ԳԼՈՒԽ 6
«Խնդրում եմ, հնազանդվիր Եհովայի ձայնին»
1, 2. Այսօր աշխարհում մարդիկ ի՞նչ ընթացք են բռնել, սակայն ինչո՞ւ դու պետք է տարբերվես նրանցից։
ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ բնորոշ չէ այսօրվա աշխարհին։ Շատերը չեն առաջնորդվում նույնիսկ այս պարզ սկզբունքով. «Արա այն, ինչ ճիշտ է»։ Փոխարենը՝ նրանք մտածում են. «Սրտիդ ուզածի պես արա», կամ՝ «արա ինչ ուզում ես, միայն թե ջրից չոր դուրս արի»։ Այս մտածելակերպը դրսևորվում է ամենուրեք։ Օրինակ՝ վարորդները չեն հետևում երթևեկության կանոններին, ներդրողները խախտում են բորսայի գործարքների կանոնները, բարձր պաշտոնյաները ոտնահարում են իրենց իսկ սահմանած օրենքները։ Կյանքի այսպիսի «ընթացքը» սխալ է և վտանգավոր։ Բայց հենց այսպիսի մտածելակերպ էր տարածված Երեմիայի օրերում (Երեմ. 8։6)։
2 Պարզ է, որ նրանք, ովքեր ցանկանում են Ամենակարող Աստծու հավանությունն ունենալ, չպետք է այդպիսի ընթացք բռնեն։ Երեմիան հստակ ցույց տվեց Աստծուն հնազանդվելու և չհնազանդվելու հետևանքները (Երեմ. 3։25; 7։28; 26։13; 38։20; 43։4, 7)։ Ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքնաքննություն կատարի՝ պարզելու համար, թե որքանով է հնազանդվում Աստծու ձայնին։ Սատանան ցանկանում է կոտրել ճշմարիտ երկրպագուների անարատությունը, դրա համար էլ նրա հարձակումները օրեցօր ավելի կատաղի են դառնում։ Նա օձի պես դարան է մտնում և անսպասելիորեն խայթում իր զոհին, ինչը կարող է մահացու լինել։ Եհովայի ձայնին հնազանդվելու մեր վճռականությունը կօգնի խուսափելու «օձի» խայթոցներից։ Ինչպե՞ս կարող ենք ամրացնել Եհովային հնազանդվելու մեր վճռականությունը։ Երեմիայի գիրքը կարող է օգնել մեզ այս հարցում։
ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՀՆԱԶԱՆԴՎԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ
3. Ինչո՞ւ է Եհովան արժանի մեր հնազանդությանը։
3 Ինչո՞ւ է Եհովան արժանի, որ ամեն ինչում հնազանդվենք իրեն։ Երեմիան նշում է պատճառներից մեկը. «Նա է, որ իր զորությամբ ստեղծել է երկիրը, իր իմաստությամբ հաստատել է պտղաբեր երկիրը» (Երեմ. 10։12)։ Եհովան տիեզերքի Գերիշխանն է։ Ուստի մենք պետք է նրա հանդեպ ավելի մեծ վախ ունենանք, քան իշխանություն ունեցող ցանկացած մարդու։ Նա լիովին իրավունք ունի պահանջելու, որ կատարենք իր պատվերները, որոնք, ինչ խոսք, իմաստուն են և մեր օգտին են ծառայում (Երեմ. 10։6, 7)։
4, 5. ա) Երաշտի ժամանակ ի՞նչ ճշմարտություն սովորեցին հրեաները։ բ) Ինչպե՞ս Հուդայի բնակիչները մերժեցին «կենդանի ջուրը»։ գ) Ինչպե՞ս կարող ես օգուտներ քաղել Աստծու տված «կենդանի ջրից»։
4 Բացի նրանից, որ Եհովան տիեզերքի Գերիշխանն է, նա նաև կյանքի Պահապանն է։ Երեմիայի օրերում ապրող հրեաները համոզվեցին սրանում։ Ի տարբերություն Եգիպտոսի, որի ջրի աղբյուրը Նեղոս գետն էր՝ Ավետյաց երկրում Աստծու ժողովրդի կյանքը հիմնականում կախված էր սեզոնային անձրևներից ու ջրամբարներում կուտակած ջրից։ Եհովան պետք է անձրև ուղարկեր, որպեսզի հողը ոռոգվեր և բերք տար (2 Օրենք 11։13–17)։ Բայց նա կարող էր նաև դադարեցնել անձրևները։ Օրինակ՝ Երեմիայի օրերում հրեաների անհնազանդության պատճառով Եհովան մի քանի անգամ երաշտ բերեց, որի հետևանքով դաշտերն ու խաղողի այգիները չորացան, ջրհորներն ու ջրամբարները ցամաքեցին (Երեմ. 3։3; 5։24; 12։4; 14։1–4, 22; 23։10)։ Այո՛, Եհովան է կյանքի Պահապանը։
5 Հրեաները հասկացան, թե որքան կարևոր բան է ջուրը, բայց, ցավոք սրտի, չգնահատեցին «կենդանի ջուրը», որն առատորեն տալիս էր Եհովան։ Նրանք գիտակցաբար չհնազանդվեցին Աստծու Օրենքին և իրենց հույսը դրեցին հարևան ազգերի վրա՝ նրանց հետ դաշինք կնքելով։ Նրանք նման էին մի մարդու, որը երաշտի ժամանակ փորձում է կոտրված ջրամբարում ջուր պահել (կարդա՛ Երեմիա 2։13; 17։13)։ Հրեաները կրեցին իրենց անհնազանդության հետևանքները, բայց մենք կարող ենք խուսափել նման ընթացքից և դրա հետևանքները կրելուց, որովհետև Եհովան այսօր էլ է առատորեն տալիս «կենդանի ջուրը»՝ առաջնորդելով մեզ իր ներշնչյալ Խոսքի միջոցով։ Սակայն «կենդանի ջրից» օգուտներ կքաղենք միայն այն դեպքում, եթե կանոնավորաբար ուսումնասիրենք Աստծու Խոսքը և կիրառենք մեր կյանքում։
6. ա) Որքանո՞վ էր Սեդեկիան հնազանդվում Եհովային։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ թագավորը իմաստուն չէր։
6 Որքան մոտենում էր այն օրը, երբ Աստված պետք է հաշվեհարդար տեսներ Հուդայի հետ, այնքան ավելի կարևոր էր դառնում նրան հնազանդվելը։ Հրեաները պետք է զղջային և հնազանդվեին Աստծուն, որպեսզի ունենային նրա հավանությունն ու պաշտպանությունը։ Նույնը պետք է աներ Սեդեկիա թագավորը։ Սակայն նա անվճռական էր այս հարցում։ Օրինակ՝ երբ իրեն ենթակա մարդիկ ասացին, որ մտադիր են սպանել Երեմիային, նա քաջություն չունեցավ նրանց հակառակվելու։ Բայց ինչպես իմացանք նախորդ գլխից, Աբդիմելեքի շնորհիվ Երեմիան ողջ մնաց և այդ դեպքից հետո թագավորին հորդորեց. «Խնդրում եմ, հնազանդվիր Եհովայի ձայնին» (կարդա՛ Երեմիա 38։4–6, 20)։ Իր իսկ օգտի համար թագավորը պետք է հստակ որոշում կայացներ. հնազանդվե՞լ Աստծուն, թե՞ ոչ։
Ինչո՞ւ էր Երեմիան ստիպված հրեաներին շարունակ հորդորելու, որ հնազանդվեն Աստծուն։
ԵՀՈՎԱՅԻՆ ՀՆԱԶԱՆԴՎԵԼԸ ԱՆՉԱՓ ԿԱՐԵՎՈՐ Է
7. Ի՞նչ իրավիճակներում կարող է փորձվել քո հնազանդությունը։
7 Հնազանդությունը այսօր նույնքան կարևոր է, որքան Երեմիայի օրերում։ Վճռե՞լ ես Եհովային հնազանդվել բոլոր հարցերում։ Օրինակ՝ եթե Ինտերնետից օգտվելիս պատահաբար էկրանին հայտնվեն պոռնկագրական տեսարաններ, կտրվե՞ս գայթակղությանը և կշարունակե՞ս նայել, թե՞ իսկույն կփակես այդ պատուհանը։ Եթե աշխարհիկ աշխատակիցդ կամ համադասարանցիդ ժամադրի քեզ, կկարողանա՞ս մերժել նրան։ Իսկ հավատուրացների գրականությունն ու նրանց ինտերնետային կայքերը կշարժե՞ն հետաքրքրությունդ, թե՞ կմերժես դրանք։ Նման իրավիճակներում միշտ հիշիր Երեմիա 38։20–ի խոսքերը։
8, 9. ա) Ինչո՞ւ իմաստուն կլինի լսել երեցների խորհուրդը։ բ) Ինչպե՞ս պետք է վերաբերվես կրկին տրվող խորհրդին։
8 Եհովան հաճախ էր Երեմիային ուղարկում իր ժողովրդի մոտ, որպեսզի նրանց այս հորդորը տար. «Հետ դարձեք, խնդրում եմ, ամեն մեկդ ձեր չար ճանապարհից և բարի դարձրեք ձեր ճանապարհներն ու ձեր գործերը» (Երեմ. 7։3; 18։11; 25։5; կարդա՛ Երեմիա 35։15)։ Նմանապես, այսօր քրիստոնյա երեցներն իրենց լավագույնն են անում, որպեսզի օգնեն հոգևոր վտանգի մեջ եղող հավատակիցներին։ Եթե երբևէ երեցները քեզ խորհուրդ տան հետ կանգնել անխոհեմ կամ սխալ ընթացքից, լսիր նրանց։ Նրանք նույն նպատակն ունեն, ինչ Երեմիան։
9 Երեցները գուցե Աստվածաշնչից քեզ հիշեցնեն այն սկզբունքները, որոնց մասին արդեն խոսել են քեզ հետ։ Միշտ հիշիր, որ հեշտ չէ մեկին նույն խորհուրդը նորից տալ, մանավանդ երբ խորհուրդ ստացողը արձագանքում է այնպես, ինչպես Երեմիայի օրերում ապրող հրեաներից շատերն արձագանքեցին։ Այն, որ երեցները ջանքեր են թափում քեզ օգնելու համար, Եհովայի սիրո դրսևորումն է։ Հիշիր, որ Երեմիան կարիք չէր ունենա կրկնելու իր նախազգուշացումները, եթե մարդիկ ճիշտ արձագանքեին։ Եթե չես ուզում նույն խորհուրդը նորից լսել, ապա առանց հետաձգելու կիրառիր այն։
ԵՀՈՎԱՆ ՆԵՐՈՒՄ Է ՄԵԾԱՀՈԳԱԲԱՐ, ԲԱՅՑ ՈՉ ԻՆՔՆԱԲԵՐԱԲԱՐ
10. Ինչո՞ւ Եհովան մեղքերը ինքնաբերաբար չի ներում։
10 Որքան էլ ջանք թափենք, միևնույնն է, այս համակարգում չենք կարող ամեն հարցում կատարելապես հնազանդվել Եհովային։ Ուստի պետք է շնորհակալ լինենք, որ նա պատրաստ է մեզ ներելու։ Սակայն դա չի նշանակում, որ նա ինքնաբերաբար է ներում։ Ինչո՞ւ։ Որովհետև Եհովայի համար մեղքը նողկալի է (Ես. 59։2)։ Նա ուզում է հավաստիանալ, որ մենք արժանի ենք իր ներողամտությանը։
11. Ինչո՞ւ է անհնար թաքցնել մեղքը։
11 Երեմիայի օրերում ապրող հրեաներից շատերի համար սովորություն էր դարձել Աստծուն չհնազանդվելը։ Նրանք չարաշահում էին Աստծու համբերությունն ու ողորմածությունը։ Հնարավո՞ր է, որ այսօր Աստծու ծառան նման սովորություն ձեռք բերի։ Հնարավոր է, եթե նա սկսի անտեսել Եհովայի հիշեցումները և մեղավոր ընթացք բռնի։ Ոմանք նույնիսկ բացահայտ մեղք են գործել, օրինակ՝ վերամուսնացել են՝ չունենալով սուրբգրային հիմքեր։ Սակայն նույնիսկ եթե մեղքը բացահայտ չէ, Եհովային չհնազանդվողը վտանգավոր ճանապարհի վրա է։ Երկակի կյանք վարող մարդը գուցե մտածի. «Ոչ ոք չի իմանա»։ Սակայն իրականությունն այն է, որ Աստված նույնիսկ մարդու ներսն է տեսնում՝ նրա սիրտն ու միտքը, և նրա աչքից չեն վրիպում ծածուկ մեղքերը (կարդա՛ Երեմիա 32։19)։ Իսկ ի՞նչ է հարկավոր անել, երբ որևէ մեկը չի հնազանդվում Աստծուն։
12. Երբեմն ի՞նչ պետք է անեն երեցները ժողովը պաշտպանելու համար։
12 Հրեաներից շատերն անտեսում էին այն օգնությունը, որ Եհովան բազմիցս տալիս էր Երեմիայի միջոցով։ Մեր օրերում էլ լուրջ մեղք գործած անհատը գուցե չզղջա և մերժի երեցների օգնությունը։ Այդ դեպքում երեցները պետք է հետևեն Աստվածաշնչի առաջնորդությանը և ընկերակցությունից զրկեն մեղք գործողին, որպեսզի պաշտպանեն ժողովը (1 Կորնթ. 5։11–13; տե՛ս «Ապրել առանց օրենքի» շրջանակը, էջ 73)։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ այդ անհատը առհավետ կորցրել է Աստծու հավանությունը և անհույս վիճակում է։ Ո՛չ։ Իսրայելացիները երկար ժամանակ ապստամբ ոգի էին դրսևորում, սակայն Աստված ասաց նրանց. «Հե՛տ դարձեք, դավաճա՛ն որդիներ։ Ես կբուժեմ ձեր դավաճանությունը» a (Երեմ. 3։22)։ Եհովան մեղք գործողներին հրավիրում է վերադառնալ իր մոտ։ Այո՛, նա հորդորո՛ւմ է նրանց այդպես վարվել։
Ինչո՞ւ է իմաստուն փնտրել Եհովայի ներողամտությունը, երբ մեղք ենք գործում։
ՀՆԱԶԱՆԴՎԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ՝ ՀԵՏ ԴԱՌՆԱԼՈՎ ՆՐԱ ՄՈՏ
13. Ի՞նչ պետք է գիտակցի անհատը, եթե ցանկանում է հետ դառնալ դեպի Եհովան։
13 Աստծու մոտ վերադառնալու համար, ինչպես նշում է Երեմիան, անհատը պետք է իրեն հարցնի. «Այս ի՞նչ արեցի»։ Իսկ հետո Աստվածաշնչի սկզբունքների լույսի ներքո նա պետք է անկեղծ ինքնաքննություն կատարի։ Երեմիայի օրերում ապրող հրեաները թերացան այս հարցում։ Նրանք չընդունեցին, որ ծանր մեղք են գործել, ուստի Եհովան չներեց նրանց և իրականում չէր էլ կարող ներել (կարդա՛ Երեմիա 8։6)։ Իսկ զղջացող անհատը գիտակցում է, որ Եհովային չհնազանդվելով բիծ է բերում նրա անվան և քրիստոնեական ժողովի վրա։ Նա, ով անկեղծորեն զղջում է, խոր ցավ է ապրում, որ վնաս է հասցրել անմեղ մարդկանց։ Նա պետք է գիտակցի, որ ներում ստանալու իր խնդրանքը Եհովայի կողմից կընդունվի միայն այն դեպքում, եթե լիովին ըմբռնի իր սխալի լրջությունը։ Սակայն Աստծու հավանությունը վերագտնելու համար ավելին է հարկավոր։
14. Ինչպե՞ս է անհատը վերադառնում Եհովայի մոտ (տե՛ս նաև « Ի՞նչ է նշանակում զղջալ» շրջանակը)։
14 Անկեղծորեն զղջացող անհատը ստուգում է իր մղումները, ցանկություններն ու սովորությունները (կարդա՛ Ողբ 3։40, 41)։ Նա պետք է քննի, թե կյանքի որ ոլորտներում թուլություններ ունի, օրինակ՝ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ իր փոխհարաբերություններում, ալկոհոլի և ծխախոտի օգտագործման և Ինտերնետից օգտվելու հարցում, ինչպես նաև իր գործարքներում։ Ինչպես որ տան տիկինն է մաքրում խոհանոցի նույնիսկ չերևացող անկյունները, որպեսզի իր տունը մաքուր լինի և առողջության համար անվտանգ, այնպես էլ զղջացող անհատը պետք է ջանք թափի իր մտքերն ու գործերը ամբողջությամբ մաքրելու համար։ Նա պետք է վերադառնա Եհովայի մոտ՝ կատարելով նրա պահանջները և իր կյանքը համապատասխանեցնելով նրա չափանիշներին։ Հրեաներից ոմանք «կեղծավորությամբ» հետ դարձան դեպի Եհովան։ Նրանք ձևացնում էին, թե զղջում են, բայց չէին փոխել իրենց սրտի վիճակն ու ապրելակերպը (Երեմ. 3։10)։ Իսկ նա, ով անկեղծորեն է ուզում, որ Եհովան ների իրեն, երբեք չի փորձի խաբել Եհովային ու նրա ժողովին։ Նա չի զղջա զուտ այն բանի համար, որ իր հեղինակությունը փրկի կամ ճշմարտության մեջ եղող իր բարեկամների ու ընկերների հետ նորից շփվելու հնարավորություն ունենա։ Փոխարենը՝ նա կցանկանա լիովին թողնել իր մեղավոր ընթացքը և Աստծու ներողամտությանն ու հավանությանն արժանանալ։
15. Ինչպիսի՞ն են անկեղծորեն զղջացող մարդու աղոթքները։
15 Զղջացող մարդու համար կարևոր դեր է խաղում աղոթքը։ Վաղեմի ժամանակներում մարդիկ աղոթելիս սովորաբար իրենց ձեռքերը դեպի երկինք էին բարձրացնում։ Այսօր էլ, երբ անկեղծորեն զղջացող անհատն աղոթում է, իր «սիրտն ու ձեռքերը դեպի Աստված» է բարձրացնում, ինչպես որ նկարագրում է Երեմիան (Ողբ 3։41, 42)։ Անկեղծ զղջումը մղում է նրան գործելու իր աղոթքներին համաձայն։ Նրա աղոթքներն անկեղծ են, քանի որ սրտից են բխում։
16. Ինչո՞ւ է խելամիտ հետ դառնալ դեպի Աստված։
16 Ինչ խոսք, մեղք գործողը պետք է ընդունի իր սխալը, իսկ դրա համար պետք է հաղթահարի հպարտության զգացումը։ Նա պետք է հիշի հետևյալ ճշմարտությունը. Եհովան ցանկանո՛ւմ է, որ մեղք գործողները հետ դառնան իր մոտ։ Երբ Աստված տեսնում է, որ անհատն իր սրտում անկեղծ զղջում է, նա անտարբեր չի մնում։ Նրա «աղիքները գալարվում են», ու սիրտը լցվում է կարեկցանքով, քանի որ ցանկանում է ներել բոլոր զղջացողներին, ճիշտ ինչպես ներեց գերությունից վերադարձած իսրայելացիներին (Երեմ. 31։20)։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Աստված խաղաղություն և հույս է տալու իրեն հնազանդվողներին (Երեմ. 29։11–14)։ Նրանք դարձյալ կարող են Աստծու նվիրված ծառաների մեջ լինել։
ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՔԵԶ
17, 18. ա) Ովքե՞ր էին Ռեքաբյանները։ բ) Ինչո՞վ էին նրանք հայտնի (տե՛ս 77–րդ էջի նկարը)։
17 Եհովային ամեն ինչում հնազանդվելը կարող է պաշտպանություն լինել։ Դա երևում է Երեմիայի օրերում ապրող Ռեքաբյանների օրինակից։ Մոտավորապես երկու դար առաջ նրանց նախահայր կենեցի Հովնադաբը, որը հավատարմորեն աջակցել էր Հեուին, նրանց մի քանի պատվերներ էր տվել։ Օրինակ՝ Ռեքաբյանները գինի չպետք է խմեին։ Արդեն երկար ժամանակ էր, ինչ Հովնադաբը մահացել էր, բայց նրանք շարունակում էին պահել նրա պատվերները։ Փորձելու համար Երեմիան նրանց տարավ տաճարի ճաշասենյակներից մեկը և նրանց առաջ գինի դնելով՝ պատվիրեց, որ խմեն։ Սակայն նրանք հրաժարվեցին՝ ասելով. «Մենք գինի չենք խմի» (Երեմ. 35։1–10)։
18 Ռեքաբյանների համար անչափ կարևոր էր հնազանդվել իրենց նախահորը, որը վաղուց արդեն մահացել էր։ Ուրեմն որքա՜ն ավելի ճշմարիտ երկրպագուները պետք է հնազանդվեն կենդանի Աստծուն։ Ռեքաբյանները խիստ տարբերվում էին անհնազանդ հրեաներից։ Հնազանդվելու հարցում նրանց վճռականությունը այնքան տպավորիչ էր, որ Աստված խոստացավ նրանց պաշտպանել գալիք աղետից։ Մենք կարող ենք վստահ լինել, որ եթե ամեն ինչում հնազանդվենք Եհովային, մեծ նեղության ժամանակ նա մեր պահապանը կլինի (կարդա՛ Երեմիա 35։19)։
Ինչո՞ւ կարելի է ասել, որ լուրջ մեղք գործած անհատը զղջալով ցույց է տալիս իր հնազանդությունը։ Եհովային հնազանդվելով՝ ինչպե՞ս կարող է անհատը խուսափել զղջալու անհրաժեշտությունից։
ԵՀՈՎԱՅԻՆ ՀՆԱԶԱՆԴՎՈՂՆԵՐԸ ՄԵՆԱԿ ՉԵՆ
19. Ինչի՞ց է Աստված պաշտպանում իրեն հնազանդվողներին։
19 Աստված միայն անցյալում չէ, որ պաշտպանել է իր ժողովրդին։ Այժմ նա իրեն հնազանդվողներին պաշտպանում է հոգևոր վտանգներից։ Ինչպես որ հնում բարձր պարիսպն էր պաշտպանում քաղաքը թշնամու հարձակումներից, այնպես էլ Աստծու օրենքն է պաշտպանում նրանց, ովքեր ուսումնասիրում են այն և կիրառում։ Կմնա՞ս «պարսպապատ քաղաքի» ներսում՝ պահելով Աստծու պատվերները։ Կարող ես վստահ լինել, որ այդպես դու պաշտպանված կլինես (Երեմ. 7։23)։ Շատ դեպքեր հենց դա են փաստում (տե՛ս « Եհովային հնազանդվելը պաշտպանություն է» շրջանակը)։
20, 21. ա) Լինելով Եհովայի ծառա՝ ինչո՞ւմ կարող ես վստահ լինել։ բ) Հովակիմ թագավորն ինչպե՞ս արձագանքեց Երեմիայի միջոցով փոխանցված Աստծու պատգամին։
20 Հակառակորդները, լինեն նրանք քո ընտանիքի անդամները, աշխատակիցները, համադասարանցիները թե իշխանավորները, խանգարում են քեզ ծառայել Աստծուն։ Համոզված եղիր, որ եթե ամեն ինչում հնազանդվես Եհովային, նա կօգնի քեզ նույնիսկ ամենադժվար իրավիճակում։ Մի՛ մոռացիր. Աստված խոստացել էր աջակցել Երեմիային, ինչպիսի դաժան հակառակության էլ որ նա հանդիպեր։ Եվ Եհովան փաստեց, որ իր խոսքի տերն է (կարդա՛ Երեմիա 1։17–19)։ Տեսնենք, թե ինչպես նա պաշտպանեց Երեմիային Հովակիմ թագավորի օրերում։
21 Հովակիմ թագավորը Իսրայելի այն իշխանավորներից մեկն էր, որոնք Աստծու խոսնակների հանդեպ կատաղի հակառակություն ցույց տվեցին։ Նա դաժանորեն վարվեց Ուրիա մարգարեի հետ, որը Երեմիայի ժամանակակիցներից էր։ Հովակիմը այնքան էր լցված չարությամբ, որ մարդիկ ուղարկեց Ուրիային հետապնդելու նույնիսկ երկրի սահմաններից դուրս։ Նրանք մարգարեին բերեցին թագավորի մոտ, և նա սպանեց նրան (Երեմ. 26։20–23)։ Հովակիմի թագավորության չորրորդ տարում Եհովան Երեմիային պատվիրեց գրի առնել իր ասած բոլոր խոսքերը և տաճարում ժողովրդի առջև կարդալ։ Երբ Երեմիայի գրածները Հովակիմի ձեռքն ընկան, նա տվեց իր պալատականներից մեկին, որ կարդա։ Կարդալու ընթացքում թագավորը գիրքը կտրում էր և մաս առ մաս այրում կրակարանում, չնայած իշխաններից ոմանք փորձում էին համոզել, որ չայրի։ Իսկ հետո նա մարդիկ ուղարկեց, որ Երեմիային ու Բարուքին ձերբակալեն։ Սակայն «Եհովան թաքցրեց նրանց» (Երեմ. 36։1–6, կարդա՛ Երեմիա 36։21–26)։ Նա թույլ չտվեց, որ Հովակիմը վնաս հասցնի իր երկու հավատարիմ ծառաներին։
22, 23. Ինչպե՞ս է Գյուլիստանի օրինակը ցույց տալիս, որ Աստված աջակցում է մեզ։
22 Եթե Եհովան հարմար գտնի, այսօր էլ որոշ դեպքերում կարող է իր ծառաներին «թաքցնել» վտանգից։ Բայց ավելի հաճախ նա քաջություն և իմաստություն է տալիս նրանց, որ հնազանդվեն իրեն և շարունակեն քարոզել բարի լուրը։ Չորս երեխա ունեցող մի միայնակ մայր, որին մենք կանվանենք Գյուլիստան, անձամբ զգացել է, թե ինչպես է Եհովան իրեն աջակցել։ Մի որոշ ժամանակ Միջին Ասիայի մեծ տարածքներից մեկում, որտեղ ղեկավարությունն արգելում է քարոզչական գործը, նա միակ Եհովայի վկան է եղել։ Քանի որ ամենամոտիկ ժողովը 400 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, Գյուլիստանը հազվադեպ է առիթ ունենում շփվելու հասուն քրիստոնյաների հետ։ Սակայն չնայած հակառակությանն ու մյուս խնդիրներին՝ նա քարոզում է տնետուն և գտնում շատ մարդկանց, որոնց հետաքրքրում է Թագավորության լուրը։ Վերջին հաշվետվության համաձայն՝ նա 20 հոգու հետ Աստվածաշունչ էր ուսումնասիրում և հոգում այդ մարդկանց հոգևոր կարիքները։
23 Աստված պատրաստ է օգնելու քեզ և իրեն հնազանդվող մյուս ծառաներին, ինչպես որ օգնեց Երեմիային և մեր քույր Գյուլիստանին։ Վճռական եղիր Աստծո՛ւն հնազանդվելու որպես Ղեկավարի, ոչ թե մարդկանց։ Այդպիսով՝ հակառակությունն ու խոչընդոտները քեզ հետ չեն պահի քո տարածքում ապրող մարդկանց առջև միակ ճշմարիտ Աստծուն փառաբանելուց (Երեմ. 15։20, 21)։
24. Ի՞նչ օգուտներ է բերում հնազանդությունը։
24 Հնարավոր չէ իսկական բավարարվածության զգացում և ուրախություն ունենալ, եթե ապրում ենք Արարչից անկախ (Երեմ. 10։23)։ Այս գլխի ուսումնասիրությունից հետո կյանքիդ ո՞ր բնագավառում ես անհրաժեշտություն տեսնում ավելի շատ հնազանդվելու Եհովային և հետևելու նրա տված առաջնորդությանը։ Միայն նրա պատվերները կատարելով է, որ կարող ենք հասնել իրական երջանկության և հաջողության։ «Հնազանդվեք իմ ձայնին,— հորդորում է Եհովան,— որպեսզի լավ լինի ձեզ համար» (Երեմ. 7։23)։
Ինչպե՞ս կարող ես հնազանդության մասին սովորածդ կիրառել կյանքում։ Դա ինչպե՞ս կարող է ազդել Աստծու հետ քո փոխհարաբերությունների վրա։
a Այս խոսքերով Եհովան դիմում է Իսրայելի հյուսիսային տասցեղ թագավորությանը։ Այնտեղի բնակիչները արդեն հարյուր տարի գերության մեջ էին, երբ Երեմիան ասաց այս խոսքերը։ Նա գիտեր, որ այդ ազգը ընդհուպ մինչև իր օրերը դեռ չէր զղջացել իր մեղքերի համար (2 Թագ. 17։16–18, 24, 34, 35)։ Այնուամենայնիվ նրանցից ոմանք կարող էին վերագտնել Աստծու հավանությունը և գերությունից վերադառնալ։