ԳԼՈՒԽ 3
«Նրանց այս խոսքը կասես»
1. ա) Ինչո՞վ էր Երեմիան նման Հիսուսին։ բ) Ինչո՞ւ պետք է ընդօրինակենք Երեմիային ծառայության մեջ։
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ մեծագույն օրինակն է, որին հետևում ենք քարոզչական ծառայության մեջ։ Մեզ համար լավ օրինակ է նաև Երեմիան։ Հետաքրքիրն այն է, որ Հիսուսին տեսնողներից ոմանք մտածում էին, թե նա Երեմիան է (Մատթ. 16։13, 14)։ Ինչպես Հիսուսն էր քարոզելու հանձնարարություն ստացել Աստծուց, այնպես էլ Երեմիան։ Օրինակ՝ մի անգամ Աստված ասաց Երեմիային. «Նրանց այս խոսքը կասես. «Այսպես է ասում Եհովան»» (Երեմ. 13։12, 13; Հովհ. 12։49)։ Երեմիան իր ծառայության մեջ այնպիսի հատկություններ դրսևորեց, ինչպիսին որ Հիսուսը։
2. Այսօրվա մարդիկ ինչո՞վ են նման Երեմիայի օրերում ապրող հրեաներին։
2 Գուցե մեզանից ոմանք ասեն. «Մեր ծառայությունը տարբերվում է Երեմիայի ծառայությունից։ Նա Աստծու պատգամները պետք է հայտներ մի ազգի, որը նվիրված էր Աստծուն։ Իսկ մենք քարոզում ենք այնպիսի մարդկանց, ովքեր չեն ճանաչում Եհովային»։ Չմոռանանք, սակայն, որ Երեմիայի ժամանակներում հրեաներից շատերը «անմիտ» էին դարձել և թողել էին ճշմարիտ Աստծուն (կարդա՛ Երեմիա 5։20–22)։ Նրանք պետք է փոխվեին ու Եհովային երկրպագեին իրեն ընդունելի ձևով։ Նմանապես և այսօր, անկախ այն բանից՝ մարդիկ իրենց քրիստոնյա են համարում, թե ոչ, պետք է սովորեն վախենալ Եհովայից և նրան երկրպագեն ճիշտ ձևով։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք Երեմիային ընդօրինակելով ծառայել ճշմարիտ Աստծուն և օգնել մարդկանց։
«ԵՀՈՎԱՆ ԴԻՊԱՎ ԻՄ ԲԵՐԱՆԻՆ»
3. Աստված ի՞նչ արեց Երեմիայի ծառայության սկզբում, և ի՞նչ հասկացավ մարգարեն։
3 Հավանաբար հիշում ես, որ Երեմիա մարգարեի ծառայության սկզբում Եհովան այսպիսի խոսքեր ասաց նրան. «Ում մոտ որ ուղարկեմ քեզ, կգնաս, և ինչ որ պատվիրեմ, կխոսես։ Չվախենաս նրանցից, որովհետև Եհովան ասում է. «Ես քեզ հետ եմ, որ ազատեմ քեզ»» (Երեմ. 1։7, 8)։ Եվ այդ ժամանակ Աստված մի անսպասելի բան արեց։ Երեմիան պատմում է. «Եհովան մեկնեց իր ձեռքը և դիպավ իմ բերանին։ Եվ Եհովան ասաց ինձ. «Ահա իմ խոսքերը քո բերանում դրեցի։ Տե՛ս, այսօր քեզ ազգերի և թագավորությունների վրա եմ նշանակել»» (Երեմ. 1։9, 10)։ Երեմիան հասկացավ, որ այդուհետ Ամենակարող Աստծու անունից էր խոսելու a։ Աստծու օգնությամբ նա սկսեց մեծ եռանդով կատարել իր սուրբ ծառայությունը (Ես. 6։5–8)։
4. Պատմիր օրինակ, թե ինչպես են ոմանք պահպանել իրենց եռանդը ծառայության մեջ։
4 Այսօր Եհովան բառի բուն իմաստով չի դիպչում իր ծառաներից որևէ մեկին։ Սակայն իր ոգու միջոցով նրանց մեջ մեծ ցանկություն է առաջացնում քարոզելու բարի լուրը։ Եվ նրանցից շատերը կրակի պես բոցավառվում են եռանդով։ Տեսնենք Մարուխայի օրինակը (Իսպանիա)։ 40 տարուց ավել է, ինչ այս քույրն անդամալույծ է։ Քանի որ նրա համար դժվար է գնալ տնետուն ծառայության, նա քարոզելու ուրիշ միջոցներ է փնտրում։ Օրինակ՝ իր աղջկա օգնությամբ նամակներ է գրում. նա թելադրում է, իսկ աղջիկը՝ գրում։ Մեկ ամսվա ընթացքում Մարուխան հատուկ ջանքեր գործադրեց և իր «գրագրի» հետ միասին ավելի քան 150 նամակներ ուղարկեց՝ յուրաքանչյուր ծրարի մեջ դնելով նաև մեկական թերթիկ։ Մարուխան ասում էր իր աղջկան. «Եթե մեր նամակներից մեկն ընկնի անկեղծ սիրտ ունեցող մարդու ձեռքը, Եհովան կօրհնի մեզ Աստվածաշնչի ուսումնասիրությամբ»։ Նրանց ջանքերի շնորհիվ բարի լուրը հասավ մոտակա գյուղի բնակիչներից շատերին։ Նրա ժողովի երեցներից մեկը գրում է. «Շնորհակալ եմ Եհովային, որ Մարուխայի նման քույր ունենք։ Նա սովորեցնում է մյուսներին գնահատել այն, ինչը որ իրականում կարևոր է»։
5. ա) Ի՞նչը օգնեց Երեմիային պահպանելու իր եռանդը՝ չնայած մարդկանց անտարբերությանը։ բ) Ի՞նչը կօգնի քեզ շարունակելու եռանդորեն քարոզել բարի լուրը։
5 Երեմիայի ժամանակներում Երուսաղեմի բնակիչներից շատերի համար Եհովայի խոսքը «այլևս ախորժելի չէր»։ Սակայն մի՞թե նրանց անտարբերությունը պատճառ եղավ, որ մարգարեն դադարեցնի իր ծառայությունը։ Իհարկե ոչ։ Երեմիան ասաց. «Եհովայի ցասումը վառվում է իմ մեջ։ Հոգնել եմ այն իմ մեջ պահելուց» (Երեմ. 6։10, 11)։ Ինչպե՞ս կարող ես մարգարեի պես պահպանել քո եռանդը։ Կերպերից մեկն է խորհրդածել այն մասին, թե որքան մեծ պատիվ է ճշմարիտ Աստծուն ներկայացնելը։ Այս աշխարհի նշանավոր մարդիկ անարգում են ճշմարիտ Աստծու անունը։ Կրոնական առաջնորդները մոլորեցնում են մարդկանց, ինչպես որ Երեմիայի օրերում ապրող քահանաներն էին անում (կարդա՛ Երեմիա 2։8, 26, 27)։ Իսկ դու Աստծու Թագավորության մասին բարի լուրն ես քարոզում, ինչը Աստծու բարության դրսևորումն է մարդկանց հանդեպ (Ողբ 3։31, 32)։ Այո՛, այս ամենի մասին խորհրդածելու շնորհիվ կկարողանաս պահպանել եռանդդ քարոզչական գործում և օգնել հեզ ու խոնարհ մարդկանց։
6. Երեմիան ինչպիսի՞ դժվարությունների առաջ կանգնեց։
6 Մեզ համար երբեմն դժվար կարող է լինել քրիստոնեական ծառայության մեջ պահպանել մեր եռանդը։ Երեմիան էլ լուրջ դժվարություններ ունեցավ իր ծառայության ընթացքում։ Դժվարություններից մեկը կեղծ մարգարեների հակառակությունն էր։ Այդ մասին կարող ենք կարդալ, օրինակ, Երեմիա 28–րդ գլխում։ Մեկ այլ դժվարություն էր այն, որ մարդկանց մեծամասնությունը ականջ չէր դնում նրա խոսքերին, և երբեմն նա իրեն մենակ էր զգում (Երեմ. 6։16, 17; 15։17)։ Մի անգամ էլ նրա թշնամիները նույնիսկ փորձեցին մահվան դատապարտել նրան (Երեմ. 26։11)։
Ինչո՞ւ կարող ես վստահ լինել, որ Եհովան կօգնի քեզ հաղթահարելու դժվարությունները քո ծառայության մեջ։
«ԴՈՒ ԻՆՁ ԽԱԲԵՑԻՐ, Ո՛Վ ԵՀՈՎԱ»
7, 8. Ի՞նչ իմաստով Աստված «խաբեց» Երեմիային։
7 Երեմիայի կյանքում եղավ մի շրջան, երբ ամեն օր նրան ծաղրում ու նախատում էին։ Եվ նա Աստծուն հայտնեց իր զգացմունքների մասին՝ ասելով. «Դու ինձ խաբեցիր» (կարդա՛ Երեմիա 20։7, 8)։ Եհովան ինչպե՞ս «խաբեց» իր հավատարիմ մարգարեին։
8 Հստակ է, որ Եհովան խորամանկորեն կամ նենգաբար չի վարվել Երեմիայի հետ։ Այդ դեպքում ի՞նչ իմաստով Աստված «խաբեց» նրան։ Երեմիային թվում էր, թե այլևս ուժ չունի կատարելու իր հանձնարարությունը, քանի որ հակառակությունը չափազանց մեծ էր։ Սակայն Եհովան Երեմիայից «ավելի զորեղ գտնվեց և հաղթեց» նրան. Ամենակարող Աստվածը զորացրեց Երեմիային, և մարգարեն, ի զարմանս իրեն, կարողացավ կատարել իր ծառայությունը, ինչը իր ուժերով երբեք չէր կարողանա անել։ Այդպիսով Երեմիան ասես «խաբվեց»։ Փաստորեն Եհովան ապացուցեց, որ այն, ինչը մարգարեին անհնար էր թվում, իրականում հնարավոր է իր օգնությամբ։ Երեմիան կարողացավ շարունակել քարոզել՝ չնայած անտարբերությանը, հակառակությանն ու բռնությանը։
9. Ինչպե՞ս են Երեմիա 20։11–ի խոսքերը քաջալերում քեզ։
9 Եհովան աջակցեց Երեմիային։ Նա կարծես մի «ուժեղ և ահարկու ռազմիկ» էր նրա կողքին (Երեմ. 20։11)։ Աստված կարող է լինել նաև քո աջակիցը։ Նա կարող է զորացնել քեզ, որպեսզի պահպանես եռանդդ և շարունակես ծառայությունդ՝ չնայած մեծ դժվարություններին։
10. Ի՞նչ ես վճռել անել հակառակության հանդիպելիս։
10 Պողոս առաքյալը նման միտք ընդգծեց իր նամակներից մեկում։ Հալածանքի տակ գտնվող քրիստոնյաներին նա գրեց. «Քրիստոսի մասին բարի լուրին արժանի կերպով վարվեք, որպեսզի.... լսեմ, որ դուք հաստատ կանգնած եք մեկ ոգով, մեկ մարդու պես կողք կողքի պայքարում եք բարի լուրի հավատի համար և բոլորովին չեք վախենում ձեր հակառակորդներից» (Փիլիպ. 1։27, 28)։ Ինչպես Երեմիան և առաջին դարի քրիստոնյաները վարվեցին, այնպես էլ դու կարող ես ապավինել Ամենակարող Աստծուն, և նա կօգնի քեզ կատարելու քո ծառայությունը։ Երբ մարդիկ քեզ ծաղրեն կամ հակառակվեն, հիշիր, որ Եհովան քո կողքին է և կարող է զորացնել քեզ։ Նա աջակցել է Երեմիային, ինչպես նաև քո եղբայրներից շատերին, ուստի կարող է քեզ էլ օգնել։ Նրանից օգնություն աղերսիր և վստահ եղիր, որ նա կպատասխանի քո աղոթքներին։ Դու էլ գուցե Երեմիայի պես քեզ «խաբված» զգաս, երբ Աստված քեզ զորացնի, որ կարողանաս դժվարությունները հաջողությամբ և անվախորեն հաղթահարել։ Դու կկարողանաս նույնիսկ ավելին անել, քան պատկերացնում ես (կարդա՛ Գործեր 4։29–31)։
11, 12. ա) Ի՞նչ փոփոխություններ կարող ես անել, որպեսզի բարի լուրը հասցնես ավելի շատ մարդկանց։ բ) Ի՞նչ կարող ենք սովորել 39–րդ էջի նկարից։
11 Երեմիայի օրինակը նաև կարող է օգնել մեզ արդյունավետ քարոզիչներ լինելու։ Մարգարեն իր ծառայությունը սկսելուց ավելի քան 20 տարի անց ասաց. «Ես խոսում եմ ձեզ հետ՝ կանուխ վեր կենալով ու խոսելով, բայց դուք չեք լսում» (Երեմ. 25։3)։ Ի՞նչ կարող ենք սովորել Երեմիայից։ Շատ քարոզիչներ ծառայությունը սկսում են վաղ առավոտյան՝ մարդկանց վկայություն տալով ավտոբուսի կանգառներում կամ գնացքի կայարաններում։ Իսկ գյուղերում ոմանք վաղ ժամերի են այցելում նրանց, ովքեր առավոտը շուտ են սկսում իրենց աշխատանքը։ Իսկ դու ի՞նչ կերպերով կարող ես ընդօրինակել Երեմիային այս հարցում։ Օրինակ՝ կարող ես նպատակ դնել մասնակցելու նաև այն քարոզչական հանդիպումներին, որոնք սկսվում են առավոտյան ժամերին։
12 Շատ տարածքներում տնետուն ծառայությունը արդյունավետ է լինում նաև ցերեկը կամ երեկոյան ժամերին։ Որոշ քարոզիչներ նույնիսկ գիշերն են վկայություն տալիս։ Նրանք այցելում են գազալցակայաններում, ռեստորաններում և այլ շուրջօրյա գործող հիմնարկություններում աշխատող մարդկանց։ Կարո՞ղ ես քո գրաֆիկում փոփոխություններ մտցնել, որպեսզի ծառայես այն ժամերին, երբ մարդկանց հանդիպելու ավելի մեծ հավանականություն կա։
Ինչո՞ւ ես համոզված, որ Եհովան աջակցում է քեզ ծառայության ժամանակ։
13, 14. ա) Երեմիան ի՞նչ օրինակ է ծառայում վերայցելություններ կատարելու հարցում։ բ) Ո՞ր դեպքն է ցույց տալիս, որ պետք է պարտաճանաչ լինենք։
13 Եհովան Երեմիային պատվիրում էր, որ Երուսաղեմի կամ տաճարի դռների մոտ կանգներ և մարգարեական պատգամներ հռչակեր (Երեմ. 7։2; 17։19, 20)։ Այդպիսով մարգարեն հնարավորություն էր ունենում ավելի շատ մարդկանց հայտնելու Եհովայի խոսքը։ Սովորաբար, քաղաքի նշանավոր մարդիկ, առևտրականները և վաճառականները նույն դռնով էին ելումուտ անում։ Հետևաբար, Երեմիան կարող էր նույն մարդկանց կրկին անգամ տեսնել և շարունակել նախորդ զրույցը։ Երեմիայի ծառայության այս ձևից ի՞նչ ենք սովորում։
14 Մարգարեն գիտակցում էր իր ծառայության կարևորությունը։ Նա գիտեր, որ իր քարոզչության շնորհիվ մարդիկ կարող են փրկվել։ Մի անգամ Աստված Երեմիային հանձնարարեց իր պատգամները հաղորդել ժողովրդին։ Սակայն քանի որ Երեմիան չէր կարող մտնել Եհովայի տաճար, իր փոխարեն ուղարկեց իր ընկերոջը՝ Բարուքին (կարդա՛ Երեմիա 36։5–8)։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Երեմիային այս հարցում։ Երբ հետաքրքրություն ցույց տվող մարդուն խոստանում ենք նորից հանդիպել, պետք է մեր խոսքի տերը լինենք։ Իսկ եթե ինքներս չենք կարող այցելել նրան պայմանավորված ժամին, պետք է հոգ տանենք, որ ուրիշը այցելի մեր փոխարեն։ Նույնը պետք է անենք, երբ չենք կարողանում այցելել նրանց, ում հետ ուսումնասիրություն ենք անցկացնում։ Հիսուսն ասաց. «Թող ձեր «այո»–ն այո լինի» (Մատթ. 5։37)։ Քանի որ մենք ներկայացնում ենք Եհովա Աստծուն, որը ճշմարտություն և կարգուկանոն է սիրում, պետք է ամեն ինչում լինենք պարտաճանաչ (1 Կորնթ. 14։33, 40)։
15, 16. ա) Ինչպե՞ս կարող ենք Երեմիայի պես ընդլայնել մեր ծառայությունը։ բ) Ի՞նչ դաս ենք քաղում Չիլիում տեղի ունեցած դեպքից (տե՛ս 40–րդ էջի նկարը)։
15 Երեմիան ցանկանում էր քաջալերել Բաբելոնում գերության մեջ գտնվող հրեաներին։ Ուստի նրանց նամակ գրեց և հայտնեց Եհովայի «բարի խոսքերը» այն մասին, որ նրանք գերությունից ազատվելու են (Երեմ. 29։1–4, 10)։ Այսօր նույնպես Աստծու «բարի խոսքերը» մարդկանց հայտնելու արդյունավետ միջոց է նամակագրությամբ և հեռախոսով վկայություն տալը։ Այս մեթոդները կիրառելով՝ կարող ենք բարի լուրը հասցնել հեռավոր վայրերում գտնվող մեր բարեկամներին և այն մարդկանց, որոնց հետ դժվար է կապ հաստատել։
16 Երեմիան լիարժեք կերպով էր կատարում իր ծառայությունը։ Այն քարոզիչները, որոնք Երեմիայի նույն տրամադրվածությունն ունեն, լավ արդյունքների են հասնում իրենց ծառայության մեջ։ Օրինակ՝ Չիլիում մի քույր որոշեց մոտենալ և քարոզել մի կնոջ, որը դուրս էր գալիս մետրոյի կայարանից։ Քրոջ ասածները շատ հետաքրքրեցին այդ կնոջը, և նա ցանկություն հայտնեց շարունակելու իրենց զրույցը իր տանը։ Սակայն քույրը մոռացավ այդ կնոջ հասցեն վերցնել։ Նա Եհովայից առաջնորդություն խնդրեց, քանի որ հասկանում էր, թե որքան կարևոր է այդ կնոջը կրկին տեսնել և օգնել նրան հասկանալու ճշմարտությունը։ Հաջորդ օրը նա նույն ժամին գնաց մետրոյի կայարան և հուրախություն իրեն՝ նորից հանդիպեց այդ կնոջը։ Այս անգամ նա վերցրեց կնոջ հասցեն և հետո այցելեց նրան։ Մենք գիտենք, որ շուտով Աստված իր դատաստանն է բերելու Սատանայի աշխարհի վրա։ Բայց նրանք, ովքեր կզղջան և կսկսեն հավատ ընծայել բարի լուրի հանդեպ, կարող են փրկվելու հույս ունենալ (կարդա՛ Ողբ 3։31–33)։ Ուստի եկեք բարեխղճորեն կատարենք մեզ հանձնարարված գործը։
«ԳՈՒՑԵ ՆՐԱՆՔ ԼՍԵՆ ԵՎ ՀԵՏ ԴԱՌՆԱՆ»
17. Ինչպիսի՞ն պետք է լինի քո վերաբերմունքը մարդկանց նկատմամբ։
17 Եհովան չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի։ Սրա ապացույցն է այն, որ Երուսաղեմի կործանումից մոտավորապես տասը տարի առաջ նա Երեմիայի միջոցով Բաբելոն գերեվարված հրեաներին ապագայի հույս տվեց՝ ասելով. «Իմ աչքերը նրանց վրա կուղղեմ ի բարին և նրանց հետ կբերեմ այս երկիրը։ Կշինեմ նրանց և չեմ քանդի։ Կտնկեմ նրանց և արմատախիլ չեմ անի»։ Այս խոսքերի հիման վրա Երեմիան հուսադրեց հրեաներին. «Քո ապագայի համար հույս կա» (Երեմ. 24։6; 26։3; 31։17)։ Երեմիան Եհովայի պես անկեղծորեն մտահոգված էր մարդկանց բարօրությամբ։ Սա երևում է նրանից, թե ինչպես էր Երեմիան հորդորում մարդկանց հետևել Եհովայի խորհրդին. «Հե՛տ դարձեք, խնդրում եմ, ամեն մեկդ ձեր չար ճանապարհից, և ձեր գործերը բարի դարձրեք» (Երեմ. 35։15)։ Իսկ դու ինչպե՞ս կարող ես անհատական հետաքրքրություն ցույց տալ քո տարածքում ապրող մարդկանց նկատմամբ։
18, 19. ա) Ինչի՞ց մղված պետք է քարոզենք բարի լուրը։ բ) Ի՞նչ վերաբերմունք ուներ Երեմիան իր ծառայության նկատմամբ, որը մենք նույնպես պետք է ունենանք։
18 Երեմիայի սերը մարդկանց նկատմամբ երբեք չսառեց։ Նա դառը վիշտ ապրեց մարդկանց համար, երբ տեսավ Երուսաղեմի կործանումը (կարդա՛ Ողբ 2։11)։ Չնայած որ այդ կործանումը արդարացի էր, Երեմիան երբեք չասաց. «Ասում էի, չէ՞»։ Փոխարենը՝ նա խոր ցավ զգաց։ Երեմիայի պես՝ մենք պետք է կարեկցենք մարդկանց։ Մեր ծառայությունը չպետք է իմիջիայլոց կամ պարզապես պարտքի զգացումից դրդված կատարենք։ Այլ պետք է ջանադրաբար մասնակցենք ծառայությանը՝ դրանով իսկ ցույց տալով, թե որքան ենք սիրում մեր սքանչելի Աստծուն և մարդկանց, որոնց նա ստեղծել է իր պատկերով։
19 Այս աշխարհում չկա մի բան, որ ճշմարիտ Աստծու մասին վկայելու պատվից բարձր լինի։ Երեմիայի համար նույնպես Աստծու մասին վկայելը մեծ պատիվ էր։ Նա ասաց. «Քո խոսքերը գտնվեցին, և ես կերա դրանք։ Քո խոսքը ինձ համար ուրախություն և իմ սրտին ցնծություն եղավ, քանի որ քո անունով եմ ես կոչված, ո՛վ Եհովա» (Երեմ. 15։16)։ Բարի լուրի քարոզչության շնորհիվ շատերը հնարավորություն են ստանում ճանաչելու և սիրելու Աստծուն, նրան, ում պարտական են իրենց կյանքի համար։ Ուստի եկեք մենք էլ Երեմիայի պես նախանձախնդրությամբ և սրտանց կատարենք մեր ծառայությունը։
Երեմիայի օրինակին հետևելով՝ ինչպե՞ս կարող ես Եհովայի «բարի խոսքերը» հայտնելու նոր կերպեր փնտրել։
a Եհովան հաճախ հրեշտակների միջոցով էր խոսում մարդկանց հետ։ Այդպես եղավ նաև այս դեպքում (Դատ. 13։15, 22; Գաղ. 3։19)։