Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Արևը կանգ է առնում

Արևը կանգ է առնում

Պատմություն 49

Արևը կանգ է առնում

ՏԵ՛Ս, թե Հեսուն ինչպես է գոչում. «Արև, կա՛նգ առ»։ Ու արևը անշարժանում է և մի ամբողջ օր կանգնած մնում երկնքի հենց կենտրոնում։ Այս հրաշքի հեղինակը Եհովան է։ Բայց եկ տեսնենք, թե ինչու է Հեսուն ուզում, որ արևի լույսը շարունակի փայլել։

Երբ Քանանի երկրի հինգ չար թագավորները հարձակվում են գաբավոնացիների վրա, վերջիններս օգնություն խնդրելու նպատակով Հեսուի մոտ պատգամաբեր են ուղարկում։ «Շտապի՛ր մեզ մոտ,— խնդրում է նա։— Փրկի՛ր մեզ... Լեռնային շրջանների բոլոր հինգ թագավորները եկել են պատերազմելու քո ծառաների դեմ»։

Հեսուն ու իր ռազմիկներն անմիջապես օգնության են գնում։ Ողջ գիշեր նրանք քայլում են։ Իսկ երբ հասնում են Գաբավոն, հինգ թագավորների զինվորները ահ ու սարսափի մեջ են ընկնում և փախուստի դիմում։ Եհովան այնպես է անում, որ երկնքից սկսվում է մեծ–​մեծ քարե կարկուտ տեղալ, որից ավելի մեծ թվով զինվորներ են մեռնում, քան՝ Հեսուի ռազմիկների ձեռքով։

Հեսուն նկատում է, որ շուտով արևը մայր է մտնելու, վրա է հասնելու խավարը, և հինգ թագավորների զինվորներից շատերի համար փախչելու հնարավորություն է ստեղծվելու։ Ահա թե ինչու նա աղոթքով Եհովային դիմելուց հետո բացականչում է. «Արև, կա՛նգ առ»։ Քանի դեռ արևը փայլում է, իսրայելացիները կարողանում են հաղթանակն իր ավարտին հասցնել։

Քանանի երկրում կան շատ ուրիշ չար թագավորներ, որոնք ատում են Աստծու ժողովրդին։ Հեսուից ու իր բանակից վեց տարի է պահանջվում Քանանի երկրի 31 թագավորներին բնաջինջ անելու համար։ Դրանից հետո Հեսուն հոգ է տանում, որպեսզի Քանանի երկիրը բաժանվի Իսրայելի ցեղերի միջև, որոնք դեռևս տարածք չունեն։

Անցնում են տարիներ, ու 110 տարեկան հասակում Հեսուն մահանում է։ Քանի դեռ Հեսուն ու իր բարեկամները ողջ են, ժողովուրդը հնազանդվում է Եհովային։ Սակայն այս լավ մարդկանց մահից հետո ժողովուրդը սկսում է չար գործեր կատարել և ընկնում է փորձանքների մեջ։ Այդ ժամանակ նրանք իսկապես զգում են Աստծու օգնության կարիքը։

Յեսու 10։6–15; 12։7–24; 14։1–5; Դատաւորաց 2։8–13։