Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հեփթայեի խոստումը

Հեփթայեի խոստումը

Պատմություն 53

Հեփթայեի խոստումը

ՔԵԶ հետ երբևէ պատահե՞լ է, որ մեկին ինչ–​որ բան խոստանաս, իսկ հետո դժվարանաս կատարել։ Այս նկարում պատկերված մարդը նույնանման վիճակում է գտնվում։ Ահա թե ինչու է նա տխուր։ Այս անձնավորությունը Իսրայելի խիզախ դատավոր Հեփթայեն է։

Հեփթայեն ապրում է այն ժամանակներում, երբ իսրայելացիներն այլևս չեն երկրպագում Եհովային։ Նրանք դարձյալ չար գործեր են անում։ Հետևաբար, Եհովան թույլ է տալիս, որ ամմոնացիները ճնշեն նրանց։ Դա ստիպում է իսրայելացիներին աղաղակելու Եհովային. «Մենք մեղք գործեցինք քո դեմ։ Խնդրում ենք, փրկիր մեզ»։

Ժողովուրդը զղջում է իր կատարած չար գործերի համար։ Իրենց զղջումը նրանք ցույց են տալիս այն բանով, որ կրկին սկսում են երկրպագել Եհովային։ Իսկ Եհովան, իր հերթին, դարձյալ օգնության ձեռք է մեկնում նրանց։

Չար ամմոնացիների դեմ պատերազմելու համար ժողովուրդը որպես առաջնորդ ընտրում է Հեփթայեին։ Վերջինս շատ է ուզում, որ Եհովան պատերազմի ընթացքում օգնի իրենց։ Ուստի, նա հետևյալ խոստումն է տալիս Եհովային. «Եթե ամմոնացիներին իմ ձեռքը մատնես ու ես խաղաղությամբ ետ դառնամ նրանց մոտից, այն ժամանակ առաջին մարդը, որը դուրս կգա իմ տանից ինձ դիմավորելու, թող քոնը լինի»։

Եհովան լսում է Հեփթայեի խոստումն ու օգնում նրան հաղթանակ տանել ամմոնացիների դեմ։ Երբ Հեփթայեն վերադառնում է տուն, գիտե՞ս, թե ով է առաջինը դուրս գալիս նրան դիմավորելու. նրա մինուճար աղջիկը։ «Վա՜յ, աղջիկս,— հուզված բացականչում է Հեփթայեն,— դու ինձ անչափ տխրեցրիր, որովհետև ես երդում եմ տվել Եհովային ու չեմ կարող այն ետ վերցնել»։

Իմանալով այդ խոստման մասին՝ Հեփթայեի աղջիկը սկզբում նույնպես տխրում է։ Դա նշանակում է, որ նա պետք է հեռանար իր հորից ու հարազատներից, բայց, դրա փոխարեն, իր կյանքի մնացած տարիները Եհովային ծառայեր Սելովի մեջ գտնվող խորանում։ Ուստի նա դիմում է հորը. «Եթե երդում ես տվել Եհովային, ուրեմն պիտի պահես»։

Այսպիսով՝ Հեփթայեի աղջիկը գնում է Սելով ու իր կյանքի մնացած մասն անց կացնում՝ ծառայելով Եհովային նրա խորանում։ Իսրայելացի կանայք տարվա մեջ չորս օր այցելում են նրան ու նրա հետ ուրախ ժամանակ անցկացնում։ Ժողովուրդը շատ է սիրում Հեփթայեի աղջկան. չէ՞ որ նա անձնուրացաբար ծառայում է Եհովային։

Դատաւորաց 10։6–18; 11։1–40։