունն այլևս պիտանի չի լինի բնակության համար։ Հենց սա էր այն տեսիլքի իմաստը, որ Ամոսը ստացավ։ Նա մարգարեացել է մ.թ.ա. 9-րդ դարում։ Նրա տեսիլքը նկարագրում է, թե ինչ վիճակում էր Իսրայելի տասցեղ թագավորությունը։ Ամոսը տեսնում է Եհովային՝ պարսպի վրա կանգնած։ Նրա ձեռքին «ուղղալար» կա։ Ուղղալարը թելից կախված ոչ ծանր մետաղե գունդ է։ Աստված ասում է. «Ահա ես ուղղալար եմ կախում իմ Իսրայել ժողովրդի մեջ։ Ես այլևս չեմ ներելու նրանց» (Ամոս 7։7, 8)։ Խորհրդանշական պարիսպը, որի վրա Ամոսը տեսավ Եհովային, «ուղղալարով էր շինված»։ Մի ժամանակ այդ պարիսպը ուղիղ էր։ Սակայն Ամոսի օրերում իսրայելացիները հոգևոր իմաստով «ուղիղ» չէին։ Նրանք նման էին ծուռ պատի, որը հարկավոր էր քանդել, նախքան այն կփլուզվեր ու ավելի մեծ վնաս կհասցներ։
6. ա) 12 մարգարեների գրքերում ի՞նչ կարևոր միտք է ընդգծվում։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Աստծու չափանիշները խելամիտ են։
6 Մինչ ուսումնասիրում ես 12 մարգարեների գրքերը, կտեսնես, որ անընդհատ ընդգծվում է Աստծու չափանիշներին համապատասխանելու միտքը։ Սակայն մարգարեների պատգամները միայն Իսրայել ազգի դատապարտության մասին չէին, որը թերանում էր համապատասխանել Աստծու բարձր չափանիշներին։ Որոշ դեպքերում, երբ Եհովան քննում էր իսրայելացիներին, տեսնում էր, որ նրանք ընդհանուր առմամբ համապատասխանում են իր չափանիշներին։ Դա խոսում է այն մասին, որ Աստծու չափանիշները խելամիտ են։ Հետևաբար, հնարավոր է, որ մեզ պես անկատար մարդիկ ապրեն այդ չափանիշների համաձայն։ Քննենք մի օրինակ։
7. Ինչպե՞ս է Զաքարիան օգնում մեզ տեսնելու, որ անկատար մարդիկ կարող են համապատասխանել Աստծու չափանիշներին։
7 Այն բանից հետո, երբ հայրենադարձ հրեաները գցեցին տաճարի հիմքը, շինարարական աշխատանքները դադարեցվեցին։ Այդ ժամանակ Աստված ուղարկեց Անգեին ու Զաքարիային, որ քաջալերեն ժողովրդին վերսկսել աշխատանքները։ Զաքարիային տրված տեսիլքներից մեկում Զորաբաբելը՝ Հուդայի կառավարիչը, որի ձեռքին ուղղալար կա, դնում է գլխաքարը և ավարտին հասցնում տաճարի շինարարությունը։ Այսպիսով՝ տաճարը կառուցվեց Աստծու դրած չափանիշների համաձայն (Զաքարիա 4։10)։ Բայց ուշադրություն դարձրու տաճարի վերականգնման հետ կապված մի հետաքրքիր մանրամասնության. «Այդ յոթ աչքերը Եհովայի աչքերն են։ Նրանք դիտում են ամբողջ երկիրը»։ Երբ Զորաբաբելը դրեց գլխաքարը, Աստված քննեց տաճարը իր ամենատես աչքերով ու տեսավ, որ այն համապատասխանում է իր չափանիշներին։ Սա վկայում է այն մասին, որ թեև Եհովայի չափանիշները բարձր են, սակայն մարդկանց ուժերից վեր չէ դրանց համապատասխանելը։ Անգեի ու Զաքարիայի հորդորի շնորհիվ Զորաբաբելը և ժողովուրդը արդարացրին Եհովայի սպասելիքները։ Զորաբաբելի նման՝ դու էլ կարող ես Եհովայի չափանիշներին ներդաշնակ վարվել։ Ի՜նչ հուսադրող միտք։
ԻՆՉՈ՞Ւ ԱՐԺԵ ԱՊՐԵԼ ԱՍՏԾՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ
8, 9. ա) Ինչո՞ւ էր տեղին, որ Եհովան չափանիշներ հաստատեր մարդկանց համար։ բ) Ինչո՞ւ Եհովան իրավունք ուներ իսրայելացիներից պահանջելու հնազանդվել իր պատվիրաններին։
8 Որպես Ստեղծիչ՝ Աստված իրավունք ունի չափանիշներ սահմանելու և ակնկալելու, որ մենք կհետևենք դրանց (Հայտնություն 4։11)։ Եհովան մանրամասն կանոններ չի հաստատել կյանքի ամեն մի բնագավառի համար։ Նա մարդկանց խիղճ է տվել, որը արժեքավոր առաջնորդություն կարող է տալ (Հռոմեացիներ 2։14, 15)։ Առաջին մարդկային զույգին Աստված ասաց, որ չուտեն «բարին ու չարը գիտենալու ծառից», որը ներկայացնում էր բարու և չարի վերաբերյալ չափանիշներ սահմանելու Եհովայի իրավունքը։ Դեպքերի հետագա զարգացմանը դու հավանաբար արդեն ծանոթ ես (Ծննդոց 2։17; 3։1–19)։ Ադամի կատարած սխալ ընտրությունը նկատի ունենալով՝ Օսեեն գրեց. «[Իսրայելացիները] հողեղեն մարդու նման [Ադամի պէս, Արարատ թարգմանություն] զանց արեցին ուխտը» (Օսեե 6։7)։ Օսեեի խոսքերից երևում է, որ իսրայելացիները գիտակցաբար էին մեղք գործել։
9 Ո՞րն էր նրանց գործած մեղքը։ Համարում ասվում է. «Զանց արեցին [Օրենքի] ուխտը», այսինքն՝ խախտեցին Օրենքը։ Իր ժողովրդին Եգիպտոսից դուրս բերելով՝ Եհովան դարձել էր նրանց սեփականատերը, հետևաբար լիովին իրավասու էր նրանց համար չափանիշներ հաստատելու։ Այդ ժամանակ իսրայելացիները համաձայնվեցին վարվել Եհովայի ուխտին ներդաշնակ (Ելք 24։3; Եսայիա 54։5)։ Այդուհանդերձ, շատերը հետագայում չպահեցին Օրենքը։ Նրանք մեղավոր դարձան արյունահեղության, սպանության և պոռնկության մեջ (Օսեե 6։8–10)։
10. Աստված ի՞նչ քայլեր արեց օգնելու նրանց, ովքեր չէին համապատասխանում իր չափանիշներին։
10 Ցանկանալով օգնել իրեն նվիրված ժողովրդին՝ Եհովան մարգարեների ուղարկեց, որոնց թվում էր նաև Օսեեն։ Իր մարգարեական գիրքը Օսեեն եզրափակում է հետևյալ խոսքերով. «Ո՞վ է իմաստուն, որ հասկանա այս բաները, և ո՞վ է խոհեմ, որ իմանա։ Եհովայի ճանապարհներն ուղիղ են, արդարները կքայլեն դրանցով, իսկ օրինազանցները կսայթաքեն այդ ճանապարհների վրա» (Օսեե 14։9)։ «Օսեե» գրքի 14-րդ գլխի սկզբում ընդգծվում է Եհովայի մոտ վերադառնալու կարևորությունը։ Իմաստունները պետք է հասկանային, որ Եհովան իր ժողովրդին ուղիղ ճանապարհ է ցույց տվել, որով նա պետք է քայլեր։ Որպես Աստծուն նվիրված ծառա՝ դու, անկասկած, ցանկանում ես շարունակ քայլել Եհովայի ճանապարհներով։
11. Ինչո՞ւ ես ուզում պահել Աստծու պատվիրանները։
11 Օսեե 14։9-ը ցույց է տալիս նաև, որ ուղիղ ճանապարհով ընթանալը մեր օգտին է ծառայում։ Օրհնությունները գալիս են Աստծու չափանիշների համաձայն ապրելուց։ Ստեղծիչը գիտի մեր կազմությունը։ Նրա պահանջները մեր օգտի համար են։ Աստծու հետ մեր փոխհարաբերությունը կարող ենք պատկերացնել ավտոմեքենայի և այն արտադրողի օրինակով։ Արտադրողը բոլորից լավ գիտի մեքենայի կառուցվածքը։ Նա գիտի, որ հարկավոր է պարբերաբար փոխել մեքենայի յուղը։ Իսկ ի՞նչ կլինի, եթե անտեսես այդ չափանիշը՝ մտածելով, որ մեքենան առանց դրա էլ լավ է գործում։ Եթե յուղը չփոխվի, մեքենայի շարժիչը արագ շարքից դուրս կգա։ Նմանապես, Արարիչը մեզ պատվիրաններ է տվել, որոնք պահելով բազում օգուտներ ենք ստանում (Եսայիա 48։17, 18)։ Եթե գիտակցենք, որ Աստծու պատվիրանների համաձայն ապրելը մեր օգտին է ծառայում, մեզ համար հեշտ կլինի հետևել նրա չափանիշներին (Սաղմոս 112։1)։
12. Աստծու անունով քայլելով՝ ինչպե՞ս ենք ամրացնում մեր փոխհարաբերությունը նրա հետ։
12 Աստծու պատվիրանները պահելու ամենամեծ վարձատրությունն այն է, որ ամրանում է նրա հետ մեր փոխհարաբերությունը։ Երբ ապրում ենք նրա չափանիշներով ու տեսնում ենք, թե որքան խելամիտ ու օգտակար են դրանք, մեր սերը խորանում է այդ չափանիշները Սահմանողի հանդեպ։ Արարչի հետ այսպիսի մտերիմ փոխհարաբերությունները գեղեցիկ ձևով նկարագրում է Միքիան. «Բոլոր ժողովուրդներն իրենց աստծու անունով կքայլեն, բայց մենք մեր Աստված Եհովայի անունով կքայլենք դարեդար, հավիտյան» (Միքիա 4։5)։ Ի՜նչ մեծ պատիվ է քայլել Եհովայի անունով՝ պաշտպանելով նրա բարի անունը և ընդունելով նրա հեղինակությունը մեր կյանքում։ Դրա շնորհիվ մեր մեջ ցանկություն է առաջանում արտացոլել նրա հատկությունները։ Թող որ մեզանից յուրաքանչյուրը ամրացնի Աստծու հետ ունեցած իր փոխհարաբերությունը (Սաղմոս 9։10)։
13. Ինչո՞ւ Աստծու անունից վախենալը բացասական կամ վատ բան չէ։
13 Նրանց մասին, ովքեր ապրում են Աստծու չափանիշների համաձայն և քայլում նրա անունով, ասվում է, որ վախենում են Աստծու անունից։ Այդպիսի վախը բացասական կամ վատ բան չէ։ Եհովան հավաստիացնում է. «Ձեզ՝ իմ անունից վախեցողներիդ համար, արդարության արևը կշողա, և նրա շողերում բուժում կլինի։ Դուք դուրս կգաք ու պարարտ հորթերի պես կցատկոտեք» (Մաղաքիա 4։2)։ Այս մարգարեության մեջ «արդարության արևը» Հիսուս Քրիստոսն է (Հայտնություն 1։16)։ Այսօր նա շողում է այն իմաստով, որ բուժում է մեզ հոգևորապես, իսկ ապագայում կբուժի նաև ֆիզիկապես։ Բուժված մարդիկ կցնծան պարարտ հորթերի պես, որոնք դուրս են գալիս ու ցատկոտում, քանի որ ազատության մեջ են։ Ինչ խոսք, դու այսօր իսկ վայելում ես զգալի չափով ազատություն (Հովհաննես 8։32)։
14, 15. Ի՞նչ օգուտներ ենք քաղում Եհովայի չափանիշներին հետևելուց։
14 Աստծու չափանիշներին հետևելը բարելավում է նաև մարդկանց հետ ունեցած մեր հարաբերությունները։ Ամբակումը հինգ վայեր է ազդարարում նրանց դեմ, ովքեր ագահ են, անազնիվ շահ են ստանում, արյուն են թափում, անբարո մտադրություններ ունեն և կուռքերի են պաշտում (Ամբակում 2։6–19)։ Այո՛, Եհովան հստակ չափանիշներ է հաստատել, թե մենք ինչպիսի վարք պետք է դրսևորենք։ Բայց նկատիր. նշված վայերից չորսը առնչվում են մարդկանց հետ մեր փոխհարաբերություններին։ Ուստի եթե զարգացնենք Աստծու մտածելակերպը, երբեք չենք վնասի մեր մերձավորին ու մարդկանց հետ լավ փոխհարաբերություններ կունենանք։
15 Աստծու չափանիշները պահելը նաև ընտանեկան երջանկության գրավականն է։ Այսօր շատերը այն կարծիքին են, որ ամուսնական տարաձայնությունները կարելի է լուծել ամուսնալուծությամբ։ Սակայն Եհովան Մաղաքիայի շուրթերով հայտնում է, թե ինչ է զգում այս առնչությամբ. «Ես ատում եմ ապահարզանը» (Մաղաքիա 2։16)։ Այս խոսքերը դեռ մանրամասնորեն կքննենք, բայց այժմ ուշադրություն դարձնենք մի մտքի. Աստված իմաստնորեն չափանիշներ է սահմանել ընտանիքի բոլոր անդամների համար, և քանի դեռ նրանք հետևում են դրանց, խաղաղություն կվայելեն ընտանիքում (Եփեսացիներ 5։28, 33; 6։1–4)։ Ինչ խոսք, մենք անկատար ենք, ուստի խնդիրներից չենք կարող խուսափել։ Այդուհանդերձ, Եհովան, ում «ամեն ընտանիք երկնքում և երկրի վրա պարտական է իր անվան համար», ակնառու օրինակ է բերել «Օսեե» գրքում, որը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հարթել ամուսնության մեջ ծագած նույնիսկ լուրջ խնդիրները։ Այդ մասին նույնպես կխոսենք հետագա գլուխներից մեկում (Եփեսացիներ 3։15)։ Այժմ քննենք, թե Աստծու չափանիշներին հետևելը ուրիշ ինչ է ներառում։
«ԱՏԵ՛Ք ՉԱՐԸ ԵՎ ՍԻՐԵ՛Ք ԲԱՐԻՆ»
16. Ամոս 5։15-ի խոսքերն ի՞նչ կապ ունեն Աստծու չափանիշների հետ։
16 Առաջին մարդ Ադամը անմիտ ընտրություն կատարեց այն բանի հետ կապված, թե բարու և չարի վերաբերյալ ում չափանիշներն են լավագույնը։ Իսկ մե՞նք ինչ ընտրություն կանենք։ Ամոսը հորդորում է մեզ ուժգին զգացումներ ունենալ. «Ատե՛ք չարը և սիրե՛ք բարին» (Ամոս 5։15)։ Սեմական լեզուների և գրականության պրոֆեսոր Ուիլյամ Ռեյնի Հարպերը (Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, որն արդեն մահացել է) այս համարի մասին գրում է. «[Ամոսի] պատկերացումը բարու և չարի վերաբերյալ ներդաշնակ է Յահվեի կամքին»։ Սա գլխավոր մտքերից մեկն է, որ սովորում ենք 12 մարգարեներից։ Ընդունո՞ւմ ենք բարու և չարի վերաբերյալ Եհովայի բարձր չափանիշները։ Դրանք գրի են առնվել Աստվածաշնչում, իսկ հասուն և փորձառու քրիստոնյաներից կազմված «հավատարիմ և իմաստուն ծառան» բացատրում է մեզ դրանց իմաստը (Մատթեոս 24։45–47)։
17, 18. ա) Ինչո՞ւ է կարևոր ատել չարը։ բ) Բացատրիր, թե ինչպես կարող ենք ուժգին ատելություն զարգացնել չարի հանդեպ։
17 Չարի հանդեպ ատելություն զարգացնելը օգնում է մեզ խուսափելու այն ամենից, ինչը տհաճ է Աստծուն։ Օրինակ՝ անհատը գուցե տեղյակ է ինտերնետով պոռնկագրություն դիտելու վտանգների մասին և փորձում է հեռու մնալ դրանից։ Բայց ինչպե՞ս է վերաբերվում պոռնկագրական վեբ կայքերին նրա «ներսի մարդը» (Եփեսացիներ 3։16)։ Եթե հետևի Ամոս 5։15-ի խորհրդին, ապա նրա համար հեշտ կլինի ատելություն զարգացնել չարի հանդեպ։ Այդպես նա իր հոգևոր պայքարից հաղթանակած դուրս կգա։
18 Նկատի առնենք մեկ ուրիշ օրինակ։ Կարո՞ղ ես պատկերացնել, որ կռապաշտությամբ ես զբաղվում՝ մասնակցելով անբարո կրոնական ծեսերի։ Այս միտքն արդեն իսկ գարշելի է։ Այդուհանդերձ, Օսեեն նշում է, որ իսրայելացիների նախահայրերը անբարոյություն գործեցին Փեգորի Բահաղի առաջ (Թվեր 25։1–3; Օսեե 9։10)։ Օսեեն, ակներևաբար, այդ դեպքը հիշատակեց, քանի որ Բահաղի պաշտամունքը մեծ տարածում գտած մեղք էր Իսրայելի տասցեղ թագավորության մեջ (2 Թագավորներ 17։16–18; Օսեե 2։8, 13)։ Միայն պատկերացրու այդ զազրելի տեսարանը. իսրայելացիները խոնարհվում են կուռքերի առաջ սեռական այլասերվածությամբ ուղեկցվող սանձարձակ խնջույքների ժամանակ։ Իմանալով, որ Աստված խստորեն դատապարտեց նրանց դրա համար՝ յուրաքանչյուրս կխուսափի այն ծուղակներից, որ Սատանան դնում է մեր առաջ ինտերնետի միջոցով։ Այսօր հրապուրիչ կանայք և տղամարդիկ, ովքեր մասնակցում են հայտնի զվարճալի ծրագրերի, շատերի կուռքն են դառնում։ Սակայն եթե դասեր ենք քաղել կռապաշտության վերաբերյալ մարգարեների նախազգուշացումներից, ուրեմն երբեք չենք աստվածացնի նման մարդկանց։
ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ ՔՈ ՄՏՔՈՒՄ ՊԱՀԻՐ
19. Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ձկան փորում հայտնվելիս ինչ արեց Հովնանը։
19 Փորձությունների ու դժվարությունների ժամանակ ձգտելով պահել Աստծու բարձր չափանիշները՝ գուցե երբեմն զգաս, որ ոչինչ չես կարողանում անել, կամ էլ շփոթվես՝ չիմանալով, թե ինչ անել։ Ինչպե՞ս կարող ես հաղթահարել այդ դժվար իրավիճակը, եթե ուժասպառ ես եղել և ի վիճակի չես պայքարելու (Առակներ 24։10)։ Այդ դեպքում մտածիր Հովնանի մասին, որը մեզ պես անկատար ու թերություններ ունեցող մարդ էր։ Հիշո՞ւմ ես՝ ինչ արեց նա, երբ հայտնվեց մեծ ձկան փորում. Եհովային աղոթեց։ Ուշադրություն դարձրու, թե ինչի մասին նա աղոթեց։
20. Ի՞նչ կարող ես անել այսօր, որ դժվար պահին կարողանաս վարվել Հովնանի նման։
20 Երբ Հովնանը «գերեզմանի փորից» աղոթեց Աստծուն, նա շատ բառեր ու արտահայտություններ օգտագործեց, որոնք ծանոթ էին իրեն սաղմոսներից (Հովնան 2։2)։ Էմոցիոնալ ծանր վիճակում Եհովայից ողորմություն խնդրելով՝ Հովնանը հիշել էր Դավթի խոսքերը։ Համեմատիր Հովնան 2։3, 5-ը Սաղմոս 69։1, 2 համարների հետ a։ Ակնհայտ է, որ Հովնանը լավ գիտեր Դավթի գրած սաղմոսները, որոնք առկա էին այդ ժամանակ։ Քանի որ Աստծու ներշնչված խոսքերը նրա «սրտում» էին, դժվար պահին նա հեշտությամբ հիշեց դրանք (Սաղմոս 40։8)։ Եթե դու էլ ես կյանքի խնդիրների պատճառով էմոցիոնալ առումով սպառվել, կարո՞ղ ես մտաբերել քո իրավիճակին համապատասխան աստվածաշնչյան խոսքեր։ Այսօր Աստծու Խոսքին ավելի լավ ծանոթանալը կօգնի քեզ ապագայում ծայրահեղ իրավիճակների բախվելիս մեծ օգուտներ ստանալ՝ հաղթահարելով դժվարությունները և կայացնելով Աստծու չափանիշներին ներդաշնակ որոշումներ։
ԱՌՈՂՋ ՎԱԽ ՈՒՆԵՑԻՐ ԱՍՏԾՈՒ ՀԱՆԴԵՊ
21. Ի՞նչ պետք է զարգացնենք, որ կառչենք Աստծու չափանիշներից։
21 Աստծու Խոսքն իմանալը ինքնին բավական չէ Եհովայի չափանիշներից կառչելու համար։ Միքիա մարգարեն օգնում է մեզ հասկանալու, թե էլ ինչ է հարկավոր Աստծու Խոսքը մեր կյանքում կիրառելու համար. «Իմաստություն ունեցողը կվախենա քո անունից» (Միքիա 6։9)։ Փաստորեն, պետք է Աստծու անվան հանդեպ վախ զարգացնենք, որպեսզի դառնանք իմաստուն անձնավորություն, ով կկարողանա իր կյանքում գործի դնել աստվածաշնչյան գիտելիքները։
22, 23. ա) Ինչո՞ւ Եհովան Անգեին ուղարկեց հայրենադարձ հրեաների մոտ։ բ) Ինչո՞ւ կարող ես վստահ լինել, որ Աստծու չափանիշներին հետևելը քո ուժերից վեր չէ։
22 Ինչպե՞ս կարող ենք սովորել վախենալ Աստծու անունից։ Խոսենք Անգե մարգարեի մասին, որը ծառայում էր հրեաների՝ հայրենիք վերադառնալուց հետո։ 38 համարից բաղկացած իր փոքր գրքում նա Աստծու անունը օգտագործում է 35 անգամ։ Մ.թ.ա. 520 թ.-ին, երբ Եհովան Անգեին պատվիրեց մարգարեանալ, իսրայելացիներն արդեն 16 տարի էր, ինչ թերանում էին կատարել տաճարի վերանորոգման աշխատանքները։ Թշնամի ազգերի հակառակությունը հուսահատեցրել էր Աստծու ժողովրդին (Եզրաս 4։4, 5)։ Իսրայելացիները մտածում էին, որ տաճարը կառուցելու ժամանակը չէ։ Մինչդեռ Եհովան հորդորեց նրանց. «Ուշադրություն դարձրեք ձեր ճանապարհներին.... Կառուցե՛ք այդ տունը, որ հավանություն տամ դրան և փառավորվեմ» (Անգե 1։2–8)։
23 Կառավարիչ Զորաբաբելը, Հեսու քահանայապետը և «ժողովրդից մնացած բոլոր մարդիկ լսեցին իրենց Աստված Եհովայի ձայնին.... Ժողովուրդը սկսեց վախենալ Եհովայից»։ Այդ ժամանակ Աստված ասաց. «Ես ձեզ հետ եմ»։ Ինչպիսի՜ հավաստիացում։ Աստծու ոգու օգնությամբ ժողովուրդը «մտավ ու սկսեց.... Աստծու տանը գործ անել» (Անգե 1։12–14)։ Եհովային տհաճեցնելու առողջ վախը մղեց հուսահատված իսրայելացիներին գործի անցնելու՝ չնայած հակառակությանը։
24, 25. Օրինակով ցույց տուր, թե ինչպես կարող ես կիրառել այս գլխում նշված սկզբունքները։
24 Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին։ Հասկանալով, թե որ չափանիշներն են կիրառելի քո պարագայում՝ կունենա՞ս բավականաչափ քաջություն վախենալու Եհովայից, ոչ թե մարդկանցից։ Պատկերացրու հետևյալ իրավիճակը։ Քո աշխատավայրում կա մի տղամարդ, ով չի առաջնորդվում աստվածաշնչյան սկզբունքներով, սակայն բարյացակամ է և ուշադիր քո հանդեպ։ Կհիշե՞ս աստվածաշնչյան որևէ համար, որում նշվում է Եհովայի չափանիշների ու դրանք անտեսելու վտանգների մասին։ Գուցե հիշես Օսեե 4։11-ը. «Պոռնկությունը, հին գինին ու նոր գինին զրկում են բարի մղումներից»։ Իսկ ի՞նչ կանես, եթե այդ տղամարդը հրավիրի քեզ ինչ-որ տեղ։ Այս համարը ի մտի ունենալով՝ Աստծու հանդեպ վախը կմղի՞ քեզ պահելու նրա չափանիշը և մերժելու այդ տղամարդու հրավերը։ Իսկ եթե նա սկսի ֆլիրտ անել, Աստծուն տհաճեցնելու վախը կմղի՞ քեզ «վազքով» դուրս գալու այդ իրավիճակից (Ծննդոց 39։12; Երեմիա 17։9)։
25 Այժմ անդրադառնանք ինտերնետով պոռնկագրություն դիտելու գայթակղության դեմ պայքարող տղամարդու օրինակին։ Արդյոք նա կհիշի՞ այն աղոթքը, որ գրված է Սաղմոս 119։37-ում. «Աչքերս հեռացրո՛ւ անարժան բաներ տեսնելուց»։ Կմտաբերի՞ արդյոք Լեռան քարոզի ժամանակ ասված Հիսուսի խոսքերը. «Յուրաքանչյուր ոք, ով շարունակում է նայել որևէ կնոջ այնպես, որ իր մեջ կրքեր են արթնանում նրա հանդեպ, նա արդեն շնություն գործեց նրա հետ իր սրտում» (Մատթեոս 5։28)։ Աստվածավախությունը և սուրբգրային չափանիշներով ապրելու ցանկությունը պետք է մղեն քրիստոնյային խուսափելու այն ամենից, ինչը կարող է ապականել իրեն։ Ձգտիր ամեն ջանք թափել աստվածավախություն զարգացնելու համար։ Եվ երբ Աստծու չափանիշներին հակառակ մտածելու կամ գործելու փորձության առաջ կանգնես, նա կօգնի քեզ ճիշտ վարվելու։ Միշտ հիշիր, թե ինչ է Եհովան ասում քեզ Անգեի միջոցով. «Ես [քեզ] հետ եմ»։
26. Ինչի՞ մասին կխոսվի հաջորդ բաժնում։
26 Այո՛, դու կարող ես ծառայել Եհովային նրա բարձր չափանիշների համաձայն և շատ օրհնություններ վայելել։ Շարունակելով քննել 12 մարգարեական գրքերը՝ ավելի լավ կհասկանաս, թե Աստված ինչ չափանիշներ ու պահանջներ ունի, որոնց ակնկալում է, որ հետևենք։ Հաջորդ բաժնում կխոսենք կյանքի երեք ոլորտների՝ մեր վարքի, ուրիշների հետ մեր փոխհարաբերությունների և մեր ընտանեկան կյանքի մասին։ Ինչ խոսք, քեզ կտպավորեն նաև այդ ոլորտների առնչությամբ Եհովայի հիանալի չափանիշները։
a Համեմատիր նաև Հովնան 2։2, 4–9 համարները Սաղմոս 18։6; 31։22; 30։3; 142։3; 31։6 համարների հետ։