Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 9

Ուրիշների հետ վարվիր այնպես, ինչպես Աստված է ուզում

Ուրիշների հետ վարվիր այնպես, ինչպես Աստված է ուզում

1–3. ա) Քրիստոնյաներից շատերը ի՞նչ են մտաբերում հին Տյուրոսի առնչությամբ։ բ) Նկարագրիր, թե ինչ հարաբերությունների մեջ էին Քիրամ թագավորն ու Իսրայելը։ գ) Տյուրոսի հետ տեղի ունեցածից ի՞նչ ենք սովորում։

 Ի՞ՆՉ է միտքդ գալիս, երբ լսում ես հին Տյուրոս քաղաքի մասին։ Քրիստոնյաներից շատերը հավանաբար հիշում են, թե ինչպես կատարվեց աստվածաշնչյան մարգարեությունը, երբ Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը՝ օգտագործելով Տյուրոս քաղաքի՝ մայրցամաքում գտնվող հատվածի ավերակները, ճանապարհ կառուցեցին դեպի քաղաքի՝ կղզում գտնվող հատվածը և նվաճեցին այն (Եզեկիել 26։4, 12; Զաքարիա 9։3, 4)։ Իսկ երբևէ մտածե՞լ ես, որ Տյուրոսի օրինակից կարելի է իմանալ, թե ինչպես է հարկավոր վերաբերվել մեր հոգևոր եղբայրներին և ուրիշներին։

2 Բայց ինչո՞ւ Տյուրոսը կործանվեց։ Եհովան ասում է. «Տյուրոսի երեք ապստամբությունների.... պատճառով, որովհետև նրանք բոլոր գերիներին Եդոմին հանձնեցին ու չհիշեցին եղբայրական ուխտը։ Ես կրակ կուղարկեմ Տյուրոսի պարսպի վրա» (Ամոս 1։9, 10)։ Ավելի վաղ Տյուրոսի Քիրամ թագավորը պատրաստակամություն էր հայտնել շինանյութեր մատակարարելու Դավիթ թագավորին՝ Սողոմոնի տաճարի շինարարության համար։ Սողոմոնը ուխտ կապեց Քիրամի հետ և նրան Գալիլեայում քաղաքներ նվիրեց։ Քիրամը Սողոմոնին «եղբայր» անվանեց (1 Թագավորներ 5։1–18; 9։10–13, 26–28; 2 Սամուել 5։11)։ Բայց Տյուրոսը «չհիշեց եղբայրական ուխտը» և Աստծու ժողովրդից ոմանց ստրկության վաճառեց։ Ուստի Եհովան ուշադրություն դարձրեց Տյուրոսի գործերին։

3 Նա պատժեց Տյուրոսի բնակիչներին՝ քանանացիներին, իր ժողովրդի հետ դաժանորեն վարվելու համար։ Ի՞նչ ենք սովորում այս արձանագրությունից։ Կարևոր դասերից մեկն այն է, թե ինչպես ենք վերաբերվում մեր հոգևոր եղբայրներին։ Նախորդ գլուխներում քննեցինք, որ պետք է ազնիվ ու արդար լինենք գործարքներում և անարատ՝ մեր վարքում։ Սակայն այս 12 գրքերից նաև իմանում ենք, թե Աստված ինչպես է ուզում, որ վարվենք ուրիշների հետ։

ՄԻ՛ ՈՒՐԱԽԱՑԻՐ ՈՒՐԻՇԻ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ

4. Ինչո՞ւ էին եդոմացիները իսրայելացիների «եղբայրը» կոչվում, սակայն ինչպիսի՞ն էր նրանց վերաբերմունքը իսրայելացիների հանդեպ։

4 Դու կարող ես դասեր քաղել նաև այն բանից, թե ինչպես Աստված դատապարտեց Եդոմին՝ Իսրայելի հարևանությամբ գտնվող երկրին։ «Այն օրը, երբ եղբայրդ դժբախտության մեջ էր, դու չպետք է չարախնդորեն նայեիր նրան։ Այն օրը, երբ Հուդայի որդիները կործանվում էին, դու չպետք է ուրախանայիր» (Աբդիա 12)։ Տյուրոսցիները համարվում էին իսրայելացիների «եղբայրը», քանի որ առևտուր էին անում նրանց հետ, մինչդեռ եդոմացիները իսրայելացիների «եղբայրն» էին կոչվում այն պատճառով, որ Հակոբի եղբայր Եսավի հետնորդներն էին։ Նույնիսկ Եհովան էր եդոմացիներին իսրայելացիների «եղբայր» կոչում (2 Օրենք 2։1–4)։ Սակայն Երուսաղեմի ավերման ժամանակ, երբ բաբելոնացիները դաժանորեն էին վարվում իսրայելացիների հետ, եդոմացիները չարախնդում էին վերջիններիս վրա։ Ի՜նչ ստոր վերաբերմունք (Եզեկիել 25։12–14

5. Ինչպիսի՞ իրավիճակներում գուցե դրսևորենք եդոմացիների ոգին։

5 Հստակ է, որ Եհովան հավանություն չէր տալիս այն բանին, թե ինչպես էին եդոմացիները վերաբերվում իրենց իսրայելացի եղբայրներին։ Կարող ես հարցնել ինքդ քեզ. «Արդյոք վերաբերվո՞ւմ եմ իմ եղբայրներին այնպես, ինչպես Աստված է ակնկալում»։ Օրինակ՝ ի՞նչ ես մտածում քո եղբոր մասին կամ ինչպե՞ս ես վերաբերվում նրան, երբ ամեն բան այդքան էլ հարթ չի ընթանում։ Ենթադրենք՝ հավատակիցներիցդ մեկը վիրավորել է քեզ, կամ նա քո բարեկամներից մեկի հետ ինչ-որ խնդիր ունի։ Անգամ եթե «գանգատվելու պատճառ» ունես, կշարունակե՞ս վիրավորված ու բարկացած մնալ, փոխանակ մոռանաս ամեն բան կամ փորձես հարթել խնդիրը (Կողոսացիներ 3։13; Հեսու 22։9–30; Մատթեոս 5։23, 24)։ Եթե չես ուզում ներել եղբորդ, ապա դա հետք կթողնի նրա հետ ունեցած քո փոխհարաբերությունների վրա։ Արդյունքում հնարավոր է՝ սառը վերաբերմունք դրսևորես նրա նկատմամբ, խուսափես նրանից կամ նրա հասցեին բացասական բաներ ասես։ Իսկ այժմ պատկերացրու, որ այդ եղբայրը մեղք է գործում և նույնիսկ կարիք է առաջանում որ երեցները խորհուրդ տան նրան և օգնեն ուղղվելու (Գաղատացիներ 6։1)։ Արդյո՞ք կդրսևորես եդոմացիների ոգին՝ ուրախանալով նրա անհաջողության վրա։ Ի՞նչ է Աստված ակնկալում քեզնից այդ պարագայում։

6. Համաձայն Միքիա 7։18-ի՝ ի՞նչ պետք է անենք, և համաձայն Զաքարիա 7։10-ի՝ ինչի՞ց պետք է խուսափենք։

6 Զաքարիա մարգարեն գրում է, թե ինչ է ցանկանում Եհովան. «Ձեր սրտերում իրար հանդեպ չար բան մի՛ ծրագրեք» (Զաքարիա 7։9, 10; 8։17)։ Այս խորհուրդը առավել կիրառելի է, երբ եղբայրը վիրավորել է մեզ կամ մեր ընտանիքի անդամներից մեկին։ Այդպիսի դեպքերում հեշտ է «մեր սրտում նրա հանդեպ չար բան ծրագրել», ինչը հետագայում կդրսևորվի մեր գործերում։ Սակայն Աստված ցանկանում է, որ մենք իրեն ընդօրինակենք։ Միքիա մարգարեն գրեց, որ Եհովան «ներում է հանցանքը և անցնում.... անօրենության կողքով» a (Միքիա 7։18)։ Ինչպե՞ս կարող ենք այս հարցում նմանվել Եհովային։

7. Ինչո՞ւ է խելամիտ պարզապես մոռանալ վիրավորանքը։

7 Հնարավոր է՝ մեզ խորապես վիրավորել է այն, թե ինչպես է հավատակիցներից մեկը վերաբերվել մեզ կամ մեր բարեկամին։ Սակայն իրո՞ք դա այդքան լուրջ հարց է։ Աստվածաշնչում նշվում է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել, երբ տարաձայնություններ են առաջանում, կամ երբ եղբայրը մեկի դեմ մեղք է գործում։ Այդուհանդերձ, հաճախ նախընտրելի է պարզապես մոռանալ տեղի ունեցածի մասին և «անցնել անօրենության կողքով»։ Մտածիր. «Գուցե սա հենց այն 77 դեպքերից մեկն է, երբ պետք է ներեմ իմ եղբորը։ Ուրեմն կարելի է մոռանալ ամեն ինչ» (Մատթեոս 18։15–17, 21, 22)։ Անգամ եթե վիրավորանքը խորն է և լուրջ բնույթ է կրում, ինչպե՞ս կվերաբերվես տեղի ունեցածին հազար տարի հետո, կրկին այդպիսի զգացմունք կունենա՞ս։ Ժողովող 5։20-ում խոսվում է տքնաջան աշխատող անձնավորության մասին, որը հաճույք է ստանում ուտելուց և խմելուց. «Այդ մարդն իր կյանքի օրերի վաղանցիկության մասին հազվադեպ կհիշի, քանի որ ճշմարիտ Աստված նրան զբաղված է պահում նրա սրտի ուրախությամբ»։ Ուրախ լինելով այսօր՝ նա մոռանում է իր կյանքում եղած դժվարությունները։ Կարո՞ղ ենք մենք էլ նման վերաբերմունք ունենալ։ Եթե կենտրոնանանք այն բանի վրա, թե ինչ հրաշալի եղբայրության մեջ ենք, կմոռանանք այն բաները, որոնք իրականում այնքան էլ կարևոր չեն, բաներ, որոնց մասին նույնիսկ չենք հիշի նոր աշխարհում։ Այդպիսի դրական տրամադրվածություն ունենալը կօգնի մեզ չլինելու չարախինդ ու չհաշվելու վիրավորանքները։

Եթե քեզ վիրավորել են, ինչի՞ց պետք է խուսափես

ԵՂԻՐ ՃՇՄԱՐՏԱԽՈՍ

8. Ո՞ր իրավիճակում գուցե դժվար լինի ճշմարտությունը ասել։

8 12 մարգարեական գրքերը նաև ընդգծում են, թե որքան է Աստված կարևորում այն, որ մենք լինենք ճշմարտախոս։ Իհարկե, մենք ջանում ենք մարդկանց հետ խոսել «ճշմարտության՝ բարի լուրի» մասին (Կողոսացիներ 1։5; 2 Կորնթացիներ 4։2; 1 Տիմոթեոս 2։4, 7)։ Սակայն մեր ընտանիքի անդամների և հոգևոր եղբայրների հետ առօրյա զրույցներում ճշմարտությունն ասելը թերևս այդքան էլ հեշտ չլինի։ Ինչո՞ւ։

9. Ո՞ր դեպքերում գուցե գայթակղություն առաջանա չասելու ամբողջ ճշմարտությունը, սակայն ի՞նչ հարց պետք է տանք ինքներս մեզ։

9 Մեզնից ո՞վ խոսքով կամ գործով չի վիրավորել ուրիշին։ Հետո, երբ պարզվել է, որ սխալ ենք, շփոթվել ենք ու մեզ մեղավոր զգացել։ Այդպիսի զգացմունքները գուցե դրդեն անհատին չընդունելու իր մեղքը կամ այնպիսի «բացատրություն» տալու, որն աղավաղում է ճշմարտությունը՝ արդարացնելով սխալ արարքը կամ այլ լույսի ներքո ներկայացնելով փաստերը։ Շփոթեցուցիչ իրավիճակում հնարավոր է նաև գայթակղություն առաջանա չասելու որոշ մանրամասներ՝ իրականությունը ծածկելու նպատակով։ Թեև մեր խոսքերը կարող են թեորիապես ճիշտ լինել, բայց բոլորովին այլ տպավորություն ստեղծել։ Ճիշտ է, գուցե բացահայտ սուտ չենք խոսում, ինչպես ընդունված է այս աշխարհում, բայց արդյո՞ք «ճշմարտությունն ենք խոսում մեր մերձավորի», կամ՝ եղբոր հետ (Եփեսացիներ 4։15, 25; 1 Տիմոթեոս 4։1, 2)։ Քո կարծիքով՝ ի՞նչ է Աստված զգում, երբ քրիստոնյան միտումնավոր այնպես է արտահայտում իր մտքերը, որ սխալ տպավորություն ստեղծվի, և եղբայրները սխալ եզրահանգման գան։

10. Մարգարեների խոսքերի համաձայն՝ ի՞նչ սովորություն էր տարածված հին Իսրայելում և Հուդայում։

10 Մարգարեները գիտակցում էին, որ անգամ Եհովային նվիրված անհատները երբեմն անտեսում են այն, ինչ պահանջում է Աստված։ Օսեեն նկարագրեց, թե ինչ էր զգում Աստված որոշ մարդկանց հանդեպ. «Նրանք կկործանվեն, քանի որ իմ դեմ անօրենություն գործեցին։ Թեև ես սկսեցի փրկագնել նրանց, բայց նրանք իմ մասին սուտ խոսեցին»։ Որոշ իսրայելացիներ ոչ միայն բացահայտ և գարշելի ստեր էին խոսում Եհովայի մասին, այլև անիծում ու խաբում էին։ Շատերին շփոթության մեջ գցելու համար նրանք աղավաղում էին փաստերը (Օսեե 4։1, 2; 7։1–3, 13; 10։4; 12։1)։ Օսեեն վերը նշված խոսքերը գրեց Սամարիայում՝ հյուսիսային թագավորությունում։ Իսկ ինչպիսի՞ն էր իրավիճակը Հուդայում։ Միքիան գրեց. «Նրա հարուստները բռնությամբ են լցված, նրա բնակիչները սուտ են խոսում, և նրանց բերանում նենգ լեզու կա» (Միքիա 6։12)։ Մարգարեները դատապարտում էին խաբեբաներին և նրանց, ում «բերանում նենգ լեզու» կար։ Թեև քրիստոնյաները այսօր գիտակցաբար սուտ չեն խոսում, այդուհանդերձ լավ կլինի, որ ինքդ քեզ հարցնես. «Խաբելու սովորություն ունե՞մ։ Իմ լեզուն նե՞նգ է։ Ի՞նչ է Աստված ակնկալում ինձնից»։

11. Ինչպիսի՞ն պետք է լինի մեր խոսքը։

11 Իր մարգարեների միջոցով Աստված հստակ նշում է, թե ինչպիսին պետք է լինի մեր խոսքը։ Զաքարիա 8։16-ում գրված է. «Սրանք են այն բաները, որ դուք պիտի անեք. ճշմարտությունն ասեք իրար, ճշմարտությամբ ու խաղաղություն բերող դատաստանով դատեք ձեր քաղաքների դարպասների մոտ»։ Զաքարիայի օրերում դարպասների մոտ երեցները դատական գործեր էին վարում (Հռութ 4։1; Նեեմիա 8։1)։ Սակայն Զաքարիան չի նշում, որ ճշմարտությունը պետք է խոսել միայն դարպասների մոտ։ Ինչ խոսք, մենք պետք է ազնիվ լինենք դատարանում վկայություն տալիս, բայց մեզ հորդոր է տրվում միշտ «ճշմարտությունն ասել իրար», օրինակ՝ մեր ընտանիքում՝ կողակցին կամ մտերիմ բարեկամներին։ Մենք պետք է նաև ճշմարտախոս լինենք մեր հոգևոր եղբայրների և քույրերի հետ շփվելիս, հեռախոսով զրուցելիս կամ այլ կերպերով հաղորդակցվելիս։ Մեր հոգևոր եղբայրներն ու քույրերը իրավունք ունեն ակնկալելու, որ մենք ճիշտը կխոսենք։ Քրիստոնյա ծնողները պետք է սովորեցնեն իրենց երեխաներին, թե որքան կարևոր է ճշմարտությունը խոսել։ Այդ դեպքում նրանք մեծանալով կհասկանան, որ չպետք է սուտ խոսեն, նենգավոր լեզու օգտագործեն, քանի որ հենց դա է իրենցից պահանջում Եհովան (Սոփոնիա 3։13

12. Մարգարեական գրքերից ի՞նչ արժեքավոր դասեր ենք քաղում։

12 Բոլորը՝ երիտասարդ թե տարեց, ովքեր ձգտում են ճշմարտախոս լինել, հետևում են Զաքարիայի հորդորին. «Ճշմարտություն ու խաղաղություն սիրեք» (Զաքարիա 8։19)։ Նկատենք նաև, որ Մաղաքիայի գրքում Եհովան մեզ որպես օրինակ է բերում իր Որդուն. «Ճշմարտության օրենքը նրա բերանում էր, և նրա շուրթերում անարդարություն չկար։ Նա խաղաղությամբ և ուղղամտությամբ քայլեց ինձ հետ» (Մաղաքիա 2։6)։ Արդյոք Եհովան մեզանից նույնը չի՞ պահանջում։ Հիշենք, որ մենք այսօր ունենք նրա ամբողջական Խոսքը, այդ թվում 12 մարգարեական գրքերը, որոնցից կարող ենք շատ դասեր քաղել։

ՀԵՌՈՒ ՄՆԱ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ

13. Միքիա 6։12-ում ուրիշ ի՞նչ մեղքի մասին է նշվում։

13 Միքիա 6։12-ում կարդացինք, որ Աստծու ժողովրդից ոմանք «սուտ էին խոսում, և նրանց բերանում նենգ լեզու կար»։ Սակայն այս համարը մեկ ուրիշ լուրջ մեղք էլ է մատնացույց անում. «Նրա հարուստները բռնությամբ էին լցված»։ Ո՞րն էր դրա պատճառը, և ի՞նչ դաս ենք սովորում։

14, 15. Ի՞նչ են հայտնում արձանագրությունները իսրայելացիների հարևանությամբ ապրող ժողովուրդների դաժանության մասին։

14 Քննենք, թե ինչ համբավ ունեին իսրայելացիների հարևան ազգերը։ Հյուսիս-արևելքում գտնվում էր Ասորեստանը։ Նրա մայրաքաղաք Նինվեի մասին Նաում մարգարեն գրում է. «Վա՜յ արյունահեղ քաղաքին։ Նա լի է խաբեությամբ ու թալանով, երբեք առանց որսի չի մնում» (Նաում 3։1)։ Ասորեստանցիները հայտնի դարձան իրենց պատերազմներով ու նվաճումներով և անմարդկային դաժանություններով, որ դրսևորում էին գերիների հանդեպ։ Նրանց մի մասին այրում էին կամ կենդանի մաշկում, մյուսների աչքերը՝ հանում, իսկ քթերը, ականջներն ու մատները՝ կտրում։ «Աստվածներ, դամբարաններ, գիտնականներ» գրքում նշվում է. «Նինվեն գլխավորապես չի մոռացվել այն պատճառով, որ նրա անվան հետ կապված են սպանություններ, կողոպուտներ, ճնշում, բռնություն թույլերի վրա, պատերազմներ և ամեն տեսակ սարսափներ»։ Նինվեի թագավորը ականատես էր և, ամենայն հավանականությամբ, մասնակից այդ չարագործություններին։ Սակայն լսելով Հովնանի խոսքերը՝ նա իր ժողովրդին պատվիրեց. «Թող մարդիկ թե՛ իրենց և թե՛ ընտանի կենդանիներին քրձով ծածկեն, ամբողջ ուժով կանչեն Աստծուն, և յուրաքանչյուրը թող հետ դառնա իր չար ճանապարհից և այն բռնությունից, որ իր ձեռքերով գործում էր» (Հովնան 3։6–8) b։

15 Բռնությունն ու դաժանությունը միայն Ասորեստանում չէ, որ սովորական բան էին։ Հուդայի հարավ-արևելքում գտնվող Եդոմը նույնպես մեղավոր էր այս հարցում։ Ինչո՞ւ։ «Եդոմը՝ անմարդաբնակ անապատ [կդառնա], քանի որ բռնությամբ վարվեցին Հուդայի որդիների հետ և անմեղ արյուն թափեցին նրանց երկրում» (Հովել 3։19)։ Ականջ դրի՞ն եդոմացիները այս նախազգուշացմանը։ Մոտ երկու դար անց Աբդիա մարգարեն գրում է. «Ո՛վ Թեման [քաղաք Եդոմում], քո զորավորները կսարսափեն.... քո եղբայր Հակոբի հանդեպ դրսևորած բռնության պատճառով.... և դու ընդմիշտ կվերանաս» (Աբդիա 9, 10)։ Իսկ ի՞նչ վիճակում էր Աստծու ժողովուրդը։

16. Ամոսն ու Ամբակումը իրենց օրերում գոյություն ունեցող ի՞նչ խնդրի մասին են նշել։

16 Ամոս մարգարեն նկարագրում է, թե ինչ էր տիրում Սամարիայում՝ հյուսիսային թագավորության մայրաքաղաքում. «Տեսե՛ք, թե ինչքան անկարգություն և խաբեություն կա նրանում։ Նրանք ճիշտն անելը չգիտեն,— ասում է Եհովան,— նրանք իրենց բնակելի աշտարակներում բռնություն ու կողոպուտ են դիզում» (Ամոս 3։9, 10)։ Թվում էր, թե Հուդայում, որտեղ գտնվում էր Եհովայի տաճարը, ամեն բան պետք է այլ կերպ լիներ։ Սակայն Ամբակումը, որն ապրել է Հուդայում, հարցրեց Աստծուն. «Ինչքա՞ն պիտի օգնության կանչեմ, որ փրկես բռնությունից։ Ինչո՞ւ ես ինձ չարիք տեսնել տալիս ու նայում ամբարշտությանը։ Ինչո՞ւ իմ առաջ կողոպուտ ու բռնություն կա» (Ամբակում 1։2, 3; 2։12

17. Ինչո՞ւ էր Աստծու ժողովուրդը բռնի դարձել։

17 Հնարավո՞ր է, որ Աստծու ժողովուրդը բռնի էր դարձել, քանի որ թույլ էր տվել, որ բռնության վերաբերյալ Ասորեստանի, Եդոմի կամ հարևան ազգերի տեսակետը ազդեր իր վրա։ Սողոմոնի նախազգուշացումը ցույց է տալիս, որ նման բան հնարավոր է. «Բռնավոր մարդուն մի՛ նախանձիր, ոչ էլ նրա ճանապարհներից որևէ մեկը ընտրիր» (Առակներ 3։31; 24։1)։ Իսկ հետագայում Երեմիան կոնկրետ նշեց. «Այսպես է ասում Եհովան. «Մի՛ սովորեք ազգերի ճանապարհները»» (Երեմիա 10։2; 2 Օրենք 18։9

Շատ մուլտֆիլմեր և տեսախաղեր երեխաներին ներարկում են այն միտքը, թե բռնությունն ընդունելի է

18, 19. ա) Եթե Ամբակումը կենդանի լիներ, ի՞նչ կզգար՝ տեսնելով այսօրվա բռնությունը։ բ) Ի՞նչ ես դու զգում մեր օրերի բռնության դրսևորումների հանդեպ։

18 Եթե Ամբակումը կենդանի լիներ, մի՞թե չէր ցնցվի՝ տեսնելով մեր օրերի բռնությունը։ Այսօր շատերը փոքրուց են սովորում բռնի լինել։ Օրինակ՝ երեխաները հաճախ կլանված դիտում են մուլտֆիլմեր, որոնցում հերոսները կռվում են կամ սպանում իրար։ Հետո սկսում են տեսախաղեր խաղալ, որոնցում հակառակորդին հաղթելու համար նրանք կրակում են կամ պայթեցնում նրան։ Ոմանք գուցե մտածեն. «Դրանք պարզապես խաղեր են»։ Սակայն բանն այն է, որ դաժան խաղերը ձևավորում են երեխայի մտածելակերպն ու վարքագիծը, և բռնությունը նրա համար սովորական բան է դառնում։ Որքա՜ն ճշմարիտ է հետևյալ սուրբգրային խորհուրդը. «Բռնավոր մարդը կհրապուրի իր մերձավորին և նրան չար ճանապարհով կտանի» (Առակներ 16։29

19 Ամբակումը ստիպված էր նայել ամբարշտությանը և չարիքին, սակայն այդ իրավիճակը անչափ վհատեցնում էր նրան։ Հարցրու ինքդ քեզ. «Եթե Ամբակումը նստեր կողքիս ու տեսներ, թե ինչ հաղորդումներ եմ դիտում հեռուստատեսությամբ, վատ կզգա՞ր։ Արդյոք նա կդիտե՞ր բռնի սպորտաձևեր, որոնց ժամանակ մարզիկները, գլադիատորների պես, հատուկ պաշտպանական զրահ են կրում»։ Երբեմն մարդիկ հաճույք են ստանում կռիվներ դիտելուց, որոնք տեղի են ունենում խաղադաշտում կամ ոգևորված ու խենթացած երկրպագուների միջև։ Որոշ երկրներում շատերը դիտում են դաժան ֆիլմեր, որոնց սյուժեն պատերազմական գործողությունների կամ մարտարվեստի մասին է։ Սակայն որպես արդարացում՝ ինչ-որ մեկը գուցե ասի, որ դրանք ներկայացնում են տվյալ երկրի պատմությունը կամ մշակութային անցյալը։ Բայց դա արդյո՞ք ընդունելի է դարձնում բռնությունը (Առակներ 4։17

20. Ինչպիսի՞ բռնության մասին է խոսում Մաղաքիան, և ո՞րն էր Եհովայի տեսակետը այս առնչությամբ։

20 Մաղաքիան ընդգծում է, թե ինչպիսին էր Եհովայի վերաբերմունքը դավաճան հրեաների հանդեպ, ովքեր լքել էին իրենց կանանց. «Ես ատում եմ ապահարզանը,— ասում է Իսրայելի Աստված Եհովան,— և նրան, ով իր հանդերձը ծածկում է բռնությամբ» (Մաղաքիա 2։16)։ «Իր հանդերձը ծածկում է բռնությամբ» եբրայերեն արտահայտությունը կարելի է տարբեր կերպերով հասկանալ։ Որոշ աստվածաշնչագետների կարծիքով՝ այդ արտահայտությունը նշանակում է, որ անհատը, դաժանորեն հարձակվելով ուրիշների վրա, իր հագուստը արյունոտում է։ Ամեն դեպքում Մաղաքիան հստակ դատապարտում է անմարդկային վերաբերմունքը կողակցի նկատմամբ՝ այդպիսով ցույց տալով, թե ընտանեկան բռնության վերաբերյալ ինչպիսին է Աստծու տեսակետը։

21. Բռնության ո՞ր ձևերից քրիստոնյան պետք է խուսափի։

21 Եթե քրիստոնյան ընտանիքում բռնություն է գործադրում՝ ֆիզիկական ուժի կամ խոսքերի միջոցով, ապա դա պակաս դատապարտելի չէ, քան հանրորեն արվող բռնությունը։ Աստված ամեն բան տեսնում է (Ժողովող 5։8)։ Թեև Մաղաքիան խոսում էր կնոջ հանդեպ դրսևորվող բռնության մասին, սակայն Աստվածաշնչում չկա այնպիսի միտք, որ երեխաների կամ տարեց ծնողների հանդեպ բռնությունը պակաս դատապարտելի է։ Նույնը վերաբերում է այն դեպքերին, երբ կինն է բռնություն գործադրում։ Ինչ խոսք, անկատարության պատճառով ընտանիքներում երբեմն կարող է լարվածություն առաջանալ, ինչի հետևանքով ընտանիքի անդամները գուցե բորբոքվեն ու բարկանան։ Այդուհանդերձ, Աստվածաշունչը հորդորում է մեզ. «Եթե զայրանաք, մեղք մի՛ գործեք։ Թող արևը մայր չմտնի, քանի դեռ զայրացած եք» (Եփեսացիներ 4։26; 6։4; Սաղմոս 4։4; Կողոսացիներ 3։19

22. Որտեղի՞ց գիտենք, որ հնարավոր է խուսափել բռնությունից, անգամ եթե մեզ շրջապատող մարդիկ բռնի են։

22 Ոմանք գուցե արդարացնեն իրենց բռնի պահվածքը՝ ասելով. «Ես այդպիսին եմ, որովհետև մեծացել եմ բռնի ընտանիքում»։ Կամ՝ «Մեր երկրում մարդիկ էմոցիոնալ են ու տաքարյուն»։ Սակայն Միքիան դատապարտեց բռնությամբ լցված հարուստներին ու չարդարացրեց նրանց՝ պատճառաբանելով, որ չեն կարող փոխվել, քանի որ մեծացել են ոչ բարենպաստ միջավայրում (Միքիա 6։12)։ Նոյի օրերում երկիրը «բռնությամբ լցվեց», և նրա որդիները մեծացան այդպիսի միջավայրում։ Բայց արդյոք նրանք որդեգրեցի՞ն շրջապատի բռնությունը։ Ո՛չ։ Նրանք հետևեցին իրենց հոր օրինակին, որը «հաճություն գտավ Եհովայի աչքում», և արդյունքում փրկվեցին Ջրհեղեղից (Ծննդոց 6։8, 11–13; Սաղմոս 11։5

23, 24. ա) Ի՞նչն է օգնում մեզ հեռու մնալու բռնությունից։ բ) Ի՞նչ է Եհովան զգում, երբ մարդիկ ուրիշների հետ վարվում են այնպես, ինչպես ինքն է ուզում։

23 Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները հայտնի են որպես խաղաղարար և ոչ թե բռնի մարդիկ։ Նրանք հարգում են «կայսրի»՝ բռնությունն արգելող օրենքները և հնազանդվում դրանց (Հռոմեացիներ 13։1–4)։ «Նրանք իրենց սրերից խոփեր են կոփում» և ձգտում են հետամուտ լինել խաղաղության (Եսայիա 2։4)։ Վկաները ջանում են հագնել «նոր անձնավորությունը» և այդպիսով հեռու են մնում բռնությունից (Եփեսացիներ 4։22–26)։ Նրանք նաև հետևում են երեցների լավ օրինակին, որոնք «հարվածող» չեն ո՛չ խոսքով, ո՛չ արարքներով (1 Տիմոթեոս 3։3; Տիտոս 1։7

24 Այո՛, ուրիշների հետ մենք կարող ենք վարվել և պետք է վարվենք այնպես, ինչպես Աստված է ուզում։ Օսեեն ասում է. «Ո՞վ է իմաստուն, որ հասկանա այս բաները, և ո՞վ է խոհեմ, որ իմանա։ Եհովայի ճանապարհներն ուղիղ են, արդարները կքայլեն դրանցով» (Օսեե 14։9

a Եբրայերեն «անցնել անօրենության կողքով» փոխաբերության մասին մի գիտնական գրում է, որ այն «անհատի մտքում ստեղծում է ճանապարհորդող անձնավորության պատկեր, որն անցնում է ճանապարհի կողքով ու չի նկատում այն բաները, որոնց չի ուզում ուշադրություն դարձնել։ Այս փոխաբերության իմաստն այն չէ, որ Աստված չի նկատում մեղքը, պարզապես որոշ դեպքերում նա ուշադրություն չի դարձնում մեղքին՝ անհատին չպատժելու միտումով. նա չի պատժում, այլ ներում է»։

b Նինվեից մոտ 35 կիլոմետր դեպի հարավ-արևելք գտնվում էր Կալախ (Նիմրուդ) քաղաքը, որը վերակառուցվել էր Աշուրնասիրպալի կողմից։ Բրիտանական թանգարանում ցուցադրված են պատի վրա քանդակված ռելիեֆներ, որ բերվել են Կալախից։ Այդ մասին կարդում ենք. «Աշուրնասիրպալը ամենայն մանրամասնությամբ նկարագրում է այն վայրագությունները, որոնցով ուղեկցվել են իր արշավանքները։ Գերիներին կախում էին ցցերից կամ մեխում ցցերի վրա նվաճված քաղաքների պարիսպների մոտ.... երիտասարդ տղաներին ու աղջիկներին կենդանի մաշկում էին» (Archaeology of the Bible)։