ԳԼՈՒԽ 14
Դու կարող ես օգուտներ քաղել նոր ուխտից
1. Երեմիան ի՞նչ հանձնարարություն կատարեց։
ԱՅՆ հանձնարարությունը, որ Եհովան տվեց Երեմիային, երկու մասից էր բաղկացած։ Առաջին՝ մարգարեն պետք է «արմատախիլ աներ ու քանդեր, կործաներ ու ավերեր», երկրորդ՝ պետք է «կառուցեր ու տնկեր»։ Երեմիան կատարեց առաջինը՝ քողազերծելով մեծամիտ հրեաների անօրենությունը և հռչակելով Աստծու դատաստանը, որն ուղղված էր թե՛ նրանց, թե՛ բաբելոնացիների դեմ։ Սակայն Երեմիայի մարգարեությունները նաև ապագայի հույս էին ներշնչում։ Նա մարգարեացավ, որ այն, ինչ Աստված նպատակադրել էր կառուցել և տնկել, իրականություն էր դառնալու։ Օրինակ՝ նա հայտնեց, որ հրեաները վերադառնալու էին իրենց հայրենիք (Երեմ. 1։10; 30։17, 18)։
2. Ինչո՞ւ Եհովան դատաստան տեսավ իր ժողովրդի հետ և ի՞նչ աստիճանի պատիժ սահմանեց։
2 Այն, որ Եհովան խոստացել էր հրեաներին վերադարձնել իրենց հայրենիք, չէր նշանակում, թե նա իր ժողովրդին երես էր տալու կամ զիջումների էր գնալու արդարության հարցում։ Հակառակը՝ նա դատաստան էր տեսնելու քմահաճ հրեաների հետ (կարդա՛ Երեմիա 16։17, 18)։ Երեմիայի օրերում Երուսաղեմում քչերն էին «արդարությամբ վարվում» կամ «հավատարմություն փնտրում», այդ պատճառով Եհովայի համբերությունը հատել էր։ Նա ասաց. «Ես հոգնել եմ խղճալուց» (Երեմ. 5։1; 15։6, 7)։ Այդ հրեաները «հետ էին դարձել դեպի իրենց հայրերի անօրենությունները, այն առաջինների, ովքեր մերժել էին լսել» Եհովայի խոսքերը։ Ավելին, նրանք բարկացրել էին Աստծուն՝ կեղծ աստվածների հետ հոգևոր պոռնկություն գործելով (Երեմ 11։10; 34։18)։ Ուստի Եհովան խրատելու էր իր ժողովրդին, նույնիսկ պատժելու էր նրանց, բայց «չափավորությամբ»։ Արդյունքում որոշ անհատներ գիտակցելու էին, որ սխալ ընթացք են բռնել, և հետ էին դառնալու դեպի նա (Երեմ. 30։11; 46։28)։
3. Ինչո՞ւ լավ կլինի քննել նոր ուխտի մասին մարգարեությունը։
3 Եհովան Երեմիայի միջոցով մեկ ուրիշ խոստման մասին խոսեց, որի կատարումը հարատև օգուտներ էր բերելու. դա նոր ուխտ կնքելու մասին մարգարեությունն էր։ Մեզ պետք է հետաքրքրի այս մարգարեությունը, որը ապագայի հույս է տալիս։ Ինչո՞ւ։ Այս նոր ուխտը փոխարինելու էր այն ուխտին, որը Եհովան հաստատել էր իսրայելացիների հետ Եգիպտոսից նրանց դուրս բերելուց հետո, և որի միջնորդը Մովսեսն էր (կարդա՛ Երեմիա 31։31, 32)։ Հիսուս Քրիստոսն էլ խոսեց այս նոր ուխտի մասին, երբ հաստատում էր Տիրոջ ընթրիքը (Ղուկ. 22։20)։ Պողոս առաքյալը նույնպես անդրադարձավ այս ուխտին, երբ եբրայեցիներին ուղղված իր նամակն էր գրում։ Նա մեջբերեց Երեմիայի մարգարեությունը և շեշտեց նոր ուխտի կարևորությունը (Եբր. 8։7–9)։ Իսկ ի՞նչ է նոր ուխտը։ Ինչո՞ւ նոր ուխտի անհրաժեշտություն առաջացավ։ Ովքե՞ր են ներգրավված այդ ուխտի մեջ, և դրանից ի՞նչ օգուտներ կարող ես քաղել անձամբ դու։
ՆՈՐ ՈՒԽՏԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
4. Ի՞նչ իրականացրեց Օրենքի ուխտը։
4 Հասկանալու համար, թե ինչու էր անհրաժեշտ նոր ուխտ կնքել, նախ քննենք, թե ինչ նպատակով էր տրվել նախորդ ուխտը՝ Օրենքի ուխտը։ Այն պետք է բազում հրաշալի նպատակներ իրագործեր Իսրայել ազգի համար, որը սպասում էր խոստացյալ Սերնդին, ում միջոցով շատերը պիտի օրհնվեին (Ծննդ. 22։17, 18)։ Երբ իսրայելացիներն ընդունեցին Օրենքի ուխտը, դարձան Աստծու «հատուկ սեփականությունը»։ Այդ ուխտի համաձայն՝ Ղևիի ցեղից քահանաներ պիտի ընտրվեին Իսրայել ազգի համար։ Երբ Եհովան Սինա լեռան մոտ ուխտ կնքեց Իսրայելի հետ, նա ասաց, որ ի հայտ էր գալու «քահանաների թագավորություն և սուրբ ազգ», սակայն չհայտնեց, թե երբ և ինչպես (Ելք 19։5–8)։ Բայց մինչ ի հայտ կգար այդ ազգը, ուխտը բացահայտեց, որ իսրայելացիները չէին կարող լիարժեքորեն պահել Օրենքի բոլոր պահանջները։ Ուստի ակնհայտ դարձավ նրանց մեղավոր վիճակը։ Որպեսզի քավեին իրենց մեղքերը, Օրենքի տակ եղող իսրայելացիները պիտի կանոնավորաբար զոհեր մատուցեին։ Պարզ դարձավ, որ կատարյալ զոհի կարիքը կար, զոհ, որն այլևս կրկնելու հարկ չէր լինի։ Այո՛, անհրաժեշտ էր, որ մեղքերը մեկընդմիշտ ներվեին (Գաղ. 3։19–22)։
5. Ի՞նչը մղեց Եհովային կանխագուշակելու նոր ուխտի մասին։
5 Պարզ է, ուրեմն, թե ինչու Եհովան ներշնչեց Երեմիային մարգարեանալու նոր ուխտի մասին, չնայած նախորդը դեռ ուժի մեջ էր։ Սիրուց և բարությունից մղված՝ Եհովան ցանկանում էր, որ բազում ազգեր մշտատև օգուտներ ստանան։ Երեմիայի միջոցով Աստված հետևյալն ասաց նրանց մասին, ում հետ ապագայում ուխտ էր կնքելու. «Ես կներեմ նրանց անօրենությունը և նրանց մեղքն այլևս չեմ հիշի» (Երեմ. 31։34)։ Թեև այս խոստումը տրվեց Երեմիայի օրերում, այն հրաշալի հեռանկար է բացում ողջ մարդկության առաջ։
6, 7. ա) Ի՞նչ են զգացել ոմանք, երբ սխալ են թույլ տվել։ բ) Ինչո՞վ է մխիթարական նոր ուխտը։
6 Հաճախ այնպիսի բաներ ենք թույլ տալիս, որոնք մեզ հիշեցնում են մեր անկատարության մասին։ Օրինակ՝ մի եղբայր, որը անձնական լուրջ խնդրի դեմ էր պայքարում, պատմում է. «Երբ սայթաքում էի, ինձ անչափ մեղավոր էի զգում։ Թվում էր, թե երբեք ներում չեմ ստանա։ Ինձ համար շատ դժվար էր աղոթքով Եհովային դիմելը։ Աղոթքներս միշտ այսպես էի սկսում. «Եհո՛վա, չգիտեմ՝ կլսես, թե ոչ, բայց...»»։ Նրանք, ովքեր սայթաքել կամ մեղք են գործել, հաճախ այնպիսի զգացում են ունեցել, կարծես «ամպերը» փակել են աղոթքի ճանապարհը (Ողբ 3։44)։ Ոմանց էլ տանջել են անցյալում կատարած իրենց սխալների հիշողությունները, նույնիսկ եթե տարիներ են անցել։ Հնարավոր է՝ անգամ օրինակելի քրիստոնյաներն ասեն բաներ, որոնց համար հետո զղջան (Հակ. 3։5–10)։
7 Ոչ ոք չպետք է մտածի, թե երբեք անպարկեշտ վարք չի դրսևորի (1 Կորնթ. 10։12)։ Նույնիսկ Պողոս առաքյալն էր ընդունում, որ սխալներ է գործում (կարդա՛ Հռոմեացիներ 7։21–25)։ Ուստի հասկանալի է, թե որքան մեծ արժեք ունի նոր ուխտը։ Այդ ուխտի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ Աստված այլևս չէր հիշելու մեղքերը։ Ի՜նչ հրաշալի հեռանկար։ Երեմիային պետք է որ ուրախություն պատճառած լիներ այդ ուխտի մասին մարգարեանալը։ Մենք էլ նույն զգացումը կունենանք, երբ ավելի շատ բան սովորենք նոր ուխտի մասին և տեսնենք, թե ինչ օգուտներ կարող ենք քաղել դրանից։
Ինչո՞ւ Աստված հաստատեց նոր ուխտը։
ԻՆՉ Է ՆՈՐ ՈՒԽՏԸ
8, 9. Ի՞նչ գին վճարեց Եհովան մարդկության մեղքերը ներելու համար։
8 Որքան մոտիկից ես ճանաչում Եհովային, այնքան լավ ես հասկանում, թե ինչքան բարի և ողորմած է նա անկատար մարդկանց նկատմամբ (Սաղ. 103։13, 14)։ Մարգարեանալով նոր ուխտի մասին՝ Երեմիան ընդգծեց, որ Եհովան «կների նրանց անօրենությունը» և նրանց մեղքն այլևս չի հիշի (Երեմ. 31։34)։ Պատկերացրու, թե Երեմիան որքան կցանկանար իմանալ, թե ինչպես էր Աստված ներում շնորհելու նոր ուխտի միջոցով։ «Ուխտ» բառը Երեմիային հավանաբար հուշեց, որ Եհովան ամենայն հավանականությամբ համաձայնագիր կամ պայմանագիր էր կնքելու մարդկանց հետ։ Այդ նոր ուխտի միջոցով Եհովան իրագործելու էր այն ամենը, ինչ ներշնչել էր Երեմիային գրի առնել, ներառյալ մեղքերը ներելու խոստումը։ Իր նպատակի վերաբերյալ մնացած մանրամասները Աստված հայտնելու էր հետագայում, այդ թվում նաև այն մասին, թե ինչ էր անելու Մեսիան։
9 Հավանաբար ճանաչում ես ծնողների, որոնք երես են տալիս իրենց երեխաներին և չեն դաստիարակում նրանց։ Ըստ քեզ՝ Եհովան երբևէ այսպես կվարվե՞ր։ Իհարկե ոչ։ Օրինակ՝ երբ նա նոր ուխտը հաստատեց, միանգամից մարդկանց մեղքերը չներեց, այլ դրա համար նախ իրավական հիմք պատրաստեց՝ լիարժեքորեն հետևելով իր իսկ սահմանած արդարության չափանիշներին, թեև դրա դիմաց թանկ գին վճարեց։ Այս քայլը ավելի խորությամբ ըմբռնելու համար օգտակար կլինի ուշադրություն դարձնել Պողոսի խոսքերին, որոնք նա գրեց նոր ուխտի մասին խոսելիս (կարդա՛ Եբրայեցիներ 9։15, 22, 28)։ Պողոսն ընդգծեց «փրկանքի» կարևորությունը՝ ասելով, որ «մինչև արյուն չի թափվում, ներում չի լինում»։ Խոսքն, իհարկե, ցլերի ու այծերի զոհաբերական արյան մասին չէր, որը պետք է թափվեր Օրենքի համաձայն։ Նոր ուխտը ուժի մեջ էր մտնելու Հիսուսի արյամբ։ Այս կատարյալ զոհի հիման վրա Եհովան մեկընդմիշտ ներելու էր մարդկանց «անօրենությունը և նրանց մեղքը» (Գործ. 2։38; 3։19)։ Իսկ ովքե՞ր էին այս ուխտի շնորհիվ ներում ստանալու։ Հիսուսն ասաց, որ Աստված մերժելու էր հրեա ազգին, որը Օրենքի տակ լինելով՝ կենդանական զոհեր էր մատուցում։ Եհովան մեկ ուրիշ ազգ էր ընտրելու (Մատթ. 21։43; Գործ. 3։13–15)։ Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դա «Աստծու Իսրայելն» էր՝ սուրբ ոգով օծված քրիստոնյաները։ Փաստորեն, Օրենքի ուխտը կնքվել էր Եհովայի և Իսրայել ազգի միջև, իսկ նոր ուխտը՝ Եհովայի և հոգևոր Իսրայելի միջև։ Նոր ուխտի Միջնորդը Հիսուսն էր (Գաղ. 6։16; Հռոմ. 9։6)։
10. ա) Ո՞վ է «ընձյուղը», որ Աստված «վեր հանեց Դավթի համար»։ բ) Ի՞նչ օգուտներ կարող են ոմանք քաղել այդ «ընձյուղից»։
10 Երեմիան Մեսիայի մասին խոսելիս ասաց, որ Եհովան «Դավթի համար մի արդար ընձյուղ է վեր հանելու»։ Սա տեղին նկարագրություն է։ Ինչո՞ւ։ Երեմիայի ծառայության ընթացքում Դավթի թագավորական տոհմածառը կտրվեց։ Սակայն ծառի «բունը» մնաց։ Դավիթ թագավորի շառավղից հետագայում ծնվեց Հիսուսը։ Նա իրավամբ կարող էր կոչվել՝ «Եհովան մեր Արդարությունն է»։ Այս անունն ընդգծում էր, թե արդարությունը որքան կարևոր է Աստծու համար (կարդա՛ Երեմիա 23։5, 6)։ Եհովան թույլ տվեց, որ իր միածին Որդին տառապի երկրի վրա և մահանա։ Միայն դրանից հետո Եհովան, իր արդար չափանիշների համաձայն, կարող էր օգտագործել «ընձյուղի» քավիչ զոհաբերության արժեքը, որպեսզի ներում շնորհեր մարդկանց (Երեմ. 33։15)։ Սա հնարավորություն ընձեռեց որոշ մարդկանց «արդար հայտարարվելու կյանքի համար» և օծվելու սուրբ ոգով՝ դառնալով նոր ուխտի մասնակիցներ։ Այդ ուխտը նաև կարող է օրհնություններ բերել նրանց, ովքեր ուղղակիորեն չեն մտնում դրա մեջ։ Ինչպես կտեսնենք, սա ևս մեկ ապացույց է, որ արդարությունն Աստծու համար անչափ կարևոր է (Հռոմ. 5։18)։
11. ա) Ինչի՞ վրա է գրված նոր ուխտի օրենքը։ բ) Ինչո՞ւ է «ուրիշ ոչխարներին» հետաքրքրում նոր ուխտի օրենքը։
11 Նոր ուխտը այլ առանձնահատկություններ էլ ունի։ Նոր ուխտի և Օրենքի ուխտի միջև եղած տարբերություններից մեկն այն է, թե ինչի վրա էին դրանք գրվել (կարդա՛ Երեմիա 31։33)։ Օրենքի ուխտի Տասը պատվիրանները գրվել էին քարե տախտակների վրա, որոնք վերջիվերջո անհետացան։ Մինչդեռ նոր ուխտի օրենքը գրվելու էր մարդկանց սրտերի վրա և չէր կորչելու, ինչպեսև մարգարեացել էր Երեմիան։ Նոր ուխտի մասնակիցները՝ օծյալ քրիստոնյաները, իսկապես գնահատում են այս օրենքը։ Իսկ ի՞նչ կարելի է ասել նրանց մասին, ովքեր ուղղակիորեն ընդգրկված չեն նոր ուխտի մեջ, այսինքն՝ «ուրիշ ոչխարների» մասին, որոնք երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունեն (Հովհ. 10։16)։ Նրանք էլ են ուրախություն գտնում Աստծու օրենքի մեջ։ Ինչ–որ առումով, այդ մարդիկ նման են Իսրայելում ապրող պանդուխտներին, որոնք ընդունեցին Մովսիսական օրենքը և օգուտներ քաղեցին դրանից (Ղևտ. 24։22; Թվեր 15։15)։
12, 13. ա) Ի՞նչ է նոր ուխտի օրենքը։ բ) Ինչո՞ւ «Քրիստոսի օրենքի» տակ լինողները ստիպողաբար չեն ծառայում Աստծուն։
12 Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այն օրենքը, որը գրված է օծյալ քրիստոնյաների սրտերի վրա։ Այս օրենքը նաև կոչվում է «Քրիստոսի օրենք», և այն առաջին անգամ տրվեց հոգևոր Իսրայելին (Գաղ. 6։2; Հռոմ. 2։28, 29)։ «Քրիստոսի օրենքի» ողջ էությունը կարելի է սահմանել մեկ բառով. սեր (Մատթ. 22։36–39)։ Ինչպե՞ս է այդ օրենքը գրվում օծյալների սրտերի վրա։ Գլխավորապես երկու միջոցով. Աստծու Խոսքն ուսումնասիրելով ու Եհովային աղոթելով։ Այս երկու բաները պետք է լինեն բոլոր ճշմարիտ քրիստոնյաների կյանքի կարևոր մասը, այդ թվում նաև նրանց, ովքեր նոր ուխտի մեջ չեն, բայց ցանկանում են օգուտներ քաղել դրանից։
13 «Քրիստոսի օրենքը» նաև կոչվում է «ազատության կատարյալ օրենք» և «ազատ ժողովրդի օրենք» (Հակ. 1։25; 2։12)։ Նախկինում երբ հրեան ծնվում էր, ինքնաբերաբար մտնում էր Մովսիսական օրենքի տակ, մինչդեռ նոր ուխտի դեպքում ոչ ոք ի ծնե Քրիստոսի օրենքի տակ չէ։ Քրիստոսի օրենքին հնազանդվողները ստիպողաբար չեն ծառայում Աստծուն։ Ընդհակառակը՝ նրանք ուրախ են, որ Աստծու օրենքը կարող է գրվել իրենց սրտերի վրա և որ այսօր մարդիկ կարող են դրանից տևական օգուտներ քաղել, ինչպես կանխագուշակել էր Երեմիան։
Նոր ուխտի միջոցով Աստված ինչպե՞ս հնարավոր դարձրեց մեղքերի ներումը։ Ինչպե՞ս կարող ես սովորել այն օրենքի մասին, որը գրված է սրտերի վրա։
ՆՈՐ ՈՒԽՏԻՑ ՕԳՈՒՏՆԵՐ ՔԱՂՈՂՆԵՐԸ
14. Ովքե՞ր են օգուտներ քաղում նոր ուխտից։
14 Իմանալով, որ նոր ուխտի մեջ մտնողները 144000–ն են՝ ոմանք գուցե մտածեն, թե այդ ուխտից միայն նրանք են օգուտներ քաղում։ Նրանք թերևս այդպես են մտածում, քանի որ միայն օծյալներն են օգտվում Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից, որոնցից մեկը ուխտի արյունը ներկայացնող գինին է (Մարկ. 14։24)։ Հիշիր, սակայն, որ նոր ուխտի մեջ եղողները Հիսուսի հետ միասին կազմում են Աբրահամի «սերունդը», որի միջոցով պիտի օրհնվեին բոլոր ազգերը (Գաղ. 3։8, 9, 29; Ծննդ. 12։3)։ Այո՛, նոր ուխտի շնորհիվ Եհովան, իր խոստման համաձայն, Աբրահամի «սերնդի» միջոցով կօրհնի ողջ մարդկությանը։
15. Ի՞նչ դեր են ունենալու օծյալները։
15 Հիսուս Քրիստոսը, որը Աբրահամի «սերնդի» գլխավոր մասն է, ծառայում է որպես Քահանայապետ։ Նրա կատարյալ զոհաբերության շնորհիվ ներվում են մարդկանց մեղքերը (կարդա՛ Եբրայեցիներ 2։17, 18)։ Սակայն դեռ վաղուց Աստված ասել էր, որ լինելու է «քահանաների թագավորություն և սուրբ ազգ» (Ելք 19։6)։ Իսրայելում քահանաները մի ցեղից էին, իսկ թագավորները՝ մեկ ուրիշ։ Ուստի ինչպե՞ս պիտի թագավոր–քահանաների այդ խոստացյալ ազգը առաջ գար։ Պետրոս առաքյալը, իր առաջին նամակը ուղղելով սուրբ ոգով օծված քրիստոնյաներին, նրանց կոչեց «թագավորական քահանայություն, սուրբ ազգ, մի ժողովուրդ՝ հատուկ սեփականություն լինելու» (1 Պետ. 1։1, 2; 2։9)։ Փաստորեն, նոր ուխտի մեջ եղող օծյալ քրիստոնյաներն էին, որ պետք է ծառայեին որպես քահանաներ։ Մտածիր, թե սա ինչ նշանակություն ունի մեզ համար։ Մենք՝ անկատար մարդիկս, ամեն օր պայքարում ենք մեղքի դեմ, որը «թագավորում է» մեզ վրա։ Օծյալ քրիստոնյաներն էլ, քանի դեռ երկրի վրա են, նույն պայքարն են մղում (Հռոմ. 5։21)։ Ուստի երբ նրանք քահանաներ դառնան, կհասկանան մեզ, քանի որ գիտեն, թե ինչ է նշանակում մեղք գործել և պայքարել մեղավորության զգացումի դեմ։ Այսպիսով՝ նրանք Քրիստոսի պես կկարողանան կարեկցել մեզ, մինչ մենք կպայքարենք, որպեսզի ձերբազատվենք մեր մեղավոր հակումներից։
16. «Մեծ բազմության» համար ինչո՞վ են քաջալերական Հայտնություն 7։9, 14–ի խոսքերը։
16 Հայտնություն 7։9, 14 համարներում խոսվում է «մեծ բազմության» մասին, որը «սպիտակ պատմուճաններ է հագած», ինչը ցույց է տալիս, որ նա մաքուր է Աստծու առաջ։ Մարդկանց այդ խումբը, որը վերապրելու է «մեծ նեղությունից», հիմա է կազմավորվում։ Ուստի այդ մարդիկ նույնիսկ այսօր ինչ–որ առումով արդար են համարվում Աստծու առաջ՝ արդար են հայտարարվում որպես Եհովայի ընկերներ (Հռոմ. 4։2, 3; Հակ. 2։23)։ Ի՜նչ մեծ օրհնություն է դա։ Եթե դու էլ ես այդ մարդկանց թվում, կարող ես վստահ լինել, որ Աստված ցանկանում է օգնել քեզ, մինչ ձգտում ես մաքուր մնալ նրա աչքում։
17. Ի՞նչ իմաստով Եհովան այլևս չի «հիշում» մեղքերը։
17 Իսկ ի՞նչ կարելի է ասել Աստծու հավանությունն ունեցող մարդկանց մեղքերի մասին։ Ինչպես արդեն նշվեց, Եհովան Երեմիա մարգարեի միջոցով ասել էր. «Ես կներեմ նրանց անօրենությունը և նրանց մեղքն այլևս չեմ հիշի» (Երեմ. 31։34)։ Հիսուսի քավիչ զոհաբերության հիման վրա Աստված ներում է օծյալների մեղքերը։ Նա Հիսուսի թափած արյան հիման վրա կարող է ներել նաև «մեծ բազմության» մեղքերը։ Այն, որ Երեմիան ասաց, թե Եհովան այլևս չի «հիշի» մեղքերը, չի նշանակում, որ Նա կորցնելու էր իր հիշողությունը և չէր կարողանալու հիշել դրանք։ Այլ նշանակում է, որ եթե Եհովան արդեն խրատել ու ներել է զղջացող մեղավորին, նա այդ մեղքը իր «թիկունքի հետևն է գցել»։ Մտածիր Դավիթ թագավորի գործած մեղքերի մասին։ Թագավորը խրատ ստացավ և կրեց իր մեղքերի հետևանքները (2 Սամ. 11։4, 15, 27; 12։9–14; Ես. 38։17)։ Այնուհանդերձ, Աստված չշարունակեց հաշիվ պահանջել նրանից (կարդա՛ 2 Տարեգրություն 7։17, 18)։ Ինչպես երևում է նոր ուխտից, եթե Եհովան ներում է մեղքերը Հիսուսի զոհաբերության հիման վրա, այլևս չի հիշում դրանք (Եզեկ. 18։21, 22)։
18, 19. Ի՞նչ ենք սովորում նոր ուխտից ներողամիտ լինելու մասին։
18 Նոր ուխտը ընդգծում է, թե ինչպես է Եհովան վերաբերվում մեղավոր մարդկանց՝ թե՛ օծյալներին, ովքեր այդ ուխտի մեջ են, թե՛ նրանց, ովքեր երկրային կյանքի հույս ունեն։ Կարող ես վստահ լինել, որ եթե Եհովան ներել է քո մեղքերը, դրանց մասին երբևէ քեզ չի հիշեցնի։ Մեզնից յուրաքանչյուրը նոր ուխտի մասին Աստծու խոստումից կարևոր բան ունի սովորելու։ Հարցրու ինքդ քեզ. «Երբ ինչ–որ մեկին ներում եմ ինձ հասցրած վիրավորանքի համար, ձգտո՞ւմ եմ ընդօրինակել Եհովային՝ այլևս չխոսելով այդ մասին» (Մատթ. 6։14, 15)։ Սա վերաբերում է ինչպես փոքր սխալներին, այնպես էլ լուրջ մեղքերին, ինչպիսին է, օրինակ, քրիստոնյա կողակցի դավաճանությունը։ Եթե անմեղ կողակիցը ներում է զղջացող մեղավորին, ճիշտ չի՞ լինի արդյոք «մեղքն այլևս չհիշել»։ Ինչ խոսք, հեշտ չէ մոռանալ մեր դեմ գործած մեղքը, բայց դա Եհովային ընդօրինակելու կերպերից մեկն է a։
19 Այն, ինչ սովորում ենք Եհովայի ներողամտության մասին, կարող ենք կիրառել նաև այն ժամանակ, երբ ընկերակցությունից զրկված անհատը զղջում է և վերականգնվում։ Ինչպե՞ս վարվել այն դեպքում, եթե այդ անհատը քեզ էր վնաս հասցրել կամ վարկաբեկել։ Համաձայն Երեմիա 31։34–ի խոսքերի՝ ինչպիսի՞ն պետք է լինի քո մտածելակերպն ու վարվելակերպը։ Կներե՞ս մեղավորին և կձգտե՞ս չհիշեցնել նրան իր արարքի մասին (2 Կորնթ. 2։6–8)։ Իրականում, բոլոր նրանք, ովքեր գնահատում են նոր ուխտը, պետք է ձգտեն ներողամիտ լինել։
Ինչպե՞ս կարող ես կիրառել այն, ինչ սովորում ես նոր ուխտից ներողամտության մասին։
ՆՈՐ ՈՒԽՏԻ ՆԵՐԿԱՅԻՍ ԵՎ ԱՊԱԳԱ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
20. Ինչո՞վ է քո մտածելակերպը տարբերվում Երեմիայի օրերում ապրող շատ մարդկանց մտածելակերպից։
20 Երեմիայի օրերում շատ հրեաներ իրենց սրտում ասում էին. «Եհովան ո՛չ բարիք է անում, ո՛չ չարիք» (Սոփ. 1։12)։ Չնայած նրանք որոշ չափով ճանաչում էին Եհովային, բայց մտածում էին, թե նա իրենց պատասխանատվության չի կանչի, ոչ էլ կակնկալի, որ մարդիկ հետևեն իր չափանիշներին։ Սակայն, ինչպես գիտես, Եհովայի աչքից ոչինչ չի վրիպում։ Վստահաբար դու աստվածավախ ես և ցանկանում ես խուսափել վատ արարքներից (Երեմ. 16։17)։ Գիտես նաև, որ Եհովան բարի Հայր է։ Նա նկատում է մեր լավ գործերը, անկախ այն բանից՝ ուրիշները նկատում են դրանք, թե ոչ (2 Տար. 16։9)։
21, 22. Ի՞նչն է օգնել քեզ ճանաչելու Եհովային։
21 Նոր ուխտի մեկ այլ կարևոր առանձնահատկություն երևում է հետևյալ խոսքերից. «Իմ օրենքը նրանց ներսում կդնեմ և նրանց սրտերի վրա կգրեմ։ Ես նրանց Աստվածը կլինեմ.... Եվ նրանցից ոչ մեկը իր ընկերոջը կամ իր եղբորը այլևս չի սովորեցնի՝ ասելով՝ «ճանաչե՛ք Եհովային», քանի որ նրանք բոլորը.... պիտի ճանաչեն ինձ» (Երեմ. 31։33, 34)։ Այն օծյալները, որոնք այսօր ապրում են երկրի վրա, ցույց են տվել, որ Աստծու օրենքն իրենց ներսում է։ Նրանք սիրում են այդ օրենքի ճշմարտությունները, չեն ապավինում մարդկային ուսմունքներին և աստվածաշնչյան գիտելիքները ուրախությամբ փոխանցում են նաև «մեծ բազմությանը»։ Դրա շնորհիվ երկրային հույս ունեցողներն էլ են ճանաչում ու սիրում Եհովային։ Նրանք պատրաստակամորեն ենթարկվում են նրա առաջնորդությանը և վստահում նրա խոստումներին։ Հավանաբար նույնը կարելի է ասել քո մասին։ Դու էլ ես լավ ճանաչում Աստծուն և նրա հետ ջերմ փոխհարաբերություններ ունես։ Ի՜նչ մեծ օրհնություն է դա։
22 Ի՞նչն է օգնել քեզ, որ մտերմանաս Եհովայի հետ։ Հավանաբար կհիշես, թե նա ինչպես է պատասխանել քո աղոթքներին։ Անկասկած, դա օգնել է քեզ ավելի շատ գնահատելու նրան։ Երբ բախվել ես դժվարության, գուցե նա օգնել է քեզ, որ հիշես աստվածաշնչյան մի համար, ինչի շնորհիվ կարողացել ես հաղթահարել այն։ Փայփայի՛ր այդ անգին հիշողությունները։ Եթե շարունակես ուսումնասիրել Աստծու Խոսքը, Եհովային ավելի լավ կճանաչես և երկարատև օգուտներ կվայելես։
23. Ինչո՞ւ կարող է Եհովային լավ ճանաչելը ազատել քեզ մեղավորության զգացումից։
23 Նոր ուխտը մեկ ուրիշ օրհնություն էլ է բերում, որը կարող ենք վայելել նույնիսկ հիմա։ Մենք կարող ենք ձերբազատվել մեղավորության զգացումից, քանի որ գիտենք, որ Եհովան, իր ուխտի համաձայն, ներում է մեղքերը։ Ոմանք թերևս մեղավորության զգացում ունենան և վհատվեն, քանի որ նախքան Եհովայի չափանիշների մասին իմանալը արհեստական վիժում են արել՝ գիտակցաբար սպանելով իրենց չծնված երեխային։ Ոմանց էլ գուցե տանջի այն միտքը, որ պատերազմի ժամանակ մարդ են սպանել։ Սակայն նրանք պետք է հիշեն, որ Հիսուսի քավիչ զոհաբերության շնորհիվ, որը հիմքն է նոր ուխտի, անկեղծորեն զղջացողները կարող են ներում ստանալ։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ եթե Եհովան ներել է մեր մեղքերը, նա այլևս չի անդրադառնա դրանց։ Կարիք չկա մտատանջվելու այն մեղքերի պատճառով, որոնք Եհովան մեծահոգաբար ներել է։
24. Երեմիա 31։20–րդ համարը ինչպե՞ս կարող է քեզ քաջալերել։
24 Աստծու ներողամտությունը վառ կերպով նկարագրվում է նաև Երեմիա 31։20 համարում (կարդա՛)։ Իսրայելի հյուսիսային տասցեղ թագավորությունը, որի նշանավոր ցեղը Եփրեմն էր, Երեմիայի օրերից տասնամյակներ առաջ Եհովայի կողմից պատժվեց կռապաշտությամբ զբաղվելու համար։ Ժողովուրդը գերի տարվեց։ Բայց Աստծու սիրտը կապված էր այդ ազգի հետ, և նա ջերմ զգացմունքներ էր տածում նրա հանդեպ։ Եհովան դեռ սիրում էր նրանց և համարում էր «սիրված զավակ»։ Երբ մտածում էր նրանց մասին, նրա աղիքները «գալարվում էին»՝ արթնանում էին նրա ամենաջերմ զգացմունքները։ Այս նկարագրությունը, որը գտնվում է նոր ուխտի համատեքստում, ցույց է տալիս, թե որքան մեծահոգի ու ներողամիտ է Եհովան նրանց հանդեպ, ովքեր զղջում են անցյալում կատարած իրենց սխալների համար։
25. Ինչո՞ւ ես երախտապարտ Եհովային նոր ուխտի համար։
25 Եհովայի խոստումը, որ նա նոր ուխտի միջոցով ներելու է մարդկանց մեղքերը, լիարժեքորեն կկատարվի Քրիստոսի Հազարամյա Իշխանության վերջում։ Հիսուս Քրիստոսը 144000 քահանաների հետ միասին հավատարիմ մարդկանց կատարելության կհասցնի։ Վերջնական փորձությունից հետո մարդկությունը Եհովայի տիեզերական ընտանիքի մի մասը կդառնա (կարդա՛ Հռոմեացիներ 8։19–22)։ Այդ ժամանակ մարդիկ այլևս չեն հառաչի մեղքի ծանրությունից։ Նրանք վերջապես կհասնեն «Աստծու զավակների փառահեղ ազատությանը», այսինքն՝ կազատվեն մեղքից ու մահից։ Հետևաբար վստահ եղիր, որ նոր ուխտի շնորհիվ, որը Եհովայի սիրո դրսևորումն է, կարող ես առատ օրհնություններ ստանալ։ Այո՛, Դավթի «ընձյուղի» միջոցով դու կարող ես օգուտներ քաղել հիմա և հավիտյան և արդարություն վայելել երկրի վրա (Երեմ. 33։15)։
Ինչպե՞ս կարող ես օգուտներ քաղել նոր ուխտից հիմա և ապագայում։
a Աստծու ներելու պատրաստակամությունը վառ կերպով նկարագրվում է «Օսեե» գրքում Գոմերի և Օսեեի օրինակով։ Օսեե 2։14–16 համարների բացատրությունը գտնելու համար տե՛ս «Ապրիր՝ քո մտքում պահելով Եհովայի օրը» գիրքը, էջ 128–130 (անգլ., ռուս.)։