Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Իմաստուն գաբավոնացիները

Իմաստուն գաբավոնացիները

Պատմություն 48

Իմաստուն գաբավոնացիները

ՔԱՆԱՆԻ քաղաքներից շատերը պատրաստվում են պատերազմելու Իսրայելի դեմ։ Նրանք հույս ունեն, որ կհաղթեն։ Բայց մոտակա Գաբավոն քաղաքի բնակիչներն այդպես չեն մտածում։ Նրանք հավատում են, որ իսրայելացիներին Աստված է օգնում, այդ պատճառով էլ չեն կամենում կռվել Աստծու դեմ։ Հետաքրքիր է՝ գաբավոնացիներն ինչպե՞ս են վարվում։

Նրանք որոշում են ձևացնել, իբր թե իրենք մի հեռավոր երկրի բնակիչներ են։ Այդպիսի տպավորություն թողնելու նպատակով նրանցից մի քանիսը մաշված հագուստներ ու քրքրված կոշիկներ են հագնում. իրենց էշերի վրա հին քուրձեր են դնում ու մի քիչ էլ չորացած հաց վերցնում իրենց հետ։ Որից հետո գնում են Հեսուի մոտ ու այսպես խոսում. «Մենք մի հեռավոր երկրից ենք եկել, քանի որ լսել ենք ձեր մեծ Աստծու՝ Եհովայի մասին։ Լսել ենք բոլոր այն հրաշքների մասին, որոնք նա արեց ձեզ համար Եգիպտոսում։ Ուստի մեր առաջնորդները պատվիրեցին մեզ ճանապարհի համար պաշար վերցնել, գալ ու խնդրել ձեզ. «Մենք ձեր ծառաներն ենք։ Խոստացե՛ք, որ մեր դեմ չեք պատերազմի»։ Նայեք–​տեսեք՝ մեր հագուստները երկար ճանապարհից մաշվել են, իսկ մեր հացը հնացել ու չորացել է»։

Հեսուն և մնացած առաջնորդները հավատում են գաբավոնացիներին և խոստանում, որ չեն պատերազմի նրանց դեմ։ Սակայն երեք օր անց նրանց պարզ է դառնում, որ իրականում գաբավոնացիներն ապրում են մոտակայքում։

— Ինչո՞ւ մեզ ասացիք, թե հեռավոր երկրից եք եկել,— հարցնում է նրանց Հեսուն։

Գաբավոնացիները պատասխանում են. «Մենք այդ քայլին դիմեցինք, քանի որ ձեր Եհովա Աստվածը խոստացել էր ամբողջ Քանանի երկիրը տալ ձեզ։ Մենք էլ վախեցանք, որ մեզ էլ կսպանեք»։ Այնուհանդերձ, իսրայելացիները պահում են իրենց խոստումը, ու, գաբավոնացիներին սպանելու փոխարեն, նրանց ծառաներ են դարձնում։

Լսելով, որ գաբավոնացիները խաղաղության դաշինք են կնքել Իսրայելի հետ՝ Երուսաղեմի թագավորը բարկանում է։ Ուստի նա դիմում է մյուս չորս թագավորներին. «Եկեք ու ինձ օգնեք Գաբավոնի դեմ կռվելու»։ Եվ ահա այս հինգ թագավորները միաբանվում են ու գնում պատերազմելու։ Ի՞նչ ես կարծում, իսրայելացիների հետ խաղաղության դաշինք կնքելը գաբավոնացիների կողմից իմաստո՞ւն քայլ էր. չէ՞ որ դա պատճառ հանդիսացավ, որ հինգ թագավորները պատերազմի դուրս գան նրանց դեմ։ Դե ինչ, դա դեռ կտեսնենք։

Յեսու 9։1–27; 10։1–5։