Մուրթքե ու Եսթեր
Պատմություն 82
Մուրթքե ու Եսթեր
ԱՅԺՄ մտովի մի քանի տարով ետ դառնանք այն ժամանակները, երբ Եզրասը դեռևս ճանապարհ չէր ընկել դեպի Երուսաղեմ։ Պարսկաստանում այդ ժամանակ ապրում են մեծ ճանաչում ունեցող երկու իսրայելացիներ։ Նրանցից մեկը Եսթերն է, իսկ մյուսը՝ նրա հորեղբայր Մուրթքեն։ Եսթերը երկրի թագուհին է, իսկ Մուրթքեն՝ թագավորից հետո երկրորդ մարդը։ Տեսնենք, թե դա ինչպես տեղի ունեցավ։
Դեռ շատ փոքր հասակում Եսթերը կորցրել էր ծնողներին, և նրան Մուրթքեն էր մեծացրել։ Պարսկաստանի Շուշան քաղաքում Ասուերոս թագավորը մի պալատ ունի և այդ պալատի ծառաներից մեկն էլ Մուրթքեն է։ Մի օր թագավորի կինը՝ Վաշթին, չի ենթարկվում ամուսնուն, և նա ընտրում է նոր կին թագուհի լինելու համար։ Եվ ո՞վ է ընտրվում որպես թագուհի, գիտե՞ս։ Այո՛, գեղեցկուհի, երիտասարդ Եսթերը։
Այժմ ուշադրություն դարձնենք նկարում պատկերված այս գոռոզ մարդուն, որի առջև բոլորը խոնարհվում են։ Նրա անունը Համան է։ Նա Պարսկաստանում շատ կարևոր դեմք է և ուզում է, որ բոլորի նման Մուրթքեն էլ խոնարհվի իրեն, որը, ինչպես տեսնում ես նկարում, նստած է։ Բայց Մուրթքեն չի ցանկանում դա անել, քանի որ ճիշտ չի գտնում Համանի նման մարդու առջև խոնարհվելը։ Իսկ վերջինս դրանից այնպես է բարկանում, որ ահա թե ինչ է անում։
Նա թագավորի մոտ սկսում է ստեր հորինել իսրայելացիների հասցեին՝ ասելով. «Նրանք չար մարդիկ են ու չեն ենթարկվում քո օրենքներին։ Նրանք մահվան են արժանի»։ Ասուերոսը չգիտի, որ իր կինը՝ Եսթերը, նույնպես իսրայելացի է։ Նա լսում է Համանին ու արձակում մի հրաման, համաձայն որի մի հատուկ օր այդ երկրում բնակվող բոլոր իսրայելացիները պետք է բնաջնջվեն։
Լսելով այդ օրենքի մասին՝ Մուրթքեն շատ է վշտանում։ Նա լուր է ուղարկում Եսթերին. «Դու պիտի խոսես թագավորի հետ ու աղաչես, որ փրկի մեզ»։ Առանց հրավերի գնալ թագավորի մոտ՝ նշանակում է խախտել Պարսկաստանի օրենքները։ Բայց Եսթերը, առանց թագավորի կանչելու, գնում է նրա մոտ։ Եվ ահա թագավորը դեպի նրան է մեկնում ոսկե գավազանը, ինչը նշանակում է, որ նրան մահապատիժ չի սպասում։ Եսթերը թագավորին հրավիրում է Համանի հետ միասին գալ իր կազմակերպած խնջույքին։ Այնտեղ թագավորը նրան հարցնում է, թե ինչ խնդրանք ունի իրենից։ Եսթերը պատասխանում է, որ այդ մասին նրան կհայտնի, եթե նրանք հաջորդ օրը նույնպես իրեն հյուր գան։
Այդ հաջորդ խնջույքի ժամանակ արդեն Եսթերն ասում է թագավորին. «Ինձ ու իմ ժողովրդին պիտի սպանեն»։ Թագավորը զայրույթով բացականչում է. «Ո՞վ կհամարձակվի նման բան անել»։
— Այս թշնամի՛, չա՛ր Համանը,— պատասխանում է Եսթերը։
Այժմ թագավորն իսկապես զայրանում է։ Նա հրամայում է սպանել Համանին։ Իսկ Մուրթքեին նա դարձնում է մեծ պաշտոնյա՝ իրենից հետո երկրորդ անձնավորությունը երկրի մեջ։ Մուրթքեն հոգ է տանում, որպեսզի մի նոր հրաման արձակվի, որը թույլ կտա իր ժողովրդին ինքն իրեն պաշտպանել իրենց ոչնչացնելու համար նախատեսված օրը։ Քանի որ Մուրթքեն այժմ հեղինակավոր անձնավորություն է դարձել, այդ օրը շատերն իրենց օգնությունն են ցույց տալիս իսրայելացիներին, ու նրանք ազատվում են թշնամիների ձեռքից։
Աստվածաշնչի «Եսթեր» գիրք։