ԳԼՈՒԽ 13
«Եհովան ի կատար ածեց իր խորհածը»
1. Ի՞նչ ասաց Երեմիան Եհովայի մարգարեությունների մասին Երուսաղեմի կործանումից հետո։
ԵՐՈՒՍԱՂԵՄԸ ավերակ էր դարձել։ Բաբելոնացիները գրավել ու հրդեհել էին այն, և քաղաքից դեռ ծուխ էր բարձրանում։ Երեմիայի ականջներում շարունակ հնչում էին մարդկանց ահասարսուռ ճիչերը։ Մինչ այդ Աստված նրան ասել էր, թե ինչ էր տեղի ունենալու, և հենց այդպես էլ եղավ։ «Եհովան ի կատար ածեց իր խորհածը»,— հառաչեց մարգարեն։ Ի՜նչ ողբերգություն. Երուսաղեմը կործանված էր (կարդա՛ Ողբ 2։17)։
2. Դարեր առաջ կանխագուշակված ո՞ր մարգարեության կատարման ականատեսը դարձավ Երեմիան։
2 Երեմիան տեսավ շատ մարգարեությունների, այդ թվում նաև հնում կանխագուշակված մարգարեությունների կատարումը։ Դարեր առաջ Մովսեսը իսրայելացիներին ասել էր, որ հնազանդության արդյունքում նրանք օրհնություններ կվայելեին, իսկ անհնազանդության արդյունքում՝ իրենց վրա անեծք կբերեին։ Անկասկած, Եհովան ցանկանում էր, որ իր ժողովուրդը հնազանդվեր և օրհնություններ ստանար։ Իսկ ինչ վերաբերում է անեծքներին, պետք է նշել, որ դրանք սարսափելի էին լինելու։ Մովսեսը նախազգուշացրել էր, իսկ Երեմիան ավելի ուշ կրկնել, որ եթե նրանք արհամարհեին և հակառակվեին Եհովային, կուտեին «իրենց որդիների ու դուստրերի մարմինները» (2 Օրենք 30։19, 20; Երեմ. 19։9; Ղևտ. 26։29)։ «Մի՞թե այդպիսի սոսկալի բան կարող է տեղի ունենալ»,— գուցե մտածեին ոմանք։ Երբ բաբելոնացիները պաշարեցին քաղաքը ու ժողովուրդը սովի մատնվեց, հենց այդպես էլ եղավ։ Երեմիան պատմում է. «Կարեկցող կանայք իրենց իսկ ձեռքերով եփեցին իրենց զավակներին։ Նրանք կերակուր դարձան, երբ կործանվում էր իմ ժողովրդի դուստրը» (Ողբ 4։10)։ Ի՜նչ զարհուրելի տեսարան։
3. Ի՞նչ նպատակով էր Աստված իր ժողովրդի մոտ մարգարեներ ուղարկում։
3 Ինչ խոսք, երբ Եհովան մարգարեներ էր ուղարկում իր ժողովրդի մոտ, նրա նպատակը պարզապես մոտալուտ կործանման մասին հռչակելը չէր։ Աստված ցանկանում էր, որ նրանք կրկին հավատարիմ ընթացք բռնեին։ Նա ուզում էր, որ մեղավորները զղջային։ Եզրասն ընդգծեց այս միտքը՝ ասելով. «Նրանց հայրերի Աստված Եհովան նորից ու նորից ուղարկում էր իր պատգամաբերներին, որ նախազգուշացնեն նրանց, որովհետև խնայում էր իր ժողովրդին ու իր բնակավայրը» (2 Տար. 36։15; կարդա՛ Երեմիա 26։3, 12, 13)։
4. Ի՞նչ էր զգում Երեմիան Երուսաղեմի կործանման մասին լուրը հայտնելիս։
4 Եհովան կարեկցանքից մղված էր խնայում իր ժողովրդին։ Երեմիան նույնպես կարեկցում էր նրանց։ Սպառնացող աղետը խորապես անհանգստացնում էր մարգարեին։ Նա գիտեր, որ մարդիկ դրանից կարող էին խուսափել, եթե միայն լսեին և հնազանդվեին Երեմիայի հաղորդած պատգամին։ Փորձիր պատկերացնել, թե ինչ էր զգում մարգարեն այդ լուրը հաղորդելիս։ Նա բացականչեց. «Փո՜րս, փո՜րս։ Սրտիս պատերը նվվում են անտանելի ցավից։ Սիրտս փոթորկվել է իմ ներսում։ Չեմ կարող լռել, որովհետև հոգիս փողի ձայն է լսել, պատերազմի ազդանշան» (Երեմ. 4։19)։ Նա պարզապես չէր կարող չզգուշացնել գալիք աղետի մասին։
ՄԱՐԳԱՐԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ ԷՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՆ
5. Ի՞նչ հիմքեր ուներ Երեմիան վստահ լինելու, որ այն, ինչի մասին մարգարեանում էր, կիրականանա։
5 Երեմիան ինչո՞ւ էր վստահ, որ այն, ինչի մասին մարգարեանում էր, կիրականանա (Երեմ. 1։17; 7։30; 9։22)։ Նա ամուր հավատ ուներ և Աստծու Խոսքն ուսումնասիրելու շնորհիվ համոզվել էր, որ Աստծու մարգարեությունները վստահելի են։ Եհովան այնպիսի բաներ էր մարգարեացել, որոնք մարդկային տեսանկյունից անհնար էին թվում։ Բայց Երեմիան պատմության էջերից գիտեր, որ դրանք կատարվել են ամենայն ճշգրտությամբ։ Դրանցից մեկն էր այն մարգարեությունը, որ Իսրայել ազգը պիտի ազատագրվեր Եգիպտոսի ստրկությունից։ Երեմիան, ծանոթ լինելով «Ելք» գրքի արձանագրությանը, քաջ գիտեր, թե ինչպես այդ մարգարեությունը կատարվեց։ Նա նաև ծանոթ էր այդ դեպքերի ականատեսներից մեկի՝ Հեսուի խոսքերին, որն ասել էր իր ազգակիցներին. «Դուք լավ գիտեք ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով, որ այն բարի խոսքերից և ոչ մեկը, որ ձեր Աստված Եհովան խոսեց ձեզ հետ, առանց կատարվելու չմնաց։ Բոլորն էլ կատարվեցին ձեզ համար։ Նրանցից և ոչ մի խոսք առանց կատարվելու չմնաց» (Հեսու 23։14)։
6, 7. ա) Ինչո՞ւ լավ կլինի ուշադրություն դարձնել Երեմիայի մարգարեություններին։ բ) Ի՞նչը կօգնի, որ վստահությամբ լցվես Աստծու խոստումների հանդեպ։
6 Ինչո՞ւ լավ կլինի, որ ուշադրություն դարձնես Երեմիայի մարգարեություններին։ Առաջին հերթին այն պատճառով, որ հենց ինքը Երեմիան համոզված էր, որ Եհովան կկատարի իր խոսքերը։ Երկրորդ՝ նրա հայտնած մարգարեություններից մի քանիսը մեր օրերում են կատարվում, իսկ մի քանիսի կատարումը կտեսնենք ապագայում։ Երրորդ՝ նա Աստծու ականավոր ծառաներից մեկն է, քանի որ մեծ եռանդով Աստծու անունից բազում պատգամներ է հռչակել։ Ահա թե մարգարեի մասին ինչ է ասել մի աստվածաբան. «Մյուս մարգարեների մեջ Երեմիան ասես հսկա լինի»։ Եհովայի ժողովրդի պատմության մեջ այս մարգարեն այնքան մեծ դեր է խաղացել, որ Հիսուսին լսողներից ոմանք կարծեցին, թե նա Երեմիան է (Մատթ. 16։13, 14)։
7 Երեմիայի նման՝ դու էլ ես ապրում այնպիսի ժամանակաշրջանում, երբ Աստվածաշնչի կարևոր մարգարեություններ են կատարվում։ Ուստի դու էլ պետք է Երեմիայի պես համոզված լինես, որ Աստծու խոստումները վստահելի են (2 Պետ. 3։9–14)։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ամրացնես հավատդ Աստծու մարգարեական Խոսքի հանդեպ։ Այս գլխում կքննենք երեք բան. նախ՝ Երեմիայի այն մարգարեությունները, որոնց կատարումը նա տեսել է։ Երկրորդ՝ այն մարգարեությունները, որոնք կատարվեցին նրանից հետո։ Երրորդ՝ այն մարգարեությունները, որոնց մի մասը կատարվում է հիմա, մյուս մասն էլ կկատարվի ապագայում։ Դրանց ուսումնասիրությունը կամրացնի վստահությունդ Եհովայի մարգարեական Խոսքի հանդեպ, որպեսզի ավելի համոզվես, որ «Եհովան ի կատար կածի իր խորհածը» (Ողբ 2։17)։
Ի՞նչ նպատակով էր Աստված իր ժողովրդի մոտ մարգարեներ ուղարկում։ Ինչո՞ւ ես վստահ, որ գալիք կործանման մասին մարգարեությունները կկատարվեն։
ԵՐԵՄԻԱՅԻ ՕՐԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
8, 9. Ինչո՞վ է Աստվածաշունչը առանձնահատուկ։
8 Շատերն են փորձում կանխագուշակել ապագան, օրինակ՝ տնտեսագետները, քաղաքագետները, ոգեհարցներն ու օդերևութաբանները։ Անկասկած, դու էլ կհամաձայնվես, որ դժվար է ապագայի վերաբերյալ որևէ բան ճշգրտորեն կանխատեսել, նույնիսկ փոքր բաներ, օրինակ՝ թե ինչ տեղի կունենա մի քանի օր կամ մի քանի շաբաթ անց։ Սակայն Աստվածաշնչում արձանագրված բոլոր մարգարեությունները ճշգրտորեն են կատարվում։ Իրոք որ, այն առանձնահատուկ գիրք է (Ես. 41։26; 42։9)։ Օրինակ՝ Երեմիայի մարգարեություններից շատերը, որոնք վերաբերում էին կոնկրետ մարդկանց և ազգերի, արդեն կատարվել են ամենայն մանրամասնությամբ։ Քննենք դրանցից մի քանիսը, որոնք կատարվեցին Երեմիայի օրերում։
9 Աստծուց ներշնչված՝ Երեմիան կանխագուշակեց, որ Բաբելոնը հզորանալու է։ Մարգարեն նշեց, որ Բաբելոնը այն «ոսկե բաժակն» էր, որի միջոցով Եհովան իր բարկությունը պիտի թափեր Հուդայի և մոտակա շատ քաղաքների ու ժողովուրդների վրա՝ նրանց ստրկացնելու նպատակով (Երեմ. 51։7)։ Երեմիան և իր ժամանակակիցները այս մարգարեության կատարման ականատեսները եղան (համեմատի՛ր Երեմիա 25։15–29; 27։3–6; 46։13)։ Իսկ այսօր որևէ մեկը կարո՞ղ է կանխագուշակել, թե մեկ կամ երկու տարի հետո ինչպիսին կլինի իրավիճակն աշխարհում։ Ո՞ր քաղաքական վերլուծաբանը կարող է ճշգրտորեն կանխատեսել, թե ինչ փոփոխություններ տեղի կունենան քաղաքական դաշտում։
10. Ի՞նչ կանխագուշակեց Եհովան Հուդայի չորս թագավորների մասին։
10 Եհովան Երեմիայի միջոցով նաև հայտնեց, թե ինչ էր պատահելու Հուդայի չորս թագավորներին։ Նա կանխագուշակեց, որ Հովսիա թագավորի որդի Հովաքազը (հայտնի էր նաև Սեղում անունով) գերի կտարվի և այլևս չի վերադառնա Հուդա (Երեմ. 22։11, 12)։ Այդպես էլ եղավ (2 Թագ. 23։31–34)։ Աստված նաև հայտնեց, որ Հովակիմը, որը Հովաքազից հետո գահ բարձրացավ, կթաղվի այնպես, «ինչպես էշին են թաղում» (Երեմ. 22։18, 19; 36։30)։ Աստվածաշունչը չի նշում, թե Հովակիմը ինչպես մահացավ կամ ինչ արեցին նրա դիակը, սակայն ասում է, որ Երուսաղեմի պաշարման ժամանակ գահին նստեց նրա որդի Հովաքինը։ Երեմիան կանխագուշակեց, որ Հովաքինը (հայտնի էր նաև Քոնիա և Հեքոնիա անուններով) Բաբելոն կտարվի և կմահանա այնտեղ (Երեմ. 22։24–27; 24։1)։ Այս խոսքերը նույնպես իրականացան։ Իսկ Սեդեկիայի՞ մասին ինչ ասաց մարգարեն։ Նա կանխագուշակեց, որ թագավորը կմատնվի թշնամիների ձեռքը, որոնք նրա հանդեպ կարեկցանք չեն դրսևորի (Երեմ. 21։1–10)։ Կատարվե՞ց այս մարգարեությունը։ Թշնամիները բռնեցին Սեդեկիային, նրա աչքի առաջ մորթեցին իր որդիներին, կուրացրին նրան և տարան Բաբելոն, որտեղ էլ նա մահացավ (Երեմ. 52։8–11)։ Այո՛, այս բոլոր մարգարեությունները ճշգրտորեն կատարվեցին։
11. Ո՞վ էր Հանանիան, և ի՞նչ մարգարեացավ Եհովան նրա մասին։
11 Երեմիա 28–րդ գլխում կարդում ենք, որ Սեդեկիայի իշխանության օրոք կեղծ մարգարե Հանանիան հակառակվեց Երեմիային, երբ նա մարգարեացավ, որ բաբելոնացիները իշխելու են Երուսաղեմի վրա։ Արհամարհելով Աստծու խոսքը՝ Հանանիան պնդեց, որ ստրկության լուծը, որը Նաբուգոդոնոսորը դրել էր Հուդայի և այլ ազգերի վրա, կոտրվելու էր։ Սակայն Եհովայի առաջնորդությամբ Երեմիան քողազերծեց Հանանիայի սուտը և կրկին ասաց, որ շատ ազգեր պիտի ծառայեն բաբելոնացիներին։ Նա նաև ասաց, որ այդ կեղծ մարգարեն պիտի մահանա մեկ տարվա ընթացքում։ Հենց այդպես էլ եղավ (կարդա՛ Երեմիա 28։10–17)։
12. Երեմիայի ժամանակակիցներից շատերը ինչպե՞ս էին արձագանքում նրա մարգարեական պատգամին։
12 Երեմիան գլխավորապես Երուսաղեմի կործանման մասին էր մարգարեանում։ Նա անդադար զգուշացնում էր, որ քաղաքը կկործանվի, եթե հրեաները չզղջան ու հետ չդառնան կռապաշտությունից, անարդար գործերից և բռնությունից (Երեմ. 4։1; 16։18; 19։3–5, 15)։ Սակայն Երեմիայի ժամանակակիցներից շատերը այն կարծիքին էին, թե Եհովան երբեք նման բան չի անի։ Չէ՞ որ Աստծու տաճարը Երուսաղեմում էր գտնվում։ Ինչպե՞ս նա թույլ կտար, որ այդ սուրբ վայրը ոչնչացվի։ Բայց Եհովան չի ստում. նա ի կատար ածեց իր խորհածը (Երեմ. 52։12–14)։
13. ա) Ի՞նչ առումով են մեր օրերը նման Երեմիայի օրերին։ բ) Ինչո՞ւ քեզ պետք է հետաքրքրեն այն խոստումները, որ Աստված տվեց իրեն հավատարիմ մարդկանց։
13 Աստծու ներկայիս ծառաների իրավիճակը նման է Երեմիայի օրերում ապրող Եհովայի նվիրված ծառաների իրավիճակին։ Նրանց պես՝ մենք էլ գիտենք, որ Աստված շուտով կործանելու է բոլոր այն մարդկանց, ովքեր ուշադրություն չեն դարձնում իր նախազգուշացումներին։ Մինչ այդ մենք կարող ենք քաջալերվել՝ հիշելով, թե Աստված ինչ է խոստացել մեզ։ Երեմիայի օրերում ապրող Աստծու ճշմարիտ երկրպագուները նույնպես քաջալերվեցին՝ հիշելով Աստծու տված խոստումները։ Օրինակ՝ քանի որ Ռեքաբյանները հավատարիմ էին Եհովային և իրենց նախահոր տված պատվերներին, Աստված խոստացավ, որ նրանք կփրկվեն Երուսաղեմի կործանումից։ Այդպես էլ եղավ։ Աստվածաշնչում նշվում է, որ այդ դեպքից տարիներ անց՝ Նեեմիայի իշխանության օրոք, «Ռեքաբի որդի Մելքիան» մասնակցել է Երուսաղեմի դարպասները նորոգելու գործին։ Սա կարելի է ընդունել որպես փաստ, որ Ռեքաբյանները փրկվել են կործանումից (Նեեմ. 3։14; Երեմ. 35։18, 19)։ Եհովան Աբդիմելեքին նույնպես վստահեցրեց, որ նա կենդանի կմնա, քանի որ ապավինեց Իրեն և աջակցեց Երեմիային (Երեմ. 38։11–13; 39։15–18)։ Իսկ Երեմիայի ընկերոջը՝ Բարուքին, Աստված խոստացավ, որ նա իր «հոգին իբրև ավար» կստանա (Երեմ. 45։1, 5)։ Ի՞նչ եզրահանգման ես գալիս Աստծու այս մարգարեական խոստումները քննելուց հետո։ Քո կարծիքով՝ Եհովան ինչպե՞ս կվարվի քեզ հետ, եթե հավատարիմ մնաս իրեն (կարդա՛ 2 Պետրոս 2։9)։
Այն բանի գիտակցումը, որ Եհովան միշտ պահում է իր խոստումները, ի՞նչ ազդեցություն ունեցավ Աբդիմելեքի, Բարուքի և Ռեքաբյանների վրա։ Ի՞նչ ազդեցություն են թողնում այդ մարգարեությունները քեզ վրա։
ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՏԱՐՎԵՑԻՆ ԱՎԵԼԻ ՈՒՇ
14. Բաբելոնի մասին մարգարեությունն ինչո՞վ էր ուշագրավ։
14 Աստված կանխագուշակեց, որ Նաբուգոդոնոսորը գրավելու էր ոչ միայն Հուդան, այլև Եգիպտոսը (Երեմ. 25։17–19)։ Սա անհավանական էր թվում, քանի որ Եգիպտոսը հզոր տերություն էր և իշխում էր Հուդայի վրա (2 Թագ. 23։29–35)։ Իսկ երբ Երուսաղեմը կործանվեց, այնտեղ մնացած հրեաները ցանկացան թողնել իրենց երկիրը և գնալ Եգիպտոս՝ մտածելով, որ այնտեղ ապահով կապրեն։ Նրանք չլսեցին Եհովային, որը խոստացել էր, որ կօրհներ նրանց, եթե մնային Հուդայում։ Իսկ եթե փախչեին Եգիպտոս, այն սուրը, որից նրանք վախենում էին, նրանց այնտեղ կկոտորեր (Երեմ. 42։10–16; 44։30)։ Երեմիայի գրվածքներից չի երևում՝ մարգարեն տեսե՞լ է արդյոք, թե ինչպես են բաբելոնացիները նվաճում Եգիպտոսը։ Բայց մի բան հստակ է. Եհովայի մարգարեությունների կատարումը հանկարծակիի բերեց Եգիպտոսում ապրող հրեաներին, երբ մ.թ.ա. 6–րդ դարի սկզբին բաբելոնացիները գրավեցին Եգիպտոսը (Երեմ. 43։8–13)։
15, 16. Աստծու ժողովրդի ազատագրման մասին մարգարեությունը ինչպե՞ս իրականացավ։
15 Երեմիան մարգարեացավ նաև Բաբելոնի անսպասելի անկման մասին։ Դրանից մեկ դար առաջ մարգարեն մանրամասն տեղեկություններ տվեց այդ մասին։ Ինչպե՞ս էր դա տեղի ունենալու։ Աստծու մարգարեն նշեց, որ քաղաքը պաշտպանող ջրերը «ցամաքելու» են և նրա զորավոր մարդիկ չեն ընդդիմանալու (Երեմ. 50։38; 51։30)։ Այս մարգարեությունները մանրամասնորեն կատարվեցին, երբ մարերն ու պարսիկները փոխեցին Եփրատ գետի հունը, անցան գետի ծանծաղուտով և ներխուժեցին քաղաք՝ անակնկալի բերելով բաբելոնացիներին։ Ուշադրության է արժանի նաև այն մարգարեությունը, որ Բաբելոնը դառնալու էր անմարդաբնակ ու ամայի (Երեմ. 50։39; 51։26)։ Երբեմնի հզոր Բաբելոնի ավերակները առայսօր վկայում են այն մասին, որ Աստծու մարգարեական խոսքը ճշգրիտ է։
16 Եհովան Երեմիայի միջոցով հայտնեց, որ հրեաները պետք է 70 տարի ծառայեն բաբելոնացիներին, որից հետո Աստված նրանց պետք է վերադարձնի իրենց հայրենիք (կարդա՛ Երեմիա 25։8–11; 29։10)։ Դանիել մարգարեն լիովին վստահում էր այս մարգարեությանը, ուստի կարողացավ ստույգ իմանալ, թե «Երուսաղեմը քանի տարի էր ավերված լինելու» (Դան. 9։2)։ Իսկ Եզրասը պատմում է, թե ինչպես այդ մարգարեությունը կատարվեց։ Նա նշում է, որ «Եհովան արթնացրեց Պարսկաստանի Կյուրոս թագավորի ոգին», որը նվաճել էր Բաբելոնը, որպեսզի նա իր ժողովրդին վերադարձնի հայրենիք։ Եզրասն ավելացնում է, որ այդ ամենը եղավ, որպեսզի «կատարվի Եհովայի խոսքը, որ ասվել էր Երեմիայի բերանով» (Եզր. 1։1–4)։ Այո՛, կատարվեց Երեմիայի այն մարգարեությունը, որ հայրենիք վերադարձող հրեաները ուրախությունից պիտի ցնծային և վերականգնեին մաքուր երկրպագությունը (Երեմ. 30։8–10; 31։3, 11, 12; 32։37)։
17. Ռամայի «լացի» մասին Երեմիայի խոսքերը թերևս ո՞ր երկու դեպքերի մասին են։
17 Երեմիան նաև արձանագրեց մարգարեություններ, որոնք պիտի կատարվեին հեռավոր ապագայում։ Նա գրեց. «Այսպես է ասում Եհովան. «Մի ձայն է լսվում Ռամայում՝ ողբի և դառնագին լացի ձայն. Ռաքելը լաց է լինում իր որդիների վրա։ Նա չի ուզում մխիթարվել, որովհետև իր որդիներն այլևս չկան»» (Երեմ. 31։15)։ Ինչպե՞ս կատարվեցին այս խոսքերը։ Մ.թ.ա. 607–ին Երուսաղեմի կործանումից հետո գերի վերցված հրեաներին, ըստ երևույթին, տարան Ռամա, որը գտնվում էր Երուսաղեմից 8 կիլոմետր դեպի հյուսիս, և նրանց մի մասը այնտեղ սպանվեց։ Սա թերևս այդ մարգարեության սկզբնական կատարումն էր. Ռաքելն ասես լաց էր լինում իր որդիների վրա, քանի որ կորցրել էր նրանց։ Իսկ ավելի քան վեց դար անց Հերովդես թագավորը սպանել տվեց Բեթլեհեմի նորածիններին։ Մատթեոս ավետարանագիրը բացատրում է, որ այդ կոտորածի ժամանակ իրենց երեխաներին կորցրած մայրերի դառնագին լացը նույնպես Երեմիայի մարգարեության կատարումն էր (Մատթ. 2։16–18)։
18. Ինչպե՞ս կատարվեց Եդոմի մասին մարգարեությունը։
18 Մի ուրիշ մարգարեություն էլ կատարվեց մ.թ. 1–ին դարում։ Երեմիայի միջոցով Աստված ասաց, որ Եդոմը լինելու է այն ազգերի թվում, որոնք պիտի մատնվեին բաբելոնացիների ձեռքը (Երեմ. 25։15–17, 21; 27։1–7)։ Բայց դա դեռ բոլորը չէր։ Այն պիտի Սոդոմի ու Գոմորի նման դառնար, այսինքն՝ հավիտյան ամայի լիներ (Երեմ. 49։7–10, 17, 18)։ Այդպես էլ պատահեց։ Այժմ հնարավո՞ր է որևէ ժամանակակից քարտեզի վրա գտնել Եդոմը։ Ո՛չ։ «Եդոմ» կամ «եդոմացիներ» անունները հիմնականում հանդիպում են հին գրքերում, Աստվածաշնչի արձանագրության մեջ կամ էլ հին քարտեզներում։ Պատմագիր Հովսեպոս Փլավիոսը գրում է, որ մ.թ.ա. 2–րդ դարում եդոմացիներին ստիպեցին ընդունել հուդայականությունը։ Ուստի մ.թ. 70–ին Երուսաղեմի կործանումով եդոմացիները դադարեցին առանձին ժողովուրդ լինելուց։
19. Ի՞նչ է բացահայտում «Երեմիա» գիրքը Եհովա Աստծու մասին։
19 Ինչպես տեսնում ես, «Երեմիա» գրքի էջերը լի են բազմաթիվ մարգարեություններով կոնկրետ մարդկանց և ազգերի վերաբերյալ։ Այդ մարգարեությունների զգալի մասն արդեն կատարվել է։ Իրոք որ, «Երեմիա» գիրքը արժանի է մեր ուշադրությանը, քանի որ այն քննելով՝ Եհովա Աստծու մասին մի կարևոր ճշմարտություն ենք սովորում. նա միշտ ի կատար է ածում իր խորհածը (կարդա՛ Եսայիա 46։9–11)։ Այս բանի գիտակցումը կարող է ամրացնել քո վստահությունն աստվածաշնչյան մարգարեությունների հանդեպ։ Իսկ այժմ քննենք Երեմիայի այն մարգարեությունները, որոնք ուղղակիորեն առնչվում են մեզ և մեր ապագային։
Ո՞ր մարգարեությունները կատարվեցին Երեմիայի մահից հետո, և ի՞նչ նշանակություն ունեն դրանք քեզ համար։
ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՌՆՉՎՈՒՄ ԵՆ ՄԵԶ
20-22. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Աստվածաշնչի մարգարեությունները, այդ թվում նաև «Երեմիա» գրքի որոշ մարգարեություններ ունեն մեկից ավելի կատարում։ Բե՛ր օրինակ։
20 Աստվածաշնչյան մարգարեությունները կարող են ունենալ մեկից ավելի կատարում։ Օրինակ՝ Հիսուսի մարգարեությունը իր «ներկայության և աշխարհի վախճանի» վերաբերյալ (Մատթ. 24։3)։ Այդ մարգարեությունն իր առաջին կատարումն ունեցավ մ.թ. 66–70թթ.–ին։ Սակայն ակնհայտ է, որ այն վերաբերում է նաև մեր օրերին և դեռ իրականանալու է «մեծ նեղության» ժամանակ։ Դա այնպիսի նեղություն է լինելու, «որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա և ոչ էլ երբևէ կլինի» (Մատթ. 24։21)։ Այսպիսի մարգարեություններ կան նաև Երեմիայի գրվածքներում։ Դրանցից մի քանիսը իրենց սկզբնական կատարումն ունեցան մ.թ.ա. 607–ին, իսկ երկրորդ կատարումը տեղի էր ունենալու ավելի ուշ, ինչպես օրինակ՝ այն մարգարեությունը, որում ասվում էր, որ «Ռաքելը լաց է լինում իր որդիների վրա» (Երեմ. 31։15)։ Իսկ Երեմիայի կանխագուշակած մարգարեություններից մի քանիսը վերաբերում են նաև մեր օրերին, և դրանց կատարումն անդրադառնալու է անձամբ մեզ վրա։
21 Սա տեսնելու համար քննենք «Հայտնություն» գրքից մի մարգարեություն։ Սուրբ ոգուց ներշնչված՝ Հովհաննես առաքյալը անդրադարձավ այն մարգարեություններին, որոնք Երեմիան հայտնել էր Բաբելոնի անկման վերաբերյալ, որը տեղի ունեցավ մ.թ.ա. 539–ին։ Նա ցույց տվեց, թե ինչ զուգահեռներ կան այդ մարգարեությունների և «Մեծ Բաբելոնի»՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության անկման միջև, որը տեղի ունեցավ մեր ժամանակներում (Հայտն. 14։8; 17։1, 2, 5; Երեմ. 50։2; 51։8)։ Սակայն որպեսզի Աստծու ժողովուրդը նրա նույն վախճանը չունենար, պետք է «դուրս գար նրա միջից» (Հայտն. 18։2, 4; Երեմ. 51։6)։ Այդ քաղաքի ջրերը, որոնք խորհրդանշում են կեղծ կրոնի հետևորդներին, պիտի «ցամաքեին» (Երեմ. 51։36; Հայտն. 16։12)։
22 Ապագայում դեռ պետք է կատարվի Աստծու այն խոստումը, որ նա վրեժ է լուծելու կեղծ կրոնից իր ժողովրդի հանդեպ ցուցաբերած թշնամանքի համար։ Եհովան կհատուցի նրան «իր բոլոր արածների համեմատ» (Երեմ. 50։29; 51։9; Հայտն. 18։6)։ Բացի այդ, կեղծ կրոնի՝ Մեծ Բաբելոնի բոլոր «տարածքները» պետք է ամայանան (Երեմ. 50։39, 40)։
23. 20–րդ դարում ի՞նչ տեղի ունեցավ, որի մասին կանխագուշակել էր Երեմիան։
23 Երեմիայի մարգարեությունները նաև ապագայի հույս են ներշնչում։ Մարգարեն կանխագուշակեց, որ մեր օրերում կվերականգնվի ճշմարիտ երկրպագությունը։ Այն, որ հրեաներն ազատվեցին Բաբելոնի գերությունից, իր զուգահեռ կատարումն ունեցավ Աստծու ժամանակակից ժողովրդի վրա։ Նրանք ազատագրվեցին Մեծ Բաբելոնից, երբ երկնքում հաստատվեց Աստծու Թագավորությունը։ Եհովան վերականգնեց մաքուր երկրպագությունը, որի արդյունքում իր ժողովուրդը լցվեց երախտագիտությամբ և ուրախությամբ։ Նա օրհնում է իր ծառաների ջանքերը, որ ներդնում են ուրիշներին օգնելու համար, որպեսզի ճշմարիտ Աստծու երկրպագուները դառնան և առատ հոգևոր սնունդ ստանան (կարդա՛ Երեմիա 30։18, 19)։ Մեր օրերում Եհովան կատարել է նաև այն խոստումը, որ պետք է իր ժողովրդին տար «հովիվներ», այսինքն՝ հոգևոր հասուն տղամարդիկ, ովքեր իսկապես հոգ կտանեին և կպաշտպանեին նրանց։ Հավանաբար դու ինքդ էլ համոզվել ես, որ նրանք իրոք հոգ են տանում Աստծու հոտին (Երեմ. 3։15; 23։3, 4)։
24. Երեմիայի ասած ո՞ր սարսափազդու խոսքերը դեռ պիտի կատարվեն։
24 Երեմիան իր ծառայության ընթացքում ոչ միայն օրհնությունների մասին մարգարեացավ, այլև ազդարարեց, որ Աստծու դատաստանները կգան նրանց վրա, ովքեր չեն փայփայում Եհովայի հետ իրենց փոխհարաբերությունները։ Նույնը կարող ենք ասել մեր ծառայության մասին։ Մենք չենք կարող անտեսել հետևյալ լուրջ նախազգուշացումը. «Այդ օրը Եհովայի կողմից սպանվածները երկրի մի ծայրից մինչև երկրի մյուս ծայրը կլինեն։ Նրանց վրա սուգ չեն անի, նրանց չեն հավաքի ու չեն թաղի։ Նրանք հողի երեսին գոմաղբ կդառնան» (Երեմ. 25։33)։
25. Ի՞նչ պատասխանատվություն ունի Աստծու ժողովուրդն այսօր։
25 Այո՛, Երեմիայի նման՝ մենք ապրում ենք վճռորոշ ժամանակներում։ Ինչպես նրա օրերում, այնպես էլ այսօր մարդկանց կյանքը կախված է Եհովայի պատգամի հանդեպ նրանց արձագանքից։ Ինչ խոսք, այսօր Աստծու ծառաները մարգարեներ չեն։ Մենք Աստծուց չենք ներշնչվում, որ իր Խոսքի վրա որևէ բան ավելացնենք։ Սակայն մեզ հանձնարարվել է քարոզել Թագավորության բարի լուրը այնքան ժամանակ, քանի դեռ չի եկել այս համակարգի վախճանը (Մատթ. 28։19, 20)։ Անշուշտ, մենք չենք ցանկանում «գողանալ» Եհովայի խոսքերը՝ մարդկանցից թաքցնելով այն, թե ինչ է տեղի ունենալու մոտ ապագայում (կարդա՛ Երեմիա 23։30)։ Նաև վճռել ենք չնվազեցնել նրա Խոսքի ուժգնությունը։ Երեմիայի մարգարեությունների մեծ մասն արդեն կատարվել է։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ ապագային վերաբերող մարգարեությունները նույնպես ճշգրտորեն կկատարվեն։ Մենք պիտի պատմենք մարդկանց այն մասին, որ Աստված անպայման կկատարի «իր խորհածը» և այն, «ինչ որ պատվիրել է հին օրերից ի վեր» (Ողբ 2։17)։
26. Ի՞նչ մարգարեություն ենք քննելու հաջորդ գլխում։
26 Կա ևս մի մարգարեություն, որն արժանի է մեր ուշադրությանը։ Դա առնչվում է «նոր ուխտին», որը Եհովան պետք է կնքեր իր ժողովրդի հետ։ Այդ ուխտի օրենքները գրվելու էին նրանց սրտերի վրա (Երեմ. 31։31–33)։ Այդ մարգարեությունն ու դրա կատարումը անմիջականորեն առնչվում են քեզ։ Դրա մասին կքննարկենք հաջորդ գլխում։
«Երեմիա» գրքի ո՞ր մարգարեություններն են կատարվել մեր ժամանակներում։ Որքանո՞վ ես վստահ, որ ապագային վերաբերող Երեմիայի մարգարեությունները կկատարվեն։