Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 11

Եհովայի սրտով հովիվներ

Եհովայի սրտով հովիվներ

1, 2. ա) Ի՞նչ կարող է պատահել, եթե ոչխարների հոտը պաշտպանված չլինի։ բ) Ի՞նչ պարտականություններ ուներ հովիվը Աստվածաշնչյան ժամանակներում։

 ՀԻՐՈՅԱՍՈՒ անունով մի մարդ, որն ապրում է Ճապոնիայում, հիշում է, որ երբ փոքր էր, իր մայրը երկու ոչխար գնեց՝ արու և էգ։ Նա հոգ էր տանում ոչխարներին։ Ամեն տարի երկու գառ էր ծնվում։ Հիրոյասուն պատմում է. «Երբ 12 տարեկան էի, արդեն ունեինք 12 կամ 13 ոչխար։ Մի օր վաղ առավոտյան, երբ դեռ անկողնում էի, ոչխարների մայունը լսեցի։ Ես անմիջապես դուրս չեկա։ Բայց հետո, երբ դուրս եկա, տեսա վայրի շների մի ոհմակ, որ փախչում էր ոչխարների մոտից։ Նրանք պատառոտել էին իմ գառներին։ Խելագարի պես սկսեցի փնտրել մայր ոչխարին։ Նրան գտա արյան մեջ կորած. նա դեռ շնչում էր։ Սակայն միայն արու ոչխարը կենդանի մնաց։ Սիրտս կտոր–կտոր եղավ։ Շատ եմ փոշմանում, որ նրանց ձայնը լսելուն պես չգնացի նրանց մոտ։ Նրանք անպաշտպան էին շների առաջ»։

2 Աստվածաշնչյան ժամանակներում գրեթե բոլորին ծանոթ էր հովվի աշխատանքը։ Հովիվը հոտին արոտավայր էր տանում և հետևում էր, որ ոչխարները կուշտ արածեն։ Նա նաև պաշտպանում էր հոտին գիշատիչներից և փնտրում էր մոլորվածներին (1 Սամ. 17։34–36)։ Հովիվն ապահով տեղերում մակաղում էր իր ոչխարներին, նաև օգնում էր նրանց ծննդաբերելիս և հոգ էր տանում նորածին գառներին։ Աստվածաշունչը գրի առնողներից շատերը, այդ թվում նաև Երեմիան ժողովրդին հոգ տանելու պատասխանատվությունը կրող մարդկանց՝ թե՛ ղեկավարների և թե՛ հոգևոր առաջնորդների մասին խոսելիս փոխաբերական իմաստով նրանց կոչել են հովիվներ։

3. Ի՞նչ իմաստով էր Երեմիան օգտագործում «հովիվ» և «հովվել» բառերը։

3 Քրիստոնեական ժողովում ոմանք երեցներին հովիվներ են համարում գուցե միայն այն ժամանակ, երբ նրանք օգնելու և քաջալերելու նպատակով այցելում են իրենց եղբայրներին։ Սակայն Երեմիան «հովիվ» և «հովվել» բառերը օգտագործում է նկարագրելու համար Հուդայի առաջնորդների ողջ գործունեությունը։ Աստված հաճախ մեղադրում էր Հուդայի իշխաններին, մարգարեներին և քահանաներին իբրև վատ հովիվների, քանի որ նրանք չէին ծառայում հասարակ ժողովրդի շահերին (Երեմ. 2։8)։ Նրանք անտարբեր էին իրենց «ոչխարների» հանդեպ, մոլորեցնում էին նրանց, վատ էին վերաբերվում և իրենց անձնական շահն էին փնտրում։ Աստծու ժողովուրդը հոգևոր առումով անտարբերության էր մատնված։ Ուստի Եհովան չարիք ազդարարեց այդ կեղծ հովիվների համար, իսկ իր ժողովրդին խոստացավ, որ նրանց հոգատար և ուշադիր հովիվներ կտա, որոնք իսկապես կպաշտպանեն հոտին (կարդա՛ Երեմիա 3։15; 23։1–4

4. Ովքե՞ր են այսօր հոգ տանում Աստծու հոտին և ինչպիսի՞ ոգով են դա անում։

4 Աստծու խոստումը հիմնականում վերաբերում էր Հիսուս Քրիստոսին՝ Հովվապետին, որը դարձավ քրիստոնեական ժողովի Գլուխը։ Նա իրեն կոչում է «բարի հովիվ», որն իսկապես կարեկցում է իր «ոչխարներին» (Հովհ. 10։11–15)։ Այսօր Եհովան երկրի վրա ապրող իր ծառաներին հոգ տանելու համար նշանակել է նաև ենթահովիվներ։ Այդ ենթահովիվները հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգի օծյալ եղբայրներն են և «մեծ բազմությունից» եղող բարեխիղճ երեցները (Հայտն. 7։9)։ Նրանք ձգտում են արտացոլել Հիսուսի անձնազոհ ոգին։ Հիսուսի պես՝ նրանք էլ ցանկանում են կերակրել և խնամք տանել ժողովին։ Սակայն վա՜յ նրանց, ովքեր անտեսում են իրենց եղբայրներին կամ տիրում նրանց վրա, կոպիտ են կամ ամբարտավան (Մատթ. 20։25–27; 1 Պետ. 5։2, 3)։ Եհովան ի՞նչ է ակնկալում քրիստոնյա հովիվներից։ Ի՞նչ կարող ենք սովորել Երեմիայի գրվածքներից այն վերաբերմունքի և մղումների մասին, որ երեցները պետք է ունենան։ Եկեք քննենք նրանց դերը որպես հոտին հոգ տանողներ, ուսուցիչներ և դատավորներ։

ԵՐԵՑՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՎ ՀՈԳ ԵՆ ՏԱՆՈՒՄ

5-7. ա) Եհովան ի՞նչ է ակնկալում երեցներից և ինչո՞ւ։ բ) Ինչպե՞ս կարող են երեցները իսկական սեր ցույց տալ իրենց եղբայրների, այդ թվում նաև մոլորվածների նկատմամբ։

5 Պետրոս առաքյալը Եհովային անվանում է «հովիվ և [մեր] հոգիների պահապան» (1 Պետ. 2։25)։ Ինչպե՞ս է Աստված վերաբերվում իր հոտին։ Ուշադրություն դարձնենք, թե Եհովան ինչ ասաց Երեմիայի օրերում։ Չար հովիվներին քննադատելուց հետո, որոնք հոտը ցիրուցան էին արել ու անտարբերության մատնել, Եհովան ասաց, որ «հավաքելու է իր ոչխարներին» և հետ է բերելու իրենց արոտավայրերը։ Նա խոստացավ, որ բարի հովիվներ է նշանակելու, ովքեր «կհովվեն նրանց» և կպաշտպանեն հոշոտող թշնամիներից (Երեմ. 23։3, 4)։ Եհովայի «ոչխարներն», իրոք որ, թանկ էին իր համար։ Նա այսօր էլ է թանկ գնահատում իր ծառաներին։ Եհովան մեծ գին է վճարել նրանց հավիտենական բարօրության համար (1 Պետ. 1։18, 19

6 Հովիվների պես՝ քրիստոնյա վերակացուները ժողովին հոգ տանելու հարցում պետք է փութաջան լինեն։ Եթե դու երեց ես, ջանո՞ւմ ես ուշադիր լինել և նկատել, թե ինչն է անհանգստացնում քո եղբորը։ Պատրա՞ստ ես անհապաղ նրան օգնելու։ Իմաստուն Սողոմոն թագավորը, ընդգծելով ոչխար արածեցնող հովիվների աշխատասիրությունը, գրեց. «Դու պետք է լավ իմանաս քո հոտի վիճակը և սիրտդ դնես անասուններիդ համար» (Առակ. 27։23)։ Այս խոսքերը, կարելի է ասել, վերաբերում են նաև ժողովում հոգևոր աջակցություն ցույց տվող հովիվներին։ Եթե դու երեց ես, պայքարո՞ւմ ես, որ ուրիշների վրա իշխելու հակվածություն չունենաս։ Այն, որ Պետրոսը խոսեց Աստծու ժառանգության վրա չիշխելու մասին, ցույց է տալիս, որ իրոք հնարավոր է՝ երեցն այդպես վարվի։ Իսկ ինչպե՞ս կարող ես կիրառել Երեմիա 33։12–ում արձանագրված խոսքերը (կարդա՛)։ Միայնակ ծնողները, այրիները, տարեցներն ու երիտասարդները, ինչպես նաև այն ընտանիքները, որտեղ ծնողներից մեկը խորթ է, գուցե հատուկ ուշադրության և օգնության կարիք ունենան։

7 Ինչպես հովիվն է փնտրում մոլորված ոչխարին, այնպես էլ ժողովի վերակացուները պետք է փնտրեն և օգնեն նրանց, ովքեր տարբեր պատճառներով հետ են ընկել հոտից։ Դա անելու համար նրանցից անձնազոհություն և խոնարհություն է պահանջվում։ Նրանք համբերությամբ ժամանակ են տրամադրում, որ հոգ տանեն իրենց վստահված «գառներին»։ Լավ կլինի, եթե ժողովի երեցները անկեղծորեն ինքնաքննություն անեն՝ հարցնելով. «Ավելի շատ ձգտում եմ քաջալերելու և կերտելո՞ւ, թե՞ հակված եմ մեղադրելու և քննադատելու։ Անկեղծորեն ուզո՞ւմ եմ բարելավել իմ որակները»։ Երբեմն գուցե կարիք լինի շարունակ ջանքեր թափելու, որպեսզի օգնես հավատակցիդ իրերին Աստծու տեսանկյունից նայելու։ Եթե քույրը կամ եղբայրը դժվարանում է ընդունել սուրբգրային խորհուրդը (ոչ թե քո կամ մյուս երեցների անձնական կարծիքը), հիշիր Մեծագույն Հովվին և Վերակացուին՝ Եհովային։ Նա համբերությամբ շարունակում էր խոսել իր մոլորված ժողովրդի հետ և փորձում էր օգնել նրան (Երեմ. 25։3–6)։ Աստծու ծառաների մեծամասնությունն այսօր չարիք չի գործում, բայց երբ անհրաժեշտություն է լինում, երեցը պետք է խորհուրդ տա, ինչպես որ Եհովան։

8. Ինչպե՞ս կարող են ժողովի հովիվները հետևել Երեմիայի օրինակին։

8 Քանի դեռ հույս կար, որ հրեաները հետ կդառնային դեպի Եհովան, Երեմիան աղոթում էր նրանց համար։ Նա խնդրեց Աստծուն. «Հիշիր, թե ինչպես էի քո առաջ կանգնում ու նրանց մասին բարին խոսում, որպեսզի բարկությունդ հետ դառնար նրանցից» (Երեմ. 18։20)։ Այս խոսքերից տեսնում ենք, որ Երեմիան վատ չէր տրամադրվում իր եղբայրների հանդեպ, այլ կենտրոնանում էր նրանց լավ հատկությունների վրա։ Քրիստոնյա վերակացուները իրենց եղբոր հանդեպ Երեմիայի նույն վերաբերմունքը պետք է ունենան, քանի դեռ հստակ չի երևում, որ նա համառորեն չի ուզում փոխել իր չար ընթացքը։ Նրանք բարի բան արած կլինեն, եթե գովեն իրենց եղբայրներին լավ գործերի համար և աղոթեն նրանց համար թե՛ առանձին, թե՛ նրանց հետ միասին (Մատթ. 25։21

Ժողովի հովիվների վերաբերյալ ի՞նչ խոստում տվեց Աստված Երեմիայի միջոցով։ Նրանք ինչպե՞ս կարող են պաշտպանել և հոգ տանել հոտին։

«ՁԵԶ ԻՄԱՑՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅԱՄԲ ԿՍՆԵՆ»

9, 10. Ինչո՞ւ է լավ հովիվ (ժողովի երեց) լինելու համար անհրաժեշտ նաև ուսուցիչ լինել։

9 Համաձայն Երեմիա 3։15–ի՝ քրիստոնյա հովիվները պետք է մարդկանց «իմացությամբ ու հասկացողությամբ սնեն», այսինքն՝ ուսուցիչներ լինեն (1 Տիմոթ. 3։2; 5։17)։ Եհովան իր ժողովրդին խոստացավ, որ բարի հովիվները կուսուցանեն նրանց։ Նա քաջալերեց հրեաներին Երեմիա մարգարեի կողմից տրվող խրատն ընդունել (կարդա՛ Երեմիա 6։8)։ Առողջ լինելու համար ոչխարները պետք է լավ սնվեն։ Նմանապես, հոգևոր լավ առողջություն ունենալու համար Աստծու ժողովուրդը պետք է Աստվածաշնչից սնվի և առաջնորդություն ստանա։

10 Ուսուցանելու գործում երեցները երկու դեր ունեն։ Նրանք օգնում են ոչ միայն նրանց, ովքեր քրիստոնեական ժողովում են, այլ նաև նրանց, ովքեր դեռ չեն ընդունել աստվածաշնչյան ճշմարտությունը։ Չէ՞ որ քրիստոնեական ժողովի գոյության գլխավոր նպատակը Աստծու Թագավորության մասին բարի լուրի քարոզչությունն է։ Հետևաբար, երեցները պետք է եռանդուն քարոզիչներ լինեն (Երեմ. 1։7–10)։ Այդպիսով նրանք կկատարեն Աստծու հանդեպ իրենց պարտականությունները և լավ օրինակ կթողնեն իրենց եղբայրներին։ Եթե դու երեց ես, թերևս նկատած կլինես, որ տարբեր քույրերի և եղբայրների հետ կանոնավորաբար ծառայելու շնորհիվ հնարավորություն ես ունենում օգնելու նրանց բարելավել ուսուցանելու իրենց հմտությունները։ Ինչ խոսք, կանոնավորաբար ծառայելու շնորհիվ բարելավվում են նաև քո հմտությունները։ Քարոզչական ծառայության մեջ նախանձախնդրորեն առաջնորդություն վերցնելով՝ դու կքաջալերես ամբողջ ժողովին և կնպաստես նրա առաջադիմությանը։

11, 12. Եթե երեցը ցանկանում է լավ հովիվ լինել, ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնի։

11 Այն ամենը, ինչ սովորեցնում են երեցները, պետք է Աստվածաշնչի վրա հիմնված լինի, որպեսզի նրանք վստահ լինեն, որ այն առողջարար հոգևոր կերակուր է։ Արդյունավետ ուսուցիչներ լինելու համար երեցները պետք է Աստծու Խոսքը ջանասիրաբար ուսումնասիրեն։ Երեմիան նշում է, թե ինչու իր ժամանակվա առաջնորդները լավ ուսուցիչներ չէին։ Նա դատապարտում է նրանց՝ ասելով. «Հովիվներն իրենց անխոհեմ պահեցին և չփնտրեցին Եհովային։ Այդ պատճառով էլ նրանք հասկացողությամբ չվարվեցին, և նրանց ամբողջ հոտը ցիրուցան եղավ» (Երեմ. 10։21)։ Նրանք, ովքեր ուսուցիչներ լինելու պատասխանատվությունն ունեին, չէին հետևում սուրբգրային սկզբունքներին և չէին փնտրում Աստծուն։ Այդ պատճառով նրանք իմաստությամբ չէին գործում։ Իսկ կեղծ մարգարեներին Երեմիան ավելի խստորեն դատապարտեց (կարդա՛ Երեմիա 14։14, 15

12 Ի տարբերություն այդ կեղծ հովիվների՝ քրիստոնյա վերակացուները ուսումնասիրում են Աստծու Խոսքը և հետևում Հիսուսի օրինակին։ Այդպես վարվելով նրանք կարող են հոտը իմաստնորեն հովվել։ Նրանց համար կարող է դժվար լինել կանոնավորաբար ուսումնասիրության ծրագրին հետևելը, քանի որ մյուս պարտականությունները կատարելու համար նույնպես ժամանակ է հարկավոր։ Եթե դու երեց ես, լիովին համոզվա՞ծ ես, որ քո ուսուցանածը օգտակար ու ճշմարիտ կլինի, նաև իմաստություն ու հասկացողություն կարտացոլի միայն այն դեպքում, եթե հիմնված լինի Աստծու Խոսքի և իմաստուն ծառայի տված առաջնորդության վրա։ Եթե նկատում ես, որ անձնական ուսումնասիրությանը այնքան ժամանակ չես տրամադրում, որքան նախկինում, մտածիր, թե ինչ կարող ես անել, որպեսզի շարունակես տարբերվել Երեմիայի օրերում ապրող կեղծ հովիվներից։

13. Ի՞նչն օգնեց Երեմիային լավ ուսուցիչ լինելու, և ի՞նչ կարող են քրիստոնյա հովիվները սովորել նրանից։

13 Երեմիան արդյունավետ ուսուցիչ էր նաև այն բանի շնորհիվ, որ պատկերավոր օրինակների միջոցով էր ուսուցանում։ Ինչ խոսք, Եհովան էր սովորեցնում նրան այդպես անել։ Հավանաբար տեսնողները երբեք չէին մոռանա, թե Երեմիան ինչպես կավե կուժը գետին գցելով կոտրեց ու ազդարարեց, որ Երուսաղեմն ու այնտեղի բնակիչները նույն ձևով պիտի կործանվեն (Երեմ. 19։1, 10, 11)։ Մեկ ուրիշ անգամ Երեմիան փայտե լուծ պատրաստեց և իր պարանոցի վրա դրեց, որպեսզի ցույց տա, թե իր ժողովուրդն ինչպես է տառապելու Բաբելոնի ծանր լծի տակ (Երեմ. 27, 28 գլուխներ)։ Թեպետ այսօր Աստված երեցներին ուղղակիորեն չի ասում, թե ինչ օրինակներ օգտագործեն, սակայն մի՞թե նրանք արժանի չեն մեր գնահատանքին, երբ ուսուցանելիս խոսքը կենդանի դարձնելու համար պատկերավոր օրինակներ են բերում և հետաքրքիր դեպքեր պատմում։ Ինչ խոսք, լավ մտածված և համապատասխան օրինակները կարող են ազդեցիկ լինել և մղել գործերի։

14. ա) Ի՞նչ հռչակ ուներ Գաղաադի բալասանը, և Երեմիան ի՞նչ իմաստով խոսեց դրա մասին։ բ) Քրիստոնյա երեցները ինչպե՞ս կարող են նպաստել իրենց եղբայրների հոգևոր առողջությանը։

14 Որքա՜ն երախտապարտ ենք քրիստոնյա հովիվներին իրենց տված ուսուցման համար։ Երեմիայի օրերում մարդիկ հոգևորապես ապաքինվելու կարիք ունեին։ Ուստի նա հարցրեց. «Մի՞թե Գաղաադում բալասան չկա, կամ մի՞թե այնտեղ բժիշկ չկա» (Երեմ. 8։22)։ Գաղաադում, որն Իսրայելի տարածքում էր գտնվում՝ Հորդանանի արևելյան մասում, բալասան կար։ Այս անուշահոտ բուսայուղը մեծ հռչակ էր վայելում իր բուժիչ հատկություններով։ Այն օգտագործվում էր վերքերի ցավը թեթևացնելու և բուժելու նպատակով։ Սակայն այնտեղ հոգևոր ապաքինում չկար։ Ինչո՞ւ։ Երեմիան ասում է. «Մարգարեները սուտ են մարգարեանում, և քահանաները իրենց ուզածի պես են իշխում, իսկ իմ ժողովրդին դա դուր է գալիս» (Երեմ. 5։31)։ Ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։ Մի՞թե Գաղաադում՝ քո ժողովում, «բալասան» չկա։ Իհարկե կա։ Ցավը թեթևացնող բալասանը կարելի է համեմատել քրիստոնյա հովիվների տված մխիթարության հետ։ Նրանք սիրով առաջնորդում են մեզ սուրբգրային սկզբունքներով, կերտիչ խոսքեր են ասում և աղոթում են մեզ համար թե՛ մեզ հետ, թե՛ առանձին (Հակ. 5։14, 15

Երեցների ո՞ր դերն ես հատկապես գնահատում։ Ի՞նչն է նրանց ուսուցումը արդյունավետ դարձնում։

«ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ԵՀՈՎԱՆ»

15, 16. «Գառներն» ինչո՞ւ ուշադրության կարիք ունեն։

15 Պատկերացրու, թե ինչ հրճվանք է ապրում հովիվը, երբ իր պահած ոչխարները առողջ գառնուկներ են ծնում։ Նա տեսնում է իր թափած ջանքերի արդյունքը։ Սակայն հասկանում է, որ գառնուկները ուշադրության կարիք են զգում։ Օրինակ՝ հովիվը պետք է հոգ տանի, որ նրանք ճիշտ սնվեն։ Իսկ որոշ երկրներում կան ոչխարների տեսակներ, որոնց պոչերը երկար են։ Հովիվը գառների պոչերը կտրում է, որպեսզի նրանք մաքուր մնան և առողջ լինեն։ Սակայն դա անում է այնպիսի հմտությամբ, որ ցավ չպատճառի գառանը։ Քրիստոնյա հովիվները նույնպես սիրառատ ուշադրություն են դարձնում իրենց «գառներին»՝ ժողովի անդամներին (Հովհ. 21։16, 17)։ Նրանք ուրախանում են, երբ տեսնում են, թե ինչպես են հետաքրքրվող անհատները քայլեր անում՝ դառնալու ճշմարիտ քրիստոնյաներ։ Երեցներն ուզում են, որ Եհովայի հոտի բոլոր անդամները՝ երիտասարդ թե տարեց, լինեն կուշտ ու առողջ։ Ուստի ուշադիր են նրանց նկատմամբ և անհրաժեշտության դեպքում օգնության են հասնում։ Նրանք հիշեցնում են իրենց եղբայրներին, թե ինչ է ասում Եհովան, այսինքն՝ թե ինչ է Աստվածաշունչը սովորեցնում (Երեմ. 2։2, 5; 7։5–7; 10։2; Տիտոս 1։9

16 Աստծու պատգամները մարդկանց հայտնելու համար Երեմիայից վճռականություն էր պահանջվում։ Ժողովի երեցները նույնպես պետք է վճռական լինեն, հատկապես երբ անհրաժեշտություն է առաջանում պաշտպանելու իրենց եղբայրներին։ Օրինակ՝ հնարավոր է՝ երեցը նկատի, որ «նորածին գառներից» կամ «ոչխարներից» մեկը Սատանայի աշխարհի կողմից աղտոտվելու վտանգի առաջ է կանգնած։ Այդ ժամանակ նա պետք է իսկույն քայլեր ձեռնարկի, նույնիսկ եթե անհատը խորհուրդ ստանալու համար երեցներին չի դիմել։ Պարզ է, որ բարեխիղճ հովիվը ձեռքերը ծալած չի կանգնի ու նայի, թե ինչպես է իր հոտից որևէ մեկը փորձանքի մեջ ընկնում, ոչ էլ մատների արանքով կնայի դրան։ Նա չի ձևացնի, թե ամեն ինչ լավ է՝ իմանալով հանդերձ, որ իր եղբայրը վտանգում է իր փոխհարաբերությունները Եհովայի հետ (Երեմ. 8։11

17. Ե՞րբ և ինչպե՞ս պետք է երեցը հատուկ ուշադրություն դարձնի հոտի անդամներին։

17 Եթե հանկարծ որևէ ոչխար ինչ–որ պատճառով հոտից հեռանա կամ մոլորվի, աչալուրջ հովիվը իսկույն կօգնի նրան ու հետ կբերի (կարդա՛ Երեմիա 50։6, 7)։ Նմանապես, վերակացուն որոշ դեպքերում թերևս հարկ համարի սիրալիր կերպով հստակ խորհուրդներ տալ նրան, ով վտանգավոր ընթացք է բռնել։ Օրինակ՝ նա գուցե նկատի, որ նշանված զույգը առանձին՝ առանց երրորդ անձի, ժամանակ է անցկացնում այնպիսի վայրերում, որտեղ կարող են ազատություն տալ իրենց զգացմունքներին։ Նրբանկատ և հոգատար երեցը կարող է օգնել այդ զույգին խուսափելու նման վտանգավոր իրավիճակներից։ Նրանց մեղադրելու փոխարեն՝ նա ցույց կտա, թե ինչպես կարող է նման իրավիճակներում գտնվելը անհատին դրդել անելու Եհովային ատելի բաներ։ Երեմիայի պես՝ երեցներն էլ են դատապարտում այն գործերը, որոնք Աստծու աչքին դատապարտելի են։ Նրանք ընդօրինակում են Եհովային, ով Երեմիայի միջոցով մեղմորեն խնդրեց իր ժողովրդին. «Մի՛ արեք, խնդրում եմ, այդ նողկալի գործերը, որոնք ես ատում եմ» (Երեմ. 5։7; 25։4, 5; 35։15; 44։4)։ Իսկ դու գնահատո՞ւմ ես հոգատար երեցների ջանքերը, որ ներդնում են «հոտի» համար։

18. Ի՞նչ լավ արդյունքների կարող են հասնել ժողովի հովիվները։

18 Ինչ խոսք, բոլորը չէին, որ լսում էին Երեմիայի խորհուրդները։ Բայց եղան մարդիկ, որ լսեցին։ Օրինակ՝ Երեմիան հստակ խորհուրդ տվեց Բարուքին, որը նրա ընկերն էր և քարտուղարը (Երեմ. 45։5)։ Արդյո՞ւնքը։ Բարուքն ընդունեց Երեմիայի խորհուրդը, արժանացավ Աստծու հավանությանը և Երուսաղեմի կործանումից վերապրեց։ Այսօր էլ կլինեն մարդիկ, ովքեր կընդունեն երեցների խորհուրդները։ Իրենց ջանքերի արդյունքները տեսնելով, երեցները կմղվեն շարունակելու «ջանասեր լինել.... հորդորելու և սովորեցնելու մեջ», ինչի շնորհիվ շատերի կյանքը կփրկեն (1 Տիմոթ. 4։13, 16

«ՉԱՓԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ» ԽՐԱՏԵԼ

19, 20. Ինչպե՞ս պետք է երեցները վարվեն մեղք գործող անհատի հետ։

19 Վերակացուները նաև դատավորների դեր են տանում ժողովում։ Լինում են դեպքեր, երբ անհատը գիտակցաբար մեղք է գործում, և երեցները փորձում են նրան օգնել, որ զղջա։ Այդպես անելով, նրանք ընդօրինակում են Եհովային, ով բարյացակամորեն, բայցև հստակ կերպով խրախուսեց մեղավորներին հետ դառնալ իրենց սխալ ճանապարհներից (Երեմ. 4։14)։ Սակայն եթե անհատը չթողնի իր մեղավոր ընթացքը, երեցները պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի «հոտը» պաշտպանեն ապականիչ ազդեցությունից։ Առաջնորդվելով Աստվածաշնչի սկզբունքներով՝ նրանք գուցե ստիպված լինեն ընկերակցությունից զրկել մեղք գործողին։ Եհովան ակնկալում է, որ նման դեպքերում երեցներն իր արդար չափանիշների համաձայն կդատեն։ Այս հարցում լավ օրինակ է Հովսիա թագավորը։ Նա «ճնշվածի ու աղքատի դատը քննեց»։ Նա Աստծու պես սիրում էր արդարությունը։ Դրա համար էլ Եհովան նրա մասին ասաց. «Արդյոք այդպես չվարվե՞ց այն պատճառով, որ ինձ լավ էր ճանաչում»։ Քանի որ Հովսիան արդարություն և արդարադատություն ի գործ դրեց, նրա համար «լավ եղավ»։ Մի՞թե քեզ ավելի ապահով չես զգում, երբ տեսնում ես, որ քո ժողովի երեցները ձգտում են Հովսիայի պես արդար վարվել (Երեմ. 22։11, 15, 16

20 Վստահ եղիր, որ Եհովան մեղք գործողներին «չափավորությամբ է խրատում» (Երեմ. 46։28)։ Ուստի կախված հանգամանքներից և մեղք գործողի մտածելակերպից՝ երեցները նրան կա՛մ խորհուրդ են տալիս, կա՛մ հորդորում են, կա՛մ էլ հանդիմանում։ Իսկ անհրաժեշտության դեպքում չզղջացող անհատին զրկում են ընկերակցությունից։ Երեցները հրապարակավ չեն աղոթում այնպիսի մարդկանց համար, ովքեր զրկված են ընկերակցությունից և մեղավոր ընթացք են բռնել. դա անելը անիմաստ կլինի a (Երեմ. 7։9, 16)։ Սակայն Աստծուն ընդօրինակելով՝ երեցները նրանց ցույց են տալիս, թե ինչպես կարող են դարձյալ Աստծու հավանությանն արժանանալ (կարդա՛ Երեմիա 33։6–8)։ Թեև ընկերակցությունից զրկելը կարող է ցավ պատճառել, սակայն կարող ենք վստահ լինել, որ Աստծու սկզբունքներն արդար են և բոլորի օգտին են ծառայում (Ողբ 1։18

21. Ի՞նչ վիճակում պետք է լինի Աստծու հոտը, և ինչպե՞ս կարող ես նպաստել դրան։

21 Երբ ժողովի հովիվները տվյալ իրավիճակին համապատասխան սուրբգրային սկզբունքներ են գտնում և կիրառում, Աստծու հոտը լինում է հոգևորապես լավ սնված, առողջ և պաշտպանված (Սաղ. 23։1–6)։ Երեմիայի գրվածքներից քրիստոնյա վերակացուները, ինչ խոսք, շատ դասեր են քաղում այն մասին, թե ինչպիսի վերաբերմունք պետք է ունենան իրենց եղբայրների հանդեպ և ինչպիսին պետք է լինեն իրենց մղումները։ Դրանք մեծապես կօգնեն նրանց, որպեսզի լիարժեքորեն կատարեն իրենց հանձնարարված գործը։ Ուստի մեզանից յուրաքանչյուրը կարող է ինքն իրեն հարցնել. «Կշարունակե՞մ գնահատանքս ցույց տալ Եհովայի կողմից նշանակված հովիվների հանդեպ, որոնք ուսուցանում, առաջնորդում և պաշտպանում են մեզ։ Կաջակցե՞մ նրանց, ովքեր հոտը «իմացությամբ և հասկացողությամբ» են հովվում» (Երեմ. 3։15; 23։4

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ, որ վերակացուները վճռական լինեն։ Ի՞նչ է Եհովան ակնկալում քրիստոնյա երեցներից, երբ նրանք գործում են իբրև դատավորներ։

a Տե՛ս «Դիտարան» 2001, դեկտեմբերի 1, էջ 30, 31։