ԳԼՈՒԽ 9
Խուսափիր «մեծամեծ բաներ» փնտրելուց
1, 2. ա) Ի՞նչ դժվարություն ունեցավ Բարուքը Հովակիմի իշխանության չորրորդ տարում։ բ) Եհովան ինչպե՞ս օգնեց Բարուքին։
ԲԱՐՈՒՔԸ՝ Երեմիայի հավատարիմ դպիրը, հոգնել էր։ Մ.թ.ա. 625 թվականն էր՝ չար թագավոր Հովակիմի իշխանության չորրորդ տարին։ Երեմիան Բարուքին պատվիրեց գրի առնել Երուսաղեմի և Հուդայի մասին այն խոսքերը, որ Եհովան ասել էր Երեմիայի ծառայության 23 տարիների ընթացքում (Երեմ. 25։1–3; 36։1, 2)։ Սակայն Բարուքն իր գրածները հրեաների առաջ չկարդաց այդ ժամանակ։ Նա պետք է այն կարդար հաջորդ տարի (Երեմ. 36։9, 10)։ Բայց կար մի բան, որ անհանգստացնում էր նրան։
2 «Վա՜յ ինձ, վա՜յ ինձ,— աղաղակեց Բարուքը,— որովհետև Եհովան իմ ցավի վրա վիշտ է ավելացրել։ Հոգնել եմ հառաչելուցս»։ Հավանաբար եղել են պահեր, որ դու էլ ես հոգնած եղել և նման խոսքեր ասել՝ բարձրաձայն կամ մտքում։ Ինչպես էլ որ Բարուքն իր անհանգստությունը արտահայտած լիներ, Եհովան լսեց նրան։ Սրտեր Քննողը գիտեր, թե ինչն էր անհանգստացնում Բարուքին, և Երեմիայի միջոցով բարյացակամորեն ուղղեց նրան (կարդա՛ Երեմիա 45։1–5)։ Իսկ ինչո՞ւ էր Բարուքը հոգնած։ Իր ստացած նշանակո՞ւմն էր պատճառը, իր շուրջը տիրող իրավիճակնե՞րը։ Ո՛չ։ Պատճառը թաքնված էր նրա սրտում։ Բարուքը «մեծամեծ բաներ էր փնտրում»։ Իսկ որո՞նք էին այդ մեծամեծ բաները։ Եհովան ի՞նչ հավաստիացում տվեց նրան։ Ի՞նչ կլիներ, եթե Բարուքն ընդուներ նրա խորհուրդն ու առաջնորդությունը։ Ի՞նչ կարող ենք սովորել Բարուքի օրինակից։
ՈՐՈՆՔ ԷԻՆ «ՄԵԾԱՄԵԾ ԲԱՆԵՐԸ»
3. Ո՞րն էր Բարուքի խնդրի բուն պատճառը։
3 Բարուքն, ըստ ամենայնի, լավ գիտեր, թե «մեծամեծ բաներ» ասելով Եհովան ինչ նկատի ուներ։ Նա գիտակցում էր, որ Աստծու «աչքերը մարդու ճանապարհների վրա են, և նա տեսնում է նրա բոլոր քայլերը» (Հոբ 34։21)։ Պատճառը, թե ինչու Բարուքը «հանգստություն» չէր գտնում, նրա ստացած հանձնարարությունը չէր։ Պատճառը նրա սրտում էր. դա մեծ թվացող բաների նկատմամբ նրա տեսակետն էր։ «Մեծամեծ բաներ» փնտրելու ցանկությամբ տարված՝ Բարուքն իր տեսադաշտից կորցրել էր ավելի կարևոր բաներ, որոնք վերաբերում էին Աստծու կամքը կատարելուն (Փիլիպ. 1։10)։ Երեմիա 45։5–ում «փնտրել» թարգմանված եբրայերեն բառի բայական ձևը ցույց է տալիս շարունակական գործողություն, ոչ թե ակնթարթային կամ մեկ անգամ կատարվող գործողություն։ Այստեղից եզրակացնում ենք, որ Բարուքն արդեն «մեծամեծ բաներ» էր փնտրում, երբ Եհովան զգուշացրեց նրան չփնտրել։ Թեև Երեմիայի հավատարիմ քարտուղարը Եհովայի կամքն էր կատարում, սակայն միևնույն ժամանակ իր համար «մեծամեծ բաներ» էր ցանկանում։
4, 5. Ի՞նչ պատճառներ կան ենթադրելու, որ Բարուքը ձգտում էր համբավի ու հեղինակության, և ինչո՞ւ էր Եհովայի նախազգուշացումը տեղին։
4 Հնարավոր է, որ Բարուքի համար կարևոր էր համբավն ու հեղինակությունը։ Բարուքը ամենայն հավանականությամբ միայն Երեմիայի քարտուղարը չէր։ Երեմիա 36։32–ից երևում է, որ Բարուքի աշխատանքը որպես քարտուղար իրականում պաշտոն էր։ Իսկ հնագիտական փաստերը ցույց են տալիս, որ նա արքունիքում բարձր պաշտոն էր զբաղեցնում։ «Քարտուղար» տիտղոսը օգտագործվում է նաև Ելիսամայի համար, որի անունը թվարկվում է Հուդայի իշխանների շարքում։ Սրանից կարող ենք եզրակացնել, որ Բարուքը, Ելիսամայի պես, մուտք ուներ «թագավորի տուն՝ քարտուղարի ճաշասենյակ» (Երեմ. 36։11, 12, 14)։ Ուստի Բարուքը հավանաբար արքունիքի կրթված պաշտոնյաներից էր։ Իսկ նրա եղբայրը՝ Սարայիան, Սեդեկիա թագավորի սենեկապետն էր, որն ուղեկցեց թագավորին, երբ նա կարևոր գործով գնաց Բաբելոն (կարդա՛ Երեմիա 51։59)։ Սարայիայի հանձնարարությունն էր ճանապարհորդության ընթացքում թագավորին ապահովել նրան անհրաժեշտ բաներով և իջևանելու տեղ գտնել։ Սա, իրոք որ, բարձր պաշտոն էր։
5 Ուստի հասկանալի է, թե ինչու էր Բարուքը՝ նման բարձր պաշտոնի տեր մարդը, հոգնել Հուդայի դեմ դատապարտական պատգամները մեկը մյուսի հետևից գրի առնելուց, հատկապես, որ դրանով կարող էր վտանգել իր դիրքն ու կարիերան։ Բայց պատկերացրու, թե ինչ կլիներ, երբ որ Եհովան «քանդեր այն, ինչ շինել էր» (Երեմ. 45։4)։ Թվացյալ «մեծամեծ բաների», օրինակ՝ արքունիքում ավելի մեծ պատվի կամ հարստության ձգտելը ապարդյուն կլիներ։ Ուստի եթե Բարուքը իրոք բարձր պաշտոնի էր ձգտում հրեական համակարգում, որը կործանման եզրին էր, ապա Եհովան հիմնավոր պատճառ ուներ նրան հետ պահելու այդ ցանկությունից։
6, 7. Եթե Բարուքն իրոք ձգտում էր հարստության, ապա նա ո՞ւմ էր նման։
6 «Մեծամեծ բաների» թվում կարող էր լինել նաև հարստությունը։ Օրինակ՝ Հուդայի շրջակա ազգերը իրենց հույսը դնում էին ունեցվածքի ու հարստության վրա։ Մովաբը «ապավինում էր իր գործերին ու իր գանձերին»։ Ամմոնն էլ էր նույնն անում։ Իսկ Բաբելոնի մասին Երեմիան գրեց, որ «շատ գանձեր ունի» (Երեմ. 48։1, 7; 49։1, 4; 51։1, 13)։ Սակայն Եհովան դատապարտեց այդ ազգերին։
7 Ուստի եթե Բարուքը ձգտում էր սեփականություն ու հարստություն ունենալ, ապա Եհովայի տված նախազգուշացումը տեղին էր։ Երբ Եհովան «ձեռքը երկարացներ [հրեաների] դեմ», նրանց տներն ու արտերը կանցնեին թշնամու ձեռքը (Երեմ. 6։12; 20։5)։ Պատկերացրու քեզ Բարուքի օրերում։ Բաբելոնացիները պաշարել են Երուսաղեմ քաղաքը։ Քո հայրենակիցների մեծամասնությունը, իշխանները, քահանաներն ու հենց ինքը թագավորը ուզում են դիմադրություն ցույց տալ թշնամուն։ Սակայն քեզ տեղեկացնում են Երեմիա մարգարեի պատգամը. «Բաբելոնի թագավորին ծառայեք և ողջ կմնաք» (Երեմ. 27։12, 17)։ Եթե շատ ունեցվածքի տեր լինեիր, հեշտ կլինե՞ր հնազանդվել այս պատվերին։ Նյութական բաների հանդեպ քո կապվածությունը թույլ կտա՞ր, որ հնազանդվեիր Երեմիայի պատգամին, թե՞ կհետևեիր մեծամասնությանը։ Իրականում, նյութական բաներին ձգտելը անիմաստ կլիներ, քանի որ Հուդայի և Երուսաղեմի, նաև տաճարի բոլոր թանկարժեք իրերը թշնամին ավար վերցրեց և տարավ Բաբելոն (Երեմ. 27։21, 22)։ Ի՞նչ դաս կարելի է քաղել այս ամենից։
Եհովան ինչպե՞ս ուղղեց Բարուքին, որ «մեծամեծ բաներ» չփնտրի։ Իմաստուն չէ՞ արդյոք հնազանդվել Եհովայի առաջնորդությանը։
«ՔՈ ՀՈԳԻՆ ՔԵԶ ԻԲՐԵՎ ԱՎԱՐ ՊԻՏԻ ՏԱՄ»
8, 9. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Բարուքն իր կյանքը իբրև ավար ստացավ։
8 Ո՞րը կլիներ Բարուքի վարձատրությունը, եթե հնազանդվեր Եհովային։ Եհովան ասաց, որ նա իր հոգին իբրև «ավար» էր ստանալու (կարդա՛ Երեմիա 45։5)։ Երուսաղեմի կործանումից միայն քիչ մարդիկ փրկվեցին. նրանք, ովքեր հնազանդվեցին Աստծու խոսքին և հանձնվեցին քաղդեացիներին (Երեմ. 21։9; 38։2)։ Սակայն ոմանք գուցե մտածեն. «Հնազանդության դիմաց՝ ընդամենը կյա՞նք»։
9 Պատկերացրու, թե ինչ վիճակում էր Երուսաղեմը պաշարման ընթացքում։ Ի տարբերություն Սոդոմի, որի կործանումը մեկ ակնթարթում եղավ՝ Երուսաղեմը մեռնում էր դանդաղ ու տանջալից մահով (Ողբ 4։6)։ Բարուքը, ով գրի առավ Երուսաղեմի բնակիչների մասին մարգարեությունը, որ նրանք պետք է մեռնեին սրից, սովից և համաճարակից, իր իսկ աչքերով տեսավ դրա կատարումը։ Երուսաղեմում սննդի պաշարը սպառվել էր։ Սարսափելի էր գտնվել մի քաղաքում, որտեղ մայրերը, որ էությամբ «կարեկցող» են, եփում և ուտում էին իրենց զավակներին (Ողբ 2։20; 4։10; Երեմ. 19։9)։ Այո՛, այսպիսի մղձավանջում կյանքն, իրոք որ, ավար էր։ Բարուքն, ակներևաբար, հետևեց Աստծու խորհրդին և դադարեց «մեծամեծ» բաներ փնտրելուց։ Արդյունքում՝ նա շահեց Եհովայի բարեհաճությունը և ողջ մնաց (Երեմ. 43։5–7)։
ԿՓՆՏՐԵ՞Ս «ՄԵԾԱՄԵԾ ԲԱՆԵՐ»
10, 11. Ինչպե՞ս է Բարուքի դեպքը վերաբերում մեր օրերին և անհատապես մեզ։
10 Չնայած որ Բարուքը զբաղված էր Աստծու կամքը կատարելով, մի որոշ ժամանակ նա «մեծամեծ բաներ» ունենալու ցանկությամբ էր տարված։ Սակայն նա ականջ դրեց Եհովայի նախազգուշացմանը և փրկվեց թե՛ հոգևոր կործանումից, թե՛ ֆիզիկական։ Հնարավո՞ր է, որ Բարուքի պես՝ մենք էլ, մինչ ակտիվորեն ծառայում ենք Եհովային, փորձվենք ու տարվենք այն ցանկություններով, որոնք թաքնված են մեր սրտի խորքում։
11 Բարուքի համար անուն ստեղծելը հավանաբար իսկական գայթակղություն էր։ Գուցե նա մտածում էր. «Կկարողանա՞մ պահել քարտուղարի աշխատանքս։ Չձգտե՞մ բարձր պաշտոնի»։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել մեր մասին։ Հարցրու ինքդ քեզ. «Սրտումս չե՞մ տենչում այժմ կամ մոտ ապագայում կարիերա ստեղծելու»։ Իսկ պատանի քրիստոնյաները լավ կլինի՝ մտածեն. «Արդյո՞ք բարձրագույն կրթության միջոցով հեղինակություն ձեռք բերելու և ֆինանսապես ապահովված լինելու գայթակղությունը չի գցի ինձ «մեծամեծ բաներ» փնտրելու ծուղակը»։
12. Ինչպե՞ս մի եղբայր փառք բերեց Եհովային, և ի՞նչ տեսակետ ունես նրա որոշման վերաբերյալ։
12 Քննենք մի եղբոր օրինակ, որն այժմ ծառայում է Եհովայի վկաների գլխավոր վարչությունում։ 15 տարեկան հասակում նրան կրթաթոշակ առաջարկեցին ուսումը համալսարանում շարունակելու պայմանով։ Սակայն, ի զարմանս իր ուսուցչի, նա մերժեց այդ առաջարկը և ռահվիրայական ծառայություն սկսեց։ Բայց սովորելու հանդեպ նրա սերը երբեք չմարեց։ Հետագայում նա դարձավ միսիոներ մի հեռավոր կղզում և սկսեց սովորել այնտեղի լեզուն, որով խոսում էին ընդամենը 10000 մարդ։ Քանի որ այդ լեզվով բառարան չկար, նա իր համար բառարան կազմեց։ Որոշ ժամանակ անց նա արդեն տիրապետում էր այդ լեզվին, ուստի նշանակվեց թարգմանելու Եհովայի վկաների կողմից հրատարակվող որոշ գրականություններ։ Իսկ իր կազմած բառարանը հետագայում հիմք ծառայեց այդ լեզվով առաջին բառարանը լույս ընծայելու համար։ Մի անգամ մարզային համաժողովներից մեկի ժամանակ նա ունկնդիրներին ասաց. «Եթե ընդունեի բարձրագույն կրթություն ստանալու առաջարկը, ինչպիսի ակադեմիական աշխատանք էլ որ անեի, ինձ էր փառք բերելու։ Իսկ այժմ, քանի որ չունեմ մասնագիտական որակավորում, իմ կատարած աշխատանքը Եհովային է փառք բերում, ոչ թե ինձ» (Առակ. 25։27)։ Ի՞նչ ես մտածում այն որոշման մասին, որ այս եղբայրը կայացրեց 15 տարեկանում։ Տարիներ շարունակ լինելով Եհովայի ժողովրդի մեջ՝ նա շատ առանձնաշնորհումներ է ունեցել։ Իսկ դու ինչպե՞ս կօգտագործես քո ընդունակությունները։ Եհովային փառաբանելու նպատակո՞վ կօգտագործես, թե՞ քո սեփական փառքը կփնտրես։
13. Ինչո՞ւ է Բարուքի դեպքը որոշ ծնողների համար լուրջ ուշադրության արժանի։
13 Սակայն կա մի վտանգ, որից հարկավոր է զգուշանալ. գուցե ինքներս չձգտենք «մեծամեծ բաների», բայց խրախուսենք մեկ ուրիշին դա անելու։ Օրինակ՝ կան աշխարհիկ ծնողներ, որոնք փորձում են իրենց երեխայի կյանքը այնպես դասավորել, որ նա ավելի մեծ բաների հասնի, քան իրենք են հասել, կամ դառնա այնպիսի մեկը, որով կկարողանան հպարտանալ։ Նրանք շատ անգամ այսպես են արտահայտվում. «Չեմ ուզում, որ իմ երեխան ինձ նման ծանր աշխատի» կամ՝ «ուզում եմ, որ երեխաս բարձրագույն կրթություն ստանա, որպեսզի նրա կյանքը ավելի հեշտ լինի»։ Հնարավոր է, որ քրիստոնյա ծնողներն էլ այսպես մտածեն։ Նրանք գուցե տրամաբանեն. «Ես ինձ համար մեծամեծ բաներ չեմ փնտրում»։ Սակայն այսպես մտածելով մի՞թե նրանք չեն ձգտում հասնել մեծամեծ բաների, պարզապես մեկ ուրիշի՝ իրենց որդու կամ աղջկա միջոցով։ Բարուքը թերևս ձգտում էր հասնել «մեծամեծ բաների» իր պաշտոնի կամ կարիերայի միջոցով։ Նմանապես, ծնողները թերևս իրենց սրտում ցանկանան «մեծամեծ բաների» հասնել իրենց երեխաների նվաճումների միջոցով։ Սակայն մի՞թե «սրտեր քննողը» չի նկատի նրանց մղումները, ինչպես որ նկատեց Բարուքինը (Առակ. 17։3)։ Ավելի լավ չի՞ լինի, եթե Դավթի պես խնդրենք Աստծուն, որ քննի մեր ծածուկ մտքերը (կարդա՛ Սաղմոս 26։2; Երեմիա 17։9, 10)։ Այդ ժամանակ Եհովան մեզ սխալ մտածելակերպից հետ կպահի։ Գուցե նա հենց դա է փորձում անել այս գլխի միջոցով։
Ինչի՞ միջոցով էր Բարուքը հավանաբար ձգտում «մեծամեծ բաների»։ Ի՞նչ ես սովորում դրանից։
«ԹԱՆԿԱՐԺԵՔ ԻՐԵՐԸ» ԿԱՐՈՂ ԵՆ ԾՈՒՂԱԿ ԼԻՆԵԼ
14, 15. Ինչպե՞ս կարող է հարստությունը մեզ համար ծուղակ դառնալ։
14 Ենթադրենք՝ Բարուքն իրոք ձգտում էր հարստության։ Ինչպես արդեն նշվեց, եթե Բարուքը կապված էր իր ունեցվածքին, նրա համար, անկասկած, շատ դժվար կլիներ հետևել Աստծու պատվերին և հանձնվել քաղդեացիներին։ Նկատած կլինես, որ հաճախ հարուստները ապավինում են իրենց «թանկարժեք իրերին», մինչդեռ Աստվածաշունչը հավաստիացնում է, որ հարստությունը պաշտպանություն է միայն իրենց «երևակայության մեջ» (Առակ. 18։11)։ Ուստի օգտակար կլինի վերհիշել, թե Աստծու Խոսքը ինչ հավասարակշռված տեսակետ է խրախուսում ունենալ նյութական բաների վերաբերյալ (կարդա՛ Առակներ 11։4)։ Այնուամենայնիվ ոմանք գուցե մտածեն. «Բայց ինչո՞ւ չօգտվեմ աշխարհի առաջարկած բաներից, թեկուզ մի քիչ»։
15 Եթե քրիստոնյան իր ունեցվածքը չափից շատ կարևորի, նրա սիրտը կկապվի այնպիսի բաների հետ, որոնք այս համակարգի պես անցողիկ են։ Բարեբախտաբար, Երեմիան ու Բարուքը այդպես չվարվեցին։ Այդ պատճառով, երբ Հիսուսը հորդորեց նրանց, ովքեր ողջ կլինեին իր ներկայության ժամանակ, ասելով՝ «հիշե՛ք Ղովտի կնոջը», նա նույն հաջողությամբ կարող էր ասել. «Հիշե՛ք Երեմիային ու Բարուքին» (Ղուկ. 17։30–33)։ Եթե թույլ տանք, որ մեր սիրտը կապվի նյութական բաների հետ, մեզ համար էլ դժվար կլինի հետևել Հիսուսի խորհրդին։ Ուստի հիշիր, որ Բարուքը ականջ դրեց Աստծու նախազգուշացմանը և դրա շնորհիվ ողջ մնաց։
16. Պատմիր մի դեպք, երբ Աստծու ծառաները ճիշտ տեսակետ են ունեցել նյութականի հանդեպ։
16 Քննենք այն եղբայրների օրինակը, որոնք ապրում էին Ռումինիայում կոմունիստական վարչակարգի ներքո։ Ոստիկանները խուզարկում էին վկաների տները և բռնագրավում էին նրանց անձնական իրերը, հատկապես այնպիսի բաներ, որոնք կարող էին վաճառել (Ողբ 5։2)։ Այդ երկրում ապրող քույրերն ու եղբայրները պատրաստ էին նյութական կորուստներ կրելու։ Ոմանք ստիպված եղան թողնել իրենց ունեցվածքն ու մեկ այլ վայր տեղափոխվել։ Սակայն նրանք պահեցին Եհովայի հանդեպ իրենց հավատարմությունը։ Իսկ եթե դու նման փորձության առաջ կանգնես, թույլ կտա՞ս, որ նյութական բաների հանդեպ կապվածությունը խանգարի քեզ Աստծուն հավատարիմ մնալ (2 Տիմոթ. 3։11)։
17. Երեմիայի և Բարուքի ժամանակակիցներից ոմանք ի՞նչ օգնություն եղան նրանց համար։
17 Երեմիայի ու Բարուքի ժամանակակիցներից ոմանք մեծ օգնություն եղան նրանց համար։ Նրանցից էր Սոփոնիան, որը մարգարեանում էր Հովսիայի իշխանության օրոք։ Ի՞նչ զգաց Երեմիան՝ կարդալով Սոփոնիա 1։18–ում արձանագրված խոսքերը (կարդա՛)։ Պատկերացնո՞ւմ ես, թե Երեմիան Բարուքի հետ ինչ ոգևորությամբ պետք է որ քննարկած լիներ այս խոսքերը։ Երեմիայի օրերում ապրած մարգարեներից էր նաև Եզեկիելը, որին մ.թ.ա. 617 թ.–ին գերի տարան Բաբելոն։ Չնայած որ նա գտնվում էր Բաբելոնում, նրա պատգամների մի մասը վերաբերում էր հայրենիքում գտնվող հրեաներին։ Ուստի Երեմիան պետք է որ տեղյակ լիներ, թե ինչի մասին էր մարգարեանում Եզեկիելը։ Հավանաբար Երեմիան ծանոթ էր նրա այն խոսքերին, որոնք գրված են Եզեկիել 7։19–ում (կարդա՛)։ Երեմիան ու Բարուքը կարող էին օգուտներ քաղել այդ ներշնչյալ խոսքերից։ Դրանք կարող են օգտակար լինել նաև մեզ։ Երբ Եհովայի օրը գա, մարդիկ փրկության համար իրենց աստվածներին կկանչեն։ Սակայն ո՛չ իրենց աստվածները և ո՛չ էլ հարստությունը չեն փրկի նրանց (Երեմ. 2։28)։
ԿՍՏԱՆԱ՞Ս ՀՈԳԻԴ «ԻԲՐԵՎ ԱՎԱՐ»
18. Ի՞նչ կուզես ստանալ իբրև ավար, և ինչպե՞ս կարող ես այն ստանալ։
18 Պետք է հիշել, որ Եհովան խոստացել է մեր «հոգին» տալ «իբրև ավար»։ Եթե հալածանքի պատճառով Աստծու հավատարիմ ծառաներից ոմանք նույնիսկ մահանան «մեծ նեղության» ժամանակ, երբ գազանի եղջյուրները, այսինքն՝ աշխարհի քաղաքական ուժերը, հարձակում գործեն կրոնի վրա, նրանք իրականում իրենց կյանքը կորցրած չեն լինի։ Աստված երաշխավորել է, որ նրանք դարձյալ կապրեն, որպեսզի նոր աշխարհում վայելեն «իսկական կյանքը» (Հայտն. 7։14, 15; 1 Տիմոթ. 6։19)։ Սակայն կարող ենք վստահ լինել, որ Աստծու ծառաների մեծ մասը, ովքեր հավատարիմ կմնան մինչև վերջ, կվերապրեն մեծ նեղությունից։ Համոզված եղիր, որ երբ Աստված կործանի ազգերին, իր հավատարիմներից ոչ մեկը չի լինի «Եհովայի կողմից սպանվածների» թվում (Երեմ. 25։32, 33)։
19. Երեմիայի և Բարուքի օրինակների շուրջ խորհելը ինչպե՞ս կարող է ամրացնել վճռականությունդ՝ խուսափելու «մեծամեծ բաներ» փնտրելուց։
19 Ոմանց համար գուցե սթափեցնող լինի այն միտքը, որ իբրև ավար ստանալու են իրենց «հոգին», ուրիշ ոչինչ։ Բայց սա ամենևին էլ վհատվելու պատճառ չէ։ Հիշիր, որ երբ Երուսաղեմի բնակիչները սովամահ էին լինում, Եհովան փրկեց Երեմիայի կյանքը։ Ինչպե՞ս։ Սեդեկիա թագավորը Երեմիային բանտարկեց Պահակների գավիթում, և «ամեն օր հացագործների փողոցից նրան մի կլոր հաց էին տալիս, մինչև որ քաղաքում ամբողջ հացը վերջացավ» (Երեմ. 37։21)։ Այո՛, Եհովան կարող է ցանկացած միջոց օգտագործել իր ժողովրդին անհրաժեշտ բաներով ապահովելու համար։ Եվ նա, անկասկած, այդպես էլ կվարվի, քանի որ նրանց հավիտենական կյանքը երաշխավորված է։ Բարուքը վերապրեց Երուսաղեմի կործանումից, քանի որ չփնտրեց «մեծամեծ բաներ»։ Նույնպես և մենք կարող ենք հույս ունենալ, որ կփրկվենք Արմագեդոնից և կփառաբանենք Եհովային՝ անվերջ վայելելով այն կյանքը, որն իբրև ավար կստանանք։
Ինչո՞ւ է այսօր խելամիտ, որ «մեծամեծ բաներ» փնտրելու փոխարեն՝ ձգտենք ամեն ինչ անել մեր «հոգին» իբրև ավար ստանալու համար։