ԳԼՈՒԽ 7
«Հոգնած հոգին ես պիտի հագեցնեմ»
1. Հատկապես ո՞ր օրհնությանն ես անհամբեր սպասում։
«ՆՈՐ ԱՇԽԱՐՀ»։ Երբ լսում ես այս արտահայտությունը, տեսնո՞ւմ ես քեզ այնտեղ։ Ի՞նչ օրհնությունների մասին ես մտածում. կատարյալ մարմին, խաղաղ կենդանիներ, առատ և առողջարար սնունդ, գեղեցիկ տներ... Հավանաբար հիշում ես աստվածաշնչյան այն համարները, որոնցում նկարագրվում են այս խոստումները։ Սակայն կա ևս մի օրհնություն, որը չպետք է անտեսել. դա հոգևոր և էմոցիոնալ առողջությունն է, առանց որի մյուս բոլոր օրհնությունները չենք կարող լիարժեքորեն վայելել։
2, 3. Ի՞նչ քաջալերական խոսքեր են գրված «Երեմիա» գրքում, և դրանք ի՞նչ հույս են տալիս մեզ։
2 Ուշագրավ է, որ երբ Եհովան Երեմիային հայտնեց հրեաների ազատագրման մասին, նա նաև նկարագրեց, թե ինչ էր զգալու Բաբելոնից վերադարձող ժողովուրդը. «Դու դեռ պիտի զարդարվես քո դափերով և պիտի դուրս գաս ուրախացողների հետ պար բռնելու» (կարդա՛ Երեմիա 30։18, 19; 31։4, 12–14)։ Հետո Եհովան ավելացրեց. «Հոգնած հոգին ես պիտի հագեցնեմ և ամեն նվաղած հոգի պիտի կշտացնեմ»։ Մեկ այլ թարգմանության մեջ այս նույն խոսքերը հետևյալ կերպ են հնչում. «Հոգնածների կարիքները ամբողջությամբ պիտի բավարարեմ և լիովին պիտի թարմացնեմ նվաղածների հոգիները» (Երեմ. 31։25, NET Bible)։
3 Ի՜նչ հիանալի հեռանկար։ Եհովան խոսք է տալիս, որ կթարմացնի հոգնածին ու վհատվածին, և ինչպես գիտենք, նա միշտ կատարում է իր խոստումները։ Եհովայի խոսքերը մեզ վստահեցնում են, որ մենք նույնպես թարմություն կստանանք։ Դրանք կարող են քաջալերել մեզ և օգնել, որ դրական տրամադրվածություն պահպանենք։ Նաև ցույց են տալիս, թե ինչպես կարող ենք քաջալերել ուրիշներին՝ օգնելով նրանց «թարմացնելու» իրենց հոգնած հոգիները։
4. Եհովայի խոսքերը ինչո՞ւ կարող են մխիթարել նաև մեզ։
4 Եհովայի խոսքերն, անշուշտ, մխիթարեցին Երեմիային։ Դրանք կարող են մխիթարել նաև մեզ։ Ինչո՞ւ։ Ինչպես իմացանք այս գրքի առաջին գլխից, Երեմիան, Եղիա մարգարեի պես, «այնպիսի զգացմունքներ ուներ, ինչպիսիք որ մենք ունենք» (Հակ. 5։17)։ Կարո՞ղ ես հիշել, թե ինչու էր Երեմիան երբեմն վհատվում կամ նույնիսկ ընկճվում։ Իսկ դո՞ւ ինչ կզգայիր, եթե նույն բաները քեզ պատահեին։ Ինչպե՞ս կվարվեիր նման դժվարությունների բախվելիս (Հռոմ. 15։4)։
5. Ի՞նչը կարող էր վհատեցնել Երեմիային։
5 Երեմիայի վհատության պատճառը երբեմն կարող էին իր հայրենակիցները լինել։ Նա մեծացել էր Անաթոթում՝ Երուսաղեմից մի քանի կիլոմետր դեպի հյուսիս–արևելք գտնվող մի քաղաքում, որը ղևտացիներին էր պատկանում։ Մարգարեն այնտեղ ծանոթներ և հավանաբար նաև ազգականներ ուներ։ Սակայն, Հիսուսի խոսքերի համաձայն, նա «պատիվ չուներ իր հայրենիքում» (Հովհ. 4։44)։ Այդ քաղաքի մարդիկ ոչ միայն անտարբեր և անհարգալից էին Երեմիայի նկատմամբ, այլև նրա «հոգին էին փնտրում» և սպառնում՝ ասելով. «Մի՛ մարգարեացիր Եհովայի անունով, որպեսզի մեր ձեռքով չմեռնես»։ Ահա թե ինչպես էին տրամադրված այն մարդիկ, որոնք պետք է մարգարեի կողքին լինեին (Երեմ. 1։1; 11։21)։
6. Եհովան ի՞նչ հավաստիացում տվեց Երեմիային, և ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել մենք։
6 Եթե դու էլ ես ճնշված զգում հարևաններիդ, համադասարանցիներիդ, աշխատակիցներիդ կամ նույնիսկ ընտանիքիդ որոշ անդամների կողմից, քեզ կարող է մխիթարել այն, թե Եհովան ինչպես վերաբերվեց Երեմիային։ Նա ասաց, որ «պիտի պատժի» Անաթոթի այն բնակիչներին, որոնք հակառակվում էին մարգարեին (կարդա՛ Երեմիա 11։22, 23)։ Թեպետ հակառակորդների վերաբերմունքը վհատեցրեց Երեմիային, բայց Եհովայի այս հավաստիացումն օգնեց նրան հաղթահարելու վհատության զգացումը։ Հետագայում Աստված իր խոստումը կատարեց. նա «Անաթոթի բնակիչների վրա չարիք բերեց»։ Վստահ եղիր, որ Եհովան տեսնում է նաև քո հանգամանքները (Սաղ. 11։4; 66։7)։ Եթե հետևես Աստվածաշնչի սկզբունքներին և «հարատևես դրանցում», ապա թերևս կարողանաս օգնել որոշ հակառակորդների փոխվելու և խուսափելու այն չարիքից, որը գալու է մոտ ապագայում (1 Տիմոթ. 4։16)։
Եհովայի ո՞ր խոսքերից է երևում, որ նրան մտահոգում է, թե ինչ են զգում իր ծառաները։ Այդ խոսքերը ինչպե՞ս օգնեցին մարգարեին։
ՎՀԱՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ՊԱՏՃԱՌՆԵՐ
7, 8. Ինչպիսի՞ չարչարանքներ կրեց Երեմիան, և այդ ամենն ինչպե՞ս անդրադարձավ նրա վրա։
7 Երեմիայի հայրենի քաղաքի բնակիչները խոսքերով սպառնացին նրան, իսկ ոմանք նույնիսկ բռնության դիմեցին։ Օրինակ՝ Երուսաղեմի հայտնի քահանաներից մեկը՝ Փասուրը a, Երեմիայի խոսքերից բարկացած, «հարվածեց մարգարեին և նրան դրեց կոճղի մեջ» (Երեմ. 20։1, 2)։ Այդ հարվածը պարզապես մի ապտակ չէր։ Ոմանք ենթադրում են, որ Փասուրը Երեմիային հավանաբար 39 անգամ մտրակով հարվածեց (2 Օրենք 25։3)։ Երեմիայի այս չարչարանքները կարծես բավական չէին, ոմանք էլ սկսեցին նրան ծաղրել, հայհոյել ու թքել նրա վրա։ Ավելին, Փասուրը Երեմիային դրեց կոճղի մեջ, որտեղ նա մնաց ամբողջ գիշեր։ «Կոճղ» թարգմանված եբրայերեն բառը ցույց է տալիս, որ մարգարեի մարմինը կոճղի մեջ եղել է ծռված և կոր վիճակում։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ տառապալի գիշեր անցկացրեց Երեմիան։
8 Ի՞նչ էր զգում Երեմիան այդ ծանր իրավիճակում։ Նա աղաղակեց Աստծուն. «Բոլորի համար ծաղրի առարկա եմ դարձել» (Երեմ. 20։3–7)։ Նա նույնիսկ մտածեց այլևս չմարգարեանալ Աստծու անունով։ Այնուհանդերձ Երեմիան չէր կարող չխոսել։ Այն պատգամը, որը նա ստացել էր Աստծուց, «վառվող կրակի պես դարձավ՝ [նրա] ոսկորների մեջ պահված». նա ուղղակի չկարողացավ լռել (կարդա՛ Երեմիա 20։8, 9)։
9. Ինչո՞վ է օգտակար Երեմիայի օրինակի շուրջ խորհելը։
9 Գուցե մարդիկ մեզ էլ չարակամորեն ծաղրեն, լինեն նրանք մեր բարեկամները, հարևանները, աշխատակիցները թե դասարանցիները։ Հնարավոր է՝ նույնիսկ բռնության ենթարկվենք մեր հավատի պատճառով։ Այսպիսի իրավիճակներում վհատվելը բնական է։ Չէ՞ որ մենք այնպիսի զգացմունքներ ունենք, ինչպիսին որ Երեմիան ուներ։ Նա նույնպես վհատվեց, երբ նմանատիպ փորձությունների միջով անցավ։ Այնուամենայնիվ, Եհովայի օգնությամբ Երեմիան դուրս եկավ այդ վիճակից և վերագտավ իր ուրախությունն ու համարձակությունը։ Այո՛, Երեմիան կարողացավ ձերբազատվել վհատության զգացումից։ Նույնը կարող ենք անել և մենք (2 Կորնթ. 4։16–18)։
10. Ի՞նչ է ասում Աստվածաշունչը Երեմիայի տրամադրության մասին։
10 Երեմիայի տրամադրությունը երբեմն կտրուկ փոխվում էր։ Իսկ քեզ հետ նման բան եղե՞լ է։ Քննենք մի օրինակ։ Երեմիա 20։12, 13 համարներից երևում է, որ Փասուրի պատճառած տառապանքներից հետո մարգարեն սկզբում լավ տրամադրություն ուներ (կարդա՛)։ Նա ուրախ էր, որ Եհովան ազատել էր իր՝ «աղքատի հոգին» չարագործների ձեռքից։ Հավանաբար քո սիրտն էլ է ուրախությունից ցնծացել և ցանկացել ես գովերգել Եհովային, երբ քո կյանքում կամ ծառայության մեջ ուրախ իրադարձություններ են եղել կամ էլ հաղթահարել ես որևէ փորձություն։ Իրոք որ, դա հրաշալի զգացողություն է (Գործ. 16։25, 26)։
11. Եթե տրամադրությունդ կտրուկ փոխվում է, ի՞նչ պետք է հիշես։
11 Սակայն Երեմիայի տրամադրությունը շատ արագ փոխվեց։ «Գովերգեք Եհովային» բացականչելուց անմիջապես հետո Երեմիան խորը հուսահատության մեջ ընկավ ու հավանաբար արտասվեց (կարդա՛ Երեմիա 20։14–16)։ Նա այնքան հուսալքված էր, որ անիծեց իր ծնվելու օրը։ Այդ ընկճված վիճակում Երեմիան ցանկացավ, որ իր ծննդի մասին լուր բերած մարդը դառնար Սոդոմի և Գոմորի պես։ Անկատարության պատճառով մեր տրամադրությունն էլ կարող է կտրուկ փոխվել, ինչպես Երեմիայինը։ Սակայն արժե մի կարևոր հարցի վրա ուշադրություն դարձնել. արդյո՞ք Երեմիան շարունակեց հուսալքված մնալ կամ դադարե՞ց այդ զգացմունքի դեմ պայքարելուց։ Ո՛չ։ Նա ջանք թափեց հաղթահարելու այն, և դա նրան հաջողվեց։ Տեսնենք, թե ինչ է ասվում հաջորդ համարներում։ Սեդեկիա թագավորը իր իշխաններից մեկին՝ Փասուրին, ուղարկեց Երեմիայի մոտ՝ հարցնելու բաբելոնացիների մասին, որոնք պաշարել էին Երուսաղեմը։ Վախենալու փոխարեն՝ Երեմիան համարձակորեն հայտնեց Եհովայի դատաստանի մասին (Երեմ. 21։1–7)։ Այո՛, մարգարեն շարունակեց կատարել իր հանձնարարությունը։
12, 13. Ի՞նչ կարող ենք անել, եթե հաճախ է մեր տրամադրությունը կտրուկ փոխվում։
12 Տրամադրության հաճախակի անկման պատճառներից մեկը կարող է լինել առողջական խնդիրները. օրինակ՝ օրգանիզմում հորմոնալ կտրուկ փոփոխությունները կամ կենսաքիմիական հավասարակշռության խախտումը։ Այդպիսի դեպքերում հարկավոր է դիմել բժշկի օգնությանը (Ղուկ. 5։31)։ Սակայն շատ դեպքերում բնական երևույթ է, որ երբեմն ուրախ ենք լինում, երբեմն էլ տխուր։ Հնարավոր չէ, որ անկատար մարդը բացասական զգացմունքներ չունենա։ Դրանք կարող են առաջ գալ հոգնածության կամ սիրելի անձնավորության մահվան պատճառով։ Նման իրավիճակներում կարող ենք հիշել, որ Երեմիան էլ էր տրամադրության անկում ունենում, բայց նա չմտածեց, որ կորցրել է Աստծու հավանությունը։ Գուցե մեզ ընդամենը պետք է ավելի շատ հանգստանալ։ Կամ էլ պետք է մի որոշ ժամանակ անցնի, մինչև մեր վիշտը փարատվի։ Ինչ էլ որ լինի, անչափ կարևոր է բաց չթողնել քրիստոնեական հանդիպումները և կանոնավորաբար մասնակցել աստվածապետական գործունեությանը, քանի որ դրանք կենսական են հավասարակշռություն և ուրախություն պահպանելու համար (Մատթ. 5։3; Հռոմ. 12։10–12)։
13 Հազվադե՞պ ես վհատվում, թե՞ դա սովորական երևույթ է քո կյանքում։ Երկու դեպքերում էլ Երեմիայի օրինակը կարող է մխիթարել քեզ։ Ինչպես արդեն նշվեց, երբեմն նա էլ էր վհատվում, բայց թույլ չտվեց, որ վհատությունը հեռացնի իրեն Աստծուց, ում սիրում և հավատարմորեն ծառայում էր։ Երբ հակառակորդներն իր բարության դիմաց չարով հատուցեցին, նա Եհովային ապավինեց։ Երեմիան վստահ էր, որ նա կօգնի իրեն (Երեմ. 18։19, 20, 23)։ Մի՞թե չարժե ընդօրինակել Երեմիային (Ողբ 3։55–57)։
Ինչպե՞ս կարող է Երեմիայի օրինակը օգնել քեզ, երբ վհատված կամ տխուր ես։
ԿԹԱՐՄԱՑՆԵ՞Ս ՀՈԳՆԱԾ ՀՈԳԻՆԵՐԸ
14. Հիմնականում ումի՞ց էր Երեմիան քաջալերանք ստանում։
14 Եկեք ուշադրություն դարձնենք այն բանի վրա, թե ինչպես Երեմիան քաջալերվեց և ինքն էլ իր հերթին քաջալերեց «հոգնած հոգիները» (Երեմ. 31։25)։ Մարգարեն հիմնականում Եհովայից էր քաջալերանք ստանում։ Իսկ դու քաջալերված չէի՞ր զգա, եթե Եհովան քեզ հետևյալ խոսքերն ուղղեր. «Այսօր ես քեզ.... բերդաքաղաք.... եմ դարձրել։ Նրանք կպատերազմեն քո դեմ, բայց քեզ չեն հաղթի, որովհետև «ես քեզ հետ եմ,— ասում է Եհովան,— որ ազատեմ քեզ»» (Երեմ. 1։18, 19)։ Երեմիան բոլոր հիմքերն ուներ Եհովային կոչելու «իմ զորություն և իմ ամրոց, նեղության օրերի իմ ապաստարան» (Երեմ. 16։19)։
15, 16. Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե ինչպես Եհովան քաջալերեց Երեմիային։
15 Եհովան Երեմիային վստահեցրեց. «Ես քեզ հետ եմ»։ Այս խոսքերից կարող ենք սովորել, թե ինչ է հարկավոր անել, երբ նկատում ենք, որ ինչ–որ մեկը քաջալերանքի կարիք ունի։ Մի բան է նկատել, որ հավատակիցդ կամ բարեկամդ ընկճված է, մեկ այլ բան է քայլեր ձեռնարկել նրան օգնելու։ Շատ դեպքերում օգնության ամենաարդյունավետ միջոցը վհատված անձնավորության կողքին լինելն է, ինչպես որ Եհովան Երեմիայի կողքին եղավ։ Օգտակար կլինի նաև քաջալերական խոսքեր ասել, բայց պետք է խուսափել շատ խոսելուց։ Լավ կլինի քիչ խոսել, բայց քաջալերական և կերտիչ խոսքեր ասել։ Հարկավոր չէ պերճախոսել։ Փոխարենը՝ պարզ բառերով արտահայտիր անկեղծ հետաքրքրությունդ, հոգատարությունդ ու քրիստոնեական սերդ։ Այդպես վարվելով՝ անպատճառ լավ արդյունքների կհասնես (կարդա՛ Առակներ 25։11)։
16 Երեմիան Աստծուն խնդրեց. «Ո՜վ Եհովա, հիշիր ինձ և ուշադրություն դարձրու ինձ»։ Իսկ հետո ավելացրեց. «Քո խոսքերը գտնվեցին, և ես կերա դրանք։ Քո խոսքը ինձ համար ուրախություն և իմ սրտին ցնծություն եղավ» (Երեմ. 15։15, 16)։ Հնարավոր է, որ վհատված անձնավորությունը պարզապես սիրառատ ուշադրության կարիք է զգում։ Իհարկե, քո խոսքերը չեն կարող նույնքան ազդեցիկ լինել, որքան Եհովայինը։ Ուստի վհատված անհատի հետ զրուցելիս կարող ես աստվածաշնչյան մտքեր ասել։ Դրանք անշուշտ կուրախացնեն նրա սիրտը (կարդա՛ Երեմիա 17։7, 8)։
17. Ի՞նչ կարևոր դաս ենք սովորում այն բանից, թե ինչպես Երեմիան վարվեց Սեդեկիայի և Հոհանանի հետ։
17 Իսկ Երեմիան ինչպե՞ս քաջալերեց ուրիշներին։ Մի առիթով Սեդեկիա թագավորն ասաց Երեմիային, որ վախենում է բաբելոնացիների կողմն անցած հրեաներից։ Մարգարեն քաջալերեց նրան հնազանդվել Եհովային, որպեսզի «նրա համար լավ լինի» (Երեմ. 38։19, 20)։ Մեկ ուրիշ առիթով, երբ Երուսաղեմն արդեն կործանվել էր, զորագլուխ Հոհանանը մտածում էր երկրում մնացած փոքրաթիվ հրեաներին տանել Եգիպտոս։ Բայց մինչև գործի անցնելը, այդ մասին հարցրեց Երեմիային։ Հոհանանին լսելուց հետո մարգարեն աղոթքով դիմեց Եհովային։ Այնուհետև նա Հոհանանին հայտնեց Եհովայի քաջալերական խոսքերը՝ ասելով, որ նրանց համար բարիք կլինի, եթե հետևեն Աստծու առաջնորդությանը և երկրից դուրս չգան (Երեմ. 42։1–12)։ Այս երկու դեպքերում էլ Երեմիան նախքան խոսելը լսեց։ Այո՛, քաջալերելուց առաջ անհրաժեշտ է նախ լսել։ Թույլ տուր, որ վհատված անձնավորությունը սիրտը բացի քո առաջ։ Լսիր, թե ինչ հոգսեր և մտավախություններ ունի նա։ Երբ տեղին է, քաջալերական խոսքեր ասա։ Իհարկե, Աստծու կողմից հայտնություն չես ստանա նրան քաջալերելու համար, սակայն դա կարող ես անել Աստվածաշնչի ազդեցիկ խոսքերով. խոսքեր, որոնք ապագայի հույս են ներշնչում (Երեմ. 31։7–14)։
18, 19. Մարդկանց քաջալերելու հարցում ի՞նչ օրինակ է թողել Երեմիան։
18 Ո՛չ Սեդեկիան, ո՛չ էլ Հոհանանը չընդունեցին Երեմիայի խորհուրդները։ Այսօր էլ գուցե լինեն մարդիկ, որ չարձագանքեն քո քաջալերական խոսքերին։ Սակայն թող դա չվհատեցնի քեզ։ Ինչպես Երեմիայի օրերում եղան մարդիկ, ովքեր դրականորեն արձագանքեցին նրա քաջալերական խոսքերին, այնպես էլ կլինեն մարդիկ, ովքեր կարձագանքեն քո խոսքերին։ Հիշիր, օրինակ, կենեցի Ռեքաբյաններին, որոնք երկար տարիներ հրեաների հետ էին բնակվում և լավ փոխհարաբերություններ ունեին նրանց հետ։ Նրանց նախահայր Հովնադաբը պատվիրել էր, որ լինելով պանդուխտներ՝ գինի չխմեն։ Երբ բաբելոնացիները պաշարել էին Երուսաղեմը, Երեմիան Ռեքաբյաններին տարավ տաճարի ճաշասենյակներից մեկը և Եհովայի պատվերով նրանց առաջ գինի դրեց։ Ի տարբերություն իսրայելացիների, որոնք չէին հնազանդվում իրենց Աստծուն՝ Ռեքաբյանները հնազանդվեցին իրենց նախահորը և նրա հանդեպ հարգանքից ելնելով՝ գինի չխմեցին (Երեմ. 35։3–10)։ Երեմիան Եհովայի անունից գովելով քաջալերեց նրանց և ապագայի մասին խոստում տվեց (կարդա՛ Երեմիա 35։14, 17–19)։ Նա լավ օրինակ է մեզ համար։ Հնարավորության դեպքում դու էլ անկեղծորեն գովիր մարդկանց։
19 Երեմիան գովեց նաև եթովպացի Աբդիմելեքին, որը Սեդեկիա թագավորի պաշտոնյաներից էր։ Հուդայի իշխանները անարդարացիորեն Երեմիային գցել էին ցեխով լի ջրամբարը և թողել այնտեղ, որ մեռնի։ Սակայն Աբդիմելեքը Երեմիայի համար բարեխոսեց թագավորի մոտ և թույլտվություն ստացավ մարգարեին փրկելու համար։ Այս օտարազգին օգնեց Երեմիային՝ հասկանալով, որ կարող էր բռնության ենթարկվել (Երեմ. 38։7–13)։ Հնարավոր էր, որ նա Հուդայի իշխանների թշնամանքին արժանանար և սկսեր անհանգստանալ իր ապագայով։ Ուստի Երեմիան չմտածեց, թե Աբդիմելեքը կարող է ինքնուրույն հաղթահարել իր մտավախությունները։ Փոխարենը՝ քաջալերեց նրան՝ հայտնելով այն օրհնությունների մասին, որ Աստված պատրաստել էր նրա համար (Երեմ. 39։15–18)։
20. Ի՞նչ պետք է անենք թե՛ երիտասարդ, թե՛ տարեց եղբայրներին։
20 Իրոք որ, «Երեմիա» գրքում կարող ենք հրաշալի օրինակներ գտնել, որոնք կօգնեն մեզ կիրառելու Պողոս առաքյալի հորդորը՝ ուղղված Թեսաղոնիկեի եղբայրներին. «Շարունակեք մխիթարել և կերտել միմյանց.... Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը ձեզ հետ լինի» (1 Թեսաղ. 5։11, 28)։
Կընդօրինակե՞ս Երեմիային «հոգնած հոգիները» թարմացնելու հարցում։
a Սեդեկիայի իշխանության օրոք Փասուր անունով իշխան էլ կար, որը խնդրեց թագավորին սպանել Երեմիային (Երեմ. 38։1–5)։