Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 12

Նա «ինձ լավ էր ճանաչում»

Նա «ինձ լավ էր ճանաչում»

1, 2. Ինչո՞ւ իմաստուն չէր, որ Հովակիմը ձեռնարկեր իր տան շինարարությունը։

 ՀՈՎԱԿԻՄ թագավորը մի մեծ տուն էր կառուցում։ Այն պետք է ունենար ընդարձակ սենյակներ և ամենաքիչը երկու հարկանի լիներ։ Որքա՜ն հաճելի կլիներ թագավորի և նրա ընտանիքի համար ապրել այդ տանը, որտեղ լայն պատուհաններից անարգել ներս էին թափանցելու արևի շողերը և թարմություն պատճառող մաքուր օդը։ Իսկ պատերը պետք է Լիբանանի բուրավետ մայրու փայտով պատված լինեին։ Եվ վերջում կարմիր գույնի ներկը տունը կլցներ վառ կարմիրով, ինչի մասին երազում էին մյուս երկրների հարուստներն ու մեծամեծները (Երեմ. 22։13, 14

2 Սակայն այդ տան շինարարության համար մեծ գումար էր հարկավոր։ Այդ ժամանակներում Հուդայի վրա Եգիպտոսը հարկ էր դրել, ինչի պատճառով գանձարանը դատարկվել էր (2 Թագ. 23։33–35)։ Բայց Հովակիմը նոր պալատի ծախսերը ծածկելու համար ուրիշ ելք գտավ։ Նա շինարարության վրա աշխատողների վարձը չտվեց։ Հովակիմը նրանց ստրուկների պես բանեցրեց՝ նրանց թափած քրտինքն ու վաստակը իր թագավորության համար նվիրաբերություն համարելով։

3. Ինչո՞վ էր Հովակիմը տարբերվում իր հորից և ինչո՞ւ։

3 Երեմիայի միջոցով Աստված դատապարտեց Հովակիմին իր եսասիրության համար a։ Նա հիշեցրեց թագավորին նրա հոր՝ Հովսիայի մասին, որը շատ բարի և առատաձեռն էր աշխատավոր ժողովրդի և աղքատների հանդեպ։ Հովսիան նույնիսկ նրանց դատն էր պաշտպանում։ Հովակիմի ուշադրությունը հրավիրելով այն բանի վրա, թե ինչպես էր Հովսիան վերաբերվում խեղճին ու աղքատին՝ Եհովան նրա մասին ասաց. «Արդյոք այդպես չվարվե՞ց այն պատճառով, որ ինձ լավ էր ճանաչում» (կարդա՛ Երեմիա 22։15, 16

4. Ինչո՞ւ է կարևոր Եհովային լավ ճանաչել։

4 Եհովան օգնում և պաշտպանում է բոլոր նրանց, ովքեր լավ են ճանաչում իրեն։ Եվ քանի որ Սատանայի աշխարհը գնալով ապականվում է, մենք ավելի շատ ենք զգում Եհովայի օգնության ու պաշտպանության կարիքը։ Հետևաբար, մենք պետք է ավելի մոտենանք Աստծուն։ Նաև պետք է արտացոլենք նրա հրաշալի հատկությունները, որպեսզի հաջողություն ունենանք մեր ծառայության մեջ։ Սակայն քրիստոնյան ինչպե՞ս կարող է Հովսիա թագավորի պես լավ ճանաչել Եհովային։

ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ ԱՍՏԾՈՒՆ

5, 6. ա) Ի՞նչ ազդեցություն է թողնում լավ հայրը իր երեխաների վրա։ բ) Ի տարբերություն Հովակիմի՝ ի՞նչ պետք է ցանկանանք անել, երբ սկսում ենք ավելի լավ ճանաչել Աստծուն։

5 Մտածիր, թե լավ հայրը ինչպիսի ազդեցություն կարող է թողնել իր երեխաների վրա։ Օրինակ՝ երբ երեխաները տեսնում են, թե ինչպես է նա օգնություն ցույց տալիս չքավորներին, նրանք սովորում են առատաձեռն լինել։ Երբ տեսնում են, որ իրենց հայրը սիրով ու հարգանքով է վերաբերվում իրենց մորը, սովորում են հարգալից լինել հակառակ սեռի հանդեպ։ Երբ լսում են, որ իրենց հայրը ազնիվ ու արդար է բոլոր գործարքներում, նրանք էլ են մղվում լինել ազնիվ ու արդար։ Տեսնելով իրենց հոր վարվելակերպն ու լավ հատկությունները՝ երեխաները ցանկանում են ամեն ինչում նրան նմանվել։

6 Նմանապես, նա, ով Հովսիայի պես լավ է ճանաչում Եհովային, չի բավարարվում նրան լոկ որպես Տիեզերքի Գերիշխան ընդունելով։ Աստվածաշունչն ընթերցելիս նա տեսնում է, թե ինչպես է Եհովան վարվում մարդկանց հետ, և արդյունքում նրա մեջ ցանկություն է առաջանում նմանվել իր երկնային Հորը։ Եվ որքան շատ է ընդօրինակում Եհովայի հատկությունները, այնքան նրա սերը Աստծու հանդեպ ավելի է խորանում։ Իսկ այն մարդը, ով արհամարհում է Աստծու օրենքներն ու հիշեցումները, ցույց է տալիս, որ չի ուզում Աստծուն տեղ տալ իր կյանքում։ Այդպես նա երբեք չի ճանաչի ճշմարիտ Աստծուն։ Այդպիսի մարդը նման է Հովակիմին, որը Երեմիայի միջոցով իրեն փոխանցված Աստծու խոսքը այրեց (կարդա՛ Երեմիա 36։21–24

Հովսիան և Հովակիմը տարբեր ձևերով արձագանքեցին Աստծու խոսքերին

7. Ինչո՞ւ պետք է ձգտես Հովսիայի պես Եհովային լավ ճանաչել։

7 Աստծուն լավ ճանաչելուց է կախված, թե արդյոք հաջողություններ կունենանք քարոզչական ծառայության մեջ և արժանի կլինենք հավիտյան ապրելու նոր աշխարհում (Երեմ. 9։24)։ Այժմ քննենք Աստծու հատկություններից մի քանիսը, որոնց մասին խոսվում է Երեմիայի գրվածքներում։ Այդ ընթացքում մտածիր, թե ինչպես կարող ես ավելի լավ ճանաչել և ընդօրինակել Եհովային, ինչպես Հովսիա թագավորն արեց։

Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հովսիա թագավորը Եհովային լավ էր ճանաչում։ Եհովային Հովսիայի պես լավ ճանաչելու համար ի՞նչ է հարկավոր անել։

«ՆՐԱ ՍԻՐԱՌԱՏ ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ Է»

8. Ի՞նչ է սիրառատ բարությունը։

8 Շատ լեզուներում դժվար է մեկ բառի կամ արտահայտության միջոցով ամբողջությամբ փոխանցել այն եբրայերեն բառի իմաստը, որը թարգմանվել է «սիրառատ բարություն» կամ «նվիրված սեր»։ Մի աստվածաշնչյան բառարանում ասվում է, որ այդ եբրայերեն բառը նկարագրում է զորության, հարատևության և սիրո միջև եղած կապը։ Այնտեղ նաև ասվում է, որ եթե բառի սահմանման մեջ այս երեք հատկություններից որևէ մեկը չի շեշտվում, ապա այն չի տալիս բառի ողջ նշանակությունը։ Այս բացատրությունից հասկանում ենք, որ այն անհատը, ով սիրառատ բարություն է դրսևորում, պարզապես բարի անձնավորություն չէ։ Նա անկեղծորեն մտահոգվում է մարդկանցով և իր լավագույնն է անում, որպեսզի օգնի նրանց բավարարելու իրենց կարիքները, հատկապես հոգևոր կարիքները։ Նա այսպիսի անձնուրաց ոգի է դրսևորում գլխավորապես այն պատճառով, որ ուզում է հաճեցնել Ամենակարող Աստծուն։

9. Ի՞նչ ենք հասկանում՝ քննելով Իսրայելի հանդեպ Եհովայի վարվելակերպը։

9 Սիրառատ բարության ողջ նշանակությունը իր բոլոր երանգներով հասկանալու լավագույն միջոցն այն է, որ քննենք, թե ինչպես է Եհովան վարվել իր երկրպագուների հետ դարեր շարունակ։ Անապատում իսրայելացիների քառասունամյա դեգերումների ընթացքում նա նրանց պաշտպանեց և սննդով ապահովեց։ Իսկ երբ նրանք բնակություն հաստատեցին Ավետյաց երկրում, Աստված դատավորներ նշանակեց, ովքեր օգնեցին նրանց ազատվելու թշնամիների ձեռքից և թողնելու կեղծ աստվածների երկրպագությունը։ Քանի որ Եհովան դարեր շարունակ թե՛ լավ, թե՛ վատ օրերին այդ ազգի կողքին է եղել, նա կարող էր ասել. «Հավիտենական սիրով ես քեզ սիրեցի։ Դրա համար էլ քեզ դեպի ինձ քաշեցի սիրառատ բարությամբ» b (Երեմ. 31։3

10. Ինչպե՞ս է Եհովան սիրառատ բարություն ցույց տալիս, երբ մարդիկ աղոթում են իրեն։

10 Աստված մեր օրերում շարունակում է հօգուտ իր երկրպագուների սիրառատ բարություն ցույց տալ։ Օրինակ՝ նա ականջ է դնում բոլոր անկեղծ աղոթքներին, բայց հատուկ ուշադրություն է դարձնում իր նվիրված ծառաների աղոթքներին։ Նույնիսկ եթե տարիներ շարունակ նույն խնդրի մասին ենք աղոթում, նրա համբերությունը չի հատնում, և նա չի հոգնում մեր աղոթքները լսելուց։ Մի առիթով Եհովան պատվիրեց Երեմիային պատգամ հաղորդել Բաբելոն գերեվարված մի խումբ հրեաների։ Նրանք տաճարից 800 կիլոմետր հեռավորության վրա էին գտնվում՝ Հուդայում մնացած իրենց ընտանիքներից և հարազատներից հեռու։ Սակայն տաճարից հեռու լինելը չէր խոչընդոտում, որ Եհովան լսեր նրանց աղաչանքներն ու փառաբանության խոսքերը։ Պատկերացրու, թե որքան մխիթարված կզգային հրեաները՝ լսելով Երեմիա 29։10–12-ում արձանագրված Աստծու խոսքերը (կարդա՛)։ Այս խոսքերը վերաբերում են նաև քեզ։

11, 12. ա) Ի՞նչ հույս տվեց Եհովան Երուսաղեմի բնակիչներին։ բ) Ի՞նչ օգնություն է տրվում նրանց, ովքեր խրատ են ստացել։

11 Եհովայի սիրառատ բարությունը երևում է նաև նրանից, որ նա մարդկանց միշտ ապագայի հույս է տալիս։ Քննենք Երուսաղեմի բնակիչների օրինակը։ Թեև քաղաքի կործանումը մոտ էր, սակայն նրանք շարունակում էին ապստամբել բաբելոնացիների դեմ, ինչը հավասար էր Աստծուն ընդդիմանալուն։ Ի՞նչ էր նրանց սպասում. մահ կա՛մ սովից, կա՛մ սրից։ Իսկ եթե նույնիսկ կենդանի մնային՝ երկարատև գերություն և հետո մահ օտար երկրում։ Սակայն Եհովան «բարի խոսքեր» ասաց նրանց, ովքեր զղջացին և փոխեցին իրենց կյանքի ընթացքը։ Նա խոստացավ, որ «ուշադրություն կդարձնի» նրանց և հեռավոր Բաբելոնից «կվերադարձնի» իրենց հայրենիք (Երեմ. 27։22)։ Այդ ամենից հետո նրանք անշուշտ կբացականչեին. «Գովերգե՛ք Զորքերի Տեր Եհովային, որովհետև Եհովան բարի է, որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է» (Երեմ. 33։10, 11

12 Եհովան՝ սիրառատ բարության Աստվածը, քաջալերանքի աղբյուր է նրանց համար, ովքեր մարդկանց տեսանկյունից անհուսալի վիճակում են։ Այսօր նրանք, ովքեր մի ժամանակ քրիստոնեական ժողովի անդամ են եղել, սակայն հետո անհրաժեշտություն է եղել, որ արդար խրատ ստանան, գուցե իրենց այնքան մեղավոր զգան, որ վարանեն նորից ընկերակցել Աստծու ժողովրդի հետ։ Նրանք գուցե կասկածեն, որ Եհովան երբևէ կարող է իրենց ներել և հետ ընդունել։ Սակայն Ամենակարող Աստված «բարի խոսքեր» է ասում այսպիսի մարդկանց։ Նրանք կարող են օգնություն ստանալ, որպեսզի անհրաժեշտ փոփոխություններն անեն իրենց մտածելակերպի և վարվելակերպի մեջ։ Եթե այդպես վարվեն, Եհովան նրանց «կվերադարձնի» իր ժողովրդի մեջ (Երեմ. 31։18–20

13. Այն, որ Եհովան աջակցեց Երեմիային, ինչո՞ւ պետք է քաջալերի քեզ։

13 Սիրառատ բարության Աստվածը հավատարմորեն աջակցում է իրեն նվիրված ծառաներին։ Սատանայի աշխարհի այս վերջին օրերում մենք ամեն պատճառ ունենք վստահելու Եհովային, որ նա կաջակցի և կպաշտպանի բոլոր նրանց, ովքեր Թագավորությունը իրենց կյանքում առաջին տեղն են դնում։ Հիշիր, որ Երուսաղեմի կործանումից առաջ դժվարին ժամանակներում Եհովան պահպանեց Երեմիայի կյանքը՝ ապահովելով նրան ուտելիքով և պաշտպանելով թշնամիներից։ Աստված երբեք չլքեց նրան (Երեմ. 15։15; կարդա՛ Ողբ 3։55–57)։ Երբ մեծ ճնշման ես ենթարկվում, համոզված եղիր, որ Եհովան հիշում է քո հավատարիմ գործերը։ Քանի որ նա սիրառատ բարության Աստված է, ուզում է օգնել քեզ, որպեսզի կարողանաս հաղթահարել ցանկացած փորձություն (համեմատի՛ր Ողբ 3։22

Եհովայի սիրառատ բարությունը ինչո՞վ է գրավում քեզ։

ԿԵՆԴԱՆԻ Է ԵՀՈՎԱՆ ԵՎ ԱՐԴԱՐ

14. Վերջերս ի՞նչ անարդարության մասին ես իմացել։

14 Որոշ մարդիկ երկար տարիներով ազատազրկվել են այնպիսի հանցանքների համար, որ իրենք չեն գործել։ Ոմանք էլ մահվան են դատապարտվել, և իրենց անմեղությունն ապացուցվել է միայն մահապատժից հետո։ Իսկ որոշ երկրներում մարդիկ այնպիսի սարսափելի վիճակում են ապրում, որ իրենց երեխաներին ստրկության են վաճառում, որպեսզի ընտանիքը մի պատառ հաց ունենա։ Ինչպե՞ս է քեզ վրա ազդում այսպիսի անարդարությունը։ Իսկ ի՞նչ է զգում Եհովան։ Աստվածաշնչից իմանում ենք, որ նա ցանկանում է վերացնել տառապանքի բոլոր պատճառները։ Միայն նա կարող է անել դա։ Ուստի խեղճ և անմեղ մարդիկ, ովքեր անարդարության պատճառով տառապում են, կարող են մխիթարվել։ Եհովան՝ արդար Աստվածը, քայլեր է ձեռնարկում, որպեսզի ներկայիս նեղություններից ազատի նրանց (Երեմ. 23։5, 6

15, 16. ա) Երեմիան Եհովայի ո՞ր հատկությունն ընդգծեց։ բ) Ինչո՞վ են վստահելի Աստծու օրենքներն ու խոստումները։

15 Երեմիայի օրերում կային մարդիկ, ովքեր համոզված էին, որ Եհովան արդար է։ Օրինակ՝ մարգարեն խոսեց այն մասին, որ Իսրայելը գուցե կզղջա իր մեղքերի համար և ցույց կտա, որ իր սրտի վիճակը փոխվել է ու կասի. «Կենդանի է Եհովան, ճշմարիտ է, արդար ու արդարադատ» (Երեմ. 4։1, 2)։ Իրոք որ, անարդարությունը տեղ չունի Եհովայի նպատակներում։ Բայց կան նաև այլ փաստեր, որ Եհովան սիրում է արդարությունը։

16 Աստված միշտ պահում է իր խոսքը և ոչ մի դեպքում կեղծավորություն չի անում։ Ի տարբերություն մարդկանց, որոնք հաճախ խախտում են իրենց խոստումները՝ Եհովան իր խոսքի տերն է։ Նույնիսկ նրա հաստատած բնության օրենքները, որոնք մեր օգտին են ծառայում, անփոփոխ են (Երեմ. 31։35, 36)։ Մենք կարող ենք լիովին վստահել նրա խոստումներին և դատավճիռներին, քանի որ դրանք միշտ բարի են մեզ համար (կարդա՛ Ողբ 3։37, 38

17. ա) Ինչպե՞ս է դատում Եհովան։ բ) Ինչո՞ւ կարող ես վստահ լինել, որ երեցները արդարությամբ են դատում (տե՛ս « Եհովան նրանց դատավորներ է նշանակել» շրջանակը)։

17 Եհովան երբեք չի դատում՝ հիմնվելով միայն երևացող բաների վրա։ Նա ակնհայտ փաստերից էլ այն կողմ է նայում. հաշվի է առնում մարդու մղումները։ Այսօր բժիշկները հատուկ սարքավորումների միջոցով և տարբեր մեթոդներով կարող են տեսնել, թե ինչպես է աշխատում մարդու սիրտը։ Նրանք նաև կարող են հետազոտել երիկամները։ Իսկ Եհովան կարող է ավելին անել։ Նա տեսնում է մարդու փոխաբերական սիրտն ու մղումները և քննում է նրա երիկամները, այսինքն՝ խորունկ զգացմունքները։ Այդպիսով նա իմանում է, թե ինչն է դրդել մարդուն այսպես կամ այնպես վարվելու և թե ինչ է նա զգում իր արարքի պատճառով։ Եվ չնայած այդ քննության արդյունքում Ամենակարողը բազում բաներ է բացահայտում, սակայն այդ ամենը նրան չի խճճում։ Դատելիս նա այդ բոլոր տեղեկություններն օգտագործում է ճիշտ և հավասարակշռված ձևով, ինչը չի կարող անել նույնիսկ ամենախորաթափանց դատավորը (կարդա՛ Երեմիա 12։1ա; 20։12

18, 19. Աստծու արդարության մասին իմանալը ինչո՞ւմ կարող է մեզ օգնել և ինչի՞ է դա մղում։

18 Դու հիմնավոր պատճառներ ունես վստահելու Եհովային, նույնիսկ եթե երբեմն խղճի խայթ ես զգում նախկինում թույլ տված սխալներիդ համար։ Երբեք մի՛ մոռացիր. Եհովան անողորմ դատախազ չէ։ Նա պատժելու համար առիթներ չի փնտրում։ Ընդհակառակը՝ նա կարեկից Դատավոր է և ուզում է օգնել։ Եթե քեզ անհանգստացնում է քո նախկին ընթացքը կամ եթե չլուծված խնդիր ունես որևէ մեկի հետ, քո «դատը», այսինքն՝ մտահոգությունները, հանձնիր Եհովային, որպեսզի կարողանաս մոռանալ դրանց մասին և առաջ ընթանալ c։ Եհովայի օգնությամբ կտեսնես, թե նա որքան թանկ է գնահատում սուրբ ծառայությունը կատարելու համար քո թափած ջանքերը (կարդա՛ Ողբ 3։58, 59

19 Հասկանալի է, որ կատարյալ արդարության տեր Աստվածը ուզում է, որ իր հաճությունը փնտրող մարդիկ նույնպես արդարությամբ վարվեն (Երեմ. 7։5–7; 22։3)։ Մենք դա կարող ենք անել բարի լուրը անկողմնակալորեն քարոզելով։ Երբ բարեխղճորեն ես վերայցելություններ կատարում և Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնում, Աստծու գերազանց արդարությունն ես արտացոլում։ Չէ՞ որ նա ցանկանում է, որ ամեն տեսակ մարդիկ իր մասին սովորեն և փրկվեն (Ողբ 3։25, 26)։ Ի՜նչ մեծ առանձնաշնորհում է լինել Աստծու համագործակիցը և այդ փրկարար գործը կատարելով արտացոլել նրա արդարությունը։

Ինչպե՞ս է քեզ մխիթարում այն բանի գիտակցումը, որ Եհովան արդար է։ Ինչպե՞ս կարող ես մխիթարել ուրիշներին՝ արտացոլելով Աստծու արդարությունը։

«ԵՍ ՀԱՎԻՏՅԱՆ ԲԱՐԿԱՑԱԾ ՉԵՄ ՄՆԱ»

20. ա) Երեմիան Աստծու ո՞ր հատկության մասին է խոսում։ բ) Ինչպե՞ս է «ափսոսալը» կապված Եհովայի ներողամտության հետ (տե՛ս « Ինչ իմաստով է Եհովան «ափսոսում»» շրջանակը)։

20 Շատերի կարծիքով «Երեմիա» և «Ողբ» գրքերը միայն չարագույժ մտքեր են պարունակում։ Բայց ակնհայտ է, որ նրանք անտեսում են այդ գրքերում արձանագրված Եհովայի սիրտ ջերմացնող խոսքերը, որտեղ երևում է նրա ներողամտությունը։ Նա հորդորեց իր ժողովրդին. «Հետ դարձեք, խնդրում եմ, ամեն մեկդ ձեր չար ճանապարհից և բարի դարձրեք ձեր ճանապարհներն ու ձեր գործերը»։ Մի ուրիշ անգամ Երեմիան նրանց ասաց. «Բարի դարձրեք ձեր ճանապարհներն ու գործերը, ականջ դրեք ձեր Աստված Եհովայի ձայնին, և Եհովան կափսոսա այն բանի համար, որ մտադրվել է աղետ բերել ձեզ վրա» (Երեմ. 18։11; 26։13)։ Եհովան այսօր էլ է պատրաստ ներելու բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն զղջում են և հետ են դառնում իրենց մեղավոր ընթացքից։

21. Ինչպե՞ս է Եհովան ներում և ինչո՞ւ։

21 Եհովան միայն չի խոսում ներելու մասին. նա նաև իր խոսքերի համաձայն է վարվում։ Երեմիայի միջոցով նա հրեաներին հորդորեց. «Հե՛տ դարձիր, ո՛վ դավաճան Իսրայել.... Ձեզ վրա զայրույթով չեմ նայի.... Ես հավիտյան բարկացած չեմ մնա» (Երեմ. 3։12)։ Երբ Աստված ներում է որևէ մեկին, նրա սրտում դառնության կամ բարկության նշույլ անգամ չի մնում։ Եհովան ցանկանում է մեղք գործած անհատի հետ իր փոխհարաբերությունները վերականգնել։ Եթե անհատը իսկապես զղջա և փնտրի Աստծու ներողամտությունը, Եհովան նրան կրկին կարժանացնի իր բարեհաճությանը և կօրհնի (Երեմ. 15։19)։ Այս բանի գիտակցումը պետք է որ մղի բոլոր նրանց, ովքեր այժմ հեռացած են Աստծուց, հետ դառնալու դեպի նա։ Մի՞թե Աստծու ներողամտությունը քո մեջ ցանկություն չի առաջացնում նրա հետ ավելի մտերմանալու (կարդա՛ Ողբ 5։21

22, 23. Ի՞նչ պետք է ձգտես անել՝ ընդօրինակելով Եհովային։

22 Եթե ինչ–որ մեկը անմտածված խոսքերով կամ գործերով քեզ վիրավորի, կներե՞ս նրան՝ ընդօրինակելով Եհովային։ Օրինակ՝ մի անգամ Աստված ասաց, որ կների հրեաների մեղքերը և «կմաքրի» նրանց (կարդա՛ Երեմիա 33։8)։ Եհովան «մաքրում է» այն իմաստով, որ մոռանում է զղջացող մարդու մեղքը և թույլ է տալիս, որ նա վերսկսի իր ծառայությունը։ Դա, իհարկե, չի նշանակում, որ ներում ստացողը մաքրվում է իր ժառանգած մեղքից և կատարյալ է դառնում։ Ի՞նչ կարևոր դաս ենք սովորում Եհովայի այս վարվելակերպից։ Մենք պետք է ձգտենք մոռանալ մեր դեմ մեղք գործած անհատի արածը կամ վիրավորանքը՝ փոխաբերական իմաստով մաքրել այդ մարդու հանդեպ ունեցած մեր տեսակետը։ Իսկ ինչպե՞ս կարող ենք դա անել։

23 Պարզաբանենք օրինակով։ Պատկերացրու, որ ժառանգաբար քեզ փոխանցվել է մի թանկարժեք զարդ։ Եթե այն կեղտոտվի կամ կորցնի իր փայլը, կմտածե՞ս, որ այն հարկավոր է դեն նետել։ Իհարկե ոչ։ Դու հավանաբար մանրակրկիտ կերպով կմաքրես այն, որպեսզի բիծ անգամ չմնա նրա վրա։ Չէ՞ որ ուզում ես, որ այն կրկին գեղեցիկ տեսք ունենա ու փայլի։ Նմանապես, դու պետք է ջանք թափես հեռացնելու ցանկացած բացասական զգացում կամ վրդովմունք, որ ունես այն հավատակցի հանդեպ, ով քեզ վիրավորել է։ Պայքարիր վիրավորական խոսքերը կամ արարքները վերհիշելու հակման դեմ։ Փորձելով մոռանալ վիրավորանքը, կկարողանաս «մաքրել» քո հավատակցի հանդեպ ունեցած կարծիքդ ու հիշողություններդ։ Եթե ձերբազատվես նրա հանդեպ վատ տրամադրվածությունից, ապա կկարողանաս կրկին նրա մտերիմ ընկերը լինել, ինչը գուցե անհնար էր թվում։

24, 25. Ի՞նչ օգուտներ կստանաս, եթե Եհովային Հովսիայի պես լավ ճանաչես։

24 Այս գլխում քննարկեցինք Եհովայի հատկություններից ընդամենը մի քանիսը։ Տեսանք, որ Եհովային ավելի լավ ճանաչելով՝ ավելացնում ենք մեր վճռականությունը նրան երկրպագելու ընդունելի ձևով։ Եթե Հովսիայի պես լավ ճանաչենք Եհովային, մենք էլ կվայելենք անհուն ուրախություն, որը ևս Եհովայի հատկություններից մեկն է։

25 Եհովային ավելի լավ ճանաչելը կբարելավի մեր փոխհարաբերությունները մարդկանց հետ։ Եթե ձգտենք Եհովայի պես դրսևորել սիրառատ բարություն, արդարություն և ներողամտություն, քրիստոնեական ժողովում մեր ընկերների հետ ավելի ջերմ ու մտերիմ կլինենք։ Բացի այդ, վերայցելություններ կատարելիս կկարողանանք ավելի հմուտ կերպով ուսուցանել և օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողներին առաջադիմելու ճշմարտության մեջ։ Հետաքրքրվող անձինք կտպավորվեն՝ նկատելով մեր քրիստոնեավայել ապրելակերպը։ Այդպիսով կկարողանանք օգնել նրանց ընդունելի երկրպագություն մատուցել Եհովային, այո՛, ընթանալ «բարի ճանապարհով» (Երեմ. 6։16

Ի՞նչ ցանկություն են առաջացնում քո մեջ Ողբ 5։21–ում գրված խոսքերը։

a Հովակիմի ողբերգական վախճանի մասին կարող եք կարդալ այս գրքի 4–րդ գլխի 12–րդ պարբերությունում։

b Աստվածաշնչի մեկ այլ թարգմանության մեջ Եհովայի խոսքերը այսպես են հնչում. «Հնուց ի վեր սիրել եմ քեզ և մինչև հիմա շարունակում եմ անընդմեջ հոգ տանել քեզ» (The New English Bible)։

c Եթե քույրը կամ եղբայրը խախտել է Աստծու օրենքը, այդ մասին հարկավոր է տեղեկացնել ժողովի երեցներին, որպեսզի նրանք խնդրին լուծում տան և Աստվածաշնչի միջոցով օգնեն նրան (Հակ. 5։13–15