ԳԼՈՒԽ 10
Ամեն օր հարցնո՞ւմ ես՝ «ուր է Եհովան»
1, 2. ա) Ինչպիսի՞ն էր Երեմիայի օրերում ապրող հրեաների հոգևոր վիճակը։ բ) Ինչպե՞ս պետք է հրեաները վարվեին։
ԵՐԵՄԻԱՆ արտասվում էր։ Նրան մտահոգում էր իր ժողովրդի թե՛ ներկա վիճակը, թե՛ ապագան։ Նա գիտեր ու մարգարեացել էր, թե Աստված ինչ էր անելու նրանց։ Երեմիան փափագում էր, որ «իր գլուխը ջրեր լիներ, և աչքերը՝ արտասուքի աղբյուր», որպեսզի անդադար լաց լիներ։ Հրեա ազգի հոգևոր վիճակը, իրոք որ, ողբալի էր (Երեմ. 9։1–3; կարդա՛ Երեմիա 8։20, 21)։ Նրանք շարունակ մերժում էին Աստծու օրենքը և չէին հնազանդվում նրա ձայնին։ Այդ պատճառով էլ Եհովան նրանց վրա չարիք էր բերելու (Երեմ. 6։19; 9։13)։
2 Սակայն Հուդայի բնակիչներին ամենևին էլ չէր հետաքրքրում այն, թե Եհովան ինչ կարծիք ուներ իրենց մասին։ Նրանք նախընտրում էին լսել իրենց կրոնական առաջնորդներին, որոնք ասում էին, թե ամեն ինչ լավ է (Երեմ. 5։31; 6։14)։ Հրեա ազգը նման էր հիվանդի, որ սիրում է գնալ այնպիսի բժշկի մոտ, որը հանգստացնում է խոսքերով, բայց հիվանդին չի հայտնում լուրջ առողջական խնդրի մասին։ Եթե դու լուրջ հիվանդություն ունենայիր, չէի՞ր ուզի, որ բժիշկը ճշգրտորեն ախտորոշեր քո հիվանդությունը, որպեսզի անհապաղ բուժվեիր։ Երեմիայի օրերի հրեաները պետք է ցանկանային իմանալ, թե իրականում ինչպիսին է իրենց հոգևոր վիճակը։ Նրանք պետք է հարցնեին. «Ո՞ւր է Եհովան» (Երեմ. 2։6, 8)։
3. ա) Ի՞նչ էր նշանակում հարցնել՝ «ուր է Եհովան»։ բ) Ո՞րն էր Եհովային փնտրելու կերպերից մեկը։
3 Իսկ ի՞նչ էր նշանակում հարցնել՝ «ուր է Եհովան»։ Դա նշանակում էր, որ հրեաները թե՛ մեծ, թե՛ փոքր հարցերում պետք է Եհովայի առաջնորդությունը փնտրեին։ Սակայն այդ ժամանակ նրանք այդպես չվարվեցին։ Բայց ինչպես մարգարեացվել էր, Երուսաղեմի կործանումից հետո, երբ որոշ ժամանակ անց նրանք վերադառնային Բաբելոնի գերությունից, «կփնտրեին» Աստծուն։ Այդպիսով նրանք «կգտնեին», այսինքն՝ կհասկանային նրա ճանապարհները (կարդա՛ Երեմիա 29։13, 14)։ Իսկ ինչպե՞ս պետք է դա անեին։ Կերպերից մեկը անկեղծ աղոթքով Աստծուց առաջնորդություն խնդրելն էր։ Այս հարցում լավ օրինակ է Դավիթ թագավորը։ Նա խնդրեց Աստծուն. «Ճանաչեցրո՛ւ ինձ քո ճանապարհները, ո՛վ Եհովա, սովորեցրո՛ւ ինձ քո շավիղները» (Սաղ. 25։4)։ Ահա թե ինչ հրավեր տվեց աղոթքներ Լսողը Սեդեկիա թագավորի իշխանության տասներորդ տարում. «Կանչիր ինձ, ու ես կպատասխանեմ քեզ և մեծամեծ ու անհասկանալի բաներ կպատմեմ, որոնք դու չգիտես» (Երեմ. 33։3)։ Այո՛, եթե թագավորն ու ապստամբ հրեաները կանչեին Աստծուն, նա «անհասկանալի բաներ» կբացատրեր նրանց՝ կհայտներ այն մասին, որ Երուսաղեմը պիտի ամայանար և դրանից յոթանասուն տարի հետո վերականգնվեր։
4, 5. Ուրիշ ի՞նչ կերպերով կարող էին հրեաները փնտրել Եհովային։
4 Հրեաները նաև կարող էին Եհովային փնտրել՝ քննելով, թե նա ինչպես է վարվել իր ժողովրդի հետ անցյալում։ Այդպիսով նրանք կարող էին տեսնել, թե ինչն էր Աստծուն հաճեցնում և ինչն էր բարկացնում։ Նրանք իրենց ձեռքի տակ ունեին Մովսեսի գրքերը, մի շարք պատմական արձանագրություններ, ինչպես նաև Իսրայելի և Հուդայի թագավորների տարեգրությունները։ Դրանց շուրջ խորհրդածելով և Աստծու ճշմարիտ մարգարեներին լսելով՝ հրեաները կգտնեին «ուր է Եհովան» հարցի պատասխանը։
5 Իսկ մյուս կերպը, թե ինչպես նրանք կարող էին փնտրել Եհովային, իրենց անձնական փորձից և ուրիշների օրինակից սովորելն էր։ Սա չի նշանակում, որ նրանք պետք է պարտադիր իրենց սխալներից սովորեին։ Բայց ամեն դեպքում նրանց համար օգտակար կլիներ քննել իրենց գործերը և տեսնել, թե Եհովան ինչպես է վերաբերվում դրանց։ Եթե նրանք ուշադիր ինքնաքննություն կատարեին, կհասկանային Աստծու տեսակետը (Առակ. 17։10)։
6. Հոբի օրինակը ինչո՞վ կարող է քաջալերական լինել քեզ համար։
6 Տեսնենք, թե սա ինչպես կարելի է կիրառել մեր օրերում։ Երբ որոշում կայացնելու կամ ընտրություն կատարելու առաջ ես կանգնում, հարցնո՞ւմ ես՝ «ուր է Եհովան»։ Ոմանք գուցե նկատեն, որ այդքան էլ հաճախ չեն տալիս այս հարցը։ Եթե զգում ես, որ դու էլ ես այդ մարդկանց թվում, մի՛ հուսահատվիր։ Նույնիսկ հավատարիմ Հոբ նահապետը թերացավ այս հարցում։ Ծանր փորձությունների ներքո նա կենտրոնացավ իր անձի վրա։ Հոբի ընկերներից մեկը՝ Եղիուսը, նրան հիշեցրեց, որ երբ մարդիկ դժվարությունների են բախվում, մոռանում են հարցնել. «Որտե՞ղ է Աստված՝ իմ Մեծ Ստեղծիչը» (Հոբ 35։10)։ Եղիուսը քաջալերեց Հոբին՝ ասելով. «Ուշադիր եղիր Աստծու զարմանահրաշ գործերի հանդեպ» (Հոբ 37։14)։ Հոբը պետք է ուշադրություն դարձներ Եհովայի զորավոր գործերի վրա՝ քննելով ստեղծագործությունը և տեսնելով, թե Աստված ինչպես է վարվում մարդկանց հետ։ Հոբն իր փորձից հասկացավ Եհովայի ճանապարհները։ Նա դիմացավ իր փորձություններին և տեսավ, թե Եհովան ինչպես վերջ դրեց իր տառապանքներին։ Այս ամենից հետո նա ասաց. «Ես խոսում էի, բայց չէի հասկանում ինձ համար չափազանց հիասքանչ բաները, որոնք ես չգիտեմ։ Ականջովս լսել եմ քո մասին, բայց հիմա աչքս է տեսնում քեզ» (Հոբ 42։3, 5)։
7. Ի՞նչ ենք քննարկելու այս գլխում (տե՛ս նաև 116–րդ էջի նկարը)։
7 Իսկ ինչ վերաբերում է Երեմիա մարգարեին, նա շարունակեց փնտրել Եհովային և գտավ նրան։ Նա նման չէր իր հայրենակիցներին։ Տասնյակ տարիներ Եհովային հավատարմորեն ծառայելով՝ նա հարցնում էր. «Ո՞ւր է Եհովան»։ Այս գլխում կքննարկենք Երեմիայի օրինակը և կտեսնենք, թե ինչպես կարող ենք փնտրել Եհովային և գտնել նրան աղոթքի, ուսումնասիրության և մեր անցած ուղին քննելու միջոցով (1 Տար. 28։9)։
Ի՞նչ է նշանակում հարցնել՝ «ուր է Եհովան»։ Երեմիայի օրերում ապրող հրեաները ինչպե՞ս կարող էին դա անել։
ԵՀՈՎԱՅԻՆ ՓՆՏՐԵԼ ԱՂՈԹՔԻ ՄԻՋՈՑՈՎ
8. Ինչպիսի՞ իրավիճակներում էր Երեմիան դիմում Եհովային աղոթքով։
8 Երեմիան տարիներ շարունակ Եհովայի խոսնակն էր։ Ծառայության այդ տարիներին նա հաճախ էր Եհովային սրտագին աղոթում։ Օրինակ՝ երբ պետք է այնպիսի լուր հռչակեր, որը մարդկանց դուր չէր գալու, կամ երբ թվում էր, թե իր ուժերը սպառվել են, կամ էլ երբ ինչ–որ բան անհասկանալի էր, նա միշտ Եհովային էր դիմում օգնության համար։ Իսկ Աստված պատասխանում էր նրան և առաջնորդում։ Քննարկենք մի քանի օրինակ։
9. ա) Երեմիան ինչի՞ մասին աղոթեց, և ինչպե՞ս պատասխանեց Եհովան։ բ) Քո կարծիքով՝ ինչո՞ւ է կարևոր աղոթքներում խոսել մեր զգացմունքների մասին։
9 Մի անգամ, երբ Երեմիան ժողովրդին խիստ պատգամ հայտնեց, բոլորը սկսեցին անիծել նրան։ Ուստի մարգարեն աղերսեց Եհովային, որ հիշի իրեն։ Իր աղոթքում, որն արձանագրված է Երեմիա 15։15, 16–ում, մարգարեն արտահայտեց իր զգացմունքները (կարդա՛)։ Սկզբում նա պատմեց իր ցավը, իսկ հետո՝ թե ինչ զգաց, երբ Աստծուց օգնություն ստացավ։ Երբ նա գտավ Աստծու խոսքը և «կերավ», նրա սիրտն ուրախությամբ լցվեց։ Եհովան նրան օգնեց գնահատելու իր անունից խոսելու և իր պատգամները հաղորդելու առանձնաշնորհումը։ Երեմիան սկսեց իրերին նայել Եհովայի տեսանկյունից։ Ի՞նչ ենք սովորում այս դեպքից։
10. Ինչպե՞ս արձագանքեց Եհովան, երբ Երեմիան ասաց, որ այլևս չի խոսելու նրա անունից։
10 Հիշենք մեկ այլ դեպք։ Երբ Եմմերի որդի Փասուր քահանան նրան չարչարանքի ենթարկեց, նա աղոթքով դիմեց Եհովային ու ասաց, որ այլևս չի խոսելու Նրա անունից։ Ինչպե՞ս արձագանքեց Եհովան նրա խոսքերին (կարդա՛ Երեմիա 20։8, 9)։ Նա երկնքից չխոսեց Երեմիայի հետ։ Բայց նրա խոսքը Երեմիայի ոսկորների մեջ վառվող կրակի պես դարձավ, և նա չկարողացավ լուռ մնալ։ Այո՛, քանի որ նա անկեղծորեն արտահայտեց իր զգացմունքները և ձգտեց կատարել Աստծու կամքը, չնայած ամբողջությամբ չգիտեր, թե դա ինչ է ներառում, նա կարողացավ շարունակել իրեն հանձնարարված գործը։
11, 12. Ինչպե՞ս պատասխանվեց Երեմիային հուզող հարցը։
11 Երեմիային հուզում էր այն հարցը, թե ինչու է ամբարիշտների ճանապարհը հաջողվում (կարդա՛ Երեմիա 12։1, 3)։ Մարգարեն հարցականի տակ չէր դնում Աստծու արդարությունը, այլ ուզում էր իրեն անհանգստացնող հարցի պատասխանը գտնել։ Այս զրույցից երևում է, թե որքան մտերիմ էր Երեմիան Եհովայի հետ, քանի որ նա ազատ ու անկաշկանդ էր նրա հետ խոսում, ինչպես որ երեխան ազատորեն կխոսեր իր սիրելի հոր հետ։ Երեմիայի համար ուղղակի անհասկանալի էր, թե ինչու են շատ հրեաներ, ամբարիշտ լինելով հանդերձ, բարգավաճում։ Երեմիան ստացա՞վ սպառիչ պատասխան։ Այո՛։ Եհովան նրան հավաստիացրեց, որ արմատախիլ է անելու ամբարիշտներին (Երեմ. 12։14)։ Երբ Երեմիան տեսավ այս խոսքերի իրականացումը, նրա վստահությունը Աստծու արդարության հանդեպ ավելի զորացավ, և նա, անկասկած, ավելի հաճախակի սկսեց աղոթել՝ իր Հորը անկեղծորեն պատմելով իր զգացմունքների մասին։
12 Սեդեկիայի իշխանության վերջում, երբ բաբելոնացիները պաշարել էին Երուսաղեմը, Երեմիան Եհովայի մասին ասաց, որ նրա «աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա, որպեսզի յուրաքանչյուրին հատուցի իր ճանապարհի և իր գործերի պտղի համեմատ» (Երեմ. 32։19)։ Երեմիան լիովին համոզվել էր, որ Եհովան արդար Աստված է. նա իսկապես տեսնում է բոլորի գործերը և լսում է իր ծառաների անկեղծ աղոթքները։ Ժամանակի ընթացքում նրա ծառաները ավելի ու ավելի կհամոզվեին, որ նա «յուրաքանչյուրին հատուցում է իր ճանապարհի և իր գործերի պտղի համեմատ»։
13. Ինչո՞ւ ես վստահ, որ Եհովայի կամքն անպայման կկատարվի։
13 Նույնիսկ եթե մեր մտքում չենք կասկածում Աստծու արդարությանը և վստահ ենք, որ նա իր կամքը կատարում է իմաստությամբ, կարող ենք օգուտներ քաղել՝ խորհրդածելով Երեմիայի օրինակի շուրջ։ Նրա պես՝ մենք էլ կարող ենք մեր աղոթքներում Եհովային ասել, թե ինչ ենք զգում։ Այդպես վարվելով՝ ավելի կհամոզվենք նրանում, որ Եհովայի կամքը անշուշտ կատարվելու է։ Օրինակ՝ գուցե լիովին չենք հասկանում, թե ինչու է այս կամ այն դեպքը տեղի ունենում, կամ գուցե մեզ թվում է, թե Եհովան դանդաղում է։ Բայցևայնպես կարող ենք մեր աղոթքներում Եհովային հայտնել, որ վստահում ենք իրեն, քանի որ գիտակցում ենք, որ ամեն ինչ իր հսկողության տակ է և որ իր կամքը կկատարվի ճիշտ ձևով և ճիշտ ժամանակին։ Սրանում կասկածելու ոչ մի հիմք չունենք։ Եթե մեր աղոթքները ցույց են տալիս, որ ուզում ենք հասկանալ Աստծու կամքը և տեսնել այն իրականացած, ապա կարելի է ասել՝ հարցնում ենք. «Ո՞ւր է Եհովան» (Հոբ 36։5–7, 26)։
Քննելով Երեմիայի աղոթքները՝ ինչո՞ւմ ես համոզվում։
ԱՆՁՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՕԳՈՒՏՆԵՐԸ
14. Որտեղի՞ց գիտենք, որ Երեմիան ուսումնասիրել է Աստծու ժողովրդի պատմությունը։
14 Երեմիան գիտեր, որ «ուր է Եհովան» հարցին ավելի լիարժեք պատասխան ստանալու համար հարկավոր է լավ ճանաչել Աստծուն (Երեմ. 9։24)։ Քանի որ Երեմիան է գրել 1–ին և 2–րդ «Թագավորներ» գրքերը, պետք է որ լավ ուսումնասիրած լիներ Աստծու ժողովրդի պատմությունը։ Նա նույնիսկ հիշատակել է «Սողոմոնի գործերի գրքի», «Իսրայելի թագավորների գործերի գրքի» և «Հուդայի թագավորների գործերի գրքի» մասին (1 Թագ. 11։41; 14։19; 15։7)։ Իր ուսումնասիրության շնորհիվ Երեմիան լավ գիտեր, թե Եհովան ինչպես է վարվել տարբեր իրավիճակներում, ինչն է նրան հաճելի եղել և թե ինչպես է նա վերաբերվել մարդկանց որոշումներին։ Երեմիան իր ձեռքի տակ ուներ նաև Աստվածաշնչի որոշ գրքեր, օրինակ՝ Մովսեսի, Հեսուի, Սամուելի, Դավթի և Սողոմոնի գրվածքները։ Անկասկած նա լավ գիտեր իրեն նախորդող մարգարեների մասին, ինչպես նաև ճանաչում էր իր ժամանակակից մարգարեներին։ Իսկ ի՞նչ օգուտներ բերեց Երեմիային անձնական ուսումնասիրությունը։
15. Երեմիան ի՞նչ օգուտներ քաղեց Եղիայի մարգարեությունն ուսումնասիրելուց։
15 Երեմիան է գրել Հեզաբելի՝ Սամարիայի թագավոր Աքաաբի չար կնոջ մասին, ինչպես նաև Եղիա մարգարեի այն խոսքերը, որ շները պիտի ուտեն չար թագուհուն Հեզրայելի հողակտորում (1 Թագ. 21։23)։ Մեզ քաջ հայտնի է, որ Եղիայի մարգարեանալուց 18 տարի անց Հեզաբելին պատուհանից ցած նետեցին, Հեուի ձիերը կոխկռտեցին նրան և շները կերան նրա մարմինը (2 Թագ. 9։31–37)։ Մանրամասն ուսումնասիրելով Եղիայի մարգարեությունը և դրա իրականացումը՝ Աստծու խոսքի հանդեպ Երեմիայի հավատն, անկասկած, զորացավ։ Աստծու գործերը ուսումնասիրելու շնորհիվ նրա հավատը կերտվեց, ինչը օգնեց նրան շարունակելու հարատևել իր ծառայության մեջ։
16, 17. Ի՞նչը օգնեց Երեմիային, որ շարունակի Աստծու դատաստանները հայտնել չար թագավորներին։
16 Քննենք մեկ այլ օրինակ։ Ի՞նչը զորացրեց Երեմիային, որ չնայած հալածանքին՝ շարունակի Աստծու դատաստանները հայտնել չար թագավորներին, օրինակ՝ Հովակիմին և Սեդեկիային։ Ինչ խոսք, Երեմիային մեծապես օգնեց այն, որ Եհովան նրան «Հուդայի թագավորների դեմ.... բերդաքաղաք, երկաթե սյուն և պղնձե պարիսպ» դարձրեց (Երեմ. 1։18, 19)։ Երեմիային նաև օգնեց Հուդայի և Իսրայելի նախկին թագավորների մասին իր մանրակրկիտ ուսումնասիրությունը։ Օրինակ՝ նա արձանագրեց Մանասեի չար գործերը, որը երկնքի ողջ զորքի համար զոհասեղաններ շինեց Եհովայի տան երկու գավիթներում, իր որդուն կրակի մեջ այրեց և բազմաթիվ անմեղ մարդկանց արյուն թափեց (2 Թագ. 21։1–7, 16; կարդա՛ Երեմիա 15։4)։ Երեմիան, ամենայն հավանականությամբ, գիտեր նաև, որ հետագայում, երբ Մանասեն խոնարհվեց և աղոթեց Եհովային, «նա լսեց նրա աղաչանքը» և թույլ տվեց, որ կրկին նստի գահին (կարդա՛ 2 Տարեգրություն 33։12, 13)։
17 Չնայած Երեմիայի գրքում գրված չէ Մանասեի հանդեպ ցույց տրված ողորմության մասին, մարգարեն պետք է որ լսած լիներ, թե ինչ էր տեղի ունեցել թագավորի հետ, երբ նա զղջացել էր, քանի որ այդ թագավորը մարգարեի ծառայությունից ընդամենը 15 տարի առաջ էր մահացել։ Քննելով Մանասեի կյանքը՝ մարգարեն հասկացավ, որ նույնիսկ կռապաշտ ու արյունահեղ թագավորը կարող է զղջալ և ներում ստանալ։ Դա օգնեց մարգարեին, որ շարունակի Սեդեկիայի պես թագավորներին խրախուսել Եհովային փնտրելու և արժանանալու նրա ողորմածությանն ու սիրառատ բարությանը։ Եթե Երեմիայի փոխարեն դու լինեիր, Մանասեի հետ կատարվածը կքաջալերե՞ր քեզ, որ շարունակեիր ծառայությունդ չար թագավորների օրերում։
ՍՈՎՈՐԵԼ ՈՒՐԻՇՆԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ
18. Ի՞նչ կարող էր Երեմիան սովորել Ուրիայի հետ տեղի ունեցածից. ինչո՞ւ ես այդպես պատասխանում։
18 Երեմիան անշուշտ դասեր է քաղել՝ տեսնելով, թե իր ժամանակակիցներն ինչպես են վարվել տարբեր իրավիճակներում։ Օրինակ՝ նա անկասկած գիտեր Ուրիա մարգարեի մասին, որը Հովակիմ թագավորի օրոք մարգարեացավ ընդդեմ Երուսաղեմի և Հուդայի, սակայն հետո վախեցավ Հովակիմ թագավորից ու փախավ Եգիպտոս։ Թագավորը մարդիկ ուղարկեց նրա հետևից, Եգիպտոսից հետ բերեց և նրան սպանեց (Երեմ. 26։20–23)։ Ի՞նչ ես կարծում, Երեմիան դաս քաղե՞ց Ուրիայի հետ տեղի ունեցածից։ Այն, որ Երեմիան երբեք չդադարեց հրեաներին ազդարարել գալիք կործանման մասին և նույնիսկ դա արեց տաճարում, փաստում է, որ նա իրոք դաս է քաղել նրա օրինակից։ Նա միշտ մնաց անխոնջ իր ծառայության մեջ, և Եհովան միշտ նրա կողքին էր։ Հավանաբար Աստված էր, որ մղեց Սաֆանի որդի Աքիկամին պաշտպանելու քաջ մարգարեին (Երեմ. 26։24)։
19. Երեմիան ի՞նչ հետևություն կարող էր անել այն բանից, որ Եհովան անընդհատ իր ժողովրդի մոտ մարգարեներ էր ուղարկում։
19 Կարելի է ասել, որ Երեմիան դաս քաղեց նաև իր փորձից։ Հովակիմ թագավորի գահակալության չորրորդ տարում Եհովան Երեմիային պատվիրեց գրի առնել այն բոլոր խոսքերը, որ ասել էր Հովսիայի օրերից ի վեր։ Ինչո՞ւ նա այդ պատվերը տվեց։ Որպեսզի մարդկանց քաջալերեր հետ դառնալ իրենց չար ճանապարհներից և ներում ստանալ (կարդա՛ Երեմիա 36։1–3)։ Երեմիան վաղ առավոտյան վեր էր կենում Աստծու պատգամները մարդկանց հաղորդելու համար և նույնիսկ խնդրում էր, որ դադարեցնեն իրենց գարշելի գործերը (Երեմ. 44։4)։ Երեմիան իր փորձից գիտեր, որ Աստված կարեկցանքից մղված է իր ժողովրդի մոտ մարգարեներ ուղարկում։ Մի՞թե դա չէր մղի Երեմիային, որ ինքն էլ կարեկից լիներ (2 Տար. 36։15)։ Ուստի հասկանալի է, թե ինչու Երեմիան հետևյալ խոսքերն ասաց Երուսաղեմի կործանումից հետո. «Եհովայի սիրառատ բարության շնորհիվ մենք չվերջացանք, որովհետև անսպառ է նրա ողորմությունը։ Ամեն առավոտ այն նորանում է» (Ողբ 3։22, 23)։
Երեմիան ի՞նչ օգուտներ քաղեց՝ խորհրդածելով անցյալում Աստծու արած գործերի շուրջ և ի՞նչ սովորեց իր և ուրիշների փորձից։ Իսկ մե՞նք ինչ ենք սովորում։
ԱՄԵՆ ՕՐ ՀԱՐՑՆՈ՞ՒՄ ԵՍ՝ «ՈՒՐ Է ԵՀՈՎԱՆ»
20. Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Երեմիային որոշումներ կայացնելիս։
20 Ամեն օր որոշումներ կայացնելիս ձգտո՞ւմ ես իմանալ Աստծու կամքը՝ հարցնելով՝ «ուր է Եհովան» (Երեմ. 2։6–8)։ Ի տարբերություն իր օրերի հրեաների՝ Երեմիան միշտ Ամենակարողին էր դիմում առաջնորդության համար։ Իմաստուն կլինի ընդօրինակել Երեմիային և ամեն օր որոշում կայացնելիս հաշվի առնել Եհովայի տեսակետը։
21. Ի՞նչը կօգնի քեզ, երբ պետք է որոշես՝ գնալ ծառայության, թե ոչ։
21 Միայն մեծ որոշումներ կայացնելիս չէ, որ պետք է փնտրենք Եհովայի առաջնորդությունը։ Ենթադրենք՝ պայմանավորվել ես գնալ ծառայության, բայց երբ արթնանում ես, նկատում ես, որ երկինքն ամպամած է, և եղանակը՝ ոչ հաճելի։ Կամ հիշում ես, որ տնետան տարածքը, ուր պիտի գնաս, բազմիցս քարոզված է։ Գուցե վերջին անգամ այնտեղ քարոզելիս մարդիկ քեզ կոպտել են կամ կեղծ քաղաքավարությամբ մերժել։ Օրվա այդ վաղ ժամին կհարցնե՞ս՝ «ուր է Եհովան», այսինքն՝ կաղոթե՞ս Աստծուն։ Դա կօգնի քեզ կենտրոնանալու այն բանի վրա, թե ինչ հրաշալի լուր ենք մենք հայտնում մարդկանց, և կհասկանաս, որ դա անելով Աստծու կամքը կկատարես։ Այդ ժամանակ Եհովայի խոսքը քեզ համար ուրախության ու ցնծության աղբյուր կլինի, ինչպես որ Երեմիայի համար էր (Երեմ. 15։16, 20)։ Իսկ եթե ծառայության ընթացքում քեզ կոպտեն կամ նույնիսկ սպառնան, դարձյալ կարող ես աղոթել Աստծուն ու արտահայտել քո զգացմունքները։ Միշտ հիշիր, որ նա պատրաստ է տալու իր սուրբ ոգին, որպեսզի կարողանաս քեզ ճիշտ դրսևորել։ Արդյունքում՝ Աստծու պատգամները հաղորդելու քո ցանկությունը կգերազանցի բացասական զգացումներդ (Ղուկ. 12։11, 12)։
22. Ինչո՞ւ Աստված որոշ աղոթքների ականջ չի դնում։
22 Տեղին է հիշել, որ Եհովան որոշ աղոթքներ չի լսում (կարդա՛ Ողբ 3։44)։ Նա չլսեց ըմբոստ հրեաների աղոթքները, որովհետև նրանք մի կողմ էին «թեքում իրենց ականջը» և համառորեն անօրենություն էին գործում (Առակ. 28։9)։ Երեմիան հստակ գիտեր, որ եթե անհատն իր աղոթքի համաձայն չի ապրում, չի կարող Աստծու հավանությունն ունենալ, և Աստված այլևս ականջ չի դնում նրա աղոթքներին։ Սա գիտակցելով՝ մենք պետք է խուսափենք նման կերպ վարվելուց։
23, 24. ա) Ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի իմանանք, թե որն է Եհովայի կամքը։ բ) Ինչպե՞ս կարող ես անձնական ուսումնասիրությունդ ավելի բովանդակալից դարձնել։
23 Աղոթելուց բացի, նաև պետք է կանոնավոր անձնական ուսումնասիրություն կատարենք, ինչը ևս կարող է օգնել մեզ հասկանալու Աստծու կամքը։ Մենք մի առավելություն ունենք, որը չուներ Երեմիան։ Մեր ձեռքի տակ է ամբողջ Աստվածաշունչը։ Երեմիան իր պատմական գրքերը գրելու համար խորը ուսումնասիրություն էր կատարում։ Դու էլ կարող ես փնտրտուքներ կատարել Աստծու Խոսքում և գտնել Աստծու առաջնորդությունը՝ հարցնելով՝ «ուր է Եհովան»։ Ձգտելով իմանալ նրա կամքը՝ ցույց կտաս, որ վստահում ես նրան, և նման կլինես «ջրերի մոտ տնկված ծառի, որն իր արմատները ջրի հոսանքի մոտ է գցում» (կարդա՛ Երեմիա 17։5–8)։
24 Աստծու Խոսքն ընթերցելիս և կարդացածիդ շուրջ խորհրդածելիս փորձիր ըմբռնել, թե Եհովան ինչպես է ուզում, որ դու վարվես տարբեր իրավիճակներում։ Փնտրիր սկզբունքներ, որոնք օգտակար կլինեն մտապահել ու կիրառել կյանքում։ Աստվածաշունչը կարդալիս մտածիր, թե պատմական դեպքերը, Աստծու տված պատվերները, սկզբունքները և իմաստուն խորհուրդները ինչպես կարող են ազդել քո ամենօրյա որոշումների վրա։ Քո այն հարցին, թե «ուր է Եհովան», նա կարող է պատասխանել՝ Աստվածաշնչի միջոցով հայտնի դարձնելով, թե ինչպես պետք է վարվես նույնիսկ ամենադժվար իրավիճակներում։ Կտեսնես, որ Աստծու Խոսքը լույս կսփռի այն «անհասկանալի բաների [վրա], որոնք դու չգիտեիր» կամ այլ կերպ էիր հասկանում (Երեմ. 33։3)։
25, 26. Ուրիշների փորձը ինչպե՞ս կարող է օգնել մեզ։
25 Դու կարող ես շատ բան սովորել ինչպես ուրիշների, այնպես էլ քո փորձից։ Գուցե հիշես ոմանց, ովքեր Ուրիա մարգարեի պես դադարել են Եհովային ապավինելուց (2 Տիմոթ. 4։10)։ Կարող ես սովորել նրանց սխալից և խուսափել նման վախճանից։ Երեմիայի պես հաճախակի խորհիր այն սիրառատ բարության ու ողորմածության շուրջ, որ Եհովան քո հանդեպ ցուցաբերել է։ Ինչ դժվարին իրավիճակում էլ լինես, երբեք մի՛ մտածիր, թե Բարձրյալը անտարբեր է քո հանդեպ։ Նա ինչպես Երեմիայի մասին հոգ տարավ, այնպես էլ քո մասին հոգ կտանի։
26 Եթե խորհես այն մասին, թե ինչպես է Եհովան վարվում մարդկանց հետ այսօր, կտեսնես, որ նա ամեն օր տարբեր կերպերով առաջնորդում է նրանց։ Օրինակ՝ Ակի անունով ճապոնացի մի քույր իրեն արժանի չէր համարում քրիստոնյա կոչվելու։ Մի օր շրջանային վերակացուի կնոջ հետ ծառայելիս նա իր սիրտը նրա առաջ բացեց՝ ասելով, որ իրեն թվում է, թե Եհովան չի ընդունում իր ծառայությունը և, միևնույնն է, մերժելու է իրեն՝ չնայած իր թափած ջանքերին։ Շրջանային վերակացուի կինը քաջալերեց Ակիին՝ վստահեցնելով, որ նրան միշտ ճանաչել է որպես Աստծուն նվիրված քույր։ Ակին վերլուծեց քրոջ խոսքերը և հասկացավ, որ իրականում հիմքեր չունի մտածելու, թե Եհովայի աչքին անարժեք է։ Հետո նա աղոթքում Եհովային ասաց. «Ուր ուզում ես, ուղարկիր ինձ։ Ինչ որ ցանկանաս, այն էլ կանեմ»։ Որոշ ժամանակ անց նա այցելեց մի երկիր, որտեղ ճապոնախոս փոքր խումբ կար։ Այդ խումբը ճապոներեն իմացող քարոզչի կարիք ուներ, որը կկարողանար մնալ և համագործակցել իրենց հետ։ Քանի որ Ակին ծնունդով այդ երկրից էր, նրա համար հեշտ կլիներ տեղափոխվել այնտեղ և օգնել նրանց։ Բայց որտե՞ղ նա պիտի բնակվեր։ Մի քույր, որի աղջիկը այլևս իր հետ չէր ապրում, Ակիին առաջարկեց իր տանը մնալ։ Ակին ասում է. «Ասես խճանկարի փոքրիկ հատվածներն իրենց տեղն ընկան։ Եհովան իմ առաջ ճանապարհ բացեց»։
27. Ի՞նչ անելու է մղում քեզ «ուր է Եհովան» հարցը։
27 Շատ քույրեր ու եղբայրներ կարող են պատմել, թե ինչպես են ստացել Աստծու առաջնորդությունը Աստվածաշնչի ընթերցանության կամ անձնական ուսումնասիրության ժամանակ։ Հնարավոր է՝ քեզ հետ էլ է նման բան պատահել։ Դրա շնորհիվ վստահաբար ավելի ես մտերմացել Եհովայի հետ և մղվել ավելի հաճախակի ու ջերմեռանդորեն աղոթելու նրան։ Համոզված եղիր, որ եթե ամեն օր հարցնենք՝ «ուր է Եհովան», նա մեզ անպատճառ ցույց կտա այն «ճանապարհը», որով պիտի ընթանանք (Ես. 30։21)։
Ինչպե՞ս է հնարավոր գտնել «ուր է Եհովան» հարցի պատասխանը։ Ինչպե՞ս կարող ես փնտրել նրա առաջնորդությունը։