Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 8

Կապրե՞ս այնպես, ինչպես Երեմիան

Կապրե՞ս այնպես, ինչպես Երեմիան

1, 2. Ինչո՞ւ անհատը պետք է մտածի ոչ միայն իր, այլև իր ընտանիքի անդամների հոգևոր բարօրության մասին։

 «ԵՍ և իմ տունը Եհովային պիտի ծառայենք»։ Այս խոսքերը Հեսուն ասաց իսրայելացիներին, երբ նրանց կոչ էր անում ընտրել, թե ում են ծառայելու (Հեսու 24։15)։ Հեսուն վճռել էր նվիրված մնալ Եհովային և վստահ էր, որ իր ընտանիքը նույն որոշումը կկայացնի։ Շատ տարիներ անց Երուսաղեմի կործանումից առաջ Երեմիան Սեդեկիա թագավորին խորհուրդ տվեց հպատակվել բաբելոնացիներին։ Ապա ասաց, թե ինչպիսին կլինի դրա արդյունքը. «Դո՛ւ էլ, քո տո՛ւնն էլ ողջ կմնաք» (Երեմ. 38։17)։ Թագավորը սխալ որոշում կայացրեց, և դա վատ հետևանքներ ունեցավ ոչ միայն իր, այլև իր կանանց և որդիների համար։ Նրա աչքերի առաջ սպանեցին իր որդիներին, իսկ իրեն կուրացրին և գերի տարան Բաբելոն (Երեմ. 38։18–23; 39։6, 7

2 Այս երկու դեպքերում էլ կայացված որոշումները ազդեցին ոչ միայն այդ անձնավորությունների, այլև նրանց ընտանիքի անդամների վրա։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանք, շատ իսրայելացիների պես, ամուսնացած էին և ընտանիք ունեին։ Այո՛, թեև յուրաքանչյուր չափահաս մարդ ինքն է պատասխանատու Աստծու առաջ, նրա կայացրած որոշումներն, անկասկած, կարող են ազդել նաև իր ընտանիքի վրա։ Ուստի քրիստոնյայի համար կարևոր է իր ընտանիքի բարօրությունը։ Դա են փաստում Աստվածաշունչը և մեր հանդիպումների ժամանակ տրվող այն խորհուրդները, որոնք վերաբերում են ամուսնությանը, երեխաներ դաստիարակելուն և ընտանիքի անդամների հանդեպ հարգանք ցուցաբերելուն (1 Կորնթ. 7։36–39; 1 Տիմոթ. 5։8

ԵՐԵՄԻԱՆ ԱՐՏԱՍՈՎՈՐ ՊԱՏՎԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ

3, 4. Ինչո՞վ էր Երեմիան տարբերվում մյուսներից, և ո՞րն էր դրա օգուտը։

3 Երեմիան որոշեց հավատարիմ մնալ Եհովային և դրա շնորհիվ «ողջ մնաց»՝ վերապրեց Երուսաղեմի կործանումից։ Եվ քանի որ ամուրի էր, նրա որոշումն ազդեց միմիայն իր վրա (Երեմ. 21։9; 40։1–4)։ Աստված պատվիրել էր նրան չամուսնանալ, երեխա չունենալ, նաև չանել որոշ բաներ, որոնք հրեաների կենցաղի անբաժանելի մասն էին (կարդա՛ Երեմիա 16։1–4

4 Երեմիայի օրերում հրեաների համար ընդունված էր ամուսնանալն ու երեխաներ ունենալը։ Տղամարդիկ ընտանիք էին կազմում, որպեսզի իրենց ժառանգած հողատարածքը շարունակեր պատկանել իրենց ցեղին a (2 Օրենք 7։14)։ Սակայն Երեմիան տարբերվում էր մյուսներից։ Եհովա Աստված, հաշվի առնելով այն, թե ինչ էր պատահելու մոտ ապագայում, պատվիրել էր նրան չմասնակցել տխուր և ուրախ առիթների։ Նա չպետք է մխիթարեր սգացողներին, նրանց հետ չպետք է սգո հաց ուտեր, ոչ էլ մասնակցեր այնպիսի խնջույքների, ինչպիսին, օրինակ՝ հարսանիքն է։ Նման կերուխումներին շուտով վերջ էր դրվելու (Երեմ. 7։33; 16։5–9)։ Այսպիսի ապրելակերպը Երեմիայի հաղորդած պատգամը ավելի ազդու էր դարձնում և ցույց էր տալիս, թե որքան սարսափելի էր լինելու գալիք կործանումը։ Եվ այդ օրն, իրոք, վրա հասավ։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան սոսկալի էր այն մարդկանց վիճակը, որոնք ստիպված եղան մարդակերության դիմելու կամ որոնք իրենց աչքերով տեսան իրենց հարազատների փտող դիակները՝ փողոցներում փռված (կարդա՛ Երեմիա 14։16; Ողբ 2։20)։ Երուսաղեմի պաշարման ու կոտորածի պատճառով, որը տասնութ ամիս տևեց, շատ ընտանիքներ բնաջինջ եղան։ Սակայն քանի որ Երեմիան ամուրի էր, նա չզգաց կողակից կամ երեխա կորցնելու անտանելի ցավը։

5. Ինչպե՞ս են Երեմիա 16։5–9 խոսքերը առնչվում քրիստոնյաներին։

5 Արդյո՞ք Երեմիա 16։5–9 խոսքերը վերաբերում են մեզ։ Ո՛չ։ Քրիստոնյաներին պատվեր է տրված մխիթարել «ամեն տեսակ նեղությունների մեջ լինողներին» և «ուրախացողների հետ ուրախանալ» (2 Կորնթ. 1։4; Հռոմ. 12։15)։ Հիսուսն ինքն էլ ներկա եղավ հարսանիքի և նպաստեց ուրախությանը։ Այնուամենայնիվ պետք է լրջորեն վերաբերվել այն բանին, թե ինչ է սպասում այս չար աշխարհին։ Մեծ նեղության ժամանակ քրիստոնյաները գուցե դժվարությունների բախվեն և նույնիսկ կորուստներ ունենան։ Հիսուսն ընդգծեց այն միտքը, որ պետք է պատրաստ լինենք դիմանալու ցանկացած դժվարության և շարունակենք հավատարիմ մնալ Աստծուն, ինչպես որ վարվեցին առաջին դարի քրիստոնյաները, երբ փախան Հուդայից։ Ուստի արժե մտածել հետևյալ հարցերի շուրջ. ամուրի՞ մնալ, ամուսնանա՞լ, երեխաներ ունենա՞լ (կարդա՛ Մատթեոս 24։17, 18

6. Ովքե՞ր կարող են օգուտներ քաղել Երեմիային տված Աստծու պատվերից։

6 Ի՞նչ ենք սովորում Երեմիային տված Աստծու այն պատվերից, որ նա չպետք է ամուսնանար ու երեխաներ ունենար։ Ինչո՞վ է Երեմիայի ապրելակերպը ուսանելի թե՛ ամուրի քրիստոնյաների և թե՛ նրանց համար, ովքեր ամուսնացած են, բայց երեխա չունեն։ Երեմիայի կյանքից ի՞նչ օգտակար դաս կարող են քաղել նաև նրանք, ովքեր ամուսնացած են և երեխաներ ունեն։

7. Ինչո՞ւ արժե հաշվի առնել երեխա չունենալու վերաբերյալ Երեմիային տրված պատվերը։

7 Նախ քննենք Երեմիային տրված այն պատվերը, որ նա չպետք է երեխա ունենար։ Օրինակ՝ չնայած Հիսուսն իր հետևորդներին երբեք չխրախուսեց երեխա չունենալ, նա մի առիթով «վայ» ասաց այն կանանց, ովքեր հղի կլինեին կամ կաթնակեր երեխա կունենային Երուսաղեմի պաշարման և կործանման ժամանակ, որը տեղի ունեցավ մ.թ. 66–70 թթ.–ին։ Դա չափազանց դժվար ժամանակ էր լինելու հատկապես այդ կանանց համար (Մատթ. 24։19)։ Բայց մեր օրերի մոտալուտ մեծ նեղությունը ավելի սարսափելի է լինելու։ Այս փաստը պետք է հաշվի առնեն նրանք, ովքեր մտածում են երեխա ունենալու մասին։ Համաձայն չե՞ս այն մտքի հետ, որ կյանքը գնալով ավելի դժվար է դառնում այս վճռորոշ ժամանակներում։ Շատ զույգեր խոստովանում են, որ չափազանց դժվար է երեխաներին մեծացնել այնպես, որ նրանք շարունակեն քայլել անարատության ճանապարհով, մինչև կգա այս համակարգի վերջը։ Այո՛, արժե Երեմիային տրված պատվերի շուրջ խորհրդածել, քանի որ յուրաքանչյուր ամուսնական զույգ ինքը պետք է որոշի՝ երեխա ունենա՞լ, թե՞ ոչ։ Սակայն ի՞նչ կարող ենք ասել Երեմիային տրված այն պատվերի մասին, որ նա չպետք է ամուսնանար։

Երեմիան ի՞նչ արտասովոր պատվեր էր ստացել, և ի՞նչ պետք է հաշվի առնենք մենք։

ԼԱՎ ՕՐԻՆԱԿ ԱՄՈՒՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

8. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Աստծուն հաճելի լինելու համար պարտադիր չէ ամուսնանալ։

8 Երեմիային պատվիրելով չամուսնանալ՝ Եհովան կանոն չսահմանեց իր բոլոր ծառաների համար։ Ամուսնանալու մեջ սխալ բան չկա։ Եհովան ինքն է ամուսնության կառույցին սկիզբ դրել, որպեսզի մարդկությունը բազմանա և լցնի երկիրը։ Նրա ցանկությունն է, որ մարդիկ ամուսնությունից մեծ բավականություն և ուրախություն ստանան (Առակ. 5։18)։ Բայց հիշենք, որ Երեմիայի օրերում ոչ բոլորն էին ամուսնացած։ Բացի այն տղամարդկանցից ու կանանցից, ովքեր այրի էին դարձել, Աստծու ժողովրդի մեջ հավանաբար կային նաև ներքինիներ b։ Երեմիան Եհովայի երկրպագուների մեջ միակը չէր, որ կողակից չուներ։ Նա լուրջ պատճառներ ուներ չամուսնանալու։ Նույնը կարելի է ասել նաև որոշ քրիստոնյաների մասին այսօր։

9. Ի՞նչ է ասվում Աստվածաշնչում ամուրիության և ամուսնության մասին, որն ուշադրության է արժանի։

9 Այսօր Աստծու ծառաներից ոչ բոլորն են ամուսնանում։ Հիսուսն էլ երբեք չամուսնացավ։ Նա ամուրիությունը պարգև համարեց և ասաց, որ իր հետևորդներից ոմանք գուցե որոշեն չամուսնանալ։ Հիսուսն իր աշակերտներին հորդորեց, որ եթե կարող են, ամուրի մնան (կարդա՛ Մատթեոս 19։11, 12)։ Ուստի որքան սխալ կլինի ծաղրել նրանց, ովքեր որոշել են ծառայության մեջ ավելին անելու նպատակով ամուրի մնալ։ Փոխարենը՝ պետք է գովենք նրանց։ Հնարավոր է՝ քրիստոնյաներից ոմանք չեն ամուսնացել հանգամանքների բերումով։ Միգուցե նրանք քրիստոնյաների մեջ հարմար թեկնածու չեն գտել և վճռել են հետևել Աստծու պատվերին՝ ամուսնանալ «միայն Տիրոջ հետևորդի հետ» (1 Կորնթ. 7։39)։ Ոմանք էլ գուցե այրիացել են c։ Սակայն չպետք է մոռանալ, որ Եհովան, ինչպես նաև Հիսուսը կողակից չունեցողների նկատմամբ միշտ հոգատար են (Երեմ. 22։3; կարդա՛ 1 Կորնթացիներ 7։8, 9

10, 11. ա) Ի՞նչն օգնեց Երեմիային ամուրի մնալով պահպանել ուրախությունը։ բ) Ինչպե՞ս են ժամանակակից օրինակները ցույց տալիս, որ ամուրի անհատը կարող է իմաստալից կյանքով ապրել։

10 Երեմիան, որ ամուրի էր, Աստծուն էր դիմում օգնության համար։ Ինչպե՞ս։ Նա սիրում էր Աստծու խոսքը և տասնյակ տարիներ, մինչ նա նվիրվածությամբ կատարում էր իր ծառայությունը, այն նրա համար զորության և քաջալերանքի աղբյուր էր։ Բացի այդ, նա խուսափում էր այն մարդկանց ընկերակցությունից, ովքեր կարող էին ծաղրել իրեն ամուրի լինելու համար։ Նա գերադասում էր «մենակ նստել», քան շրջապատված լինել այդպիսի մարդկանցով (կարդա՛ Երեմիա 15։17

11 Ամուրի շատ քույրեր և եղբայրներ, անկախ իրենց տարիքից, հետևում են Երեմիայի օրինակին։ Փաստերը ցույց են տալիս, որ ամուրիները մեծ օգուտներ են ստանում հոգևոր գործունեությանը ակտիվորեն մասնակցելուց։ Օրինակ՝ մի ամուրի քույր, որը ծառայում է չինախոս ժողովում, ասում է. «Ռահվիրայությունը կյանքիս իմաստ է հաղորդում։ Ես զբաղված և ակտիվ կյանք եմ վարում, ինչի շնորհիվ ինձ միայնակ չեմ զգում։ Ամեն օրվա վերջում բավարարվածության զգացում եմ ունենում, քանի որ համոզվում եմ, որ իմ ծառայության միջոցով իսկապես օգնում եմ մարդկանց։ Դա ինձ մեծ ուրախություն է պատճառում»։ 38 տարեկան մեկ այլ ռահվիրա նշում է. «Կարծում եմ՝ երջանկության գաղտնիքը նրանում է, որ ցանկացած իրավիճակում կարողանաս տեսնել դրական բաները և ուրախություն գտնել»։ Հարավային Եվրոպայում ապրող մի ամուրի քույր անկեղծորեն խոստովանում է. «Կյանքս այնպես չի դասավորվել, ինչպես կուզեի, սակայն ես երջանիկ եմ և ապագայում էլ երջանիկ կլինեմ»։

12, 13. ա) Ինչպիսի՞ տեսակետ պետք է ունենանք ամուրիության և ամուսնության վերաբերյալ։ բ) Պողոսի օրինակն ու խորհուրդը ինչպե՞ս են ընդգծում ամուրիության առավելությունը։

12 Հնարավոր էր, որ Երեմիան մտածեր, թե իր կյանքը այնպես չի դասավորվել, ինչպես ինքը կուզեր։ Բայց նա նաև նկատած կլիներ, որ ամուսնացած և երեխա ունեցող որոշ զույգեր էլ կարող էին նույն բանը մտածել։ Մի ռահվիրա, որն ապրում է Իսպանիայում, հետևյալն է ասում. «Ճանաչում եմ ամուսնացած զույգերի, որոնք երջանիկ են։ Գիտեմ նաև ամուսինների, որոնք երջանիկ չեն։ Այս իրողությունն ինձ համոզում է, որ իմ երջանկությունը կախված չէ նրանից՝ ես կամուսնանամ, թե ոչ»։ Անկասկած, Երեմիան մեկն է այն հազարավորներից, որոնց կյանքը փաստում է, որ ամուրի լինելով հանդերձ՝ հնարավոր է, իմաստալից և երջանիկ կյանքով ապրել։ Այս մասին Պողոս առաքյալը գրեց. «Չամուսնացածներին և այրի կանանց ասում եմ. լավ է, որ նրանք ինձ պես մնան» (1 Կորնթ. 7։8)։ Պողոսը հավանաբար այրի էր։ Ամեն դեպքում հայտնի է, որ երբ նա կատարում էր իր միսիոներական ծառայությունը, կողակից չուներ։ (1 Կորնթ. 9։5)։ Նրա ամուրիությունը, իրոք որ, առավելություն էր։ Դրա շնորհիվ նա «առանց շեղումների անդադար Տիրոջը ծառայեց» և մեծապես նպաստեց Թագավորության շահերի առաջխաղացմանը (1 Կորնթ. 7։35

13 Պողոսը, Աստծու կողմից ներշնչված, գրեց. «Ամուսնացողները դժվարություններ կունենան իրենց կյանքում»։ Այնուհետև նա հայտնեց հետևյալ ճշմարտությունը. «Եթե մեկը իր սրտում որոշել է պահել իր ամուրիությունը.... ապա նա լավ է անում։ Հետևաբար ով ամուսնանում է, լավ է անում, բայց ով չի ամուսնանում, ավելի լավ է անում» (1 Կորնթ. 7։28, 37, 38)։ Երեմիան երբեք չի կարդացել այս խոսքերը, բայց ծառայության մեջ անցկացրած նրա տարիները փաստում են, որ ամուրիությունը մարդուն չի զրկում բավարարված կյանքով ապրելուց։ Իրականում այն կարող է մեծապես նպաստել, որ մարդն իմաստալից կյանք վարի՝ առաջին տեղը դնելով ճշմարիտ երկրպագությունը։ Սեդեկիա թագավորը, որն ամուսնացած էր, չընդունեց Եհովայի խորհուրդը և «ողջ չմնաց»։ Իսկ մարգարեն, որն ամուրի էր, այնպիսի կյանքով ապրեց, որը նրան փրկության տարավ։

Ամուրիությունը պահելու հարցում ինչո՞վ է ուսանելի Երեմիայի օրինակը։

ԹԱՐՄԱՑՐՈՒ ԵՎ ԻՆՔԴ ԷԼ ԹԱՐՄԱՑԻՐ

14. Ամուսնացած զույգերը ի՞նչ կարող են սովորել Ակյուղասից և Պրիսկիղայից։

14 Ինչպես արդեն նշվեց, Երեմիայի օրերում ապրող մարդկանց մեծամասնությունը ամուսնացած էր և ընտանիք ուներ։ Այդպես էր նաև Պողոսի օրերում։ Ճիշտ է, ամուսնացած քրիստոնյաները Պողոսի պես գուցե չկարողանային երկրեերկիր ճանապարհորդել և քարոզել, բայց կարող էին օգտակար լինել իրենց տարածքում։ Օրինակ՝ կարող էին թիկունք կանգնել ամուրի եղբայրներին և քույրերին։ Հենց դա արեցին Ակյուղասն ու Պրիսկիղան։ Երբ Պողոսը եկավ Կորնթոս, նրան հյուրընկալեցին իրենց տանը, և քանի որ նույն արհեստն ունեին, սկսեցին միասին աշխատել։ Նրանք հաճախ էին միասին ճաշում և ջերմ ընկերակցություն վայելում։ Անշուշտ, նրանց հետ անցկացրած ժամանակը Պողոսին մեծ թարմություն պատճառեց։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Երեմիայի մասին։ Նա վայելե՞ց նման ընկերակցություն։ Այն, որ նա հանուն իր ծառայության ամուրի էր մնացել, չի նշանակում, որ մենակյաց մարդ էր։ Ակներևաբար նա շփվում էր Աստծուն նվիրված մարդկանց և նրանց ընտանիքների հետ, օրինակ՝ Բարուքի, Աբդիմելեքի և այլոց (Հռոմ. 16։3; կարդա՛ Գործեր 18։1–3

15. Ինչպե՞ս կարող են քրիստոնյա ընտանիքները օգնել ամուրիներին։

15 Ամուրիներն այսօր վայելում են նույնպիսի ջերմ ընկերակցություն, ինչպիսին Պողոսը՝ Ակյուղասի ընտանիքում։ Եթե դու ընտանիք ունես, ստեղծո՞ւմ ես առիթներ, որ քո ընտանիքով ժամանակ անցկացնես ամուրիների հետ։ Մի քույր անկեղծորեն խոստովանում է. «Ես թողել եմ աշխարհը և չեմ ցանկանում վերադառնալ այնտեղ։ Այնուամենայնիվ սիրո և հոգատարության կարիք ունեմ։ Եհովային աղոթում եմ, որ շարունակի մեզ՝ ամուրիներիս, զորացնել և քաջալերել՝ տալով մեզ հավելյալ հոգևոր կերակուր։ Թեև ոչ բոլորս ենք ցանկանում ամուսնանալ, սակայն մենք նույնպես կարիքներ ունենք, որոնք չպետք է անտեսվեն։ Երբեմն թվում է, թե չկա մեկը, որ նեցուկ լինի մեզ։ Իհարկե, միշտ էլ կարող ենք Եհովային դիմել օգնության համար, բայց երբ մարդկանց հետ շփվելու կարիք ենք զգում, չե՞նք կարող արդյոք խոսել մեր քույրերի և եղբայրների հետ»։ Հազարավոր ամուրի քույրեր և եղբայրներ այդպես էլ անում են. ազատորեն շփվում են իրենց ժողովի անդամների հետ և վայելում նրանց ջերմ ընկերակցությունը։ Քանի որ նրանք իրենց էությամբ շփվող են, տարբեր տարիքի ընկերներ ունեն։

16. Ի՞նչ կարող եք անել ձեր ժողովի ամուրիներին թարմություն պատճառելու համար։

16 Ամուրիներին թարմություն կպատճառեք՝ նրանց երբեմն հրավիրելով ձեզ հետ մասնակցելու, օրինակ, ընտանեկան երկրպագության երեկոյին։ Կամ էլ կարող եք ճաշի հրավիրել։ Համոզված եղեք, որ դրանով համեղ կերակուր հյուրասիրելուց ավելին արած կլինեք։ Կարող եք նաև նախաձեռնություն վերցնել և հրավիրել ամուրի հավատակցին միասին ծառայելու։ Եթե Թագավորության սրահում ինչ–որ բան վերանորոգելու կարիք կա, կարող եք նրան հրավիրել ձեր ընտանիքի հետ միասին այդ աշխատանքներին մասնակցելու։ Կարող եք երբեմն էլ միասին գնալ գնումներ անելու։ Որոշ ընտանիքներ այրի կամ ամուրի ռահվիրաներից ոմանց հրավիրել են միասին գնալու համաժողով կամ ինչ–որ տեղ հանգստանալու։ Այս ամենը գուցե փոքր բաներ են, սակայն դրանք շատերի համար թարմացուցիչ են եղել և մեծ բավականություն են պատճառել։

17-19. ա) Ինչո՞ւ պետք է քրիստոնյա զավակները ողջամիտ լինեն ծնողներին հոգ տանելու հարցում։ բ) Ի՞նչ կարող ենք սովորել Հիսուսի օրինակից։

17 Ամուրիների կարիքները չպետք է անտեսվեն նաև ընտանիքում, հատկապես երբ տարեց ծնողներին հոգ տանելու հարցն է առաջ գալիս։ Հիսուսի օրերում ապրող ազդեցիկ հրեաները սխալ մոտեցում ունեին այս հարցի նկատմամբ։ Նրանք խորամանկորեն փորձում էին խուսափել ծնողներին հոգ տանելու պատասխանատվությունից՝ պնդելով, թե իրենց ստեղծած կրոնական ավանդույթները ավելի կարևոր են, քան ծնողներին հոգ տանելու վերաբերյալ Աստծու տված պատվերը (Մարկ. 7։9–13)։ Ինչ խոսք, ճշմարիտ քրիստոնյան նման կերպ չպետք է վարվի (1 Տիմոթ. 5։3–8

18 Երբ տարեց ծնողները մի քանի զավակ ունեն, որոնք ճշմարիտ քրիստոնյաներ են, և զավակներից մեկը ամուրի է, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ծնողների խնամքը հիմնականում նրա պարտականությունն է։ Մի քույր, որն ապրում է Ճապոնիայում, գրում է. «Ես կուզենայի ամուսնանալ, սակայն չեմ կարող, քանի որ ծնողներիս եմ հոգ տանում։ Վստահ եմ, որ Եհովան գիտի, թե որքան դժվար է տարեց ծնողներին հոգ տանելը, և հասկանում է ամուրիների սրտի ցավը»։ Գուցե այս քույրը ամուսնացած եղբայրներ և քույրեր ունի, որոնք առանց իր կարծիքը հարցնելու՝ որոշել են, որ ծնողներին հոգ տանելու պատասխանատվությունը նրա ուսերին է դրված։ Նման իրավիճակներում հիշիր, որ Երեմիայի եղբայրներն էլ անարդար կերպով վարվեցին նրա հետ (կարդա՛ Երեմիա 12։6

19 Եհովան մտնում է ամուրիների դրության մեջ և կարեկցում է նրանց, ովքեր դժվարություններ են կրում (Սաղ. 103։11–14)։ Տարեց կամ հիվանդ ծնողները միայն ամուրի զավակի ծնողները չեն, այլ իրենց մյուս զավակներինն էլ։ Ամուսնանալով և երեխաներ ունենալով՝ զավակը չպետք է կորցնի ծնողների հանդեպ ունեցած բնական կապվածությունը և չպետք է մտածի, թե ազատված է ծնողներին հոգ տանելու քրիստոնեական պարտականությունից։ Մեզ համար լավ օրինակ է թողել Հիսուսը։ Տանջանքի ցցին գամված՝ նա չմոռացավ իր որդիական պարտականությունը և քայլեր ձեռնարկեց, որպեսզի իր մահից հետո հոգ տանեն իր մորը (Հովհ. 19։25–27)։ Աստվածաշունչը կոնկրետ չի ասում, թե որ զավակը ինչ պարտականություն ունի ծնողներին հոգ տանելու հարցում, ոչ էլ ասում է, որ ավելի շատ ամուրի զավակն է պարտավոր դա անելու։ Քանի որ սա շատ նուրբ հարց է, հարկավոր է ողջամտություն դրսևորել։ Բոլորի հանգամանքները պետք է հաշվի առնվեն։ Երբեք չպետք է մոռանալ, թե Հիսուսը ինչ լավ օրինակ թողեց՝ հոգ տանելով իր մոր մասին։

20. Ո՞րն է քո տեսակետը ամուրիների հետ շփվելու վերաբերյալ։

20 Աստծու ոգու ներշնչմամբ Երեմիան մարգարեացավ. «Նրանցից ոչ մեկը իր ընկերոջը կամ իր եղբորը այլևս չի սովորեցնի՝ ասելով՝ «ճանաչե՛ք Եհովային», քանի որ նրանք բոլորը.... պիտի ճանաչեն ինձ» (Երեմ. 31։34)։ Այսօր իսկ տեսնում ենք այս մարգարեության կատարումը։ Քրիստոնեական ժողովում վայելում ենք մեր հավատակիցների, այդ թվում նաև ամուրի քույրերի ու եղբայրների ջերմ ընկերակցությունը։ Անկասկած, բոլորիս ցանկությունն է նրանց հետ շփվելով փոխադարձ քաջալերություն ու թարմություն ստանալ և նրանց տեսնել դեպի կյանք տանող ուղու վրա։

Ի՞նչ կարող ես ձեռնարկել, որպեսզի թե՛ թարմություն պատճառես ամուրիներին և թե՛ ինքդ թարմություն ստանաս։

a Եբրայերեն Գրությունների բնագիր տեքստում չամուսնացած տղամարդու համար առանձին բառ անգամ չկա։

b Եսայիան մարգարեական խոսքեր ուղղեց իր օրերում ապրող ներքինիներին, որոնց թույլ չէր տրվում լիովին մասնակցել Աստծուն մատուցվող երկրպագությանը։ Նա կանխագուշակեց, որ եթե ներքինիները հնազանդվեին Եհովային, կստանային «մի բան, ինչը որդիներից ու աղջիկներից ավելի լավ է». Եհովան իր տան մեջ նրանց «անուն կտար, որն ընդմիշտ կմնար» (Ես. 56։4, 5

c Ոմանք էլ թերևս մենակ են ապրում, քանի որ իրենց կողակիցը (հավանաբար՝ հավատը չկիսող) լքել է իրենց կամ բաժանվել։