Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 2

Մարգարեներ, որոնց պատգամները կարող են ազդել մեզ վրա

Մարգարեներ, որոնց պատգամները կարող են ազդել մեզ վրա

1. Ինչո՞ւ պետք է ցանկանաս ավելին իմանալ 12 մարգարեների մասին։

 ԿՈՒԶԵԻ՞Ր ավելի լավ ծանոթանալ Աստծու 12 մարգարեների հետ։ Նրանք ապրել են Հիսուսից առաջ, ուստի հնարավոր չէ անձամբ հանդիպել նրանց։ Այդուհանդերձ, կարող ես շատ բան իմանալ նրանց մասին՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես են նրանք իրենց մտքում վառ պահել «Եհովայի մեծ օրը»։ Եվ այդ տեղեկությունը կարող է մեծապես ազդել յուրաքանչյուր քրիստոնյայի վրա, ով ձգտում է Եհովայի մեծ օրը իր մտքում վառ պահել (Սոփոնիա 1։14; 2 Պետրոս 3։12

2, 3. Ի՞նչ նմանություն կա 12 մարգարեների ապրած ժամանակների ու մեր օրերի միջև։

2 Աստվածաշնչում շատ մարդիկ են մարգարե կոչվում։ Որոշ գրքեր անգամ կրում են նրանց անունները։ Ինչպես մյուսները, այնպես էլ այս 12 մարգարեները հավատարմության և քաջության օրինակ են մեզ համար։ Նրանցից մի քանիսին հաջողվել է տեսնել, թե ինչպես են իրենց պատգամները ազդում մարդկանց մտքերի ու սրտերի վրա՝ մղելով նրանց վերադառնալու դեպի Աստված։ Ուրիշները խոր հիասթափություն են ապրել, երբ տեսել են, թե ինչպես են իրենց անհնազանդ ազգակիցները ոտնահարում Եհովայի չափանիշները և նրա կամքին հակառակ գործում։ Ոմանք էլ տեսել են, թե ինչ ազդեցություն են թողնում ինքնագոհ և սեփական ցանկություններին հագուրդ տվող մարդիկ, ովքեր պնդում են, թե Եհովային են ծառայում։

3 Մեզ նման՝ 12 մարգարեները ապրել են խառնաշփոթ ժամանակներում, երբ քաղաքական վիճակն անկայուն էր, ծաղկում էր կռապաշտությունը։ Նրանք, անկասկած, ունեցել են մտավախություններ և դժվարություններ, քանի որ իրենք էլ «այնպիսի զգացմունքներ ունեին, ինչպիսիք որ մենք ունենք» (Հակոբոս 5։17)։ Այդուհանդերձ, այս մարգարեները լավ օրինակ են, իսկ նրանց պատգամները՝ գործնական։ Ուստի դրանք հարկավոր է վառ պահել մեր մտքում, չէ՞ որ գրի են առնվել «մարգարեական գրքերի» մեջ «մեզ զգուշացում լինելու համար, որ ապրում ենք այս ժամանակների վերջում» (Հռոմեացիներ 15։4; 16։26; 1 Կորնթացիներ 10։11

12 ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

4. ա) Արդյո՞ք մարգարեներն ապրել են այն ժամանակագրական հաջորդականությամբ, ինչպես որ թվարկված են նրանց գրքերը։ բ) Ո՞ր մարգարեներին է Եհովան առաջինը ուղարկել իր ժողովրդին նախազգուշացնելու և գործերի մղելու համար։

4 Արդյո՞ք մարգարեներն ապրել են այն ժամանակագրական հաջորդականությամբ, ինչպես որ թվարկված են նրանց գրքերը Աստվածաշնչում՝ «Օսեե»-ից մինչև «Մաղաքիա»։ Ո՛չ։ Օրինակ՝ Հովնան, Հովել, Ամոս, Օսեե և Միքիա մարգարեները ապրել են մ.թ.ա. 9-րդ և 8-րդ դարերում a։ Այդ ժամանակահատվածում թե՛ Հուդայի հարավային թագավորության, թե՛ Իսրայելի հյուսիսային թագավորության թագավորների մեծ մասը անհավատարիմ էր։ Ժողովուրդը հետևում էր նրանց վատ օրինակին՝ այդպիսով արժանանալով Աստծու բարկությանը։ Այդ ժամանակ գերտերություն էր Ասորեստանը, իսկ հետագայում՝ Բաբելոնը։ Իսրայելացիները չէին էլ պատկերացնում, որ այդ երկու աշխարհակալ ուժերը Եհովայի ձեռքին գործիք կլինեն նրա դատավճիռները իրագործելու հարցում։ Բայց, ինչպես գիտես, Աստված իր հավատարիմ մարգարեների միջոցով շարունակ նախազգուշացնում էր Իսրայելին ու Հուդային նրանց արարքների հետևանքների մասին։

5. Ո՞ր մարգարեներն են ազդարարել Հուդայի ու Երուսաղեմի մոտալուտ կործանման մասին։

5 Մոտենում էր Հուդայի ու Երուսաղեմի դեմ ուղղված դատավճիռներն իրագործելու ժամանակը։ Ուստի Եհովան ուրիշ մարգարեներ ուղարկեց, որոնք նույնպես համոզիչ կերպով խոսեցին իր անունից։ Ովքե՞ր էին նրանք. Սոփոնիան, Նաումը, Ամբակումը և Աբդիան։ Նրանք բոլորն էլ ակտիվորեն ծառայել են մ.թ.ա. 7-րդ դարում։ Այդ ժամանակահատվածում տեղի ունեցած ամենաողբերգական իրադարձությունը մ.թ.ա. 607-ին բաբելոնացիների կողմից Երուսաղեմի կործանումն ու հրեաների գերեվարումն էր։ Նորից տեղի ունեցավ այն, ինչ նախազգուշացրել էր Աստված այդ մարգարեների միջոցով։ Եհովայի մարգարեները փորձում էին սթափեցնել մարդկանց, որպեսզի նրանք հետ կանգնեն այնպիսի վատ արարքներից, ինչպիսիք են հարբեցողությունն ու բռնությունը։ Բայց ժողովուրդը ականջ չդրեց նրանց խոսքերին (Ամբակում 1։2, 5–7; 2։15–17; Սոփոնիա 1։12, 13

6. Ինչպե՞ս Եհովան գործերի մղեց գերությունից վերադարձած իսրայելացիների մնացորդին։

6 Գերությունից վերադառնալուց հետո Աստծու ժողովուրդը մխիթարության և լավ առաջնորդության կարիք ուներ, որպեսզի կառչած մնար ճշմարիտ երկրպագությանը։ Այդ գործը կատարեց մարգարեների մեկ ուրիշ խումբ՝ Անգեն, Զաքարիան և Մաղաքիան։ Նրանք ծառայել են մ.թ.ա. 6-րդ և 5-րդ դարերում։ Փաստորեն, Եհովայի գերիշխանության այս 12 խիզախ ջատագովների ու նրանց հանգամանքների մասին շատ բան իմանալով՝ կարևոր դասեր կսովորես, որոնք կարող ես կիրառել քո ծառայության մեջ այս անհանգիստ ժամանակներում։ Այժմ ծանոթանանք այս մարգարեների հետ ժամանակագրական այն հաջորդականությամբ, որով նրանք ծառայել են։

ՊԱՅՔԱՐ՝ ԸՄԲՈՍՏ ԱԶԳԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

7, 8. Ինչպե՞ս կարող է Հովնանի օրինակը մեզ քաջալերել, եթե մեր հավատը թուլանա։

7 Երբևէ քեզ համակե՞լ են կասկածները ու զգացե՞լ ես, որ հավատդ թուլացել է։ Եթե այո, ապա Հովնանի հետ պատահածը կարող է հատկապես արժեքավոր լինել քեզ համար։ Նա ապրել է մ.թ.ա. 9-րդ դարում։ Ինչպես արդեն գիտենք, Աստված Հովնանին պատվիրեց գնալ Նինվե՝ հզոր Ասորեստանյան կայսրության մայրաքաղաքը։ Հովնանը պետք է քողազերծեր նինվեցիների չար գործերը։ Սակայն իր հանձնարարությունը կատարելու փոխարեն, ինչը նշանակում էր գնալ Երուսաղեմից մոտ 900 կիլոմետր հյուսիս-արևելք, նա մի նավ նստեց, որը հավանաբար ուղևորվում էր Իսպանիայի նավահանգիստներից մեկը։ Փաստորեն, Հովնանը պատրաստվում էր մոտ 3 500 կիլոմետր հակառակ ուղղությամբ գնալ։ Ինչո՞ւ։ Գուցե վախենում էր նինվեցիներից, կամ էլ այդ ժամանակ նրա հավատն էր թուլացել։ Կամ հնարավոր է՝ չէր ուզում, որ նինվեցիները զղջան ու հետագայում հարձակվեն Իսրայելի վրա։ Ամեն դեպքում Աստվածաշունչը կոնկրետ որևէ բան չի նշում։ Բայց այս դեպքից հասկանում ենք, որ պետք է զգույշ լինենք և թույլ չտանք, որ մեր մեջ սխալ մտքեր առաջանան։

8 Դու գիտես, թե ինչպես արձագանքեց Հովնանը, երբ Եհովան ուղղեց նրան։ Հայտնվելով «մեծ ձկան» փորում՝ նա ընդունեց, որ «փրկությունը Եհովայից է» (Հովնան 1։17; 2։1, 2, 9)։ Այն բանից հետո, երբ հրաշքով փրկվեց մահից, նա կատարեց իր հանձնարարությունը։ Սակայն շատ չանցած՝ խոր հիասթափություն ապրեց, երբ Եհովան որոշեց չկործանել նինվեցիներին, որոնք ուշադրություն դարձրին Հովնանի խոսքերին ու զղջացին։ Կրկին Եհովան հոգատարությամբ ուղղեց իր մարգարեին, որը կենտրոնացել էր սեփական անձի վրա։ Ոմանք գուցե հիշեն միայն Հովնանի թերությունները, բայց չմոռանանք, որ Աստված նրան համարում էր իր հնազանդ ու հավատարիմ ծառան (Ղուկաս 11։29

9. Ի՞նչ օգուտներ կարող ես քաղել Հովելի մարգարեական խոսքերից։

9 Երբևէ քեզ մեղադրե՞լ են այն բանի համար, որ քո հայտնած աստվածաշնչյան լուրով վախեցնում ես մարդկանց։ Հովել մարգարեի ազգակիցները հենց այդպես վերաբերվեցին նրա քարոզչական գործունեությանը։ (Հովել նշանակում է «Եհովան Աստված է»)։ Ամենայն հավանականությամբ, իր մարգարեությունները նա գրի է առել մ.թ.ա. մոտ 820 թ.-ին Հուդայում՝ Օզիա թագավորի օրոք։ Հովելի ծառայության ժամանակը ակներևաբար մասամբ համընկնում է Հովնանի ծառայության ժամանակահատվածին։ Հովելը ազդարարում էր մի սարսափելի աղետի մասին. երկիրը ավերելու են մորեխները։ Այո՛, Աստծու ահ ներշնչող օրը շատ մոտ էր։ Բայց դու կնկատես, որ Հովելը միայն բոթաբեր մարգարե չէր, նա նաև ավետաբեր մարգարե էր, քանի որ ցնծալի լուր էր հռչակում՝ նշելով, որ հավատարիմները փրկվելու են (Հովել 2։32)։ Նրանք, ովքեր զղջային, կարող էին ուրախ լինել, որ Եհովան կների ու կօրհնի իրենց։ Որքա՜ն հաճելի է, որ մեր հաղորդած լուրն էլ է այդ մասին։ Հովելը նաև մարգարեացավ, որ սուրբ ոգին՝ Աստծու գործուն ուժը, թափվելու է «ամեն տեսակ մարմնի վրա»։ Տեսնո՞ւմ ես, թե այս մարգարեությունը ինչպես է առնչվում քեզ։ Եվ վերջապես Հովելը նշեց, որ կա փրկվելու մեկ ճանապարհ. «Ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի» (Հովել 2։28, 32

10. Եհովան ի՞նչ հանձնարարություն վստահեց սեզոնային աշխատանք կատարող հասարակ մի մարդու։

10 Եթե ժամանակ առ ժամանակ վախով ես համակվում այն մտքից, որ պետք է անչափ կարևոր լուր հռչակես, ընդ որում նրանց, ովքեր չեն ցանկանում լսել, ապա կհասկանաս Ամոսի զգացմունքները։ Նա ո՛չ մարգարե էր, ո՛չ էլ մարգարեի որդի, այլ հովիվ էր ու սեզոնային աշխատանք էր կատարում որպես ժանտաթուզ ծակող։ Նա մարգարեացել է Հուդայի Օզիա թագավորի իշխանության ժամանակ՝ մ.թ.ա. 9-րդ դարի վերջում։ Թեև Ամոսը հասարակ մարդ էր (նրա անունը նշանակում է «բեռ լինել» կամ «բեռ կրել»), բայց հույժ կարևոր պատգամներ հայտնեց Հուդային, Իսրայելին և շրջակա ազգերին։ Մի՞թե քաջալերական չէ իմանալ, որ Եհովան կարող է խոնարհ ու հասարակ մարդուն կարևոր հանձնարարություններ վստահել։

11. Ինչի՞ էր պատրաստ Օսեեն՝ Աստծու կամքը կատարելու համար։

11 Երբևէ հարցրե՞լ ես ինքդ քեզ. «Ի՞նչ զոհողություններ եմ պատրաստ անելու Եհովայի կամքը կատարելու համար»։ Հիշիր Օսեեին, որը Եսայիա և Միքիա մարգարեների ժամանակակիցն էր և որպես մարգարե ծառայեց մոտ 60 տարի։ Իր ծառայության սկզբում Օսեեն Եհովայից հրահանգ ստացավ «մի կին առնել, որը պոռնկությամբ էր զբաղվելու» (Օսեե 1։2)։ Հետագայում Գոմերի ծնած երեք երեխաներից միայն մեկն էր Օսեեի որդին։ Ինչո՞ւ Եհովան որոշեց, որ մարգարեն պետք է զգա ամուսնական դավաճանության ցավը։ Եհովան, անշուշտ, որոշակի նպատակ ուներ։ Այդպիսով նա հավատարմության և ներողամտության դաս էր սովորեցնելու։ Հյուսիսային թագավորությունը Եհովայի համար նման էր մի կնոջ, որը, պոռնկություն գործելով, դավաճանել էր իրեն։ Այնուամենայնիվ, Եհովան՝ որպես հավատարիմ ամուսին, պատրաստ էր սեր դրսևորելու իր ժողովրդի հանդեպ և օգնելու նրան զղջալու։ Սիրտ ջերմացնող ինչպիսի՜ օրինակ։

12. Ինչո՞վ է օգտակար քննել Միքիայի օրինակը և տեսնել, թե ինչ եղավ մարգարեական պատգամը հռչակելու արդյունքում։

12 Այս չափազանց դժվար ժամանակներում հեշտ չէ քաջություն զարգացնել և լիակատար վստահություն ունենալ Եհովայի հանդեպ։ Սակայն այսպիսի հատկություններ դրսևորելով՝ դու նմանվում ես Միքիային։ Լինելով Օսեեի ու Եսայիայի ժամանակակիցը՝ Միքիան ազդարարում էր Աստծու դատավճիռները՝ ուղղված Հուդայի և Իսրայելի դեմ։ Դա եղել է մ.թ.ա. 8-րդ դարում՝ Հովաթամ, Աքազ և Եզեկիա թագավորների իշխանության տարիներին։ Այդ ժամանակ Իսրայելը բարոյապես անկում էր ապրում, երկրում ծաղկում էր կռապաշտությունը, և այս ամենի պատճառով մ.թ.ա. 740 թ.-ին Սամարիան կործանվեց Ասորեստանի կողմից։ Իսկ Հուդան փոփոխական էր՝ մե՛կ հավատարիմ էր, մե՛կ անհավատարիմ։ Չնայած սպասվող աղետին՝ Միքիային մխիթարեց այն, որ իր հռչակած պատգամը ժամանակավորապես հետ պահեց Հուդային հոգևոր անկումից ու վերջնական կործանումից։ Որքա՜ն ենք քաջալերվում, երբ որևէ մեկը դրական է արձագանքում մեր հայտնած կենսական լուրին։

ԱՂԵՏԱԲԵՐ ԼՈՒՐ

13, 14. ա) Ինչպե՞ս կարող է Սոփոնիայի օրինակը օգնել քեզ Աստծուն երկրպագություն մատուցելու հարցում։ բ) Սոփոնիայի ազդարարած լուրի արդյունքում ի՞նչ կրոնական բարեփոխումներ եղան։

13 Եգիպտոսն ու Ասորեստանը հեռանում էին թատերաբեմից։ Հզորանում էր Բաբելոնը, որը շուտով մեծ ազդեցություն էր ունենալու Հուդայի վրա։ Աստծու մարգարեները պատրաստ էին նախազգուշացնելու և հորդորելու Եհովայի երկրպագուներին։ Քննենք այդ մարգարեներից մի քանիսի օրինակը՝ նկատի ունենալով, որ այսօր քրիստոնյաները նույնպես նախազգուշական լուր են հայտնում։

14 Եթե Եհովայի կամքը կատարելու համար դադարել ես որոշ ընտանեկան ավանդույթների հետևելուց, ապա քեզ ծանոթ կլինեն Սոփոնիայի զգացմունքները։ Թեև նա հավանաբար Հուդայի թագավորական տնից էր և Հովսիա թագավորի բարեկամը, սակայն, հնազանդություն դրսևորելով, խստորեն քննադատեց ապականված կառավարիչներին։ Նրա անունը նշանակում է «Եհովան ծածկել է»։ Սոփոնիան շեշտում էր, որ միայն Աստծու ողորմության շնորհիվ է հնարավոր «ծածկված լինել [Նրա] բարկության օրը» (Սոփոնիա 2։3)։ Ուրախալի է, որ մարգարեի ջանքերն իզուր չեղան։ Երիտասարդ Հովսիա թագավորը արմատախիլ արեց կեղծ պաշտամունքը, վերանորոգեց Եհովայի տունը և վերահաստատեց մաքուր երկրպագությունը (2 Թագավորներ 22-րդ և 23-րդ գլուխներ)։ Հավանաբար, Սոփոնիան և ուրիշ մարգարեներ (Նաում և Երեմիա) աջակցեցին ու իրենց խորհուրդներով օգնեցին թագավորին։ Ցավոք, հրեաների մեծ մասը անկեղծորեն չզղջաց։ Այն բանից հետո, երբ Հովսիան մարտի դաշտում մահացավ, նրանք կրկին կռապաշտ դարձան և շատ չանցած՝ գերեվարվեցին Բաբելոն։

15. ա) Ինչո՞ւ էր Նինվեն արժանի խիստ դատաստանական խոսքերի, որոնք հայտնում էր Նաումը։ բ) Ի՞նչ կարող ես սովորել Նինվեի հետ տեղի ունեցածից։

15 Գուցե քեզ համարում ես սովորական ու աննշան մարդ։ Իրականում, քրիստոնյաները մեծ առանձնաշնորհում ունեն լինելու «Աստծու համագործակիցները», այդուհանդերձ նրանց մեծ մասը հայտնի ու ճանաչված չէ (1 Կորնթացիներ 3։9Նաումի մասին մեր ունեցած միակ տեղեկությունն այն է, որ նա Ելկես փոքր քաղաքից էր, որը հավանաբար գտնվում էր Հուդայում։ Սակայն նրա պատգամը հույժ կարևոր էր։ Ինչո՞ւ։ Նաումը մարգարեանում էր Ասորեստանյան կայսրության մայրաքաղաք Նինվեի դեմ։ Ժամանակին նինվեցիները դրական արձագանքեցին Հովնանի խոսքերին, բայց հետագայում կրկին սկսեցին չար ճանապարհով ընթանալ։ Հին Նինվեի տարածքում գտնված քարերի փորագրությունները ցույց են տալիս, որ այն իրոք «արյունահեղ քաղաք» էր (Նաում 3։1)։ Քարերի վրա պատկերված է, թե որքան դաժանորեն էին նրանք վերաբերվում գերիներին։ Նաումը կենդանի ու վառ լեզվով նկարագրում է Նինվեին սպասվող հիմնահատակ կործանումը։ Նրա մարգարեությունը կատարվեց, ինչպես որ կկատարվի այն, ինչ այսօր մենք ենք քարոզում։

16, 17. Ի՞նչ կարող ենք սովորել Ամբակումից, եթե վերջի հետ կապված մեր սպասելիքները դեռ չեն իրականացել։

16 Դարերի ընթացքում Աստվածաշունչ ընթերցողները հույս են ունեցել, որ կտեսնեն Եհովայի օրը, սակայն նրանց սպասելիքները չեն իրականացել։ Ոմանք էլ վհատվել են՝ կարծելով, որ Աստծու դատաստանը դանդաղում է։ Իսկ դո՞ւ ինչ ես մտածում։ Լիովին հասկանալի պատճառներով Ամբակումը հայտնեց իր անհանգստությունը՝ Աստծուն հարցնելով. «Ո՛վ Եհովա, ինչքա՞ն պիտի աղերսեմ օգնության համար, և դու չլսես.... Ինչո՞ւ իմ առաջ կողոպուտ ու բռնություն կա» (Ամբակում 1։2, 3

17 Ամբակումն իր ազդարարություններն արել է մ.թ.ա. 607 թ. Երուսաղեմի կործանումից ոչ շատ առաջ՝ աստվածավախ Հովսիա թագավորի իշխանությունից հետո։ Երկրում անարդարություն և բռնություն էր տիրում։ Ամբակումը զգուշացնում էր, որ Եգիպտոսի վրա հույս դնելը նրանց չի փրկի արյունարբու բաբելոնացիներից։ Մարգարեն իր գիրքը գրել է կենդանի ու պատկերավոր ոճով և հետևյալ մխիթարական լուրն է հայտնել. «Արդարն իր հավատարմության շնորհիվ կապրի» (Ամբակում 2։4)։ Այս խոսքերի կարևորությունը երևում է այն բանից, որ Պողոս առաքյալը Քրիստոնեական Հունարեն Գրությունների երեք գրքերում մեջբերել է դրանք (Հռոմեացիներ 1։17; Գաղատացիներ 3։11; Եբրայեցիներ 10։38)։ Ավելին, Ամբակումի միջոցով Եհովան վստահեցնում է մեզ. «Տեսիլքը պետք է կատարվի նշանակված ժամանակին.... այն չի ուշանա» (Ամբակում 2։3

18. Ինչո՞ւ Եհովան պատվիրեց Աբդիային մարգարեանալ Եդոմի դեմ։

18 Եբրայերեն Գրությունների ամենակարճ գիրքը, բաղկացած ընդամենը 21 համարից, գրել է Աբդիա մարգարեն։ Մարգարեությունը հիմնականում վերաբերում է Եդոմին։ Եդոմացիները Հակոբի եղբայր Եսավի հետնորդներն էին, ուստիև իսրայելացիների եղբայրները (2 Օրենք 23։7)։ Սակայն նրանց վերաբերմունքը իսրայելացիների հանդեպ հազիվ թե կարելի էր եղբայրական համարել։ Մ.թ.ա. 607 թ.-ին, երբ բաբելոնյան արշավախմբերի կողմից Երուսաղեմի ավերման ժամանակ ազատված հրեաները փորձում էին փախչել, եդոմացիները փակում էին ճանապարհը, բռնում նրանց ու հանձնում թշնամուն։ Մոտավորապես այդ ժամանակ էր, երբ Աբդիան գրեց իր գիրքը։ Եհովան կանխագուշակեց, որ Եդոմը ամբողջովին կործանվելու է, և այդ մարգարեությունը կատարվեց։ Իսկ ինչ վերաբերում է Աբդիա մարգարեին, նրա կյանքից մեզ գրեթե ոչինչ հայտնի չէ։ Այդուհանդերձ, որքա՜ն քաջալերական է իմանալ, որ որպես պատգամաբերներ Աստծուն կարող են ծառայել աննշան թվացող մարդիկ (1 Կորնթացիներ 1։26–29

ՄԽԻԹԱՐԱԿԱՆ, ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ԵՎ ՈԳԵՎՈՐԻՉ ԼՈՒՐ

19. Ինչպե՞ս Անգեն հորդորեց Աստծու ժողովրդին։

19 Անգեն առաջինն է այն երեք մարգարեներից, որոնք ծառայել են մ.թ.ա. 537 թ.-ին հրեաների՝ հայրենիք վերադառնալուց հետո։ Նա հավանաբար հայրենադարձների առաջին խմբի մեջ էր։ Համագործակցելով Զորաբաբելի և Հեսու քահանայապետի, ինչպես նաև Զաքարիա մարգարեի հետ՝ Անգեն փորձում էր հորդորել հրեաներին թույլ չտալ, որ թշնամիների հակառակությունը, ինչպես նաև հենց իրենց անտարբերությունն ու նյութապաշտությունը խանգարեն իրականացնելու հայրենիք վերադառնալու նպատակը՝ վերակառուցել Եհովայի տաճարը։ Մ.թ.ա. 520 թ.-ին Անգեի հայտնած չորս դիպուկ պատգամները ընդգծում են Եհովայի անվան և նրա գերիշխանության կարևորությունը։ Գիրքն ընթերցելիս կտեսնես, որ 14 անգամ օգտագործվել է «Զորքերի Տեր Եհովա» արտահայտությունը։ Անգեի զորեղ պատգամները ոգևորել են ժողովրդին ու մղել վերսկսելու տաճարի շինարարությունը։ Մի՞թե ոգևորիչ չէ իմանալ, որ Գերիշխան Եհովան անսահման զորության տեր է և իր հպատակության ներքո ոգեղեն արարածների հզոր բանակ ունի (Եսայիա 1։24; Երեմիա 32։17, 18

20. Զաքարիան ի՞նչ գերակշռող տրամադրվածության դեմ էր պայքարում։

20 Գուցե ժամանակ առ ժամանակ ընկճվում ես, երբ տեսնում ես, որ ոմանք կորցնում են իրենց եռանդը ծառայության մեջ։ Այդ դեպքում քեզ հարազատ կլինեն Զաքարիա մարգարեի ապրումները։ Նա, իր ժամանակակից Անգեի պես դժվար հանձնարարություն պետք է կատարեր. հորդորել ազգակիցներին շարունակել տաճարի շինարարությունը։ Զաքարիան ոչ մի ջանք չխնայեց ու հորդորեց ժողովրդին ավարտին հասցնել այդ վիթխարի հանձնարարությունը։ Թեև նրա շուրջը եղող մարդիկ քմահաճ ու եսակենտրոն կյանքով էին ապրում, նա կոչ էր անում նրանց ամուր հավատ զարգացնել և այն փաստել գործերով։ Արդյունքները դրական եղան։ Զաքարիա մարգարեն նաև գրեց շատ մարգարեություններ Քրիստոսի մասին։ Մենք նույնպես կարող ենք զորանալ ու ամրապնդվել այն հավաստիացումից, որ «Զորքերի Տեր Եհովան» չի մոռանա բոլոր նրանց, ովքեր իր բարեհաճությունն են փնտրում (Զաքարիա 1։3

ԽՈՍՏՈՒՄ ՄԵՍԻԱՅԻ ՄԱՍԻՆ

21. ա) Ինչո՞ւ էր Մաղաքիայի մարգարեությունը անչափ կարևոր և անհետաձգելի։ բ) Ի՞նչ հավաստիացմամբ է «Մաղաքիա» գիրքը եզրափակում Եբրայերեն Գրությունները։

21 12 մարգարեներից վերջինը՝ Մաղաքիան, ապրել է իր անվան համաձայն՝ «իմ պատգամաբեր»։ Նրա ծագման ու կյանքի վերաբերյալ տեղեկությունները կցկտուր են։ Մաղաքիան ապրել է մ.թ.ա. 5-րդ դարի կեսերին։ Նրա մարգարեությունից իմանում ենք, որ նա քաջ էր ու անվախորեն մերկացնում էր Աստծու ժողովրդի մեղքերն ու կեղծավորությունը։ Մաղաքիայի նկարագրած իրավիճակը շատ նման է Նեեմիայի նկարագրած իրավիճակին, որը հավանաբար եղել է Մաղաքիայի ժամանակակիցը։ Ինչո՞ւ էր Մաղաքիայի մարգարեությունը կարևոր և անհետաձգելի։ Մարել էր այն եռանդն ու ոգևորությունը, որ մի քանի տասնամյակ առաջ ներշնչել էին Զաքարիան ու Անգեն։ Հրեաների հոգևոր վիճակը սոսկալի էր։ Ուստի Մաղաքիան համարձակությամբ խոսեց ամբարտավան և կեղծավոր քահանաների դեմ, քննադատեց ժողովրդին, որ կես սրտով են ծառայում Եհովային և ձևական ընծաներ են մատուցում։ Միևնույն ժամանակ Մաղաքիան Աստծու Խոսքի ոգուն ներդաշնակ պայծառ ապագա կանխագուշակեց՝ նշելով ինչպես Մեսիայի նախակարապետի՝ Հովհաննես Մկրտչի, այնպես էլ Քրիստոսի մասին։ Մաղաքիայի մարգարեությունը, որով ավարտվում են Եբրայերեն Գրությունները, եզրափակվում է լավ լույսի ներքո՝ խոստանալով, որ Աստծու անունից վախեցողների համար «արդարության արևը կշողա» (Մաղաքիա 4։2, 5, 6

22. Քեզ համար ի՞նչն է ուշագրավ 12 մարգարեների և նրանց մարգարեությունների առնչությամբ։

22 Հստակ է, որ Եբրայերեն Գրությունների վերջին 12 գրքերը գրողները անկոտրում հավատ ու մեծ համոզվածություն ունեին (Եբրայեցիներ 11։32; 12։1)։ Նրանց օրինակն ու գրի առած մարգարեությունները կարող են շատ արժեքավոր դասեր սովորեցնել մեզ, մինչ անձկագին սպասում ենք «Եհովայի օրվան» (2 Պետրոս 3։10)։ Իսկ ի՞նչ կապ ունեն այդ մարգարեական պատգամները մեր հավիտենական ապագայի հետ։

a Տե՛ս 20-րդ և 21-րդ էջերի ժամանակագրական աղյուսակը։ Նկատիր, որ Միքիան և Օսեեն ծառայել են այն ժամանակ, երբ Երուսաղեմում Եսայիան էր Աստծու մարգարեն։