Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 15

«Չեմ կարող լռել»

«Չեմ կարող լռել»

1. Ինչո՞ւ Երեմիան և Եհովայի մյուս մարգարեները չլռեցին։

 «ԼՍԵՑԵ՛Ք Եհովայի խոսքը»։ Այս խոսքերն ազդարարվում էին Երուսաղեմի փողոցներում և հրապարակներում՝ սկսած մ.թ.ա. 647 թ.–ից։ Նույնիսկ քառասուն տարի անց, երբ քաղաքը կործանվեց, Աստծու մարգարեն շարունակում էր ազդարարել այս խոսքերը (Երեմ. 2։4; 42։15)։ Ամենակարող Աստված անընդհատ մարգարեներ էր ուղարկում հրեաների մոտ, որպեսզի նրանք լսեին իր խորհուրդը և զղջային։ Ինչպես արդեն գիտենք, Երեմիան Աստծու հավատարիմ խոսնակներից մեկն էր։ Նրան այդ նշանակումը տալով՝ Եհովան ասաց. «Վե՛ր կաց ու ասա՛ նրանց այն ամենը, ինչ որ պատվիրում եմ քեզ։ Մի՛ վախեցիր նրանցից» (Երեմ. 1։17)։ Սակայն դա հեշտ հանձնարարություն չէր։ Երեմիան ֆիզիկական և էմոցիոնալ տառապանքներ կրեց։ Բայց չնայած այդ փորձություններին՝ նա շարունակեց կատարել իր հանձնարարությունը։ Երեմիան ասաց. «Սիրտս փոթորկվել է իմ ներսում։ Չեմ կարող լռել» (Երեմ. 4։19

2, 3. ա) Ի՞նչ նմանություն ես տեսնում Հիսուսի աշակերտների և Երեմիայի միջև։ բ) Ինչո՞ւ պետք է հետևես Երեմիայի օրինակին։

2 Երեմիան իր ծառայությամբ օրինակ թողեց Եհովայի մյուս ծառաների համար (Հակ. 5։10)։ Մ.թ. 33 թ.–ի Պենտեկոստեից կարճ ժամանակ անց հրեա առաջնորդները ձերբակալեցին Պետրոս և Հովհաննես առաքյալներին ու հրամայեցին այլևս չքարոզել։ Սակայն նրանք պատասխանեցին. «Մենք չենք կարող չխոսել այն ամենի մասին, ինչ տեսել ենք ու լսել» (Գործ. 4։19, 20)։ Ուստի այդ առաջնորդները Պետրոսին ու Հովհաննեսին սպառնալուց հետո ազատ արձակեցին։ Սակայն այս հավատարիմ մարդիկ երբեք չդադարեցին քարոզելուց։

3 Գործեր 4։20–ում արձանագրված Պետրոսի ու Հովհաննեսի խոսքերից տեսնում ենք, որ նրանք նույնպիսի եռանդ ունեին, ինչպիսին Երեմիան։ Այս վճռորոշ ժամանակներում, որպես Աստծու ծառա, Երեմիայի պես հաստատակամորեն կասե՞ս. «Չեմ կարող լռել»։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք նրա պես ուժ գտնել և շարունակել բարի լուրը քարոզել՝ չնայած վատթարացող իրավիճակներին։

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԴ՝ ՉՆԱՅԱԾ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆԸ

4. Ինչպիսի՞ն էր Երուսաղեմի բնակիչների վերաբերմունքը Աստծու պատգամների հանդեպ։

4 Վստա՞հ ես արդյոք, որ այն, ինչ Աստված խոստանում է ապագայի վերաբերյալ, լավագույն լուրն է, որ կարող ես հայտնել մարդկանց։ Սակայն շատերն այսօր նույն կերպ են արձագանքում այդ լուրին, ինչպես որ հրեաները՝ Երեմիայի հայտնած լուրին։ Նրանք ասացին. «Մենք չենք լսի քո խոսքը, որ Եհովայի անունով մեզ ասացիր» (Երեմ. 29։19; 44։16)։ Երեմիան հաճախ էր լսում այսպիսի խոսքեր։ Այսօր նույնպես Եհովայի ծառաները հաճախ են լսում հետևյալ խոսքերը. «Դա ինձ չի հետաքրքրում»։ Մեր շուրջը տիրող անտարբերությունը կարող է թուլացնել Թագավորության քարոզիչների եռանդը։ Իսկ ի՞նչ կարելի է անել, որ մեր եռանդը չթուլանա։

5. ա) Ի՞նչը օգնեց Երեմիային շարունակելու իր ծառայությունը՝ չնայած մարդկանց անտարբերությանը։ բ) Ինչո՞ւ է բարի լուրի հանդեպ անտարբեր մարդկանց կյանքը վտանգի տակ։

5 Տեսնենք, թե ինչը օգնեց Երեմիային, որ Հուդայի բնակիչների անտարբերությունը չազդի իր վրա։ Երեմիայի ծառայության սկզբում Եհովան նրան ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի գալիք դատաստանը (կարդա՛ Երեմիա 4։23–26)։ Այդ ժամանակ մարգարեն հասկացավ, որ հազարավոր մարդկանց կյանքերը կախված են իր հաղորդած լուրը լսելուց և դրան համապատասխան գործելուց։ Նույնն է պարագան նաև այսօր։ Խոսելով գալիք դատաստանի մասին՝ Հիսուսն ասաց. «Այն պիտի գա բոլոր նրանց վրա, ովքեր բնակվում են ամբողջ երկրի երեսին։ Ուրեմն արթուն եղեք՝ ամեն ժամանակ աղաչանքներ անելով, որպեսզի ձեզ հաջողվի փախչել այն ամենից, ինչ պետք է լինի, և կանգնել մարդու Որդու առաջ» (Ղուկ. 21։34–36)։ Հիսուսի խոսքերից կարող ենք եզրակացնել, որ բարի լուրը մերժողների կյանքը վտանգի տակ է։

6. Ինչո՞ւ պետք է շարունակես քարոզել նույնիսկ նրանց, ովքեր անտարբեր են քո հաղորդած լուրի հանդեպ։

6 Նրանք, ովքեր անտարբեր են եղել բարի լուրի հանդեպ, բայց հիմա դրականորեն են արձագանքում, կստանան անգին օրհնություններ։ Աստված հնարավորություն է տալիս փրկվելու գալիք կործանումից և ապրելու նոր աշխարհում։ Նա նման հնարավորություն էր տալիս նաև Երեմիայի օրերում ապրող մարդկանց։ Երեմիան տասնամյակներ շարունակ հորդորում էր նրանց «լսելու և հետ դառնալու»՝ այսինքն, հնազանդվելու ճշմարիտ Աստծուն։ Եթե Հուդայի բնակիչներն այդպես վարվեին, նրանք էլ կարող էին փրկվել սպասվող կործանումից (կարդա՛ Երեմիա 26։2, 3)։ Հայտնի չէ, թե քանի հոգի լսեց մարգարեին և փոխեց իր ընթացքը։ Բայց փաստ է, որ եղան լսողներ։ Մեր օրերում նույնպես շատերն են դրականորեն արձագանքել մեր հաղորդած լուրին։ Հաճախ ենք լսում դեպքեր, որ մարդիկ ժամանակին անտարբեր են եղել, բայց հետո փոխվել են (տե՛ս «Անտարբերությունը կարող է փոխվել հետաքրքրության» շրջանակը, էջ 184)։ Արդյոք սա մեզ չի՞ մղում շարունակելու եռանդորեն կատարել մեր ծառայությունը, որը կարող է կյանքեր փրկել։

Ինչո՞ւ ես վճռել բարի լուրը քարոզել՝ չնայած մարդկանց անտարբերությանը։

ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄՆԱՅՈՒՆ ՎՆԱՍ ՀԱՍՑՆԵԼ

7. Ինչպե՞ս էին Երեմիայի թշնամիները փորձում խափանել նրա գործունեությունը։

7 Զարմանալի է, թե որքան հաճախ էին Երեմիայի հակառակորդները փորձում սպանել նրան կամ խափանել նրա գործը։ Կեղծ մարգարեները նրան հակառակվում էին ժողովրդի առաջ (Երեմ. 14։13–16)։ Երուսաղեմի փողոցներով քայլելիս մարդիկ նրան անիծում էին ու ծաղրում (Երեմ. 15։10)։ Նրա թշնամիները տարբեր միջոցներ էին փնտրում նրան վարկաբեկելու համար (Երեմ. 18։18)։ Ոմանք էլ չարակամորեն բամբասում էին նրա մասին, որպեսզի ազնվասիրտ մարդկանց խանգարեն լսել Երեմիայի հաղորդած պատգամը (Ողբ 3։61, 62)։ Սակայն Երեմիան հանձնվե՞ց։ Ոչ մի դեպքում։ Նա շարունակեց քարոզել։ Իսկ ինչպե՞ս դա նրան հաջողվեց։

8. Ինչպե՞ս արձագանքեց Երեմիան իր հակառակորդների թշնամանքին։

8 Մարդկանց հակառակության դեմ պայքարում Երեմիայի գլխավոր զենքը Եհովայի հանդեպ ունեցած իր վստահությունն էր։ Երբ Երեմիան նոր էր նշանակվել մարգարե, Աստված խոստացավ աջակցել և պաշտպանել նրան (կարդա՛ Երեմիա 1։18, 19)։ Երեմիան վստահեց Եհովային, և Եհովան նրան հուսախաբ չարեց։ Չնայած որ հակառակորդները նրա վրա մեծ ճնշում էին բանեցնում և ծայրահեղ քայլերի դիմում, Երեմիան շարունակում էր տոկալ և ավելի վճռական ու քաջ լինել։ Տեսնենք, թե այս հատկություններն ինչպես օգտակար եղան մարգարեի համար։

9, 10. Երեմիայի կյանքից ո՞ր դեպքերը կարող են օգնել քեզ լինելու համարձակ ու քաջ։

9 Մի անգամ ապստամբ քահանաներն ու մարգարեները Երեմիային քարշ տվին Հուդայի իշխանների առաջ, որպեսզի նրան մահվան դատապարտեն։ Արդյո՞ք նրանց սպառնալիքները սարսափի մեջ գցեցին մարգարեին։ Ո՛չ։ Նա այնքան համարձակորեն հերքեց նրանց մեղադրանքները, որ նրանց չհաջողվեց իրականացնել իրենց նենգ մտադրությունը (կարդա՛ Երեմիա 26։11–16; Ղուկ. 21։12–15

10 Հիշիր այն դեպքը, երբ Փասուր քահանան Երեմիայի խոսքերը լսելուց հետո նրան դրեց կոճղի մեջ։ Փասուրը հավանաբար մտածում էր, որ դրանով Երեմիային դաս կտա և նա այլևս չի քարոզի։ Ուստի նրան հաջորդ օրը ազատ արձակեց։ Սակայն Երեմիան հենց Փասուրի երեսին ասաց, թե նրան ինչ դատաստան է սպասում, չնայած որ իր մարմինը ցավում էր կրած չարչարանքների պատճառով։ Այո՛, նույնիսկ տառապանքները չլռեցրին Երեմիային (Երեմ. 20։1–6)։ Ի՞նչը օգնեց նրան։ Հենց ինքը մարգարեն ասում է. «Եհովան ինձ հետ էր ինչպես ուժեղ և ահարկու մի ռազմիկ։ Ահա թե ինչու ինձ հալածողները կսայթաքեն ու չեն հաղթի» (Երեմ. 20։11)։ Անգամ ոխերիմ թշնամիները մարգարեին վախի մեջ չգցեցին։ Նա ամուր հավատ ուներ Եհովայի հանդեպ։ Դու էլ կարող ես նմանատիպ հավատ զարգացնել։

11, 12. ա) Երեմիան ինչպե՞ս ողջամտություն դրսևորեց, երբ Հանանիան նրան հակառակվեց։ բ) Ո՞րն է մեզ «զուսպ պահելու» օգուտը։

11 Լավ կլինի նշել, որ Երեմիան մոլեռանդ չէր։ Նա ողջամտորեն էր վարվում, երբ իրեն հակառակվում էին։ Նա գիտեր, թե երբ է անհրաժեշտ թողնել հեռանալ։ Օրինակ՝ երբ կեղծ մարգարե Հանանիան նրան հակառակվեց մարդկանց առաջ, Երեմիան հանդիմանեց նրան և բացատրեց, թե ինչպես կարելի է իսկական մարգարեին տարբերել կեղծ մարգարեից։ Սակայն Հանանիան բռնի ուժով նրա պարանոցից հանեց ու կոտրեց այն լուծը, որը Երեմիան՝ պարանոցին դրած, փորձում էր պատկերավոր ձևով համոզել հրեաներին մտնել Բաբելոնի լծի տակ։ Եվ քանի որ հայտնի չէր, թե Հանանիայի հաջորդ քայլը որը կլիներ, Երեմիան ողջամտություն դրսևորեց և հեռացավ՝ «գնաց իր ճանապարհով»։ Բայց մի որոշ ժամանակ անց, Եհովայի պատվերով նա նորից գնաց Հանանիայի մոտ, որպեսզի նրան հայտնի Եհովայի դատաստանի մասին. հրեաները Բաբելոնի թագավորի ձեռքն էին մատնվելու, իսկ Հանանիան՝ մահվան (Երեմ. 28։1–17

12 Այս դեպքից սովորում ենք, որ քարոզելիս հարկավոր է դրսևորել ոչ միայն քաջություն, այլև ողջամտություն։ Եթե տանտերը մերժում է լսել մեզ, երբ փորձում ենք նրա հետ տրամաբանել Աստվածաշնչի հիման վրա, և բարկանում է, նույնիսկ սպառնում, մենք կարող ենք քաղաքավարությամբ հեռանալ և շարունակել մեր ծառայությունը։ Պետք չէ թեժ վիճաբանության մեջ մտնել Թագավորության բարի լուրը քարոզելիս։ Եթե «չարիքի ենթարկվելիս [մեզ] զուսպ պահենք», գուցե այդ անձնավորությունը մեկ ուրիշ անգամ ավելի բարյացակամորեն արձագանքի բարի լուրին (կարդա՛ 2 Տիմոթեոս 2։23–25; Առակ. 17։14

Ինչո՞ւ է անչափ կարևոր ապավինել Եհովային բարի լուրը քարոզելիս։ Ինչո՞ւ պետք է միևնույն ժամանակ և՛ քաջ լինենք, և՛ ողջամիտ։

«ՄԻ՛ ՎԱԽԵՑԻՐ»

13. Եհովան ինչո՞ւ Երեմիային ասաց՝ «մի՛ վախեցիր», և ինչո՞ւ են այս խոսքերը կարևոր մեզ համար։

13 Երուսաղեմի կործանումից առաջ, որը տեղի ունեցավ մ.թ.ա. 607 թ.–ին, քաղաքը սարսափելի իրավիճակում էր։ Ուստի հասկանալի է, թե ինչու Աստված Երեմիային ասաց. «Մի՛ վախեցիր» (Երեմ. 1։8; Ողբ 3։57)։ Եհովան պատվիրեց մարգարեին նույն քաջալերական խոսքերը հաղորդել նաև իր ժողովրդին (կարդա՛ Երեմիա 46։27)։ Ի՞նչ ենք սովորում սրանից։ Վերջին օրերի այս վտանգավոր ժամանակներում մենք էլ գուցե երբեմն վախով համակվենք։ Նման դեպքերում կլսե՞նք Եհովային, որը մեզ էլ է ասում. «Մի՛ վախեցիր»։ Այս գրքում կարդացինք այն մասին, թե Աստված ինչպես Երեմիային պաշտպանեց այդ սարսափելի ժամանակներում։ Այժմ մի փոքր վերհիշենք այդ դեպքերը և տեսնենք, թե ինչ դաս կարող ենք քաղել դրանցից։

14, 15. ա) Ի՞նչ վտանգավոր իրավիճակում հայտնվեց Երեմիան։ բ) Եհովան ինչպե՞ս պահեց իր խոստումը Երեմիայի հանդեպ։

14 Քանի որ Երուսաղեմ քաղաքը երկար ժամանակ պաշարման մեջ էր, այնտեղ սով սկսվեց։ Շուտով շատերի սննդի պաշարը սպառվեց (Երեմ. 37։21)։ Երեմիայի համար սովը կարծես բավական չէր, Հուդայի իշխանները նաև փորձեցին սպանել նրան։ Նրանք ճնշում բանեցրին Սեդեկիա թագավորի վրա և թույլտվություն ստացան մարգարեին գցելու ցեխով լի ջրամբարի մեջ, որպեսզի այնտեղ մեռնի։ Երբ նրան գցեցին ջրամբարը, նա սկսեց ընկղմվել ցեխի մեջ։ Նրան գուցե թվում էր, թե այլևս փրկվելու հույս չկա։ Եթե դու Երեմիայի տեղը լինեիր, չէի՞ր վախենա (Երեմ. 38։4–6

15 Չնայած Երեմիան էլ մեզ նման մահկանացու մարդ էր, նա վստահեց Եհովայի այն խոստմանը, որ իրեն երբեք չի լքի (կարդա՛ Երեմիա 15։20, 21)։ Վարձատրվե՞ց արդյոք մարգարեն իր վստահության համար։ Եհովան մղեց Աբդիմելեքին իշխանների դեմ գնալու և Երեմիային ազատելու։ Նա թագավորի թույլտվությամբ մարգարեին ջրամբարից հանեց։ Այդպիսով Երեմիայի կյանքը փրկվեց (Երեմ. 38։7–13

16. Եհովան ինչի՞ց փրկեց իր հավատարիմ ծառաներին։

16 Երեմիայի դժվարությունները այդքանով չավարտվեցին։ Սովը դեռ շարունակվում էր քաղաքում։ Երբ Աբդիմելեքը թագավորից թույլտվություն էր խնդրում Երեմիային փրկելու համար, ասաց. «Նա սովից կմեռնի, որովհետև քաղաքում այլևս հաց չի մնացել» (Երեմ. 38։9)։ Սովն այնքան էր սաստկացել, որ մարդիկ ստիպված դիմում էին մարդակերության։ Սակայն Եհովան դարձյալ փրկեց իր հավատարիմ մարգարեին։ Երեմիան Եհովայի պատվերով գնաց և Աբդիմելեքին հայտնեց, որ նա պաշտպանված կլինի (Երեմ. 39։16–18)։ Երեմիան ինքն էլ չէր մոռացել Աստծու հետևյալ հավաստիացումը. «Ես քեզ հետ եմ, որ ազատեմ քեզ» (Երեմ. 1։8)։ Ամենակարող Աստծու պաշտպանության ներքո այս երկու նվիրված մարդիկ չմեռան ո՛չ սովից, ո՛չ էլ թշնամու սրից։ Կործանման մատնված այդ քաղաքում նրանք ողջ մնացին։ Ի՞նչ ենք սովորում այս դեպքից։ Եհովան ոչ միայն խոստացավ, որ կպաշտպանի իր հավատարիմ ծառաներին, այլև իր խոսքի տերը եղավ (Երեմ. 40։1–4

17. Ինչո՞ւ կարող ես վստահել Եհովայի խոստմանը, որ կպաշտպանի իր ծառաներին։

17 Այս համակարգի վախճանի մասին Հիսուսի մարգարեական խոսքերի կատարումը մոտենում է իր գագաթնակետին։ Ըստ նրա խոսքերի՝ մոտ ապագայում «նշաններ կլինեն արևի, լուսնի ու աստղերի վրա, և երկրի վրա ազգերը կտառապեն՝ չիմանալով ելքը, ....և մարդիկ կնվաղեն վախից և այն բաների սպասումից, որ երկրի վրա պիտի գան» (Ղուկ. 21։25, 26)։ Դեռ չգիտենք, թե ինչպիսին կլինեն այդ նշանները և որքան սարսափելի կլինեն դրանք։ Սակայն ինչ էլ որ պատահի, կարող ենք միշտ համոզված լինել, որ Եհովան կարող է և ցանկանում է փրկել իր ժողովրդին։ Իսկ այն մարդիկ, ովքեր չունեն Աստծու հավանությունը, փրկություն չեն ունենա (կարդա՛ Երեմիա 8։20; 14։9)։ Նույնիսկ եթե թվա, թե Աստծու ժողովուրդը այնպիսի անհուսալի վիճակում է, ինչպիսին Երեմիայի վիճակն էր մութ ու խոնավ ջրամբարում, կարող ենք վստահ լինել, որ Եհովան կփրկի նրանց։ Աբդիմելեքին ուղղված Աստծու խոսքերը վերաբերում են նաև իր ժողովրդին. «Քեզ անպատճառ կազատեմ, և դու սրով չես ընկնի։ Քո հոգին քեզ համար իբրև ավար կլինի, որովհետև դու ապավինեցիր ինձ» (Երեմ. 39։18

ՔԵԶ ՀԱՄԱՐ ԳՐՎԱԾ ԽՈՍՔԵՐ

18. ա) Եհովայի ո՞ր խոսքերը ընդմիշտ փոխեցին Երեմիայի կյանքը։ բ)Երեմիա 1։7–ի խոսքերը ի՞նչ նշանակություն ունեն քեզ համար։

18 «Ում մոտ որ ուղարկեմ քեզ, կգնաս, և ինչ որ պատվիրեմ, կխոսես» (Երեմ. 1։7)։ Երբ Երեմիան Աստծուց ստացավ այս պատվերը, նրա կյանքն ընդմիշտ փոխվեց։ Այդուհետ նրա գլխավոր գործը լինելու էր ծանուցանել «Եհովայի խոսքը»։ Դրա համար էլ «Երեմիա» գրքում այս արտահայտությունը հաճախ է հանդիպում։ Վերջին գլխում Երեմիան պատմում է, թե ինչպես բաբելոնացիները զավթեցին Երուսաղեմը և գերի տարան Հուդայի վերջին թագավորին՝ Սեդեկիային։ Երեմիան այնքան ժամանակ սովորեցրեց և հորդորեց Հուդայի ժողովրդին հնազանդվել Եհովային, մինչև որ պարզ դարձավ, որ իր առաքելությունն ավարտվել է։

19, 20. ա) Ինչո՞ւ է Երեմիան ընդօրինակման արժանի։ բ) Ի՞նչ կապ գոյություն ունի քարոզելու և ուրախություն ու բավարարվածության զգացում ունենալու միջև։ գ) Ի՞նչ օգուտներ ես քաղել՝ քննելով «Երեմիա» և «Ողբ» գրքերը։

19 Երեմիայի ստացած հանձնարարության և ներկայիս Եհովայի վկաների քարոզչական ծառայության միջև շատ զուգահեռներ կան։ Երեմիայի պես՝ դու էլ ես ծառայում ճշմարիտ Աստծուն վճռորոշ ժամանակներում։ Ճիշտ է, դու ուրիշ պարտականություններ էլ ունես, որոնք քեզանից ժամանակ և ուժեր են պահանջում, սակայն այս համակարգում քարոզչությունը ամենակարևոր գործն է, որ կարող ես կատարել։ Դրանով Աստծու անվանը փառք ես բերում և ցույց ես տալիս, որ ընդունում ես, որ նա է Տիեզերքի լիիրավ Գերիշխանը (կարդա՛ Ողբ 5։19)։ Օգնելով մարդկանց ճանաչելու ճշմարիտ Աստծուն և նրա պահանջներին համապատասխան ապրելու՝ մերձավորիդ հանդեպ սեր ես դրսևորում (Երեմ. 25։3–6

20 Իր ստացած հանձնարարության մասին Երեմիան ասաց. «Քո խոսքը ինձ համար ուրախություն և իմ սրտին ցնծություն եղավ, քանի որ քո անունով եմ ես կոչված, ո՛վ Եհովա, Զորքերի՛ Աստված» (Երեմ. 15։16)։ Նման ուրախություն և բավարարվածության զգացում է սպասում բոլոր նրանց, ում սիրտը մղում է իրենց խոսել ճշմարիտ Աստծու անունից։ Ուստի բոլոր հիմքերն ունես շարունակելու հռչակել Եհովայի պատգամները, ինչպես արեց Երեմիան։

Ինչպե՞ս է Երեմիայի և Աբդիմելեքի օրինակը օգնում քեզ քաջ լինելու։ Երեմիայի ո՞ր հատկությունն ես ուզում ընդօրինակել քո ծառայության մեջ։