Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 2

Ծառայություն «օրերի վերջում»

Ծառայություն «օրերի վերջում»

1, 2. ա) Ի՞նչ տեսիլք տեսավ Երեմիան։ բ) Ինչո՞ւ արժե ուշադրություն դարձնել Երեմիայի մարգարեական պատգամներին։

 «Ի՞ՆՉ ես տեսնում»,— հարցրեց Եհովան իր նորընծա մարգարեին։ «Լայն բերանով մի կաթսա.... կրակի վրա դրված,— պատասխանեց երիտասարդ Երեմիան,— և կաթսայի բերանը հյուսիսի կողմից դեպի հարավ է թեքված»։ Այդ տեսիլքի միջոցով Աստված ցույց տվեց, թե ինչ լուր է հռչակելու իր մարգարեն (կարդա՛ Երեմիա 1։13–16)։ Այո՛, Եհովան կանխապես հայտնեց, որ Հուդայի անհավատարիմ բնակիչների վրա, եռման ջրի պես, չարիք է «թափվելու»։ Իսկ ինչո՞ւ էր կաթսայի բերանը դեպի հարավ թեքված։ Բանն այն է, որ չարիքը վրա էր հասնելու հյուսիսից. բաբելոնացիները այդ կողմից էին ներխուժելու Հուդա։ Եվ այդպես էլ եղավ։ Տարիների ընթացքում Երեմիա մարգարեն տեսավ, թե ինչպես մեկը մյուսի հետևից տարբեր պատուհասներ թափվեցին «եռման կաթսայից»։ Այդ ամենն ավարտվեց Երուսաղեմի կործանմամբ։

2 Բաբելոնն այսօր գոյություն չունի։ Այդուհանդերձ, Երեմիայի մարգարեական պատգամները արժանի են մեր ուշադրությանը։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք ապրում ենք «օրերի վերջում» ու մարգարեի նման քարոզում ենք թե՛ մոտալուտ դատաստանի և թե՛ ապագա օրհնությունների մասին։ Բացի դրանից, այսօր շատերը, Երեմիայի ժամանակակիցների պես, Աստծու ճշմարիտ ծառաներ են ձևանում։ Իրականում, սակայն, Եհովան ո՛չ նրանց է հավանություն տալիս, ո՛չ էլ նրանց կրոնին (Երեմ. 23։20

 3. ա) Ի՞նչ կարգով են ներկայացված իրադարձությունները «Երեմիա» գրքում։ բ) Ի՞նչ ենք քննելու այս գլխում։

3 Ակներևաբար, Երեմիան ոչ թե անձամբ է գրի առել իր գրքերը, այլ գրագրի միջոցով։ Ընդ որում դրանք գրվել են ոչ թե դեպքերի զարգացման ընթացքում, այլ մարգարեի ծառայության վերջին շրջանում (Երեմ. 25։1–3; 36։1, 4, 32)։ «Երեմիա» գրքում իրադարձությունները չեն նկարագրվում ժամանակագրական կարգով։ Դրանք ներկայացված են ըստ բովանդակության։ Ուստի այս գլխում կքննենք այն ժամանակաշրջանի պատմությունը, որի ընթացքում գրվել են «Երեմիա» և «Ողբ» գրքերը։ 19–րդ էջի աղյուսակը կօգնի պատկերացնելու, թե ինչ հերթականությամբ են ծավալվել դեպքերը։ Մենք կիմանանք, թե ով է թագավորել այս կամ այն շրջանում և ինչ իրավիճակ է տիրել Հուդայում ու շրջակա երկրներում։ Այդպես ավելի լավ կհասկանանք այն ամենի իմաստը, ինչ ասել կամ արել է Երեմիան։ Դրա շնորհիվ մեծ օգուտներ կքաղենք մարգարեի հայտնած պատգամներից։

ԴԵՊՔԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՐԵՄԻԱՅԻ ՕՐԵՐՈՒՄ

4-6. Ի՞նչ էր կատարվում Երեմիայի նշանակմանը նախորդող տասնամյակների ընթացքում։

4 Երեմիան ծառայել է փոթորկալից ժամանակաշրջանում։ Ասորեստանը, Բաբելոնն ու Եգիպտոսը պայքարում էին իրար դեմ՝ աշխարհակալ տերություն դառնալու համար։ Երեմիայի նշանակումից մոտ 93 տարի առաջ Ասորեստանը կործանել էր Իսրայելի տասցեղ թագավորությունը և գերեվարել այնտեղի բնակիչներից շատերին։ Սակայն չէր կարողացել գրավել Երուսաղեմը, քանի որ Եհովան պաշտպանել էր Հուդան ու բարեպաշտ թագավոր Եզեկիային։ Թերևս հիշես, որ Աստված այդ ժամանակ հրաշքով ոչնչացրեց թշնամու բանակի 185 000 զինվորների (2 Թագ. 19։32–36)։ Եզեկիայից հետո գահ բարձրացավ նրա որդի Մանասեն։ Երեմիան, ակներևաբար, ծնվել է հենց այդ թագավորի իշխանության ընթացքում, որը տևել է 55 տարի։ Այդ օրերում Հուդան գտնվում էր Ասորեստանի ենթակայության տակ (2 Տար. 33։10, 11

5 Երեմիայի կողմից արձանագրված 1–ին և 2–րդ «Թագավորներ» գրքերի համաձայն՝ Մանասեն վերակառուցեց այն բարձունքները, որոնք իր հայրը քանդել էր։ Նա ամենուր, անգամ Եհովայի տաճարում զոհասեղաններ դրեց՝ նվիրված Բահաղին ու «երկնքի ողջ զորքին»։ Մանասեն անմեղ արյուն թափեց, նույնիսկ իր հարազատ որդուն զոհեց կեղծ աստվածներին։ Իր իշխանության ընթացքում նա շատ «չարիք գործեց» Եհովայի առաջ։ Այդ ամենի պատճառով Աստված պատժեց Հուդային ու Երուսաղեմին, ինչպես որ մինչ այդ պատժել էր Իսրայելին ու Սամարիային (2 Թագ. 21։1–6, 12–16)։ Մանասեի մահից հետո թագավոր դարձավ նրա որդի Ամոնը, որը ոչնչով չէր տարբերվում իր հորից։ Բայց նրա չար իշխանությունը երկար չտևեց։ Երկու տարի անց՝ մ.թ.ա. 659 թ.–ին, Ամոնին սպանեցին, և գահ բարձրացավ նրա 8 տարեկան որդի Հովսիան։

6 Վերջինիս 31 տարվա գահակալության ընթացքում Ասորեստանն աստիճանաբար թուլացավ և իր տեղը զիջեց Բաբելոնին։ Հովսիայի համար դա օտարերկրյա լծից ազատվելու հիանալի առիթ էր։ Ի տարբերություն իր հոր և պապի՝ նա հավատարմորեն ծառայեց Եհովային ու շատ բան արեց երկիրը կռապաշտությունից մաքրելու համար (2 Թագ. 21։19–22։2)։ Իր իշխանության 12–րդ տարում Հովսիան սկսեց ոչնչացնել բարձրավանդակները, սուրբ ձողերը և կուռքերը։ Ապա հրամայեց վերանորոգել Եհովայի տաճարը (կարդա՛ 2 Տարեգրություն 34։1–8)։ Երեմիան մարգարե նշանակվեց Հովսիայի գահակալության 13–րդ տարում՝ մ.թ.ա. 647 թ.–ին։

Ի՞նչ զգացումներով կկատարեիր քո ծառայությունը, եթե լինեիր մարգարե և ապրեիր Երեմիայի օրերում։

7, 8. ա) Հովսիայի իշխանությունն ինչո՞վ էր տարբերվում նախորդ երկու թագավորների իշխանությունից։ բ) Ինչպիսի՞ անձնավորություն էր Հովսիան (տե՛ս  20–րդ էջի շրջանակը)։

7 Եհովայի տաճարի վերանորոգումը սկսվեց Հովսիայի գահակալության 18–րդ տարում։ Վերանորոգման աշխատանքների ժամանակ քահանայապետը գտավ «Օրենքի գիրքը»։ Թագավորը հրամայեց բարձրաձայն կարդալ այն, որից հետո պարզ դարձավ, որ Հուդայի բնակիչները մեծ մեղքեր են գործել Աստծու առաջ։ Այդ փաստը մղեց Հովսիային պարզելու, թե ինչ առաջնորդություն կտա Եհովան ստեղծված իրավիճակում։ Նա մարդ ուղարկեց Օլդա մարգարեուհու մոտ։ Բացի այդ, խրախուսեց իր հպատակներին պահել Աստծու պատվիրանները։ Օլդան թագավորին տեղեկացրեց, որ Եհովան «աղետ» է բերելու Հուդայի բնակիչների վրա նրանց անհավատարմության պատճառով։ Բայց քանի որ Հովսիան սատար էր կանգնում ճշմարիտ երկրպագությանը, դա տեղի չէր ունենա իր օրերում (2 Թագ. 22։8, 14–20

8 Դրանից հետո թագավորը նոր եռանդով ձեռնամուխ եղավ կեղծ աստվածների պաշտամունքը արմատախիլ անելու գործին։ Ձգտելով վերացնել կռապաշտության հետքն անգամ՝ նա նույնիսկ անցավ Իսրայելի հյուսիսային թագավորության նախկին տարածքը և քանդեց Բեթելի բարձունքն ու զոհասեղանը։ Այս ամենից հետո Հովսիան մեծ շուքով նշեց Պասեքի տոնը (2 Թագ. 23։4–25)։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան էր այդ ամենն ուրախացնում Երեմիային։ Ինչ խոսք, հեշտ չէր մղել մարդկանց փոխելու իրենց ապրելակերպը։ Մանասեի ու Ամոնի ղեկավարման պատճառով կուռքերի գարշելի պաշտամունքը արմատ էր գցել հրեաների սրտում։ Նրանք խղճուկ հոգևոր վիճակում էին։ Ու թեև Հովսիան մեծ թվով կուռքեր վերացրեց, Եհովան, միևնույնն է, Երեմիայի միջոցով ասաց, որ Հուդայի բնակիչների աստվածները նրանց քաղաքների չափ շատ են։ Մարգարեի հայրենակիցները նման էին անհավատարիմ կնոջ, քանի որ թողել էին ճշմարիտ Աստծուն ու հոգևոր առումով պոռնկացել կեղծ աստվածների հետ։ Այդ պատճառով Երեմիան ասաց. «Երուսաղեմի փողոցների թվի չափ զոհասեղաններ եք կանգնեցրել ամոթալի աստծու համար, զոհասեղաններ, որպեսզի զոհերի ծուխը վեր հանեք Բահաղին» (կարդա՛ Երեմիա 11։1–3, 13

 9. Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան Հովսիայի գահակալության վերջին տարիներին։

9 Երեմիայի հաղորդած պատգամները չփոխեցին հրեաներին։ Իսկ այդ ընթացքում շրջակա ազգերը շարունակում էին պայքարել միմյանց դեմ։ Մ.թ.ա. 632–ին բաբելոնացիների ու մարերի միացյալ ուժերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Ասորեստանցիները դիմեցին Եգիպտոսի օգնությանը, և Նեքաո փարավոնն ընդառաջեց։ Երեք տարի անց նա իր զորքով շարժվեց դեպի հյուսիս՝ ասորեստանյան բանակին աջակցելու նպատակով։ Հովսիան Մեգիդոյի մոտ պատերազմեց եգիպտացիների դեմ։ Աստվածաշնչում ոչինչ չի ասվում այն մասին, թե ինչու նա դիմեց այդ քայլին։ Սակայն նշվում է, որ Հովսիան մարտի դաշտում լուրջ վիրավորվեց ու մահացավ (2 Տար. 35։20–24)։ Նրա մահով Հուդայում տիրող քաղաքական ու կրոնական իրավիճակը կտրուկ փոխվեց։ Ի՞նչ հետևանքներ էր դա թողնելու և ի՞նչ դժվարություններ էր ստեղծելու Երեմիայի համար։

ԳԼՈՒԽ Է ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԿԵՂԾ ԿՐՈՆԸ

10. ա) Ի՞նչ նմանություն կա մեր օրերի և Հովսիայի մահվանը հաջորդած ժամանակաշրջանի միջև։ բ) Ո՞ր հարցերի պատասխանները կգտնենք՝ քննելով Երեմիայի օրինակը։

10 Հովսիայի մահը անչափ վշտացրեց Երեմիային։ Մարգարեն նույնիսկ ողբաց նրա վրա (2 Տար. 35։25)։ Թագավորը մահացավ շատ դժվարին ու անկայուն ժամանակներում։ Հուդան կռվախնձոր էր դարձել Եգիպտոսի, Ասորեստանի և Բաբելոնի համար։ Բացի այդ, Հովսիայի մահից հետո երկրում նորից գլուխ բարձրացրեց կեղծ կրոնը։ Երեմիան այլևս չկարողացավ ազատորեն կատարել իր ծառայությունը։ Նրա կյանքում փորձությունների ժամանակաշրջան սկսվեց։ Այդպիսի շրջադարձ հաճախ է տեղի ունեցել նաև մեր օրերում։ Որոշ երկրներում Եհովայի վկաների գործունեությունը արգելվել է, թեպետ մինչ այդ նրանք հարաբերական ազատություն են ունեցել։ Ո՞վ գիտի, գուցե մի օր մենք էլ հայտնվենք նման իրավիճակում։ Ինչպե՞ս պետք է արձագանքենք։ Ի՞նչ պետք է անենք մեր անարատությունը պահելու համար։ Երեմիայի օրինակը կօգնի գտնելու այս հարցերի պատասխանները։ Հետագայում կիմանանք, թե ինչպես նա կարողացավ հաղթահարել իր փորձությունները։

11. Ի՞նչ տեղի ունեցավ Հովսիայի մահից հետո։

11 Հուդայի բնակիչները գահ բարձրացրին Հովսիայի որդի Հովաքազին, որը հայտնի է նաև Սեղում անունով։ Նա թագավորեց ընդամենը երեք ամիս։ Նեքաո փարավոնը բաբելոնացիների դեմ պատերազմելուց հետո եկավ Հուդա և գերի տարավ նոր թագավորին։ Երեմիան մարգարեացավ, որ Հովաքազն «այլևս չի վերադառնա» (Երեմ. 22։10–12; 2 Տար. 36։1–4)։ Նեքաոն նրա փոխարեն թագավոր նշանակեց Հովսիայի որդիներից Հովակիմին։ Վերջինս, փոխանակ իր հոր պես աջակցելու ճշմարիտ երկրպագությանը, կուռքերի էր պաշտում (կարդա՛ 2 Թագավորներ 23։36, 37

12, 13. ա) Ինչպիսի՞ն էր Հուդայի բնակիչների հոգևոր վիճակը Հովակիմի իշխանության սկզբում։ բ) Հուդայի կրոնական առաջնորդներն ինչպե՞ս վարվեցին Երեմիայի հետ։

12 Հովակիմի իշխանության սկզբում Աստված Երեմիային պատվիրեց գնալ տաճար և բացեիբաց դատապարտել Հուդայի բնակիչներին նրանց չար գործերի համար։ Նրանք կարծում էին, թե Եհովայի տաճարը «թալիսման» է և, ինչ էլ լինի, կպաշտպանի իրենց։ Ուստի Երեմիան նրանց ասաց, որ եթե շարունակեին «գողանալ, սպանել, շնություն գործել, սուտ երդում տալ, զոհերի ծուխը վեր հանել Բահաղի համար, գնալ ուրիշ աստվածների հետևից», Եհովան կհրաժարվեր թե՛ իր տաճարից, թե՛ այնտեղ երկրպագություն մատուցող կեղծավորներից։ Աստված նման մի բան արդեն արել էր քահանայապետ Հեղիի օրերում, երբ մերժել էր Սելովում գտնվող խորանը։ Այո՛, Եհովան թույլ կտար, որ Հուդայի երկիրը «ամայի վայր» դառնա a (Երեմ. 7։1–15, 34; 26։1–6)։ Ի՜նչ համարձակություն պետք է ունենար Երեմիան՝ այդ դատապարտական պատգամը հռչակելու համար։ Չէ՞ որ նա խոսելու էր շատ մարդկանց առջև, որոնց թվում կային նաև հարուստ ու ազդեցիկ անհատներ։ Այդպիսի համարձակություն է հարկավոր նաև Աստծու ժամանակակից ծառաներին, որպեսզի նրանք կարողանան վկայություն տալ փողոցում կամ քարոզել հարուստ և ազդեցիկ մարդկանց։ Վստահ եղիր, որ Աստված անպայման կաջակցի քեզ, ինչպես որ աջակցեց Երեմիային (Եբր. 10։39; 13։6

13 Հուդայի կրոնական առաջնորդներն ինչպե՞ս արձագանքեցին Երեմիայի պատգամին։ Աստվածաշնչում կարդում ենք. «Քահանաները, մարգարեներն ու ողջ ժողովուրդը բռնեցին նրան ու ասացին. «Դու անպատճառ պիտի մեռնես»»։ Նրանք կատաղությամբ գոռացին. «Հարկավոր է այս մարդուն մահվան դատապարտել» (կարդա՛ Երեմիա 26։8–11)։ Սակայն թշնամիներին չհաջողվեց իրականացնել այդ մտադրությունը, քանի որ Եհովան ազատեց իր մարգարեին։ Երեմիան էլ, իր հերթին, թույլ չտվեց, որ մեծաթիվ հակառակորդների թշնամական վերաբերմունքը սարսափի մեջ գցի իրեն։ Ի՜նչ հիանալի օրինակ մեզ համար։

Ի՞նչ իրավիճակ էր տիրում Մանասեի ու Ամոնի օրերում, և ինչպիսի՞ն էր իրավիճակը Հովսիայի օրոք։ Երեմիայի դժվարին ծառայությունը ինչո՞վ է ուսանելի անձամբ քեզ համար։

«ԳՐԻՐ.... ԲՈԼՈՐ ԽՈՍՔԵՐԸ»

14, 15. ա) Ի՞նչ արեցին Երեմիան ու Բարուքը Հովակիմի գահակալության 4–րդ տարում։ բ) Ինչպիսի՞ անձնավորություն էր Հովակիմը (տե՛ս  25–րդ էջի շրջանակը)։

14 Հովակիմի գահակալության 4–րդ տարում Եհովան Երեմիային պատվիրեց գրի առնել այն բոլոր խոսքերը, որ ասել էր նրան Հովսիայի օրերից ի վեր։ Մարգարեն այդպես էլ արեց։ Նա իր գրագրին՝ Բարուքին, թելադրեց նախորդ 23 տարիներին տեղի ունեցածը (մարգարեն դատապարտական պատգամներ էր հայտնել մոտ 20 թագավորների ու թագավորությունների մասին)։ Ապա Երեմիան պատվիրեց Բարուքին բարձրաձայն ընթերցել այդ ամենը Եհովայի տաճարում։ Ինչո՞ւ։ Որովհետև Եհովան ասաց. «Թերևս Հուդայի տան մարդիկ, լսելով այն բոլոր աղետների մասին, որ մտադրվել եմ բերել նրանց վրա, հետ դառնան՝ յուրաքանչյուրն իր չար ճանապարհից, և ես ներեմ նրանց անօրենությունն ու մեղքը» (Երեմ. 25։1–3; 36։1–3

15 Այդ գիրքը կարդացին նաև Հովակիմ թագավորի համար։ Սակայն վերջինս կտոր–կտոր արեց այն ու վառեց։ Հետո պատվիրեց իր մոտ բերել Երեմիային ու Բարուքին։ «Սակայն Եհովան թաքցրեց նրանց» (կարդա՛ Երեմիա 36։21–26)։ Աստված իր մարգարեի միջոցով չար Հովակիմ թագավորի մասին ասաց. «Նրան կթաղեն, ինչպես էշին են թաղում, քաշելով կտանեն ու Երուսաղեմի դարպասներից դուրս կնետեն» (Երեմ. 22։13–19)։ Երեմիան չէր չափազանցնում։ Այդպես էլ եղավ։

16. Ի՞նչ լավ լուրեր է հայտնել Երեմիան։

16 Թեպետ Երեմիան հաճախ էր դատապարտական պատգամներ հայտնում, սակայն խոսում էր նաև ապագա հույսի մասին։ Նա մարգարեանում էր, որ Եհովան Իսրայելի մնացորդին կազատի թշնամիների ձեռքից ու կվերադարձնի հայրենի երկիր, որտեղ նրանք ապահով կբնակվեն։ Երեմիան ասում էր նաև, որ Աստված մի նոր՝ «հավիտենական ուխտ» կկապի իր ժողովրդի հետ և իր օրենքը կգրի նրանց սրտերում։ Առհավետ կմոռանա նրանց հանցանքներն ու մեղքերը։ Գահ կբարձրացնի Դավթի ժառանգներից մեկին, որը «արդարադատություն ու արդարություն կգործադրի երկրի վրա» (Երեմ. 31։7–9; 32։37–41; 33։15)։ Այս բոլոր մարգարեությունները կատարվելու էին տասնյակ տարիներ և անգամ դարեր անց։ Դրանցից մի քանիսը հավիտենական կյանքի հույս են տալիս մեզ։ Սակայն վերադառնանք Երեմիայի օրերին, երբ Հուդայի թշնամիները շարունակում էին իրենց ոտնձգությունները (կարդա՛ Երեմիա 31։31, 33, 34; Եբրայեցիներ 8։7–9; 10։14–18

ՀՈՒԴԱՆ ԲԱԲԵԼՈՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱԿ

17, 18. Ի՞նչ տեղի ունեցավ Հովակիմի գահակալության վերջում և Սեդեկիայի իշխանության ընթացքում։

17 Մ.թ.ա. 625 թ.–ին Քարքամիս քաղաքի մերձակայքում (Երուսաղեմից 600 կիլոմետր դեպի հյուսիս՝ Եփրատի ափին) վճռական ճակատամարտ տեղի ունեցավ Բաբելոնի ու Եգիպտոսի միջև։ Նաբուգոդոնոսոր թագավորը ջախջախեց Նեքաո փարավոնի զորքը։ Դրանից հետո Եգիպտոսը կորցրեց իր ազդեցությունը այդ տարածաշրջանում (Երեմ. 46։2)։ Իշխանությունն անցավ Նաբուգոդոնոսորի ձեռքը, և Հովակիմը ստիպված եղավ դառնալ նրա հպատակը։ Երեք տարի անց, սակայն, Հուդայի թագավորն ապստամբեց (2 Թագ. 24։1, 2)։ Նաբուգոդոնոսորը ըմբոստներին պատժելու նպատակով մ.թ.ա. 618 թ.–ին ներխուժեց Հուդա և պաշարեց Երուսաղեմը։ Դա շատ ծանր ժամանակ էր նույնիսկ Երեմիա մարգարեի համար։ Ակներևաբար, պաշարման ընթացքում Հովակիմը մահացավ b։ Իշխանությունն անցավ նրա որդու՝ Հովաքինի ձեռքը, որը երեք ամիս անց քաղաքը հանձնեց բաբելոնացիներին։ Նաբուգոդոնոսորը թալանեց Երուսաղեմը։ Իսկ Հովաքինին, թագավորի ընտանիքի անդամներին, Հուդայի իշխանավորներին, ազդեցիկ մարդկանց ու արհեստավորներին գերի տարավ Բաբելոն։ Գերիների թվում էին նաև Դանիելը, Անանիան, Միսայելը և Ազարիան (2 Թագ. 24։10–16; Դան. 1։1–7

18 Նաբուգոդոնոսորը գահ բարձրացրեց Սեդեկիային, որը Հովսիայի որդիներից մեկն էր։ Նա դարձավ Դավթի շառավղից սերող վերջին երկրային թագավորը։ Սեդեկիայի իշխանությունը վերջ գտավ մ.թ.ա. 607 թ.–ին, երբ Երուսաղեմն ու Եհովայի տաճարը կործանվեցին (2 Թագ. 24։17)։ Նրա գահակալության 11 տարիների ընթացքում Հուդան քաղաքական ճգնաժամ ապրեց։ Այդ ժամանակ Երեմիան մեծ դժվարություններ էր կրում։ Ի՞նչն էր օգնում մարգարեին։ Երեմիան ամբողջ սրտով ապավինում էր Եհովային, որը և հանձնարարել էր նրան կատարելու այդ ծառայությունը։

19. Ինչպե՞ս էին մարդիկ արձագանքում Երեմիայի պատգամին, և ինչո՞ւ դա պետք է հետաքրքրի մեզ։

19 Որքա՜ն դժվար էր Երեմիայի համար։ Հովսիա թագավորից հետո Հուդան քաղաքական և հոգևոր ծանր դրության մեջ էր։ Եվ մարգարեն գիտեր, որ իրավիճակը գնալով ավելի է վատանալու։ Այսքանը կարծես բավական չէր, Երեմիայի հայրենի քաղաքի բնակիչները ասացին նրան. «Մի՛ մարգարեացիր Եհովայի անունով, որպեսզի մեր ձեռքով չմեռնես» (Երեմ. 11։21)։ Նույնիսկ երբ նրա մարգարեություններն իրականացան, հրեաները, միևնույնն է, պնդում էին. «Մենք չենք լսի քո խոսքը, որ Եհովայի անունով մեզ ասացիր» (Երեմ. 44։16)։ Բայց մարգարեն չէր կարող լռել, քանի որ նրա ծառայությունից կախված էր մարդկանց կյանքը։ Նույնն է պարագան նաև այսօր։ Երեմիայի պես՝ մենք քարոզում ենք Աստծու պատգամը, որից կախված է մարդկանց փրկությունը։ Ուստի օգտակար կլինի քննել, թե ինչպես Եհովան պաշտպանեց իր մարգարեին Երուսաղեմի կործանումից առաջ։ Դրա շնորհիվ կավելանա մեր եռանդը ծառայության մեջ։

Ի՞նչ մտայնությամբ էր ծառայում Երեմիան Հովակիմի իշխանության տարիներին, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։ Մեր օրերին վերաբերող ի՞նչ մարգարեություն է ասել Երեմիան։

ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԴԻՆԱՍՏԻԱՅԻ ԱՆԿՈՒՄԸ

20. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Սեդեկիայի գահակալության շրջանը ամենադժվարն էր Երեմիայի համար (տե՛ս  29–րդ էջի շրջանակը)։

20 Երեմիայի ծառայության ամենադժվար շրջանը Սեդեկիայի գահակալության տարիներն էին։ Վերջինս, նախորդ թագավորներից շատերի պես, «չարիք գործեց Եհովայի աչքում» (Երեմ. 52։1, 2)։ Նաբուգոդոնոսորի հրամանով՝ Սեդեկիան Եհովայի անունով երդում տվեց, որ հպատակվելու է Բաբելոնին։ Սակայն որոշ ժամանակ անց նա ապստամբեց։ Երեմիայի թշնամիները, մեծ ճնշում բանեցնելով մարգարեի վրա, փորձեցին ստիպել նրան միանալու ապստամբությանը (2 Տար. 36։13; Եզեկ. 17։12, 13

21-23. ա) Ի՞նչ երկու խմբի բաժանվեցին Հուդայի բնակիչները։ բ) Ի՞նչ փորձությունների ենթարկվեց Երեմիան իր դիրքորոշման պատճառով, և ինչո՞ւ դա պետք է հետաքրքրի մեզ։

21 Ակներևաբար, Սեդեկիայի իշխանության սկզբում պատգամաբերներ եկան Երուսաղեմ Եդոմից, Մովաբից, Ամմոնից, Տյուրոսից և Սիդոնից։ Նրանց նպատակն էր առաջարկել Հուդայի թագավորին միանալ Նաբուգոդոնոսորի դեմ կազմակերպվող ապստամբությանը։ Սակայն Երեմիան Սեդեկիային խրախուսեց հպատակվել Բաբելոնին։ Իսկ պատգամաբերներին լուծեր տվեց՝ ի նշան այն բանի, որ իրենց ժողովուրդները նույնպես պետք է ծառայեն բաբելոնացիներին c (Երեմ. 27։1–3, 14)։ Երեմիայի այդ խորհուրդը հավանության չարժանացավ։ Հատկապես դրան դեմ էր Հանանիան՝ մի կեղծ մարգարե, որը բոլորին Աստծու անունից հավաստիացնում էր, թե բաբելոնական լուծն ընկնելու է։ Եհովան Երեմիայի միջոցով հայտնեց, որ այդ ինքնակոչ մարգարեն մեկ տարի հետո կմահանա։ Հենց այդպես էլ եղավ (Երեմ. 28։1–3, 16, 17

22 Հուդայի բնակիչները բաժանվեցին երկու խմբի. մի մասը կողմ էր Բաբելոնին հպատակվելու գաղափարին, իսկ մյուս մասը՝ ապստամբելուն։ Մ.թ.ա. 609–ին Սեդեկիան ապստամբեց և ռազմական օգնություն խնդրեց Եգիպտոսից։ Երկրում ազգայնամոլության ալիք բարձրացավ, որը նոր խնդիրներ հարուցեց Երեմիայի համար (Երեմ. 52։3; Եզեկ. 17։15)։ Ապստամբությունը ճնշելու նպատակով Նաբուգոդոնոսորը արշավեց դեպի Հուդա, մեկը մյուսի հետևից գրավեց բոլոր քաղաքները և նորից պաշարեց Երուսաղեմը։ Այդ ծանր պահին ի՞նչ լուր հաղորդեց Երեմիան Սեդեկիային ու նրա հպատակներին։ Նա ասաց, որ բաբելոնացիները կործանելու են Երուսաղեմը։ Բոլոր նրանք, ովքեր կմնան քաղաքում, կմեռնեն։ Մինչդեռ այն հրեաները, որոնք կհանձնվեն քաղդեացիներին, կփրկվեն (կարդա՛ Երեմիա 21։8–10; 52։4

23 Ինչպե՞ս արձագանքեցին Հուդայի իշխանները։ Նրանք Երեմիային դավաճան անվանեցին՝ պնդելով, թե նա աջակցում է բաբելոնացիներին։ Մարգարեին ծեծեցին ու բանտ նետեցին։ Եվ այդ ամենը՝ ճշմարտությունը հայտնելու համար (Երեմ. 37։13–15)։ Սակայն Երեմիան չմեղմեց Եհովայի պատգամը։ Այդ պատճառով իշխանները Սեդեկիային համոզեցին մահապատժի ենթարկել նրան։ Մարգարեին գցեցին ցեխով լի ջրամբարի մեջ, որպեսզի նա այնտեղ մահանա։ Սակայն Աբդիմելեք անունով մի եթովպացի, որը ծառայում էր թագավորի տանը, փրկեց Երեմիային (Երեմ. 38։4–13)։ Մեր օրերում նույնպես Եհովայի ծառաները հաճախ են հայտնվել մահվան սպառնալիքի տակ այն պատճառով, որ իրենց խիղճը թույլ չի տվել մասնակցել քաղաքական հակամարտություններին։ Եթե դու էլ մի օր հայտնվես նման իրավիճակում, Երեմիայի օրինակը կզորացնի քեզ և կօգնի դիմանալու փորձություններին։

24. Ի՞նչ տեղի ունեցավ մ.թ.ա. 607 թ.–ին։

24 Մ.թ.ա. 607 թ.–ին բաբելոնացիները ներխուժեցին Երուսաղեմ և հիմնահատակ ավերեցին քաղաքը։ Նաբուգոդոնոսորի զինվորներն այրեցին Եհովայի տաճարը, քանդեցին քաղաքի պարիսպները և սպանեցին Հուդայի իշխաններին։ Սեդեկիան փորձեց փախուստի դիմել։ Բայց նրան բռնեցին ու բերեցին Նաբուգոդոնոսորի մոտ։ Վերջինս Հուդայի թագավորի աչքերի առաջ սպանեց նրա որդիներին, ապա կուրացրեց նրան ու գերի տարավ Բաբելոն (Երեմ. 39։1–7)։ Փաստորեն, Երեմիայի մարգարեությունը Հուդայի ու Երուսաղեմի մասին իրականություն դարձավ։ Արդյոք դա նրան ուրախություն պատճառե՞ց։ Ամենևի՛ն։ Աստծու մարգարեն մեծ ցավ ապրեց՝ տեսնելով իր ժողովրդի կոտորածը։ Նա իր սրտի կսկիծը նկարագրեց «Ողբ» գրքում։ Զարմանալի չէ, որ այդ գիրքը խորապես հուզում է ընթերցողներին։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ

25, 26. ա) Ի՞նչ տեղի ունեցավ Երուսաղեմի կործանումից հետո։ բ) Ողջ մնացած հրեաներն ինչպե՞ս արձագանքեցին Երեմիայի պատգամին։

25 Ի՞նչ տեղի ունեցավ Երեմիայի հետ վերոհիշյալ դեպքերի ընթացքում։ Երուսաղեմի իշխանները բանտ էին նետել նրան։ Սակայն բաբելոնացիները քաղաքը գրավելուց հետո ազատեցին մարգարեին ու բարյացակամորեն վարվեցին նրա հետ։ Ավելի ուշ Երեմիային որոշ հրեաների հետ գերի տարան, բայց հետո ազատ արձակեցին։ Սակայն նրա ծառայությունը դեռ չէր ավարտվել։ Երեմիան պետք է որոշ պատգամներ հաղորդեր ողջ մնացած հրեաներին։ Նրանց նոր ղեկավարն էր Գոդողիան, որին նշանակել էր Բաբելոնի թագավորը։ Վերջինս խոստացել էր, որ եթե հրեաները ծառայեն իրեն, ապա խաղաղություն կվայելեն։ Սակայն ըմբոստ հրեաներից մի քանիսը սպանեցին Գոդողիային (Երեմ. 39։13, 14; 40։1–7; 41։2)։ Ապա, վախենալով Բաբելոնի թագավորից, որոշեցին փախչել Եգիպտոս։ Երեմիան քաջալերեց նրանց մնալ Հուդայում։ Բայց հրեաների առաջնորդները մարգարեին ստախոս անվանեցին ու ճանապարհ ընկան՝ իրենց հետ ստիպողաբար տանելով նաև Երեմիային ու Բարուքին։ Մարգարեն, սակայն, հայտնեց, որ Նաբուգոդոնոսորը հպատակեցնելու է նաև Եգիպտոսը ու սպանելու է այնտեղ պանդխտացած հրեաներին (Երեմ. 42։9–11; 43։1–11; 44։11–13

26 Այո՛, Երեմիայի հայրենակիցները նորից հրաժարվեցին Աստծու մարգարեին լսելուց։ Իսկ ի՞նչ պատճառաբանություններ էին նրանք բերում։ «Այն ժամանակից ի վեր, երբ դադարեցրինք «երկնքի թագուհուն» զոհերի ծուխը վեր հանելը ու նրա առաջ ըմպելիքի ընծաներ թափելը, ամեն բանի կարոտ մնացինք և սրով ու սովով կոտորվեցինք» (Երեմ. 44։16, 18)։ Ի՜նչ խղճուկ հոգևոր վիճակում էին հրեաները։ Սակայն նրանց անհնազանդությունը չվհատեցրեց Երեմիային։ Մարգարեն մինչև վերջ հավատարիմ մնաց Եհովային։ Նրա օրինակն, իրոք, քաջալերական է։ Այն ցույց է տալիս, որ անկատար մարդը կարող է պահել իր հավատարմությունը, նույնիսկ եթե մյուս բոլորը անհավատարիմ դառնան։

27. Ի՞նչ է հայտնի Երեմիայի ծառայության վերջին տարիների մասին։

27 Երեմիայի արձանագրած վերջին իրադարձությունը տեղի է ունեցել մ.թ.ա. 580 թ.–ին, երբ Բաբելոնի Ելմարոդաք թագավորը, որը գահ էր բարձրացել Նաբուգոդոնոսորից հետո, ազատ արձակեց Հովաքինին (Երեմ. 52։31–34)։ Այդ ժամանակ Երեմիան արդեն մոտ 90 տարեկան էր։ Ոչ մի հավաստի տեղեկություն չկա այն մասին, թե ինչպես մահացավ մարգարեն։ Ամենայն հավանականությամբ, նա իր կյանքի վերջին տարիներն անցկացրեց Եգիպտոսում ու վախճանվեց հենց այնտեղ։ Երեմիան ավելի քան 67 տարի հավատարմորեն կատարեց իր հատուկ ծառայությունը։ Ու թեև նա տեսավ այնպիսի օրեր, երբ ճշմարիտ կրոնը ծաղկունք էր ապրում, սակայն մարգարեի ծառայության մեծ մասի ընթացքում ամենուր հավատուրացություն էր տիրում։ Չնայած Երեմիան կարողացավ օգնել աստվածավախ մարդկանց, մարգարեի հայրենակիցների մեծամասնությունը մերժեց նրա պատգամները և անգամ թշնամաբար վերաբերվեց նրան։ Արդյո՞ք սա ցույց է տալիս, որ Երեմիայի ծառայությունը ձախողվեց։ Բոլորովի՛ն։ Չէ՞ որ հենց սկզբից Եհովան ասել էր. «Նրանք կպատերազմեն քո դեմ, բայց քեզ չեն հաղթի, որովհետև «ես քեզ հետ եմ»» (Երեմ. 1։19)։ Այսօր մենք՝ Եհովայի վկաներս, այնպիսի ծառայություն ենք կատարում, որը շատ նման է Երեմիայի ծառայությանը։ Ուստի չպետք է ակնկալենք, որ մարդիկ այլ կերպ կարձագանքեն մեր լուրին (կարդա՛ Մատթեոս 10։16–22)։ Սա նշանակում է, որ Երեմիայից շատ բան ունենք սովորելու։ Իսկ ի՞նչ դասեր կարող ենք քաղել նրա օրինակից և ինչպե՞ս պետք է վերաբերվենք մեր ծառայությանը։ Այս մասին կխոսենք հաջորդ գլխում։

Ի՞նչ տեղի ունեցավ Սեդեկիայի ու նրա հպատակների հետ, որոնք մերժեցին Երեմիայի պատգամը։ Ի՞նչ կարծիք ունես Երեմիայի մասին։

a Ոմանց կարծիքով՝ Երեմիա 7։1–15-ում և 26։1–6-ում խոսվում է միևնույն իրադարձության մասին, քանի որ այդ համարների միջև նմանության կա։

b Դանիել 1։1, 2–ում ասվում է, որ Հովակիմը Նաբուգոդոնոսորի ձեռքը մատնվեց իր գահակալության երրորդ տարում։ Ամենայն հավանականությամբ, այս համարներում խոսքը Բաբելոնի ենթակայության տակ գտնվելու տարիների մասին է։ Այստեղից կարելի է նաև եզրակացնել, որ Հովակիմը մահացավ պաշարման ժամանակ։ Պատմիչ Հովսեպոսը նշում է, որ թագավորին սպանել է Նաբուգոդոնոսորը։ Վերջինս հրամայել է Հովակիմի մարմինը Երուսաղեմի պարսպից դուրս նետել։ Սակայն Աստվածաշնչում այս մասին ոչինչ չի ասվում (Երեմ. 22։18, 19; 36։30

c Երեմիա 27։1–ում գործածվում է «Հովակիմ» անունը, մինչդեռ նույն գլխի 3–րդ և 12–րդ համարներում՝ «Սեդեկիա»։ Հավանաբար, առաջին համարում գրագիրը սխալ է թույլ տվել։