Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 5

Ինչպիսի ընկերներ ընտրել

Ինչպիսի ընկերներ ընտրել

1, 2. ա) Ի՞նչ խնդիրների կարող է բախվել քրիստոնյան։ բ) Ընկերների ընտրության հարցում մեզ ինչո՞ւ պետք է հետաքրքրի Երեմիայի օրինակը։

 ԻՆՉՊԵ՞Ս կվարվես, եթե աշխատակիցներդ, հարևաններդ կամ համադասարանցիներդ Սուրբ ծննդի կամ մեկ այլ տոնի կապակցությամբ քեզ խնջույքի հրավիրեն։ Ինչպե՞ս կարձագանքես, եթե գործատերդ պահանջի, որ խաբեության կամ անօրինական քայլի դիմես։ Իսկ ի՞նչ կանես, եթե իշխանությունները պարտադրեն քեզ այնպիսի բան անել, որը կխախտի քո քրիստոնեական չեզոքությունը։ Ամենայն հավանականությամբ, խիղճդ թույլ չի տա նման բան անել, նույնիսկ եթե քեզ ծաղրեն կամ վատ վերաբերվեն։

2 Երեմիան նմանատիպ դժվարություններ ունեցավ։ Մարգարեն ստիպված էր շփվել տարբեր մարդկանց հետ, ովքեր խանգարում էին նրան կատարելու իր ծառայությունը։ Սակայն նա երբեք չընկերացավ նրանց հետ։ Փոխարենը՝ մտերմություն արեց այն մարդկանց հետ, ովքեր աջակցում ու քաջալերում էին իրեն հավատարմորեն ծառայելու Եհովային։ Երեմիայից շատ բան կարող ենք սովորել ընկերներ ընտրելու հարցում։

Ո՞ՒՄ ՀԵՏ ԵՍ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՒՄ

3. Ի՞նչ էր Սեդեկիան ակնկալում Երեմիայից, սակայն ինչպե՞ս վարվեց մարգարեն։

3 Երուսաղեմի կործանումից առաջ Սեդեկիա թագավորը մի քանի անգամ պատգամավորներ ուղարկեց Երեմիայի մոտ։ Բանն այն է, որ թագավորի իշխանությունը սպառնալիքի տակ էր, և նա ակնկալում էր լսել Երեմիայից, որ Աստված կազատի Հուդան թշնամիների ձեռքից։ Նա ասաց Երեմիային. «Խնդրում եմ, մեզ համար հարցրու Եհովային, որովհետև Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը պատերազմում է մեր դեմ։ Գուցե Եհովան մեզ համար իր զարմանահրաշ գործերից մեկն անի, և նա հետ քաշվի մեզանից» (Երեմ. 21։2)։ Սակայն երբ Երեմիան թագավորին խորհուրդ տվեց հանձնվել Բաբելոնին, նա մերժեց Աստծու այդ առաջնորդությունը։ Մի աստվածաշնչագետ Սեդեկիային նմանեցնում է «այնպիսի հիվանդի, որը շարունակ դիմում է բժշկի, բայց չի ցանկանում ընդունել նրա նշանակած դեղերը»։ Իսկ ինչպե՞ս վարվեց Երեմիան։ Փորձե՞ց շահել Սեդեկիայի բարեհաճությունը՝ ասելով նրան այն, ինչ նա էր ուզում լսել։ Ո՛չ, մարգարեն չփոխեց իր պատգամը, ինչը կհեշտացներ իր կյանքը։ Չէ՞ որ Եհովան էր պատվիրել նրան ազդարարել Երուսաղեմի կործանումը (կարդա՛ Երեմիա 32։1–5

4. Ի՞նչ որոշումների առաջ ենք կանգնում ընկերներ ընտրելիս, օրինակ, աշխատանքի վայրում։

4 Երբեմն քո և Երեմիայի հանգամանքները կարող են նման լինել։ Անշուշտ դու շփվում ես հարևաններիդ, աշխատակիցներիդ կամ համադասարանցիներիդ հետ։ Բայց կմտերմանա՞ս նրանց հետ, ովքեր ցույց են տալիս, որ չեն ուզում լսել Աստծու մասին և ընդունել նրա առաջնորդությունը։ Երեմիան չէր կարող խուսափել Սեդեկիայի հետ շփում ունենալուց, որովհետև թեպետ Սեդեկիան մերժում էր հետևել Աստծու խորհրդին, այնուհանդերձ դեռ Հուդայի թագավորն էր։ Սակայն Երեմիան պարտավոր չէր որդեգրել թագավորի սխալ մտածելակերպը կամ ձգտել նրա բարեհաճությանն արժանանալ։ Եթե Երեմիան կատարեր Սեդեկիայի ցանկությունները, լիուլի կպարգևատրվեր։ Բայց Երեմիան դիմադրեց թագավորի հետ լավ փոխհարաբերություններ հաստատելու գայթակղությանը։ Ինչո՞ւ։ Քանի որ նա չէր պատրաստվում զիջումների գնալու և փոխելու Եհովայի պատգամը։ Երեմիայի օրինակը կարող է մղել մեզ ուշադրություն դարձնելու, թե ովքեր են մեր ընկերները. արդյո՞ք նրանք քաջալերում են մեզ նվիրված մնալ Աստծուն։ Իհարկե, չես կարող ընդհանրապես չշփվել Եհովային չծառայող մարդկանց հետ, լինի աշխատանքի վայրում, դպրոցում կամ քո հարևանությամբ (1 Կորնթ. 5։9, 10 Բայց եթե նրանց միջից ընկերներ ընտրես, ապա վտանգի կենթարկես Աստծու հետ քո փոխհարաբերությունները։

ԱՐԺԵ՞ ԸՆԿԵՐԱՆԱԼ ՄԵՐ ՀԱՎԱՏԸ ՉԿԻՍՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ

5, 6. Երեմիային լռեցնելու համար ի՞նչ քայլերի դիմեցին ոմանք։

5 Սեդեկիան միակը չէր, որ վատ էր վերաբերվում Երեմիային։ Օրինակ՝ Փասուր քահանան նրան մտրակով հավանաբար 39 անգամ հարվածեց (Երեմ. 20։2; 2 Օրենք 25։3)։ Հուդայի իշխաններից ոմանք նույնպես ծեծեցին Երեմիային և բանտը գցեցին, որտեղ նա շատ օրեր անցկացրեց։ Բանտում պայմաններն այնքան վատ էին, որ նա մտածեց, թե կմեռնի (կարդա՛ Երեմիա 37։3, 15, 16)։ Հետագայում՝ Երեմիայի ազատ արձակվելուց որոշ ժամանակ անց, մի քանի իշխաններ փորձեցին Սեդեկիային համոզել, որ սպանի մարգարեին։ Նրանց կարծիքով Երեմիան «թուլացնում էր ռազմիկների ձեռքերը»։ Ուստի նրան գցեցին ցեխով լի ջրամբարը, որ այնտեղ մեռնի (Երեմ. 38։1–4)։ Սակայն ինչպես գիտենք, Երեմիան ազատվեց այդ սարսափելի մահից։ Հետաքրքիր է, որ մարգարեին դեմ դուրս եկան հենց այն մարդիկ, որոնք պետք է իմանային, որ այդպես վարվելը սխալ է։ Նրանք մերժեցին մարգարեի հաղորդած պատգամը։

6 Երեմիայի թշնամիները միայն իշխանավորները չէին։ Մի անգամ Երեմիայի հայրենի քաղաքի՝ Անաթոթի բնակիչները, կարելի է ասել՝ նրա հարևանները, սպառնացին սպանել նրան, եթե նա շարունակեր մարգարեանալ, քանի որ նրանց դուր չէր գալիս նրա հաղորդած լուրը (Երեմ. 11։21)։ Սակայն Երեմիան չձգտեց իր հարևանների հաճությունը շահել, այլ որպես ընկեր Եհովային ընտրեց։ Հակառակորդներից ոմանք նույնիսկ ուժի դիմեցին։ Օրինակ՝ երբ Երեմիան, լուծն իր պարանոցին դրած, պատկերավոր ձևով փորձում էր համոզել հրեաներին մտնել Բաբելոնի լծի տակ, որպեսզի ողջ մնան, Հանանիա մարգարեն բռնի ուժով նրա պարանոցից հանեց այն ու կոտրեց։ Այդ կեղծ մարգարեն պնդում էր, թե Եհովան ասել է. «Ես կկոտրեմ Բաբելոնի թագավորի լուծը»։ Բայց հենց այդ նույն տարում Հանանիան մահացավ, և պարզ դարձավ, թե ով էր ճշմարիտ մարգարեն (Երեմ. 28։1–11, 17)։ Երուսաղեմը կործանվեց, ինչպես որ Երեմիան կանխագուշակել էր։ Այդ կործանումից հետո Հոհանանը և մյուս զորագլուխները ականջ չդրին Եհովային, որը խորհուրդ էր տվել մնալ Հուդայում։ Նրանք Երեմիային ասացին. «Դու սո՛ւտ ես ասում։ Քեզ մեր Աստված Եհովան չի ուղարկել, որ մեզ ասես. «Մի՛ գնացեք Եգիպտոս.... այնտեղ բնակվելու համար»»։ Նրանք չհնազանդվեցին Եհովային և իրենց հետ Երեմիային ու Բարուքին տարան Եգիպտոս (Երեմ. 42։1–43։7

Ինչպիսի՞ մարդկանց հետ էր ստիպված Երեմիան շփվել։ Ի՞նչ ես սովորում Երեմիայի օրինակից։

7. Ի՞նչ ընտրության առաջ գուցե կանգնես, որը կփորձի Եհովայի հանդեպ հավատարմությունդ։

7 Տարիներ շարունակ Երեմիան շրջապատված էր իր հավատը չկիսող մարդկանցով և հակառակորդներով։ Նա կարող էր հեշտությամբ փոխզիջումների գնալ և ընկերանալ այնպիսի մարդկանց հետ, ովքեր չէին հարգում Եհովային ու նրա Խոսքը, բայց նա հաստատուն մնաց։ Ամենայն հավանականությամբ դու էլ ես շրջապատված նման մարդկանցով։ Նրանցից ոմանք գուցե ագրեսիվ հակառակորդներ են, ոմանք էլ հաճելի մարդիկ։ Կընկերանա՞ս նրանց հետ։ Իմաստուն կլինի՞ շփվել նրանց հետ, ովքեր լրջորեն չեն վերաբերվում Աստծու կողմից տրված մարգարեություններին։ Եթե քո փոխարեն Երեմիան լիներ, կընկերանա՞ր այն մարդկանց հետ, ովքեր իրենց ապրելակերպով ցույց են տալիս, որ մերժում են Աստծու Խոսքի ճշմարտությունը կամ իրենց հույսը դնում են մարդկանց վրա (2 Տար. 19։2)։ Երեմիան գիտեր, թե Աստծուն չապավինելը ինչ հետևանքներ կունենար (կարդա՛ Երեմիա 17։5, 6)։ Իսկ դո՞ւ ինչպես կվարվես։

8. Ինչպիսի՞ փորձությունների առաջ գուցե կանգնի քրիստոնյան։

8 Որոշ քրիստոնյաներ գուցե մտածեն, թե իրենց բիզնեսի շահերն առաջ տանելու նպատակով լավ կլինի աշխարհիկ պատվիրատուներին ինչ–որ տեղ հրավիրել ու պատիվ տալ։ Մի՞թե այդպես վարվելով՝ քրիստոնյան չի ենթարկվի չար ընկերակցության ազդեցությանը ու չի կանգնի այնպիսի վտանգների առաջ, ինչպիսիք են օրինակ՝ անպարկեշտ զրույցների մեջ ներքաշվելն ու ալկոհոլի չարաշահումը։ Ուստի հասկանալի է, թե ինչու շատ քրիստոնյաներ, որոնք նման որոշման առաջ են կանգնում, հեռու են մնում չար ընկերակցություններից, նույնիսկ եթե դրա պատճառով տուժելու է իրենց բիզնեսը։ Բացի այդ, հնարավոր է՝ գործատերը կամ աշխատակիցները, առանց խղճի խայթ զգալու, խաբեն հաճախորդներին։ Սակայն ճշմարիտ քրիստոնյաները չեն նմանվում իրենց շուրջը եղող անազնիվ մարդկանց, ինչը այնքան էլ հեշտ չէ։ Մենք պետք է երախտապարտ լինենք, որ Երեմիայի նման լավ օրինակ ունենք։ Նա ողջ կյանքում մաքուր պահեց իր խիղճը և, ամենակարևորը, Աստծու հետ լավ փոխհարաբերություններ ունեցավ։

9. Ինչպիսի՞ ընկերակցությունից պետք է զգուշանան Եհովայի ծառաները։

9 Հուդայի բնակիչներից ոմանք Երեմիային ծաղրուծանակի էին ենթարկում նրա բռնած ընթացքի ու համոզմունքների համար (Երեմ. 18։18)։ Բայցևայնպես նա պատրաստ էր տարբերվելու իր ժամանակակիցներից և չհետևելու նրանց «ընթացքին» (Երեմ. 8։5, 6)։ Երբեմն Երեմիան գերադասում էր մենակ մնալ, քան շփվել կամ ընկերություն անել այնպիսի մարդկանց հետ, ովքեր կարող էին վատ ազդեցություն թողնել իր վրա (կարդա՛ Երեմիա 9։4, 5; 15։17)։ Իսկ դո՞ւ ինչպես կվարվեիր։ Ինչպես Երեմիայի օրերում, այնպես էլ այսօր մարդկանց մեծամասնությունն իր բռնած ընթացքով ցույց է տալիս, որ Աստծու հանդեպ հավատարմությունը տեղ չունի իր կյանքում։ Ուստի Եհովայի ծառաները միշտ պետք է զգույշ լինեն ընկերներ ընտրելիս։ Սակայն դա չի նշանակում, որ ընկերներ չպետք է ունենալ։ Երեմիան ուներ լավ ընկերներ, որոնք պաշտպանել ու աջակցել են իրեն։ Տեսնենք, թե ովքեր էին նրա ընկերները։

ԻՆՉՊԻՍԻ ԸՆԿԵՐՆԵՐ ԸՆՏՐԵՑ ԵՐԵՄԻԱՆ

10, 11. ա) Ընկերներ ընտրելիս ի՞նչ էր հաշվի առնում Երեմիան։ բ) Ովքե՞ր էին Երեմիայի ընկերները, և ի՞նչ հարցեր ենք քննելու։

10 Ո՞ւմ հետ կընկերանար Երեմիան։ Եհովայի առաջնորդությամբ նա շարունակ դատապարտում էր չար, խաբեբա, անազնիվ, բռնի, անգութ և անբարո մարդկանց, որոնք թողել էին մաքուր երկրպագությունը և սկսել էին կռապաշտությամբ՝ հոգևոր պոռնկությամբ զբաղվել։ Նա կոչ էր անում իր հայրենակիցներին. «Հետ դարձեք, խնդրում եմ, ամեն մեկդ ձեր չար ճանապարհից և բարի դարձրեք ձեր ճանապարհներն ու ձեր գործերը» (Երեմ. 18։11)։ Իսկ Երուսաղեմի կործանումից հետո Երեմիան փառաբանեց Եհովային նրա սիրառատ բարության, ողորմության և հավատարմության համար (Ողբ 3։22–24)։ Երեմիան ցանկանում էր, որ իր մտերիմ ընկերները լինեին միայն Եհովայի հավատարիմ ծառաները (կարդա՛ Երեմիա 17։7

11 Երեմիայի մտերիմ ընկերների թվում էին Աբդիմելեքը, Բարուքը, Սարայիան և Սաֆանի որդիները։ Թերևս հարցնենք. «Ինչպիսի՞ն էին Երեմիայի այս ընկերները։ Ինչպիսի՞ փոխհարաբերություններ ունեին Երեմիայի հետ։ Որքա՞ն մտերիմ էին նրանք։ Ինչպե՞ս օգնեցին Երեմիային՝ պահելու իր անարատությունը»։ Տեսնենք, թե ինչ դասեր կարող ենք քաղել՝ քննելով այս հարցերը։

12. ա) Ի՞նչ ընդհանուր բաներ ունեին Երեմիան ու Բարուքը (տե՛ս 58–րդ էջի նկարը)։ բ) Ո՞վ էր Սարայիան, և ի՞նչ գիտենք նրա մասին։

12 Ըստ ամենայնի՝ Երեմիայի ամենամտերիմ ընկերը Ներիայի որդի Բարուքն էր։ Երեմիան նրան վստահեց Եհովայի պատգամները գրի առնելու պատասխանատվությունը, հետո պատվիրեց նրան իր գրածը կարդալ նախ՝ ժողովրդի, ապա՝ Հուդայի իշխանների առաջ (Երեմ. 36։4–8, 14, 15)։ Բարուքը Երեմիայի նման ամուր հավատ ուներ և համոզված էր, որ Եհովայի խոսքերն անպատճառ կատարվելու են։ Հուդայի թագավորության վերջին 18 դժվարին տարիների ընթացքում նրանք միասին շատ բաների միջով անցան և նույն հանձնարարությունը կատարեցին։ Երկուսն էլ դժվարությունների բախվեցին և ստիպված եղան թաքնվել թշնամիներից։ Երկուսին էլ Եհովան անհատապես քաջալերեց։ Ակներևաբար Բարուքը Հուդայում դպիրների մի հայտնի ընտանիքից էր։ Աստվածաշնչում նա կոչվում է «քարտուղար»։ Իսկ նրա եղբայր Սարայիան արքունիքում բարձր պաշտոն էր զբաղեցնում։ Բարուքի պես՝ Սարայիան հետագայում ծառայեց Երեմիայի հետ՝ հայտնելով Եհովայի մարգարեական պատգամները (Երեմ. 36։32; 51։59–64)։ Այս երկու եղբայրները դժվար պահերին պատրաստակամորեն օգնեցին Երեմիային, ինչը վստահաբար զորացրեց ու քաջալերեց նրան։ Իսկ քեզ համար զորության և քաջալերանքի աղբյուր կարող են լինել նրանք, ովքեր քեզ հետ միասին հավատարմորեն ծառայում են Եհովային։

Ընկերներ ընտրելու հարցում ինչո՞վ է ուսանելի Երեմիայի օրինակը։

13. Ինչի՞ց է երևում, որ Աբդիմելեքը Երեմիայի համար լավ ընկեր էր (տե՛ս 63–րդ էջի նկարը)։

13 Աբդիմելեքը նույնպես Երեմիայի ընկերներից էր։ Երբ բարկացած իշխանները Երեմիային գցեցին ցեխով լի ջրամբարը, եթովպացի Աբդիմելեքն էր, որ համարձակվեց օգնել նրան։ Նա ներքինի էր, այսինքն՝ արքունիքի պաշտոնյաներից մեկը։ Բոլորի ներկայությամբ նա խիզախորեն մոտեցավ Սեդեկիա թագավորին, որը նստած էր Բենիամինի դարպասի մոտ, և թույլտվություն խնդրեց, որ Երեմիային հանի ջրամբարից։ Քանի որ Երեմիայի թշնամիները կարող էին հակառակություն ցույց տալ, Աբդիմելեքն իր հետ 30 մարդ վերցրեց ու գնաց Երեմիային ազատելու (Երեմ. 38։7–13)։ Մեզ հայտնի չէ, թե որքան ժամանակ են Երեմիան ու Աբդիմելեքը իրար հետ շփվել։ Սակայն նրանք անկասկած լավ ընկերներ էին, քանի որ երկուսի համար էլ կարևոր էր Եհովայի հետ իրենց ընկերությունը։ Աբդիմելեքը գիտեր, որ Երեմիան Եհովայի կողմից նշանակված մարգարե է։ Երեմիայի այս ընկերը համարձակորեն դատապարտեց իշխանների գործերը, չնայած որ դրանով կարող էր իր դիրքը վտանգի ենթարկել։ Եհովայի հետևյալ խոսքերից երևում է, որ նա ուներ Աստծու հավանությունը. «Ես քեզ կազատեմ [Երուսաղեմի կործանման] օրը, ....որովհետև դու ապավինեցիր ինձ» (կարդա՛ Երեմիա 39։15–18)։ Հենց այսպիսի ընկերներ արժե ունենալ, այնպես չէ՞։

14. Ի՞նչ գիտենք Սաֆանի ընտանիքի անդամների և Երեմիայի հետ ունեցած նրանց փոխհարաբերությունների մասին։

14 Երեմիայի ընկերներն էին նաև Սաֆանի երեք որդիներն ու թոռը։ Նրանք ազնվական ընտանիքից էին։ Սաֆանը նախկինում Հովսիա թագավորի քարտուղարն է եղել։ Երբ Երեմիայի թշնամիներն ուզում էին սպանել մարգարեին, «Սաֆանի որդի Աքիկամի ձեռքը Երեմիայի հետ էր, որ չլինի թե նա ժողովրդի ձեռքը մատնվեր» (Երեմ. 26։24)։ Սաֆանի մյուս որդին Գամարիան էր։ Երբ Բարուքը ժողովրդի առաջ գրքից կարդաց Աստծու դատաստանները, Գամարիայի որդի Միքիան լսեց դրանք և տեղեկացրեց իր հորն ու մյուս իշխաններին։ Նրանք վախեցան, որ Հովակիմ թագավորը բացասաբար կարձագանքի, ուստի Երեմիային ու Բարուքին խորհուրդ տվեցին թաքնվել։ Իսկ երբ թագավորը, մերժելով Աստծու պատգամները, որոշեց վառել գիրքը, Գամարիան աղաչեց նրան, որ չանի այդ բանը (Երեմ. 36։9–25)։ Երեմիան Սաֆանի մյուս որդու՝ Ելասայի ձեռքով Բաբելոն գերեվարված հրեաներին մի մարգարեական նամակ ուղարկեց (Երեմ. 29։1–3)։ Այսպիսով՝ մեկ ընտանիքից չորս հոգի՝ Սաֆանի երեք որդիներն ու թոռը, աջակցեցին Աստծու մարգարեին։ Պատկերացրու, թե Երեմիայի համար որքան թանկ էին այս մարդիկ։ Նրանց ընկերությունը հիմնված չէր այն բանի վրա, որ նույն ճաշակն ունեին խմիչքի, զվարճությունների կամ այլ զբաղմունքների հարցում. նրանց ընկերությունն ավելի ամուր հիմք ուներ։

ԻՄԱՍՏՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՆԵՐ ԸՆՏՐԻՐ

15. Ի՞նչ լավ օրինակ է թողել Երեմիան ընկերներ ընտրելու հարցում։

15 Մենք շատ բան կարող ենք սովորել այն բանից, թե ինչպիսի փոխհարաբերություններ ուներ Երեմիան տարբեր մարդկանց հետ։ Օրինակ՝ երբ թագավորը, իշխանները, կեղծ մարգարեներն ու զորագլուխները ճնշում բանեցրին նրա վրա, որ փոխի իր հաղորդած պատգամները, նա մնաց անկոտրում։ Ճշմարիտ երկրպագությունը պաշտպանելու Երեմիայի վճռականության պատճառով այդ մարդիկ նրա հանդեպ թշնամաբար տրամադրվեցին։ Բայց դա չէր անհանգստացնում մարգարեին, քանի որ նա չէր էլ ձգտում ընկերանալ նրանց հետ։ Նրա լավագույն ընկերը Եհովան էր։ Աստծուն հավատարիմ մնալն այնքան կարևոր էր նրա համար, որ հանուն դրա Երեմիան պատրաստ էր նույնիսկ թշնամական վերաբերմունքի արժանանալու (կարդա՛ Ողբ 3։52–59)։ Այնուամենայնիվ, ինչպես տեսանք, Երեմիան մենակ չէր իր ծառայության ընթացքում։

16, 17. ա) Ի՞նչ օգնություն կարող են քրիստոնյա ընկերներն իրար ցույց տալ։ բ) Որտե՞ղ կարող ես լավ ընկերներ գտնել։

16 Աբդիմելեքը Երեմիայի համար լավ ընկեր էր, որովհետև հավատում ու ապավինում էր Եհովային։ Նա քաջաբար քայլեր ձեռնարկեց, որպեսզի Երեմիային փրկի մահվան սպառնալիքից։ Իսկ Բարուքը օգնեց նրան հռչակելու Եհովայի պատգամները և բավական ժամանակ անցկացրեց նրա հետ։ Քրիստոնեական ժողովում նույնպես կան Աբդիմելեքի և Բարուքի նման մարդիկ, ովքեր կարող են մեզ համար լինել լավ ընկերներ։ Օրինակ՝ քսանամյա Կամերոնն ու Քարան (ընդհանուր ռահվիրաներ) լավ ընկերներ են։ Կամերոնը թանկ է գնահատում այն քաջալերանքը, որ ստացել է Քարայից։ Նա ասում է. «Քարան թե՛ օրինակով, թե՛ խոսքերով քաջալերել է ինձ, որ Եհովային առաջին տեղում դնեմ իմ կյանքում»։ Այս երկու քույրերը իրարից հեռու էին ապրում։ Սակայն Քարան միշտ զանգում կամ գրում էր Կամերոնին նրա որպիսությունն իմանալու և քաջալերելու համար։ Կամերոնը պատմում է. «Քարան տեղյակ էր մեր տան իրավիճակին։ Գիտեր, որ քույրս ըմբոստության ոգի էր դրսևորել և թողել էր ճշմարտությունը, և թե որքան ծանր էր դա ինձ համար։ Այդ ամբողջ ընթացքում նա ինձ հետ էր։ Չգիտեմ, թե առանց նրա ինչ կանեի։ Նա ինձ շատ է օգնել»։

17 Այո՛, քրիստոնեական ժողովում դու կարող ես տարբեր տարիքի լավ ընկերներ գտնել։ Քո քույրերն ու եղբայրները ունեն քո նույն հավատը, նույն արժեքներն ու նույն հույսը։ Քո նման նրանք նույնպես սիրում են Եհովային և նույնատիպ փորձություններ են կրում։ Կարող ես նրանց հետ միասին մասնակցել քարոզչական ծառայությանը։ Փորձությունների հանդիպելիս կարող եք քաջալերել միմյանց։ Երբ ծառայության մեջ հաջողություններ ունենաս, նրանք սրտանց կուրախանան քեզ հետ։ Այսպիսի ընկերությունը կարող է հարատև լինել (Առակ. 17։17; 18։24; 27։9

18. Ի՞նչ ճշմարտություն ենք սովորում Երեմիայի օրինակից։

18 Ի՜նչ հիանալի դաս ենք քաղում Երեմիայի օրինակից։ Ինչպես Երեմիայի օրերում, այնպես էլ այսօր անհերքելի փաստ է, որ անհնար է ընկերություն անել նրանց հետ, ում համոզմունքները հակասում են Աստվածաշնչին, և միևնույն ժամանակ պահպանել հավատը։ Երեմիան պատրաստ էր տարբերվելու իր ժամանակակիցներից, միայն թե կարողանար հավատարմորեն կատարել իր հանձնարարությունը և ունենար Եհովայի օրհնությունը։ Իսկ դո՞ւ։ Երեմիան այնպիսի ընկերներ ընտրեց, ովքեր կիսում էին իր հավատը և աջակցում իրեն։ Այո՛, յուրաքանչյուր հավատարիմ քրիստոնյա կարող է ընդօրինակել Երեմիային և իմաստությամբ ընկերներ ընտրել (Առակ. 13։20; 22։17

Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Երեմիային ընկերներ ընտրելիս։