ԳԼՈՒԽ 5
«Փնտրիր Եհովային»՝ երկրպագելով նրան ընդունելի ձևով
1. Ի՞նչ օրհնություններ ես վայելում՝ լինելով Աստծու ժողովրդի մեջ։
Ի՜ՆՉ մեծ պատիվ է ճանաչել Աստծուն, որը միշտ իրագործում է իր մարգարեությունները։ Լինելով Աստծու ժողովրդի մեջ՝ դու վայելում ես այն օրհնությունները, որոնց մասին գրել է Օսեե մարգարեն. «Քեզ պիտի նշանեմ ինձ հետ հավատարմությամբ, և դու կճանաչես Եհովային»։ Օսեեն կանխագուշակել էր, որ բաբելոնյան գերությունից վերադարձած իսրայելացիները ապրելու են ապահովության մեջ, դրախտանման պայմաններում։ Նմանապես այսօր Աստծու ժողովուրդը բարգավաճում է և ապահով է, քանի որ հոգևոր դրախտում է (Օսեե 2։18–20)։ Որպես Եհովայի վկա և Աստծուն նվիրված ծառա՝ դու կրում ես նրա անունը և, անկասկած, ուզում ես միշտ կրել այն (Եսայիա 43։10, 12; Գործեր 15։14)։
2, 3. ա) Ինչո՞ւ էր Եհովան ատում իր ժողովրդի մատուցած երկրպագությունը։ բ) Ինչո՞ւ պետք է խորհրդածենք մարգարեների խոսքերի շուրջ։
2 Իսրայելացիները Եհովային նվիրված ազգ էին։ Աստված նրանց տվել էր այնպիսի օրենքներ, որոնց նմանը ուրիշ ոչ մի ազգ չուներ (2 Օրենք 4։33–35)։ Սակայն մ.թ.ա. 9-րդ դարի վերջում Իսրայելում իրավիճակն այն աստիճան վատացավ, որ Աստված Ամոս մարգարեի միջոցով ասաց. «Ես ատում եմ, մերժում եմ ձեր տոները.... Նույնիսկ եթե ողջակեզներ՝ նվիրաբերման զոհեր մատուցեք, դրանք ինձ հաճելի չեն լինի» (Ամոս 5։21, 22)։ Թեև այս խոսքերը ուղղված չեն համաշխարհային քրիստոնեական ժողովին, բայց պատկերացրու, թե ինչ կզգայիր, եթե նմանատիպ խոսքեր լսեիր քո մատուցած երկրպագության առնչությամբ։ Կարո՞ղ ենք արժեքավոր դաս սովորել այս խոսքերից։
3 Ամոսի օրերում Աստծու ժողովուրդը պնդում էր, թե երկրպագում է Եհովային ընդունելի կերպով։ Սակայն շատերը պաշտում էին հեթանոս աստվածների, օրինակ՝ Քանանի աստված Բահաղին և հորթի ձուլածո արձանների, ինչպես նաև զոհեր էին մատուցում բարձունքներում։ Նրանք խոնարհվում էին երկնքի բոլոր զորքերի առաջ և միևնույն ժամանակ երդումներ տալիս Աստծու անունն էին օգտագործում։ Այդ պատճառով ճշմարիտ Աստված իր մարգարեներին էր ուղարկում և հորդորում ժողովրդին վերադառնալ մաքուր երկրպագությանը (2 Թագավորներ 17։7–17; 21։3; Ամոս 5։26)։ Հստակ է, ուրեմն, որ անգամ Աստծուն նվիրված ծառաները գուցե կարիք ունենան ինչ-որ բան ուղղելու իրենց վարքի կամ մտածելակերպի մեջ։ Հարկավոր է ինքնաքննություն անել և համոզվել, որ Եհովային հաճելի երկրպագություն ենք մատուցում։
«ԱՍՏԾՈՒ ՄԱՍԻՆ ԳԻՏԵԼԻՔ»
4. Ի՞նչ իրավիճակ էր տիրում Հերոբովամ II թագավորի օրոք։
4 Մտովի վերադառնանք այն ժամանակները, երբ 12 մարգարեների առաջին խումբը մարգարեանում էր Աստծու անունից։ Նրանք կանխագուշակում էին, որ Եհովայի օրը աղետաբեր է լինելու Իսրայելի տասցեղ թագավորության համար։ Սակայն թվում էր, թե ժողովուրդը բարգավաճում է։ Հովնանի մարգարեության համաձայն՝ Հերոբովամ II թագավորը վերականգնել էր Իսրայելի սահմանները՝ Դամասկոսի հյուսիսային մասից մինչև Մեռյալ ծով (2 Թագավորներ 14։24–27)։ Թեև Հերոբովամը չարիք էր գործում, բայց Եհովան համբերատարություն էր դրսևորում, քանի որ չէր ուզում երկնքի տակից բնաջինջ անել Իսրայելին։ Նրանց ժամանակ տրվեց զղջալու, «փնտրելու Եհովային և ողջ մնալու» (Ամոս 5։6)։
5. Ինչո՞ւ Եհովան մերժեց իսրայելացիներին։
5 Այո՛, բարգավաճ իսրայելացիները ժամանակ ունեին վերադառնալու Եհովայի մոտ, այսինքն՝ Աստծուն ավելի լավ ճանաչելու և անելու այն, ինչ նրան էր հաճելի։ Սակայն նրանք ինքնավստահ էին դարձել ու մտածում էին, որ «աղետը չի մոտենա, այն չի հասնի» իրենց (Ամոս 9։10)։ Իսրայելացիները մոռացել էին Եհովային, քանի որ կշտացել էին, ու նրանց սիրտը մեծամտացել էր (Օսեե 13։6)։ Սա պարզապես հին պատմություն չէ, որը ոչ մի առնչություն չունի մեզ հետ։ Ուշադրություն դարձնենք, թե ինչու Եհովան դատական գործ հարուցեց իսրայելացիների դեմ. «Քանի որ դու մերժեցիր գիտելիքները, ես էլ քեզ կմերժեմ, և դու ինձ համար իբրև քահանա չես ծառայի»։ Թեև իսրայելացիները նվիրված էին Եհովային ու ապրում էին նրան նվիրված ազգի մեջ, բայց անհատապես «Աստծու մասին գիտելիք» չունեին (Օսեե 4։1, 6)։
6. Ի՞նչ իմաստով իսրայելացիները չէին ճանաչում Աստծուն։
6 Բանն այն չէր, որ իսրայելացիները երբեք չէին լսել Աստծու խոսքերը, չէ՞ որ նրանց ծնողներին պատվեր էր տրվել սովորեցնել իրենց երեխաներին։ Գրեթե բոլորը գիտեին Աստվածաշնչում նկարագրված դեպքերը. նրանք լսել էին այդ մասին իրենց ծնողներից, ուրիշներից կամ ամեն տարի տեղի ունեցող մեծ հավաքույթների ժամանակ (Ելք 20։4, 5; 2 Օրենք 6։6–9; 31։11–13)։ Օրինակ՝ նրանք գիտեին, թե ինչ եղավ, երբ Ահարոնը ոսկե հորթ շինեց, մինչ Մովսեսը Սինա լեռան վրա ստանում էր Տասը պատվիրանները (Ելք 31։18–32։9)։ Հետևաբար, մարգարեների օրերում իսրայելացիները ինչ-որ չափով գիտեին Օրենքը, լսել էին վաղեմի պատմությունները, սակայն այդ գիտելիքները զուր էին այն իմաստով, որ նրանց չէին մղում երկրպագելու Աստծուն նրան հաճելի ձևով։
7. ա) Ինչո՞ւ իսրայելացիները այդքան հեշտ անհնազանդ դարձան։ բ) Հնարավո՞ր է արդյոք, որ քրիստոնյան «մոռանա իր Ստեղծչին»։
7 Գուցե հարցնես. «Ինչո՞ւ իսրայելացիները այդքան հեշտ անհնազանդ դարձան»։ Օսեեն նկարագրում է, թե ինչպես դա տեղի ունեցավ. «Իսրայելը մոռացավ իր Ստեղծչին» (Օսեե 8։14)։ Այս համարում օգտագործվում է հին եբրայերեն մի բայի ձև, որը մատնացույց է անում գործողության սկիզբ և կարող է թարգմանվել նաև այսպես՝ «սկսեց մոռանալ»։ Իսրայելացիները չէին տառապում հիշողության կորստից, ասես հանկարծ մոռացան Եհովային։ Նրանք ժամանակի ընթացքում մոռացան, թե որքան կարևոր է երկրպագել Եհովային նրան հաճելի ձևով։ Քո կարծիքով՝ քրիստոնյան կարո՞ղ է ընկնել այս ծուղակը։ Նկատի առնենք մի օրինակ։ Տան գլուխը, որը քրիստոնյա է, լրջորեն է վերաբերվում ընտանիքին հոգ տանելու իր պարտականությանը (1 Տիմոթեոս 5։8)։ Ինչ խոսք, աշխատանքը նրա համար կարևոր է։ Բայց ինչ-ինչ պատճառներով նա որոշում է բաց թողնել մի քանի ժողովի հանդիպում, որ ավելի շատ աշխատի։ Ժամանակի ընթացքում ժողովի հանդիպում բաց թողնելը դառնում է սովորություն, և նա սկսում է հաճախ այդպես վարվել։ Կամաց-կամաց թուլանում է Աստծու հետ նրա մտերմությունը, և նա սկսում է մոռանալ իր Ստեղծչին։ Նման բան կարող է պատահել նաև այն քրիստոնյային, որի ծնողները կամ բարեկամները չունեն նույն կրոնական համոզմունքները։ Այդպիսի քրիստոնյան պետք է որոշի, թե որքան ժամանակ անցկացնի նրանց հետ ու երբ (Ելք 20։12; Մատթեոս 10։37)։ Իսկ որքա՞ն ժամանակ պետք է տրամադրել սիրած հոբբիին, զվարճություններին կամ ճանապարհորդություններին։
8. Ի՞նչ նկատի ուներ Ամոսը՝ օգտագործելով «մաքուր ատամներ» արտահայտությունը։
8 Ուսումնասիրելով Աստծու Խոսքը՝ մենք բավական գիտելիքներ ենք ստանում ու դրանք կիրառում մեր կյանքում։ Այդուհանդերձ, լավ կլինի, որ մեզնից յուրաքանչյուրը խորհրդածի «Ամոս» գրքում օգտագործված մի արտահայտության շուրջ՝ «մաքուր ատամներ»։ Աստված Ամոսի միջոցով իր ժողովրդին նախազգուշացրեց. «Ձեզ սովի մատնեցի [«ձեզ մաքուր ատամներ տվեցի», ծնթ.] ձեր բոլոր քաղաքներում և այնպես արեցի, որ հացի կարոտ լինեք ձեր բնակության բոլոր վայրերում» (Ամոս 4։6)։ Նրանց ատամները մաքուր էին ոչ թե այն պատճառով, որ խոզանակով էին մաքրվել, այլ որ նրանք սովի էին մատնվել և ուտելու բան չունեին։ Ավելին, իսրայելացիներին զգուշացվել էր, որ «ոչ թե հացի սով և ոչ թե ջրի ծարավ, այլ Եհովայի խոսքը լսելու սով» է լինելու (Ամոս 8։11)։
9, 10. ա) Ինչպե՞ս է հնարավոր, որ քրիստոնյան հոգևոր քաղցի մեջ ընկնի։ բ) Ինչո՞ւ պետք է զգոն լինենք ու գիտակցենք, որ հոգևոր սովի մեջ ընկնելու վտանգ կա։
9 Այն, ինչի մասին նշեց Ամոսը, այսօր տեսնում ենք քրիստոնյա աշխարհում, որը ողբալի վիճակում է։ Սակայն ողջ աշխարհում Աստծու ժողովրդի համար բաց են «երկնքի պատուհանները»։ Նրանք հոգևոր առատության մեջ են (Մաղաքիա 3։10; Եսայիա 65։13, 14)։ Այդուհանդերձ, լավ կլինի, որ յուրաքանչյուր քրիստոնյա ինքն իրեն հարցնի. «Լիարժեքորե՞ն եմ օգտվում հոգևոր կերակուրից»։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն կենդանիները, որոնց ուղեղում քաղցի կենտրոնը վնասված է, կորցնում են իրենց ախորժակը և անգամ ուտելիքի առատության դեպքում սովամահ են լինում։ Հնարավո՞ր է արդյոք, որ քրիստոնյայի «քաղցի կենտրոնը» վնասվի և, նա, չնայած հոգևոր սննդի առատությանը, սովամահ լինի։
10 Նկատի առ քո հանգամանքները և մտածիր. Եհովան հոգևոր առատ կերակուր էր տալիս իսրայելացիներին։ Նրանք ունեին Օրենքը, որի շնորհիվ կարող էին ամրացնել Աստծու հետ իրենց փոխհարաբերությունները։ Գործում էր հոգևոր կրթական ծրագիր, որի համաձայն՝ ծնողները սովորեցնում էին իրենց երեխաներին՝ Աստծու մասին գիտելիքներ սերմանելով նրանց մեջ։ Կային մարգարեներ, որոնք օգնում էին հասկանալու Աստծու կամքը։ Չնայած այս ամենին՝ իսրայելացիները սկսեցին մոռանալ Եհովային։ Աստվածաշունչը տեղեկացնում է, որ նրանք Օսեեի օրերում նյութապես «կշտացան, ու [նրանց] սիրտը մեծամտացավ» (Օսեե 13։6; 2 Օրենք 8։11; 31։20)։ Եթե չենք ուզում, որ նյութականի մասին մտահոգությունները ստվեր գցեն Աստծու հետ ունեցած մեր փոխհարաբերության վրա, ապա պետք է զգոն լինենք ու գիտակցենք, որ հոգևոր սովի մեջ ընկնելու վտանգ կա (Սոփոնիա 2։3)։
ԻՆՉՆ Է ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ
11, 12. ա) Օզիա թագավորի օրոք ինչո՞ւ էին մարգարեները քաջալերում ժողովրդին վերադառնալ Եհովայի մոտ։ բ) Հովելի խոսքերի համաձայն՝ ի՞նչ պետք է անեին իսրայելացիները։
11 Այն ժամանակ, երբ Իսրայելում կառավարում էր Հերոբովամ II-ը, Հուդայում իշխում էր Օզիան (հայտնի է նաև Ազարիա անունով)։ Վերջինս ընդլայնեց իր տիրապետության տակ եղող տարածքները, ինչպես նաև շինարարական աշխատանքներ կազմակերպեց Երուսաղեմում։ Օզիան «անչափ հզորացավ», քանի որ «ճշմարիտ Աստվածը նրան հաջողություն էր տալիս»։ Նա «արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում», և «ձգտում էր փնտրել Աստծուն»։ Սակայն Հուդայում շատերը շարունակում էին զոհեր մատուցել բարձունքների վրա (2 Տարեգրություն 26։4–9)։
12 Թեև Հուդայի և Իսրայելի բնակիչները կրում էին Աստծու անունը, բայց նրանց երկրպագության մեջ կային Եհովային տհաճեցնող տարրեր։ Մարգարեները փորձում էին նրանց օգնել ճշմարիտ երկրպագությունը զատորոշելու կեղծ երկրպագությունից։ «Վերադարձեք ինձ մոտ ամբողջ սրտով, ծոմ պահելով, լաց լինելով և ողբալով»,— աղաչում էր Աստված Հովելի միջոցով (Հովել 2։12)։ Ուշադրություն դարձրու. Աստված ուզում էր, որ իր ժողովուրդը վերադառնա իր մոտ «ամբողջ սրտով»։ Այո՛, խնդիրը նրանց սիրտն էր (2 Օրենք 6։5)։ Թվում էր՝ նրանք երկրպագում էին Եհովային, բայց նրանց սիրտը ամբողջովին նվիրված չէր նրան։ Մարգարեների միջոցով Եհովան կրկին ու կրկին շեշտում էր իր սիրառատ բարության, արդարության և հեզության մասին, իսկ այս հատկությունները սրտից են բխում (Մատթեոս 23։23)։
13. Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեին գերությունից վերադարձած հրեաները։
13 Այժմ տեսնենք, թե ինչ եղավ այն բանից հետո, երբ հրեաները վերադարձան հայրենիք։ Թեև ճշմարիտ երկրպագությունը վերականգնվեց՝ Օրենքի պահանջների համաձայն, բայց չենք կարող ասել, որ ամեն բան լավ էր։ Հրեաները ծոմ էին պահում այն օրերին, որոնք կապ ունեին Երուսաղեմի կործանման հետ։ «Մի՞թե ինձ համար էիք ծոմ պահում»,— հարցրեց Եհովան։ Քաղաքի ավերումը Աստծու արդարության դրսևորումն էր, ուստի ծոմ պահելու և ողբալու կարիք չկար։ Անցյալին նայելու և ծոմ պահելու փոխարեն՝ հարկավոր էր ցնծալ և ուրախ տոներ կազմակերպել և ուրախանալ այն օրհնություններով, որ բերում էր ճշմարիտ երկրպագությունը (Զաքարիա 7։3–7; 8։16, 19)։ Սակայն հարկավոր էր նաև ուրիշ բանի ուշադրություն դարձնել։ Իսկ ինչի՞ն։ «Դատեք ճշմարիտ արդարության համաձայն, իրար հանդեպ սիրառատ բարություն ու ողորմություն ցույց տվեք.... և ձեր սրտերում իրար հանդեպ չար բան մի՛ ծրագրեք» (Զաքարիա 7։9, 10)։ Բոլորս կարող ենք մեծ օգուտներ քաղել այն ամենից, ինչ մարգարեները սովորեցրել են ամբողջ սրտով Աստծուն երկրպագելու վերաբերյալ։
14. ա) Աստծուն ընդունելի ձևով երկրպագելու համար ի՞նչ պետք է անեին գերությունից վերադարձած հրեաները։ բ) Ըստ մարգարեների՝ ի՞նչն էր առավել կարևոր երկրպագության մեջ։
14 Ի՞նչ է ներառում ամբողջ սրտով երկրպագությունը։ Իսկ ի՞նչ էր ակնկալվում Աստծու ժողովրդից թե՛ գերությունից առաջ, թե՛ հետո։ Ինչպես գիտենք, հարկավոր էր հետևել Աստծու բարոյական բարձր չափանիշներին։ Բացի այդ, Օրենքում կային կոնկրետ պահանջներ, օրինակ՝ միասին հավաքվել Աստծու կամքը լսելու և սովորելու համար։ Աստված նաև իր մարգարեների միջոցով ցույց էր տվել, թե որքան կարևոր է սիրառատ բարություն, արդարություն, հեզություն, ողորմություն և համեստություն զարգացնել ու դրսևորել։ Ուշադրություն դարձրու, թե ինչպես է Եհովան շեշտում այս հատկությունների կարևորությունը. «Ինձ սիրառատ բարությունն է հաճելի, ոչ թե զոհերը, Աստծու մասին գիտելիքները, ոչ թե ողջակեզները»։ «Ձեզ համար արդարությամբ սերմեք և սիրառատ բարությամբ հնձեք» (Օսեե 6։6; 10։12; 12։6)։ Միքիան ասաց. «Մի՞թե Եհովան, բացի արդարություն գործադրելուց, բարություն սիրելուց և քո Աստծու հետ համեստությամբ քայլելուց, ուրիշ որևէ բան է պահանջում քեզանից» (Միքիա 6։6–8)։ Իսկ Սոփոնիա մարգարեն Աստծու ժողովրդին հորդորեց. «Փնտրե՛ք Եհովային, ո՛վ երկրի բոլոր հեզեր.... որոնե՛ք արդարություն, որոնե՛ք հեզություն» (Սոփոնիա 2։3)։ Եթե ուզում ենք երկրպագել Աստծուն նրան ընդունելի ձևով, մենք նույնպես պետք է զարգացնենք այս հատկությունները։
15. Ինչո՞ւ է հատկություններ զարգացնելը կարևոր Աստծուն մատուցած մեր երկրպագության մեջ։
15 Վերոհիշյալ հատկությունները ի՞նչ դեր ունեն Աստծուն մատուցած մեր երկրպագության մեջ։ Ահա մի օրինակ։ Դու գիտես, որ Թագավորության բարի լուրը քարոզելը շատ կարևոր է (Մատթեոս 24։14; Գործեր 1։8)։ Բայց հարցրու ինքդ քեզ. «Քարոզելը համարում եմ ծանր պարտականությո՞ւն, թե՞ հնարավորություն օգնելու նրանց, ովքեր կարիք ունեն լսելու կյանքեր փրկող այս լուրը։ Մարդկանց հանդեպ ողորմա՞ծ եմ»։ Այո՛, ողորմածությունն ու սիրառատ բարությունը պետք է մղեն մեզ զգուշացնելու մարդկանց Եհովայի օրվա մասին։ Իսկ արդարությունը պետք է մղի մեզ այդ լուրը հայտնելու ամեն տեսակ մարդկանց (1 Տիմոթեոս 2։4)։
16, 17. Ինչո՞ւ են հեզությունն ու համեստությունը կարևոր երկրպագության մեջ։
16 Նկատի առնենք մեկ ուրիշ օրինակ։ Քրիստոնեական հանդիպումները, ինչպես գիտես, շատ կարևոր են (Եբրայեցիներ 10։24, 25)։ Մտածե՞լ ես, թե հեզությունն ու համեստությունը ինչ կապ ունեն ժողովի հանդիպումների հետ։ Հեզ մարդը խոնարհ է այնքան, որ ընդունում է իրեն տրված խորհուրդը և կիրառում է սովորածը ու այդպիսով վարվում Եհովայի արդար չափանիշների համաձայն։ Համեստ անհատը գիտակցում է իր սահմանափակ կարողությունները և հասկանում, որ քաջալերանքի ու գիտելիքների կարիք ունի, ինչը կարող է ստանալ ժողովի հանդիպումների ժամանակ։
17 Այս օրինակները ցույց են տալիս, թե ինչ կարող ենք սովորել մարգարեներից։ Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե վերոնշյալ պարբերությունները կարդալիս նկատում ես, որ որոշ հարցերում փոփոխություններ անելու կարիք կա։ Կամ ի՞նչ անել, եթե լուրջ սխալներ ես գործել, և այդ մասին հիշողությունները ժամանակ առ ժամանակ տանջում են քեզ։ 12 մարգարեները կարող են մխիթարել ու օգնել քեզ։
ՎԵՐԱԴԱՐՁԻ՛Ր...
18. ա) Հատկապես ո՞ւմ համար են մխիթարական 12 մարգարեների խոսքերը։ բ) Ի՞նչ ես զգում, երբ իմանում ես, որ Եհովան խնդրում է իր ժողովրդին վերադառնալ իր մոտ։
18 Ինչպես տեսանք, 12 մարգարեները միայն դատապարտության խոսքեր չեն արձանագրել։ Նրանք նկարագրել են Եհովային որպես մի անձնավորություն, ով հորդորում է իր ժողովրդին վերառանալ իր մոտ։ Մտածիր, թե ինչ զգացմունքներ են արտահայտված Օսեեի խոսքերում. «Եկեք հետ դառնանք Եհովայի մոտ, որովհետև նա պատառեց, նա էլ կբուժի մեզ, նա հարվածեց, նա էլ կկապի մեր վերքերը.... Մենք կճանաչենք Եհովային, կձգտենք նրան ավելի լավ ճանաչել» (Օսեե 6։1–3)։ Ճիշտ է, արդար լինելով՝ Եհովան դատաստան տեսավ սկզբում Իսրայելի, հետո Հուդայի հետ, սակայն իսրայելացիները պետք է հասկանային, որ Եհովան այդ քայլերն անում է իրենց հոգևոր առողջությունը վերականգնելու համար (Եբրայեցիներ 12։7–13)։ Եթե այդ ըմբոստ ժողովուրդը վերադառնար Եհովայի մոտ, նա «կբուժեր» ու «կկապեր նրանց վերքերը»։ Պատկերացրու մի մարդու, որը ծնկի է գալիս, որ կապի վիրավորված անհատի վերքը։ Իսկ հիմա պատկերացրու, որ այդ ծնկի եկած անհատը Եհովան է։ Ինչպիսի՜ ողորմություն... Եհովան կապում է այն բոլոր մարդկանց վերքերը, ովքեր իր մոտ են գալիս։ Մի՞թե չենք մղվի Աստծու մոտ վերադառնալու, եթե մեղք գործենք նրա դեմ (Հովել 2։13)։
19. Ի՞նչ է նշանակում ճանաչել Եհովային։
19 Ի՞նչ է հարկավոր անել Աստծու մոտ վերադառնալու համար։ Օսեեն հիշեցնում է, որ հարկավոր է ոչ միայն «ճանաչել», այլև «ավելի լավ ճանաչել» Աստծուն։ Օսեե 6։3 համարի վերաբերյալ ժամանակակից մի աշխատության մեջ նշվում է. «Աստծու մասին ինչ-որ բան իմանալը և նրան ճանաչելը տարբեր բաներ են, ինչպես որ նույնը չէ, երբ անհատը կարդում է սիրո մասին, և երբ ինքն է սիրահարվում»։ Մենք չպետք է բավարարվենք Եհովայի մասին լոկ մակերեսային գիտելիքներ ունենալով։ Նա պետք է իրական լինի մեզ համար, պետք է լինի մեր մտերիմ Ընկերը, որին կարող ենք դիմել ցանկացած պահի (Երեմիա 3։4)։ Եթե դու Աստծու հետ նման փոխհարաբերություններ ունես, ապա կհասկանաս, թե ինչ է նա զգում՝ տեսնելով քո վարքը։ Այդ բանի գիտակցումը կօգնի քեզ երկրպագելու Եհովային այնպես, ինչպես ինքն է ուզում։
20, 21. Ինչպե՞ս Հովսիա թագավորը ցույց տվեց, որ թանկ է համարում Աստծու մասին գիտելիքները։
20 Հովսիա թագավորը հիանալի օրինակ է այն հարցում, թե ինչ վերաբերմունք պետք է ունենանք ճշմարիտ երկրպագության հանդեպ։ Երբ նա գահ բարձրացավ, երկրում սոսկալի վիճակ էր. կռապաշտություն, բռնություն, խաբեություն։ Այդ ամենը Մանասե և Ամոն թագավորների իշխանության հետևանքն էր (2 Թագավորներ 21։1–6, 19–21)։ Սոփոնիայի հորդորը՝ «փնտրել Եհովային», մեծ ազդեցություն ունեցավ Հովսիայի վրա. «Նա սկսեց փնտրել իր հայր Դավթի Աստծուն»։ Թագավորը սկսեց մաքրել Հուդան կռապաշտությունից և շարունակեց այդ մեծ արշավը նաև հյուսիսային թագավորության տարածքում (Սոփոնիա 1։1, 14–18; 2։1–3; 3։1–4; 2 Տարեգրություն 34։3–7)։
21 Հովսիան շարունակեց փնտրել Եհովային նաև երկիրը կռապաշտությունից մաքրելուց հետո։ Նա հրամայեց վերանորոգել տաճարը։ Շինարարական աշխատանքների ժամանակ գտնվեց «Եհովայի օրենքի գիրքը, որը Մովսեսի ձեռքով էր գրված», ակներևաբար Օրենքի բնագիր տեքստը։ Ինչպե՞ս Հովսիան արձագանքեց, երբ ընթերցվեց այդ գիրքը։ «Երբ թագավորը լսեց օրենքի խոսքերը, պատռեց իր հանդերձները»։ Նա նաև «պատռեց իր սիրտը» և անհապաղ գործի անցավ։ Հովսիան չփորձեց արդարանալ՝ պատճառաբանելով, որ արդեն իսկ շատ բան է արել։ Հիշո՞ւմ ես՝ ինչ եղավ այդ կրոնական բարեփոխումների արդյունքում։ «Բոլոր օրերում [Իսրայելի որդիները] չխոտորվեցին իրենց հայրերի Աստված Եհովային հետևելուց» (2 Տարեգրություն 34։8, 14, 19, 21, 30–33; Հովել 2։13)։
22. Ինչո՞վ է Հովսիայի օրինակը օգտակար մեզ համար։
22 Հարցրու ինքդ քեզ. «Իսկ ե՞ս ինչպես կարձագանքեի։ Հովսիայի նման՝ ականջ կդնեի՞ մարգարեների խոսքերին։ Փոփոխություններ կանեի՞ իմ վարքի ու մտածելակերպի մեջ»։ Թեև չենք ապրում Հովսիայի և Սոփոնիայի օրերում, այդուհանդերձ կարևոր է արձագանքել Աստծուց եկող բոլոր խոսքերին ու խորհուրդներին։ Ուստի եթե քրիստոնյան իր սրտի խորքում զգում է, որ ինչ-որ բան պետք է փոխի իր ապրելակերպի ու երկրպագության մեջ, ապա 12 մարգարեների ասած խոսքերի շուրջ խորհրդածելը կմղի նրան գործերի (Եբրայեցիներ 2։1)։
23. Ի՞նչ պետք է անես, եթե զգում ես, որ հարկավոր է որոշ ոլորտներում փոփոխություններ անել։
23 Հնարավոր է՝ երբեմն ունենում ես այնպիսի զգացմունքներ, ինչպիսին ունեցավ Հովնանը, երբ մեծ ձկան փորում էր. «Քո աչքերի առաջից ես քշվեցի։ Արդյոք նորից կտեսնե՞մ քո սուրբ տաճարը» (Հովնան 2։4)։ Բայց որքա՜ն են մեզ՝ անկատար ու սխալական մարդկանցս, մխիթարում Եհովայի խոսքերը. «Վերադարձեք ինձ մոտ, ու ես կվերադառնամ ձեզ մոտ» (Մաղաքիա 3։7)։ Եթե զգում ես, որ պետք է ամրացնես Եհովայի հետ քո փոխհարաբերությունները, համոզված եղիր, որ ժողովի երեցները պատրաստ են օգնելու քեզ։ Սակայն ինչպես մեքենա վարելու պարագայում է, այնպես էլ այս դեպքում առաջինը դու պետք է գործի անցնես։ Երբ միացնում ես շարժիչը և տեղից շարժվում, հեշտությամբ շարունակում ես ընթացքը։ Դու կարող ես վստահ լինել, որ Եհովան կընդունի քեզ ու կօգնի, քանի որ նա «գթառատ ու ողորմած է, չի շտապում բարկանալ և լի է սիրառատ բարությամբ» (Հովել 2։12–14)։ Անկասկած, մարգարեների խոսքերը զորացնում են բոլոր նրանց, ովքեր ձգտում են երկրպագել Աստծուն այնպես, ինչպես նրան է ընդունելի։